ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 15
ԵՐԳ 30 Իմ Հայր, իմ Աստված, իմ Ընկեր
Մեզ համար «լավ է Աստծուն մոտենալը»
«Ինձ համար լավ է Աստծուն մոտենալը» (ՍԱՂ. 73։28)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Ինչպես կարող ենք ավելի շատ մտերմանալ Եհովայի հետ, և դա ինչ օգուտներ կբերի մեզ։
1-2. ա) Ի՞նչ է հարկավոր անել որևէ մեկի հետ մտերմանալու համար։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
ՈՒՆԵ՞Ս մտերիմ ընկեր։ Ինչպե՞ս ես մտերմացել նրա հետ։ Հավանաբար միասին ժամանակ եք անցկացրել, իմացել ես, թե նա ինչ դժվարություններ ունի, ինչ է սիրում և ինչ չի սիրում։ Նրան ճանաչելով՝ տեսել ես նրա հիանալի հատկությունները, որոնք կցանկանայիր ընդօրինակել։ Այդ ամենի շնորհիվ սկսել ես սիրել ընկերոջդ։
2 Որևէ մեկի հետ մտերմանալու համար հարկավոր է ջանքեր ներդնել և ժամանակ տրամադրել։ Նույնը անհրաժեշտ է անել նաև Եհովա Աստծու հետ մտերիմ հարաբերություններ զարգացնելու համար։ Այս հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչպես կարող ենք ավելի շատ մտերմանալ մեր լավագույն Ընկերոջ՝ Եհովայի հետ, և թե դա ինչ օգուտներ կբերի մեզ։ Նախ տեսնենք, թե ինչու է Աստծու հետ մտերմանալը օգտակար։
3. Ինչո՞ւ է կարևոր խորհել Եհովայի հետ մտերմանալու օգուտների մասին։ Բացատրիր։
3 Անկասկած, կհամաձայնես, որ Եհովայի հետ մտերմանալը մեր օգտի համար է։ Բայց խորհելով այն մասին, թե որքան լավ է այդպես վարվելը՝ կմղվենք ամրացնելու նրա հետ մեր ընկերությունը (Սաղ. 63։6-8)։ Օրինակ՝ մենք գիտենք, որ հավասարակշռված սննդակարգի հետևելը, ֆիզիկապես ակտիվ լինելը, բավականաչափ հանգստանալը և բավարար չափով ջուր խմելը օգտակար են, մինչդեռ շատերն անտեսում են այս բաները և մատների արանքով են նայում իրենց առողջությանը։ Բայց որքան հաճախ մտածենք լավ սովորությունների օգտակարության մասին, այնքան ավելի հակված կլինենք հետևելու դրանց։ Նմանապես՝ մենք գիտակցում ենք, որ Եհովայի հետ մտերմանալը մեր օգտի համար է, սակայն օգուտների մասին խորհելը կարող է մեր մեջ ցանկություն առաջացնել ավելի ու ավելի շատ մտերմանալու մեր Ընկերոջ հետ (Սաղ. 119։27-30)։
4. Ի՞նչ ասաց սաղմոսերգուն (Սաղմոս 73։28)։
4 Կարդա Սաղմոս 73։28։ 73-րդ սաղմոսը գրողը ղևտացի էր, ով Եհովայի տաճարում որպես երաժիշտ էր ծառայում։ Հավանաբար երկար ժամանակ էր, ինչ նա հավատարմորեն ծառայում էր Եհովային։ Այնուամենայնիվ, կարիք ուներ ինքն իրեն, ինչպես նաև ուրիշներին հիշեցնելու, որ «լավ է Աստծուն մոտենալը»։ Իսկ որո՞նք են Աստծու հետ մտերմանալու օգուտներից մի քանիսը։
«ԱՍՏԾՈՒՆ ՄՈՏԵՆԱԼԸ» ԵՐՋԱՆԻԿ Է ԴԱՐՁՆՈՒՄ
5. ա) Ինչո՞ւ ենք ասում, որ Եհովայի հետ մտերմանալը մեզ երջանիկ է դարձնում։ բ) Առակներ 2։6-16 համարների վրա հիմնվելով՝ բեր օրինակներ, թե Եհովայի իմաստությունը ինչպես կարող է օգնել և պաշտպանել քեզ։
5 Որքան խորացնենք մեր մտերմությունը Եհովայի հետ, այնքան ավելի երջանիկ կլինենք (Սաղ. 65։4)։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Պատճառներից մեկն այն է, որ երբ կիրառում ենք նրա Խոսքում գրված իմաստուն խորհուրդները, օգուտներ ենք քաղում։ Այդ խորհուրդները պաշտպանում են մեզ վատ ազդեցությունից և լուրջ սխալներ անելուց (կարդա Առակներ 2։6-16)։ Որքա՜ն տեղին են աստվածաշնչյան այս խոսքերը. «Երջանիկ է այն մարդը, ով իմաստություն է գտել, և այն մարդը, ով խորաթափանց է դարձել» (Առակ. 3։13)։
6. Սաղմոսերգուն ինչո՞ւ կորցրեց իր ուրախությունը։
6 Իհարկե, Եհովայի ընկերները նույնպես երբեմն տխրում են։ 73-րդ սաղմոսը գրողը կորցրեց ուրախությունը, երբ տեղիք տվեց բացասական մտքերին։ Նա անգամ բարկությամբ ու նախանձով լցվեց, քանի որ կարծում էր, թե Աստծուն և նրա սահմանած չափանիշները արհամարհող մարդիկ բարեկեցիկ կյանքով են ապրում։ Նա թյուրիմացաբար մտածում էր, որ դաժան ու հանդուգն մարդիկ ավելի առողջ են, հարուստ և նույնիսկ չգիտեն՝ տառապանքն ինչ է (Սաղ. 73։3-7, 12)։ Սաղմոսերգուն այնքան էր վրդովվել, որ Եհովային ծառայելը սկսեց անօգուտ համարել։ Վհատված՝ նա ասաց. «Փաստորեն, իզուր եմ իմ սիրտը մաքուր պահել, ձեռքերս լվացել՝ անմեղությունս փաստել» (Սաղ. 73։13)։
7. Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել տխրությունը (տես նաև նկարը)։
7 Սաղմոսերգուն թույլ չտվեց, որ տխրությունը անգործունյա դարձնի իրեն, և փոխեց իր մտավիճակը։ Նա «Աստծու վեհապանծ սրբարանը մտավ», որտեղ Եհովան շտկեց նրա մտածելակերպը (Սաղ. 73։17-19)։ Երբ տխուր ենք, մեր լավագույն Ընկերը՝ Եհովան, գիտի այդ մասին։ Եթե խնդրենք նրան, որ մեզ ուղղություն ցույց տա, և ընդունենք նրա Խոսքում գրված խորհուրդներն ու հավատակիցների օգնությունը, ուժ կունենանք շարունակելու ծառայել նրան՝ չնայած տխրությանը։ Անգամ եթե գերծանրաբեռնված լինենք հոգսերով, Եհովան կմխիթարի ու կսփոփի մեզ (Սաղ. 94։19)։a
73-րդ սաղմոսը գրած ղևտացին կանգնած է «Աստծու վեհապանծ սրբարանում» (տես պարբերություն 7)
«ԱՍՏԾՈՒՆ ՄՈՏԵՆԱԼԸ» ՄԵՐ ԿՅԱՆՔԸ ԻՄԱՍՏՈՎ ԵՎ ՀՈՒՅՍՈՎ Է ԼՑՆՈՒՄ
8. Աստծու հետ մտերմանալը ուրիշ ի՞նչ առումներով է օգտակար։
8 Աստծու հետ մտերմանալը ևս երկու օգուտ է բերում։ Այն մեր կյանքը իմաստով է լցնում և ամուր հույս է տալիս (Երեմ. 29։11)։ Այժմ ավելի հանգամանորեն քննենք այդ օգուտները։
9. Եհովայի հետ մտերմանալը ինչպե՞ս է մեր կյանքը իմաստով լցնում։
9 Եհովայի հետ մտերմանալը մեր կյանքն իմաստով է լցնում։ Այսօր շատ մարդիկ, ովքեր չեն ընդունում Աստծու գոյությունը, կարծում են, թե կյանքն իմաստ չունի, և մարդկությունն ի վերջո վերանալու է։ Սակայն ուսումնասիրելով Աստծու Խոսքը՝ մենք համոզվել ենք, որ Աստված «գոյություն ունի և վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար ձգտում են կատարել իր կամքը» (Եբր. 11։6)։ Մենք այսօր իսկ երջանիկ կյանքով ենք ապրում, քանի որ անում ենք այն, ինչի համար ստեղծված ենք՝ ծառայում ենք մեր երկնային Հայր Եհովային (2 Օրենք 10։12, 13)։
10. Սաղմոս 37։29 համարում ի՞նչ է գրված այն մարդկանց ապագայի մասին, ովքեր իրենց հույսը Եհովայի վրա են դնում։
10 Բազմաթիվ մարդիկ իրենց հույսը կապում են միայն ներկա կյանքի հետ։ Նրանք աշխատում են, ընտանիք կազմում և պատրաստվում են դիմավորելու իրենց ծերությունը։ Աստված նրանց տեսադաշտում չկա։ Եհովայի ծառաները, սակայն, իրենց հույսը նրա վրա են դնում (Սաղ. 25։3-5; 1 Տիմոթ. 6։17)։ Մենք վստահում ենք Աստծուն, ում հետ մտերմացել ենք, վստահում ենք նրա տված խոստումներին և հույս ունենք, որ ապագայում Դրախտում կերկրպագենք նրան հավիտյան (կարդա Սաղմոս 37։29)։
11. Աստծու հետ մտերմանալը ի՞նչ ազդեցություն ունի մեզ վրա, և ի՞նչ է զգում Աստված, երբ մտերմանում ենք նրա հետ։
11 Աստծու հետ մտերմանալը բազմաթիվ այլ օգուտներ էլ է բերում մեզ։ Եհովան խոստանում է ներել մեր մեղքերը, եթե զղջանք (Ես. 1։18)։ Դրա շնորհիվ կազատվենք անցյալում գործած մեղքերի ճնշող ծանրությունից (Սաղ. 32։1-5)։ Բացի այդ՝ մեզ երջանկացնում է այն միտքը, որ ուրախացնում ենք Եհովային (Առակ. 23։15)։ Իհարկե կարող ենք մտածել նաև այլ օրհնությունների մասին, որ ունենում ենք Աստծու հետ մտերիմ լինելու շնորհիվ։ Այժմ տեսնենք, թե ինչպես կարող ենք ավելի ու ավելի շատ մտերմանալ նրա հետ։
ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ «ԱՍՏԾՈՒՆ ՄՈՏԵՆԱԼ»
12. Ի՞նչ ես արել Աստծու հետ մտերմանալու համար։
12 Եթե մկրտված ես, անկասկած շատ բան ես արել Եհովայի հետ մտերմանալու համար։ Դու բազմաթիվ ճշմարտություններ ես սովորել Եհովա Աստծու և Քրիստոս Հիսուսի մասին, զղջացել ես մեղքերիդ համար, ցույց ես տվել, որ ամուր հավատ ունես Աստծու հանդեպ, և ջանք ու եռանդ չես խնայել, որպեսզի կատարես նրա կամքը։ Մինչդեռ նրա հետ ավելի շատ մտերմանալու համար մենք պետք է շարունակենք այդ բաներն անել (Կող. 2։6)։
13. Ի՞նչը կօգնի մեզ շարունակ մտերմանալ Եհովայի հետ։
13 Ի՞նչը կօգնի մեզ անդադար մտերմանալ Եհովայի հետ։ 1) Մենք պետք է շարունակենք կարդալ և ուսումնասիրել Աստվածաշունչը։ Մեր նպատակը չպետք է լինի պարզապես Աստծու մասին տեղեկություններ ստանալը։ Անհրաժեշտ է հասկանալ, թե նա ինչ է մեզնից ակնկալում, և առաջնորդվել այն սկզբունքներով, որոնք նա գրել է տվել իր Խոսքում (Եփես. 5։15-17)։ 2) Մենք պետք է ամրացնենք մեր հավատը՝ մտածելով մեր հանդեպ Աստծու դրսևորած սիրո անհաշիվ ապացույցների շուրջ։ 3) Նաև պետք է շարունակենք ատել այն ամենը, ինչ վիրավորում է Եհովային, և ընկերություն չանենք սխալ գործեր անող մարդկանց հետ (Սաղ. 1։1; 101։3)։
14. 1 Կորնթացիներ 10։31-ում գրվածի համաձայն՝ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հաճեցնենք Եհովային (տես նաև նկարները)։
14 Կարդա 1 Կորնթացիներ 10։31։ Անչափ կարևոր է շարունակ Եհովային հաճելի գործեր անել։ Սակայն դա ավելին է ներառում, քան քարոզելն ու ժողովներին մասնակցելը։ Եհովային հաճելի բաներ կարող ենք անել մեր առօրյայում։ Օրինակ՝ երբ ամեն ինչում ազնվորեն ենք վարվում կամ մեր ունեցածը կիսում ենք ուրիշների հետ, Եհովան ուրախանում է (2 Կորնթ. 8։21; 9։7)։ Նա նաև ուզում է, որ մենք բարձր գնահատենք կյանքի պարգևը։ Մենք մտերմանում ենք կյանք Պարգևողի հետ, երբ հավասարակշռված ձևով ենք վերաբերվում ուտելուն, խմելուն և մեր առողջության մասին այլ ողջամիտ կերպերով հոգալուն։ Եհովան տեսնում է ցանկացած բան, որ անում ենք իրեն հաճելի լինելու համար, անգամ փոքր թվացող բաները, և ավելի շատ է սիրում մեզ (Ղուկ. 16։10)։
Անվտանգ վարելը, ֆիզիկական վարժություններ անելը, առողջարար սնունդ օգտագործելը և հյուրասեր լինելը այն բաներից են, որոնք հաճելի են Եհովային (տես պարբերություն 14)
15. Ուրիշների հանդեպ ի՞նչ վերաբերմունք է Եհովան ակնկալում մեզնից։
15 Եհովան բարի է և՛ արդարների, և՛ անարդարների հանդեպ (Մատթ. 5։45)։ Նա ակնկալում է, որ մենք էլ ուրիշների հանդեպ նույն վերաբերմունքն ունենանք և «ոչ ոքի մասին վատը չխոսենք, չլինենք կռվարար, այլ.... միշտ մեղմությամբ վերաբերվենք բոլոր մարդկանց» (Տիտոս 3։2)։ Ուստի մենք մեզ վեր չենք դասում այն մարդկանցից, ովքեր մեր հավատալիքները չունեն (2 Տիմոթ. 2։23-25)։ Այսպիսով՝ եթե բոլորի հետ միշտ բարությամբ ու մեղմորեն վարվենք, ավելի շատ կմտերմանանք Եհովայի հետ։
ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ «ԱՍՏԾՈՒՆ ՄՈՏԵՆԱԼ», ՆՈՒՅՆԻՍԿ ԵՐԲ ՍԱՅԹԱՔՈՒՄ ԵՆՔ
16. 73-րդ սաղմոսը գրողը ի՞նչ զգաց որոշ ժամանակ հետո։
16 Երբեմն գուցե մտածենք, թե արժանի չենք Եհովայի սիրուն։ Ինչպես տեսանք, նման բան պատահեց 73-րդ սաղմոսը գրողին։ Նա ասաց. «Ես ճիշտ ուղուց գրեթե շեղվել էի, քիչ էր մնում՝ ոտքերս սայթաքեին» (Սաղ. 73։2)։ Նա հասկացավ, որ «դառնացած» էր, ինչպես նաև «բանականություն չունեցող կենդանու պես» «անխոհեմ» էր Եհովայի աչքում (Սաղ. 73։21, 22)։ Արդյո՞ք նա եզրակացրեց, որ իր սխալ մտածելակերպի պատճառով արժանի չէ Եհովայի սիրուն և կորած մարդ է։
17. ա) Նույնիսկ ընկճված վիճակում սաղմոսերգուն ի՞նչ արեց։ բ) Ի՞նչ կարող ենք սովորել նրա օրինակից (տես նաև նկարները)։
17 Եթե անգամ սաղմոսերգուն Եհովայի կողմից մերժված էր զգում իրեն, ապա դա երկար չտևեց։ Նույնիսկ այդ դժվար պահին նա գիտակցում էր Եհովայի հետ ավելի շատ մտերմանալու անհրաժեշտությունը, ինչը երևում է նրա հետևյալ խոսքերից. «Բայց հիմա միշտ քեզ եմ վստահում, իմ աջ ձեռքից բռնել ես դու։ Քո խորհրդով ինձ առաջնորդում ես, իսկ հետո ինձ փառքի կարժանացնես» (Սաղ. 73։23, 24)։ Մեզ համար նույնպես Եհովան պետք է լինի ժայռ, ով մեզ անսասան է դարձնում այն ժամանակ, երբ թույլ ենք կամ վհատված (Սաղ. 73։26; 94։18)։ Անգամ եթե ժամանակավորապես շեղվենք ճիշտ ուղուց, կարող ենք վերադառնալ Եհովայի մոտ՝ համոզված լինելով, որ նա ներողամիտ է (Սաղ. 86։5)։ Հատկապես ընկճված պահերին մենք պետք է ձգտենք ավելի շատ մտերմանալ Աստծու հետ (Սաղ. 103։13, 14)։
Երբ զգում ենք, որ հոգևորապես թուլացել ենք, պետք է մտերմանանք Եհովայի հետ՝ ավելի շատ ներգրավվելով հոգևոր գործերի մեջ (տես պարբերություն 17)
ԱՍՏԾՈՒՆ ՄՈՏԵՆԱՆՔ ՀԱՎԻՏՅԱՆ
18. Ինչո՞ւ ենք ասում, որ Եհովայի հետ անվերջ կարող ենք մտերմանալ։
18 Եհովայի հետ կարելի է անվերջ մտերմանալ և անվերջ ճանաչել նրան։ Աստվածաշնչում գրված է, որ Եհովայի ուղիները, նրա իմաստությունն ու իմացությունը «հնարավոր չէ լիովին.... հասկանալ» (Հռոմ. 11։33)։
19. Ինչո՞ւմ է մեզ վստահեցնում «Սաղմոսներ» գիրքը։
19 Սաղմոս 79։13-ում ասվում է. «Մենք՝ քո ժողովուրդը՝ քո արոտի ոչխարները, քեզ հավիտյան շնորհակալություն կհայտնենք, սերնդեսերունդ քո փառքը կհռչակենք»։ Դու նույնպես կարող ես վստահ լինել, որ եթե շարունակես մտերմանալ Եհովայի հետ, հավերժ օրհնություններ կվայելես և համոզվածությամբ կասես. «Աստված ժայռ է իմ սրտի համար և իմ բաժինն է հավիտյան» (Սաղ. 73։26)։
ԵՐԳ 32 Եհովայի կողմը կանգնենք
a Ովքեր երկար ժամանակ պայքարում են տխրության և անհանգստության զգացման դեմ, թերևս մասնագիտական օգնության կարիք ունեն։ Լրացուցիչ տեղեկության համար տես 2023թ. «Դիտարանի» № 1 թողարկումը։