Հնարավո՞ր է արդյոք գոհ լինել
«Գոհ լինելն աղքատին հարուստ է դարձնում, իսկ դժգոհ լինելը հարուստին՝ աղքատ» (Բենջամին Ֆրանկլին)։
ԱՅՍ հանրահայտ քաղաքական գործչի պես՝ շատերն են եկել այն համոզման, որ գոհունակության զգացումը հնարավոր չէ գնել։ Զարմանալի չէ, որ գոհունակությունը՝ բավարարվածության ներքին զգացումը, շատերի համար պատրանք է, քանի որ աշխարհը քաջալերում է ավելին ունենալ, հասնել ավելի մեծ հաջողությունների և ձգտել այնպիսի կյանքի, որը վայելում են ուրիշները։ Ահա որոշ հանգամանքներ, որոնք, հնարավոր է, ազդում են նաև քեզ վրա։
• Գովազդներն անընդհատ մղում են մտածելու, որ բավարարվածության զգացում կունենաս միայն հերթական գնումը կատարելուց հետո։
• Աշխատավայրում կամ դպրոցում մրցակցությունը մղում է քեզ արժանիքներդ չափել՝ համեմատվելով ուրիշների հետ։
• Մարդիկ չեն գնահատում այն, ինչ անում ես նրանց համար։
• Ընկերներդ այնպես են անում, որ նախանձես իրենց։
• Կյանքի վերաբերյալ հիմնական հարցերը, որոնք հետաքրքրում են քեզ, մնում են անպատասխան։
Այս ամենը հաշվի առնելով՝ մի՞թե հնարավոր է գոհ լինել կյանքում։ Պողոս առաքյալը խոսեց «գոհ լինելու գաղտնիքի» մասին։ Նա կյանքում տարբեր իրավիճակներում է հայտնվել. ապրել է և՛ առատության մեջ, և՛ կարիքի, ոմանք հիացել են նրանով, ոմանք էլ ծաղրել են։ Առաքյալը գրեց, որ «սովորել է գոհ լինելու գաղտնիքը» (Փիլիպպեցիներ 4։11, 12)։
Գոհունակության զգացումը անծանոթ է նրանց, ովքեր ոչինչ չեն անում այն զգալու համար։ Պողոսի խոսքերից տեսնում ենք, որ անհրաժեշտ է և հնարավոր է սովորել գոհ լինել։ Հրավիրում ենք ծանոթանալու գոհ լինելու հինգ գաղտնիքների, որոնց մասին գրված է Աստծու Խոսքում՝ Աստվածաշնչում։