Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 7/1 էջ 14–18
  • Նա իր սիրտը բացեց Աստծու առաջ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նա իր սիրտը բացեց Աստծու առաջ
  • 2010 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչու էր նրա սիրտը տխուր
  • Նրա երեսից տրտմությունը վերացավ
  • Մեր Աստծու պես վեմ չկա
  • Նա իր սիրտը բացեց Աստծու առաջ
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Աննան աղոթում է, որ որդի ունենա
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Ինչպես Աննան սրտի խաղաղություն գտավ
    2007 Դիտարան
  • Թող Եհովայի մխիթարությունները փաղաքշեն հոգիդ
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2010 Դիտարան
w10 7/1 էջ 14–18

Ընդօրինակեք նրանց հավատը

Նա իր սիրտը բացեց Աստծու առաջ

ԱՆՆԱՆ պատրաստություններ էր տեսնում ճամփորդության համար՝ փորձելով չկենտրոնանալ իր խնդիրների վրա։ Ամեն տարի նրա ամուսինը՝ Եղկանան, իր ամբողջ ընտանիքի հետ գնում էր Սելով՝ տաճարում Եհովային երկրպագություն մատուցելու համար։ Նման տոնակատարությունները պետք է որ ուրախ առիթներ լինեին, քանի որ Եհովան հենց այդ նպատակով էր դրանք հաստատել (Բ Օրինաց 16։15)։ Աննան, անկասկած, մանկուց սիրում էր դրանք։ Սակայն վերջին տարիներին նրա կյանքում ամեն ինչ փոխվել էր։

Աննան սիրող ու հոգատար ամուսին ուներ։ Սակայն նրա ամուսինը մի կին էլ ուներ, որի կյանքի միակ նպատակը ասես Աննային վշտացնելն էր։ Այդ կինը՝ Փենանան, նույնիսկ այնպես էր անում, որ Աննան ոչ թե հաճույք ստանար տարեկան տոնակատարություններից, այլ խոր ցավ ապրեր։ Ի՞նչ էր անում Փենանան՝ իր նպատակին հասնելու համար։ Իսկ Եհովայի հանդեպ հավատն ինչպե՞ս օգնեց Աննային՝ դիմանալու իր անտանելի թվացող դժվարություններին։ Եթե դու էլ ես բախվում խնդիրների, որոնք խլում են ուրախությունդ, Աննայի օրինակն, անկասկած, կարող է քաջալերական լինել քեզ համար։

Ինչու էր նրա սիրտը տխուր

Աստվածաշունչն ասում է, որ Աննան երկու մեծ խնդիր ուներ։ Առաջին խնդիրը լուծելու համար նա գուցե կարողանար որևէ բան անել, սակայն երկրորդ խնդիրը լուծելն իր ուժերից վեր էր։ Առաջին խնդիրն այն էր, որ իր ամուսնու մյուս կինը ատում էր իրեն։ Իսկ երկրորդ խնդիրը՝ նա ամուլ էր։ Ինչ խոսք, ցանկացած կնոջ համար, որն ուզում է երեխա ունենալ, դժվար է համակերպվել ամուլ լինելու մտքի հետ։ Սակայն դա հատկապես դժվար էր Աննայի համար, քանի որ նրա օրերում շատ կարևոր էր երեխա ունենալը, որպեսզի ազգատոհմը շարունակվեր։ Ուստի ամուլ լինելը խայտառակություն էր։ Այո՛, Աննային խոր ցավ էր պատճառում իր վիճակը։

Աննան գուցե կարողանար կրել այս նախատինքը, եթե չլիներ Փենանան։ Բազմակնության պատճառով ընտանիքում միշտ բազմաթիվ խնդիրներ էին ծագում։ Մրցակցության ոգին, լարված մթնոլորտը և վիրավորված զգացմունքները սովորական բնույթ էին կրում այդպիսի ընտանիքներում։ Մինչդեռ մենամուսնության դեպքում, որը հաստատել էր Եհովան Եդեմի պարտեզում, ընտանիքը զերծ էր նման խնդիրներիցa (Ծննդոց 2։24)։ Հստակ է, որ Աստվածաշունչը մռայլ գույներով է ներկայացնում բազմակնությունը, և Եղկանայի ընտանիքի պատկերն էլ զերծ չէր այդ գույներից։

Համաձայն հրեական ավանդության՝ Եղկանան սկզբում Աննայի հետ է ամուսնացել, իսկ մի քանի տարի հետո՝ Փենանայի։ Անկախ նրանից՝ այդ ավանդությունը ճիշտ է, թե ոչ, ակնհայտ է, որ Եղկանան ավելի շատ Աննային էր սիրում։ Իսկ Փենանան նախանձում էր Աննային և միջոցներ էր փնտրում նրան ցավ պատճառելու։ Փենանան մի առավելություն ուներ. նա ամուլ չէր։ Եղկանայի համար նա երեխաներ էր ծնում և ամեն մի երեխայի ծննդից հետո ավելի էր մեծամտանում։ Փոխանակ Աննային խղճալու և մխիթարելու՝ Փենանան նրա վերքի վրա աղ էր լցնում։ Աստվածաշնչում ասվում է, որ նա Աննային սաստիկ զայրացնում էր ու վշտացնում (Ա Թագաւորաց 1։6)։ Նա միտումնավոր ուզում էր Աննային ցավ պատճառել, և դա նրան հաջողվում էր։

Ամենամյա ճամփորդությունը դեպի Սելով կարծես Փենանայի ամենասիրած առիթներից մեկն էր, որ Աննային վշտացներ։ Եվ ահա ստեղծվեց հարմար առիթը։ Եղկանան Փենանային և նրա երեխաներին Եհովային մատուցած զոհից նրանց բաժինը տվեց, իսկ Աննային, որն անզավակ էր, միայն «մէկ բաժին տուեց»։ Փենանան Աննային այնքան նեղեց՝ անընդհատ հիշեցնելով նրան իր անզավակ լինելու մասին, որ Աննան սկսեց լաց լինել ու ոչինչ չկերավ։ Եղկանան նկատեց, որ իր սիրելի կինը տխուր է և չի ուտում, ուստի փորձեց նրան սփոփել՝ ասելով. «Աննա, ի՞նչու ես լաց լինում, եւ ի՞նչու չես ուտում, եւ ի՞նչու համար սիրտդ այդպէս տրտում է. մի՞թէ ես քեզ համար տասը որդիից լաւ չեմ» (Ա Թագաւորաց 1։4, 5 էԹ, 6–8)։

Ինչ խոսք, Եղկանան լավ ամուսին էր։ Նա հասկացավ, որ Աննայի վշտի պատճառը իր ամուլ լինելն է, և վստահեցրեց նրան իր սիրո մեջ։ Աննայի համար, անշուշտ, մեծ նշանակություն ունեին այդ խոսքերըb։ Բայց Փենանայի վատ վերաբերմունքի մասին Եղկանան չխոսեց, և ոչ էլ Աննան իր ամուսնուն պատմեց այդ մասին։ Հավանաբար նա գիտեր, որ Փենանայի արարքների մասին պատմելով՝ միայն ավելի կսրեր իրավիճակը։ Եղկանան կկարողանա՞ր ինչ-որ բան փոխել։ Մի՞թե Փենանան ավելի չէր չարանա Աննայի դեմ, ու մի՞թե նրա երեխաներն ու ծառաները չէին հետևի նրա օրինակին։ Աննան իր տանը իրեն կզգար ինչպես մի վտարանդի։

Անկախ նրանից՝ Եղկանան ամեն բան գիտեր Փենանայի վատ վերաբերմունքի մասին, թե ոչ, Եհովան ամեն ինչ տեսնում էր։ Նրա Խոսքում գրված են այդ պատմության բոլոր մանրամասները։ Սա պետք է նախազգուշացում լինի բոլոր նրանց համար, ովքեր նույնիսկ մի փոքր տեղ են տալիս նախանձին կամ ատելությանը։ Միևնույն ժամանակ պետք է որ մխիթարի բոլոր նրանց, ովքեր Աննայի պես անմեղ են և խաղաղասեր, քանի որ Եհովան արդար Աստված է և ամեն տեսակի անարդարություն վերացնում է ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով (Բ Օրինաց 32։4)։ Ըստ երևույթին, Աննան լավ գիտեր այդ մասին, քանի որ դժվար իրավիճակում օգնության համար դիմեց Եհովային։

Նրա երեսից տրտմությունը վերացավ

Այդ օրը վաղ առավոտյան Եղկանայի ընտանիքը եռուզեռի մեջ էր։ Բոլորը, նույնիսկ երեխաները պատրաստվում էին ճանապարհ ընկնել։ Սելով հասնելու համար այս մեծ ընտանիքը պետք է ավելի քան 30 կիլոմետր անցներ Եփրեմի լեռնային տարածքովc։ Ոտքով այդ ճանապարհը անցնելու համար սովորաբար մեկ կամ երկու օր էր պահանջվում։ Աննան լավ գիտեր, թե Փենանան ինչպես կարող էր իր հետ վարվել։ Սակայն Աննայի համար դա պատճառ չէր, որ տանը մնար։ Նա հիանալի օրինակ է Աստծու ժամանակակից երկրպագուների համար։ Անմտություն կլինի թույլ տալ, որ ուրիշի սխալ վարքը խանգարի մեզ երկրպագել Աստծուն, որովհետև եթե այդպես վարվենք, չենք ստանա այն օրհնությունները, որոնք կարող են օգնել մեզ դիմանալու մեր դժվարություններին։

Մի ամբողջ օր լեռնային ոլորուն ճանապարհներով անցնելուց հետո նրանք վերջապես մոտեցան Սելով քաղաքին։ Հեռվից երևաց քաղաքը՝ բլրի գագաթին բազմած և շրջապատված բարձր բլուրներով։ Մինչ նրանք մոտենում էին, Աննան հավանաբար մտորում էր այն մասին, թե ինչ պետք է ասի Եհովային իր աղոթքում։ Երբ տեղ հասան, ընտանիքը ճաշի նստեց։ Աննան, հարմար պահ ընտրելով, իսկույն Եհովայի խորանը գնաց։ Հեղի քահանայապետը նստած էր խորանի մուտքի մոտ։ Սակայն Աննան իր մտքերով էր տարված։ Այստեղ՝ խորանում, նա իրեն ավելի վստահ էր զգում։ Նա համոզված էր, որ Եհովան կլսի իր աղոթքը։ Եթե նույնիսկ ոչ ոք չկարողանար հասկանալ, թե որքան թշվառ վիճակում է նա, իր երկնային Հայրը անպատճառ կհասկանար։ Աննան այլևս չկարողացավ զսպել սրտի մորմոքը և սկսեց լաց լինել։

Հեծկլտոցից ցնցվում էր նրա ողջ մարմինը։ Նա մտքում Եհովային էր աղոթում։ Շուրթերը դողում էին, երբ իր ցավն էր պատմում Աստծուն։ Նա երկա՜ր աղոթք արեց՝ սիրտը դատարկելով Հոր առաջ։ Աննան խնդրեց Աստծուն, որ օրհնի իրեն՝ զավակ պարգևելով։ Սակայն նա նաև երդվեց, որ եթե որդի ունենա, կնվիրի Եհովային, որպեսզի ողջ կյանքում նրան ծառայի Ա Թագաւորաց 1։9–11)։

Աղոթելու հարցում Աննան հրաշալի օրինակ է Աստծու բոլոր ծառաների համար։ Եհովա Աստված հրավիրում է իր առջև բացելու մեր սիրտը և պատմելու մեր բոլոր մտահոգությունները, ինչպես որ երեխան է վստահում իր սիրելի ծնողին ու նրան ամեն ինչ պատմում (Սաղմոս 62։8; 1 Թեսաղոնիկեցիներ 5։17)։ Պետրոս առաքյալը սուրբ ոգուց ներշնչված հետևյալ մխիթարական խոսքերը գրեց. «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7)։

Ինչ խոսք, մարդիկ չեն կարող Եհովա Աստծու պես այդքան հասկացող ու կարեկից լինել։ Մինչ Աննան արտասվալից աղոթում էր, հանկարծ մի ձայն լսեց։ Հեղին էր՝ քահանայապետը, որն ուշադիր հետևում էր նրան։ Հեղին նկատել էր, թե ինչպես են դողում Աննայի շուրթերը և թե ինչպես է նա հեկեկում։ Սակայն հարցնելու փոխարեն, թե ինչ է պատահել՝ նա իսկույն եզրակացրեց, թե Աննան հարբած է։ Նա ասաց. «Մինչեւ ե՞րբ պիտի արբածութիւն անես. գինովութիւնդ թող» (Ա Թագաւորաց 1։12–14)։

Այս ծանր պահին որքա՜ն կարող էր վիրավորել Աննային այդ անհիմն մեղադրանքը, այն էլ այնպիսի մարդու կողմից, որն Աստծու առաջ պատվավոր դիրք ուներ։ Այնուամենայնիվ Աննան դարձյալ հավատի սքանչելի օրինակ թողեց։ Նա թույլ չտվեց, որ մարդու անկատարությունը կանգնի իր ու Եհովայի միջև։ Նա հարգալից կերպով պատասխան տվեց Հեղիին և բացատրեց իր վիճակը։ Այդ ժամանակ Հեղին, հավանաբար հասկանալով իր սխալը, մեղմ տոնով ասաց նրան. «Գնա խաղաղութեամբ, եւ Իսրայէլի Աստուածը տայ քո խնդրուածքը, ինչ որ նորանից խնդրեցիր» (Ա Թագաւորաց 1։15–17)։

Խորանում իր սիրտը Աստծու առաջ բացելուց և նրան երկրպագություն անելուց հետո Աննան ինչպիսի՞ սրտով հեռացավ այնտեղից։ Նրա մասին կարդում ենք. «Կինը գնաց իր ճանապարհը եւ կերաւ, եւ երեսը այլ եւս տրտում չէր» (Ա Թագաւորաց 1։18)։ Աննան թեթևացած էր։ Ասես իր ծանր բեռը ուսերից իջեցրել ու ավելի ուժեղ մեկի՝ իր երկնային Հոր ուսերին էր դրել (Սաղմոս 55։22)։ Իսկ կա՞ մի բան, որ չափազանց ծանր լինի նրա համար։ Իհարկե ոչ. չի եղել, չկա, և չի էլ լինի։

Երբ ընկճված ու տրտմած լինենք, թող որ մեր սիրտն էլ Աննայի պես բացենք Աստծու՝ աղոթք Լսողի առաջ (Սաղմոս 65։2)։ Եթե հավատով աղոթենք, մեր տրտմությունը նույնպես կփոխարինվի «Աստծու խաղաղությամբ, որը գերազանցում է ամեն միտք» (Փիլիպպեցիներ 4։6, 7)։

Մեր Աստծու պես վեմ չկա

Հաջորդ օրը՝ առավոտյան, Աննան Եղկանայի հետ դարձյալ եկավ Աստծու խորան։ Ամենայն հավանականությամբ նա պատմել էր ամուսնուն իր խնդրանքի և երդման մասին։ Ըստ Մովսիսական օրենքի՝ ամուսինը իրավունք ուներ անվավեր դարձնելու կնոջ երդումը, որը նա տվել էր առանց ամուսնու հետ խորհրդակցելու (Թուոց 30։10–15)։ Սակայն այդ հավատարիմ մարդն այդպիսի բան չարեց։ Փոխարենը՝ մինչ տունդարձի ճամփան կբռնեին, նա Աննայի հետ միասին խորանում երկրպագեց Եհովային։

Այդ օրվանից հետո Աննան այլևս «տրտում չէր». նա երջանիկ էր։ Իսկ թե Փենանան երբ հասկացավ, որ ինքն այլևս չի կարող վշտացնել Աննային, հայտնի չէ։ Բայց մի բան պարզ է. նա շուտով տեսավ, որ իր նենգ ծրագրերը ոչ մի արդյունք չեն ունենում։ Աստվածաշնչում նրա մասին այլևս չի խոսվում։

Աննան ներքին խաղաղություն էր վայելում և շատ չանցած՝ նաև մեծ ուրախություն ապրեց։ Նա հղի էր։ Երբ արու զավակ ծնեց, նրա անունը Սամուել դրեց, որը նշանակում է «Աստծու անունը», քանի որ չէր մոռացել, թե ում շնորհիվ էր այդ օրհնությունը ստացել։ Հավանաբար նա այսպես անվանեց իր որդուն՝ հիշելով, որ իր աղոթքում Աստծու անունն էր կանչել։ Այդ տարի Աննան Եղկանայի հետ չգնաց Սելով, այլ երեխայի հետ տանը մնաց։ Նա երեք տարի կերակրեց նրան, մինչև որ երեխան կաթից կտրվեց։ Այդ ընթացքում նա իրեն նախապատրաստում էր այն օրվան, երբ բաժանվելու էր իր սիրելի որդուց։

Բաժանումը հեշտ չէր լինելու։ Իհարկե Աննան գիտեր, որ խորանում ծառայողները, այդ թվում նաև այնտեղ ծառայող կանայք հոգ կտանեին Սամուելի մասին։ Բայց չէ՞ որ Սամուելը դեռ շատ փոքր էր։ Ո՞ր մի մայրը չէր կարոտի իր փոքրիկին։ Այնուամենայնիվ, երբ Աննան ու Եղկանան տղային բերեցին Սելով, նրանց սրտերը լի էին երախտագիտությամբ, ոչ թե դժկամությամբ։ Նրանք զոհեր մատուցեցին Աստծու տանը և Սամուելին ներկայացրին Հեղի քահանայապետին՝ հիշեցնելով նրան տարիներ առաջ Աննայի տված երդման մասին։

Դրանից հետո Աննան դարձյալ աղոթքով դիմեց Աստծուն, և Աստված արժանի համարեց, որ այն գրի առնվի իր ներշնչյալ Խոսքում։ Ա Թագաւորաց 2։1–10 համարներն ընթերցելիս յուրաքանչյուր տողում կնկատես, թե որքան մեծ հավատ ուներ Աննան։ Նա փառաբանեց Եհովային՝ խոսելով այն մասին, թե ինչ զարմանալի կերպով է նա օգտագործում իր զորությունը, ինչպես է խոնարհեցնում հպարտներին, օրհնում խեղճին, մարդկանց կյանքից զրկում կամ կյանք տալիս։ Նա գովաբանեց իր Հորը նրա անգերազանցելի սրբության, արդարության և հավատարմության համար։ Այո՛, Աննան ամեն պատճառ ուներ ասելու. «Մեր Աստուծոյ պէս վէմ չ’կայ»։ Եհովան վստահելի է և անփոփոխ, նա ապաստան է բոլոր ընկճվածների և հարստահարվածների համար, ովքեր իրենից օգնություն են խնդրում։

Փոքրիկ Սամուելը պետք է որ երջանիկ լիներ, որ իր մայրը Եհովայի հանդեպ այդպիսի մեծ հավատ ուներ։ Ամենայն հավանականությամբ նա կարոտում էր իր մորը, սակայն երբեք իրեն լքված չէր զգում ծնողների կողմից։ Ամեն տարի Աննան մի պատմուճան էր կարում Սամուելի համար և իր հետ բերում Սելով, որպեսզի նա հագներ խորանում ծառայություն անելիս։ Այդ պատմուճանի վրա արված ամեն մի կար խոսում էր որդու հանդեպ նրա մեծ սիրո և հոգատարության մասին (Ա Թագաւորաց 2։19)։ Կարող ենք մտովի պատկերացնել, թե ինչպես էր նա հագցնում որդուն նոր պատմուճանը, հարդարում այն, հետո հիացմունքով նայում նրան և քնքուշ ու քաջալերական խոսքեր ասում։ Սամուելի համար իրոք որ օրհնություն էր նման մայր ունենալը։ Նա էլ իր հերթին օրհնություն եղավ ոչ միայն իր ծնողների, այլև ամբողջ Իսրայելի համար։

Աննան նույնպես իրեն երբեք լքված չզգաց։ Եհովան օրհնեց նրան, և նա Եղկանայի համար ևս հինգ զավակ ծնեց (Ա Թագաւորաց 2։21)։ Սակայն Աննայի ամենամեծ օրհնությունը իր և իր Հոր՝ Եհովայի միջև ջերմ փոխհարաբերությունն էր, որը տարիների ընթացքում ավելի ու ավելի էր ամրանում։ Թող որ ընդօրինակելով Աննայի հավատը՝ դու էլ վայելես այն նույն օրհնությունը, որը վայելում էր նա։

[Ծանոթագրություններ]

a «Դիտարանի» 2009 թ. հուլիսի 1-ի համարի «Աստված հավանություն տալի՞ս է բազմակնությանը» հոդվածում (էջ 30) կարող եք կարդալ այն մասին, թե Աստված ինչու էր հանդուրժում բազմակնությունը։

b Չնայած Աստվածաշնչում գրված է, որ Եհովան «փակել էր» Աննայի արգանդը, սակայն ոչ մի տեղ չենք կարդում, որ Աստծու այս հավատարիմ և խոնարհ ծառան չուներ նրա հավանությունը (Ա Թագաւորաց 1։5)։ Պետք է հիշել, որ երբ Աստվածաշունչն ասում է, թե Աստված ինչ-որ բան է արել, երբեմն նկատի ունի, որ նա այդ բանը պարզապես թույլ է տվել որոշ ժամանակով։

c Այս հաշվարկը հիմնված է այն ենթադրության վրա, որ Եղկանայի հայրենի քաղաքը՝ Ռաման, Հիսուսի օրերի նույն Արիմաթեա քաղաքն է։

[Շրջանակ 17–րդ էջի վրա]

Աննայի երկու հիշարժան աղոթքները

Աննայի երկու աղոթքներում, որոնք արձանագրված են Ա Թագաւորաց 1։11 և 2։1–10 համարներում, կան ուշադրության արժանի մի շարք մտքեր։ Քննենք դրանցից մի քանիսը։

◼ Առաջին աղոթքում Աննան դիմում է «Զօրաց Տիրոջը»։ Աստվածաշնչի արձանագրության մեջ նա առաջին անձնավորությունն է, որ օգտագործել է այս տիտղոսը։ Այս արտահայտությունը Աստվածաշնչի «Արարատ» թարգմանության մեջ օգտագործվում է 247 անգամ և ցույց է տալիս Աստծու իշխանությունը իր անթիվ-անհամար ոգեղեն որդիների բանակի վրա։

◼ Երկրորդ աղոթքը ցույց է տալիս, որ Աննան ուրախությունից ցնծում է ոչ թե այն պատճառով, որ Փենանան այլևս չէր կարող վշտացնել իրեն, այլ որ Եհովան օրհնեց իրեն։ Դա երևում է այն բանից, որ նա այդ աղոթքն արեց ոչ թե իր որդու ծնվելուց հետո, այլ երբ իր ամուսնու հետ նրան տարավ Սելով, որպեսզի նրան նվիրի Եհովայի ծառայությանը։

◼ Երբ Աննան ասաց՝ «իմ եղջիւրը բարձրացաւ Տէրով», նա հավանաբար պատկերացրեց, թե ցուլն ինչպես է եղջյուրներով ցույց տալիս իր ուժը։ Աննան կարծես ասում էր. «Եհո՛վա, դու ինձ զորացրիր» (Ա Թագաւորաց 2։1)։

◼ Աստծու «օծեալի» վերաբերյալ Աննայի խոսքերը մարգարեական նշանակություն ունեն։ «Օծեալ» բառը նույն «մեսիա» բառն է, և Աննան Աստվածաշնչում հիշատակված մարդկանցից առաջինն է, որ այն օգտագործել է ապագա օծյալ թագավորի մասին խոսելիս (Ա Թագաւորաց 2։10)։

◼ Մոտավորապես 1000 տարի անց Հիսուսի մայրը՝ Մարիամը, Եհովային ուղղված իր փառաբանական աղոթքում այն նույն զգացմունքներն արտահայտեց, որոնք ունեցել է Աննան (Ղուկաս 1։46–55)։

[Նկար 16–րդ էջի վրա]

Աննան խոր ցավ էր ապրում իր ամուլ լինելու պատճառով, իսկ Փենանան նրան ավելի էր վշտացնում

[Նկար 16–րդ և 17–րդ էջերի վրա]

Կարո՞ղ ես ընդօրինակել Աննային՝ սրտանց աղոթելով Աստծուն

[Նկար 17–րդ էջի վրա]

Թեպետ Հեղին անարդարացիորեն մեղադրեց Աննային, սակայն նա չվիրավորվեց

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը