1 օգոստոսի, ուրբաթ
Շատ են արդարի դժվարությունները, բայց Եհովան այդ ամենից նրան ազատում է (Սաղ. 34։19)։
Այսօրվա խոսքի սաղմոսում երկու կարևոր միտք է ընդգծվում՝ 1) արդար մարդիկ խնդիրներ են ունենում, և 2) Եհովան ազատում է մեզ մեր խնդիրներից։ Ինչպե՞ս է նա անում դա։ Օրինակ՝ օգնում է մեզ իրատեսորեն նայել կյանքին։ Թեև Աստված խոստանում է, որ իրեն ծառայելը մեզ ուրախություն կբերի, սակայն չի երաշխավորում, որ հիմա անհոգ կյանք կունենանք (Ես. 66։14)։ Եհովան հորդորում է մեզ կենտրոնանալ ապագայի վրա՝ այն ժամանակների, երբ հավիտյան կապրենք այնպիսի կյանքով, ինչպիսին որ նա ի սկզբանե նախատեսել էր (2 Կորնթ. 4։16-18)։ Բայց մինչ այդ նա ամեն օր աջակցում է մեզ (Ողբ 3։22-24)։ Ինչ կարող ենք սովորել անցյալի և մերօրյա Աստծու հավատարիմ ծառաների օրինակներից։ Հնարավոր է՝ նրանց պես մենք էլ բախվենք անսպասելի խնդիրների։ Բայց եթե մեր հույսը Եհովայի վրա դնենք, նա երբեք չի լքի մեզ (Սաղ. 55։22)։ w23.04, էջ 14-15, պրբ. 3-4
2 օգոստոսի, շաբաթ
Հպատակվ[եք] իշխանություններին (Հռոմ. 13։1)։
Մենք շատ բան կարող ենք սովորել Հովսեփի ու Մարիամի օրինակից, ովքեր պատրաստ էին հնազանդվել իշխանություններին, անգամ երբ այդպես վարվելը անհարմարություններ էր ստեղծում իրենց համար (Ղուկ. 2։1-6)։ Երբ Մարիամը հղիության իններորդ ամսում էր, Հռոմի Օգոստոս կայսրը հրամայեց, որ մարդահամար անցկացվի։ Նրանք պետք է գնային Բեթլեհեմ՝ անցնելով մոտ 150 կիլոմետր (93 մղոն) ձգվող բլրոտ տարածքով։ Նրանք թերևս անհանգստանում էին Մարիամի և իրենց դեռ չծնված երեխայի անվտանգության մասին։ Ի՞նչ կլիներ, եթե ճամփորդության ընթացքում սկսվեր ծննդաբերությունը. չէ՞ որ Մարիամն իր արգանդում ապագա Մեսիային էր կրում։ Արդյո՞ք նրանք այս իրավիճակը որպես արդարացում կօգտագործեին կառավարությանը չհնազանդվելու համար։ Նրանք թույլ չտվեցին, որ այդ մտահոգությունները ազդեին օրենքին հնազանդվելու իրենց որոշման վրա։ Եհովան օրհնեց նրանց հնազանդությունը. նրանք անվտանգ հասան Բեթլեհեմ, Մարիամը լույս աշխարհ բերեց առողջ երեխայի և այդպիսով նպաստեց աստվածաշնչյան մարգարեության կատարմանը (Միք. 5։2)։ w23.10, էջ 8, պրբ. 9; էջ 9, պրբ. 11-12
3 օգոստոսի, կիրակի
Քաջալերենք միմյանց (Եբր. 10։25)։
Լարվո՞ւմ ես ժողովում մեկնաբանություն տալու մտքից։ Գուցե օգտակար համարես լավ նախապատրաստվել (Առակ. 21։5)։ Որքան լավ հասկանաս նյութը, այնքան ձեռք բարձրացնելը հեշտ կլինի։ Նաև կարող ես կարճ մեկնաբանություն տալ (Առակ. 15։23; 17։27)։ Այդպես ավելի քիչ կլարվես։ Քո բառերով կարճ մեկնաբանություն տալով՝ ցույց կտաս, որ պատրաստված ես և լավ ես հասկանում նյութը։ Հնարավոր է՝ այս առաջարկները կիրառելուց հետո էլ քեզ համար դժվար լինի մեկ կամ երկու անգամից ավելի մեկնաբանություն տալ։ Համոզված եղիր, որ Եհովան գնահատում է այն, որ անկեղծորեն ձգտում ես քո լավագույնն անել (Ղուկ. 21։1-4)։ Իհարկե, լավագույնն անել չի նշանակում անել ավելին, քան կարող ես (Փիլիպ. 4։5)։ Փորձիր հասկանալ, թե որն է քո լավագույնը, և նպատակ դիր, որ անես դա։ Այնուհետև աղոթիր, որ լարվածությունդ անցնի։ Գուցե սկզբում նպատակ դնես, որ առնվազն մեկ կարճ մեկնաբանություն տաս։ w23.04, էջ 21, պրբ. 6-8