Ինչ է նշանակում սիրել մերձավորին
«Սիրիր քո ընկերին քո անձի պէս» (ՄԱՏԹԷՈՍ 22։39)։
1. Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ սիրում ենք Աստծուն։
ԵՀՈՎԱՆ ի՞նչ է պահանջում իր երկրպագուներից։ Հիսուսն ամփոփեց այդ հարցի պատասխանը մի քանի պարզ, սակայն խորիմաստ բառերով։ Նա ասաց, որ ամենամեծ պատվիրանը Եհովային ամբողջ սրտով, հոգով, մտքով և զորությամբ սիրելն է (Մատթէոս 22։37; Մարկոս 12։30)։ Ինչպես տեսանք նախորդ հոդվածից, Աստծուն սիրել նշանակում է նաև հնազանդվել նրան և պահել նրա պատվիրանները՝ ի պատասխան նրա ցուցաբերած սիրո։ Աստծուն սիրողների համար նրա կամքը կատարելը բեռ չէ. այն ուրախություն է պատճառում (Սաղմոս 40։8; Ա Յովհաննէս 5։2, 3)։
2, 3. Ինչո՞ւ է անհրաժեշտ քննարկել մերձավորին սիրելու վերաբերյալ պատվիրանը, և ի՞նչ հարցեր են առաջանում։
2 Հիսուսն ասաց, որ երկրորդ մեծ պատվիրանը կապված է առաջինի հետ. «Սիրիր քո ընկերին քո անձի պէս» (Մատթէոս 22։39)։ Այժմ տեղին է քննարկել այս պատվիրանը։ Մեր ժամանակներին բնորոշ են եսասիրությունը և սիրո աղավաղված դրսևորումը։ Երբ Պողոս առաքյալը ներշնչման ներքո նկարագրեց վերջին օրերը, նա գրեց, որ մարդիկ ոչ թե կսիրեն մեկը մյուսին, այլ իրենք իրենց, փողը և հաճույքները։ Շատերը «բնական կապվածություն» կամ, ինչպես նշում է Աստվածաշնչի մի թարգմանություն, «ընտանիքներում նորմալ կապվածություն չեն ունենա» (Բ Տիմոթէոս 3։1–4)։ Հիսուս Քրիստոսը կանխագուշակեց. «Շատերը .... իրար կ’մատնեն եւ իրար կ’ատեն.... շատերի սէրը կ’սառչի» (Մատթէոս 24։10, 12)։
3 Սակայն ուշադրություն դարձրու, որ Հիսուսը չասաց, թե բոլորի սերը կսառչի։ Միշտ էլ եղել են և կլինեն մարդիկ, ովքեր կդրսևորեն այնպիսի սեր, ինչպիսին որ Եհովան պահանջում է և որին նա արժանի է։ Նրանք, ովքեր իսկապես սիրում են Աստծուն, ձգտում են ուրիշներին դիտել Եհովայի աչքերով։ Իսկ ո՞վ է մեր մերձավորը, որին պետք է սիրենք։ Ինչպե՞ս պետք է ցույց տանք մեր սերը մերձավորի հանդեպ։ Գրությունները կարող են օգնել մեզ պատասխանելու այս կարևոր հարցերին։
Ո՞վ է իմ մերձավորը
4. Ըստ Ղեւտացոց 19–րդ գլխի՝ հրեաները ո՞ւմ հանդեպ պետք է սեր դրսևորեին։
4 Երբ Հիսուսը փարիսեցուն ասաց, որ երկրորդ մեծագույն պատվիրանը մերձավորին անձի պես սիրելն է, նա նկատի ուներ մի օրենք, որը տրվել էր Իսրայել ազգին։ Այդ օրենքն արձանագրված է Ղեւտացոց 19։18–ում։ Նաև հրեաներին ասվել էր, որ նրանք պետք է բոլորին համարեին իրենց մերձավորները և ոչ թե միայն իսրայելացիներին։ 34–րդ համարում ասվում է. «Ձեզ մօտ պանդխտացող օտարականը ձեր երկրի բնակի պէս լինի ձեզ համար, եւ քո անձի պէս սիրես նորան, որովհետեւ Եգիպտոսի երկրի մէջ օտարական էիք»։ Հետևաբար հարկավոր էր սեր դրսևորել նույնիսկ ոչ հրեաների, հատկապես պրոզելիտների հանդեպ։
