Կարո՞ղ եք ներկայացնել ձեր թեկնածությունը
1 Մ.թ.ա. 778 թ.–ին մի արտասովոր իրադարձություն է տեղի ունենում։ Եսայիա մարգարեին տեսիլք է տրվում։ Նա տեսնում է «Տիրոջը բարձր եւ վերացած աթոռի վերայ նստած», իսկ սերովբեները Եհովայի փառքն են գովում՝ ասելով. «Սուրբ, Սուրբ. Սուրբ է Զօրաց Տէրը»։ Ի՜նչ ազդեցիկ տեսարան... Եվ ահա հնչում է Եհովայի սրտահույզ հարցը. «Որի՞ն ուղարկեմ, եւ ո՞վ կ’գնայ մեզ համար»։ Հայտնի չէ ո՛չ հանձնարարության բնույթը և ո՛չ էլ այն հանգամանքը, թե ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ համաձայնվելու դեպքում։ Սակայն Եսայիան, առանց տատանվելու, պատասխանում է. «Ահա ես, ինձ ուղարկիր» (Ես. 6։1, 3, 8)։
2 Եհովայի պատվիրած ցանկացած բան կատարելու մեջ նմանօրինակ պատրաստակամությունը բնորոշ է Աստծո ժողովրդին (Սաղ. 110։3)։ Եվ այժմ էլ հատուկ կոչ է արվում բոլոր նրանց, ովքեր հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց թեկնածությունը։ Պատրա՞ստ եք դուք էլ վարվելու այնպես, ինչպես ժամանակին Եսայիան։
3 Բեթելում մշտապես կարիք է զգացվում եղբայրների. այնպիսի եղբայրների, որոնք մեծ ցանկություն ունեն կյանքում առաջնահերթ կարևորությունը տալ Թագավորության շահերին և պատրաստ են անել իրենցից պահանջվող ամեն բան՝ աջակցելու համաշխարհային քարոզչական գործունեությանը (Մատթ. 6։33)։ Բեթելի ընտանիքի անդամ լինելը առանձնահատուկ հնարավորություն է՝ Եհովային ամբողջ սրտով ծառայելու առումով։ Տեսնենք, թե ինչու։
4 Բեթելում կատարվող աշխատանքը։ Օրինակ՝ փորձեք պատկերացնել այն հսկայածավալ աշխատանքը, որ անընդմեջ իրականացվում է ԱՄՆ–ի տերիտորիայում ընկած երեք համալիրներում՝ Բրուքլինում, Պատերսոնում, Ուոլքիլում (Նյու Յորք)։ Թվով 5 730 եղբայրներ ու քույրեր, որոնք կազմում են այս երեք համալիրներում ընդգրված Բեթելի ընտանիքը, ունեն հիանալի հնարավորություն իրենց սերտ աջակցությունը ցույց տալ «հաւատարիմ եւ իմաստուն ծառա» դասակարգին ու նրա Կառավարիչ մարմնին՝ Աստվածաշնչեր ու Գրությունները լուսաբանող գրականություն հրատակելու գործում՝ համաշխարհային քարոզչական գործունեության և անձնական ուսումնասիրության համար (Մատթ. 24։45)։ Միացյալ Նահանգներում գտնվող Բեթելի ընտանիքի միահամուռ ջանքերի շնորհիվ անցյալ ծառայողական տարում, օրինակ, հրատարակվել ու առաքվել է թվով 24 364 670 գիրք, 39 813 464 գրքույկ, 270 528 000 պարբերագիր և 1 271 041 ձայներիզ։ Չափազանց մեծ աշխատանք է տարվում՝ «վայելուչ խօսքեր գտնելու» և այս հրատարակվող նյութերում գրելու «ուղիղ ճշմարիտ խօսքեր» (Ժող. 12։9, 10)։ Նաև առաջնորդություն է տրվում ամբողջ աշխարհի մասշտաբով ավելի քան 1 900 թարգմանիչների, ովքեր օգնում են, որ գրականությունը լույս տեսնի 300–ից ավելի լեզուներով։ Մեծ աշխատանք է տարվում տարբեր երկրներում գործող 111 մասնաճյուղերի, այդ թվում նաև ռուսական մասնաճյուղի հովանավորության տակ գտնվող ավելի քան 1500 ժողովների գործունեությունը համաձայնեցնելու ուղղությամբ։ Մասնաճյուղերին նաև օժանդակություն է ցույց տրվում Բեթելի նոր տների ու Համաժողովների սրահների ինժեներա–նախագծային աշխատանքներում, դրան գումարած սահմանափակ միջոցներ ունեցող երկրներում, որտեղ ներկայումս հարկավոր է կառուցել 15 248 Թագավորության սրահներ։ Հարյուրավոր հոժարակամ անհատների կարիք է զգացվում, որոնք պատրաստ են իրենց ուժերը ներդնել գրականության տպագրության ու առաքման գործում, մաքրության ու տեխսպասարկման, սննդի պատրաստման ու գնումներ կատարելու, առողջական խնդիրներով զբաղվելու և շատ ուրիշ աշխատանքներում, որոնց կարիքը կա Բեթելում։
5 Թեև այս ամբողջ աշխատանքը լայնածավալ է, բայց հոգևոր բավարարվածություն է պատճառում։ Մեծ ուրախության աղբյուր է այն բանի գիտակցումը, որ մեր ուժն ու եռանդը ամբողջապես նվիրում ենք քարոզչության և ուսուցման գործին։ Բեթելի ծառայությունն օգնում է առավել մոտիկից տեսնել Եհովայի կազմակերպությունը։ Հիշենք՝ ինչպես էր սաղմոսերգուն խրախուսում իսրայելացիներին ավելի մոտիկից ծանոթանալ իրենց օրերում երկրի վրա գործող աստվածապետական առաջնորդության կենտրոնին (Սաղ. 48։12, 13)։
6 Բեթելի ծառայության բերած օրհնությունները։ Ինչպե՞ս են նկատում բեթելցիները իրենց ծառայությունը։ Մեջբերենք նրանցից մի քանիսի՝ տարեցների ու երիտասարդների խոսքերը։ Երեք տարի Բեթելում ծառայած մի քույր այսպես արտահայտվեց. «Բեթելում ամրացել է իմ փոխհարաբերությունը Եհովա Աստծո հետ։ Որքան շատ եմ ծառայում այստեղ ու ծանոթանում Բեթելի գործելու մեխանիզմին, այնքան ավելին եմ սովորում Եհովայի անձնավորության մասին։ Այս ծառայության շնորհիվ ես սկսեցի նաև հստակ տեսնել, որ Եհովան իր գործի մեջ ներգրավում է ամենատարբեր մարդկանց։ Եվ որ նրա հավանությանն արժանանալու համար ամենևին էլ կատարելություն չի պահանջվում»։
7 Մի երիտասարդ եղբայր պատմում է. «Հիշում եմ՝ ինքս ինձ մտորում էի, թե ինչ մեծ ուրախություն կլինի ապրել նոր աշխարհում և անցյալի հավատարիմների հետ զրուցելիս պատմել, որ, հարստության ետևից ընկնելու փոխարեն, բազում տարիներ անցկացրել եմ Բեթելի ծառայության մեջ»։
8 Մեկ այլ երիտասարդ եղբայր էլ պատմում է իր մտորումների մասին, թե ինչ է սովորեցրել իրեն Բեթելը. «Սկսեցի ավելի լավ ճանաչել ինքս ինձ, հասկացա, թե ինչ ուղղությամբ պիտի ջանքեր գործադրեմ, և այդ հատկությունները զարգացնելով՝ մեծ օրհնություններ ստացա։ Զգում եմ, որ հիմա արդեն ավելի լավ կարող եմ ծառայել Եհովային։ Դարձել եմ փոքր–ինչ ավելի համբերատար, ավելի լավ կարող եմ տիրապետել ինքս ինձ և ավելի ընդունակ եմ սեր դրսևորելու մեջ»։
9 Իսկ մի քույր էլ այսպես է արտահայտվում մինչև օրս շարունակվող օրհնությունների մասին. «Այստեղ կազմակերպվող հոգևոր միջոցառումները ինձ շատ բան են սովորեցրել Եհովայի մասին ու ցույց են տվել, թե ինչպես կարող եմ ավելի լավ ընդօրինակել նրան իմ մտածելակերպով, զգացմունքներով ու գործերով։ Ու քանի որ այդ ուսումնառության պրոցեսը վերջ չունի, ուստի դրա բերած օրհնություններին էլ վերջ չկա»։
