ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 16
ԵՐԳ 87 Ե՛կ, թարմությո՛ւն ստացիր
Միմյանց հետ մտերմանալը օգուտներ է բերում մեզ
«Ի՜նչ լավ է և ի՜նչ հաճելի է, երբ եղբայրներն ապրում են միասնության մեջ» (ՍԱՂ. 133։1)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Հավատակիցների հետ մտերմանալու կերպերը, և այդ մտերմության բերած օրհնությունները։
1-2. Ի՞նչն է Եհովան կարևորում և ի՞նչ է ցանկանում, որ անենք։
ԵՀՈՎԱՅԻ համար անչափ կարևոր է, թե ինչպես ենք վարվում մարդկանց հետ։ Հիսուսն ասաց, որ մենք պետք է սիրենք մեր դրացուն մեր անձի պես (Մատթ. 22։37-39)։ Դա նշանակում է, որ պետք է բարի լինենք նաև նրանց հանդեպ, ովքեր չեն դավանում մեր հավատը։ Այդպես վարվելով՝ մենք ընդօրինակում ենք Եհովա Աստծուն, ով «արևը ծագեցնում է թե՛ չարերի, թե՛ բարիների վրա և անձրև է բերում թե՛ արդարների, թե՛ անարդարների վրա» (Մատթ. 5։45)։
2 Ինչ խոսք, Եհովան սիրում է բոլոր մարդկանց, բայց նրա սրտին հատկապես թանկ են նրանք, ովքեր ճիշտն են անում (Հովհ. 14։21)։ Աստված ուզում է, որ ընդօրինակենք իրեն։ Նա հորդորում է մեզ մեր եղբայրների ու քույրերի հանդեպ «ուժգին սեր» և «անկեղծ ջերմություն» դրսևորել (1 Պետ. 4։8; Հռոմ. 12։10)։ Մենք պետք է ձգտենք այնպիսի սեր ու կապվածություն ունենալ իրար հանդեպ, ինչպիսիք սովորաբար տածում ենք մեր հարազատի կամ մտերիմ ընկերոջ նկատմամբ։
3. Ի՞նչ պետք է հիշենք սիրո վերաբերյալ։
3 Սերը նման է սենյակային բույսի։ Որպեսզի բույսն աճի, այն պետք է սնուցվի։ Նույնն է պարագան սիրո դեպքում։ Պողոս առաքյալը քրիստոնյաներին հետևյալ հորդորը տվեց. «Շարունակեք եղբայրասիրություն դրսևորել» (Եբր. 13։1)։ Եհովան ուզում է, որ միմյանց հանդեպ մեր սերը շարունակ խորացնենք։ Ուստի այս հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչու է հարկավոր ավելի շատ մտերմանալ մեր հավատակիցների հետ, և թե ինչպես կարող ենք դա անել շարունակաբար։
ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄՏԵՐՄԱՆԱՆՔ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ
4. Ի՞նչ կարող ենք անել, որ չկորցնենք գնահատանքը մեր միասնական եղբայրության հանդեպ (Սաղմոս 133։1; տես նաև նկարները)։
4 Կարդա Սաղմոս 133։1։ Սաղմոսերգուն գրեց, որ Եհովային սիրողների հետ մտերմությունը «լավ» է ու «հաճելի»։ Անշուշտ մենք համաձայն ենք նրա հետ։ Բայց ճիշտ ինչպես մարդու համար կարող է սովորական բան լինել այն հսկայական ծառը, որը նա տեսնում է ամեն օր, այնպես էլ մեզ համար գուցե սովորական բան լինի մեր եղբայրների ու քույրերի միջև տիրող միասնությունը։ Պատճառը թերևս այն է, որ մենք հաճախ ենք տեսնում մեր հավատակիցներին, գուցե շաբաթը մի քանի անգամ։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, որ նրանց հանդեպ մեր գնահատանքը չկորցնենք։ Եղբայրների ու քույրերի հանդեպ մեր սերը կաճի, եթե ժամանակ տրամադրենք և մտածենք, թե որքան թանկ է նրանցից յուրաքանչյուրը ժողովի և անձամբ մեզ համար։
Թող որ ժողովի միասնությունը երբեք սովորական բան չդառնա քեզ համար (տես պարբերություն 4)
5. Ուրիշների վրա ի՞նչ ազդեցություն է թողնում մեր եղբայրության միջև տիրող սերը։
5 Մեր ժողովներին առաջին անգամ այցելած մարդկանցից ոմանք խորապես տպավորվում են՝ տեսնելով մեր միջև տիրող սերը։ Միայն դա կարող է բավարար լինել, որպեսզի նրանք եզրակացնեն, որ գտել են ճշմարտությունը։ Հիսուսն ասաց. «Եթե սիրեք իրար, բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք» (Հովհ. 13։35)։ Չիտրա անունով մի ուսանողուհի, ով Վկաների օգնությամբ Աստվածաշունչ է ուսումնասիրում, ներկա եղավ տարածաշրջանային համաժողովին։ Առաջին օրվա ավարտին նա իրեն Աստվածաշունչ ուսուցանողին ասաց. «Ծնողներս ինձ երբեք չեն գրկել։ Բայց ձեր համաժողովին ընդամենը մի օրում Վկաները ինձ 52 անգամ գրկեցին։ Այս հոգևոր ընտանիքի միջոցով ես զգացի Եհովայի սերը։ Ուզում եմ այս ընտանիքի մի մասը լինել»։ Չիտրան հոգևորապես առաջադիմեց և 2024 թ.-ին մկրտվեց։ Այս դեպքը ցույց է տալիս, որ երբ նորեկները տեսնում են մեր բարի գործերը, այդ թվում՝ միմյանց հանդեպ մեր ունեցած սերը, հաճախ մղվում են ծառայելու Եհովային (Մատթ. 5։16)։
6. Մեր հավատակիցների հետ մտերմանալը ինչպե՞ս կարող է պաշտպանություն լինել մեզ համար։
6 Եղբայրների ու քույրերի հետ մտերմանալը կարող է պաշտպանություն լինել մեզ համար։ Պողոսն իր հավատակիցներին հորդորեց. «Շարունակեք ամեն օր քաջալերել միմյանց, որպեսզի ոչ մեկիդ սիրտը չկարծրանա՝ տրվելով մեղքի մոլորեցնող հրապույրին» (Եբր. 3։13)։ Եթե այնքան վհատվենք, որ սկսենք շեղվել ճիշտ ուղուց, Եհովան կարող է որևէ ուշադիր հավատակցի միջոցով օգնել մեզ, և դա անկասկած կնպաստի մեր բարօրությանը (Սաղ. 73։2, 17, 23)։
7. Ի՞նչ կապ կա սիրո և միասնության միջև (Կողոսացիներ 3։13, 14)։
7 Մենք մի մեծ ընտանիք ենք, որի անդամները ամեն կերպ ձգտում են սեր դրսևորել միմյանց հանդեպ, ինչի շնորհիվ բազմաթիվ օրհնություններ ենք վայելում (1 Հովհ. 4։11)։ Օրինակ՝ սերը մղում է մեզ «շարունակել համբերել իրար», և դա նպաստում է մեր միասնությանը (կարդա Կողոսացիներ 3։13, 14; Եփես. 4։2-6)։ Այդպիսով մեր ժողովներում հաճելի մթնոլորտ է տիրում, ինչը երկրի վրա ուրիշ ոչ մի տեղ չենք գտնի։
ՊԱՏՎԵՆՔ ԻՐԱՐ
8. Ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ, որ միասնական լինենք։
8 Մեզ ուրախություն բերող համաշխարհային միասնությունը հրաշք է։ Եհովան այն հնարավոր է դարձրել՝ չնայած մեր անկատարությանը (1 Կորնթ. 12։25)։ Աստվածաշնչում գրված է, որ «Աստված ինքն է մեզ սովորեցնում սիրել միմյանց» (1 Թեսաղ. 4։9)։ Այլ կերպ ասած՝ Եհովան իր Խոսքի միջոցով ասում է, թե ինչ պետք է անենք, որ մտերմանանք իրար հետ։ Մենք կսովորենք Աստծուց, եթե ուշադիր քննենք իր Խոսքը և կիրառենք դրանում գրված խորհուրդները (Եբր. 4։12; Հակ. 1։25)։ Հենց դա են ձգտում անել Եհովայի վկաները։
9. Միմյանց պատվելու վերաբերյալ ի՞նչ ենք սովորում Հռոմեացիներ 12։9-13 համարներից։
9 Իրար հետ մտերմանալու վերաբերյալ ի՞նչ ենք սովորում Աստծու Խոսքից։ Քննենք Հռոմեացիներ 12։9-13 համարներում Պողոսի արձանագրած խոսքերը (կարդա)։ Նկատի առնենք հետևյալ միտքը. «Իրար պատվելու հարցում առաջինը եղեք»։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Մենք պետք է նախաձեռնություն վերցնենք և ուրիշների հանդեպ «անկեղծ ջերմություն» ցուցաբերենք, այդ թվում՝ ներենք նրանց, լինենք հյուրասեր և առատաձեռն (Եփես. 4։32)։ Կարիք չկա՝ սպասենք, որ մեր հավատակիցները քայլ անեն մեզ հետ մտերմանալու համար։ Այդ հարցում կարող ենք «առաջինը լինել»։ Մի առիթով Հիսուսն ասել է. «Ավելի շատ երջանկություն է բերում տալը, քան ստանալը» (Գործ. 20։35)։
10. «Իրար պատվելու հարցում» ինչպե՞ս կարող ենք «աշխատասեր» լինել (տես նաև նկարը)։
10 Հետաքրքիր է, որ իրար պատվելու մասին հորդորը տալուց հետո Պողոսը խրախուսեց լինել աշխատասեր և չծուլանալ։ Աշխատասեր մարդը եռանդուն է, ժրաջան և ինչպես հարկն է կատարում է իրեն հանձնարարված գործը։ Առակներ 3։27, 28 համարներում գրված է. «Բարություն արա նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Ձեռքդ հետ մի՛ պահիր, եթե ի զորու ես օգնելու»։ Ուստի երբ տեսնում ենք, որ ինչ-որ մեկը կարիքի մեջ է, ամեն բան անում ենք, որ օգնենք նրան։ Մենք ձեռքներս ծալած չենք նստում ու սպասում, որ մեկ ուրիշը միջամտի (1 Հովհ. 3։17, 18)։
Մենք պետք է նախաձեռնություն վերցնենք և օգնության ձեռք մեկնենք հավատակիցներին (տես պարբերություն 10)
11. Ի՞նչը մեզ կօգնի էլ ավելի մտերմանալ իրար հետ։
11 Ուրիշներին կարող ենք պատվել նաև՝ պատրաստակամորեն ներելով նրանց։ Եփեսացիներ 4։26-ում գրված է. «Մինչև արևի մայր մտնելը զայրացած մի՛ մնացեք»։ Ինչո՞ւ։ Պատճառն այն է, որ եթե զայրացած մնանք, այդպիսով «առիթ կտանք Բանսարկուին» (Եփես. 4։27)։ Իր Խոսքում Եհովան կրկին ու կրկին հիշեցնում է մեզ, որ պետք է ներենք իրար։ Կողոսացիներ 3։13-ում հետևյալ հորդորն ենք կարդում. «Շարունակեք.... մեծահոգաբար ներել»։ Միմյանց սխալների ու թերությունների վրա աչք փակելը իրար հետ մտերմանալու լավագույն կերպերից մեկն է։ Այդպես վարվելով՝ մենք «պահպանում ենք սուրբ ոգու միջոցով ձեռք բերված միասնությունը՝ միմյանց հետ խաղաղության մեջ ապրելով, քանի որ դա մեզ միավորող կապն է» (Եփես. 4։3)։ Կարճ ասած՝ իրար ներելով՝ մեծ ներդրում ենք ունենում մեր միասնության ու խաղաղության մեջ։
12. Ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ ներել ուրիշներին։
12 Ճիշտ է, գուցե դժվար լինի ներել մեկին, ով ցավեցրել է մեզ, բայց Աստծու ոգու օգնությամբ կարող ենք դա անել։ Միմյանց հանդեպ «անկեղծ ջերմություն» դրսևորելու և «աշխատասեր» լինելու հորդորից հետո Աստվածաշնչում հետևյալ խոսքերն են գրված. «Սուրբ ոգու միջոցով լցվեք բուռն խանդավառությամբ»։ Սուրբ ոգու ազդեցության շնորհիվ մենք կարող ենք լցվել ոգևորությամբ ու եռանդով և ճիշտն անել։ Այսպիսով՝ Աստծու ոգին կօգնի մեզ անկեղծ ջերմություն դրսևորել և մեծահոգաբար ներել ուրիշներին։ Ուստի մենք սրտանց խնդրում ենք Եհովային, որ օգնի մեզ այդ հարցում (Ղուկ. 11։13)։
«ԹՈՂ ՁԵՐ ՄԵՋ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ՉԼԻՆԵՆ»
13. Ի՞նչը կարող է պառակտումների պատճառ դառնալ։
13 Ժողովը բաղկացած է «ամեն տեսակ մարդկանցից», ովքեր տարբերվում են իրարից (1 Տիմոթ. 2։3, 4)։ Դրա պատճառով մենք գուցե մեր ընտրությանը թողնված հարցերում զանազան որոշումներ կայացնենք։ Օրինակ՝ հնարավոր է՝ հագուստ, հարդարանք, բուժմեթոդ կամ զվարճություն ընտրելիս տարբեր նախասիրություններ ունենանք։ Եվ եթե զգույշ չլինենք, այդ ամենը կարող է պառակտման պատճառ դառնալ (Հռոմ. 14։4; 1 Կորնթ. 1։10)։ Աստված մեզ սովորեցրել է սիրել միմյանց, ուստի երբեք չպետք է պնդենք, որ մեր կայացրած որոշումները ավելի լավն են, քան ուրիշներինը (Փիլիպ. 2։3)։
14. Ի՞նչ պետք է միշտ ձգտենք անել և ինչո՞ւ։
14 Ժողովում պառակտումները կանխելու համար մենք նաև պետք է միշտ ձգտենք զորացնել ու քաջալերել միմյանց (1 Թեսաղ. 5։11)։ Վերջերս ժողով են վերադարձել բազմաթիվ ոչ ակտիվ քարոզիչներ, ինչպես նաև ժողովից հեռացված շատ մարդիկ։ Մենք ջերմորեն ընդունում ենք նրանց (2 Կորնթ. 2։8)։ Նկատի առնենք, թե ինչ է ասում մի քույր, ով տասը տարի ոչ ակտիվ քարոզիչ լինելուց հետո եկավ Թագավորության սրահ. «Բոլորը ժպտում էին ինձ ու ձեռքս սեղմում» (Գործ. 3։19)։ Բարության այս պարզ դրսևորումը ի՞նչ ազդեցություն ունեցավ նրա վրա։ Քույրն ավելացնում է. «Զգացի, թե ինչպես է Եհովան օգնում ինձ, որ առաջվա պես երջանիկ լինեմ»։ Եթե ձգտենք քաջալերել ուրիշներին, Հիսուսը մեր միջոցով կթարմացնի նրանց, ովքեր «հոգնած են ու բեռնավորված» (Մատթ. 11։28, 29)։
15. Է՞լ ինչպես կարող ենք նպաստել միասնությանը (տես նաև նկարը)։
15 Միասնությանը կարող ենք նպաստել նաև մեր խոսքով։ Հոբ 12։11-ում գրված է. «Երբ մեր ականջը մի բան է լսում, մի՞թե ծանրութեթև չենք անում, ինչպես որ լեզուն է ուտելիքը համտեսում»։ Ինչպես լավ խոհարարն է ուտեստը մատուցելուց առաջ միշտ փորձում այն՝ հավաստիանալու համար, որ համեղ է, այնպես էլ մենք պետք է խոսելուց առաջ լավ մտածենք ու հավաստիանանք, որ այն, ինչ ուզում ենք ասել, քաջալերական է, թարմացնող և «օգուտ է բերում լսողներին» (Եփես. 4։29; Սաղ. 141։3)։
Նախքան խոսելը մտածիր (տես պարբերություն 15)
16. Հատկապես ովքե՞ր պետք է ուշադիր լինեն, որ իրենց խոսքը քաջալերական լինի։
16 Հատկապես ամուսիններն ու ծնողները պետք է ուշադիր լինեն, որ իրենց խոսքը լինի քաջալերական (Կող. 3։19, 21; Տիտոս 2։4)։ Երեցները՝ Եհովայի հոտի հովիվները, նույնպես պետք է թարմության ու մխիթարության աղբյուր լինեն (Ես. 32։1, 2; Գաղ. 6։1)։ Այս առնչությամբ Աստվածաշունչը մեզ հիշեցնում է. «Որքա՜ն լավ է, երբ խոսքը ճիշտ ժամանակին է ասվում» (Առակ. 15։23)։
ՍԻՐԵՆՔ «ԳՈՐԾՈՎ ԵՎ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՄԲ»
17. Ի՞նչ կարող ենք անել, որ հավատակիցների հանդեպ մեր սերն անկեղծ լինի։
17 Հովհաննես առաքյալը պատվիրել է, որ միմյանց «սիրենք ոչ միայն խոսքով, կամ՝ լեզվով, այլև գործով և անկեղծությամբ» (1 Հովհ. 3։18)։ Եղբայրների ու քույրերի հանդեպ մեր սերը պետք է սրտից բխի։ Որքան շատ ժամանակ անցկացնենք մեր հավատակիցների հետ, այնքան ավելի կամրացնենք նրանց ու մեր միջև եղած սերն ու մտերմությունը։ Ուստի լավ կլինի՝ առիթներ ստեղծենք հավատակիցների հետ շփվելու համար, օրինակ՝ ժողովում և ծառայության ժամանակ։ Բացի այդ՝ կարող ենք այցելել նրանց։ Այդպես վարվելով՝ ցույց կտանք, որ «Աստված.... մեզ սովորեցրել է սիրել միմյանց», և ավելի ու ավելի կհամոզվենք, թե «ի՜նչ լավ է և ի՜նչ հաճելի է, երբ եղբայրներն ապրում են միասնության մեջ» (1 Թեսաղ. 4։9; Սաղ. 133։1)։
ԵՐԳ 90 Քաջալերենք միմյանց