5. Ինչպե՞ս էին հրեաները հասկանում մերձավորի հանդեպ սեր դրսևորելու պատվիրանը։
5 Հիսուսի օրերի հրեա առաջնորդներն այլ տեսակետ ունեին այդ հարցի վերաբերյալ։ Նրանցից մի քանիսը սովորեցնում էին, որ «ընկեր» և «մերձավոր» բառերը վերաբերում են միայն հրեաներին։ Ոչ հրեաներին հարկավոր էր ատել։ Այս ուսուցիչները մտածում էին, որ աստվածապաշտները պետք է ատեն ոչ աստվածապաշտներին։ Մի ձեռնարկում ասվում է. «Այսպիսի մթնոլորտում անհնարին էր, որ ատելությունը վերանար։ Այն միշտ խրախուսվում էր»։
6. Ի՞նչ երկու միտք նշեց Հիսուսը, երբ խոսեց մերձավորի հանդեպ սեր դրսևորելու մասին։
6 Լեռան Քարոզում Հիսուսը խոսեց այս խնդրի մասին՝ պարզաբանելով, թե ում հանդեպ պետք է սեր դրսևորել։ Նա ասաց. «Լսել էք որ ասուեցաւ, քո ընկերին սիրիր, եւ քո թշնամիին ատիր։ Բայց ես ասում եմ ձեզ, Սիրեցէք ձեր թշնամիներին, օրհնեցէք ձեզ անիծողներին. բարի արէք ձեզ ատողներին. եւ աղօթք արէք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար. Որ որդիք լինիք ձեր Հօրն, որ երկնքումն է. որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վերայ, եւ անձրեւ է բերում արդարների եւ անիրաւների վերայ» (Մատթէոս 5։43–45)։ Այստեղ Հիսուսը երկու միտք նշեց։ Առաջին՝ Եհովան առատաձեռն է ու բարի թե՛ վատ և թե՛ լավ մարդկանց հանդեպ։ Երկրորդ՝ մենք պետք է հետևենք նրա օրինակին։
7. Ի՞նչ դաս ենք սովորում սամարացու մասին առակից։
7 Մեկ ուրիշ դեպքում Օրենքի գիտակ մի հրեա Հիսուսին հարցրեց. «Իմ ընկերն ո՞վ է»։ Հիսուսը պատասխանեց՝ պատմելով մի առակ, որը նկարագրում էր, թե ինչպես մի սամարացի հանդիպեց հրեայի, որը հարձակման էր ենթարկվել գողերի կողմից և զրկվել իր ունեցվածքից։ Թեև ընդհանուր առմամբ հրեաներն արհամարհում էին սամարացիներին, սակայն այդ սամարացին կապեց հրեայի վերքերը և նրան հյուրանոց տարավ, որտեղ վերջինս կարող էր առողջանալ։ Ի՞նչ դաս ենք սովորում այստեղից։ Մեր սերը պետք է տարածվի նաև այլ ռասայի, ազգության և կրոնի մարդկանց վրա (Ղուկաս 10։25, 29, 30, 33–37)։
Ինչ է նշանակում սիրել մեր մերձավորին
8. Ըստ Ղեւտացոց 19–րդ գլխի՝ ինչպե՞ս պետք է սեր դրսևորել։
8 Մերձավորի, ինչպեսև Աստծու հանդեպ սերը միայն զգացում չէ. այն պետք է մղի գործերի։ Օգտակար կլինի ուշադրություն դարձնել Ղեւտացոց 19–րդ գլխում արձանագրված պատվերի համատեքստին, որտեղ Աստծու ժողովրդին հորդոր էր տրվում սիրել մերձավորին իրենց անձի պես։ Այնտեղ կարդում ենք, որ իսրայելացիները պետք է կարիքավորների և օտարականների համար բաժին հանեին հունձքից։ Գողությունը, սուտը և խաբեությունը տեղ չպետք է ունենար նրանց մեջ։ Դատական գործերում իսրայելացիները չպետք է կողմնապահ լինեին։ Թեև անհրաժեշտության դեպքում նրանք պետք է հանդիմանեին, սակայն նրանց ասվել էր. «Քո եղբօրը սրտումդ չ’ատես»։ Այս և շատ այլ պատվիրաններ ամփոփված են հետևյալ խոսքերի մեջ. «Քո ընկերին սիր[իր] քո անձի պէս» (Ղեւտացոց 19։9–11, 15, 17, 18)։
9. Ինչո՞ւ Եհովան պատվիրեց իսրայելացիներին հեռու մնալ այլ ազգերից։
9 Ուրիշների հանդեպ սեր ցուցաբերելու հետ մեկտեղ իսրայելացիները պետք է հեռու մնային կեղծ աստվածներ երկրպագողներից։ Եհովան զգուշացրել էր վատ ընկերակցության վտանգների և հետևանքների մասին։ Օրինակ՝ այն ազգերի վերաբերյալ, որոնց երկրները իսրայելացիները պետք է գրավեին, Եհովան ասել էր. «Նորանց հետ խնամութիւն չ’անես, աղջկանդ նորա տղին չ’տաս, եւ նորա աղջկանը քո տղին չ’առնես. Որովհետեւ քո որդկանցը իմ ծառայութիւնից կ’դարձնեն, եւ նորանք օտար աստուածների կ’պաշտեն. եւ Եհովայի բարկութիւնը ձեզ վերայ կ’բորբոքուէ» (Բ Օրինաց 7։3, 4)։
10. Ինչի՞ց պետք է խուսափենք։
10 Նմանապես, քրիստոնյաները խուսափում են մտերիմ փոխհարաբերություններ զարգացնել այն մարդկանց հետ, ովքեր կարող են թուլացնել իրենց հավատը (Ա Կորնթացիս 15։33)։ Մեզ հորդոր է տրվում. «Անհաւատների հետ այլախառն լծակից մի լինիք», այսինքն՝ նրանց հետ, ովքեր քրիստոնեական ժողովի մասը չեն կազմում (Բ Կորնթացիս 6։14)։ Քրիստոնյաներին խորհուրդ է տրվում ամուսնանալ միայն «Տէրով» (Ա Կորնթացիս 7։39)։ Սակայն մենք երբեք չպետք է արհամարհանքով վերաբերվենք նրանց, ովքեր չեն հավատում Եհովային։ Քրիստոսը մահացավ մեղավորների համար, և շատերը, ովքեր մի ժամանակ սխալ գործեր են կատարել, փոխել են իրենց ճանապարհները և հաշտվել Աստծու հետ (Հռովմայեցիս 5։8; Ա Կորնթացիս 6։9–11)։
11. Ո՞րն է Եհովային չերկրպագողների հանդեպ սեր դրսևորելու լավագույն կերպը և ինչո՞ւ։
11 Աստծուն չծառայողների նկատմամբ սեր դրսևորելու լավագույն ձևը Եհովային ընդօրինակելն է։ Թեև նա ատում է չարությունը, սակայն սիրառատ բարություն է դրսևորում բոլորի հանդեպ՝ հնարավորություն տալով նրանց ետ դառնալ իրենց վատ ճանապարհներից և հավիտենական կյանք ստանալ (Եզեկիէլ 18։23)։ Եհովան «կամենում [է].... որ ամենն ապաշխարութեան հասնեն» (Բ Պետրոս 3։9)։ Նրա կամքն է, որ «ամեն մարդիկ փրկուին, եւ ճշմարտութեան գիտութեանը գան» (Ա Տիմոթէոս 2։4)։ Ահա թե ինչու Հիսուսը պատվիրեց իր հետևորդներին քարոզել, սովորեցնել և ‘աշակերտներ պատրաստել բոլոր ազգերից’ (Մատթէոս 28։19, 20)։ Մասնակցելով այս գործին՝ մենք սեր ենք դրսևորում և՛ Աստծու, և՛ մերձավորի հանդեպ, այո՛, նույնիսկ մեր թշնամիների հանդեպ։
Սեր դրսևորենք մեր քրիստոնյա եղբայրների հանդեպ
12. Ի՞նչ գրեց Հովհաննես առաքյալը մեր եղբայրներին սիրելու մասին։
12 Պողոս առաքյալը գրեց. «Բարի գործենք ամենին, մանաւանդ հաւատքի ընտանիներին» (Գաղատացիս 6։10)։ Որպես քրիստոնյաներ՝ մենք պարտավոր ենք սեր ցուցաբերել մեր ‘հավատի ընտանիների’, այսինքն՝ մեր հոգևոր եղբայրների ու քույրերի հանդեպ։ Որքանո՞վ է կարևոր այս սերը։ Շեշտելով դրա կարևորությունը՝ Հովհաննես առաքյալը գրեց. «Ամեն ով որ իր եղբօրն ատում է, մարդասպան է.... Եթէ մէկն ասէ թէ Սիրում եմ Աստուծուն եւ իր եղբօրն ատէ, նա ստախօս է. որովհետեւ նա որ իր տեսած եղբօրը չէ սիրում, Աստուծուն որ չէ տեսել ի՞նչպէս կարող է սիրել» (Ա Յովհաննէս 3։15; 4։20)։ Սրանք զորեղ խոսքեր են։ Հիսուս Քրիստոսը «մարդասպան» և «ստախօս» բառերն օգտագործեց Բանսարկու Սատանայի առնչությամբ (Յովհաննէս 8։44)։ Մենք երբեք չենք ուզի, որ այս բառերը ասվեն մեր մասին։
13. Ինչպե՞ս կարող ենք սեր դրսևորել մեր հավատակիցների հանդեպ։
13 Ճշմարիտ քրիստոնյաները «Աստուածանից սովորած [են] իրար սիրելու» (Ա Թեսաղոնիկեցիս 4։9)։ Մենք պետք է «չ’սիրենք խօսքով եւ ոչ էլ լեզուով, այլ գործով եւ ճշմարտութիւնով» (Ա Յովհաննէս 3։18)։ Մեր սերը «առանց կեղծաւորութեան» պետք է լինի (Հռովմայեցիս 12։9)։ Սերը մղում է մեզ լինել բարի, կարեկից, ներողամիտ, երկայնամիտ ու չլինել նախանձ, պարծենկոտ, գոռոզ և եսասեր (Ա Կորնթացիս 13։4, 5; Եփեսացիս 4։32)։ Այն մղում է մեզ ‘ծառայել իրար’ (Գաղատացիս 5։13)։ Հիսուսն իր աշակերտներին ասաց, որ միմյանց սիրեն այնպես, ինչպես նա սիրեց նրանց (Յովհաննէս 13։34)։ Ուստի քրիստոնյան պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում նույնիսկ իր կյանքը տալ հավատակիցների համար։
14. Ինչպե՞ս կարող ենք սեր դրսևորել ընտանիքում։
14 Սերը հատկապես պետք է դրսևորվի քրիստոնեական ընտանիքում և մասնավորապես ամուսնու ու կնոջ միջև։ Ամուսնական կապն այնքան սերտ կապ է, որ Պողոս առաքյալն ասաց. «Այսպէս պէտք է մարդիկ սիրեն իրանց կանանցը, ինչպէս իրանց մարմինները»։ Այնուհետև ավելացրեց. «Ով որ իր կնոջը սիրում է, իրան է սիրում» (Եփեսացիս 5։28)։ Պողոսն այս հորդորը կրկնում է նաև հինգ համար հետո։ Իր կնոջը սիրող ամուսինը չի ընդօրինակի Մաղաքիայի օրերում ապրող իսրայելացիներին, ովքեր դավաճանում էին իրենց կողակիցներին (Մաղաքիա 2։14)։ Նա կփայփայի իր կնոջը և կսիրի նրան, ինչպես որ Քրիստոսը սիրեց ժողովը։ Սերը նմանապես կմղի կնոջը հարգել իր ամուսնուն (Եփեսացիս 5։25, 29–33)։
15. Եղբայրական սերը գործնականում տեսնելը մղել է, որ ոմանք ի՞նչ ասեն և անեն։
15 Հստակ է, որ այսպիսի սերն է բնորոշում ճշմարիտ քրիստոնյաներին։ Հիսուսն ասել է. «Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք» (Յովհաննէս 13։35)։ Մեր սերը միմյանց հանդեպ տեսնելով՝ մարդիկ մոտենում են Աստծուն, որին մենք սիրում ենք և որի անունը կրում ենք։ Օրինակ՝ Եհովայի Վկա մի ընտանիքի մասին Մոզամբիկից ստացվել է հետևյալ հաղորդագրությունը. «Մենք նման բան երբեք չէինք տեսել։ Կեսօրին ուժեղ քամի սկսվեց, որից հետո կարկտախառը հորդառատ անձրև տեղաց։ Կատաղի քամիները վնաս հասցրին մեր եղեգնյա տանը և ցինկե տանիքի կտորները քշեցին–տարան։ Երբ հարևան ժողովների եղբայրները եկան և օգնեցին վերակառուցել մեր տունը, զարմացած հարևաններն ասացին. «Ձեր կրոնը շատ լավն է։ Մենք երբեք նման օգնություն չենք ստացել մեր եկեղեցուց»։ Մենք բացեցինք Աստվածաշունչը և ցույց տվեցինք Յովհաննէս 13։34, 35 համարները։ Այժմ մեր հարևաններից շատերը Աստվածաշունչ են ուսումնասիրում»։
Սեր՝ անհատների հանդեպ
16. Ի՞նչ տարբերություն կա մարդկանց որպես խմբի սիրելու և անհատապես սիրելու միջև։
16 Դժվար չէ սիրել մեր մերձավորներին որպես խմբի։ Սակայն անհատներին սիրելը կարող է դժվար լինել։ Օրինակ՝ ոմանց կարծիքով՝ սիրել մերձավորին նշանակում է նվիրաբերություն տալ որևէ բարեգործական կազմակերպության։ Իրականում շատ ավելի հեշտ է ասել, որ մենք սիրում ենք մեր մերձավորին, քան իսկապես սիրել մեր գործընկերոջը, որը կարծես ընդհանրապես չի հետաքրքրվում մեզանով, անտանելի հարևանին, կամ՝ ընկերոջը, որը հիասթափեցնում է մեզ։
17, 18. Ինչպե՞ս էր Հիսուսը անհատների հանդեպ սեր ցուցաբերում, և ի՞նչն էր մղում նրան այդպես վարվել։
17 Այս առումով մենք կարող ենք սովորել Հիսուսից, որը կատարելապես արտացոլեց Աստծու հատկությունները։ Թեև նա եկավ երկիր աշխարհի մեղքը վերացնելու համար, սակայն նաև սեր ցուցաբերեց մարդկանց հանդեպ անհատապես, այդ թվում մի հիվանդ կնոջ, բորոտի և երեխայի հանդեպ (Մատթէոս 9։20–22; Մարկոս 1։40–42; 7։26, 29, 30; Յովհաննէս 1։29)։ Նմանապես, մենք ցույց ենք տալիս մեր սերը մերձավորի հանդեպ նրանով, թե ինչպես ենք վերաբերվում անհատապես նրանց, ում հետ առնչվում ենք ամեն օր։
18 Սակայն մենք երբեք չպետք է մոռանանք, որ մերձավորի հանդեպ սերը կապված է Աստծու հանդեպ ունեցած սիրո հետ։ Թեև Հիսուսը օգնեց աղքատներին, բուժեց հիվանդներին և կերակրեց սովածներին, սակայն այս բաներն անելու, ինչպես նաև մարդկանց խմբերին սովորեցնելու նրա նպատակն այն էր, որ օգներ նրանց հաշտվել Եհովայի հետ (Բ Կորնթացիս 5։19)։ Հիսուսն ամեն բան անում էր Աստծու փառքի համար՝ երբեք չմոռանալով, որ ինքը ներկայացնում էր Աստծուն, որին սիրում էր (Ա Կորնթացիս 10։31)։ Ընդօրինակելով Հիսուսին՝ մենք նույնպես կարող ենք անկեղծ սեր ցուցաբերել մերձավորի հանդեպ և միևնույն ժամանակ այս ամբարիշտ աշխարհի մասը չկազմել։
Ինչպե՞ս ենք սիրում մերձավորին մեր անձի պես
19, 20. Ի՞նչ է նշանակում սիրել մերձավորին մեր անձի պես։
19 Հիսուսն ասաց. «Սիրիր քո ընկերին քո անձի պէս»։ Բնական է հոգ տանել մեր մասին և ունենալ ինքնահարգանքի հավասարակշռված զգացում։ Եթե մենք մեզ չսիրեինք, ապա այդ պատվիրանը նշանակություն չէր ունենա մեզ համար։ Անձի հանդեպ հավասարակշռված սեր ունենալը չպետք է շփոթել եսասիրության հետ, որի մասին նշեց Պողոս առաքյալը Բ Տիմոթէոս 3։2–ում։ Ընդհակառակը՝ դա արժանապատվության առողջ զգացում է։ Մի աստվածաշնչագետ այն նկարագրում է որպես «հավասարակշռված անձնասիրություն, որը ոչ ինքնասիրահարվածություն է՝ «ես աստվածային եմ», ոչ էլ մազոխիզմ՝ «ես ոչնչություն եմ»»։
20 Մեր անձի պես ուրիշներին սիրել նշանակում է նրանց դիտել այնպես, ինչպես որ կցանկանայինք, որ մեզ դիտեն, և վերաբերվել այնպես, ինչպես որ կցանկանայինք, որ մեզ վերաբերվեն։ Հիսուսն ասաց. «Ամեն ինչ որ կամենում էք՝ թէ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց» (Մատթէոս 7։12)։ Նկատի առ՝ Հիսուսը չասաց, որ մենք պետք է անընդհատ մտածենք այն մասին, թե ինչ են արել մեզ ուրիշները, և հետո նույն ձևով հատուցենք։ Փոխարենը՝ մենք պետք է մտածենք, թե ինչպես կուզեինք, որ մեզ վերաբերվեն, և այդպես վերաբերվենք ուրիշներին։ Ուշադրություն դարձրու նաև, որ Հիսուսը նկատի չուներ միայն ընկերներին ու եղբայրներին։ Նա օգտագործեց «մարդիկ» բառը՝ ցույց տալու համար, որ մենք այդպես պետք է վարվենք բոլորի հետ։
21. Ուրիշներին սիրելով՝ ի՞նչ ենք ցույց տալիս։
21 Մերձավորին սիրելը կպաշտպանի մեզ վատն անելուց։ Պողոս առաքյալը գրեց. «Վասն զի այն Մի շնարը, Մի սպանաները, Մի գողանարը, Մի սուտ վկայերը, եւ Մի ցանկանարը, եւ ուրիշ ինչ պատուիրանք էլ որ կայ, այս խօսքումն է բովանդակվում, Քո ընկերը սիրիր քո անձի պէս։ Սէրն իր ընկերին չար չի անիլ» (Հռովմայեցիս 13։9, 10)։ Սերը կմղի մեզ ուրիշների հանդեպ բարին գործելու ուղիներ փնտրել։ Սիրելով մարդկանց՝ ցույց կտանք, որ մենք նաև սիրում ենք նրան, ով ստեղծեց մարդուն Իր պատկերով՝ Եհովա Աստծուն (Ծննդոց 1։26)։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ո՞ւմ հանդեպ պետք է սեր դրսևորենք և ինչո՞ւ։
• Ինչպե՞ս կարող ենք սիրել նրանց, ովքեր չեն ծառայում Եհովային։
• Ինչպե՞ս է Աստվածաշունչը նկարագրում այն սերը, որ մենք պետք է ունենանք մեր եղբայրների հանդեպ։
• Ի՞նչ է նշանակում սիրել մերձավորին մեր անձի պես։
[նկար 26-րդ էջի վրա]
«Իմ ընկերն ո՞վ է»
[նկար 29-–րդ էջի վրա]
Հիսուսը սիրում էր մարդկանց անհատապես