10 Մի եղբայր, որը լիաժամ ծառայության մեջ անցկացրել էր ընդհանուր հաշվով 59 տարի, որից 43–ը՝ Բեթելում, ասաց. «Գուցե ոմանց թվա, թե Բեթելը կուսանոցի է նման, բայց դա այդպես չէ։ Մենք մեծ ծավալի աշխատանք են կատարում պլանավորված առօրյայի շնորհիվ։ ....Չի եղել մի օր, որ ես գամ աշխատանքի և դժգոհ լինեմ իմ աշխատանքից։ Ինչո՞ւ. որովհետև երբ ամբողջ հոգով մեզ տալիս ենք Եհովային, ապա բավարարվածություն ենք զգում՝ գիտենալով, որ «ինչ որ պարտաւոր էինք անել, ա՛յն արեցինք»» (Ղուկ. 17։10)։
11 Մեկ ուրիշ եղբայր, որը Բեթելում ծառայել էր 62 տարի, ասաց. «Ես լիովին վստահ եմ, որ, քանի դեռ չի հաստատվել Դրախտը, երկրի վրա լավագույն տեղը մնում է Բեթելը։ Ես երբեք չեմ զղջացել, որ լիաժամ ծառայությունը դարձրել եմ կյանքիս ուղին։ Ի՜նչ մեծ ուրախություն է ականատես լինել Եհովայի երկրային կազմակերպության հսկայական աճին ու դրանում ունենալ սեփական ներդրում։ Ես վճռել եմ Եհովայի օգնությամբ մինչև կյանքիս վերջ մնալ Բեթելում և շարունակել ամբողջ հոգով ծառայել Թագավորության շահերին»։
12 Բեթելում ծառայած այս անհատները պատմեցին ընդամենը մի մասն այն օրհնությունների, որոնք դուք էլ կարող եք վայելել, եթե ներկայացնեք ձեր թեկնածությունը՝ Բեթելում ծառայելու համար։ Սակայն, ինչպես որ ծառայության առանձնաշնորհումներից յուրաքանչյուրի դեպքում, այստեղ ևս, անհրաժեշտ է համապատասխանել որոշակի պահանջների։ Որո՞նք են դրանցից մի քանիսը։
13 Բեթելի ծառայության համար պահանջները։ Հիմնական պահանջները, որոնց պետք է համապատասխանի Բեթելում ծառայելու թեկնածուն, գրված են սույն ներդիրին կից շրջանակում։ Նաև ակնկալվում է, որ նա լինի աշխատասեր, ոչ «ցանկասեր» (Բ Տիմոթ. 3։4, ԱԹ; Ա Կորնթ. 13։11)։ Բեթելի ընտանիքի անդամները պետք է լինեն հոգևորապես հասուն քրիստոնյա եղբայրներ ու քույրեր, որոնք անձնական ուսումնասիրության լավ սովորություններ են մշակել և վարժեցրել են իրենց զգայարանները «լաւը եւ վատը որոշելու մէջ» (Եբր. 5։14)։ Նրանց քրիստոնեական հասունությունը պետք է որ արդեն դրսևորված լինի կյանքի բոլոր բնագավառներում։ Այստեղ ընդգրկվում է նաև վերաբերմունքը՝ հագուստի, արտաքին տեսքի, երաժշտության ու ժամանցների ընտրության հարցերում։ Բեթելի ընտանիքի յուրաքանչյուր անդամ պատրաստակամորեն ծառայում է այնտեղ, որտեղ որ իր կարիքը զգացվում է։ Երիտասարդները ավելի հաճախ ստանում են ֆիզիկական ուժ պահանջող հանձնարարություններ, ինչպես՝ աշխատել տպարանում, պատրաստել ու առաքել գրականությունը, զբաղվել տնտեսությամբ ու տեխսպասարկման հարցերով, հետևել մաքրությանը, աշխատել լվացքատանը կամ խոհանոցում (Առակ. 20։29)։ Ի տարբերություն աշխարհիկ աշխատանքի՝ յուրաքանչյուր նշանակում մեծ բավականություն է պատճառում, քանի որ դա Եհովային փառք բերող սուրբ ծառայություն է (Կող. 3։23)։
14 Բեթելում ծառայելու հրավիրվում են առնվազն մեկ տարի ժամկետով։ Դա հնարավորություն է տալիս անհատին հմտանալու իր աշխատանքում։ Ակնկալվում է, որ նրան կհաջողվի Բեթելում զգալ ինչպես իր սեփական տանը։ Եհովայի հանդեպ սերն է, որ Բեթելի ընտանիքի անդամներին մղում է գործել ոչ թե սեփական շահերից ելնելով, այլ՝ Թագավորության, ինչը ուրախացնում Եհովային (Մատթ. 16։24)։
15 Ներկայիս կարիքները։ Ելնելով Բեթելում կատարվող աշխատանքի բնույթից՝ ներկայումս հիմնականում անհրաժեշտ են ամուրի եղբայրներ։ Ու թեև պարտադիր պայման չէ, սակայն նախապատվությունը տրվում է ընդհանուր ռահվիրաներին, որովհետև նրանք արդեն իսկ գտնվում են լիաժամ ծառայության մեջ։ Ժամանակ առ ժամանակ կարող են հրավիրվել 19–35 տարեկան ամուրի քույրեր կամ ամուսնական զույգեր, որոնք տիրապետում են այնպիսի մասնագիտությունների, որոնց կարիքը կա Բեթելում։ Իհարկե, դա չի նշանակում, որ մենք խրախուսում ենք ձեռք բերել հատուկ կրթություն կամ հմտություններ՝ Բեթել հրավիրվելու ավելի մեծ շանսեր ունենալու նպատակով։ Այլ նրանք, ովքեր արդեն հիմա ունեն մասնագիտական կրթություն, որ գուցե ճշմարտությունն ընդունելուց առաջ են ստացել այն, ցանկության դեպքում կարող են կազմել մանրամասն նկարագրություն և կցել Բեթելի ծառայության դիմումին։
16 Հարկ չկա հուսահատվելու, եթե Բեթելում ծառայելու դիմում ներկայացնեք, սակայն հրավեր չստանաք։ Դուք կարող եք ամեն տարի թարմացնել դիմումը։ Որոշ եղբայրներ, որոնք ունեն Բեթելի կարիքներին համապատասխանող արհեստ ու կրթություն, կարող են ցանկություն հայտնել իրենց մասնակցությունը բերելու ժամանակավոր կամավոր ծառայության մեջ։ Նրանք կարող են դիմել մեկ շաբաթով, երկու, երեք կամ չորս, ընդհուպ մինչև երեք ամսով Բեթելում ծառայելու համար։ Ժողովի քարտուղարի մոտ կան այդպիսի ծառայության դիմումներ, ուստի նրանք, ում հետաքրքրում է ծառայության այդ ձևը, կարող են նրանից դիմումի ձև խնդրել։ Հարկ եղած դեպքում ժողովը կարող է այդ թերթիկներից պատվիրել «Գրականության պատվերի բլանկով»։
17 Բեթելում աշխատելը յուրահատուկ հնարավորություն է ստեղծում, Քրիստոսի եղբայրների հետ սերտորեն համագործակցելով, Եհովային ծառայելու։ Կառավարիչ մարմինը բարձր է գնահատում բոլոր նրանց անձնազոհ ոգին, ովքեր իրենց ներկայացնում են մեր համաշխարհային եղբայրակցության շահերին ծառայելուն (Փիլիպ. 2։20–22; Բ Տիմոթ. 4։11)։
18 Երիտասարդնե՛ր, այսօր արդեն պատրաստվեք Բեթելի ծառայությանը։ Բեթելի ծառայությանը հարկավոր է նախապատրաստվել տասնինը տարին՝ տարիքային պահանջվող մինիմումը լրանալուց շատ ավելի վաղ։ Ինչպե՞ս կարող են պատանիները նախապատրաստվել այդ ծառայությանը։ Հիսուսն ասաց. «Ձեզնից ո՞վ, եթէ կամենայ աշտարակ շինել, նախ նստելով չի հաշուի իր ծախսերը» (Ղուկ. 14։28)։ Մինչ պլանավորումն ու նախապատրաստությունը էական դեր են խաղում որևէ շինություն հաջողությամբ կառուցելու գործում, որքա՜ն կարևոր է երիտասարդների համար խնամքով «կառուցել» Եհովային մատուցելիք ապագա ծառայության ծրագրերը։ Կյանքում հոգևոր նպատակների հասնելու համար հարկավոր է վաղ հասակից ամուր հիմք դնել։ Երիտասարդնե՛ր, որքա՞ն ամուր հիմք եք դնում դուք։ Եթե ցանկանում եք ծառայել Բեթելում, ապա ձեզ համար օգտակար կլինի խորությամբ քննել հետևյալ նյութը։
19 ‘Տարեք’՝ հանուն ծառայության այս հատուկ առանձնաշնորհման։ Ինչպես գրված է Մատթէոս 19։12–ում, Հիսուսն իր աշակերտներին խրախուսեց «տանել» ամուրիությունը։ Ինչո՞ւ։ Ոչ թե անձնական նպատակներից ելնելով, այլ «երկնքի արքայութեան համար»։ Պողոսը ևս խրախուսեց նման ընթացքը՝ խոսելով այդ մասին որպես «Տիրոջը բոլորանուէր ծառայելու» հնարավորություն (Ա Կորնթ. 7։32–35)։ Ափսոս, որ շատերը ձգտում են երիտասարդ տարիքում ընտանիք կազմել և այդ պատճառով կորցնում են Բեթելում որպես ամուրի եղբայրներ ծառայելու առանձնաշնորհումը։ Կուզեինք մեր երիտասարդ եղբայրներին խրախուսել, որ, քանի դեռ ընտանեկան պատասխանատվություններից ազատ են, իրենց ուժն ու եռանդը կենտրոնացնեն լիաժամ ծառայության ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց, եթե նրանք որոշեն ամուսնանալ, ապա կյանքում ու քրիստոնեական ծառայության մեջ ձեռք բերած փորձը կօգնի նրանց դառնալու շատ ավելի լավ ամուսիններ։ Շատերը Բեթելում մի քանի տարի ծառայելուց հետո ամուսնացել են ու հնարավորություն ունեցել շարունակելու իրենց ծառայությունը՝ որպես ամուսնական զույգ։ Իսկ եթե ավելի ուշ այլ առանձնաշնորհումներ են ստանում, ինչպես օրինակ, շրջագայական կամ միսիոներական ծառայություն, նրանք ամենևին էլ չեն զղջում, որ Բեթելում ծառայելու նպատակով կյանքի որոշ տարիներ վճռել էին «տանել» իրենց ամուրիությունը։
20 Խուսափեք նյութական նպատակներ հետապնդելուց։ Երիտասարդներից յուրաքանչյուրը թող իրեն հարց տա. «Դպրոցն ավարտելուց հետո մտադիր եմ հաջողություններ փնտրել այս աշխարհո՞ւմ, թե՞ լիաժամ ծառայության մեջ։ Ինչ խոսք, երկրորդ տարբերակը զոհողություններ է պահանջում։ Սակայն աշխարհում էլ հաջողությունների հասնելու համար դա անխուսափելի է։ Վերջին հաշվով, ո՞րն է ավելի երկարատև ու օգտակար արդյունքներ բերում։ Հիսուսը հստակ պատասխանում է այդ հարցին Մատթէոս 6։19–21 խոսքերով. «Գանձեր մի՛ դիզէք ձեզ համար երկրի վրայ, ուր ցեց եւ ժանգ ոչնչացնում են, եւ ուր գողեր պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցէ՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց եւ ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, եւ ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում. քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն»։ Թող որ մեր սրտերը լցված լինեն ոչ թե աշխարհում կարիերա կամ նյութական իրեր ձեռք բերելու ձգտումով, այլ՝ Եհովային բոլորանվեր ծառայելու։ Մեզանից յուրաքանչյուրը պիտի ընդունի, որ լավագույն նպատակը, որին արժե ձգտել, Եհովայի հետ լավ փոխհարաբերություններ հաստատելն է։ Այդպիսով նրա սիրտը կուրախացնենք (Առակ. 27։11)։ Ուժերի ծաղկման շրջանում կյանքում առաջնային տեղը Եհովային հատկացնելով՝ մենք ցույց ենք տալիս, թե որտեղ է մեր հարստությունը և որքանով է մեզ համար կարևոր Թագավորությունը։ Հիշենք, որ «Տէրոջ օրհնութինն է, որ հարստութիւն կու տայ ու անոր հետ տրտմութիւն չի խառներ» (Առակ. 10։22, Արևմտ. Աստ.)։ Երիտասարդները գերազանց հնարավորություն ունեն ցույց տալու, թե որտեղ է իրենց սիրտը՝ Եհովային վերադարձնելով մի փոքրիկ բաժին այն ամենից, ինչ որ ստացել են նրանից։ Բեթելի ծառայությունը հենց այդպիսի հոյակապ հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր համապատասխանում են այդ ծառայության պահանջներին։
21 Բեթելում ծառայելու համար բարոյապես մաքուր պետք է լինել։ Սաղմոսերգուն հետևյալ հարցն է ուղղում. «Երիտասարդն ի՞նչով իստակ [մաքուր] կ’անէ իր ճանապարհը»։ Ապա նա ինքն էլ պատասխանում է. «[Եհովայի] խօսքի պէս զգուշանալով» (Սաղ. 119։9)։ Սա իր մեջ ընդգրկում է խուսափել այն ամենից, ինչով Սատանայի իշխանության տակ գտնվող աշխարհը կարող է սպառնալ բարոյական մաքրությանը։ Ինտերնետային պոռնկագրություն, անպատշաճ վարվելակերպ հակառակ սեռի հանդեպ, ապականող երաժշտություն, անպատկառ զվարճություններ, հարբեցողություն. ահա ընդամենը մի քանիսն այն թակարդներից, որ Սատանան օգտագործում է՝ երիտասարդությանը ետ պահելու հոգևոր նպատակներին հասնելուց։ Նրա հնարքները դիմագրավելու համար մեծ վճռականություն է հարկավոր։ Երիտասարդնե՛ր, եթե ձեզանից որևէ մեկը զգա, որ անմասն չէ թվարկված արատներից թեկուզ որևէ մեկին, թող զրուցի այդ մասին իր ժողովի երեցի հետ և լուծի այդ կարգի հարցերը, նախքան Բեթելի ծառայության համար դիմում գրելը. մաքուր խիղճը մեծ նշանակություն ունի Եհովային լիարժեք ծառայելու գործում (Ա Տիմոթ. 1։5)։
22 Սովորեք լեզու գտնել մյուսների հետ։ Բեթելի ծառայության մեջ պիտանի լինելու համար կարևոր պայման է սա։ Ռուսաստանի Բեթելի ընտանիքն իր կազմում ընդգրկում է ամենատարբեր սոցիալական խավերից սերված հարյուրավոր եղբայրների ու քույրերի։ Անհատականությունների այս բազմազանությունը հոգևոր առումով զարդարում է Բեթելը, բայց բացառված չէ, որ երբեմն դժվարությունների տեղիք տա։ Եթե քեզ հետաքրքրում է Բեթելի ծառայությունը, հարցրու ինքդ քեզ. «Արդյոք իսկույն վիրավորվո՞ւմ եմ, երբ մյուսները չեն կիսում իմ կարծիքը։ Ուրիշների կարծիքով, ինձ հետ հե՞շտ է լեզու գտնել»։ Եթե պարզես, որ այդ հարցերում անհրաժեշտ է կատարելագործվել, ապա գործի անցիր, առանց հապաղելու։ Դրանով դու կնպաստես Բեթելի ընտանիքի անդամների հետ շատ ավելի հեշտ ապրելուն և աշխատելուն։
23 Ամեն կերպ ջանա ձեռք բերել հոգևորապես հասուն քրիստոնյային բնորոշ հատկանիշներ՝ ամրապնդելով փոխհարաբերություններդ Եհովայի հետ։ Անձնական ուսումնասիրության լավ ծրագիր մշակիր. ամեն օր Աստվածաշունչ ընթերցելը նույնպես ընդգրկվում է դրա մեջ։ Ակտիվորեն մասնակցիր բարի լուրի տարածմանը։ Ահա այսպես վարվելով է, որ պիտի «քո առաջադիմութիւնը յայտնի լինի բոլորին» (Ա Տիմոթ. 4։15)։ Ի՜նչ հիանալի հեռանկարներ կան նրանց համար, ովքեր այսօրվանից նախապատրաստվում են լիաժամ ծառայությանը։
24 Ծնողնե՛ր, նախապատրաստեք ձեր երեխաների։ Ի՞նչ կարող են անել ծնողները, որպեսզի խրախուսեն իրենց երեխաներին լիաժամ ծառայությունը դիտել որպես նպատակ։ Հիսուսն ասաց. «Ամէն կատարելապէս վարժուածը իր վարդապետին պէս կրնայ ըլլալ» (Ղուկ. 6։40, Արևմտ. Աստ.)։ Ջանադրաբար ուսուցանված աշակերտն, անշուշտ, արտացոլում է իր գործին նվիրված ուսուցչի հիանալի հատկությունները։ Թող որ քրիստոնյա ծնողները միշտ հիշեն այդ սկզբունքը և ջանքեր ներդնեն, որպեսզի իրենց երեխաները «մարզված լինեն» աստվածապաշտության մեջ (Ա Տիմոթ. 4։7)։ Քանի որ երեխաները հակված են արտացոլելու իրենց ծնողների վերաբերմունքը հոգևորի հանդեպ, ուստի լավ կլինի, որ յուրաքանչյուր ծնող քննի, թե արդյոք անձամբ ինքը գնահատո՞ւմ է Բեթելում կատարվող աշխատանքը՝ ի նպաստ Եհովային մատուցվող ճշմարիտ երկրպագության։ Վստա՞հ է, որ Բեթելը Եհովայի օրհնության կնիքն է կրում։ Համոզվա՞ծ է, որ Եհովային ծառայելը դարձնելով իր կյանքի նպատակը՝ երեխան կյանքի լավագույն ուղին է ընտրելու»։ Եթե մենք սրտանց գնահատում ենք Բեթելի ծառայությունը և այնտեղ կատարվող աշխատանքը, ապա դա կօգնի, որպեսզի մեր երեխաների մեջ էլ ձևավորվի նույնպիսի վերաբերմունք։
25 Ճշմարիտ երկրպագության հանդեպ խոր գնահատանք ունեին Եղկանան և Աննան, ովքեր հիանալի օրինակ են թողել քրիստոնյա ծնողների համար։ Հին Իսրայելում տղամարդկանց ասված էր, որ «իրենց Տէր Եհովայի առաջին պիտի երեւան»՝ տարին երեք անգամ ներկայանալով խորան։ Բայց Եղկանան «տարուց տարի» իր ամբողջ ընտանիքով էր գնում Եհովայի երկրպագության կենտրոն զոհ մատուցելու համար՝ հաղթահարելով նրանց հետ միասին գրեթե 30 կմ տարածություն, ամենայն հավանականությամբ, ոտքով (Ելից 23։17; Ա Թագ. 1։3, 4, 9, 19; 2։19)։ Անշուշտ, նա՝ որպես ընտանիքի գլուխ, ցանկություն ուներ ընտանիքի անդամների հետ բաժնեկցել հոգևորի հանդեպ իր անձնական վերաբերմունքը։
26 Աննան աջակցում էր իր ամուսնուն ճշմարիտ երկրպագության մեջ։ Նա իրեն խորապես պարտավոր էր զգում՝ օժանդակություն ցույց տալու խորանում կատարվող երկրպագությանը։ Աննան երդում տվեց, որ եթե Եհովան իրեն որդի պարգևի, ապա նա պատրաստ է ներկայացնելու որդուն խորանի ծառայությանը (Ա Թագ. 1։11)։ Մովսիսական օրենքը ամուսնուն թույլ էր տալիս չեղյալ հայտարարել կնոջ կողմից տրված անտեղի երդումը (Թուոց 30։6–8)։ Բայց Եղկանան, ինչպես երևում է, հաստատեց Աննայի երդումը՝ ցույց տալով, որ գնահատում է ճշմարիտ երկրպագությանն օժանդակելու նրա պատրաստակամությունը (Ա Թագ. 1։22, 23)։
27 Կարելի՞ է ասել, որ ծնողների այս հիանալի վերաբերմունքն իր դրական ազդեցությունն ունեցավ իրենց որդու՝ Սամուելի կյանքում։ Այո, իհա՛րկե։ Դեռ վաղ հասակից նա հոժարակամությամբ ու հավատարմորեն կատարում էր իրեն տրված հանձնարարությունները ու այդպիսով անհրաժեշտ նախապատրաստություն ձեռք բերում՝ հետագայում ստանձնելու առանձնաշնորհումներ Աստծո ծառայության մեջ։ Եղկանան ու Աննան չէին դադարում հետաքրքրվել իրենց որդու ծառայությամբ նաև այն բանից հետո, երբ նա արդեն գտնվում էր խորանում։ Նրանք կանոնավորաբար այցելություն էին կատարում՝ քաջալերելու և աջակցելու լիաժամ ծառայության մեջ գտնվող իրենց որդուն (Ա Թագ. 2։18, 19)։
28 Ի՜նչ ուշագրավ օրինակ են թողել Եղկանան ու Աննան քրիստոնյա ծնողների համար։ Եթե մեր երեխաները Բեթելի ծառայության մասին մեզանից լսում են գնահատանքի ջերմ խոսքեր և տեսնում են, թե ինքներս ինչպիսի անձնազոհությամբ ենք փնտրում Թագավորության շահերը, ապա նրանց սրտում էլ կառաջանա ուրիշներին ծառայելու ցանկություն։ Շատ ծնողներ հաջողությամբ կարողացել են նման ցանկություն արմատավորել իրենց երեխաների սրտում։ Յոթնամյա մի աղջնակ գրել էր. «Մեծանալու եմ՝ գամ Բեթել, քանի որ մի քանի աշխատանքներ կան, որ այդտեղ կուզեի կատարել. 1) տպագրել «Դիտարան» ու «Արթնացե՛ք» պարբերագրերը, 2) ծառայել գեղարվեստի բաժնում, 3) սպիտակեղենը ծալել. ո՛ր գործն էլ ուզում է լինի, համաձայն եմ»։ Ի՜նչ հաճելի զգացումով է լցվում մեր սիրտը, երբ ականատես ենք դառնում, թե ինչպես է մեր երեխաների մեջ ձևավորվում այսօրինակ պատրաստակամություն։
29 Երիտասարդնե՛ր, չմոռանաք, որ «թէ՛ այս աշխարհն է անցնում, թէ՛ [նրա] ցանկութիւնը։ Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է յաւիտեան» (Ա Յովհ. 2։17)։ Շարունակեք հոգևոր նպատակներ հետապնդել, այդ թվում՝ Բեթելում ծառայելու հատուկ առանձնաշնորհումը։ Ծնողնե՛ր, հետևեք անցյալի հավատարիմների թողած օրինակին, ովքեր քաջալերում էին իրենց երեխաներին քայլել «աստուածապաշտ ընթացքով» (Բ Պետ. 3։11)։ Եվ թող որ մեզանից յուրաքանչյուրն իր բաժին օժանդակությունը հանդես բերի աջակցելու համար մեր երիտասարդ եղբայրներին ու քույրերին ծառայել մեր Մեծ Ստեղծիչին իրենց հնարավորությունների լիարժեք չափով, քանի որ դա «թէ՛ ներկայ եւ թէ՛ ապագայ կեանքին խոստումը ունի» (Ա Տիմոթ. 4։8, Արևմտ. Աստ.; Ժող. 12։1)։
[Հավելված 4–րդ էջի վրա]
Բեթելի ծառայության համար հիմնական պահանջներն են
● Մկրտված լինել առնվազն մեկ տարի
● Լինել հոգևորապես հասուն անձնավորություն, որը խորապես սիրում է Եհովային ու նրա կազմակերպությունը
● Աչքի ընկնել լավ առողջությամբ՝ հոգեկան, մտավոր, էմոցիոնալ ու ֆիզիկական առումներով
● Լավ իմանալ ռուսերեն գրել–կարդալ, խոսել
● Տարիքը՝ 19–35