22 հոկտեմբերի, չորեքշաբթի
Առանց գործերի [հավատը] մեռած է (Հակ. 2։17)։
Հակոբոսը նշեց, որ մարդը գուցե պնդի, թե հավատ ունի, բայց նրա գործերը այլ բանի մասին խոսեն (Հակ. 2։1-5, 9)։ Նա խոսեց նաև մի մարդու մասին, ով տեսնում էր, որ իր եղբայրը կամ քույրը հագուստ և բավականաչափ ուտելիք չունի, բայց ոչ մի գործնական օգնություն չէր ցուցաբերում նրան։ Անգամ եթե այդ մարդը պնդում էր, թե հավատ ունի, նա գործերով չէր փաստում դա, հետևաբար նրա հավատն անօգուտ էր (Հակ. 2։14-16)։ Հակոբոսը Ռախաբի մասին խոսեց որպես մեկի, ով գործերով փաստեց իր հավատը (Հակ. 2։25, 26)։ Նա լսել էր Եհովայի մասին և գիտեր, որ Եհովան աջակցում է իսրայելացիներին (Հեսու 2։9-11)։ Ռախաբը փաստեց իր հավատը գործերով, երբ պաշտպանեց երկու իսրայելացի լրտեսների, որոնց կյանքը վտանգի տակ էր։ Թեև այս անկատար կինը իսրայելացի չէր, սակայն արդար հայտարարվեց, ճիշտ ինչպես Աբրահամը։ Նրա օրինակը փաստում է, թե որքան կարևոր է, որ հավատը դրսևորվի գործերով։ w23.12, էջ 5-6, պրբ. 12-13
23 հոկտեմբերի, հինգշաբթի
Թող որ դուք խոր արմատներ ունենաք և կանգնած լինեք ամուր հիմքի վրա (Եփես. 3։17)։
Մենք չենք բավարարվում Աստվածաշնչի վերաբերյալ միայն մակերեսային գիտելիքներ ձեռք բերելով։ Եհովայի սուրբ ոգու օգնությամբ մղվում ենք սովորելու «նույնիսկ Աստծու խորունկ մտքերը» (1 Կորնթ. 2։9, 10)։ Անձնական ուսումնասիրության քո ծրագրի միջոցով փորձիր ավելի մտերմանալ Եհովայի հետ։ Օրինակ՝ փնտրտուքներ արա այն թեմայով, թե ինչպես է Եհովան անցյալում սեր ցուցաբերել իր ծառաների հանդեպ, և թե ինչպես է դա փաստում, որ նա սիրում է նաև քեզ։ Կարող ես նաև ուսումնասիրել, թե որն էր երկրպագություն մատուցելու կարգը հին Իսրայելում և համեմատել այն այսօրվա ժողովներում գործող կարգի հետ։ Կամ էլ խորությամբ ուսումնասիրիր այն մարգարեությունները, որոնք Հիսուսը կատարեց իր երկրային կյանքի և ծառայության ընթացքում։ Վստահ ենք՝ մեծ ուրախություն կստանաս, եթե «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկի օգնությամբ ուսումնասիրես այդ նյութերը։ Աստվածաշնչի խոր անձնական ուսումնասիրություն անելը կամրացնի քո հավատը, և կօգնի, որ «Աստծու մասին գիտելիքներ գտնես» (Առակ. 2։4, 5)։ w23.10, էջ 18-19, պրբ. 3-5
24 հոկտեմբերի, ուրբաթ
Ամենից առաջ ուժգին սեր ունեցեք իրար հանդեպ, որովհետև սերը ծածկում է բազմաթիվ մեղքերը (1 Պետ. 4։8)։
Պետրոս առաքյալի օգտագործած «ուժգին» թարգմանված բառը հունարեն բառացի նշանակում է «ձգված»։ Համարի երկրորդ մասում ասվում է, որ այդպիսի սերը կարող է ծածկել մեր հավատակիցների մեղքերը։ Դա կարող ենք պատկերացնել հետևյալ կերպ։ Մենք երկու ձեռքով բռնում ենք սերը, որն ասես ձգվող կտոր լինի, և այնքան ենք ձգում, որ դրանով կարողանանք ծածկել ոչ թե մեկ կամ երկու, այլ «բազմաթիվ մեղքեր»։ Ներելը նկարագրվում է «ծածկել» բառով։ Ինչպես կտորը կարող է ծածկել առարկայի վրայի բծերը, այնպես էլ սերը կարող է ծածկել ուրիշների թերությունները և անկատարության դրսևորումները։ Մեր հավատակիցների հանդեպ սերը այնքան ամուր պետք է լինի, որ կարողանանք ներել նրանց բացթողումները, նույնիսկ եթե այդպես վարվելը երբեմն դժվար է (Կող. 3։13)։ Ներելով կփաստենք, որ ուժգին սեր ունենք և ցանկանում ենք հաճեցնել Եհովային։ w23.11, էջ 10-11, պրբ. 13-15