Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 6/1 էջ 28–30
  • Որևէ մեկը հոգ տանո՞ւմ է իմ մասին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Որևէ մեկը հոգ տանո՞ւմ է իմ մասին
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Ամենայն մխիթարության Աստվածը» հոգ է տանում
  • Աղոթք և հարություն
  • Եհովան վարձատրում է
  • Եհովան հոգ է տանում ձեր մասին
    2002 Դիտարան
  • Եհովան մեր Հովիվն է
    2005 Դիտարան
  • Եհովան մեր ‘ամրոցն Է նեղության ժամանակում’
    2004 Դիտարան
  • Եհովան «իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի»
    2005 Դիտարան
Ավելին
2009 Դիտարան
w09 6/1 էջ 28–30

Որևէ մեկը հոգ տանո՞ւմ է իմ մասին

Երբևէ քեզ զգացե՞լ ես մենակ ու անօգնական, երբ ոչ ոք չի հասկացել քեզ։ Նույնիսկ եթե ոմանք տեղյակ են եղել քո խնդրին, քեզ թվացել է, թե նրանք հոգ չեն տանում քո մասին։

ԵՐԲ խնդիրների ենք բախվում, թվում է, թե կյանքը փոթորիկ է, որը երբեք չի դադարի։ Երբեմն էլ հնարավոր է մտածենք, թե մեզ հետ տեղի ունեցածն անարդար է, թե այլևս չենք կարող դիմանալ ցավին։ Նման դեպքերում պատահական չէ, որ պարուրվում ենք դատարկության զգացումով։ Դա է պատճառը, որ էմոցիոնալ խնդիրներ ենք ունենում, ընկնում ենք դեպրեսիայի մեջ, ձեռք ենք բերում քրոնիկ հիվանդություններ, ֆիզիկապես թուլանում ենք և այլն։ Մենք մեզ այնքան անօգնական ենք զգում, որ կորցնում ենք մխիթարություն գտնելու հույսը։ Այնուհանդերձ, կա՞ մեկը, որը հոգ է տանում մեր մասին։

«Ամենայն մխիթարության Աստվածը» հոգ է տանում

Սուրբ գրքում մեր Արարիչը նկարագրվում է, որպես «ջերմ կարեկցանքի Հայր և ամենայն մխիթարության Աստված» (2 Կորնթացիներ 1։3)։ Աստված, որի անունը Եհովա է, գիտի, որ մենք մխիթարության կարիք ունենք։ Գրություններում «մխիթարություն» բառը տարբեր ձևերով օգտագործվում է հարյուրավոր անգամներ՝ վստահեցնելով մեզ, որ Աստված ոչ միայն հասկանում է մեր խնդիրը, այլև ցանկանում է օգնել մեզ։ Այս ամենի գիտակցումը հավաստիացնում է մեզ, որ այն ժամանակ, երբ ուրիշները չեն նկատում մեզ, չեն հասկանում կամ հոգ չեն տանում մեր մասին, Եհովա Աստված օգնության ձեռք է մեկնում։

Գրություններից հստակ երևում է, որ Եհովան հոգ է տանում իր ծառաների մասին անհատապես։ «Տիրոջ աչքերը ամեն տեղ են, քննում են չարերին եւ բարիներին»,— կարդում ենք Աստծու Խոսքում (Առակաց 15։3)։ Մխիթարական են նաև Հոբ 34։21–ում արձանագրված խոսքերը. «Նորա աչքերը մարդիս ճանապարհների վերան են. եւ նորա բոլոր քայլերը նա տեսնում է»։ Եհովան տեսնում է ամեն բան, ինչ անում ենք՝ թե՛ լավ, թե՛ վատ, գիտի մեր հանգամանքները, ուստի կարող է մեզ օգնելու համար անել այն, ինչ անհրաժեշտ է այդ պահին։ Այս միտքն ընդգծվում է Անանի մարգարեի խոսքերում, որոնք նա ասաց Հուդայի Ասա թագավորին. «Տիրոջ աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զօրացնէ նորանց, որոնց սիրտը ուղիղ է նորա հետ» (Բ Մնացորդաց 16։7, 9)։

Եհովան հոգ է տանում մեր մասին մեկ ուրիշ պատճառով ևս։ Հիսուսն ասաց. «Ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, մինչև որ Հայրը, որն ուղարկեց ինձ, չձգի նրան» (Հովհաննես 6։44)։ Եհովան այնքան շատ է հետաքրքրված մեզնով, որ ժամանակ է տրամադրում քննելու մեր սիրտը և տեսնելու, թե արդյոք մենք ուզում ենք նրան ավելի լավ ճանաչել։ Եթե նա տեսնում է, որ մեր սրտում նման ցանկություն կա, անմիջապես քայլեր է ձեռնարկում մեզ օգնելու համար։ Օրինակ՝ Դոմինիկյան Հանրապետությունում ապրող մի կին տառապում էր քաղցկեղով և բուժում ստանալու նպատակով գտնվում էր հիվանդանոցում։ Նա աղերսում է Աստծուն, որ օգնի իրեն գտնելու ճշմարիտ կրոնը։ Հենց այդ պահին հիվանդանոց է գալիս նրա ամուսինը՝ իր հետ բերելով «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից»a գրքույկը, որը առավոտյան նրան տվել էր Եհովայի վկաներից մեկը։ Կինը հասկանում է, որ դա իր աղոթքի պատասխանն է։ Նա սկսում է Աստվածաշունչ ուսումնասիրել և դեռ վեց ամիս չանցած՝ խորհրդանշում է իր նվիրումը ջրի մկրտությամբ։

Աստվածաշնչի «Սաղմոսներ» գրքում բազմաթիվ սիրտ ջերմացնող արտահայտություններ կան, որոնք գրել են եբրայեցի սաղմոսերգուները, ինչպես օրինակ՝ Դավիթ թագավորը, որը նկարագրում է, թե ինչպես է Եհովան սիրով հոգ տանում իր ծառաներին։ Սաղմոս 56։8–ում կարդում ենք. «Իմ արտասուքները դիր քո տկի մէջ. ահա նորանք քո գրքումն են»։ Այո՛, Դավիթը գիտեր, որ Եհովան ոչ միայն տեղյակ է իր տառապանքին, այլև կարեկցում է։ Աստված հասկանում էր, թե ինչ ծանր էմոցիոնալ վիճակում է եղել իր ծառան, որ այդքան արտասվել է։ Իսկապես, մեր Արարիչը տեսնում է բոլոր նրանց, ովքեր ձգտում են կատարել իր կամքը, նրանց, ում «սիրտը ուղիղ է նորա հետ»։

23–րդ սաղմոսում նույնպես նկարագրվում է, թե ինչպես է Աստված քնքշորեն հոգ տանում մեր մասին։ Այդ սաղմոսում Եհովան նմանեցվում է մի հոգատար հովվի. «Տէրն է իմ հովիւը. եւ կարօտութիւն չեմ ունենալ»։ Սովորաբար հովիվը հոգ է տանում իր բոլոր գառների մասին, անգամ ճանաչում է նրանցից յուրաքանչյուրին։ Ամեն օր նա կանչում է գառնուկին իր մոտ և ստուգում է, թե արդյոք նա չի վնասվել։ Իսկ վնասվածքի դեպքում յուղ կամ ինչ–որ քսուք է օգտագործում՝ նրա վերքը բուժելու համար։ Եթե գառնուկը հիվանդ է, հովիվը գուցե դեղ լցնի բերանի մեջ և հոգ տանի նրա մասին, որ չսատկի։ Ի՜նչ հուզիչ տեսարան։ Այս պատկերավոր օրինակն օգնում է մեզ հասկանալու, թե ինչպես է Եհովան հոգ տանում նրանց մասին, ովքեր դիմում են իրեն։

Աղոթք և հարություն

Այս և ուրիշ սաղմոսներ չեն գրվել, որ մենք պարզապես կարդանք ու հիանանք դրանցով։ Այդ սիրտ ջերմացնող խոսքերը ցույց են տալիս, թե ինչպես են հնում Աստծու հավատարիմ ծառաները իրենց սրտերը բաց արել Եհովայի առաջ, աղոթել նրան ու աղերսել, որ օգնության ձեռք մեկնի, և թե ինչպես են արտահայտել իրենց երախտագիտությունը նրա տված առաջնորդության և օրհնությունների համար։ Այդ հավատարիմ մարդիկ համոզված են եղել, որ Աստված հոգ է տանում իրենց մասին։ Եթե ընթերցենք այդ սաղմոսները ու խորհրդածենք դրանց շուրջ, մենք ևս նույն զգացումները կունենանք Եհովայի հանդեպ։ Այո՛, աղոթքը զորեղ ապացույցն է այն բանի, որ Աստված հոգում է մեր մասին։

Երբեմն, սակայն, դժվարությունները այն աստիճան են ընկճում մեզ, որ չգիտենք անգամ, թե ինչ ասենք Աստծուն։ Բայց Եհովան գիտի, թե ինչ ենք մենք զգում։ Հռոմեացիներ 8։26–ում կարդում ենք. «Ոգին է օգնության հասնում մեր թուլություններին, որովհետև այն, թե ինչի համար մենք պետք է աղոթենք (երբ անհրաժեշտ է դա անել), չգիտենք, սակայն ոգին ինքը անձայն հառաչանքներով բարեխոսում է մեզ համար»։ Փաստորեն, հնում ապրած հավատարիմ ծառաների աղոթքները, որոնք գրված են Աստծու Խոսքում, կարող են արտահայտել մեր իսկ զգացումները, ու Եհովան կընդունի նրանց ասած աղոթքները որպես մեր սրտից բխած խոսքեր (Սաղմոս 65։2)։

Հարության հույսը նույնպես համոզիչ ապացույց է, որ Եհովան հետաքրքրված է մեզնից յուրաքանչյուրով։ Հիսուս Քրիստոսն ասել է. «Գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են գտնվում, նրա [Հիսուսի] ձայնը կլսեն և դուրս կգան» (Հովհաննես 5։28, ծնթ., 29)։ Այս համարում գրված հունարեն բառը թարգմանվել է «հիշատակի դամբաններ» և ոչ թե պարզապես «գերեզմաններ» և ցույց է տալիս, որ Աստված հիշում է մահացած անձնավորությանը։

Մի պահ պատկերացրու. որևէ անձնավորության հարություն տալու համար Աստված պետք է հիշի նրա մասին ամեն բան. թե ինչ արտաքին տեսք, ինչ հատկություններ է ունեցել, ինչ հիշողություններ են եղել նրա մտքում (Մարկոս 10։27)։ Եվ հետաքրքիրն այն է, որ անգամ հազարավոր տարիներ հետո Եհովան չի մոռանում այդ մահացած մարդուն (Յոբ 14։13–15; Ղուկաս 20։38)։ Աստված ամենայն մանրամասնությամբ հիշում է միլիարդավոր մահացածների։ Այո՛, սա համոզիչ ապացույց է, որ Եհովան հոգ է տանում մեր մասին անհատապես։

Եհովան վարձատրում է

Իսկ ի՞նչ է հոգատար Աստվածն ակնկալում մեզնից։ Նախ պետք է ցույց տանք, որ վստահում ենք և հնազանդվում ենք նրան, ինչպես նաև հավատ ենք դրսևորում նրա նկատմամբ։ Պողոս առաքյալը նշում է, որ կապ գոյություն ունի հավատ դրսևորելու և Եհովայի հոգատարությունն ունենալու միջև։ Նա գրել է. «Առանց հավատի՝ հնարավոր չէ հաճեցնել նրան, քանի որ նա, ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ նա գոյություն ունի և որ վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն» (Եբրայեցիներ 11։6)։

Ուշադրություն դարձրու, որ Աստծուն ընդունելի հավատ ունենալու համար երկու կարևոր բան է անհրաժեշտ. առաջին՝ մենք պետք է «հավատանք, որ նա գոյություն ունի» և մեր Գերիշխանն է, հետևաբար պետք է հնազանդվենք ու երկրպագենք նրան։ Երկրորդ՝ պետք է հավատանք, որ նա «վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն», այսինքն՝ հավատանք, որ Եհովան հետաքրքրված է այն մարդկանց բարօրությամբ, ովքեր անկեղծորեն ձգտում են կատարել իր կամքը, և որ նա վարձատրում է նրանց։ Աստծու Խոսքը ուսումնասիրելով և ընկերակցելով նրան հնազանդվող մարդկանց հետ՝ դու նույնպես այդպիսի հավատ կունենաս և կվարձատրվես նրա կողմից։

Շատերը կարծում են, թե Աստված հետաքրքրված չէ մարդկանցով։ Սակայն ինչպես տեսանք, Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ Եհովան հոգ է տանում բոլոր մարդկանց մասին, ովքեր ամուր հավատ են դրսևորում իր նկատմամբ։ Թեև կյանքն այսօր լի է դժվարություններով, նեղություններով, դառնություններով ու ցավով, մենք չպետք է վհատվենք։ Եհովան հոգ է տանում մեր մասին։ Իրականում Աստված ուզում է, որ օգնության համար իրեն դիմենք։ «Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կ’անէ քեզ,— գրել է սաղմոսերգուն,— նա թող չի տալ որ արդարը յաւիտեան շարժուի տեղիցը» (Սաղմոս 55։22)։

[ծանոթագրություն]

a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[շրջանակ/ նկար 29–րդ էջի վրա]

Սուրբգրային համարներ, որոնք կզորացնեն հավատդ այն բանի հանդեպ, որ Աստված հոգ է տանում քո մասին

«Տիրոջ աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զօրացնէ նորանց, որոնց սիրտը ուղիղ է նորա հետ» (Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 16։9)։

«Իմ արտասուքները դիր քո տկի մէջ. ահա նորանք քո գրքումն են» (ՍԱՂՄՈՍ 56։8)։

«Տէրն է իմ հովիւը. եւ կարօտութիւն չեմ ունենալ» (ՍԱՂՄՈՍ 23։1)։

«Դու լսում ես աղօթք. ամեն մարմին քեզ մօտ է գալիս» (ՍԱՂՄՈՍ 65։2)։

«Դու մէկ կանչէիր, եւ ես քեզ պատասխան տայի, եւ դու կ’հաճէիր քո ձեռքի գործին» (ՅՈԲ 14։15)։

«Նա, ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ նա գոյություն ունի և որ վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 11։6)։

«Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կ’անէ քեզ. նա թող չի տալ որ արդարը յաւիտեան շարժուի տեղիցը» (ՍԱՂՄՈՍ 55։22)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը