Վշտահար քույրեր, որոնք «շինեցին Իսրայելի տունը»
ԼՈՒՍԱՆՈՒՄ ԷՐ։ Լիան գիտեր, որ շուտով ճշմարտությունը ջրի երես դուրս կգա։ Նա Հակոբի բազուկների մեջ էր. վերջինս տեսնելու էր, որ ինքը Ռաքելի՝ Լիայի կրտսեր քրոջ կողքին չէ։ Հնարավոր է՝ Լիան, նախորդ օրը, հոր խնդրանքով, հաստ քող էր գցել իր վրա և պառկել Հակոբի ու Ռաքելի համար պատրաստված ամուսնական անկողնում։
Պատկերացրու, թե ինչ զգաց Հակոբը, երբ տեսավ, թե ինչ էր տեղի ունեցել։ Նա սկսեց զայրացած վիճել Լաբանի՝ Լիայի հոր հետ։ Մինչ նրանք վիճում էին, Լիան, ամենայն հավանականությամբ, մտածում էր, թե որն է իր դերը այդ խաբեության մեջ, և ինչպիսին էին լինելու դրա հետևանքները։ Լիայի և Ռաքելի պատմությունը կարևոր տեղ է զբաղեցնում Աստվածաշնչում։ Այն նաև ցույց է տալիս, թե որքան խելամիտ է ունենալ մեկ կողակից և ամուսնական հավատարմություն պահել։
Օտարական՝ ջրհորի մոտ
Դրանից յոթ տարի առաջ Ռաքելը մի օր վազել էր իր հոր մոտ և պատմել, որ ջրհորի մոտ հանդիպել է մի օտարականի։ Վերջինս ասել էր, թե իրենց ազգականն է։ Պարզվել էր, որ դա Հակոբն է՝ Ռաքելի հորաքրոջ որդին, որը Եհովայի երկրպագուներից էր։ Նրանց հետ մեկ ամիս ապրելուց հետո Հակոբը Լաբանին առաջարկել էր յոթ տարի ձրի ծառայել, եթե վերջինս Ռաքելին կնության տար իրեն։ Լաբանը տեսել էր, թե որքան լավ է աշխատում իր քրոջ որդին, և իմանալով, որ նրանց շրջանում ընդունված էր ազգականների միջև ամուսնությունը՝ ընդունել էր Հակոբի առաջարկը (Ծննդոց 29։1–19)։
Հակոբը պարզապես սիրահարված չէր Ռաքելին. նրա զգացմունքներն ավելի խորն էին։ Նրանց նշանադրության շրջանը, որը տևեց յոթ տարի, «[Հակոբի] աչքին մի քանի օրերի պէս էր՝ նորան սիրելու պատճառով» (Ծննդոց 29։20)։ Այն, որ Հակոբը սիրեց Ռաքելին, և այդ սերն ամուր մնաց մինչև վերջինիս մահը, ցույց է տալիս, որ Ռաքելը շատ գրավիչ հատկություններ ուներ։
Արդյո՞ք Լիան նույնպես հույս ուներ ամուսնանալ Եհովայի հավատարիմ երկրպագուի հետ։ Աստվածաշունչը չի պատասխանում այդ հարցին։ Լիայի ամուսնության վերաբերյալ մեզ հայտնի են Լաբանի մտածմունքները։ Երբ Ռաքելի նշանադրության ժամանակաշրջանը մոտեցավ ավարտին, Լաբանը հարսանեկան խնջույք արեց։ Սակայն, ինչպես ասում է Աստվածաշունչը, այդ գիշեր նա Լիային բերեց Հակոբի մոտ, «եւ նա նորա մոտ մտաւ» (Ծննդոց 29։23)։
Արդյո՞ք Լիան նույնպես բաժին ուներ այդ խաբեությունը կազմակերպելու մեջ։ Թե՞ նա իրեն պարտավորված էր զգում հնազանդվելու հորը։ Իսկ որտե՞ղ էր Ռաքելը։ Գիտե՞ր, թե ինչ է կատարվում։ Եթե այո, ապա ի՞նչ էր զգում այդ պահին։ Կարո՞ղ էր հակառակվել իր խստապահանջ հոր կամքին։ Աստվածաշունչը այդ մասին ոչինչ չի ասում։ Այս հարցի առնչությամբ մենք միայն գիտենք Հակոբի տեսակետը։ Լաբանի ծրագիրը խիստ զայրացրեց Հակոբին, ու նա վիճեց հենց Լաբանի հետ և ոչ թե վերջինիս դուստրերի։ Հակոբն ասաց. «Մի՞թէ ես քեզ Ռաքէլի համար չեմ ծառայել. ապա ինչո՞ւ համար ինձ խաբեցիր»։ Ի՞նչ պատասխանեց Լաբանը. «Մեր երկրումն այսպէս չեն անիլ, որ փոքրը մեծից առաջ տան։ Լրացրու այս եօթնեակը, եւ ես սորան էլ կ’տամ քեզ այն ծառայութեան համար որ ինձ ծառայես ուրիշ եօթը տարի էլ» (Ծննդոց 29։25–27)։ Այսպիսով Հակոբը երկու կին ունեցավ, ինչը խանդի ու դառնության պատճառ դարձավ։
Դժբախտ ընտանիք
Հակոբը սիրում էր Ռաքելին։ Երբ Աստված տեսավ, որ Լիան «ատվում է», բացեց նրա արգանդը։ Սակայն Ռաքելը ամուլ էր։ Լիան ոչ միայն ուզում էր երեխա ունենալ, այլ նաև ցանկանում էր, որ Հակոբը սիրեր իրեն։ Տեսնելով, որ Հակոբը սիրում էր Ռաքելին՝ Լիան իրեն դժբախտ էր զգում։ Նա հույս ուներ արժանանալ Հակոբի սիրուն՝ որդիներ ծնելով։ Նրանց առաջին որդու՝ Ռուբենի անունը նշանակում էր՝ «ահա որդի»։ Լիան այդպես անվանեց երեխային, քանի որ մտածեց. «Եհովան իմ տառապանքին նայեց, ուրեմն հիմա իմ մարդն ինձ կ’սիրէ»։ Սակայն նրա ակնկալիքները չիրականացան նույնիսկ երկրորդ երեխայի ծնվելուց հետո։ Լիան վերջինիս անվանեց Շմավոն («լսել»)։ Նա մտածեց. «Եհովան լսեց որ ես ատվում եմ, նորա համար ինձ այս որդին էլ տուաւ» (Ծննդոց 29։30–33)։
Աստված լսել էր Լիային, իսկ դա նշանակում էր, որ վերջինս աղոթել էր իր խնդրի մասին։ Ըստ էության, նա աստվածավախ կին էր։ Բայց նրան անհանգստացնող հարցը չլուծվեց անգամ երրորդ որդու՝ Ղևիի ծնվելուց հետո։ Թե ինչու Լիան իր որդուն տվեց այդ անունը, որը նշանակում է «միություն», երևում է նրա հետևյալ խոսքերից. «Հիմա այս անգամ իմ մարդն ինձ հետ կ’միաւորուի. որովհետեւ երեք որդի ծնեցի նորա համար»։ Բայց, ակներևաբար, Հակոբի զգացմունքները չփոխվեցին նրա հանդեպ։ Թերևս Լիան համակերպվեց այդ մտքի հետ. չորրորդ որդուն նա չտվեց այնպիսի անուն, որը ցույց կտար, թե նա դեռ հույս ուներ Հակոբի հետ ավելի մտերիմ հարաբերություններ ունենալ։ Լիան իր որդուն անվանեց Հուդա։ Այսպես վարվելով՝ նա արտահայտեց իր երախտագիտությունը Աստծու հանդեպ, քանի որ «Հուդա» անունը նշանակում է «գոհություն» կամ «փառաբանություն»։ Լիան պարզապես ասաց. «Այս անգամ պիտի գոհանամ Եհովայից» (Ծննդոց 29։34, 35)։
Ճիշտ է, Լիան իրեն դժբախտ էր զգում, սակայն Ռաքելը նույնպես անմխիթար վիճակում էր։ Նա Հակոբին աղերսեց. «Ինձ որդիներ տուր. եթէ ոչ՝ կ’մեռնիմ» (Ծննդոց 30։1)։ Ռաքելը սիրված էր Հակոբի կողմից, սակայն նա ուզում էր մայրանալ։ Իսկ Լիան երեխաներ ուներ, բայց սիրված չէր։ Յուրաքանչյուրը ցանկանում էր ունենալ այն, ինչ ուներ մյուսը, և նրանցից ոչ մեկն էլ երջանիկ չէր։ Երկուսն էլ սիրում էին Հակոբին և ուզում էին նրանից երեխաներ ունենալ։ Ռաքելն ու Լիան նախանձում ու խանդում էին միմյանց։ Կարելի է պատկերացնել, թե որքան ցավալի էր նրանց ընտանեկան իրավիճակը։
Ռաքելն ունեցա՞վ երեխաներ
Հնում երեխաներ չունենալը դժբախտություն էր համարվում։ Աստված Աբրահամին, Իսահակին և Հակոբին խոստացել էր, որ նրանցից առաջ կգա «սերունդը», որի միջոցով բոլոր ընտանիքները կօրհնվեին (Ծննդոց 26։4; 28։14, ՆԱ)։ Ռաքելն ամուլ էր։ Հակոբը նրան ասել էր, որ միայն Աստված կարող է որդիներ պարգևել իրեն, ինչը թույլ կտար, որ Ռաքելը իր բաժինն ունենար այդ օրհնությունները բերելու մեջ։ Բայց Ռաքելն անհամբեր գտնվեց։ Նա Հակոբին ասաց. «Ահա իմ աղախին Բաղղան, նորա մօտ մտիր. նա իմ ծունկերի վերայ ծնէ, եւ ես էլ նորանից որդիներ ստանամ» (Ծննդոց 30։2, 3)։
Մեզ համար գուցե դժվար լինի հասկանալ Ռաքելի արարքը։ Բայց Մերձավոր Արևելքում գտնված ամուսնական համաձայնագրերը ցույց են տալիս, որ, այն ժամանակներում, սովորության համաձայն, սերունդ ունենալու համար ամուլ կինը կարող էր իր աղախնին տալ ամուսնուն (Ծննդոց 16։1–3)։a Աղախնի երեխաները որոշ դեպքերում համարվում էին ամուլ կնոջ զավակները։
Երբ Բաղղան որդի ունեցավ, Ռաքելը ցնծաց ու բացականչեց. «Աստուած ինձ դատաստան արաւ, եւ իմ ձայնն էլ լսեց, եւ ինձ որդի տուաւ»։ Ռաքելը նրան անվանեց «Դան», ինչը նշանակում է դատող կամ դատավոր։ Ռաքելը նույնպես աղոթել էր իր իրավիճակի մասին։ Բաղղայի երկրորդ որդու՝ Նեփթաղիմի (նշանակում է «ըմբշամարտություն») ծնվելուց հետո, Ռաքելն ասաց. «Իմ քրոջ հետ աստուածային ըմբշամարտութիւնով մարտնչեցի եւ յաղթեցի»։ Երեխաների անունները ցույց են տալիս, թե ինչպիսի պայքար կար երկու կանանց միջև (Ծննդոց 30։5–8)։
Հնարավոր է՝ Ռաքելը կարծում էր, որ Բաղղային տալով Հակոբին՝ գործել է իր աղոթքների համաձայն։ Սակայն Աստված այդ կերպ չէ, որ երեխաներ էր պարգևելու նրան։ Այստեղից կարևոր դաս ենք սովորում. մենք չպետք է անհամբերություն դրսևորենք այն բանից հետո, երբ աղոթել ենք Եհովային։ Նա, հավանական է, պատասխանի մեր աղոթքներին այնպես, ինչպես չենք ակնկալում և այն ժամանակ, երբ չենք սպասում։
Լիան նույնպես իր աղախին Զեղփային տվեց Հակոբին։ Զեղփան ծնեց Գադին, հետո՝ Ասերին (Ծննդոց 30։9–13)։
Թե ինչ պայքար էր գնում Ռաքելի ու Լիայի միջև, կարելի է տեսնել մի դեպքից։ Լիայի որդին՝ Ռուբենը, դաշտից մանրագորներ էր գտել. կարծիք կար, որ այդ պտուղները նպաստում էին բեղմնավորմանը։ Երբ Ռաքելը խնդրեց իրեն մի քանի մանրագոր տալ, Լիան դառնությամբ պատասխանեց. «Իմ մարդն առնելդ քի՞չ է, որ իմ որդու մանրագորներն էլ առնես»։ Ոմանք այս խոսքերից եզրակացնում են, թե Հակոբը Ռաքելի հետ ավելի շատ էր լինում, քան Լիայի։ Ռաքելը թերևս հասկացավ Լիայի վիշտը, ինչը երևում է նրա խոսքերից. «Ուրեմն թող այս գիշեր քեզ հետ պառկի քո որդու մանրագորների փոխարէն»։ Ուստի, երբ այդ երեկո Հակոբը տուն վերադարձավ, Լիան ասաց. «Ինձ մօտ պիտի մտնես. որովհետեւ քեզ վարձքով առել եմ իմ որդու մանրագորներովը» (Ծննդոց 30։15, 16)։
Լիան ևս երկու որդի ունեցավ՝ Իսաքարին և Զաբուղոնին։ Այնուհետև ասաց. «Այս անգամ մարդս ինձ հետ պիտի բնակուի, որովհետեւ նորա համար վեց որդի ծնեցի» (Ծննդոց 30։17–20)։b
Մանրագորները չօգնեցին Ռաքելին։ Ամուսնությունից միայն վեց տարի անց նա հղիացավ ու ծնեց Հովսեփին։ Դա տեղի ունեցավ, քանի որ Եհովան «հիշեց» Ռաքելին և պատասխանեց նրա աղոթքներին։ Այդ ժամանակ էր, որ Ռաքելը կարողացավ ասել. «Աստուած իմ նախատինքը վեր առաւ» (Ծննդոց 30։22–24)։
Մահանում է, բայց ժառանգ է թողնում
Իր երկրորդ որդուն՝ Բենիամինին ծնելիս Ռաքելը մահացավ։ Հակոբն իսկապես սիրում էր Ռաքելին, և նրա երկու որդիները շատ թանկ էին Հակոբի համար։ Երբ Հակոբը, տարիներ անց, մահանում էր, հիշեց իր սիրելի կնոջ՝ Ռաքելի վաղաժամ մահը (Ծննդոց 30։1; 35։16–19; 48։7)։ Իսկ Լիայի մասին մեզ հայտնի է, որ երբ նա մահացավ, Հակոբը նրան թաղեց այն նույն քարայրում, որտեղ ինքն էր թաղվելու (Ծննդոց 49։29–32)։
Տարեց հասակում Հակոբն ասաց, որ իր կյանքում շատ անհանգստություններ էր ունեցել։ Անշուշտ, նա նկատի ուներ նաև ընտանիքում ունեցած խնդիրները (Ծննդոց 47։9)։ Լիան ու Ռաքելը նույնպես հանգիստ կյանքով չէին ապրել։ Նրանց հետ կատարվածը ցույց է տալիս բազմակնության տխուր հետևանքները։ Բացի այդ, պարզ տեսնում ենք, թե ինչու է Եհովան նախատեսել, որ տղամարդը միայն մեկ կին ունենա (Մատթեոս 19։4–8; 1 Տիմոթեոս 3։2, 12)։ Երբ ամուսինը կամ կինը ռոմանտիկ կամ սեքսուալ հետաքրքրություն է դրսևորում մեկ ուրիշի հանդեպ, ապա խանդի տեղիք է տալիս։ Դա պատճառներից մեկն է, թե ինչու է Աստված արգելում պոռնկությունն ու շնությունը (1 Կորնթացիներ 6։18; Եբրայեցիներ 13։4)։
Աստված շարունակեց և շարունակում է իրականացնել իր նպատակը՝ օգտագործելով անկատար, բայց հավատարիմ տղամարդկանց ու կանանց։ Երկու քույրերն էլ՝ Ռաքելն ու Լիան, անկատար էին, ինչպեսև մենք։ Սակայն այս կանանց միջոցով Եհովան սկսեց իրականացնել Աբրահամին տված իր խոստումը։ Ուստի տեղին է, որ Ռաքելի ու Լիայի մասին ասվում է, որ նրանք «Իսրայէլի տունը շինեցին» (Հռութ 4։11)։
[ծանոթագրություններ]
a Նուզի (Իրաք) քաղաքում գտնված մի համաձայնագրում ասվում է. «Կելիմ–նինուն կնության է տրվել Շենիմային.... Եթե Կելիմ–նինուն [երեխաներ] չունենա, նա պետք է մի կին [աղախին] գտնի իր ամուսնու համար Լուլու երկրից»։
b Դինան, որը Լիայի դուստրն էր, Հակոբի աղջիկներից միակն է, որի անունը մենք գիտենք (Ծննդոց 30։21; 46։7)։
[նկար 9–րդ էջի վրա]
Յուրաքանչյուրը ցանկանում էր ունենալ այն, ինչ ուներ դիմացինը, և նրանցից ոչ մեկն էլ երջանիկ չէր
[նկար 10–րդ էջի վրա]
Հակոբի 12 որդիներից առաջ եկավ Իսրայել ազգը