Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w99 7/1 էջ 13–17
  • Ճանաչեք, թե ինչպիսին է մեր Ստեղծիչը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ճանաչեք, թե ինչպիսին է մեր Ստեղծիչը
  • 1999 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Նա ցուցաբերում է իր հատկությունները
  • Մեծ Ուսուցիչն օգնում է մեզ ճանաչել Ստեղծիչին
  • Ինչպես օգնել ուրիշներին ճանաչել նրան
  • Մեր Մեծ Ստեղծիչը հոգ է տանում մեր մասին
    2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Ի՞նչ կարելի է Ստեղծիչի մասին իմանալ մի գրքից
    Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ
  • Ամրացրու հավատդ Արարչի հանդեպ
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ձեր կյանքը լցրեք մնայուն իմաստով
    Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ
Ավելին
1999 Դիտարան
w99 7/1 էջ 13–17

Ճանաչեք, թե ինչպիսին է մեր Ստեղծիչը

«Իմ բոլոր բարութիւնը քո առջեւից պիտի անցկացնեմ, եւ Եհովայի անունը քո առաջին պիտի կանչեմ» (Ելից 33։19)։

1. Ստեղծիչն ինչո՞ւ է պատվի արժանի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ առաքյալը՝ Աստվածաշնչի վերջին գրքի հեղինակը, Ստեղծիչի մասին հետևյալ խորիմաստ խոսքերը գրեց. «Մեր սուրբ Տէ՛ր Աստուած, արժանի ես ընդունելու փառք եւ պատիւ եւ զօրութիւն, որովհետեւ դո՛ւ ստեղծեցիր բոլորը, եւ քո կամենալո՛վ ստեղծուեցին ու գոյութիւն ունեն» (Յայտնութիւն 4։11)։ Ինչպես խոսվեց նախորդ հոդվածում, ժամանակակից գիտնականների հայտնագործությունները եղած փաստերին ավելացնում են նորերը, որոնք արարչագործությանը հավատալու օգտին են խոսում։

2, 3. ա) Մարդկանց համար ի՞նչ է կարևոր իմանալ Արարչի մասին։ բ) Ինչո՞ւ է անտրամաբանական Աստծուն երես առ երես հանդիպելու ակնկալությունը։

2 Այնուամենայնիվ, բավական չէ միայն Ստեղծիչի գոյությանը հավատալը. կարևոր է նաև իմանալ նրա իրական անձ լինելու, նրա հատկությունների ու գործելակերպի մասին, որոնք ձգում են մարդկանց դեպի իրեն։ Անկախ այն բանից, թե որքան խորն են մեր գիտելիքները Արարչի մասին, օգտակար չի՞ լինի արդյոք նրան ավելի լավ ճանաչելը։ Սա անելու համար պարտադիր չէ Ստեղծիչի հետ երես առ երես հանդիպել, ինչպես որ մարդկանց պարագայում է։

3 Եհովան ստեղծել է ամեն բան, ներառյալ նաև աստղերը. ընդ որում մեր Արեգակը պատկանում է լոկ միջին չափի աստղերի շարքին։ Ձեր մտքով երբևէ անցե՞լ է Արեգակին ֆիզիկապես մոտենալ։ Դժվար թե։ Մարդկանց մեծամասնությունը զգուշանում է անգամ նրան հայացք նետելուց կամ իրենց մաշկը երկար ժամանակ նրա ուժեղ ճառագայթների ազդեցությանը ենթարկելուց։ Արեգակի միջուկի ջերմաստիճանը հասնում է 15 000 000 °C–ի։ Այս ջերմամիջուկային հնոցը մեկ վայրկյանում չորս միլիոն տոննա զանգված վեր է ածում էներգիայի։ Թեև այդ էներգիայի միայն աննշան մասն է երկիր հասնում լույսի և ջերմության ձևով, բայց այս քանակը բավական է՝ պահպանելու երկրի վրա գտնվող կյանքի բոլոր տեսակները։ Ստեղծիչի պատկառելի զորությունն ապացուցող այս հիմնական փաստերը պետք է որ մեզ հիացմունք պատճառեն։ Եսայիան որքա՜ն արդարացի նկարագրեց ‘[Ստեղծիչի] մեծ իշխանությունը և սաստիկ զորությունը’ (Եսայիա 40։26)։

4. Մովսեսը Եհովայից ի՞նչ խնդրեց, և վերջինս ինչպե՞ս պատասխանեց։

4 Իսկ դուք գիտեի՞ք, որ մ.թ.ա. 1513 թ.–ին իսրայելացիների՝ Եգիպտոսից դուրս գալուց մի քանի ամիս անց Մովսեսը աղաչանքով դիմեց Արարչին. «Քո փառքը ցոյց տուր ինձ» (Ելից 33։18)։ Եթե նկատի առնենք, որ Աստված է Արեգակի լույսի Աղբյուրը, կարող ենք հասկանալ, թե ինչու նա Մովսեսին ասաց. «Դու չես կարող տեսնել իմ երեսը, որովհետեւ մարդ չի կարող տեսնել իմ երեսն ու կենդանի մնալ»։ Աստված թույլ տվեց, որ Մովսեսը թաքնվեր Սինայ լեռան մեջ գտնվող մի խոռոչում, մինչև որ ինքը ‘անցներ’։ Այնուհետև Մովսեսը Ստեղծիչին կարծես թե «թիկունքից» տեսավ. դա Արարչի փառքի կամ ներկայության արտացոլանքին նմանվող ինչ–որ բան էր (Ելից 33։20—23, ԷԹ; Յովհաննէս 1։18)։

5. Ստեղծիչն ինչպե՞ս արձագանքեց Մովսեսի խնդրանքին և դրանով ի՞նչ ցույց տվեց։

5 Մովսեսի՝ Աստծուն ավելի լավ ճանաչելու ցանկությունը առանց բավարարվելու չմնաց։ Աստված անցավ Մովսեսի առջևից և, ամենայն հավանականությամբ, հրեշտակի միջոցով խոսելով, հայտարարեց. «Եհովայ Եհովայ՝ Աստուած ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով, որ հազարների ողորմութիւն ես անում, որ անօրէնութիւն՝ յանցանք եւ մեղք ես ներում, բայց յանցաւորին բնաւ անպարտ չես թողնում» (Ելից 34։6, 7)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Ստեղծիչին հնարավոր է ավելի լավ ճանաչել ոչ թե նրա արտաքինը տեսնելով, այլ նրա ինչպիսին լինելը, նրա անձնավորությունը և հատկանիշները ավելի լիարժեք կերպով հասկանալով։

6. Մեր իմուն համակարգը ինչո՞վ է ապշեցուցիչ։

6 Օրինակ՝ հնարավոր է Աստծո հատկանիշների մասին իմանալ նրա ստեղծագործությունից։ Նկատի առեք ձեր իմուն համակարգը։ «Սայենթիֆիք ամերիքըն» ամսագրի համարներից մեկում իմունիտետի մասին գրվեց. «Ներարգանդային զարգացման ժամանակից սկսած ընդհուպ մինչև մահ մարդու իմուն համակարգը գտնվում է մշտապես պատրաստ վիճակում։ Տարբեր տեսակի մոլեկուլների և բջիջների մի ջոկատ.... պաշտպանում է մեզ մակաբույծներից ու հիվանդաբեր մանրէներից։ Առանց այս պաշտպանության՝ մարդիկ չէին կարող գոյատևել»։ Որտեղի՞ց ձեզ այսպիսի համակարգ։ Նույն ամսագրում տպված մեկ ուրիշ հոդվածում ասվում էր. «Վարպետորեն մեկը մյուսի վրա փոխազդող բջիջների զարմանահրաշ ջոկատը, որը պաշտպանում է օրգանիզմը մանրէական ու վիրուսային զավթիչներից, առաջանում է որոշ նախնական բջիջներից, որոնք առաջին անգամ ի հայտ են գալիս բեղմնավորումից մոտավորապես 9 շաբաթ անց»։ Հղի կինը իր իմունիտետի մի որոշ մասը փոխանցում է նոր զարգացող սաղմին։ Հետագայում, կրծքի կաթի միջոցով մանուկը ստանում է իմուն բջիջներ և օգտակար քիմիական նյութեր։

7. Մեր իմուն համակարգի հետ կապված ինչի՞ վրա կարելի է ուշադրություն դարձնել, և դրանից ի՞նչ եզրակացություն է հետևում։

7 Կարող ենք համարձակ ասել, որ մեր իմուն համակարգը գերազանցում է ժամանակակից բժշկության բոլոր նվաճումներին։ Ուստի հարցրեք ինքներդ ձեզ. «Ո՞վ է ստեղծել այս համակարգը և ներդրել մեր մեջ»։ Այս համակարգը, որը «առաջին անգամ ի հայտ է գալիս բեղմնավորումից մոտավորապես 9 շաբաթ անց» և պատրաստ է նորածնին պաշտպանելու, իրոք որ, իմաստության ու հեռատեսության մասին է վկայում։ Բայց, դրանից ելնելով, կարո՞ղ ենք ավելին իմանալ Ստեղծիչի հատկությունների մասին։ Մեզանից շատերն ի՞նչ են մտածում Ալբերտ Շվայցերի և նրա նմանների մասին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին աղքատներին բուժելուն։ Սովորաբար այսպիսի կարեկից, մարդասեր անհատներին մենք լավ հատկանիշներ ենք վերագրում։ Այդ դեպքում ի՞նչ կարելի է ասել մեր Ստեղծիչի մասին, որն իմուն համակարգով օժտել է ինչպես հարուստներին, այնպես էլ աղքատներին։ Ինչ խոսք, որ նա սիրալիր, անկողմնակալ, կարեկից ու արդար է։ Մի՞թե սա չի համապատասխանում Ստեղծիչի մասին Մովսեսի լսած նկարագրությանը։

Նա ցուցաբերում է իր հատկությունները

8. Եհովան ի՞նչ առանձնահատուկ ձևով է իրեն բացահայտում։

8 Սակայն, մեր Ստեղծիչին կարող ենք ավելի լավ ճանաչել նաև Աստվածաշնչի միջոցով։ Ճանաչման այս եղանակը անչափ կարևոր է, որովհետև այդ գրքում կան տեղեկություններ, որոնք ո՛չ գիտությունը, ո՛չ էլ Տիեզերքը չեն կարող բացատրել, և ուրիշ բաներ, որոնք Աստվածաշնչում շատ ավելի պարզորոշ են ներկայացվում։ Օրինակ՝ Ստեղծիչի անձնական անունը։ Միայն Աստվածաշունչն է բացահայտում Աստծո անունը և այդ անվան նշանակությունը։ Աստվածաշնչի եբրայերեն ձեռագրերում նրա անունը հանդիպում է մոտավորապես 7 000 անգամ չորս բաղաձայն հնչյուններով, որոնք տառադարձվում են ինչպես ՅՀՎՀ և հայերեն լեզվում սովորաբար արտասանվում են Եհովա ձևով (Ելից 3։15; 6։3)։

9. Ի՞նչ է նշանակում Աստծո անձնական անունը, և դրանից ի՞նչ կարող ենք հասկանալ։

9 Ստեղծիչին ավելի լավ ճանաչելու համար պիտի գիտակցենք, որ նա լոկ վերացական «Սկզբնապատճառ» կամ ինչ–որ անորոշ մի «ԵՄ» չէ։ Դա է ապացուցում նրա անձնական անունը։ Այն եբրայերեն մի բայի ձև է, որը «լինելու» կամ «դառնալու» իմաստն ունիa (համեմատեք Ծննդոց 27։29; Ելից 4։9)։ Աստծո անունը նշանակում է՝ «դարձնում է», և այն ընդգծում է, որ Աստված և՛ նպատակադրում է, և՛ կատարում։ Ճանաչելով և օգտագործելով նրա անունը՝ կկարողանանք ավելի լավ հասկանալ, թե ինչպես է նա ի կատար ածում իր խոստումները ու գործնականորեն իրականացնում իր նպատակը։

10. Աստվածաշնչի «Ծննդոց» գրքի հաղորդագրությունից ի՞նչ կարևոր հասկացողություն կարող ենք ձեռք բերել։

10 Աստվածաշունչը Աստծո անձնավորության և նպատակների մասին տեղեկությունների աղբյուրն է։ «Ծննդոց» գրքից մենք իմանում ենք, որ կար ժամանակ, երբ մարդիկ խաղաղ փոխհարաբերությունների մեջ էին գտնվում Աստծո հետ և երկարատև ու իմաստալից կյանքով ապրելու հեռանկարն ունեին (Ծննդոց 1։28; 2։7—9)։ Կարող ենք չկասկածել, որ Եհովան, իր անվան նշանակության համաձայն, վերջ է դնելու մարդկությանը վաղուց ի վեր ցավ պատճառող տառապանքին ու հուսահատությանը։ Այդ նպատակի իրականացման մասին կարդում ենք Հռովմայեցիս 8։20, 21 խոսքերում. «Ստեղծուածները ունայնութեանը հնազանդուեցին (ոչ իրենց կամքով, այլ նրա համար, որ Աստուած հնազանդեցրեց նրանց) այն յոյսով, որ ստեղծուածներն իրենք էլ ազատուեն.... Աստծու որդիների փառքի ազատութեան հասնելու համար»։

11. Ինչո՞ւ է անհրաժեշտ նկատի առնել Աստվածաշնչում արձանագրված պատմությունները. մանրամասնորեն պատմեք դրանցից մեկը։

11 Արարչին ավելի լավ ճանաչելու հարցում Աստվածաշունչը օգնում է մեզ նաև ցույց տալով, թե ինչպես էր նա վերաբերվում վաղեմի իսրայել ազգի հետ, և նրանց արարքներն ինչ զգացումներ էին իր մոտ առաջ բերում։ Նկատի առնենք Եղիսեի և իսրայելացիների դեմ կռվող ասորիների զորքի հրամանատար Նեեմանի հետ պատահած դեպքը։ Կարդալով այս պատմությունը Դ Թագաւորաց 5–րդ գլխում՝ իմանում ենք, թե ինչպես իսրայելացիներից գերի վերցված մի աղջիկ առաջարկում է Նեեմանին բորոտությունից բուժվելու նպատակով դիմել Իսրայելում ապրող Եղիսե անունով մի մարգարեի օգնությանը։ Նեեմանը ճանապարհ է ընկնում Եղիսեի մոտ այն հույսով, թե վերջինս ձեռքի կախարդական մի շարժումով ուղեկցվող արարողությամբ կբուժի իրեն։ Բայց դրա փոխարեն՝ մարգարեն կարգադրում է Նեեմանին ընկղմվել Հորդանան գետի մեջ։ Ճիշտ է, Նեեմանի ծառաները ստիպված են լինում համոզելու նրան, բայց երբ վերջապես լսում է նրանց, բուժվում է։ Այնուհետև Նեեմանը թանկարժեք նվերներ է առաջարկում Եղիսեին, սակայն վերջինս չի ընդունում։ Որից հետո Եղիսեի ծառան գաղտագողի մոտենում է Նեեմանին ու խաբեությամբ թանկարժեք իրեր ստանում նրանից։ Իր անազնվության պատճառով նա բորոտությամբ է պատժվում։ Մարդու բնավորությանը հատուկ գծերի մասին այս հետաքրքրաշարժ պատմությունից մենք կարող ենք որոշ դասեր քաղել։

12. Եղիսեի և Նեեմանի պատմությունից ի՞նչ ենք իմանում Արարչի մասին։

12 Այս պատմությունը գրավիչ ձևով ցույց է տալիս, որ Տիեզերքի մեծ Արարիչը, բարձր դիրքի տեր լինելով հանդերձ, չանտեսեց փոքրիկ աղջկան՝ ի տարբերություն այսօր շատ մշակույթներում ընդունված սովորության։ Այս դեպքից նաև պարզ է դառնում, որ Արարիչը նախապատվությունը չի տալիս միայն մի ազգի կամ ցեղի և նրան վեր չի դասում մյուսներից (Գործք 10։34, 35)։ Ուշագրավ է նաև այն, որ Ստեղծիչը չօգտագործեց մարդկանց ակնկալած բուժման ձևերը՝ անցյալի և ներկայիս որոշ «հեքիմներին» հատուկ աճպարարությունները, այլ ապշեցուցիչ իմաստություն հանդես բերեց։ Նա գիտեր, թե ինչպես բուժել բորոտությունը։ Բացի այդ, նա խորաթափանցություն ու արդարություն դրսևորեց այն բանում, որ չթողեց, որպեսզի խաբեբայությունը հաղթի։ Եվ դարձյալ, սա չի՞ համապատասխանում այն հաղորդագրությանը, որ Մովսեսը լսեց Եհովայի անձնավորության մասին։ Աստվածաշնչի այս համառոտ պատմությունից որքա՜ն շատ բաներ ենք իմանում այն մասին, թե ինչպիսին է մեր Ստեղծիչը (Սաղմոս 33։5; 37։28)։

13. Օրինակներով բացատրեք, թե ինչպես կարելի է արժեքավոր դասեր քաղել Աստվածաշնչի պատմություններից։

13 Իսրայելացիների ապերախտությունն ու այդ առիթներով Աստծո տված արձագանքը ապացուցում են, որ Եհովան հոգատար Աստված է։ Աստվածաշնչում ասվում է, որ իսրայելացիները կրկին ու կրկին փորձում էին նրան՝ բարկացնելով ու նեղացնելով (Սաղմոս 78։40, 41)։ Սա նշանակում է, որ Ստեղծիչը զուրկ չէ զգացմունքներից և նրա համար միևնույն չէ, թե մարդիկ ինչպես են վարվում։ Շատ բաներ կարելի է սովորել նաև մեզ ծանոթ անձանց մասին աստվածաշնչյան պատմություններից։ Դավիթին Իսրայելի ապագա թագավոր ընտրելու օրը Աստված ասաց Սամուելին. «Մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տէրը սրտին է նայում» (Ա Թագաւորաց 16։7)։ Այո՛, Ստեղծիչը նայում է մարդու ներքին էությանը, և ոչ թե արտաքին տեսքին։ Ի՜նչ մխիթարական է այս մասին իմանալը։

14. Եբրայերեն գրությունները կարդալիս ի՞նչ անելը օգտակար կլիներ։

14 Աստվածաշնչի գրքերից երեսունինը գրվել են Հիսուսից առաջ, ու հարկավոր է ընթերցել դրանք, բայց ոչ սոսկ արձանագրություններին կամ մարդկության պատմությանը ծանոթանալու նպատակով։ Եթե իսկապես ցանկանում ենք իմանալ, թե ինչպիսին է մեր Ստեղծիչը, պետք է խորհենք այդ պատմությունների շուրջը՝ մոտավորապես այսպիսի հարցեր տալով. «Այս կամ այն դրվագն ի՞նչ է բացահայտում նրա անձնավորության մասին։ Նրա ո՞ր հատկանիշներն են դրսևորվում այստեղ»։b Այդպիսի մոտեցումը կօգնի նույնիսկ թերահավատ անձանց հասկանալ, որ Աստվածաշունչը աստվածային ծագում ունի. իսկ դա, իր հերթին, նրանց համար հիմք կհանդիսանա նրա սիրալիր Հեղինակին ավելի լավ ճանաչելու։

Մեծ Ուսուցիչն օգնում է մեզ ճանաչել Ստեղծիչին

15. Հիսուսի ուսուցումներն ու գործերը ինչո՞ւ էին այդքան ուսանելի։

15 Պետք է ընդունել, որ Ստեղծիչի գոյության մասին թերահավատ կամ անորոշ պատկերացման տեր մարդիկ Աստվածաշնչից քիչ բան գիտեն։ Թերևս ճանաչում եք այնպիսի մարդկանց, ովքեր չեն կարող ասել՝ ո՞վ է ավելի վաղ ապրել՝ Մովսե՞սը, թե՞ Մատթեոսը. մարդկանց, որոնք, ըստ էության, ոչինչ չգիտեն Հիսուսի գործերի և ուսմունքների մասին։ Սա շատ ցավալի է. չէ՞ որ անհատը կարող է Մեծ Ուսուցչից՝ Հիսուսից, այնքա՜ն շատ բան սովորել Ստեղծիչի մասին։ Նա Աստծուն մոտիկից էր ճանաչում, այդ իսկ պատճառով Հիսուսն ի վիճակի էր պարզ պատկերացում տալ մարդկանց, թե ինչպիսին է Ստեղծիչը (Յովհաննէս 1։18; Բ Կորնթացիս 4։6; Եբրայեցիս 1։3)։ Եվ այդպես էլ վարվեց։ Ի դեպ, մեկ անգամ նա նույնիսկ ասաց. «Ով ինձ տեսաւ, տեսաւ Հօրը» (Յովհաննէս 14։9)։

16. Հիսուսի՝ սամարացի կնոջ հետ ունեցած հանդիպումն ինչի՞ մասին է խոսում։

16 Նկատի առնենք մեկ օրինակ։ Մի առիթով, ճանապարհորդությունից հոգնած Հիսուսը Սուքար քաղաքի մոտ զրույցի բռնվեց սամարացի մի կնոջ հետ։ Նա պատմեց նրան խորիմաստ ճշմարտությունների մասին՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով «Հօրը հոգով և ճշմարտութեամբ» երկրպագելու անհրաժեշտության վրա։ Այդ օրերին հրեաները հեռու էին մնում սամարացիներից։ Իսկ Հիսուսը արտացոլեց բոլոր ժողովուրդների միջից անկեղծ մարդկանց ընդունելու այն պատրաստակամությունը, որը հենց Եհովան է դրսևորել Եղիսեի և Նեեմանի հետ կապված վերոհիշյալ դեպքում։ Սա մեզ պիտի վստահեցնի այն բանում, որ Եհովան բարձր է կանգնած սահմանափակ կրոնական թշնամությունից, որով ողողված է մերօրյա աշխարհը։ Ուշադրության արժանի է նաև այն հանգամանքը, որ Հիսուսը պատրաստ էր սովորեցնելու այդ կնոջը, այն էլ այնպիսի կնոջը, որն անօրինական կապով ապրում էր մի տղամարդու հետ։ Նրան դատապարտելու փոխարեն՝ Հիսուսը հարգանքով վարվեց նրա հետ՝ այնպես, որ իրոք կարողացավ նրան օգնել։ Այդ դեպքից հետո սամարացիները լսեցին Հիսուսին և եզրակացրին. «Գիտենք, թէ նա՛ է ճշմարտապէս փրկիչն աշխարհի» (Յովհաննէս 4։2—30, 39—42; Գ Թագաւորաց 8։41—43; Մատթէոս 9։10—13)։

17. Ղազարոսի հարության դեպքը ի՞նչ է ի հայտ բերում։

17 Եկեք մեկ այլ օրինակով տեսնենք, թե, Հիսուսի գործերին ու ուսմունքներին ծանոթանալով, ինչ կարող ենք սովորել Ստեղծիչի մասին։ Անդրադառնանք այն դեպքին, երբ Հիսուսի բարեկամ Ղազարոսը մահացավ։ Մինչ այդ Հիսուսն արդեն ցույց էր տվել մահացածներին հարություն տալու իր զորությունը (Ղուկաս 7։11—17; 8։40—56)։ Այնուամենայնիվ, նա ի՞նչ զգաց, երբ տեսավ Ղազարոսի քույր Մարիամին լաց լինելիս։ Հիսուսը «իր հոգովը խռովեց եւ յուզուեց»։ Նա անտարբեր ու անկարեկից չէր, այլ «արտասուեց» (Յովհաննէս 11։33—35, ԱԹ)։ Բայց սա միայն հույզերի դրսևորում չէր։ Հիսուսը դրական քայլի դիմեց. նա հարություն տվեց Ղազարոսին։ Կարող եք պատկերացնել, թե այս ամենը ինչպես օգնեց առաքյալներին՝ հասկանալու Ստեղծիչի զգացմունքներն ու գործերը։ Սա կօգնի նաև մեզ և ուրիշներին, որպեսզի ճանաչենք Արարչին ու նրա ճանապարհները։

18. Ինչպե՞ս պետք է վերաբերվել Աստվածաշունչ ուսումնասիրելուն։

18 Պետք չի ամաչել Աստվածաշունչ ուսումնասիրելուց և Ստեղծիչի մասին ավելի շատ բաներ սովորելուց։ Աստվածաշունչը հնացած գիրք չէ։ Հովհաննես առաքյալը այդ գիրքը ուսումնասիրողներից և ապա Հիսուսի մտերիմ ընկերներից մեկը դարձավ։ Հետագայում նա գրեց. «Գիտենք՝ թէ Աստուծոյ Որդին եկաւ ու բացաւ մեր միտքերը, որպէսզի ճանչնանք ճշմարիտ Աստուածը։ Մենք միացած ենք ճշմարիտ Աստուծոյ եւ անոր Որդիին՝ Յիսուս Քրիստոսի։ Ա՛ն է ճշմարիտ Աստուածը եւ յաւիտենական կեանքը» (Ա Յովհաննէս 5։20, Նոր կտակարանի նոր աշխարհաբար թարգմանություն)։ Ուշադրություն դարձրեք, որ «ճշմարիտ Աստծուն»՝ Ստեղծիչին ճանաչելու համար «միտք» բանեցնելը կարող է մեզ «յաւիտենական կեանքի» առաջնորդել։

Ինչպես օգնել ուրիշներին ճանաչել նրան

19. Ի՞նչ քայլ արվեց թերահավատորեն տրամադրված մարդկանց օգնելու նպատակով։

19 Որոշ մարդիկ շատ ապացույցներ են ուզում, որպեսզի համոզվեն կարեկից, մեր հանդեպ հոգատար Ստեղծիչի գոյության մեջ և հասկանան, թե ինչպիսին է նա։ Միլիոնավորները դեռևս թերահավատորեն են մոտենում նրա գոյությանը, կամ նրա մասին իրենց պատկերացումը խիստ տարբերվում է Աստվածաշնչի տված տեղեկությունից։ Իսկ ինչպե՞ս կարելի է օգնել նրանց։ Եհովայի վկաների 1998—1999 թթ.–ի նահանգային և միջազգային համաժողովներում հայտարարվեց տարբեր լեզուներով լույս տեսած մի նոր, էֆեկտիվ ձեռնարկի՝ «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գրքի մասին։

20, 21. ա) Ինչպե՞ս կարելի է հաջողությամբ օգտագործել «Ստեղծիչ» գիրքը։ բ) Պատմեք դեպքեր, թե ինչպես է «Ստեղծիչ» գիրքն արդեն ապացուցել իր օգտակարությունը։

20 Այս հրատարակությունը կամրապնդի Ստեղծիչի հանդեպ ունեցած ձեր հավատը և կօգնի ավելի խորը ճանաչել ու գնահատել նրան և նրա վարվելակերպը։ Ինչո՞ւ ենք համոզված այդ բանում. քանի որ «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը հրատարակվել է ճիշտ այդ նպատակի համար։ Գրքի սկզբից մինչև վերջ կարմիր թելի պես անցնում է «Ի՞նչը կարող է ձեր կյանքն ավելի իմաստալից դարձնել» հարցը։ Բովանդակությունն այնպիսին է, որ անգամ բարձրագույն կրթություն ստացած մարդկանց շատերի հետաքրքրությունը կշարժի։ Ընդ որում, այն շոշափում է այնպիսի հարցեր, որոնք հուզում են մեզանից յուրաքանչյուրին։ Գրքի էջերը պարունակում են գրավիչ ու համոզիչ ինֆորմացիա այն ընթերցողների համար, ովքեր կասկածում են Ստեղծիչի գոյությանը։ Եվ պարտադիր չէ, որ ընթերցողը Աստծուն հավատացող անձնավորություն լինի։ Գիրքը թերահավատներին կգրավի իր մեջ պարունակվող վերջին գիտական հայտնագործությունների ու հասկացությունների քննարկումով։ Այդպիսի նյութերն, ինչ խոսք, կզորացնեն նաև նրանց հավատը, ովքեր ընդունում են Աստծո գոյությունը։

21 Այս նոր գրքի ուսումնասիրության ընթացքում կնկատեք, որ նրա մի քանի գլուխներում ամփոփված են Աստվածաշնչում ներկայացված դեպքերը, ընդ որում ընդգծվում են Աստծո անձնավորության տարբեր կողմերը. դրա շնորհիվ ընթերցողներն ավելի լավ են ճանաչում Աստծուն։ Սա կարող են հաստատել այն մարդիկ, ովքեր արդեն կարդացել են գիրքը։ Ինքներդ էլ կհամոզվեք դրանում, երբ ծանոթանաք գրքի հետ և օգտագործեք այն, որպեսզի օգնեք ուրիշներին՝ ավելի լավ ճանաչելու իրենց Արարչին։

[ծանոթագրություններ]

a Ճիզվիտ գիտնական Մայքլ Գրընթհեյները «Կաթոլիկ աստվածաշնչային եռամսյա հանդեսի» («The Catholic Biblical Quarterly») գլխավոր խմբագիր եղած ժամանակ այս բայի մասին նույնը գրեց, ինչ–որ ասել էր համարմատ մի բայի վերաբերյալ, թե այն «երբեք չի մատնանշում գոյություն ունենալու վերացական իմաստը, այլ միշտ արտահայտում է իրականության մեջ լինելու կամ դառնալու, այն է՝ կոնկրետ դրսևորվելու իմաստը»։

b Ծնողները կարող են նմանատիպ հարցեր տալ իրենց երեխաներին Աստվածաշնչի պատմությունները պատմելիս։ Այս կերպով զավակները ծանոթանում են Աստծո հետ, ինչպես նաև սովորում խորհել նրա Խոսքի շուրջը։

Հիշո՞ւմ եք

◻ Սինայ լեռան վրա Մովսեսն ինչպե՞ս ավելի մոտիկից ծանոթացավ Եհովայի հետ։

◻ Աստվածաշնչի ուսումնասիրությունն ինչպե՞ս է օգնում Աստծուն ավելի լավ ճանաչելու հարցում։

◻ Ի՞նչ կարելի է անել Աստվածաշունչը ընթերցելիս, որպեսզի Ստեղծիչի հետ մտերմանանք։

◻ Ինչպե՞ս եք մտադիր գործածել «Ստեղծիչ» գիրքը։

[նկար 15–րդ էջի վրա]

Մեռյալ ծովի ձեռագրերից մի հատված՝ առանձնացված քառագրով (Աստծո անունը եբրայերեն լեզվով)։

[թույլտվությամբ]

Սիրալիր թույլտվությամբ՝ Shrine of the Book, Israel Museum, Jerusalem

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը