Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 6/15 էջ 11–15
  • «Բարի գործերի նախանձախնդիր» եղիր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Բարի գործերի նախանձախնդիր» եղիր
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Նախանձախնդիր՝ քարոզելու և ուսուցանելու գործում
  • Երիտասարդներ, ովքեր ծառայում են նախանձախնդրորեն
  • Նախանձախնդիր՝ զգուշացումներին ականջ դնելու հարցում
  • Լավ վարքի արժեքը
  • Նախանձախնդիր եղիր Եհովայի տան հանդեպ
    2009 Դիտարան
  • «Բարի գործերի նախանձախնդի՞ր» ես
    2013 Դիտարան
  • Եհովային լիակատար սրտով ծառայիր
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ուշադրություն կդարձնե՞ս գրված բաներին
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2009 Դիտարան
w09 6/15 էջ 11–15

«Բարի գործերի նախանձախնդիր» եղիր

«[Հիսուսը] իր անձը տվեց մեզ համար, որպեսզի ազատի մեզ ամեն տեսակ անօրենությունից և մաքրի մեզ՝ դարձնելով իր համար սեփական ժողովուրդ՝ բարի գործերի նախանձախնդիր» (ՏԻՏՈՍ 2։14)։

1. Մ.թ. 33–ի նիսանի 10–ին ի՞նչ է անում Հիսուսը՝ գալով տաճար։

ՄԵՐ թվարկության 33 թ. նիսանի 10–ն է։ Պասեքի տոնակատարությանը հաշված օրեր են մնացել։ Երուսաղեմի տաճարի տարածքում հավաքված բազմության մեջ աշխուժություն է տիրում։ Ի՞նչ է անում Հիսուսը, երբ գալիս է տաճար։ Երեք ավետարանագիրներ՝ Մատթեոսը, Մարկոսը և Ղուկասը, գրում են, որ Հիսուսը վռնդում է առուծախ անողներին և շուռ է տալիս դրամափոխների ու աղավնի վաճառողների նստարանները։ Նման բան նա արդեն երկրորդ անգամ է անում (Մատթ. 21։12; Մարկ. 11։15; Ղուկ. 19։45)։ Առաջին անգամ նա դա արել էր երեք տարի առաջ։ Այո՛, ինչպես տեսնում ենք, Քրիստոսի նախանձախնդրությունը չէր նվազել (Հովհ. 2։13–17)։

2, 3. Որտեղի՞ց գիտենք, որ նախանձախնդրությունը Հիսուսին մղեց, տաճարը մաքրելուց բացի, այլ գործեր էլ անելու։

2 Նախանձախնդրությունը մղեց Հիսուսին, տաճարը մաքրելուց բացի, այլ գործեր էլ անելու։ Մատթեոսն ասում է, որ նա բժշկեց իր մոտ եկած կույրերին ու կաղերին (Մատթ. 21։14)։ Իսկ Ղուկասը նշում է մեկ ուրիշ գործի մասին. «[Հիսուսն] ամեն օր ուսուցանում էր տաճարում» (Ղուկ. 19։47; 20։1)։ Այսպիսով՝ միանգամայն ակնհայտ է, որ Քրիստոսը նախանձախնդիր էր ծառայության մեջ։

3 Հետագայում Պողոս առաքյալը նամակ գրեց Տիտոսին և բացատրեց, որ Հիսուսն «իր անձը տվեց մեզ համար, որպեսզի ազատի մեզ ամեն տեսակ անօրենությունից և մաքրի մեզ՝ դարձնելով իր համար սեփական ժողովուրդ՝ բարի գործերի նախանձախնդիր» (Տիտոս 2։14)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք մենք «բարի գործերի նախանձախնդիր» լինել։ Այս հարցում ի՞նչ կարող ենք սովորել Հուդայի աստվածավախ թագավորներից։

Նախանձախնդիր՝ քարոզելու և ուսուցանելու գործում

4, 5. Հուդայի չորս թագավորներն ինչպե՞ս փաստեցին, որ նախանձախնդիր են բարի գործերի։

4 Ասա, Հովսափատ, Եզեկիա և Հովսիա թագավորները կռապաշտությունը Հուդայից արմատախիլ անելու նպատակով քայլեր ձեռնարկեցին։ Ասան «վերցրեց օտար սեղանները եւ բարձրաւանդակները, եւ կոտրատեց արձանները, եւ Աստարովթները կոտրեց» (Բ Մնաց. 14։3)։ Հովսափատը, Եհովայի երկրպագության հանդեպ նախանձախնդրությամբ լցված, «վերցրեց Յուդայից բարձրաւանդակները եւ Աստարովթի կուռքերը» (Բ Մնաց. 17։6; 19։3)a։

5 Պասեքի յոթնօրյա հանդիսավոր տոնակատարությունից հետո, որ Երուսաղեմում կազմակերպել էր Եզեկիան, «դուրս եկան այնտեղ գտնուող բոլոր Իսրայէլացիները դէպի Յուդայի քաղաքները, եւ կոտրատեցին արձանները, եւ Աստարովթները կտորեցին, եւ քանդեցին բարձրաւանդակները եւ սեղանները բոլոր Յուդայից, Բենիամինից, Եփրեմից ու Մանասէից մինչեւ որ վերջացրին» (Բ Մնաց. 31։1)։ Հովսիան թագավոր դարձավ, երբ ընդամենը ութ տարեկան էր։ Աստվածաշնչում կարդում ենք. «Իր թագաւորութեան ութերորդ տարին, որ ինքը դեռ պատանի էր, սկսեց խնդրել իր հայր Դաւիթի Աստուծուն, եւ տասնեւերկուերորդ տարին սկսեց նա մաքրել Յուդան եւ Երուսաղէմը բարձրաւանդակներից, Աստարովթի կուռքերից եւ քանդակած ու ձուլածոյ կուռքերից» (Բ Մնաց. 34։3)։ Այսպիսով՝ բոլոր չորս թագավորները նախանձախնդիր էին բարի գործերի։

6. Ինչո՞ւ մեր ծառայությունը կարելի է համեմատել Հուդայի հավատարիմ թագավորների ձեռնարկած քայլերի հետ։

6 Մենք նույնպես ձգտում ենք մարդկանց օգնել, որ ազատվեն կեղծ կրոնական ուսմունքներից և կռապաշտությունից։ Տնետուն ծառայությունը մեզ հնարավորություն է տալիս հանդիպելու ամեն տեսակ մարդկանց (1 Տիմոթ. 2։4)։ Մի երիտասարդ ասիացի աղջիկ հիշում է, թե ինչպես էր իրենց տանը մայրը ծեսեր կատարում բազմաթիվ պատկերների առաջ։ Հասկանալով, որ այդ բոլոր պատկերները չեն կարող ներկայացնել ճշմարիտ Աստծուն՝ աղջիկը հաճախ էր աղոթում, որ իմանա, թե ով է իրականում նա։ Մի անգամ նրանց տան դուռը թակեցին երկու կանայք, ովքեր Եհովայի վկաներ էին։ Նրանք պատրաստակամորեն բացատրեցին աղջկան ճշմարիտ Աստծու՝ Եհովայի անվան նշանակությունը։ Իսկ որքա՜ն ուրախ էր նա՝ իմանալով ճշմարտությունը կուռքերի մասին։ Այժմ այդ աղջիկը գովելի նախանձախնդրություն է ցուցաբերում՝ եռանդորեն քարոզելով և մարդկանց հոգևորապես օգնելով (Սաղ. 83։18; 115։4–8; 1 Հովհ. 5։21)։

7. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել այն ուսուցիչներին, ովքեր Հովսափատի օրերում անցան երկրով մեկ։

7 Արդյոք մանրակրկի՞տ ենք մշակում մեր տարածքը, երբ գնում ենք տնետուն։ Ուշագրավ է, որ իր իշխանության երրորդ տարում Հովսափատը հինգ իշխանի, երեք ղևտացու և երկու քահանայի ուղարկեց շրջելու բոլոր քաղաքներով, որպեսզի բնակչությանը սովորեցնեն Եհովայի օրենքները։ Նրանք իրենց գործն այնքան լավ արեցին, որ շրջակա ազգերի մեջ Եհովայի վախն ընկավ (կարդա՛ Բ Մնացորդաց 17։9, 10)։ Եթե տնետուն ծառայենք տարբեր օրերի ու ժամերի, կկարողանանք վկայություն տալ նույն ընտանիքի տարբեր անդամների։

8. Ինչպե՞ս կարող ենք ընդլայնել մեր ծառայությունը։

8 Մեր ժամանակներում Աստծու ծառաներից շատերը պատրաստակամորեն թողել են իրենց տները և տեղափոխվել այնտեղ, որտեղ եռանդուն քարոզիչների մեծ կարիք կա։ Կարո՞ղ ես նույնը դու անել։ Եթե ի վիճակի չես տեղափոխվելու, փորձիր վկայություն տալ քո հարևանությամբ ապրող օտարախոս մարդկանց։ 81–ամյա Ռոնը սովորել է ողջույնի խոսքեր 32 լեզվով, որովհետև իրենց բնակավայրում ապրում են տարբեր ազգերի մարդիկ։ Վերջերս նա փողոցում հանդիպեց մի աֆրիկացի ամուսնական զույգի և նրանց ողջունեց իրենց մայրենի՝ յորուբա լեզվով։ Նրանք հարցրին Ռոնին, թե արդյոք երբևէ եղել է Աֆրիկայում։ Երբ նա պատասխանեց՝ ոչ, ամուսիններն ասացին. «Այդ դեպքում որտեղի՞ց գիտեք մեր լեզուն»։ Ռոնը հիանալի վկայություն տվեց։ Նրանք ուրախությամբ վերցրին մի քանի պարբերագիր և տվեցին իրենց հասցեն, որը մեր եղբայրը փոխանցեց տեղի ժողովին, որպեսզի այդ ամուսինների հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացվի։

9. Ինչո՞ւ է կարևոր ծառայության ժամանակ կարդալ անմիջապես Աստվածաշնչից։ Բե՛ր օրինակ։

9 Հովսափատ թագավորի ուղարկած ուսուցիչները իրենց հետ վերցրել էին «Տիրոջ օրէնքի.... գիրքը»։ Աշխարհի որ անկյունում էլ լինի, մենք ձգտում ենք ուսուցանել Աստվածաշնչի հիման վրա, քանի որ այն Աստծու Խոսքն է։ Մենք ջանում ենք ցույց տալ, թե ինչ է գրված Աստվածաշնչում։ Ահա մի դեպք։ Լինդան ծառայում էր տնետուն։ Մի տանտիրուհի նրան ասաց, որ իր ամուսինը ինսուլտ է տարել, և ինքը պետք է նրա կողքին լինի։ Ապա հառաչելով ավելացրեց. «Չգիտեմ՝ ինչ եմ արել, որ Աստված թողեց՝ ինձ հետ նման բան պատահի»։ Լինդան պատասխանեց. «Թույլ տվեք ձեզ մի բանում վստահեցնել»։ Նա կարդաց Հակոբոս 1։13 համարը և ասաց. «Այն բոլոր տառապանքները, որ մենք և մեր հարազատները կրում ենք, Աստծուց չեն»։ Լսելով դա՝ կինը ամուր գրկեց Լինդային։ Քույրն ասում է. «Ես կարողացա մխիթարել, որովհետև գործածեցի Աստվածաշունչը։ Լինում են դեպքեր, երբ տանտերը սուրբգրային համարն առաջին անգամ է լսում»։ Լինդան այդ կնոջ հետ Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրություն սկսեց։

Երիտասարդներ, ովքեր ծառայում են նախանձախնդրորեն

10. Ինչո՞վ է Հովսիան լավ օրինակ քրիստոնյա երիտասարդների համար։

10 Անդրադառնանք Հովսիա թագավորին։ Տեսնում ենք, որ դեռ պատանի հասակից նա հետամուտ էր ճշմարիտ երկրպագությանը, իսկ երբ մոտ 20 տարեկան էր, կռապաշտության դեմ մեծ արշավ ձեռնարկեց (կարդա՛ Բ Մնացորդաց 34։ 1–3)։ Այսօր բազմաթիվ երիտասարդներ նման նախանձախնդրություն են դրսևորում ծառայության մեջ։

11–13. Ի՞նչ կարող ենք սովորել այն երիտասարդներից, ովքեր Եհովային ծառայում են նախանձախնդրորեն։

11 13–ամյա Հանան (Անգլիա) դպրոցում ֆրանսերեն էր սովորում։ Իմանալով, որ հարևան քաղաքում ֆրանսախոս խումբ է կազմավորվել՝ նա ցանկացավ ներկա լինել այդ խմբի հանդիպումներին։ Հայրը համաձայնվեց ուղեկցել աղջկան։ Այժմ Հանան, որ արդեն 18 տարեկան է, եռանդուն ռահվիրա է ու քարոզում է ֆրանսերեն լեզվով։ Իսկ դու կարո՞ղ ես օտար լեզու սովորել, որպեսզի այլազգիներին օգնես Եհովայի մասին գիտելիքներ ձեռք բերելու։

12 Ռեյչլը մեծ հաճույքով դիտեց «Ձգտեք այնպիսի նպատակների, որոնք փառք են բերում Աստծուն» ֆիլմը։ Նա պատմում է. «1995 թ.–ին, երբ սկսեցի ծառայել Եհովային, ինձ թվում էր, թե ճշմարտությունը լավ յուրացրել եմ»։ Հետո ավելացրեց. «Ֆիլմը դիտելուց հետո հասկացա, որ երկար տարիներ պարզապես եղել եմ ճշմարտության մեջ։ Հասկացա, որ պետք է պայքարեմ ճշմարտության համար, եռանդորեն ծառայեմ ու խոր անձնական ուսումնասիրություն կատարեմ»։ Այսօր Ռեյչլը զգում է, որ նախանձախնդիր կերպով է ծառայում Աստծուն։ Նա ասում է. «Եհովայի հետ ավելի եմ մտերմացել։ Աղոթքներս ավելի իմաստալից են, ուսումնասիրությունս ավելի խորն է ու ավելի մեծ բավականություն է պատճառում, աստվածաշնչյան պատմություններն ավելի կենդանի են ինձ համար։ Արդյունքում՝ ավելի մեծ հաճույքով եմ ծառայում։ Մեծ գոհունակություն եմ զգում՝ տեսնելով, որ Եհովայի խոսքերը մխիթարում են մարդկանց»։

13 Լուկ անունով մի երիտասարդ քարոզչի անչափ տպավորել էր «Երիտասարդները հարցնում են. ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում» ֆիլմը։ Այն դիտելուց հետո նա գրեց. «Ես զգացի, որ պետք է վերանայեմ, թե ինչն է առաջնային ինձ համար»։ Լուկը խոստովանում է. «Նախկինում ինձ ասում էին, որ նախ պետք է բարձրագույն կրթություն ստանամ, որպեսզի ֆինանսապես ապահովված լինեմ, իսկ այդ նպատակին հասնելուց հետո կարող եմ կենտրոնանալ հոգևոր նպատակների վրա։ Բայց նման «հորդորները» չեն նպաստում հոգևոր առաջադիմությանը, ընդհակառակը՝ թուլացնում են»։ Երիտասա՛րդ եղբայրներ և քույրեր, կարո՞ղ եք դպրոցում ստացած ձեր գիտելիքները Հանայի պես օգտագործել ծառայության մեջ։ Կարո՞ղ եք ընդօրինակել Ռեյչլին՝ նախանձախնդրորեն հետամուտ լինելով այնպիսի նպատակների, որոնք պատիվ են բերում Աստծուն։ Լուկի օրինակին էլ հետևելով՝ դուք կխուսափեք այն վտանգներից, որոնք ծուղակ են դարձել շատ երիտասարդների համար։

Նախանձախնդիր՝ զգուշացումներին ականջ դնելու հարցում

14. Ինչպիսի՞ երկրպագությունն է Եհովան ընդունում, և ինչո՞ւ է այսօր դժվար նման երկրպագություն մատուցել։

14 Եհովայի ծառաները պետք է մաքուր լինեն, եթե ուզում են, որ իրենց մատուցած երկրպագությունը ընդունելի լինի նրան։ Աստվածավախ թագավոր Ասան վճռական քայլեր ձեռնարկեց Հուդայից անբարոյությունը արմատախիլ անելու նպատակով (կարդա՛ Գ Թագաւորաց 15։11–13)։ Շատ տարիներ անց Եսայիա մարգարեն կոչ արեց. «Հեռացէք, հեռացէք, այնտեղից դուրս եկէք, պիղծ բանի մի դպչիք, դուրս եկէք [Բաբելոնի] միջիցը, մաքուր եղէք, ով Տիրոջ սպասները կրողները» (Ես. 52։11)։ Իսկ դարեր անց Պողոս առաքյալը Տիտոսին գրեց, որ Հիսուսն իր անձը տվեց, որպեսզի իր հետևորդներին մաքրի և դարձնի «իր համար սեփական ժողովուրդ՝ բարի գործերի նախանձախնդիր» (Տիտոս 2։14)։ Այսօրվա արատավոր հասարակության մեջ բարոյապես մաքուր մնալը հեշտ չէ, հատկապես երիտասարդների համար։ Ամեն քայլափոխի կարելի է հանդիպել էրոտիկ ու պոռնկագրական պատկերների՝ գովազդային վահանակների վրա, հեռուստաէկրաններին, ֆիլմերում և հատկապես Ինտերնետում։ Աստծու բոլոր ծառաները՝ երիտասարդ թե տարեց, պետք է անզիջում պայքար մղեն, որ չապականվեն դրանցով։

15. Ի՞նչը կօգնի մեզ, որ ատելությամբ լցվենք չարի հանդեպ։

15 Աստծու զգուշացումներին ականջ դնելու հարցում նախանձախնդիր լինելը կօգնի մեզ, որ ատելությամբ լցվենք այն ամենի հանդեպ, ինչը չար է (Սաղ. 97։10; Հռոմ. 12։9)։ Ինչպես մի եղբայր է ասում, որպեսզի «պոռնկագրության հզոր «մագնիսական» ուժը հաղթահարենք», պետք է զզվենք պոռնկագրությունից։ Մետաղը մագնիսից անջատելու համար հարկավոր է այնպիսի ուժ գործադրել, որը մեծ է մագնիսի ձգողական ուժից։ Նույն ձևով էլ, հարկավոր է մեծ ջանքեր գործադրել պոռնկագրության «ձգողական ուժը» հաղթահարելու համար։ Եթե հասկանանք, թե ինչքան շատ վնաս է պատճառում պոռնկագրությունը, կկարողանանք զզվանքով լցվել դրա հանդեպ։ Մի եղբայր ահռելի ջանքեր թափեց Ինտերնետի պոռնկագրական կայքեր այցելելու սովորությունից ազատվելու համար։ Նա իր համակարգիչը դրեց ընտանիքի բոլոր անդամներին տեսանելի տեղում։ Միևնույն ժամանակ եղբայրը վճռեց բարոյապես մաքուր դառնալ և նախանձախնդիր լինել բարի գործերի։ Նա մեկ ուրիշ փոփոխություն էլ արեց։ Քանի որ աշխատանքի հետ կապված պետք է օգտվեր Ինտերնետից, որոշեց դրանից օգտվել միայն կնոջ ներկայությամբ։

Լավ վարքի արժեքը

16, 17. Ինչպե՞ս կարող է մեր լավ վարքը ազդել ուրիշների վրա։ Բեր օրինակ։

16 Ի՜նչ հրաշալի ոգի են դրսևորում երիտասարդ եղբայրներն ու քույրերը սուրբ ծառայության մեջ։ Այդ ոգին անչափ տպավորում է ուրիշներին (կարդա՛ 1 Պետրոս 2։12)։ Մի մարդ, որ հրավիրվել էր Լոնդոնի Բեթել՝ տպագրահաստոցի տեխնիկական սպասարկումը կատարելու համար, մեկ օր այնտեղ անցկացնելուց հետո լիովին փոխեց իր կարծիքը Եհովայի վկաների մասին։ Նրա կինը, որ Աստվածաշունչ էր ուսումնասիրում մի քրոջ հետ, նկատեց ամուսնու վերաբերմունքի փոփոխությունը։ Նախկինում այդ մարդը չէր ուզում, որ Վկաները թակեն իրենց տան դուռը։ Բայց Բեթելից վերադառնալով՝ նա հիացմունքով նշեց, թե ինչքան լավ են իրեն վերաբերվել։ Նա ասաց, որ Վկաներից ոչ մեկը հայհոյական բառեր չէր օգտագործում։ Բոլորը համբերատար էին, իսկ մթնոլորտը խաղաղ էր։ Նրան հատկապես տպավորել էր այն, որ երիտասարդ եղբայրներն ու քույրերը աշխատում էին ջանասիրաբար, ընդ որում առանց վարձատրության՝ իրենց ժամանակն ու ուժերը տրամադրելով բարի լուրի տարածման գործին։

17 Իրենց գործում ջանասեր են նաև այն եղբայրներն ու քույրերը, ովքեր աշխատում են իրենց ընտանիքի կարիքները հոգալու համար (Կող. 3։23, 24)։ Ջանասիրության շնորհիվ նրանք ձեռք են բերում բարեխիղճ աշխատողի համբավ, ինչը նրանց հնարավորություն է տալիս չկորցնելու աշխատանքը, որովհետև գործատերերը բարձր են գնահատում նման աշխատողներին։

18. Ինչպե՞ս կարող ենք «բարի գործերի նախանձախնդիր» լինել։

18 Եվ այսպես՝ ապավինելով Եհովային, հնազանդվելով նրա պատվերներին, հոգ տանելով մեր հանդիպման վայրերի մասին, ինչպես նաև հնարավորինս շատ մասնակցելով քարոզչական ու աշակերտներ պատրաստելու գործին՝ ցույց ենք տալիս, որ նախանձախնդիր ենք նրա տան հանդեպ։ Երիտասարդ թե տարեց՝ բոլորս շատ օգուտներ կստանանք, եթե ամեն ինչ անենք, որ մեր մատուցած երկրպագությունը մաքուր լինի։ Այսպիսով կշարունակենք հայտնի լինել որպես մի ժողովուրդ, որը «նախանձախնդիր է բարի գործերի» (Տիտոս 2։14)։

[ծանոթագրություն]

a Հնարավոր է՝ Ասան վերացրեց միայն այն բարձրավանդակները, որտեղ կեղծ աստվածների էին պաշտում, իսկ այն բարձրավանդակները, որտեղ Եհովային էին երկրպագում, չվերացրեց։ Կամ գուցե բարձրավանդակները վերստին կառուցվել են Ասայի իշխանության վերջին շրջանում, և նրա որդի Հովսափատը դրանք կործանել է (Գ Թագ. 15։14; Բ Մնաց. 15։17)։

Սուրբգրային և ժամանակակից օրինակներից ի՞նչ սովորեցիր՝

• քարոզելու և ուսուցանելու գործում նախանձախնդիր լինելու մասին,

• այն մասին, թե ինչպես կարող են քրիստոնյա երիտասարդները «նախանձախնդիր լինել բարի գործերի»,

• ապականիչ սովորություններից ազատվելու մասին։

[նկար 13–րդ էջի վրա]

Ծառայության մեջ կանոնավորաբար օգտվո՞ւմ ես Աստվածաշնչից

[նկար 15–րդ էջի վրա]

Եթե սովորես դպրոցում դասավանդվող օտար լեզուն, կկարողանաս ընդարձակել ծառայությունդ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը