Հավասարակշռված տեսակետ ունեցիր ալկոհոլի օգտագործման հարցում
«Ծաղրող է գինին, խռովարար՝ ցքին. եւ ամեն ով որ դորանցով մոլորուի՝ իմաստուն չի լինիլ» (ԱՌԱԿԱՑ 20։1)։
1. Սաղմոսերգուն ինչպե՞ս հայտնեց իր երախտագիտությունը Եհովայի տված պարգևներից մի քանիսի համար։
«ԱՄԵՆ բարի տուրք, եւ ամեն կատարեալ պարգեւ վերեւիցն է իջնում լոյսի Հօրիցը»,— գրեց Հակոբոս աշակերտը (Յակոբոս 1։17)։ Աստծո բազմաթիվ բարիքների համար երախտագիտությամբ լցված՝ սաղմոսերգուն երգեց. «[Նա] խոտ է բուսցնում անասունների համար. եւ բանջար մարդի օգտի համար. որ հաց հանես երկրիցը։ Եւ գինի, որ ուրախացնում է մարդի սիրտը, նորա երեսը փայլեցնում է իւղից. եւ հաց, որ հաստատում է մարդի սիրտը» (Սաղմոս 104։14, 15)։ Բանջարեղենի, հացի և յուղի պես՝ գինին ու մյուս ոգելից խմիչքները ևս Աստծո հրաշալի պարգևներն են։ Ինչպե՞ս պետք է օգտվենք դրանցից։
2. Ի՞նչ հարցեր ենք քննարկելու ալկոհոլի օգտագործման վերաբերյալ։
2 Հաճելի պարգևը լավ բան է միայն այն դեպքում, երբ դրանից ճիշտ են օգտվում։ Օրինակ՝ մեղրը «լաւ է», մինչդեռ «շատ մեղր ուտելը լաւ չէ» (Առակաց 24։13; 25։27)։ Նմանապես, «մի քիչ գինի» խմելը կարող է հաճելի լինել, մինչդեռ ալկոհոլի չարաշահումը լուրջ պրոբլեմ է (Ա Տիմոթէոս 5։23)։ «Ծաղրող է գինին, խռովարար՝ ցքին [ոգելից խմիչքը],— զգուշացնում է Աստվածաշունչը.— եւ ամեն ով որ դորանցով մոլորուի՝ իմաստուն չի լինիլ» (Առակաց 20։1)։ Իսկ ի՞նչ է նշանակում ‘մոլորվել’ ալկոհոլով։a Ի՞նչ քանակության ալկոհոլ օգտագործելն է չափից շատ։ Այս հարցում ո՞րն է հավասարակշռված տեսակետը։
Ինչպե՞ս է անհատը ‘մոլորվում’ ալկոհոլով
3, 4. ա) Ի՞նչն է ցույց տալիս, որ հարբելու աստիճան խմելը դատապարտվում է Աստվածաշնչում։ բ) Որո՞նք են հարբածության նշաններից մի քանիսը։
3 Հին Իսրայելում եթե որդին դառնում էր չզղջացող «որկրամոլ ու գինեմոլ» (ԱԱ), պետք է նրան քարկոծելով սպանեին (Բ Օրինաց 21։18–21)։ Պողոս առաքյալը խրախուսեց քրիստոնյաներին. «Գրեցի ձեզ՝ չ’խառնուիլ, որ եթէ մէկը, որ եղբայր է անուանուած, լինի պոռնիկ, կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ արբեցող, կամ յափշտակող, այնպիսիին հետ հաց էլ չ’ուտել»։ Հստակ է, որ հարբելու աստիճան խմելը դատապարտվում է Աստվածաշնչում (Ա Կորնթացիս 5։11; 6։9, 10)։
4 Նկարագրելով հարբածության նշանները՝ Աստվածաշունչն ասում է. «Մի նայիր գինիին, որ կարմրի է տալիս, որ բաժակի մէջ աչքով է անում, որ ուղիղ ուղիղ ինքն իրան գնում է. նա վերջը օձի պէս կ’կծէ, եւ իժի պէս կ’ծակէ։ Աչքերդ օտար կնիկների կ’նայեն [«տարօրինակ բաներ կտեսնեն», ՆԱ] եւ սիրտդ ծուռումուռ բաներ կ’խօսէ» (Առակաց 23։31–33)։ Չափից շատ խմելը ‘կծում’ է թունավոր օձի պես՝ առաջ բերելով սրտխառնոց, մտքերի շփոթ, նույնիսկ գիտակցության կորուստ։ Հարբած մարդը գուցե «տարօրինակ բաներ» տեսնի, այսինքն՝ զգայախաբության մեջ ընկնի։ Նա գուցե չկարողանա տիրապետել ինքն իրեն ու սկսի «ծուռումուռ» մտքեր ու ցանկություններ արտահայտել, ինչը չէր անի սթափ վիճակում։
5. Ի՞նչ առումով է ալկոհոլի չարաշահումը վնասակար։
5 Կարո՞ղ է արդյոք անվնաս լինել այն, որ անհատը չափից շատ ալկոհոլ օգտագործի, բայց ուշադիր լինի, որ այնքան չխմի, որ հարբածության նշաններ նկատվեն։ Ոմանց մոտ հարբածության նշաններ գրեթե չեն նկատվում նույնիսկ մեծ քանակությամբ ոգելից խմիչք ընդունելուց հետո։ Սակայն ինքնախաբեություն է մտածել, թե դա անվնաս է (Երեմիա 17։9)։ Անհատի մեջ կարող է աստիճանաբար կախվածություն առաջանալ ալկոհոլից, և նա գուցե դառնա «գինեմոլ», խմիչքի գերի (Տիտոս 2։3)։ Ալկոհոլիկ դառնալու մասին Քարոլայն Նափ անունով մի հեղինակ հետևյալն է գրում. «Դա դանդաղ, աստիճանական, գաղտնի և աննկատ պրոցես է»։ Ի՜նչ նենգ ծուղակ է ալկոհոլի չարաշահումը։
6. Ինչո՞ւ է հարկավոր խուսափել ալկոհոլի չարաշահումից, ինչպես նաև շատակերությունից։
6 Ուշադրություն դարձնենք նաև Հիսուսի նախազգուշացմանը. «Զգոյշ կացէք անձներիդ, մի գուցէ ձեր սրտերը ծանրանան շատակերութիւնով եւ արբեցութիւնով եւ ապրուստի հոգսերով, եւ այն օրը յանկարծ հասնէ ձեզ վերայ. որովհետեւ որոգայթի պէս կ’հասնէ այն ամենքի վերայ, որ բոլոր երկրի երեսի վերայ բնակած են» (Ղուկաս 21։34, 35)։ Որպեսզի մարդը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր առումով ծույլ ու քնկոտ վիճակի մեջ ընկնի, պարտադիր չէ, որ նա հարբելու աստիճան խմի։ Ի՞նչ կպատահի, եթե Եհովայի օրը վրա հասնելիս նա այդպիսի վիճակում լինի։
Ալկոհոլի չարաշահման հետևանքները
7. Ինչո՞ւ է ալկոհոլի չարաշահումը հակասում Բ Կորնթացիս 7։1–ում գրված հրահանգին։
7 Չափից ավելի ոգելից խմիչքներ օգտագործելը անհատին բազում վտանգների առաջ է կանգնեցնում և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր առումով։ Ալկոհոլի չարաշահման հետևանքով առաջանում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ լյարդի ցիռոզը, լյարդաբորբը, ինչպես նաև նյարդային խանգարումներ, օրինակ՝ սպիտակ տենդը։ Երկար ժամանակ չափից ավելի ալկոհոլ օգտագործելը կարող է առաջ բերել նաև քաղցկեղ, շաքարախտ և սրտի ու ստամոքսի հիվանդություններ։ Ալկոհոլի չարաշահումը բացահայտորեն հակասում է Աստվածաշնչի հետևյալ հրահանգին. «Մեր անձերը սրբենք հոգու եւ մարմնի ամեն պղծութիւնիցը, սրբութիւնը կատարենք Աստուծոյ ահովը» (Բ Կորնթացիս 7։1)։
8. Համաձայն Առակաց 23։20, 21–ի՝ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ալկոհոլի չարաշահումը։
8 Ալկոհոլի չարաշահումը կարող է նաև նշանակել եկամտի վատնում, նույնիսկ աշխատանքի կորուստ։ Հին Իսրայելի Սողոմոն թագավորը զգուշացրեց. «Գինեմոլների մէջ մի լինիր, եւ ոչ էլ որկրամոլութիւնով միս ուտողների հետ»։ Ինչո՞ւ։ Թագավորը բացատրում է. «Որովհետեւ գինեմոլն ու որկրամոլը պիտի աղքատանան, եւ քնափութիւնը պատառոտած հանդերձներ կ’հագցնէ» (Առակաց 23։20, 21)։
9. Ինչո՞ւ է իմաստուն խուսափել ալկոհոլային խմիչքներ ընդունելուց, եթե մտադիր ենք մեքենա վարել։
9 Մեկ ուրիշ վտանգի մասին խոսելով՝ ալկոհոլիզմի վերաբերյալ մի հանրագիտարանում հետևյալն է ասվում. «Հետազոտությունները ցույց են տվել, որ ալկոհոլը թուլացնում է վարորդական ունակությունները, այդ թվում նաև ռեակցիայի արագությունը, շարժումների համակարգումը, ուշադրությունը, շրջապատի ընկալման պայծառությունը և դատողությունը» («The Encyclopedia of Alcoholism»)։ Խմիչքի ազդեցության տակ մեքենա վարելը կործանարար հետևանքներ է ունենում։ Միայն Միացյալ Նահանգներում ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում և հարյուր հազարավորներ վնասվածքներ ստանում այն ավտովթարներից, որոնց պատճառը լինում է հարբած վիճակում մեքենա վարելը։ Այս վտանգը սպառնում է հատկապես երիտասարդներին, որոնք քիչ փորձ ունեն ինչպես մեքենա վարելու, այնպես էլ ոգելից խմիչքներ օգտագործելու մեջ։ Կարո՞ղ է արդյոք մարդը ալկոհոլի որոշ քանակություն ընդունելուց հետո մեքենա վարել ու միևնույն ժամանակ ասել, թե գնահատում է կյանքը և այն համարում Եհովա Աստծո կողմից տրված պարգև (Սաղմոս 36։9)։ Քանի որ կյանքը սուրբ է, ապա լավագույն բանը կլինի այն, որ անհատը ընդհանրապես խուսափի ոգելից խմիչքներ ընդունելուց, եթե մտադիր է մեքենա վարել։b
10. Ինչպե՞ս կարող է ալկոհոլը ազդել ուղեղի աշխատանքի վրա, և ինչո՞ւ է դա վտանգավոր։
10 Չափից ավելի ալկոհոլ օգտագործելը վնասում է մարդուն ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր առումով։ «Շնութիւնը, գինին եւ քաղցուն տանում են սիրտը»,— կարդում ենք Աստվածաշնչում (Ովսէէ 4։11)։ Ալկոհոլն ազդում է ուղեղի աշխատանքի վրա։ Միացյալ Նահանգների՝ թմրադեղերի չարաշահման գծով ազգային ինստիտուտի կողմից հրատարակված մի աշխատության մեջ կարդում ենք. «Երբ մարդը ոգելից խմիչք է ընդունում, ալկոհոլը մարսողական համակարգով ներծծվում է արյուն և արագորեն հասնում ուղեղ։ Այն սկսում է արգելակել ուղեղի այն կենտրոնների աշխատանքը, որոնք պատասխանատու են մտածողության և էմոցիաների համար։ Անհատի մոտ նկատվում է ազատություն, անկաշկանդություն» («U.S. National Institute on Drug Abuse»)։ Այսպիսի վիճակում մեծանում է հավանականությունը, որ մարդը ‘մոլորվի’՝ իր խոսքերին ու արարքներին ազատություն տա և շատ փորձությունների մեջ ընկնի (Առակաց 20։1)։
11, 12. Ի՞նչ հոգևոր վնաս կարող է պատճառել ալկոհոլի չափից ավելի օգտագործումը։
11 Աստվածաշունչը մեզ նաև պատվիրում է. «Թէ ուտէք թէ խմէք, թէ ինչ գործ էլ որ անէք, ամեն բան Աստուծոյ փառքի համար արէք» (Ա Կորնթացիս 10։31)։ Արդյոք մեծ քանակությամբ ալկոհոլ ընդունելը պատի՞վ է բերում Աստծուն։ Քրիստոնյան, ինչ խոսք, չի ցանկանա շատ խմող անձնավորության անուն ունենալ։ Այդպիսի անունը նախատինք է բերում Եհովայի անվանը և ոչ թե փառք։
12 Ի՞նչ կարելի է անել, եթե քրիստոնյան, ոգելից խմիչքներ ընդունելու մեջ չափավորություն չդրսևորելով, գայթակղեցնում է իր հավատակիցներին, թերևս՝ նոր քարոզչի (Հռովմայեցիս 14։21)։ «Ով որ գայթակղեցնէ այս փոքրներից մէկին, որ հաւատում են ինձ,— զգուշացրեց Հիսուսը,— աւելի լաւ է նորան, որ մի էշի ջաղացի քար նորա վզիցը կախուի, եւ նա ծովի անդունդում ընկղմուի» (Մատթէոս 18։6)։ Ալկոհոլի չափից ավելի ընդունումը կարող է նաև ժողովում ունեցած պատասխանատվությունները կորցնելու պատճառ լինել (Ա Տիմոթէոս 3։1–3, 8)։ Մեկ ուրիշ հետևանք է այն, որ ալկոհոլի չարաշահումը կարող է խնդիրներ առաջ բերել ընտանիքում։
Խուսափել վտանգներից. ինչպե՞ս
13. Ի՞նչն է անչափ կարևոր ալկոհոլի չարաշահումից խուսափելու համար։
13 Ալկոհոլի չարաշահման վտանգներից խուսափելու համար անչափ կարևոր է իմանալ ոչ թե չարաշահման ու հարբածության միջև եղած սահմանը, այլ չափավորության ու չարաշահման։ Ո՞վ կարող է որոշել, թե քեզ համար որն է այդ սահմանը։ Քանի որ շատ հանգամանքներ պետք է հաշվի առնել այս առնչությամբ, ուստի հնարավոր չէ սահմանել անթեք կանոն՝ որոշելու համար, թե ալկոհոլի ո՛ր քանակությունն է չափից ավելի։ Ամեն ոք ինքը պետք է իմանա իր խմելու չափը և հետևի, որ չանցնի այն։ Ինչպե՞ս կարող ես որոշել, թե ինչ քանակության ալկոհոլն է քեզ համար չափից ավելի։ Կա՞ այս հարցում որևէ առաջնորդող սկզբունք։
14. Ո՞ր առաջնորդող սկզբունքը կօգնի քեզ իմանալ, թե որտեղ է սահմանը չափավորության և ալկոհոլի չարաշահման միջև։
14 Աստվածաշունչն ասում է. «Պինդ պահիր խոհեմութիւնն ու խորհուրդը [«մտածելու ունակությունը», ՆԱ]։ Եւ նորանք քո հոգիի համար կեանք լինին, եւ շնորհք՝ քո պարանոցի համար» (Առակաց 3։21, 22)։ Այստեղ տեսնում ենք հետևյալ առաջնորդող սկզբունքը. ալկոհոլի ցանկացած քանակություն, որը խանգարում է քեզ իրադրությունը սթափ գնահատել և թուլացնում է քո մտածելու ունակությունը, չափից շատ է անձամբ քեզ համար։ Բայց պետք է անկեղծ լինես, երբ որոշում ես, թե ալկոհոլի ո՛ր քանակությունն է չափից շատ։
15. Ո՞ր պարագաներում է իմաստուն խուսափել նույնիսկ մեկ բաժակ ալկոհոլ ընդունելուց։
15 Որոշ պարագաներում հարկավոր է խուսափել նույնիսկ մեկ բաժակ ալկոհոլ ընդունելուց։ Օրինակ՝ հղի կինը գուցե նախընտրի ընդհանրապես խուսափել ալկոհոլից՝ պտղին չվնասելու համար։ Կամ արդյոք բարություն չի՞ լինի խուսափել ոգելից խմիչքներ ընդունելուց այն անհատի ներկայությամբ, որը ալկոհոլամոլության խնդիր է ունեցել կամ ում խիղճը թույլ չի տալիս ալկոհոլ օգտագործել։ Եհովան հետևյալ պատվերը տվեց խորանում ծառայող քահանաներին՝ ասելով. «Եհովայի ժողովքի խորանը մտնելիս գինի եւ օղի չ’խմէք, ....որ չ’մեռնէք» (Ղեւտացոց 10։8, 9)։ Հետևաբար քրիստոնեական հանդիպումների գնալուց, ծառայության մասնակցելուց կամ հոգևորի հետ կապված այլ գործեր անելուց անմիջապես առաջ պետք է խուսափել ոգելից խմիչքներ ընդունելուց։ Բացի այդ, կան երկրներ, որտեղ ալկոհոլի օգտագործումն օրենքով արգելված է, կամ դրա վրա տարիքային սահմանափակում է դրված։ Քրիստոնյաները պետք է հարգեն այդ օրենքները (Հռովմայեցիս 13։1)։
16. Ինչպե՞ս կարող ես որոշել, թե ինչ պետք է անես, եթե քո առջև ոգելից խմիչք է դրված։
16 Երբ քեզ ոգելից խմիչք են առաջարկում, կամ երբ այն դրված է քո առջև, նախևառաջ հարցրու ինքդ քեզ. «Խմե՞մ, թե՞ ոչ»։ Եթե որոշես խմել, մի՛ մոռացիր քո սահմանած չափը և մի՛ անցիր այն։ Երբ հյուր ես գնում, զգոն եղիր և թույլ մի տուր, որ տանտիրոջ առատաձեռնությունը բացասաբար ազդի քեզ վրա։ Նաև զգույշ եղիր, երբ մեծ հավաքույթների ժամանակ, օրինակ՝ հարսանեկան խնջույքներին, անսահմանափակ քանակությամբ ոգելից խմիչք է մատուցվում։ Շատ վայրերում երեխաներին օրենքով թույլ է տրվում ալկոհոլ օգտագործել։ Այդպիսի դեպքում ծնողների պատասխանատվությունն է կրթել իրենց երեխաներին ալկոհոլ օգտագործելու հարցում և հսկել նրանց վարքը (Առակաց 22։6)։
Դու կարո՛ղ ես հաղթահարել այս պրոբլեմը
17. Ինչպե՞ս կարող ես իմանալ, թե ունե՞ս արդյոք ալկոհոլի չարաշահման պրոբլեմ։
17 Ոգելից խմիչքների չարաշահման խնդի՞ր ունես։ Եթե ալկոհոլի չափից ավելի օգտագործումը գաղտնի մեղք է դառնում քեզ համար, կարող ես չկասկածել, որ այն վաղ թե ուշ իր ազդեցությունը կթողնի քեզ վրա։ Ուստի մանրակրկիտ և անկեղծ ինքնաքննություն կատարիր։ Հարցրու ինքդ քեզ. «Սկսել եմ ավելի հաճա՞խ ալկոհոլ օգտագործել։ Ավելի թունդ խմիչքնե՞ր եմ սկսել օգտագործել։ Անհանգստությունից, սթրեսից և խնդիրներից ձերբազատվելու համա՞ր եմ ալկոհոլ ընդունում։ Իմ ընտանիքի անդամը կամ մտերիմ ընկերներիցս մեկը անհանգստությո՞ւն է արտահայտում իմ խմելու կապակցությամբ։ Իմ՝ ալկոհոլ օգտագործելը խնդիրնե՞ր է առաջացնում ընտանիքում։ Դժվա՞ր է ինձ համար ալկոհոլ չօգտագործել մեկ շաբաթ, մեկ կամ մի քանի ամիս։ Գաղտնի՞ եմ պահում ուրիշներից, թե ինչ քանակությամբ եմ ոգելից խմիչքներ օգտագործում»։ Ի՞նչ պետք է անես, եթե թվարկված հարցերից մի քանիսին դրական պատասխան տաս։ Մի նմանվիր այն մարդուն, որը նայում է «իր իսկական երեսին հայելու մէջ.... եւ շուտով մոռա[նում] թէ ինչպէս էր» (Յակոբոս 1։22–24)։ Քայլեր ձեռնարկիր խնդիրը լուծելու համար։ Իսկ ի՞նչ քայլեր։
18, 19. Ինչպե՞ս կարող ես վերջ դնել ալկոհոլի չարաշահմանը։
18 Պողոս առաքյալը զգուշացրեց քրիստոնյաներին. «Մի արբենաք գինով, որ նորանում անառակութիւն կայ, այլ լցուեցէք Հոգով» (Եփեսացիս 5։18)։ Որոշիր, թե ալկոհոլի ի՛նչ քանակությունն է չափից ավելի քեզ համար, և սահման դիր քո առջև։ Վճռիր չանցնել այդ սահմանը։ Ինքնատիրապետում դրսևորիր (Գաղատացիս 5։22, 23)։ Իսկ ընկերակցո՞ւմ ես այնպիսի մարդկանց հետ, ովքեր ճնշում են բանեցնում քեզ վրա, որ չափից ավելի ալկոհոլ օգտագործես։ Զգո՛ն եղիր։ «Իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ,— ասում է Աստվածաշունչը.— բայց տխմարների հետ ընկերացողը կ’չարանայ» (Առակաց 13։20)։
19 Մի՛ փորձիր խույս տալ պրոբլեմներից ալկոհոլ օգտագործելու միջոցով։ Պրոբլեմները կարելի է լուծել՝ Աստծո Խոսքի խորհուրդները կիրառելով (Սաղմոս 119։105)։ Մի՛ վարանիր դիմել այն քրիստոնյա երեցին, որին վստահում ես։ Լավագույնս օգտվիր Եհովայի ձեռնարկած միջոցառումներից, որպեսզի բարելավես հոգևոր վիճակդ։ Ամրապնդիր փոխհարաբերություններդ Աստծո հետ։ Կանոնավորաբար աղոթիր նրան՝ հատկապես հիշատակելով քո թուլությունների մասին։ Խնդրիր Աստծուն, որ նա ‘զտի քո երիկամները և սիրտը’ (Սաղմոս 26։2, ՆԱ)։ Ինչպես քննեցինք նախորդ հոդվածում, ամեն բան արա, որ անարատության ճանապարհով գնաս։
20. Ի՞նչ կարող ես անել, եթե քեզ չի հաջողվում հաղթահարել ալկոհոլի չարաշահման պրոբլեմը։
20 Ի՞նչ կարող ես անել, եթե, չնայած քո ջանքերին, քեզ չի հաջողվում վերջ տալ ալկոհոլի չարաշահման խնդրին։ Հետևիր Հիսուսի այս խորհրդին. «Եթէ քո ձեռքը քեզ գայթակղեցնէ՝ կտրիր նորան, որովհետեւ լաւ է քեզ որ խեղ մտնես յաւիտենական կեանքը, քան երկու ձեռք ունենաս՝ եւ գեհենը գնաս» (Մարկոս 9։42)։ Այսինքն՝ ընդհանրապես մի խմիր։ Այսպիսի որոշում կայացրեց մի կին, որին կանվանենք Այրին։ «Գրեթե երկուսուկես տարի ալկոհոլ չօգտագործելուց հետո,— պատմում Այրինը,— ես սկսեցի մտածել, թե մեկ բաժակ խմելն ինձ չի վնասի. պարզապես հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես ինձ կզգայի։ Բայց հենց որ այդպիսի մտքեր սկսեցին ծագել, անմիջապես այդ մասին աղոթեցի Եհովային։ Ես վճռել եմ երբեք ալկոհոլ չօգտագործել մինչև նոր աշխարհ. գուցե նույնիսկ այն ժամանակ էլ չօգտագործեմ»։ Ալկոհոլից բոլորովին խուսափելը այնքան էլ մեծ զոհողություն չէ, եթե այն համեմատենք Աստծո արդար նոր աշխարհում ապրելու հնարավորության հետ (Բ Պետրոս 3։13)։
«Այնպէս վազեցէք որ հասնէք» մրցանակին
21, 22. Ի՞նչը կարող է խոչընդոտ հանդիսանալ կյանքի մրցավազքում վերջնագծին հասնելու համար, և ինչպե՞ս կարող ենք խուսափել դրանից։
21 Պողոս առաքյալը քրիստոնյայի կյանքը մրցավազքի է նմանեցնում՝ գրելով. «Չգիտէ՞ք, թէ ասպարէզի մէջ վազողներն՝ ամենքն են վազում. բայց մէկն է յաղթանակն [«մրցանակը», ԱԱ] առնում. դուք այնպէս վազեցէք որ հասնէք։ Եւ ամեն ով որ մրցում է ամեն բանից ժուժկալ է լինում. հիմա նորանք մրցում են որ մի ապականելի պսակ առնեն, իսկ մենք՝ անապականելի։ Ուրեմն ես այնպէս եմ վազում, ոչ թէ ինչպէս անստոյգ. այնպէս եմ մրցում ոչ թէ ինչպէս օդին զարկելով։ Այլ իմ մարմինը ճնշում եմ եւ նուաճում, որ մի գուցէ ուրիշներին քարոզելով, ինքս անպիտան գտնուիմ» (Ա Կորնթացիս 9։24–27)։
22 Մրցանակը կարող են ստանալ միայն նրանք, ովքեր հաջողությամբ հասնում են վերջնագծին։ Կյանքի մրցավազքում ալկոհոլի չարաշահումը կարող է խանգարել մեզ հասնելու վերջնագծին։ Մենք պետք է ինքնատիրապետում դրսևորենք։ Հաստատուն կերպով վազելու համար չպետք է տարվել ‘գինեմոլությամբ’ (Ա Պետրոս 4։3)։ Հարկավոր է ամեն ինչում ինքնատիրապետում դրսևորել։ Իսկ ոգելից խմիչքներ օգտագործելու հարցում պետք է իմաստուն լինենք, որ «ուրանանք ամբարշտութիւնը եւ աշխարհական ցանկութիւնները. եւ խոհեմութեամբ [«զգաստութիւնով», ԱԱ] եւ արդարութեամբ եւ աստուածպաշտութեամբ ապրենք այս աշխարհումը» (Տիտոս 2։12)։
[ծանոթագրություններ]
a Այս հոդվածում «ալկոհոլ» բառի տակ հասկացվում է գարեջուրը, գինին և մյուս ոգելից խմիչքները։
b Եթե օրենքով արգելվում է ալկոհոլային խմիչքներ օգտագործել ավտոմեքենա վարելուց առաջ կամ վարելու ընթացքում, քրիստոնյաները, անշուշտ, պետք է ենթարկվեն այդ օրենքին։
Հիշո՞ւմ եք
• Ի՞նչ է ալկոհոլի չարաշահումը։
• Ի՞նչ ցավալի հետևանքներ է ունենում ալկոհոլի չարաշահումը։
• Ինչպե՞ս կարող ես խուսափել ալկոհոլի չարաշահման վտանգներից։
• Ինչպե՞ս կարող է անհատը հաղթահարել ալկոհոլի չարաշահման պրոբլեմը։
[նկար 19–րդ էջի վրա]
Գինին «ուրախացնում է մարդի սիրտը»
[նկար 20–րդ էջի վրա]
Մենք պետք է իմանանք մեր խմելու չափը և չանցնենք այն
[նկար 21–րդ էջի վրա]
Սահմանը նախապես որոշիր
[նկար 22–րդ էջի վրա]
Կանոնավորաբար աղոթիր Եհովային քո թուլությունների մասին
[նկար 23–րդ էջի վրա]
Ծնողների վրա պատասխանատվություն է դրված կրթել իրենց երեխաներին ալկոհոլ օգտագործելու վերաբերյալ