Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 8/15 էջ 20–24
  • Հոբ. տոկուն և անարատ մարդ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հոբ. տոկուն և անարատ մարդ
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հավատարմության հարց ու անարատության փորձություն
  • Անհասկացողություն և անհիմն փաստարկներ
  • Օգնություն՝ նեղության ժամանակ
  • «Հաւատարիմ եղիր»
  • Հոբը բարձր պահեց Եհովայի անունը
    2009 Դիտարան
  • «Չե՛մ թողնի անարատությունս»
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • «Հույսդ Եհովայի վրա դիր»
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Աստվածաշնչի գիրք համար 18. Հոբ
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
Ավելին
2006 Դիտարան
w06 8/15 էջ 20–24

Հոբ. տոկուն և անարատ մարդ

«Ուշադրութիւնդ դարձրի՞ր իմ ծառայ Հոբի վերայ, որ նորա նմանը չկայ երկրի վերայ՝ կատարեալ եւ ուղիղ մարդ, աստուածավախ եւ չարութիւնից հեռացող» (ՅՈԲ 1։8)։

1, 2. ա) Ի՞նչ անսպասելի դժբախտություններ պատահեցին Հոբին։ բ) Ինչպիսի՞ն էր Հոբի կյանքը նախքան այդ դժբախտությունները։

ԿԱՐ մի մարդ, որը կարծես ուներ ամեն ինչ. հարստություն, հեղինակություն, առողջություն և երջանիկ ընտանիք։ Բայց միանգամայն անսպասելի՝ դժբախտությունները մեկը մյուսի հետևից հարվածեցին նրան։ Մի ակնթարթում նա կորցրեց իր հարստությունը։ Հետո արտասովոր փոթորիկը խլեց նրա բոլոր երեխաների կյանքը։ Այնուհետև հյուծիչ հիվանդությունը նրա ամբողջ մարմինը ծածկեց ցավոտ ուռուցքներով։ Հավանաբար կռահեցիր, որ այդ մարդը Հոբն էր, անձնավորություն, որի անունով կոչվում է Աստվածաշնչի գրքերից մեկը («Յոբ», գլուխ 1 և 2)։

2 «Երանի՜ թե առաջի ամիսների պէս եւ այն օրերի պէս լինէի»,— հառաչեց Հոբը (Յոբ 3։3; 29։2)։ Երբ դժբախտություն է պատահում, ո՞վ երանի չի տալիս անցած օրերին։ Հոբը մաքուր կյանքով էր ապրել, և թվում էր, թե նա պաշտպանված էր չարիքից։ Իր ժամանակի անվանի մարդիկ հարգում էին նրան և խորհուրդ էին հարցնում նրանից (Յոբ 29։5–11)։ Նա հարուստ էր, բայց ճիշտ վերաբերմունք ուներ նյութականի հանդեպ (Յոբ 31։24, 25, 28)։ Երբ տեսնում էր կարիքավոր այրիների ու որբերի, օգնության ձեռք էր մեկնում (Յոբ 29։12–16)։ Ի լրումն այս ամենի՝ նա հավատարիմ ամուսին էր (Յոբ 31։1, 9, 11)։

3. Ինչպե՞ս Եհովան արտահայտվեց Հոբի մասին։

3 Հոբը անարատ կյանքով էր ապրում, քանի որ երկրպագում էր Աստծուն։ Եհովան նրա մասին ասաց. «Նորա նմանը չկայ երկրի վերայ՝ կատարեալ եւ ուղիղ մարդ, աստուածավախ եւ չարութիւնից հեռացող» (Յոբ 1։8)։ Նա բարոյապես անարատ մարդ էր, բայցևայնպես, նրան չարիք պատահեց, և նրա կյանքի անդորրը խաթարվեց։ Ամենը, ինչ Հոբը վաստակել էր, անհետացավ, նրա ինչպիսի անձնավորություն լինելը փորձվեց ցավով, տառապանքով և հուսալքությամբ։

4. Ինչո՞ւ արժե քննել Հոբի չարչարանքները։

4 Իհարկե, Հոբը Աստծու միակ ծառան չէ, որ այդպիսի չարչարանքներ կրեց։ Այսօր շատ քրիստոնյաներ նույնպես նման փորձությունների են բախվում։ Ուստի տեղին կլինի այս առնչությամբ քննել երկու հարց. «Հոբի տառապանքների մասին խորհրդածելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ ծանր իրավիճակում, և ինչպե՞ս կարող ենք ավելի կարեկից լինել նրանց նկատմամբ, ովքեր տառապում են»։

Հավատարմության հարց ու անարատության փորձություն

5. Ըստ Սատանայի՝ ինչո՞ւ էր Հոբը ծառայում Աստծուն։

5 Հոբի դեպքը բացառիկ էր։ Նա տեղյակ չէր, որ Սատանան հարցականի տակ է դրել Աստծուն ծառայելու իր մղումները։ Երկնային մի հավաքույթի ժամանակ, երբ Եհովան Բանսարկուի ուշադրությունը հրավիրեց Հոբի հրաշալի հատկությունների վրա, Սատանան ասաց. «Չէ՞ որ դու նորան, նորա տունը եւ նորա բոլոր ստացուածքը ցանկով շրջապատել ես»։ Այս խոսքերով Սատանան այն միտքը հայտնեց, թե Հոբի, և հետևաբար Աստծու մյուս բոլոր ծառաների, մղումները եսասիրական են։ Նա Եհովային ասաց. «Մեկնիր ձեռքդ եւ դպցրու նորա ամեն ստացուածքին. եւ տես թէ որ քո երեսին քեզ չ’հայհոյէ» (Յոբ 1։8–11)։

6. Ի՞նչ կարևոր հարց բարձրացրեց Սատանան։

6 Հարցը շատ կարևոր էր։ Սատանան կասկածի տակ դրեց այն, թե ինչպես է Եհովան բանեցնում իր իշխանությունը։ Իսկապե՞ս Աստված կարող է ղեկավարել տիեզերքը սիրով։ Կամ՝ արդյո՞ք եսասիրությունը միշտ կհաղթի, ինչպես որ Սատանան ակնարկեց։ Վստահ լինելով իր ծառայի հավատարմության և անարատության վրա՝ Եհովան թույլ տվեց, որ Բանսարկուն փորձի Հոբին. այդպիսով յուրօրինակ դատական նախադեպ կստեղծվեր։ Սատանան էր, որ մեկը մյուսի հետևից դժբախտություններ բերեց Հոբին։ Առաջին երկու դեպքում չկարողանալով կոտրել նրան՝ Սատանան Հոբին զարկեց ցավոտ հիվանդությամբ։ «Մորթի տեղ մորթ, նաեւ մարդս իր բոլոր ստացուածքն իր անձի տեղ կ’տայ»,— համոզված ասաց Բանսարկուն (Յոբ 2։4)։

7. Աստծու ծառաներն այսօր ի՞նչ փորձություններ են կրում, որոնք նման են Հոբի կրած փորձություններին։

7 Այսօր քրիստոնյաների մեծ մասը չի կրում այնպիսի տառապանքներ, ինչպիսիք որ Հոբին էին բաժին ընկել։ Բայցևայնպես նրանք տարբեր դժվարություններ են ունենում։ Շատերը հալածվում են կամ ընտանեկան խնդիրներ ունեն։ Ուրիշները տնտեսական զրկանքներ են կրում կամ վատառողջ են։ Ոմանք հանուն իրենց հավատի կորցրել են կյանքը։ Անշուշտ, չպետք է մտածենք, որ Սատանան է մեր ամեն մի դժբախտության պատճառը։ Իրականում որոշ խնդիրներ կարող են պայմանավորված լինել մեր իսկ սխալներով կամ ժառանգականությամբ (Գաղատացիս 6։7)։ Բացի այդ մենք դժվարություններ ենք ունենում ծերության, ինչպես նաև բնական աղետների պատճառով։ Աստվածաշունչը պարզորոշ բացատրում է, որ ներկայումս Եհովան հրաշքով չի պաշտպանում իր ծառաներին նեղություններից (Ժողովող 9։11)։

8. Ինչպե՞ս կարող է Սատանան օգտագործել մեր տառապանքները։

8 Բայցևայնպես Սատանան կարող է տառապանքներն օգտագործել՝ մեր հավատը թուլացնելու նպատակով։ Պողոս առաքյալը նշեց, որ ինքը տառապում է ‘մարմնի խայթի՝ սատանայի հրեշտակի’ պատճառով, որը ‘բռունցքով ծեծում է’ իրեն (Բ Կորնթացիս 12։7)։ Հնարավոր է՝ Պողոսն առողջական խնդիր ուներ. գուցե նրա տեսողությունն էր վատ։ Կամ նա ուներ այլ բնույթի խնդիր։ Ամեն դեպքում, Պողոսը հասկանում էր, որ Սատանան կարող է օգտվել այդ դժվարությունից և դրա պատճառած վհատությունից, որպեսզի խլի առաքյալի ուրախությունը և նրա անարատությունը կոտրի (Առակաց 24։10)։ Մեր օրերում Սատանան կարող է դրդել ընտանիքի անդամներին, դպրոցակիցներին և նույնիսկ բռնապետական կառավարություններին, որ նրանք որևէ ձևով հալածեն Աստծու ծառաներին։

9. Ինչո՞ւ չպետք է զարմանանք, երբ հալածվում ենք, կամ մեզ դժբախտություններ են պատահում։

9 Ինչպե՞ս կարող ենք հաջողությամբ դիմագրավել այդ դժվարությունները։ Մենք հաջողության կհասնենք, եթե դրանք դիտենք որպես հնարավորություն՝ ցույց տալու, որ միշտ սիրում ենք Եհովային և հնազանդվում նրա գերիշխանությանը (Յակոբոս 1։2–4)։ Ինչ էլ որ լինի տառապանքի պատճառը, մենք կարող ենք պահպանել մեր հոգևոր հավասարակշռությունը, եթե գիտակցենք Աստծուն նվիրված լինելու կարևորությունը։ Պետրոս առաքյալը քրիստոնյաներին գրեց. «Սիրելիներ, օտար բան մի համարէք այն բորբոքուած նեղութիւնը որ ձեզ փորձելու համար լինում է, իբր թէ մի օտար բան է պատահում ձեզ» (Ա Պետրոս 4։12)։ Իսկ Պողոսը բացատրեց. «Ամենը որ կամենում են աստուածպաշտութեամբ ապրիլ Քրիստոս Յիսուսումը, հալածանք պիտի կրեն» (Բ Տիմոթէոս 3։12)։ Սատանան շարունակում է փորձել Եհովայի վկաների անարատությունը, ինչպես որ վարվեց Հոբի հետ։ Ավելին, Աստվածաշունչը ցույց է տալիս, որ այս վերջին օրերում Սատանան էլ ավելի է ուժգնացրել իր հարձակումները Աստծու ժողովրդի վրա (Յայտնութիւն 12։9, 17)։

Անհասկացողություն և անհիմն փաստարկներ

10. Ի՞նչ չգիտեր Հոբը։

10 Հոբը չգիտեր այն, ինչ այսօր մենք գիտենք։ Նա չգիտեր իր չարչարանքների պատճառը և սխալ եզրակացության հանգեց՝ ասելով. «Տէրը տուաւ եւ Տէրն առաւ» (Յոբ 1։21)։ Հնարավոր է, որ Սատանան փորձեց այնպիսի տպավորություն ստեղծել Հոբի մեջ, թե Աստված է նրան տառապանքներ պատճառում։

11. Ինչպիսի՞ն էր Հոբի վերաբերմունքը դժբախտություններին։

11 Հոբը լիովին վհատվեց, թեպետև հրաժարվեց անիծել Աստծուն, ինչպես որ նրա կինն էր դրդում դա անելու (Յոբ 2։9, 10)։ «Ինչպես երևում է, ամբարիշտներն ինձանից ավելի լավ վիճակում են»,— ըստ էության, ասաց նա (Յոբ 21։7–9)։ «Ինչո՞ւ է Աստված ինձ պատժում»,— թերևս զարմանում էր Հոբը։ Նույնիսկ եղան պահեր, երբ նա պարզապես ցանկանում էր մահանալ։ Նա բացականչեց. «Երանի՜ թէ ինձ դժոխքումը ծածկէիր, թաքցնէիր մինչեւ քո բարկութեան անցնելը» (Յոբ 14։13)։

12, 13. Հոբի երեք ընկերների խոսքերն ինչպե՞ս էին ազդում նրա վրա։

12 Հոբը երեք ընկերներ ուներ, որոնք այցելեցին իրեն, որպեսզի իբրև թե «ցաւակից լինին եւ նորան մխիթարեն» (Յոբ 2։11)։ Բայց իրականում նրանք «ձանձրացուցիչ մխիթարողներ» էին (Յոբ 16։2)։ Հոբը կարող էր իր վշտերը պատմել ընկերներին, բայց այս երեք ընկերները ավելացրեցին Հոբի տառապանքները և էլ ավելի վհատեցրին նրան (Յոբ 19։2; 26։2)։

13 Հասկանալի է, որ Հոբը, հավանաբար, ինքն իրեն հարցնում էր. «Ինչո՞ւ դա հենց ինձ հետ պատահեց։ Ի՞նչ եմ արել ես»։ Նրա ընկերների տված բացատրությունները իրականությունից շատ հեռու էին։ Նրանք ասում էին, թե Հոբը ինչ–​որ մեղք է գործել և այդ պատճառով էլ տառապում է։ «Ո՞ր անմեղն է կորել,— հարցրեց Եղիփազը։— Ինչպէս որ տեսայ անօրէնութիւն հերկողները եւ անիրաւութիւն սերմանողները նոյնն են հնձում» (Յոբ 4։7, 8)։

14. Ինչո՞ւ չպետք է շտապենք մտածել, որ եթե մարդը տառապում է, ուրեմն պատճառը նրա սխալ քայլերն են։

14 Ինչ խոսք, խնդիրներ կարող են ծագել, եթե սերմում ենք մարմնի և ոչ թե ոգու մեջ (Գաղատացիս 6։7, 8)։ Այդուհանդերձ, իրերի այս համակարգում, անկախ մեր կատարած քայլերից, մենք անհանգստություններ կունենանք։ Բացի այդ, ճիշտ չի լինի մտածել, թե անմեղ մարդիկ պաշտպանված են բոլոր չարիքներից։ Հիսուս Քրիստոսը, որն «անարատ, մեղաւորներիցը ջոկուած» անձնավորություն էր, մահացավ տանջանքի ցցի վրա։ Հակոբոս առաքյալը նույնպես նահատակվեց (Եբրայեցիս 7։26; Գործք 12։1, 2)։ Եղիփազի և նրա երկու ընկերների անհիմն փաստարկները դրդեցին Հոբին պաշտպանել իր բարի անունը և ապացուցել անմեղությունը։ Բայցևայնպես նրանց համառ պնդումները, թե Հոբի տառապանքները միանգամայն տեղին են, թերևս ազդեցին Աստծու արդարության վերաբերյալ նրա ունեցած տեսակետի վրա (Յոբ 34։5; 35։2)։

Օգնություն՝ նեղության ժամանակ

15. Տառապանքներ կրելիս ինչպիսի՞ մտայնությունը մեզ կօգնի։

15 Ի՞նչ ենք սովորում Հոբի դեպքից։ Երբ մեզ դժբախտություններ են պատահում, հիվանդանում ենք կամ հալածվում, գուցե մտածենք, որ դա միանգամայն անարդարացի է։ Նայում ենք ուրիշներին, և թվում է, թե նրանք չունեն նման խնդիրներ (Սաղմոս 73։3–12)։ Այսպիսի պահերին կարող ենք ինքներս մեզ կարևոր հարցեր տալ. «Աստծու հանդեպ իմ ունեցած սերը մղո՞ւմ է ինձ ծառայել նրան՝ անկախ այն բանից, թե ինչ կպատահի։ Փափագո՞ւմ եմ հնարավորություն տալ Եհովային, որ նա ‘կարողանա պատասխան տալ իրեն անարգողին’» (Առակաց 27։11; Մատթէոս 22։37)։ Երբեք չպետք է թույլ տանք, որ ուրիշների անմիտ խոսքերը մեր մեջ կասկածի սերմեր ցանեն մեր երկնային Հոր հանդեպ։ Տարիներ շարունակ քրոնիկական հիվանդությամբ տառապող մի հավատարիմ քրիստոնյա ասաց. «Ես գիտեմ, որ ինչ էլ որ Եհովան թույլ տա, ամեն ինչ ի վերջո լավ կլինի։ Գիտեմ, որ նա կտա անհրաժեշտ զորությունը։ Նա միշտ էլ այդպես է արել»։

16. Ինչպե՞ս է Աստծու Խոսքն օգնում դժվարության մեջ գտնվողներին։

16 Սատանայի գործելակերպի վերաբերյալ մենք գիտենք այն, ինչ չգիտեր Հոբը։ Մենք «նորա խորհուրդներին [չար դիտավորություններին] անտեղեակ չենք» (Բ Կորնթացիս 2։11)։ Բացի այդ, այսօր ունենք գործնական իմաստության անսպառ աղբյուր՝ Աստվածաշունչը։ Այնտեղ պատմվում է հավատարիմ տղամարդկանց և կանանց մասին, որոնք դիմացել են ամենատարբեր դժվարությունների։ Պողոս առաքյալը, որը քրիստոնյաների մեծամասնությունից ավելի շատ է տառապել, գրեց. «Ինչ որ գրուեցաւ՝ մեր սովորելու համար գրուեցաւ, որ համբերութեամբ եւ գրքերի մխիթարութեամբը յոյսն ունենանք» (Հռովմայեցիս 15։4)։ Եվրոպայում ապրող մի Եհովայի վկա, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բանտարկվել էր հավատի համար, իր երեք օրվա մթերաբաժինը փոխանակեց Աստվածաշնչի հետ։ «Ինչքա՜ն ճիշտ էր այդպես վարվելը,— ասում է նա։— Ես քաղցած մնացի, բայց հոգևորապես կուշտ էի՝ ունենալով մի կերակուր, որը զորացրեց ինձ և ուրիշների այդ ծանր ժամանակներում։ Այդ Աստվածաշունչը մինչև օրս պահել եմ»։

17. Ի՞նչ կերպերով է Աստված օգնում մեզ։

17 Բացի Աստվածաշնչից, որը մեզ մխիթարում է, մենք ունենք նաև Գրությունների ուսումնասիրության համար նախատեսված բազմաթիվ ձեռնարկներ, որոնք կարող են օգնել խնդիրները լուծելու հարցում։ ««Դիտարանի» հրատարակությունների ցանկի» միջոցով դու թերևս կարողանաս գտնել այնպիսի դեպքեր, որտեղ պատմվում է քո իրավիճակում գտնվող քրիստոնյաների մասին (Ա Պետրոս 5։9)։ Քեզ համար օգտակար կլինի նաև կարեկից երեցների կամ այլ հասուն քրիստոնյաների հետ զրուցելը։ Իսկ ամենակարևորը, կարող ես աղոթքով ապավինել Եհովային և նրա սուրբ ոգուն։ Ինչպե՞ս Պողոսը դիմացավ Սատանայի ‘բռնցքահարություններին’։ Նա սովորեց ապավինել Աստծու զորությանը (Բ Կորնթացիս 12։9, 10)։ «Ամէն բանի կարող եմ անով՝ որ զիս զօրացուց»,— գրեց նա (Փիլիպպեցիս 4։13, ԱԱ)։

18. Ինչպե՞ս կարող են հավատակիցները քաջալերանքի մեծ աղբյուր լինել։

18 Ինչպես տեսնում ենք, օգնությունը մատչելի է, ուստի մի հապաղիր այն ստանալու։ «Եթէ նեղութեան օրը թուլացար [կամ՝ վհատվեցիր], ոյժդ նեղ կ’լինի»,— ասվում է Առակաց 24։10–ում։ Ինչպես որ տերմիտները կարող են փայտե տան փլուզման պատճառ լինել, այնպես էլ վհատությունը կարող է քայքայել քրիստոնյաների անարատությունը։ Որպեսզի ի վիճակի լինենք այս վտանգին հակազդելու, Եհովան մեզ նեցուկ է լինում մեր հավատակիցների միջոցով։ Հիսուսի բանտարկվելու գիշերը հրեշտակը եկավ և զորացրեց նրան (Ղուկաս 22։43)։ Պողոսին՝ որպես բանտարկյալի, տանում էին Հռոմ, և նա «Աստուածանից գոհացաւ եւ քաջութիւն առաւ», երբ հանդիպեց եղբայրներին Ապփիոսի շուկայի հրապարակում և Երեք իջևանների մոտ (Գործք 28։15)։ Մի գերմանացի Վկա մինչև օրս հիշում է, թե ինչ օգնություն ստացավ, երբ ինքը, որ այդ ժամանակ պատանի աղջիկ էր, վախը սրտում մտավ Ռավենսբրյուկի համակենտրոնացման ճամբար։ Նա պատմում է. «Քրիստոնյա մի քույր իսկույն գտավ ինձ և սրտանց ողջունեց։ Մեկ ուրիշ քույր էլ ինձ իր հոգածության տակ առավ և դարձավ իմ հոգևոր մայրը»։

«Հաւատարիմ եղիր»

19. Ի՞նչն օգնեց Հոբին՝ դիմադրելու Սատանային։

19 Եհովան Հոբին անվանեց մի անձնավորություն, որը «բռնած է իր կատարելութիւնը [«անարատությունը», ՆԱ]» (Յոբ 2։3)։ Չնայած Հոբը հուսահատված էր և չգիտեր իր տառապանքների պատճառը, նա մի պահ անգամ չտատանվեց հավատարմություն դրսևորելու հարցում, ինչը շատ կարևոր էր։ Նա չհրաժարվեց այն ամենից, ինչի համար որ իր ամբողջ կյանքն ապրել էր։ Հոբը համոզվածությամբ ասաց. «Մինչեւ մեռնելս չեմ ձգելու ինձանից իմ ուղղութիւնը [«անարատությունը», ՆԱ]» (Յոբ 27։5)։

20. Ինչո՞ւ արժե տոկալ։

20 Նման վճռականությունը կօգնի նաև մեզ՝ պահպանելու մեր անարատությունը ցանկացած պարագայում՝ փորձության, հակառակության կամ ինչ–​որ դժբախտության ժամանակ։ Զմյուռնիայի ժողովին Հիսուսն ասաց. «Մի վախենար այն բաներիցը որ կրելու ես. ահա բանսարկուն ձեզանից բանտի մէջ է գցելու, որ փորձուիք, եւ նեղութիւն կ’ունենաք տասն օր. հաւատարիմ եղիր մինչեւ ի մահ, եւ կեանքի պսակը կ’տամ քեզ» (Յայտնութիւն 2։10)։

21, 22. Փորձությունների ժամանակ ինչի՞ մասին հիշելը կարող է մխիթարել մեզ։

21 Քանի դեռ ապրում ենք Սատանայի կողմից ղեկավարվող այս համակարգում, մեր տոկունությունն ու անարատությունը փորձության կենթարկվեն։ Բայց, Հիսուսը մեզ հավաստիացնում է, որ մենք, նայելով ապագային, վախենալու ոչ մի պատճառ չունենք։ Ամենակարևորն այն է, որ հավատարիմ մնանք մինչև վերջ։ Պողոսն ասաց, որ ‘մեր նեղությունը’ կարճատև է, մինչդեռ ‘փառքը’, կամ՝ այն պարգևը, որ Եհովան խոստանում է մեզ, շատ ավելի գերազանց կշիռ ունի և հավիտենական է (Բ Կորնթացիս 4։17 ՆԱ, 18)։ Նույնիսկ Հոբի նեղությունները կարճատև էին՝ համեմատած փորձությունից առաջ և հետո նրա վայելած բազմաթիվ երջանիկ տարիների հետ (Յոբ 42։16)։

22 Բայցևայնպես, կյանքում կարող են լինել պահեր, երբ թվում է՝ փորձություններն անվերջանալի են, իսկ տառապանքները՝ անտանելի։ Հաջորդ հոդվածում կքննենք, թե տոկունություն զարգացնելու վերաբերյալ ինչ հավելյալ դասեր կարող ենք քաղել Հոբի հետ պատահածից։ Նաև կտեսնենք, թե ինչպես կարող ենք ամրապնդել փորձության մեջ եղողներին։

Ինչպե՞ս կպատասխանեիք

• Հոբի անարատության հետ կապված ի՞նչ սկզբունքային հարց բարձրացրեց Սատանան։

• Ինչո՞ւ չպետք է զարմանանք, երբ հալածանք ենք կրում։

• Ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ տոկալ։

[նկարներ 23-րդ էջի վրա]

Ուսումնասիրություն անելը, հասուն քրիստոնյաների հետ զրուցելը և աղոթքների միջոցով մեր սիրտը Եհովայի առջև բացելը կօգնի մեզ տոկալ

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը