Նշանակալից հանդիպում պատմության մեջ
«ԵՐԲ ավարտվի այս հանդիպումը, վստահ եմ, որ կասեք. «Սա, իրոք որ, նշանակալից հանդիպում էր աստվածապետական պատմության մեջ»»։ Այս խոսքերով Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Ստիվեն Լեթը ավելի գրգռեց բազմաթիվ ներկաների հետաքրքրությունը, որոնք եկել էին «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության» (Փենսիլվանիա) 126-րդ տարեկան հանդիպմանը։ Այն տեղի ունեցավ 2010թ. հոկտեմբերի 2-ին Ջերսի Սիթիում գտնվող Եհովայի վկաների համաժողովների սրահում (Նյու Ջերսի, ԱՄՆ)։ Որո՞նք էին այն ուշագրավ տեղեկությունները, որոնք հնչեցին այս պատմական իրադարձության ժամանակ։
Եղբայր Լեթը բացման ելույթում խոսեց Եհովայի երկնային կառքի մասին, որը նկարագրվում է «Եզեկիել» գրքում։ Այս հսկա փառահեղ կառքը խորհրդանշում է Աստծու կազմակերպությունը, որը ամբողջովին գտնվում է նրա հսկողության ներքո։ Եղբայրը նշեց, որ կազմակերպության՝ ոգեղեն էակներից բաղկացած երկնային մասը, սլանում է կայծակնային արագությամբ՝ այնքան արագ, որքան Եհովայի միտքն է։ Երկրային մասը նույնպես ընթացքի մեջ է։ Եղբայր Լեթը ներկայացրեց, թե ինչ նշանակալից զարգացում է տեղի ունեցել Աստծու տեսանելի կազմակերպության մեջ վերջին տարիներին։
Օրինակ՝ մի շարք մասնաճյուղեր միացվել են, ինչի շնորհիվ շատերը, ովքեր ծառայում էին այդ երկրների Բեթելներում, կենտրոնացել են քարոզչական գործի վրա։ Եղբայր Լեթը հորդորեց ներկաներին միշտ աղոթել, որպեսզի Կառավարիչ մարմինը՝ որպես ծառա դասակարգի ներկայացուցիչ, շարունակի լինել ոչ միայն հավատարիմ, այլև իմաստուն, կամ՝ խոհեմ (Մատթ. 24։45–47)։
Քաջալերական հաշվետվություններ և հարցազրույցներ
Թաբ Հանսբերգերը, որը Հայիթիի մասնաճյուղի կոմիտեի անդամ է, մի հուզիչ հաշվետվություն ներկայացրեց 2010թ. հունվարի 12-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների մասին, որը, ըստ հաշվարկների, խլեց 300000 մարդու կյանք։ Նա նշեց, որ քահանաները մարդկանց ասում էին, որ Աստված պատժեց անհավատներին և պաշտպանեց բարիներին։ Այնինչ հազարավոր հանցագործներ ազատության մեջ հայտնվեցին, երբ բանտի պատերը փուլ եկան ցնցումներից։ Հայիթիում ապրող շատ ազնվասիրտ մարդիկ մխիթարվում էին, երբ իմանում էին ճշմարտությունը այն մասին, թե ինչու են մեր ժամանակները այսքան տագնապալից։ Եղբայր Հանսբերգերը մեջբերեց մեր եղբայրներից մեկի խոսքերը, որը աղետի ժամանակ կորցրել էր իր կնոջը. «Ես առայսօր արցունք եմ թափում ու չգիտեմ՝ դեռ որքան կշարունակեմ սգալ։ Սակայն ուրախանում եմ, երբ զգում եմ, թե ինչ մեծ սեր կա Եհովայի կազմակերպության մեջ։ Ես ունեմ հույս, և ոչինչ չի խանգարի ինձ խոսել իմ հույսի մասին ուրիշների հետ»։
Մարկ Սանդերսոնը, որը նախկինում Ֆիլիպինների մասնաճյուղի կոմիտեի անդամ էր, իսկ այժմ ծառայում է Բրուքլինի Բեթելում, ներկայացրեց հաշվետվություն Ֆիլիպինների մասին։ Նրա երեսը փայլում էր, երբ խոսում էր այն մասին, որ հաջորդաբար 32 անգամ քարոզիչների բարձրագույն թիվ է գրանցվել և որ Աստվածաշունչ ուսումնասիրողների թիվը զգալիորեն գերազանցում է քարոզիչների թիվը։ Եղբայրը նաև պատմեց Միգել անունով մի եղբոր մասին, որի թոռանը սպանել էին։ Նա մեծ ջանքեր էր թափել, որպեսզի մարդասպանին գտնեն և բանտ նստեցնեն։ Հետագայում Միգելը բանտում քարոզելիս հանդիպել էր այդ մարդասպանին։ Զսպելով իր զայրույթը՝ եղբայրը հանդարտորեն խոսել էր նաև նրա հետ։ Այդ մարդը դրականորեն էր արձագանքել և Միգելի օգնությամբ ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ սկսել էր սիրել Եհովային։ Այժմ նա մկրտված է։ Միգելը նրա մտերիմ ընկերն է և անում է ամեն բան, որ իր նոր եղբայրը վաղաժամկետ ազատ արձակվի բանտիցa։
Ծրագրի հաջորդ մասը հարցազրույց էր, որն անցկացրեց Մարկ Նումարը, որը աստվածապետական դպրոցների բաժնի ուսուցիչներից է։ Նա խոսեց երեք ամուսնական զույգերի՝ Ալեքս ու Սառա Ռեյնմուլերների, Դեյվիդ ու Կրիստա Շեյֆերների և Ռոբերտ ու Քեթրա Սիրանկոների հետ։ Ալեքս Ռեյնմուլերը, որը օգնում է Հրատարակչական կոմիտեում, պատմեց, թե ինչպես է ճշմարտությունը դարձրել իրենը, երբ Կանադայում ծառայում էր ռահվիրա, ու թեև ընդամենը 15 տարեկան էր, հաճախ մենակ էր քարոզում։ Եղբայր Նումարի այն հարցին, թե Բեթելում ով է ամենամեծ ազդեցությունը թողել նրա վրա, եղբայր Ռեյնմուլերը պատասխանեց՝ տալով երեք հավատարիմ եղբայրների անուններ և նշելով, թե ինչպես է նրանցից յուրաքանչյուրը նպաստել իր հոգևոր աճին։ Նրա կինը՝ Սառան, պատմեց մի քրոջ հետ ունեցած իր ընկերության մասին, որը տասնյակ տարիներ է անցկացրել Չինաստանի բանտերում իր հավատի պատճառով։ Նա ասաց, որ սովորել է ապավինել Եհովային անձնական աղոթքների միջոցով։
Դեյվիդ Շեյֆերը, որն օգնում է Ուսումնական կոմիտեում, խոսեց իր մոր ամուր հավատի մասին և գովեց նրան, ինչպես նաև պատմեց եղբայրների մասին, որոնք փայտահատներ էին և աջակցել էին իրեն, երբ ենթառահվիրա էր ծառայում երիտասարդ տարիքում։ Նրա կինը՝ Կրիստան, հաճույքով խոսեց այն մասին, թե ինչ է սովորել Բեթելի ընտանիքի տարեց անդամներից, որոնք փաստել են, որ «քչի մեջ հավատարիմ» են, ինչպես որ Հիսուսն է հորդորել (Ղուկ. 16։10)։
Եղբայր Սիրանկոն, որը օգնում է Գրական կոմիտեում, պատմեց իր երկու տատիկների ու երկու պապիկների մասին, որոնք Հունգարիայից եկած էմիգրանտներ էին և եղել են օծյալ քրիստոնյաներ։ Նա երեխա ժամանակ անչափ տպավորվել է, երբ ներկա է եղել 1950-ականներին կազմակերպված համաժողովներին և հասկացել է, որ Եհովայի կազմակերպությունը շատ ավելի մեծ է ու չի սահմանափակվում միայն իրենց ժողովով։ Նրա կինը՝ Քեթրան, պատմեց, թե ինչպես է սովորել լինել հավատարիմ, երբ որպես ռահվիրա ծառայել է մի ժողովում, որտեղ շատ խնդիրներ կային, ու բացի դրանից նաև մեծ ազդեցություն ուներ հավատուրացությունը։ Նա կարողացել էր տոկալ և, ի վերջո, նշանակում էր ստացել ծառայելու որպես հատուկ ռահվիրա մեկ ուրիշ ժողովում, որտեղ տիրող միասնությունը տպավորել էր իրեն։
Եղբայր Մանֆրեդ Թոնակը ներկայացրեց հաջորդ հաշվետվությունը Եթովպիայի մասին։ Այս հնագույն երկրում, որը հայտնի է դեռևս աստվածաշնչյան ժամանակներից, կան բարի լուրի ավելի քան 9000 քարոզիչներ։ Նրանց մեծ մասը ապրում է մայրաքաղաք Ադիս Աբեբայում կամ մոտակայքում։ Այդ իսկ պատճառով հեռավոր տարածքներում քարոզիչների մեծ կարիք կա։ Ուստի այլ երկրներում ապրող եթովպացի վկաները հրավիրվեցին Եթովպիա՝ ծառայելու երկրի հեռավոր վայրերում։ Շատերը արձագանքեցին այդ հրավերին։ Այդ երկրում նրանք շատ խոնարհ մարդկանց գտան, ինչպես նաև քաջալերեցին տեղացի Վկաներին։
Ծրագրի նշանակալից բաժիններից էր նաև այն ելույթաշարը, որի ընթացքում խոսվեց Ռուսաստանում գտնվող Եհովայի վկաների և նրանց դատական պայքարների մասին։ Ռուսաստանի մասնաճյուղի կոմիտեի անդամ Աուլիս Բերիդալը ներկայացրեց Ռուսաստանում, հատկապես Մոսկվայում Եհովայի վկաների կրած հալածանքների պատմությունը։ Իսկ Ֆիլիպ Բրումլին, որը ծառայում է Միացյալ Նահանգների մասնաճյուղի իրավաբանական բաժնում, պատմեց, թե ինչպես են զարգացել դեպքերը վերջին ամիսներին, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) լսել է Վկաների դեմ ուղղված 9 գործերը։ Բոլոր դատավորներն էլ միաձայն եկել են այն համոզման, որ այդ գործերից ոչ մեկն էլ չի ունեցել էական հիմք, իսկ դրանցից մի քանիսի համար էլ դատարանը նույնիսկ հատուկ ջանքեր է ներդրել մանրամասնորեն բացատրելու համար, թե բերված փաստարկները ինչու են անհիմն։ Թեև դատավարության արդյունքները դեռ պարզ չէին, սակայն եղբայր Բրումլին հույս հայտնեց, որ դատարանի որոշումը կարող է դրական ազդեցություն թողնել մյուս երկրներում հարուցված դատական գործերի վրա։
Այս հետաքրքիր նորություններից հետո եղբայր Լեթը հայտնեց, որ ՄԻԵԴ-ը ընդունել է Ֆրանսիայի կառավարության ու Եհովայի վկաների միջև եղած մաքսային հարցերի հետ կապված երկար ձգձգվող դատական գործը։ Բարձր համարում ունեցող այս դատարանը իրեն ներկայացված դատական գործերից միայն քչերն է ընդունում։ Ընդհանուր առմամբ ՄԻԵԴ-ը քննել է Եհովայի վկաների հետ կապված 39 գործ, որոնցից 37-ի համար կայացրած վճիռները եղել են մեր օգտին։ Եղբայր Լեթը հորդորեց բոլորին իրենց աղոթքներում հիշատակել նաև ընթացիկ դատական գործերի մասին։
Վերջին հաշվետվությունը ներկայացրեց եղբայր Ռիչարդ Մորլանը, որը Ժողովի երեցների դպրոցի ուսուցիչ է։ Նա ոգևորությամբ խոսեց այդ դպրոցի մասին և ներկայացրեց, թե ինչ մեծ գնահատանք են արտահայտել դասընթացներին մասնակցած երեցները։
Այլ ելույթներ Կառավարիչ մարմնի անդամների կողմից
Կառավարիչ մարմնի անդամներից Գայ Փիրսը մի սրտառուչ ելույթ ներկայացրեց, որի թեման 2011 թվականի տարվա խոսքն էր՝ «Թող Եհովայի անունը քո ապաստանը լինի» (Սոփ. 3։12)։ Նա նշեց, որ շատ առումներով Եհովայի ժողովրդի համար հիմա երջանիկ ժամանակներ են։ Սակայն այս ժամանակահատվածը նաև վտանգավոր է և սթափեցնող։ Մոտ է Եհովայի մեծ օրը, այդուհանդերձ մարդիկ շարունակում են ապաստան գտնել կեղծ կրոնի, քաղաքականության, հարստության, էսկապիզմի (փախուստ իրական աշխարհից (փիլիսոփայություն)) և նմանատիպ այլ բաների շուքի ներքո։ Իսկական ապաստան գտնելու համար մենք պետք է կանչենք Եհովայի անունը, ինչը նշանակում է, որ պետք է ճանաչենք, խորապես ակնածենք և ապավինենք այն անձնավորությանը, որը կրում է այդ անունը՝ անմնացորդ սիրելով նրան։
Հաջորդ ելույթով հանդես եկավ Կառավարիչ մարմնի անդամ Դեյվիդ Սփլեյնը, որը մի հետաքրքրաշարժ ու մտածելու տեղիք տվող քննարկում անցկացրեց «Դու մտե՞լ ես Աստծու հանգիստը» թեմայով։ Նա խոսեց այն մասին, որ Աստծու հանգիստը մտնել չի նշանակում անգործ լինել, քանի որ Եհովան և նրա Որդին «գործում են» փոխաբերական հանգստի օրվա ընթացքում, որպեսզի երկրի առնչությամբ Աստծու նպատակը իրականություն դառնա (Հովհ. 5։17)։ Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք մտնել Աստծու հանգիստը։ Մեղք գործելուց խուսափելը և ինքնարդարացման մտայնություն չունենալը դեռ բավարար չեն։ Մենք պետք է հավատ ցուցաբերենք և ապրենք՝ Աստծու նպատակը մեր մտքում ունենալով և անելով ամեն բան՝ նպաստելու համար այդ նպատակի իրականացմանը։ Երբեմն այդպես վարվելը գուցե շատ դժվար լինի, սակայն մենք պետք է ընդունենք մեզ տրված խորհուրդը և համագործակցենք Եհովայի կազմակերպության հետ՝ ընդունելով նրա կողմից տրված առաջնորդությունը։ Եղբայր Սփլեյնը խնդրեց ներկաներին ամեն բան անել Աստծու հանգիստը մտնելու համար։
Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Էնթոնի Մորիսը ներկայացրեց վերջին ելույթը, որի վերնագիրն էր՝ «Ինչի՞ն ենք սպասում»։ Հրատապության զգացումով և միևնույն ժամանակ հայրական ջերմությամբ եղբայր Մորիսը հիշեցրեց ներկաներին ներկայիս իրադարձությունների զարգացման վերաբերյալ այն մարգարեությունների մասին, որոնց կատարմանը Եհովայի բոլոր հավատարիմ ծառաները անձկությամբ են սպասում։ Այդ մարգարեություններից են «խաղաղության և անվտանգության» հայտարարությունը և կեղծ կրոնի կործանումը (1 Թեսաղ. 5։2, 3; Հայտն. 17։15–17)։ Եղբայր Մորիսը զգուշացրեց, որ երբ լուրերով լսում ենք աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին, չմտածենք, թե դա Արմագեդոնի սկիզբն է, քանի որ դրանք վերոհիշյալ մարգարեությունների կատարումը չեն։ Նա հորդորեց ուրախությամբ և համբերատարությամբ սպասել, ինչպես նկարագրված է Միքիա 7։7-ում։ Եղբայրը հորդորեց նաև միևնույն ժամանակ համագործակցել Կառավարիչ մարմնի հետ, ինչպես պատերազմի թեժ պահին զինվորներն են համախմբված ու սերտորեն համագործակցում։ «Թող ձեր սրտերն ամրանան,— ասաց եղբայր Մորիսը,— դուք բոլորդ, որ Եհովային եք սպասում» (Սաղ. 31։24)։
Հանդիպման վերջում եղան մի քանի ցնցող և նշանակալից հայտարարություններ։ Կառավարիչ մարմնի անդամ Ջեֆրի Ջեքսոնը հայտարարեց, որ փորձնականորեն լույս կտեսնի «Դիտարանի» ուսումնասիրության թողարկման անգլերեն պարզեցված տարբերակը նրանց համար, ովքեր անգլերենի սահմանափակ գիտելիքներ ունեն։ Իսկ եղբայր Ստիվեն Լեթը հայտարարեց, որ Կառավարիչ մարմինը Միացյալ Նահանգներում կազմակերպելու է հովվական այցեր մարզային վերակացուների և նրանց կանանց համար։ Այնուհետև ասաց, որ Ծառայության կատարելագործման դպրոցը այսուհետ կոչվելու է Աստվածաշնչյան դպրոց ամուրի եղբայրների համար։ Լինելու է նաև նոր դպրոց, որը կոչվելու է Աստվածաշնչյան դպրոց քրիստոնյա զույգերի համար։ Այս դպրոցում ամուսնական զույգերը ձեռք կբերեն այնպիսի հմտություններ, որոնց միջոցով ավելի մեծ ներդրում կարող են ունենալ Եհովայի կազմակերպության մեջ։ Եղբայր Լեթը նաև հայտնեց, որ շրջագայող վերակացուների ու նրանց կանանց համար նախատեսված դպրոցը և մասնաճյուղի կոմիտեի անդամների ու նրանց կանանց համար նախատեսված դպրոցը կանցկացվեն տարին երկու անգամ Պատերսոնում, և բացի այդ, ովքեր արդեն անցել են այդ դպրոցները, կարող են երկրորդ անգամ անցնել։
Ծրագիրը մոտեցավ իր ավարտին, երբ 97-ամյա եղբայր Ջոն Բարը, որը երկար տարիներ ծառայել է որպես Կառավարիչ մարմնի անդամ, իր խոնարհ և սրտաբուխ աղոթքով եզրափակեց հանդիպումըb։ Բոլոր ներկաները վերադարձան տուն այն խորին համոզմամբ, որ այդ օրը, իրոք որ, նշանակալից էր աստվածապետական պատմության մեջ։
[ծանոթագրություններ]
a Տե՛ս 2011թ. «Եհովայի վկաների տարեգիրքը», էջ 62, 63 (անգլ., ռուս.)։
b Եղբայր Բարը ավարտեց իր երկրային կյանքը 2010թ. դեկտեմբերի 4-ին։
[մեջբերում 19-րդ էջի վրա]
Հարցազրույցները ոգևորեցին բոլոր ներկաներին
[մեջբերում 20-րդ էջի վրա]
Եհովան օրհնել է քարոզչական գործը Եթովպիայում