Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 6/15 էջ 7–11
  • Նախանձախնդիր եղիր Եհովայի տան հանդեպ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նախանձախնդիր եղիր Եհովայի տան հանդեպ
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստծու տունը՝ անցյալում և հիմա
  • Սրտանց ծառայությունը բերում է օրհնություններ
  • Հոգ տանենք մեր հանդիպումների վայրերի մասին
  • Հնազանդվիր Եհովայի պատվերներին
  • Տրված առաջնորդությանը արձագանքիր անմիջապես
  • Եհովային լիակատար սրտով ծառայիր
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ուշադրություն կդարձնե՞ս գրված բաներին
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Բարի գործերի նախանձախնդիր» եղիր
    2009 Դիտարան
  • Աստվածաշնչի գիրք համար 14. 2 Տարեգրություն
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
Ավելին
2009 Դիտարան
w09 6/15 էջ 7–11

Նախանձախնդիր եղիր Եհովայի տան հանդեպ

«Քո տան հանդեպ ունեցած նախանձախնդրությունը պիտի ուտի ինձ» (ՀՈՎՀ. 2։17)։

1, 2. Ի՞նչ արեց Հիսուսը տաճարում 30թ.–ին և ինչո՞ւ։

ՄԵՐ թվարկության 30 թ. Պասեքը մոտ է։ Վեց ամիս առաջ Հիսուսը սկսել է իր ծառայությունը։ Այժմ նա գնում է Երուսաղեմ։ Տաճարում՝ հեթանոսների գավիթում, տեսնում է «եզներ, ոչխարներ ու աղավնիներ վաճառողների և դրամափոխների, որոնք նստած [են] այնտեղ»։ Պարաններից պատրաստված մտրակը թափահարելով՝ Հիսուսը քշում է բոլոր անասուններին, առևտրականներն էլ գնում են նրանց հետևից։ Նա ցիրուցան է անում դրամափոխների մետաղադրամները և շուռ տալիս նրանց սեղանները, իսկ աղավնի վաճառողներին հրամայում է վերցնել իրենց ունեցածը և հեռանալ (Հովհ. 2։13–16)։

2 Հիսուսի այս արարքը վկայում է, որ նա մեծապես հետաքրքրված է տաճարով։ «Իմ Հոր տունը այլևս առևտրի տուն մի՛ դարձրեք»,— ասում է նա։ Տեսնելով այս ամենը՝ Հիսուսի աշակերտները հիշում են դարեր առաջ սաղմոսերգու Դավթի գրած խոսքերը. «Քո տան հանդեպ ունեցած նախանձախնդրությունը պիտի ուտի ինձ» (Հովհ. 2։16, 17; Սաղ. 69։9)։

3. ա) Ի՞նչ է նախանձախնդրությունը։ բ) Ի՞նչ հարց կարող ենք տալ ինքներս մեզ։

3 Հիսուսը այդպես վարվեց, որովհետև նախանձախնդիր էր Աստծու տան հանդեպ։ Նախանձախնդրությունը մեծ եռանդով մի բանի հետամտելն է, որևէ բան ջերմեռանդորեն պաշտպանելը։ Այսօր ավելի քան յոթ միլիոն քրիստոնյաներ նախանձախնդիր են Աստծու տան համար։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է ինքն իրեն հարցնել. «Ինչպե՞ս կարող եմ ավելի նախանձախնդիր լինել Եհովայի տան հանդեպ»։ Այս հարցին պատասխանելու համար նախ կտեսնենք, թե ինչն է այսօր Աստծու տուն հանդիսանում։ Այնուհետև կխոսենք մի քանի հավատարիմ մարդկանց մասին, ովքեր նախանձախնդիր են եղել Աստծու տան հանդեպ։ Նրանց օրինակները Աստվածաշնչում գրվել են «մեր սովորելու համար» և կարող են մղել մեզ ավելի նախանձախնդիր լինելու (Հռոմ. 15։4)։

Աստծու տունը՝ անցյալում և հիմա

4. Սողոմոնի կառուցած տաճարը ի՞նչ նպատակի էր ծառայում։

4 Հին Իսրայելում Աստծու տունը Երուսաղեմի տաճարն էր։ Ինչ խոսք, Եհովան բառացիորեն չէր բնակվում այնտեղ։ Նա ասաց. «Երկինքը իմ աթոռն է եւ երկիրը՝ իմ ոտքերի պատուանդանը. դա ի՞նչ տուն է, որ շինում էք ինձ համար, եւ դա ի՞նչ տեղ է իմ հանգստութեան համար» (Ես. 66։1)։ Այդուհանդերձ, Սողոմոնի կառուցած տաճարը Եհովայի երկրպագության կենտրոնն էր, որտեղ մարդիկ աղոթում էին նրան (Գ Թագ. 8։27–30)։

5. Սողոմոնի կառուցած տաճարում մատուցվող երկրպագությունը ի՞նչ էր նախապատկերում։

5 Այսօր Եհովայի տունը Երուսաղեմում կամ մեկ այլ վայրում գտնվող քարե վեհաշուք տաճար չէ։ Դա այն ամենն է, ինչը մեզ հնարավորություն է տալիս Քրիստոսի քավիչ զոհի հիման վրա մոտենալու Աստծուն, երկրպագելու նրան։ Ամբողջ աշխարհում Եհովայի բոլոր հավատարիմ ծառաները այդ հոգևոր տաճարում միասնաբար երկրպագում են նրան (Ես. 60։4, 8, 13; Գործ. 17։24; Եբր. 8։5; 9։24)։

6. Հուդայի թագավորներից ովքե՞ր ուշագրավ նախանձախնդրություն դրսևորեցին ճշմարիտ երկրպագության համար։

6 Մ.թ.ա. 997 թ.–ին Իսրայելը բաժանվեց երկու մասի։ Հարավային թագավորության՝ Հուդայի 19 թագավորներից 4–ը ուշագրավ նախանձախնդրություն դրսևորեցին ճշմարիտ երկրպագության համար։ Նրանք են՝ Ասա, Հովսափատ, Եզեկիա և Հովսիա թագավորները։ Մենք կարևոր բաներ կարող ենք սովորել նրանցից։

Սրտանց ծառայությունը բերում է օրհնություններ

7, 8. ա) Ինչպիսի՞ ծառայությունն է Եհովան օրհնում։ բ) Ասա թագավորի օրինակը ինչի՞ մասին է մեզ զգուշացնում։

7 Ասա թագավորի օրոք Եհովան մարգարեներ վերկացրեց, որոնք կօգնեին Իր ժողովրդին հավատարիմ ընթացք բռնելու։ Աստվածաշունչն ասում է, որ թագավորը ականջ դրեց Ովդեդի որդի Ազարիա մարգարեի խոսքերին (կարդա՛ Բ Մնացորդաց 15։1–8)։ Ասայի ձեռնարկած բարեփոխումները միավորեցին Հուդայի բնակիչներին, ինչպես նաև Իսրայելի հյուսիսային թագավորությունից եկած մեծաթիվ մարդկանց, ովքեր գտնվում էին Երուսաղեմում՝ մեծ տոնակատարության մասնակցելու նպատակով։ Նրանք միասին հայտարարեցին, որ իրենք վճռական են՝ Եհովային հավատարմորեն երկրպագելու։ Կարդում ենք. «Երդում արին Տիրոջը բարձր ձայնով եւ աղաղակելով, փողերով եւ շեփորներով։ Եւ բոլոր Յուդան ուրախացաւ այն երդումի վերայ, որովհետեւ իրանց բոլոր սրտովը երդում արին, եւ իրանց բոլոր յօժարութեամբը խնդրեցին նորան, եւ գտան նորան. եւ Տէրը հանգստութիւն տուաւ նորանց ամեն կողմանէ» (Բ Մնաց. 15։ 9–15)։ Անշուշտ, Եհովան մեզ ևս կօրհնի, եթե իրեն ծառայենք սրտանց (Մարկ. 12։30)։

8 Ցավոք, հետագայում Ասային դուր չեկավ այն հանդիմանությունը, որ ստացավ Անանի տեսանողից (Բ Մնաց. 16։7–10)։ Իսկ մենք ինչպե՞ս ենք արձագանքում, երբ Եհովան մեզ խորհուրդ կամ առաջնորդություն է տալիս երեցների միջոցով։ Անմիջապե՞ս ենք ընդունում և կիրառում տրված սուրբգրային խորհուրդը։ Խուսափո՞ւմ ենք դժգոհության ծուղակն ընկնելուց։

9. Ի՞նչ վտանգ էր սպառնում Հովսափատին ու ամբողջ Հուդային, և ինչպե՞ս նրանք արձագանքեցին։

9 Հովսափատը Հուդայում թագավորել է մ.թ.ա. տասներորդ դարում։ Ամմոնացիները, մովաբացիներն ու Սեիր սարի բնակիչները պատրաստվում էին միացյալ ուժերով հարձակվելու Հուդայի վրա։ Թագավորը վախեցած էր։ Ի՞նչ արեց նա։ Հովսափատն ու ժողովուրդը՝ կանանց ու երեխաների հետ, հավաքվեցին Եհովայի տանը՝ աղոթելու (կարդա՛ Բ Մնացորդաց 20։3–6)։ Տաճարի նվիրման ժամանակ Սողոմոնի ասած խոսքերի համաձայն՝ թագավորը Եհովային աղերսեց. «Ով մեր Աստուած, մի՞թէ նորանց չես դատիլ. որովհետեւ մենք զօրութիւն չ’ունինք այս մեծ բազմութեան դէմ, որ եկել է մեզ վերայ, եւ մենք չ’գիտենք թէ ինչ անենք. որովհետեւ մեր աչքերը քեզ վերայ է» (Բ Մնաց. 20։12, 13)։ Երբ նա վերջացրեց աղոթքը, «ժողովքի միջումը» Եհովայի ոգին մղեց ղևտացի Հազիելին ասելու մխիթարական խոսքեր, որոնք վստահությամբ լցրին ժողովրդին (կարդա՛ Բ Մնացորդաց 20։14–17)։

10. ա) Ինչպե՞ս Հովսափատը և Հուդայի թագավորությունը առաջնորդություն ստացան։ բ) Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք Եհովայի տված առաջնորդությունը։

10 Այն ժամանակ Հովսափատը և Հուդայի թագավորությունը Եհովայից առաջնորդություն ստացան Հազիելի միջոցով։ Այսօր մենք մխիթարություն ու առաջնորդություն ենք ստանում հավատարիմ և իմաստուն ծառայի միջոցով։ Անշուշտ, ուզում ենք միշտ համագործակցել նշանակված երեցների հետ ու հարգել նրանց։ Երեցները ձգտում են հովվելու գործը հնարավորինս լավ անել։ Նրանք ամեն ինչ անում են, որ շարժվեն «հավատարիմ և իմաստուն ծառայի» տված առաջնորդությամբ (Մատթ. 24։45; 1 Թեսաղ. 5։12, 13)։

11, 12. Ի՞նչ կարող ենք սովորել Հովսափատից և Հուդայի բնակիչներից։

11 Ընդօրինակելով Հովսափատին և Հուդայի բնակիչներին, ովքեր հավաքվեցին փնտրելու Եհովայի առաջնորդությունը՝ եկեք միշտ ներկա լինենք ժողովի հանդիպումներին, որտեղ հավաքվում ենք մեր եղբայրների և քույրերի հետ։ Երբ հայտնվում ենք շատ վատ վիճակում և չգիտենք՝ ինչ անել, եկեք հետևենք Հովսափատի և Հուդայի բնակիչների հրաշալի օրինակին և լիակատար վստահությամբ աղոթենք Եհովային (Առակ. 3։5, 6; Փիլիպ. 4։6, 7)։ Նույնիսկ եթե մեզ մեկուսացրել են, Եհովային աղերսագին աղոթքներ մատուցելով՝ միավորվում ենք մեր «ողջ եղբայրության» հետ (1 Պետ. 5։9)։

12 Հովսափատն ու ժողովուրդը հետևեցին Հազիելի միջոցով Աստծու տված առաջնորդությանը։ Արդյո՞ւնքը։ Նրանք հաղթեցին ճակատամարտում և «ուրախութեամբ» վերադարձան Երուսաղեմ ու «տաւիղներով, քնարներով եւ փողերով Տիրոջ տունը» գնացին (Բ Մնաց. 20։27, 28)։ Նմանապես, մենք ընդունում ենք հավատարիմ և իմաստուն ծառայի միջոցով Եհովայի տված առաջնորդությունը և միասնաբար փառաբանում ենք Նրան։

Հոգ տանենք մեր հանդիպումների վայրերի մասին

13. Ի՞նչ գործ Եզեկիան ձեռնարկեց իր կառավարման սկզբում։

13 Եզեկիա թագավորը Եհովայի նախանձախնդիր երկրպագու էր։ Իր կառավարման հենց առաջին ամսին նա բացեց տաճարի դռները ու սկսեց այն վերանորոգել։ Նա քահանաներին ու ղևտացիներին հանձնարարեց մաքրել Աստծու տունը։ Այդ գործն արվեց 16 օրում (կարդա՛ Բ Մնացորդաց 29։16–18)։ Նրանց ջանքերը մեզ հիշեցնում են այն աշխատանքները, որ անում ենք մեր հանդիպումների վայրերը բարվոք վիճակում պահելու համար, ինչով և ցույց ենք տալիս մեր նախանձախնդիր վերաբերմունքը Եհովայի երկրպագության հանդեպ։ Երևի լսել ես դեպքեր, թե ինչպես են մարդիկ տպավորվել մեր եղբայրների և քույրերի՝ այս հարցում դրսևորած նախանձախնդրությունից։ Այո՛, նման ջանքերը մեծ փառք են բերում Եհովային։

14, 15. Ո՞ր աշխատանքն է մեծ փառք բերում Եհովային այսօր։ Բացատրիր օրինակներով։

14 Անգլիայի հյուսիսային քաղաքներից մեկում նախատեսվում էր Թագավորության սրահի վերանորոգման աշխատանքներ կատարել։ Բայց մի մարդ, որի հողամասը Սրահի տարածքին կից էր, դեմ էր դրան։ Տեղի եղբայրները նրա հանդեպ բարյացակամ վերաբերմունք դրսևորեցին. նկատելով, որ Սրահը և հարևանի տարածքը բաժանող պատը տեղ–տեղ քանդված է՝ նրանք այդ մարդուն ասացին, որ կարող են անվճար վերանորոգել այն։ Եղբայրները ջանասիրաբար աշխատեցին և գրեթե ամբողջ պատը վերակառուցեցին։ Նրանց մոտեցումը այս խնդրին այնպես էր տպավորել հարևանին, որ նա փոխեց իր տրամադրվածությունը։ Այժմ նա սիրով հետևում է Թագավորության սրահի անվտանգությանը։

15 Եհովայի ժողովուրդը աշխարհի տարբեր մասերում շինարարական աշխատանքներ է կատարում։ Տեղի կամավորները լիաժամ միջազգային ծառայողների աջակցությամբ կառուցում են ոչ միայն Թագավորության սրահներ, այլև Համաժողովների սրահներ և Բեթելի տներ։ Սեմը ջեռուցման, օդափոխության և օդորակիչների փորձառու մասնագետ է։ Նա իր կնոջ՝ Ռութի հետ եղել է եվրոպական և աֆրիկյան տարբեր երկրներում՝ շինարարական ծրագրերի մասնակցելու նպատակով։ Նրանք տեղի ժողովների հետ նաև քարոզում են բարի լուրը։ Սեմն ասում է, թե ինչն է իրեն մղել մասնակցելու միջազգային ծրագրերի. «Ինձ անչափ ոգևորում էր այստեղի և այլ երկրների Բեթելներում ծառայողների օրինակը։ Տեսնելով նրանց եռանդն ու ուրախությունը՝ ցանկացա կատարել այս ծառայությունը»։

Հնազանդվիր Եհովայի պատվերներին

16, 17. Աստծու ժողովուրդը ի՞նչ հատուկ գործի է եռանդորեն մասնակցել, և ի՞նչ արդյունքով։

16 Բացի տաճարը վերանորոգելուց, Եզեկիան նաև վերահաստատեց Պասեքի տարեկան տոնակատարությունը, որը Եհովան էր պատվիրել (կարդա՛ Բ Մնացորդաց 30։1, 4, 5)։ Սուրհանդակներ ուղարկվեցին երկրի բոլոր ծայրերը՝ հրավերի նամակներով։ Եզեկիան և Երուսաղեմի բնակիչները ամբողջ ազգին, նույնիսկ նրանց, ովքեր հյուսիսային թագավորությունում էին, հրավիրեցին մասնակցելու տոնին (Բ Մնաց. 30։6–9)։

17 Վերջին տարիներին մենք նույնպես նման գործ ենք արել։ Մարդկանց առաջարկելով գեղեցիկ ձևավորված հրավիրատոմսեր՝ նրանց հրավիրել ենք մեզ հետ նշելու Տիրոջ ընթրիքը, որ պատվիրել էր Հիսուսը (Ղուկ. 22։19, 20)։ Հետևելով Ծառայողական հանդիպումների ժամանակ տրված առաջնորդությանը՝ մենք եռանդորեն մասնակցել ենք այս գործին։ Եհովան մեծապես օրհնել է մեր ջանքերը։ Անցած տարի մոտ յոթ միլիոն Եհովայի վկաներ տարածել են հրավիրատոմսեր, և ընդհանուր հաշվով 17 790 631 մարդ է ներկա եղել Հիշատակի երեկոյին։

18. Ինչո՞ւ է քեզ համար կարևոր լինել Եհովայի նախանձախնդիր երկրպագու։

18 Եզեկիայի մասին ասվում է. «Իսրայէլի Տէր Աստուծուն ապաւինեց, եւ նորանից յետոյ չ’եղաւ նորա նմանը Յուդայի բոլոր թագաւորների մէջ, եւ նորանց մէջ որոնք նորանից առաջ էին եղել։ Եւ Տիրոջը յարեց, նորա ետեւիցը չ’հեռացաւ, եւ պահեց նորա պատուէրները, որ պատուիրել էր Տէրը Մովսէսին» (Դ Թագ. 18։5, 6)։ Թող որ նմանվենք Եզեկիային։ Աստծու տան հանդեպ ունեցած մեր նախանձախնդրությունը կօգնի մեզ «Տիրոջը հարելու» և հավիտենական կյանքի հույս ունենալու (Բ Օրին. 30։16)։

Տրված առաջնորդությանը արձագանքիր անմիջապես

19. Ի՞նչ ջանքեր են գործադրվում Հիշատակի երեկոյի անցկացման հետ կապված։

19 Հովսիա թագավորը նույնպես քայլեր ձեռնարկեց Պասեքը տոնելու համար։ Այդ նպատակով նա մեծ նախապատրաստություններ տեսավ (Դ Թագ. 23։21–23; Բ Մնաց. 35։1–19)։ Նմանապես, մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի մարզային, շրջանային ու հատուկ մեկօրյա համաժողովները, ինչպես նաև Հիշատակի երեկոն պատշաճ կերպով անցկացվեն։ Որոշ երկրներում մեր հավատակիցները նույնիսկ իրենց կյանքն են վտանգի ենթարկում Քրիստոսի մահը նշելու համար։ Եռանդուն երեցներն ամեն ինչ անում են, որ ժողովի բոլոր անդամները, հատկապես տարեցներն ու տկարները, կարողանան ներկա լինել Երեկոյին։

20. ա) Ի՞նչ տեղի ունեցավ Հովսիա թագավորի օրոք, և ինչպե՞ս նա արձագանքեց։ բ) Ի՞նչ ենք սովորում և ի՞նչ պետք է միշտ հիշենք։

20 Հովսիա թագավորի նախաձեռնած վերականգնողական աշխատանքների ժամանակ Քեղկիա քահանայապետը «գտաւ Մովսէսի ձեռքով եղած Տիրոջ օրէնքի գիրքը»։ Նա գիրքը հանձնեց թագավորի գրագիր Սափանին, իսկ վերջինս այն կարդաց թագավորի համար (կարդա՛ Բ Մնացորդաց 34։14–18)։ Ինչպե՞ս արձագանքեց թագավորը։ Նա խոր ցավ զգաց։ Հովսիան իսկույն պատռեց վերնազգեստը ու մարդիկ ուղարկեց՝ Եհովային հարցնելու։ Ողդա մարգարեուհու միջոցով Աստված հայտնեց, որ ինքը դատապարտում է Հուդայում տարածված որոշ կրոնական սովորույթներ։ Այդուհանդերձ, Եհովան նկատեց, թե ինչ ջանքեր է թագավորը գործադրում կռապաշտությունը վերացնելու նպատակով, և բարեհաճորեն վերաբերվեց նրան, չնայած որ ամբողջ ազգի համար չարիք էր կանխագուշակել (Բ Մնաց. 34։19–28)։ Ի՞նչ ենք սովորում այս ամենից։ Անշուշտ, մենք նույն ցանկությունն ունենք, ինչ Հովսիան ուներ։ Մենք ուզում ենք անմիջապես արձագանքել Եհովայի առաջնորդությանը։ Պետք է միշտ հիշենք, թե ինչ կպատահի, եթե թույլ տանք, որ մեր մատուցած երկրպագությունը արատավորվի հավատուրացությամբ և անհավատարմությամբ։ Կարող ենք վստահ լինել, որ Եհովան ճշմարիտ երկրպագության հանդեպ մեր նախանձախնդրությունը ևս կնկատի և բարեհաճությամբ կնայի մեզ։

21, 22. ա) Ինչո՞ւ պետք է նախանձախնդիր լինենք Եհովայի տան համար։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

21 Հուդայի այդ չորս թագավորները՝ Ասան, Հովսափատը, Եզեկիան և Հովսիան, գերազանց օրինակ են Աստծու տան հանդեպ նախանձախնդիր լինելու հարցում։ Եթե նախանձախնդիր ենք, ուրեմն կապավինենք Եհովային և ջանք չենք խնայի ճշմարիտ երկրպագության առաջխաղացման համար։ Անշուշտ, Աստծու պատվերներին հնազանդվելը և երեցների ու ժողովի սիրառատ հոգատարությանն արձագանքելը իմաստուն ընթացք է և բերում է երջանկություն։

22 Հաջորդ հոդվածում կխոսենք ծառայության մեջ եռանդուն լինելու մասին։ Հոդվածը կքաջալերի երիտասարդներին իրենց սիրառատ Հորը ծառայել եռանդորեն։ Կքննենք նաև, թե ինչպես կարող ենք խուսափել Սատանայի ամենաապականիչ ազդեցություններից մեկից։ Եթե նախանձախնդրորեն հետևենք Եհովայի տված բոլոր հիշեցումներին, ընդօրինակած կլինենք նրա Որդուն՝ Հիսուսին, որի մասին գրված է. «Քո տան նախանձը կերաւ ինձ» (Սաղ. 69։9; 119։111, 129, ՆԱ; 1 Պետ. 2։21)։

Հիշո՞ւմ ես

• Ինչպիսի՞ ծառայությունն է Եհովան օրհնում և ինչո՞ւ։

• Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ վստահում ենք Եհովային։

• Ինչպե՞ս է նախանձախնդրությունը մղում մեզ հնազանդվելու Աստծու պատվերներին։

[նկար 9–րդ էջի վրա]

Ինչպե՞ս Ասան, Հովսափատը, Եզեկիան ու Հովսիան ցույց տվեցին որ նախանձախնդիր Եհովայի տան համար

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը