21 հոկտեմբերի, երեքշաբթի
Ով որ մինչև վերջ դիմանա, կփրկվի (Մատթ. 24։13)։
Մտածիր համբերատար լինելու օգուտների մասին։ Համբերատար մարդիկ ավելի երջանիկ են ու հանգիստ։ Ուստի համբերատար լինելը կարող է բարելավել մեր հոգեկան ու ֆիզիկական առողջությունը։ Բացի այդ՝ ավելի լավ փոխհարաբերություններ ենք ունենում մարդկանց հետ։ Այդպես նաև նպաստում ենք ժողովի միասնությանը։ Եվ երբ ինչ-որ մեկը սադրում է մեզ, մենք «չենք շտապում բարկանալ» և իրավիճակը ավելի չենք սրում (Սաղ. 37։8; Առակ. 14։29)։ Իսկ որ ամենակարևորն է, մենք ընդօրինակում ենք մեր երկնային Հորը և ավելի ենք մտերմանում նրա հետ։ Համբերատարությունը իրոք որ գրավիչ և օգտակար հատկություն է։ Թեև երբեմն դժվար է համբերատար լինել, բայց Եհովայի օգնությամբ մենք կարող ենք զարգացնել այս հատկությունը։ Մինչ համբերությամբ սպասում ենք նոր աշխարհին, մենք համոզված ենք, որ «Եհովան իր աչքը իրենից վախեցողների վրա է պահում, նրանց վրա, ովքեր իր հավատարիմ սիրուն են ապավինում» (Սաղ. 33։18)։ Եկեք բոլորս նպատակ դնենք համբերատարություն զարգացնել և միշտ դրսևորել այն։ w23.08, էջ 22, պրբ. 7; էջ 25, պրբ. 16-17
22 հոկտեմբերի, չորեքշաբթի
Առանց գործերի [հավատը] մեռած է (Հակ. 2։17)։
Հակոբոսը նշեց, որ մարդը գուցե պնդի, թե հավատ ունի, բայց նրա գործերը այլ բանի մասին խոսեն (Հակ. 2։1-5, 9)։ Նա խոսեց նաև մի մարդու մասին, ով տեսնում էր, որ իր եղբայրը կամ քույրը հագուստ և բավականաչափ ուտելիք չունի, բայց ոչ մի գործնական օգնություն չէր ցուցաբերում նրան։ Անգամ եթե այդ մարդը պնդում էր, թե հավատ ունի, նա գործերով չէր փաստում դա, հետևաբար նրա հավատն անօգուտ էր (Հակ. 2։14-16)։ Հակոբոսը Ռախաբի մասին խոսեց որպես մեկի, ով գործերով փաստեց իր հավատը (Հակ. 2։25, 26)։ Նա լսել էր Եհովայի մասին և գիտեր, որ Եհովան աջակցում է իսրայելացիներին (Հեսու 2։9-11)։ Ռախաբը փաստեց իր հավատը գործերով, երբ պաշտպանեց երկու իսրայելացի լրտեսների, որոնց կյանքը վտանգի տակ էր։ Թեև այս անկատար կինը իսրայելացի չէր, սակայն արդար հայտարարվեց, ճիշտ ինչպես Աբրահամը։ Նրա օրինակը փաստում է, թե որքան կարևոր է, որ հավատը դրսևորվի գործերով։ w23.12, էջ 5-6, պրբ. 12-13
23 հոկտեմբերի, հինգշաբթի
Թող որ դուք խոր արմատներ ունենաք և կանգնած լինեք ամուր հիմքի վրա (Եփես. 3։17)։
Մենք չենք բավարարվում Աստվածաշնչի վերաբերյալ միայն մակերեսային գիտելիքներ ձեռք բերելով։ Եհովայի սուրբ ոգու օգնությամբ մղվում ենք սովորելու «նույնիսկ Աստծու խորունկ մտքերը» (1 Կորնթ. 2։9, 10)։ Անձնական ուսումնասիրության քո ծրագրի միջոցով փորձիր ավելի մտերմանալ Եհովայի հետ։ Օրինակ՝ փնտրտուքներ արա այն թեմայով, թե ինչպես է Եհովան անցյալում սեր ցուցաբերել իր ծառաների հանդեպ, և թե ինչպես է դա փաստում, որ նա սիրում է նաև քեզ։ Կարող ես նաև ուսումնասիրել, թե որն էր երկրպագություն մատուցելու կարգը հին Իսրայելում և համեմատել այն այսօրվա ժողովներում գործող կարգի հետ։ Կամ էլ խորությամբ ուսումնասիրիր այն մարգարեությունները, որոնք Հիսուսը կատարեց իր երկրային կյանքի և ծառայության ընթացքում։ Վստահ ենք՝ մեծ ուրախություն կստանաս, եթե «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկի օգնությամբ ուսումնասիրես այդ նյութերը։ Աստվածաշնչի խոր անձնական ուսումնասիրություն անելը կամրացնի քո հավատը, և կօգնի, որ «Աստծու մասին գիտելիքներ գտնես» (Առակ. 2։4, 5)։ w23.10, էջ 18-19, պրբ. 3-5