Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 9/1 էջ 19–23
  • «Երբեք չմոռանաս տնետուն ծառայությունը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Երբեք չմոռանաս տնետուն ծառայությունը»
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ազնվությունը փրկում է կյանքս
  • «Ուշադրությամբ լսիր և համեմատիր»
  • «Կեղծ մարգարե»՝ Պարագվայում
  • Աստծու Թագավորությունը՝ առաջին տեղում
  • Եհովան սովորեցրել է ինձ կատարել իր կամքը
    2012 Դիտարան
  • Եհովան երբեք ինձ հուսախաբ չի արել
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
2008 Դիտարան
w08 9/1 էջ 19–23

«Երբեք չմոռանաս տնետուն ծառայությունը»

Պատմում է Յակով Նուֆելդը

«Ինչ էլ պատահի, երբեք չմոռանաս տնետուն ծառայությունը»։ Այս խոսքերը հիշելով՝ մոտ հինգ կիլոմետր քայլեցի ու հասա հարևան գյուղը, սակայն քաջություն չունեցա թակելու առաջին դուռը։ Ինքս ինձ հետ պայքարելուց հետո գնացի անտառ և ջերմեռանդորեն աղոթեցի Աստծուն, որ համարձակ լինեմ։ Ի վերջո վերադարձա, թակեցի այդ նույն դուռը և մատուցում արեցի։

ԻՆՉՊԵ՞Ս հայտնվեցի Պարագվայի անապատում գտնվող այդ գյուղում։ Թույլ տվեք պատմել սկզբից։ Ես ծնվել եմ 1923 թ. նոյեմբերին Ուկրաինայի գյուղերից մեկում՝ Կրոնստալում՝ մենոնիտների գերմանական գաղթավայրում։ 18–րդ դարի վերջին մենոնիտները Գերմանիայից գաղթել էին Ուկրաինա։ Ժամանակի ընթացքում նրանց թույլ էին տվել ազատորեն դավանել իրենց կրոնը, բայց չքարոզել ուրիշներին։ Նաև ինքնավար համայնք էին դարձել և ազատվել էին զինծառայությունից։

Երբ կոմունիստական կուսակցությունը իշխանության գլուխ անցավ, նրանք կորցրին իրենց արտոնությունները։ 1920–ականների վերջին մենոնիտների մեծ ֆերմաները դարձան պետության սեփականությունը։ Մարդկանց ուտելիք էին տալիս միայն այն ժամանակ, երբ նրանք համագործակցում էին կառավարության հետ։ Ցանկացած դիմադրություն դաժանորեն ճնշվում էր։ 1930–ականներին ՊԱԿ–ը (ԿԳԲ) շատ տղամարդկանց, հաճախ գիշերով, տանում էր տներից, և դա շարունակվեց այնքան ժամանակ, մինչև որ բազմաթիվ գյուղերում ընդամենը մի քանի տղամարդ մնաց։ Ահա թե ինչպես 1938 թ.–ին 14 տարեկանում կորցրի հորս. ես այլևս չտեսա նրան ու ոչ մի լուր չստացա նրանից։ Երկու տարի հետո ավագ եղբորս նույնպես տարան։

1941 թ.–ին Հիտլերի զինվորները զավթեցին Ուկրաինան։ Մեզ համար դա նշանակում էր ազատություն կոմունիստական վարչակարգից։ Սակայն շուտով մեր գյուղում ապրող ութ հրեա ընտանիք անսպասելիորեն անհայտացավ։ Ես չէի կարողանում գտնել ինձ հուզող շատ հարցերի պատասխանները։ Չէի հասկանում՝ ինչո՞ւ էին նման բաներ տեղի ունենում։

Ազնվությունը փրկում է կյանքս

1943 թ.–ին գերմանական զորքերը նահանջեցին՝ իրենց հետ տանելով գերմանացի ընտանիքների, այդ թվում նաև իմ ընտանիքի անդամներին, որպեսզի վերջիններս աջակցեն պատերազմին։ Այդ ժամանակ ես արդեն զորակոչվել էի և Ռումինիայում նշանակվել էի Գերմանիայի էսէսական (Հիտլերի պահնորդական ջոկատը)։ Այնտեղ մի միջադեպ եղավ, որը մեծ ազդեցություն թողեց իմ կյանքի վրա։

Մեր զորամասի հրամանատարը ուզում էր փորձել իմ ազնվությունը։ Նա խնդրեց ինձ իր համազգեստը քիմմաքրման հանձնել։ Նա հատուկ հագուստի գրպանում փող էր դրել, որը ես գտա և վերադարձրի նրան։ Սակայն վերջինս ասաց, որ ոչ մի բան չի թողել համազգեստի գրպանում։ Ես պնդեցի՝ ասելով, որ այդ փողը նրա գրպանից եմ գտել։ Արդյունքը եղավ այն, որ շատ չանցած՝ դարձա նրա օգնականը։ Ես պետք է գրասենյակային գործեր կատարեի, պահակներին ծառայության նշանակեի, նաև ինձ մոտ պահեի զորամասի փողերը։

Մի գիշեր ռուսական բանակը գրավեց մեր զորամասը, բարեբախտաբար ես աշխատավայրում էի մնացել, որպեսզի որոշ գործեր անեի հրամանատարի համար։ Այդ օրը ինձ էլ գերի կտանեին, եթե ժամանակին ազնվորեն վարված չլինեի և այդ առանձնահատուկ նշանակումը չստանայի։

Այդ իսկ պատճառով 1944 թ.–ին մի որոշ ժամանակով ազատ արձակվեցի իմ զինվորական ծառայությունից։ Տուն վերադարձա և այդ ընթացքում պատշարություն սովորեցի։ Հետագայում այս արհեստը ինձ պետք եկավ։ 1945 թ. ապրիլին ամերիկյան զորքերը գրավեցին Մագդեբուրգի մոտ գտնվող մեր քաղաքը։ Մեկ ամիս հետո պատերազմը պաշտոնապես ավարտվեց։ Մենք կենդանի մնացինք։ Ապագան պայծառ էր թվում։

Մի օր հունիս ամսին մի հայտարարություն լսեցինք. «Ամերիկյան զորքերը անցած գիշեր հեռացան, իսկ ռուսական զորքերը այստեղ կլինեն այսօր՝ առավոտյան ժամը 11–ին»։ Մենք կրկին հուսահատվեցինք, քանի որ հասկանում էինք, որ դարձյալ հայտնվելու ենք կոմունիստական վարչակարգի հսկողության տակ։ Ես ու զարմիկս անմիջապես փախուստ ծրագրեցինք։ Ամառվա կեսին հասանք ամերիկացիների հսկողության տակ գտնվող տարածքը։ Նոյեմբերին, մեզ վտանգի ենթարկելով, մեծ դժվարությամբ նորից մտանք ռուսական տարածքը և մեր ընտանիքին գաղտնի կերպով անցկացրինք սահմանը։

«Ուշադրությամբ լսիր և համեմատիր»

Մենք հաստատվեցինք Արևմտյան Գերմանիայում։ Ժամանակի ընթացքում սկսեցի հետաքրքրվել Աստվածաշնչով։ Կիրակի օրերը գնում էի անտառ և Աստվածաշունչ էի ընթերցում, սակայն այն, ինչ կարդում էի, ինձ օտար էր թվում, այն հնացած պատմություն լիներ ասես։ Նաև հաճախում էի կրոնական դասընթացների և պատրաստվում էի մկրտվել ու դառնալ մենոնիտ։ Ինձ շատ զարմացրեց մենոնիտների գրքերից մեկում գրված հետևյալ միտքը. «Հայրը Աստված է, Որդին Աստված է, Սուրբ Ոգին Աստված է»։ Սրան հետևում էր մի հարց. «Արդյո՞ք երեք Աստվածներ կան»։ Պատասխանը գրված էր ներքևում. «Ո՛չ, այս երեքը մեկ են»։ Երբ հոգևորականին հարցրի, թե ինչ է դա նշանակում, նա պատասխանեց. «Երիտասա՛րդ, այս հարցերի շուրջ հարկ չկա այդքան խորը մտածելու. ոմանք իրենց խելքը կորցրել են, երբ փորձել են խորանալ նման հարցերի մեջ»։ Հենց այդ պահին որոշեցի, որ չեմ մկրտվելու։

Մի քանի օր անց տեսա, որ ինչ–որ մեկը զրուցում է զարմուհուս հետ։ Հետաքըրքրասիրությունը մղեց ինձ միանալ խոսակցությանը։ Սկսեցի հարցեր տալ։ Հետագայում իմացա, որ այդ անծանոթը Էրիկ Գոլատսիկն էր, որը վերապրել էր Վեվելսբուրգի համակենտրոնացման ճամբարից։ Նա հարցրեց ինձ, թե արդյոք ուզում եմ հասկանալ Աստվածաշունչը։ Երբ ասացի՝ այո, նա հավաստիացրեց ինձ, որ իր սովորեցրած ամեն բան կապացուցի հենց իմ Աստվածաշնչով։

Մի քանի այցելությունից հետո Էրիկը ինձ հրավիրեց Եհովայի վկաների համաժողովի. կարծում եմ, պատերազմից հետո դա առաջին համաժողովներից մեկն էր։ Ես շատ էի տպավորվել և գրի էի առել սուրբգրային յուրաքանչյուր համար, որը ընթերցվում կամ մեջբերվում էր համաժողովի ժամանակ։ Շուտով հասկացա, որ աստվածաշնչային կրթությունը նաև պատասխանատվություններ է բերում, և որոշեցի դադարեցնել ուսումնասիրությունս։ Ինձ համար նաև դժվար էր ընդունել, որ կարող է միայն մեկ ճշմարիտ կրոն լինել։ Երբ Էրիկը տեսավ, որ վճռել եմ վերադառնալ իմ հին եկեղեցին, ինձ հետևյալ խորհուրդը տվեց. «Ուշադրությամբ լսիր և համեմատիր»։

Ընդամենը երկու անգամ գնացի իմ եկեղեցու հոգևորականների մոտ, և դա բավական էր համոզվելու համար, որ նրանք չգիտեն, թե ինչի մասին են խոսում, և որ նրանց կրոնը բացարձակապես չի սովորեցնում ճշմարտությունը։ Մի քանի հոգևորականների նամակ գրեցի և աստվածաշնչային հարցեր ուղղեցի։ Նրանցից մեկը պատասխանել էր. «Դու իրավունք չունես ուսումնասիրելու Գրությունները, քանի որ «դարձյալ չես ծնվել»»։

Այդ ժամանակ մտերմություն էի անում մի երիտասարդ կնոջ հետ։ Նա ստիպեց ինձ դժվար որոշում կայացնել։ Վերջինս մենոնիտներից առանձնացած մի աղանդի անդամ էր։ Նրա ընտանիքը ատում էր Եհովայի վկաներին և ճնշում էր գործադրում նրա վրա։ Այդ պատճառով նա ասաց, որ եթե չթողնեմ իմ նոր կրոնը, ապա այլևս ինձ հետ ընկերություն չի անի։ Ինձ համար ամեն ինչ պարզ էր. ճիշտ ընտրությունը միայն մեկն էր. ես վերջ դրեցի մեր մտերմությանը։

Շուտով Էրիկը նորից սկսեց այցելել ինձ։ Նա ասաց, որ հաջորդ շաբաթ մկրտություն է լինելու և հարցրեց ինձ, թե արդյոք կուզեի մկրտվել։ Ես արդեն հասկացել էի, որ Եհովայի վկաները ճշմարտությունն են սովորեցնում և ցանկացա ծառայել Եհովա Աստծուն։ Ուստի ընդունեցի նրա հրավերը և 1948 թ. մայիսին լոգարանում մկրտվեցի։

Իմ մկրտությունից կարճ ժամանակ հետո ընտանիքս որոշեց մեկնել Պարագվայ՝ Հարավային Ամերիկա։ Մայրս խնդրում էր ինձ գնալ իրենց հետ։ Ես չէի ուզում մեկնել, քանի որ զգում էի, որ հոգևորապես հասունանալու կարիք ունեմ ու պետք է ավելի շատ ուսումնասիրեմ Աստվածաշունչը։ Սակայն երբ այցելեցի Վիսբադենում գտնվող Եհովայի վկաների մասնաճյուղը, հանդիպեցի Օգուստ Պեյթերսին, և նա հիշեցրեց ինձ, որ ես ընտանիքիս հոգ տանելու պատասխանատվություն ունեմ։ Նաև հետևյալ հորդորը տվեց. «Ինչ էլ պատահի, երբեք չմոռանաս տնետուն ծառայությունը։ Այլապես ոչնչով չես տարբերվի քրիստոնեական աշխարհի ցանկացած կրոնի անդամից»։ Մինչև այսօր հիշում եմ այդ խորհուրդը և կարևոր եմ համարում «տնից տուն» ծառայությունը (Գործեր 20։20, 21)։

«Կեղծ մարգարե»՝ Պարագվայում

Օգուստ Պեյթերսի հետ հանդիպումից շատ չանցած՝ ընտանիքիս հետ նավով ուղևորվեցի Հարավային Ամերիկա։ Մենք հաստատվեցինք Գրան Չակոյում (Պարագվայի մարզերից մեկը), որտեղ մենոնիտների գաղթավայր կար։ Երկու շաբաթ հետո ուղևորվեցի դեպի հարևան գյուղը, որի մասին նշեցի վերևում, որպեսզի քարոզեմ այնտեղ։ Շատ արագ լուրեր տարածվեցին, թե նորեկների մեջ «կեղծ մարգարե» կա։

Հենց այդ ժամանակ էր, որ իմ սովորած արհեստը պետք եկավ ինձ։ Ներգաղթյալները տուն չունեին։ Ուստի հաջորդ վեց ամիսներին ես զբաղված էի տներ կառուցելով։ Գործի բերումով նաև քարոզում էի մարդկանց։ Նրանք քաղաքավարությամբ լսում էին ինձ, բայց երբ տան չորս պատերը կառուցվում էին, ուրախ էին, որ ինձնից ազատվելու են։

Այդ ընթացքում Գերմանիայից նավերով բազմաթիվ մենոնիտ փախստականներ եկան։ Նրանց մեջ Կատերինա Շեյլենբերգ անունով մի երիտասարդ կին կար, որը կարճ ժամանակով կապ էր ունեցել Վկաների հետ և հասկացել էր, որ նրանք Աստվածաշնչի մասին ճշմարտությունն են սովորեցնում։ Չնայած դեռ մկրտված չէր, սակայն նավի մեջ ներկայացել էր որպես Եհովայի վկա։ Դրա համար նրան թույլ չէին տվել հասնել գերմանական գաղթավայր։ Ասունսիոնում (Պարագվայի մայրաքաղաքը) նա սպասուհու աշխատանք էր գտել, սովորել էր իսպաներեն, նորից կապ էր հաստատել Վկաների հետ, շարունակել Աստվածաշնչի ուսումնասիրությունը և մկրտվել։ 1950 թ. հոկտեմբերին ես ամուսնացա այդ քաջ կնոջ հետ։ Նա հիանալի օգնական դարձավ ինձ համար, և միասին հաղթահարեցինք կյանքի դժվարությունները։

Կարճ ժամանակում որոշակի գումար խնայեցի, որպեսզի կառք և երկու ձի գնեմ։ Դրանք ինձ անհրաժեշտ էին քարոզչության համար։ Միշտ հիշում էի եղբայր Պեյթերսի խորհուրդը։ Այդ ժամանակ քույրս, որը նույնպես Վկա էր, միացավ մեզ։ Հաճախ առավոտյան ժամը 4–ին արթնանում էինք, չորս ժամ ճանապարհորդում, երկու–երեք ժամ քարոզում և այնուհետև տուն վերադառնում։

Մեր հրատարակություններում կարդացել էի հանրային ելույթների մասին, ուստի որոշեցի այդպիսի մի հանդիպում անցկացնել։ Գերմանիայում երբեք չէի մասնակցել ժողովի հանդիպման, բայց կռահեցի, թե ինչպես այն պետք է անցկացվի։ Որոշեցի խոսել Աստծու Թագավորության մասին։ Հանդիպմանը ներկա էին ութ հոգի։ Իմանալով այս մասին՝ մենոնիտների եկեղեցու հոգևորականները շատ զայրացան։ Նրանք մի քարոզարշավ կազմակերպեցին, որպեսզի հավաքեն աստվածաշնչային գրականությունը, որ տվել էինք մարդկանց, և նրանց ասել էին, որ անգամ մեզ չբարևեն։

Հետագայում գաղութի գլխավոր գրասենյակը ինձ կանչեց, և տնօրենը ու Կանադայից եկած երկու հոգևորական մի քանի ժամ հարցաքննեցին ինձ։ Վերջում նրանցից մեկն ասաց. «Երիտասա՛րդ, դու կարող ես հավատալ այն ամենին, ինչին ուզում ես, բայց խոստացիր, որ ոչ մեկի հետ այլևս չես խոսի քո հավատի մասին»։ Ես չէի կարող այդպիսի բան խոստանալ նրանց։ Ուստի ինձ խնդրեցին հեռանալ գաղութից. նրանք չէին ուզում, որ «հավատարիմ եղբայրների» մեջ «կեղծ մարգարե» լիներ։ Երբ այդ առաջարկն էլ մերժեցի, ասացին, որ ընտանիքիս համար կվճարեն տրանսպորտի գինը։ Ես հաստատակամ մնացի և չհեռացա։

1953 թ. ամռանը գնացի Ասունսիոն՝ մասնակցելու համաժողովին։ Այնտեղ խոսեցի Նաթան Նորի հետ, որը եկել էր Բրուքլինից (Նյու Յորք)՝ Եհովայի վկաների գլխավոր վարչությունից։ Նա խորհուրդ տվեց տեղափոխվել մայրաքաղաք և համագործակցել այնտեղ նշանակված միսիոներների մի փոքր խմբի հետ, հատկապես այն պատճառով, որ մենոնիտների գաղութում մեր քարոզչական գործունեությունը սահմանափակված էր։

Աստծու Թագավորությունը՝ առաջին տեղում

Այդ ժամանակ ողջ Պարագվայում կար ընդամենը 35 Վկա։ Ես կնոջս հետ խոսեցի տեղափոխվելու մասին և, չնայած նա այդքան էլ համաձայն չէր ապրել մեծ քաղաքում, սակայն պատրաստ էր ամեն բան նորից սկսել։ 1954 թ. Կատերինան և ես որոշեցինք մեր ազատ ժամերին երկուսով աղյուսե մի տուն կառուցել։ Մենք երբեք բաց չենք թողել ոչ մի հանդիպում և շաբաթ–կիրակի օրերին միշտ մասնակցել ենք ծառայությանը։

Պատիվ եմ ունեցել նաև ուղեկցել շրջանային վերակացուին՝ ծառայելով որպես նրա թարգմանիչ, երբ նա այցելում էր Պարագվայի մի քանի գերմանախոս գաղութների։ Քանի որ իսպաներեն քիչ գիտեի, ելույթը, որը առաջին անգամ իսպաներենից գերմաներեն թարգմանեցի, հավանաբար ամենադժվար նշանակումն էր։

Կնոջս առողջության պատճառով 1957 թ.–ին տեղափոխվեցինք Կանադա։ Իսկ 1963 թ.–ին մեկնեցինք Միացյալ Նահանգներ։ Որտեղ էլ որ եղել ենք, միշտ փորձել ենք Աստծու Թագավորության շահերը առաջին տեղում դնել (Մատթեոս 6։33)։ Անչափ երախտապարտ եմ Եհովա Աստծուն, որ հնարավորություն եմ ունեցել դեռ երիտասարդ տարիներից սովորել Աստծու Խոսքի ճշմարտությունը։ Այդ հոգևոր կրթությունը ողջ կյանքիս ընթացքում ինձ շատ առումներով է օգնել։

Ինձ համար մեծ պատիվ է եղել օգնել ուրիշներին սովորել Աստվածաշնչի հրաշալի ճշմարտությունները, որոնք ինձ շատ են մխիթարել։ Իսկ ամենամեծ ուրախությունն այն է, որ բոլոր երեխաներս և թոռներս մանկուց օգուտներ են քաղում աստվածաշնչային կրթությունից։ Նրանք հետևում են եղբայր Պեյթերսի խորհրդին. «Ինչ էլ պատահի, երբեք չմոռանաս տնետուն ծառայությունը»։

[մեջբերում 22–րդ էջի վրա]

Իմ ամենամեծ ուրախությունն այն է, որ բոլոր երեխաներս և թոռներս մանկուց օգուտներ են քաղում աստվածաշնչային կրթությունից

[նկարներ 20–21–րդ էջերի վրա]

Կատերինան և ես նախքան ամուսնությունը, 1950 թ.

[նկար 21–րդ էջի վրա]

Մեր առաջին երեխայի հետ տան առջևում (Պարագվայ, 1952 թ.)

[նկար 23–րդ էջի վրա]

Իմ ընտանիքը այսօր

[թույլտվությամբ]

Photo by Keith Trammel © 2000

[նկար 19–րդ էջի վրա]

Photo by Keith Trammel © 2000

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը