Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 օգոստոս էջ 20–25
  • Ինչպես հաղթել սխալ ցանկությունների դեմ պայքարում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես հաղթել սխալ ցանկությունների դեմ պայքարում
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «ՉԱՐՆ» ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ՍԽԱԼ ՄՏՔԵՐ ՈՒՆԵՆԱՆՔ
  • ՄԵՐ ՄԵՂՍԱՎՈՐ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԴՈՒՄ Է ՍԽԱԼ ՄՏՔԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ
  • ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ
  • «ՇԱՐՈՒՆԱԿ ՍՏՈՒԳԵՔ»
  • Զգոն եղիր, որ դիմակայես գայթակղությանը
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Մկրտությունից հետո շարունակիր հետևել Քրիստոսին
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ի՞նչ է արել Եհովան մեղավոր մարդկանց փրկելու համար
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպե՞ս դիմադրել գայթակղությանը
    2014 Արթնացե՛ք
Ավելին
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 օգոստոս էջ 20–25

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 35

ԵՐԳ 121 Ինքնատիրապետում դրսևորենք

Ինչպես հաղթել սխալ ցանկությունների դեմ պայքարում

«Թույլ մի՛ տվեք, որ մեղքը շարունակի իշխել ձեզ վրա և ստիպի ձեզ հնազանդվել ձեր մարմնի ցանկություններին» (ՀՌՈՄ. 6։12)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Ինչը կօգնի 1) պայքարել վհատության դեմ և 2) չտրվել գայթակղությանը։

1. Ինչի՞ դեմ են պայքարում անկատար մարդիկ։

ԵՐԲԵՎԷ ուժգին ցանկություն ունեցե՞լ ես անելու մի բան, ինչը, սակայն, Եհովային դուր չի գալիս։ Եթե ունեցել ես, ապա մի՛ մտածիր, որ քո փորձությունը ամենածանրն է։ Աստվածաշունչն ասում է. «Ձեզ հանդիպող փորձությունները այնպիսի փորձություններ են, որոնց ուրիշ մարդիկ էլ են բախվում» (1 Կորնթ. 10։13)։ Սա նշանակում է, որ ինչ սխալ ցանկության դեմ էլ պայքարես, դու միակը չես, ուրիշներն էլ են նման ցանկություններ ունենում։ Սակայն Եհովայի օգնությամբ դու կարո՛ղ ես հաղթանակ տանել այս պայքարում։

2. Ի՞նչ սխալ ցանկությունների դեմ գուցե պայքարեն որոշ քրիստոնյաներ և Աստվածաշունչը ուսումնասիրողներ (տես նաև նկարները)։

2 Աստվածաշնչում ասվում է. «Ամեն մեկը փորձվում է իր ցանկություններով տարվելու և հրապուրվելու պատճառով» (Հակ. 1։14)։ Մարդկանց տարբեր բաներ են հրապուրում։ Օրինակ՝ որոշ քրիստոնյաներ հնարավոր է՝ ցանկություն ունենան սեռական հարաբերություն ունենալ հակառակ սեռի անհատի հետ, ոմանք էլ՝ նույն սեռի անհատի հետ։ Իսկ նրանք, ովքեր ձերբազատվել են պոռնկագրություն դիտելու, թմրանյութեր օգտագործելու կամ ալկոհոլը չարաշահելու սովորությունից, գուցե ուժգին ցանկություն ունենան կրկին նույնն բանն անելու։ Սրանք ընդամենը մի քանիսն են այն ցանկություններից, որոնց դեմ պայքարում են որոշ քրիստոնյաներ և Աստվածաշունչը ուսումնասիրողներ։ Բոլորս էլ ունեցած կլինենք այն զգացումը, որը Պողոս առաքյալն ուներ։ Նա գրեց. «Երբ ուզում եմ ճիշտն անել, զգում եմ, որ իմ ներսում կա սխալն անելու հակում» (Հռոմ. 7։21)։

Գայթակղության կարող ենք բախվել անսպասելիորեն՝ ցանկացած պահի և ցանկացած վայրում (տես պարբերություն 2)c


3. Սխալ անելու տևական ցանկությունը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մարդու վրա։

3 Եթե երկար ժամանակ է՝ պայքարում ես սխալ ցանկության դեմ, գուցե քեզ անզոր զգաս, ասես անկարող ես դիմադրել գայթակղությանը։ Նաև գուցե անհույս զգաս՝ մտածելով, թե այդ սխալ ցանկության պատճառով չունես Եհովայի հավանությունը։ Համոզված եղիր, որ դրանք պարզապես քո զգացումներն են, իրականում դու ո՛չ անզոր ես, ո՛չ էլ անհույս։ Բացատրելու համար, թե ինչու ենք այդպես ասում, այս հոդվածում կքննենք հետևյալ երկու հարցերը. 1) որտեղի՞ց են ծնունդ առնում անզորության և հուսալքության զգացումները, և 2) ինչպե՞ս կարող ենք հաղթել սխալ ցանկությունների դեմ պայքարում։

«ՉԱՐՆ» ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ՍԽԱԼ ՄՏՔԵՐ ՈՒՆԵՆԱՆՔ

4. ա) Ինչո՞ւ է Սատանան ցանկանում, որ մեզ անզոր զգանք։ բ) Ինչո՞ւ ենք համոզված, որ կարող ենք հաղթել սխալ ցանկությունների դեմ պայքարում։

4 Սատանան ուզում է՝ մտածենք, որ ի զորու չենք հաղթելու սխալ ցանկությունների դեմ պայքարում։ Հիսուսն ընդգծեց այդ միտքը, երբ իր հետևորդներին սովորեցրեց, թե ինչպես աղոթեն՝ ասելով. «Մի՛ թող, որ հանձնվենք փորձության ժամանակ, այլ ազատիր մեզ Չարից» (Մատթ. 6։13)։ Սատանան հարցականի տակ դրեց փորձությունների ժամանակ Եհովային հնազանդվելու մարդու պատրաստակամությունը (Հոբ 2։4, 5)։ Ի՜նչ զավեշտալի է, չէ՞. Սատանան ինքը տրվեց իր իսկ ցանկությանը և չուզեց հավատարիմ մնալ Եհովային։ Ակնհայտ է, որ նա մտածում է, թե մենք իր նման ենք և թե գայթակղության բախվելիս առանց տատանվելու կուրանանք Եհովային։ Սատանան նույնիսկ կարծում էր, թե Աստծու կատարյալ Որդին կտրվի գայթակղությանը (Մատթ. 4։8, 9)։ Բայց մտածիր. իսկապե՞ս անզոր ենք սխալ ցանկությունների դեմ պայքարում։ Ամենևի՛ն։ Պողոս առաքյալը գրեց. «Ինձ զորացնողի շնորհիվ ես ի զորու եմ անելու ամեն ինչ» (Փիլիպ. 4։13)։ Որքա՜ն տեղին են այս խոսքերը։

5. Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան վստահ է, որ մենք կարող ենք հաղթել սխալ ցանկությունների դեմ պայքարում։

5 Ի տարբերություն Սատանայի՝ Եհովան վստահ է, որ մենք կարող ենք չտրվել սխալ ցանկություններին։ Որտեղի՞ց գիտենք։ Եհովան նախապես ասել է, որ անարատ մարդկանց մի մեծ բազմություն փրկվելու է մեծ նեղությունից։ Մտածիր. Եհովան, ով չի կարող ստել, ասում է, որ մարդկանց մի մեծ խումբ (ոչ թե պարզապես մի քանի հոգի), մտնելու է նոր աշխարհ՝ «իրենց զգեստները լվացած ու սպիտակեցրած Գառան արյունով»։ Այս խոսքերից երևում է, որ Աստված նրանց մաքուր է համարելու (Հայտն. 7։9, 13, 14)։ Հստակ է, որ Եհովան մեզ անզոր չի համարում սխալ ցանկությունների դեմ պայքարում։

6-7. Ինչո՞ւ է Սատանան ցանկանում, որ սխալ ցանկությունների դեմ պայքարում հուսալքվենք։

6 Սատանան ցանկանում է, որ մենք ոչ միայն անզոր զգանք մեզ, այլև անհույս՝ մտածելով, թե սխալ ցանկություն ունենալն արդեն բավական է Եհովայի հավանությունից զրկվելու համար։ Բայց զավեշտն այն է, որ իրականում Սատանան է անհույս վիճակում, ում Եհովան զրկել է հավիտենական կյանքից և դատապարտել կործանման (Ծննդ. 3։15; Հայտն. 20։10)։ Անկասկած, Սատանան ցանկանում է, որ մենք անհույս լինենք, հատկապես այն պատճառով, որ հնարավորություն ունենք ստանալու այն օրհնությունը, որից նա զրկվել է։ Սակայն մենք չպետք է հուսահատվենք, քանի որ Աստվածաշունչը հավաստիացնում է, որ Եհովան ուզում է օգնել մեզ, ոչ թե դատապարտել։ Նա «չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ ցանկանում է, որ բոլորը զղջան» (2 Պետ. 3։9)։

7 Ուստի եթե մենք հավատանք, որ սխալ ցանկությունների դեմ պայքարում անզոր ենք կամ անհույս, Սատանան հասած կլինի իր նպատակին։ Այդ բանի գիտակցումը կօգնի մեզ վճռական լինել դիմադրելու նրան (1 Պետ. 5։8, 9)։

ՄԵՐ ՄԵՂՍԱՎՈՐ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԴՈՒՄ Է ՍԽԱԼ ՄՏՔԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ

8. Սխալ գործերից բացի՝ ի՞նչ է ներառում մեղքը (Սաղմոս 51։5; տես նաև «Բառամեկնությունը»)։

8 Սատանայից բացի՝ կա ևս մեկ բան, որի պատճառով սխալ ցանկությունների դեմ պայքարում գուցե մեզ անզոր ու անհույս զգանք։ Դա մեր մեղսավոր վիճակն է, որը ժառանգել ենք մեր նախածնողներից (Հոբ 14։4; կարդա Սաղմոս 51։5)։a

9-10. ա) Մեղսավոր դառնալը ի՞նչ ազդեցություն ունեցավ Ադամի ու Եվայի վրա (տես նաև նկարը)։ բ) Մեղսավոր էությունն ի՞նչ ազդեցություն է ունենում մեզ վրա։

9 Ուշադրություն դարձնենք, թե մեղսավոր դառնալը ինչ ազդեցություն ունեցավ Ադամի ու Եվայի վրա։ Եհովայի դեմ ըմբոստանալուց հետո նրանք թաքնվեցին ու փորձեցին ծածկել իրենց մարմինը։ Սրա վերաբերյալ «Աստվածաշնչի ըմբռնում» հանրագիտարանը հետևյալ մեկնաբանությունն է անում. «Մեղքի պատճառով նրանք մեղավորության, անհանգստության, անապահովության և ամոթի զգացում ունեցան»։ Ադամն ու Եվան ասես փակված լինեին մի տանը, որտեղ միայն այդ չորս սենյակները կային։ Նրանք կարող էին սենյակից սենյակ գնալ, բայց տնից դուրս գալ չէին կարող. մեղսավոր էությունից նրանք չէին կարող փախչել։

10 Ինչ խոսք, մեր հանգամանքները նույնը չեն, ինչ Ադամինն ու Եվայինն էին։ Փրկագնի շնորհիվ, որը չի ազդում այդ զույգի վրա, մեր մեղքերը ներվում են, և խիղճը՝ մաքրվում (1 Կորնթ. 6։11)։ Այնուամենայնիվ, մենք անկատարություն ենք ժառանգել։ Ուստի զարմանալի չէ, որ մենք էլ մեղավորության, անհանգստության, անապահովության և ամոթի զգացում ենք ունենում։ Աստվածաշունչն ասում է, որ մեղքը շարունակում է մարդկությանը իր ճիրաններում պահել, «նույնիսկ նրանց.... ովքեր չեն գործել այնպիսի մեղք, ինչպիսին Ադամի օրինազանցությունն էր» (Հռոմ. 5։14)։ Որքան էլ հիասթափեցնող թվա այս իրողությունը, այն չպետք է մեր մեջ անզոր ու անհույս լինելու զգացում առաջացնի։ Մենք կարո՛ղ ենք ճնշել բացասական զգացումները։ Տեսնենք, թե ինչպես։

Ադամն ու Եվան ամոթով հեռանում են Եդեմի պարտեզից։ Նրանց հագին կաշվից հագուստ է։

Մեղքի պատճառով Ադամն ու Եվան մեղավորության, անհանգստության, անապահովության և ամոթի զգացում ունեցան (տես պարբերություն 9)


11. Ի՞նչ պետք է անենք, երբ անզորության զգացում ենք ունենում, և ինչո՞ւ (Հռոմեացիներ 6։12)։

11 Երբ թվում է, թե անզոր ենք պայքարել սխալ ցանկությունների դեմ, պետք է հիշենք, որ իրականում մեր մեղսավոր էությունն է դա մեզ «ասում», և մենք չպետք է լսենք նրան։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ չպետք է թույլ տանք, որ մեղքը մեզ վրա «իշխի որպես թագավոր» (կարդա Հռոմեացիներ 6։12; ծնթ.)։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք որոշել չտրվել սխալ ցանկություններին (Գաղ. 5։16)։ Եհովան համոզված է, որ մենք կկարողանանք դիմադրել գայթակղությանը, հակառակ դեպքում մեզ նման բան չէր պատվիրի (2 Օրենք 30։11-14; Հռոմ. 6։6; 1 Թեսաղ. 4։3)։ Հստակ է, որ մարդն ի զորու է պայքարել սխալն անելու ցանկության դեմ։

12. Ի՞նչ պետք է անենք, երբ հուսալքության զգացում ենք ունենում, և ինչո՞ւ։

12 Նմանապես՝ երբ հուսալքության զգացում ենք ունենում՝ մտածելով, թե սխալ ցանկություն ունենալն արդեն բավական է Եհովայի հավանությունից զրկվելու համար, կրկին հիշենք, որ իրականում մեր մեղսավոր էությունն է դա մեզ «ասում», և մենք չպետք է լսենք նրան։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Եհովան գիտի, որ մեր էությունը մեղսավոր է (Սաղ. 103։13, 14)։ Նա «ամեն ինչ գիտի» մեր մասին, այդ թվում այն, թե մեր ժառանգած մեղքն ինչպես է ազդել մեզ վրա, ինչի պատճառով մենք սխալ հակումներ ունենք (1 Հովհ. 3։19, 20)։ Ուստի քանի դեռ շարունակում ենք պայքարել մեղավոր հակումների դեմ՝ չտրվելով սխալ ցանկություններին, մաքուր ենք Եհովայի աչքում։ Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել դրանում։

13-14. Արդյո՞ք զուտ մեր սխալ ցանկությունների պատճառով չենք կարող ունենալ Եհովայի հավանությունը։ Բացատրիր։

13 Աստվածաշունչը տարբերակում է սխալ բաներ անելը (ինչը կարող ենք վերահսկել) սխալ բաներ ցանկանալուց (ինչը թերևս ինքնաբերաբար լինի)։ Օրինակ՝ Կորնթոսում ապրող առաջին դարի քրիստոնյաներից ոմանք նախկինում համասեռամոլ էին եղել։ Պողոսը գրեց. «Ձեզնից ոմանք հենց այդպիսին էին»։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ նրանք այլևս համասեռամոլությամբ զբաղվելու ցանկություն չեն ունեցել։ Անիրատեսական կլինի այդպես մտածելը, քանի որ նման ցանկությունները խորը արմատացած են լինում մարդու մեջ։ Սակայն այն քրիստոնյաները, որոնք ինքնատիրապետում էին դրսևորում և չէին վարվում իրենց ցանկությունների համաձայն, Եհովայի բարեհաճությունն ունեին։ Աստված նրանց մաքուր էր համարում (1 Կորնթ. 6։9-11)։ Նույնը վերաբերում է քեզ։

14 Անկախ նրանից, թե ինչ սխալ ցանկությունների դեմ ես պայքարում, դու կարող ես հաղթանակ տանել։ Նույնիսկ եթե քեզ չի հաջողվում ձերբազատվել դրանցից, դու կարող ես ինքնատիրապետում դրսևորել և չիրագործել «[քո] մարմնի մեղավոր ցանկություններն ու [քո] մտքերը» (Եփես. 2։3)։ Ի՞նչը կօգնի քեզ դա անել և արդյունքում սանձել քո սխալ ցանկությունները։

ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ

15. Ինքներս մեզ հետ ազնիվ լինելը ինչո՞ւ է կարևոր սխալ ցանկությունների դեմ պայքարում հաղթելու համար։

15 Սխալ ցանկությունների դեմ պայքարում հաղթելու համար պետք է ընդունես, որ թուլություններ ունես, և իմանաս, թե դրանք որոնք են։ Զգույշ եղիր, որ ինքդ քեզ չխաբես «սխալ դատողությամբ» (Հակ. 1։22)։ Եթե նվազեցնես խնդրի լրջությունը, օրինակ՝ մտածելով, թե՝ «Ուրիշներն ինձնից շատ են խմում», կամ ուրիշներին մեղադրես քո խնդրի մեջ՝ ասելով, թե՝ «Պոռնկագրություն դիտելու ցանկություն չէի ունենա, եթե կինս ավելի շատ սեր ցուցաբերեր իմ հանդեպ», հեշտությամբ կտրվես գայթակղությանը։ Ուստի անգամ քո մտքում մի՛ փորձիր արդարացնել բռնածդ սխալ ուղին։ Պատասխանատու եղիր արարքներիդ համար (Գաղ. 6։7)։

16. Ինչպե՞ս կարող ես ամրացնել ճիշտն անելու վճռականությունդ։

16 Բացի ինքդ քեզ հետ ազնիվ լինելուց՝ պետք է նաև ամրացնես թուլություններին չտրվելու վճռականությունդ (1 Կորնթ. 9։26, 27; 1 Թեսաղ. 4։4; 1 Պետ. 1։15, 16)։ Նկատիր, թե ինչն է քեզ խոցելի դարձնում, և թե երբ ես առավել հակված լինում սխալ բան անելու։ Գուցե դա կոնկրետ գայթակղություն է, կամ օրվա մեջ որոշակի ժամի հավանականությունն ավելի մեծ է, որ կտրվես դրան։ Օրինակ՝ հնարավոր է՝ դու ավելի խոցելի ես դառնում, երբ հոգնած ես, կամ ուշ գիշեր է։ Կանխատեսիր գայթակղությունը և նախապես որոշիր, թե ինչպես ես դրան արձագանքելու։ Գայթակղությանը պետք է նախապես պատրաստվել (Առակ. 22։3)։

17. Ի՞նչ ենք սովորում Հովսեփի օրինակից (Ծննդոց 39։7-9; տես նաև նկարները)։

17 Ուշադրություն դարձնենք, թե ինչպես էր վարվում Հովսեփը, երբ Պետափրեսի կինը փորձում էր հրապուրել նրան։ Հովսեփը անմիջապես և վճռականորեն մերժում էր նրա անբարո առաջարկները (կարդա Ծննդոց 39։7-9)։ Սրանից եզրակացնում ենք, որ նախքան Պետափրեսի կինը կփորձեր գայթակղեցնել Հովսեփին, նա արդեն հստակ տեսակետ ուներ, թե ինչպես է պետք վերաբերվել ուրիշի կնոջը։ Նմանապես՝ տեղին կլինի, որ ամրացնես ճիշտն անելու վճռականությունդ նախքան գայթակղության առաջ կանգնելը։ Նման իրավիճակում քեզ համար ավելի հեշտ կլինի վարվել այն որոշման համաձայն, որն արդեն կայացրել ես։

Համակցված նկարներ։ 1. Հովսեփը փախչում է Պետափրեսի կնոջից՝ նրա ձեռքում թողնելով իր հագուստը։ 2. Դպրոցում պատանի եղբայրը մերժում է մի աղջկա ռոմանտիկ առաջարկը։

Հովսեփի նման անմիջապես դիմադրիր գայթակղությանը (տես պարբերություն 17)


«ՇԱՐՈՒՆԱԿ ՍՏՈՒԳԵՔ»

18. Ի՞նչը կօգնի քեզ հաղթել սխալ ցանկությունների դեմ պայքարում (2 Կորնթացիներ 13։5)։

18 Սխալ ցանկությունների դեմ պայքարում հաղթելու համար պետք է «շարունակ ստուգես» ինքդ քեզ, այսինքն՝ կանոնավոր ինքնաքննություն անես (կարդա 2 Կորնթացիներ 13։5)։ Ժամանակ առ ժամանակ քննիր, թե ինչ մտածելակերպ ունես ու ինչպես ես վարվում, և անհրաժեշտ փոփոխություններ արա։ Օրինակ՝ անգամ եթե կարողացել ես դիմադրել որևէ գայթակղության, հարցրու ինքդ քեզ. «Ինչքա՞ն ժամանակ պահանջվեց «ոչ» ասելու համար»։ Եթե գիտակցում ես, որ դա անմիջապես չես արել, մի՛ մեղադրիր քեզ։ Փոխարենը պատրաստվիր հաջորդ անգամ ավելի արագ արձագանքել։ Մտածիր հետևյալ հարցերի շուրջ. «Կարո՞ղ եմ ավելի արագ վանել անպատշաճ մտքերը։ Արդյո՞ք այնպիսի զվարճություն եմ ընտրում, որի պատճառով դժվարանում եմ դիմադրել գայթակղությանը։ Հայացքս անմիջապես թեքո՞ւմ եմ անբարո տեսարաններից։ Հասկանո՞ւմ եմ, որ Եհովայի չափանիշները միշտ իմ օգտի համար են, անգամ եթե դրանց հնազանդվելու համար պետք է ինքնատիրապետում դրսևորեմ» (Սաղ. 101։3)։

19. Փոքր թվացող անխոհեմ որոշումները ինչպե՞ս կարող են դժվարացնել սխալ ցանկությունների դեմ պայքարը։

19 Հարկավոր է նաև խուսափել սխալ վարքը արդարացնելուց։ Աստվածաշունչն ասում է. «Սրտից ավելի նենգ բան չկա. այն ամեն ինչի ընդունակ է» (Երեմ. 17։9)։ Հիսուսն ասաց, որ սրտից են բխում «մեղավոր մտքերը» (Մատթ. 15։19)։ Օրինակ՝ անհատը, ով դադարել է պոռնկագրություն դիտել, գուցե որոշ ժամանակ անց մտածի, որ ցանկահարույց նկարներ նայելը վտանգավոր չէ, քանի որ դրանցում ակնհայտ մերկ պատկերներ չկան, կամ թերևս մտածի. «Սխալ բան չկա անպատշաճ ֆանտազիաներ ունենալու մեջ, քանի դեռ դրանք չեմ իրագործում»։ Կարելի է ասել՝ այդ մարդու նենգ սիրտը «ծրագրում է [կատարել] մարմնի ցանկությունները» (Հռոմ. 13։14; ծնթ.)։ Ինչպե՞ս կարող ես խուսափել դրանից։ Հասկացիր, թե որ փոքր որոշումներն են անխոհեմ, որոնց հետևանքով ավելի լուրջ հարցերում սխալ որոշումներ կկայացնես՝ տրվելով գայթակղությանը, և ճիշտ որոշում կայացրու։b Նաև վանիր այն «մեղավոր մտքերը», որոնց պատճառով հակված կլինես արդարացնելու սխալ վարքդ։

20. Ապագայում ի՞նչ է սպասում մեզ, և ի՞նչ աջակցություն ունենք այսօր։

20 Ինչպես տեսանք, Եհովայի օգնությամբ մենք ի զորու ենք դիմադրելու գայթակղությանը։ Բացի այդ՝ շնորհիվ նրա գթասրտության մենք հույս ունենք հավիտյան ապրելու նոր աշխարհում։ Մենք անչափ ուրախ կլինենք ծառայել Եհովային մաքուր մտքով և մաքուր սրտով։ Բայց մինչ այդ կարող ենք համոզված լինել, որ սխալ ցանկությունների դեմ պայքարում ո՛չ անզոր ենք, ո՛չ էլ անհույս։ Եհովան կօրհնի մեր ջանքերը և մենք կհաղթենք այդ պայքարում։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Ի՞նչը կօգնի մեզ ճնշել անզորության և հուսալքության զգացումները։

  • Ինչպե՞ս կարող ենք թույլ չտալ, որ մեղքը մեզ վրա «իշխի որպես թագավոր»։

  • Ինչպե՞ս կարող ենք «շարունակ ստուգել» ինքներս մեզ։

ԵՐԳ 122 Լինենք հաստատուն, անսասան

a ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Աստվածաշնչում մեղք բառը վերաբերում է արարքին, օրինակ՝ գողությանը, անբարոյականությանը կամ սպանությանը (Ելք 20։13-15; 1 Կորնթ. 6։18)։ Սակայն աստվածաշնչյան որոշ համարներում «մեղք» բառը վերաբերում է այն վիճակին, որը մենք ժառանգել ենք, նույնիսկ եթե դեռ որևէ մեղք չենք գործել։

b Նկատի առնենք, որ Առակներ 7։7-23 համարներում նշված երիտասարդը փոքր անխոհեմ որոշումներ կայացրեց, ինչի հետևանքով ավելի լուրջ հարցում սխալ որոշում կայացրեց և ընկավ սեռական անբարոյության ծուղակը։

c ՆԿԱՐ։ Ձախ կողմում։ Սրճարանում նստած եղբայրը նկատում է, թե ինչպես են երկու տղամարդիկ իրար սիրահետում։ Աջ կողմում։ Քույրը տեսնում է մի տղամարդու և մի կնոջ, ովքեր ծխում են։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը