Ինչպիսի՞ն պիտի լինի լավ հայրը
«Հայրե՛ր, մի՛ դառնացրեք ձեր երեխաներին, որ նրանք չվհատվեն» (Կողոսացիներ 3։21, «The Holy Bible—New International Version»)։
ԻՆՉՈ՞Ւ է Աստվածաշնչում ասվում, որ հայրը չպետք է դառնացնի իր երեխային։ Ահա թե ինչ էր ասվում լրագրերից մեկում. «Լավ հայրը կարող է մեծապես նպաստել երեխայի էմոցիոնալ և ինտելեկտուալ զարգացմանը»։ Ուստի շատ կարևոր է գիտակցել, թե որքան մեծ դեր ունի հայրը ընտանիքում։
Իսկ ո՞րն է հոր դերը ընտանիքում։ Շատերը կարծում են, որ հոր դերը միայն երեխային պատժելն է։ Եվ երբ երեխան իրեն վատ է պահում, մայրը հաճախ վախեցնում է. «Սպասի՛ր, երբ հայրդ տուն գա, կտեսնե՛ս»։ Եթե երեխային խելամտության սահմաններում պատժեք և չափից շատ խիստ չլինեք, ապա երեխան կդառնա հավասարակշռված անձնավորություն։ Սակայն լավ հայր լինելու համար ավելին է անհրաժեշտ։
Ցավալի է, բայց շատերն իրենց ընտանիքներում լավ օրինակ չեն ունեցել։ Ոմանց հետ հայրերը վարվել են խստությամբ ու դաժանությամբ։ Եվ երբ իրենք են հայր դարձել, նույն վերաբերմունքն են դրսևորել իրենց երեխաների հանդեպ։ Մյուսներն էլ առանց հոր են մեծացել։ Այնուհանդերձ, ինչպե՞ս է հնարավոր չկրկնել նույն սխալները, դեռ ավելին, հմուտ ծնող դառնալ։
Կա մի աղբյուր, որը գործնական ու վստահելի խորհուրդներ է պարունակում այն մասին, թե ինչպես կարելի է լավ հայր լինել։ Դա Աստվածաշունչ գիրքն է, որտեղ կարելի է գտնել ընտանեկան կյանքին վերաբերող լավագույն խորհուրդները, և դրանք ընդամենը թեորիա չեն։ Այդ խորհուրդները մեզ միայն ճիշտ առաջնորդություն են տալիս։ Աստվածաշնչային սկզբունքները արտացոլում են իր Հեղինակի՝ Եհովա Աստծու իմաստությունը, ով ընտանիքի Հիմնադիրն է (Եփեսացիներ 3։14, 15)։ Եթե դու էլ երեխաներ ունես, լավ կլինի, որ խորհրդածես, թե Աստվածաշնչում ինչ է ասվում ծնողական պարտականությունների մասինa։
Լավ հայր լինելը ոչ միայն նպաստում է երեխայի ֆիզիկական ու էմոցիոնալ զարգացմանը, այլ նաև նրա հոգևոր բարօրությանը։ Իր հոր հետ մտերիմ հարաբերություններ ունեցող երեխայի համար, ավելի հեշտ է անձնական մտերիմ հարաբերություններ զարգացնել նաև Աստծու հետ։ Չէ՞ որ Եհովան մեր բոլորի Հայրն է (Եսայիա 64։8)։ Եկեք քննենք վեց կետ և տեսնենք, թե ինչպես Աստվածաշնչի սկզբունքները կարող են օգնել հայրերին լավ ծնող դառնալ։
1 Ցույց տուր սերդ
Որպես Հայր՝ Եհովան կատարյալ օրինակ է թողել։ Նկարագրելով, թե ինչ է զգում Աստված Հիսուսի՝ իր միածին Որդու հանդեպ՝ Աստվածաշունչն ասում է. «Հայրը սիրում է Որդուն» (Հովհաննես 3։35; Կողոսացիներ 1։15)։ Եհովան իր սերը և հավանությունը մի քանի անգամ է արտահայտել իր Որդու նկատմամբ։ Երբ Հիսուսը մկրտվեց, Հայրը երկնքից ասաց. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, ես քեզ հավանել եմ» (Ղուկաս 3։22)։ Հիսուսը երբեք չկասկածեց, որ իր Հայրը սիրում է իրեն։ Ի՞նչ կարող են սովորել հայրերը Աստծու օրինակից։
Երբեք մի՛ զլացիր ասելու երեխաներիդ, որ սիրում ես նրանց։ Քելվինը, որը հինգ երեխա ունի, ասում է. «Ես միշտ ջանացել եմ արտահայտել սերս ոչ միայն խոսքերով, այլև անձնական հետաքրքրություն ցուցաբերելով նրանցից յուրաքանչյուրի հանդեպ։ Նույնիսկ փոխել եմ երեխաներիս տակդիրները և լողացրել նրանց»։ Նրանք պետք է իմանան, որ ունեն ձեր հավանությունը։ Այնպես որ չափազանց քննադատաբար մի վարվիր և անընդհատ մի ուղղիր նրանց։ Փոխարենը՝ անկեղծորեն գովիր։ Դոնիզեթը, որը երկու անչափահաս աղջիկ ունի, առաջարկում է. «Հայրը պետք է ամեն առիթ օգտագործի իր երեխաներին գովելու համար»։ Երեխան ինքնահարգանքի առողջ զգացում կունենա, եթե իմանա, որ դուք սիրում եք իրեն և գոհ եք իրենից։ Իսկ դա էլ կօգնի, որ նա ավելի մտերմանա Աստծու հետ։
2 Լավ օրինակ եղիր
Հիսուսը անում է «միայն այն, ինչ տեսնում է Հորն անելիս», կարդում ենք Հովհաննես 5։19–ում։ Ուշադրություն դարձրու, որ, ինչպես համարում է ասվում, Հիսուսը տեսնում և անում էր այն, ինչ հայրն էր «անում»։ Հոր լավ օրինակը կմղի երեխային նույն կերպով վարվելու։ Օրինակ՝ եթե հայրը իր կնոջը հարգանքով ու արժանապատվությամբ է վերաբերվում, ապա նրա որդին, երբ մեծանա, կանանց հետ հարգանքով ու արժանապատվությամբ կվերաբերվի։ Հոր օրինակը լավ ազդեցություն կարող է թողնել ինչպես տղա երեխայի վրա, այնպես էլ աղջկա։ Վերջինս ճիշտ տեսակետ կունենա տղամարդկանց մասին։
Դժկամությա՞մբ են երեխաներդ ներողություն խնդրում։ Այս հարցում էլ կարևոր է լավ օրինակ թողնել։ Քելվինը հիշում է, որ երբ մի անգամ իր երկու տղաները կոտրեցին թանկարժեք տեսախցիկը, նա բարկացավ և այնպես հարվածեց փայտե սեղանին, որ այն երկու մասի բաժանվեց։ Հետո նա իրեն շատ վատ էր զգում։ Քելվինը երեխաներից ներողություն խնդրեց, այդ թվում նաև կնոջից։ Նրա պահվածքը դրական ազդեցություն ունեցավ երեխաների վրա։ Այժմ նրանք առանց վարանելու ներողություն են խնդրում։
3 Ուրախ մթնոլորտ ստեղծիր
Եհովան «երջանիկ Աստված է» (1 Տիմոթեոս 1։11)։ Ուստի զարմանալի չէ, որ Հիսուսը մեծ ուրախություն էր ստանում իր Հոր հետ շփվելիս։ Առակաց 8։30–ում կարդում ենք. «Այն ժամանակ ես նորա [Հոր] կշտին ճարտարապետ էի, եւ նորա ուրախութիւնն էի ամեն օր»։ Որքա՜ն ջերմ փոխհարաբերություն ունեին Հայր և Որդի։
Դու էլ կարող ես ուրախ մթնոլորտ ստեղծել ընտանիքում, օրինակ՝ եթե ժամանակ հատկացնես ու խաղաս նրանց հետ։ Միասին խաղալը ծնողներին և երեխաներին օգնում է, որ մտերիմ փոխհարաբերություններ ունենան։ Ֆելիքսը, որն ունի պատանեկան տարիքի մի տղա, այդ նույն կարծիքին է. «Մենք հաճախ ենք միասին հանգստանում և դա օգնում է, որ ամուր հարաբերություններ ունենանք։ Միասին խաղեր ենք խաղում, շփվում ենք ընկերների հետ և այցելում գեղատեսիլ վայրեր։ Այս ամենը ամրացնում է մեր ընտանիքը»։
4 Հոգևորապես կրթիր
Հիսուսը կրթվել էր իր Հորից։ Այդ մասին կարդում ենք. «Ինչ որ լսել եմ նրանից [Հորից], ա՛յն եմ խոսում աշխարհում» (Հովհաննես 8։26)։ Երեխաներին հոգևորապես և բարոյապես կրթելու պատասխանատվությունը Աստված հորն է տվել։ Քո հայրական պարտականությունն է երեխաներիդ սրտում ճիշտ սկզբունքներ սերմանել։ Դու դա պիտի անես վաղ հասակից (2 Տիմոթեոս 3։14, 15)։ Ֆելիքսը, օրինակ, իր որդու համար կարդում էր Աստվածաշնչի պատմությունները, երբ վերջինս դեռ շատ փոքր էր։ Նա օգտվում էր «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գրքիb նկարազարդ ու հետաքրքիր պատմություններից։ Երեխայի մեծանալուն զուգընթաց Ֆելիքսը ընտրում էր Աստվածաշնչի վրա հիմնված ուրիշ հրատարակություններ, որոնք կհամապատասխանեին իր տղայի տարիքին։
Դոնիզեթն ասում է. «Մեծ ջանքեր են պահանջվում ընտանեկան ուսումնասիրությունը հաճելի և հետաքրքիր դարձնելու համար։ Շատ կարևոր է, որ ծնողները գնահատեն հոգևոր բաները, քանի որ երեխաներն արագ նկատում են, որ նրանք չեն անում այն, ինչ իրենց են ասում անել»։ Իսկ Կարլոսը, որը երեք տղաների հայր է, նշում է. «Մենք ամեն շաբաթ հավաքվում ենք՝ քննարկելու մեր ընտանիքի կարիքները։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է ընտրել, թե ինչ ենք քննարկելու»։ Քելվինն էլ միշտ փորձում է իր երեխաների հետ խոսել Աստծու մասին, որտեղ էլ լինեն և ինչ էլ անելիս լինեն։ Նրա այս օրինակը հիշեցնում է մեզ Մովսեսի խոսքերը. «Այս խօսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մէջ լինեն։ Եւ կրկնիր նորանք քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս» (Բ Օրինաց 6։6, 7)։
5 Խրատիր նրանց
Որպեսզի երեխաները մեծանան որպես պատասխանատու անձնավորություններ, նրանց պիտի խրատես։ Որոշ ծնողների թվում է, թե երեխաներին պիտի խստորեն խրատել և եթե անհրաժեշտ է, ուրեմն պետք է կոպտորեն սպառնալ կամ վիրավորել։ Աստվածաշունչը, սակայն, բոլորովին էլ չի խրախուսում խրատի այս ձևը։ Ընդհակառակը՝ այն քաջալերում է ծնողներին դա անել սիրով, ինչպես որ Եհովան է անում (Եբրայեցիներ 12։4–11)։ Աստծու Խոսքում կարդում ենք. «Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, այլ դաստիարակե՛ք նրանց Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփեսացիներ 6։4)։
Երբեմն, ինչ խոսք, գուցե պատժելու կարիք լինի։ Սակայն երեխան պիտի հասկանա, թե ինչու են իրեն պատժում։ Նա չպիտի այնպիսի զգացում ունենա, թե ոչ մի բանի պիտանի չէ, թե իրեն չեն սիրում։ Աստվածաշունչը հավանություն չի տալիս դաժան ծեծին, որը նույնիսկ կարող է վնաս հասցնել երեխային (Առակաց 16։32)։ Ահա թե ինչ է պատմում Քելվինը. «Երբ երեխաներիս պատժում էի, միշտ ասում էի նրանց, որ դա անում եմ, քանի որ սիրում եմ նրանց»։
6 Պաշտպանիր նրանց վտանգներից
Դու պիտի պաշտպանես երեխաներիդ նաև վատ ընկերակցությունից և վտանգավոր ազդեցությունից։ Ցավալի է, սակայն այս աշխարհում «չար և խաբեբա մարդիկ» կան, որոնք օգտագործում են անմեղ երեխաներին (2 Տիմոթեոս 3։1–5, 13)։ Ինչպե՞ս կարող ես պաշտպանել երեխաներիդ այդպիսի մարդկանցից։ Աստվածաշնչի հետևյալ իմաստուն խորհրդին հետևելը օգտակար կլինի. «Խորագէտը տեսնում է չարիքը եւ իրան պահում, բայց պարզամիտները անց են կենում եւ վնասվում» (Առակաց 22։3)։ Երեխային չարիքից պաշտպանելու համար, դու պիտի կարողանաս տեսնել վտանգները։ Մտածիր, թե որ հնարավոր իրավիճակներում երեխան կարող է խնդիրների բախվել, և այդ մասին նախազգուշացրու նրան։ Օրինակ՝ եթե երեխաներիդ թույլ ես տալիս օգտվել ինտերնետից, հավաստիացիր, որ նրանք հասկանում են, թե ինչ վտանգներ կարող են լինել։ Լավագույն տարբերակը գուցե լինի այն, որ համակարգիչը դնես այնպիսի տեղում, որտեղից կկարողանաս տեսնել էկրանը։
Մյուս վտանգը, որին պիտի պատրաստի հայրը երեխային, մանկապղծությունն է։ Գիտե՞ն արդյոք երեխաներդ, թե ինչ պիտի անեն, եթե որևէ մեկը քո բացակայության ժամանակ սեռական ոտնձգությունների դիմիc։ Երեխադ պիտի իմանա իր սեռական օրգանների ճիշտ և սխալ գործածության մասին։ Քելվինը ասում է. «Սեռական դաստիարակության հարցը ես երբեք ուրիշներին չեմ թողել, նույնիսկ ուսուցիչներին։ Իմ պարտականությունն է խոսել երեխաներիս հետ սեքսի և մանկապղծության վտանգավոր հետևանքների մասին»։ Նրա բոլոր երեխաները պատանեկության շրջանում պաշտպանված են եղել և այժմ վայելում են երջանիկ ամուսնության ուրախությունները։
Ապավինիր Աստծուն
Ամենամեծ նվերը, որը կարող է անել հայրը իր երեխաներին, այն է, որ օգնի նրանց Աստծու հետ անձնական ամուր փոխհարաբերություններ զարգացնել։ Հոր օրինակը այս հարցում անչափ կարևոր է։ Դոնիզեթն ասում է. «Հայրը պիտի իր անձնական օրինակով ցույց տա, թե որքան թանկ են իր համար Աստծու հետ ունեցած փոխհարաբերությունները։ Դա հատկապես պիտի երևա անձնական խնդիրների և դժվարությունների ժամանակ։ Երեխան պիտի տեսնի, որ դու լիովին ապավինում ես Եհովային։ Երբ աղոթքներում շարունակաբար նշես, որ երախտապարտ ես Աստծուն իր բարության համար, երեխաները կտեսնեն, որ կարևոր է ընկերանալ Աստծու հետ»։
Ուրեմն ո՞րն է լավ հայր լինելու գաղտնիքը։ Կիրառիր Եհովա Աստծու կողմից տրված խորհուրդները. նա բոլորից լավ գիտի, թե ինչպես է պետք մեծացնել երեխաներին։ Եթե հետևես այն առաջնորդությանը, որ տալիս է Աստծու Խոսքը, դու լավ արդյունքների կհասնես։ Առակաց 22։6–ը վստահեցնում է. «Ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից»։
[ծանոթագրություններ]
a Թեև այս հոդվածում քննարկված սուրբգրային խորհուրդները հիմնականում կենտրոնանում են հոր դերի վրա, դրանցից շատերը վերաբերում են նաև մայրերին։
b Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
c Հավելյալ տեղեկություն ստանալու համար այն մասին, թե ինչպես պաշտպանել երեխաներին մանկապղծությունից, տե՛ս «Արթնացե՛ք»–ի 2007 թ. հոկտեմբերի համարը, էջեր 3–11։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկար 19–րդ էջի վրա]
Հայրը պիտի լավ օրինակ թողնի երեխաներին
[նկար 20–րդ էջի վրա]
Հայրը պիտի կրթի երեխաներին հոգևորապես
[նկար 21–րդ էջի վրա]
Երեխային սիրով խրատիր