Ո՞վ է ամենակարևոր անձնավորությունը քո կյանքում
«Դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա» (ՍԱՂ. 83։18)։
1, 2. Փրկության համար ինչո՞ւ բավական չէ պարզապես Աստծու անունն իմանալը։
ՀԱՎԱՆԱԲԱՐ դու էլ այն մարդկանցից ես, ովքեր «Եհովա» անվանը առաջին անգամ հանդիպել են, երբ նրանց ցույց են տվել Սաղմոս 83։18 համարը։ Գուցե զարմացար, երբ կարդացիր այնտեղ գրված խոսքերը. «Որպեսզի մարդիկ իմանան, որ դո՛ւ, ում անունը Եհովա է, դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա»։ Անկասկած, դու նույնպես սկսեցիր օգտագործել այս համարը, որպեսզի օգնես մարդկանց ճանաչելու մեր սիրառատ Աստված Եհովային (Հռոմ. 10։12, 13)։
2 Ճիշտ է, կարևոր է իմանալ Աստծու անունը, բայց դա դեռ բավական չէ։ Սաղմոսերգուն ընդգծում է ևս մեկ ճշմարտություն, որը կենսական է մեր փրկության համար։ Նա գրում է. «Դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա»։ Այո՛, Եհովան ամենակարևոր անձնավորությունն է ողջ տիեզերքում։ Լինելով ամեն ինչի Արարիչը՝ նա իրավունք ունի ակնկալելու, որ իր ստեղծած բոլոր արարածները լիովին հնազանդվեն իրեն (Հայտն. 4։11)։ Այդ պատճառով պետք է հարցնենք ինքներս մեզ. «Ո՞վ է ամենակարևոր անձնավորությունը իմ կյանքում»։ Անչափ կարևոր է լրջորեն մտածել, թե որն է մեր պատասխանը։
Հարց, որը բարձրացվեց Եդեմի պարտեզում
3, 4. Սատանային ինչպե՞ս հաջողվեց խաբել Եվային։
3 Թե որքան կարևոր է լրջորեն մտածել՝ ով է ամենակարևոր անձնավորությունը մեր կյանքում, պարզ երևում է այն դեպքերից, որ տեղի ունեցան Եդեմի պարտեզում։ Հրեշտակներից մեկը, որն ապստամբեց Աստծու դեմ և հետագայում ճանաչվեց Բանսարկու Սատանա անունով, խաբեց առաջին կնոջը՝ Եվային, որպեսզի նա իր ցանկությունները վեր դասի Աստծու պատվերին հնազանդվելուց և ուտի արգելված ծառի պտղից (Ծննդ. 2։17; 2 Կորնթ. 11։3)։ Եվան խաբվեց և անհարգալից վերաբերմունք դրսևորեց Եհովայի գերիշխանության նկատմամբ։ Նա չհամարեց Եհովային ամենակարևոր անձնավորությունը իր կյանքում։ Բայց ինչպե՞ս Սատանային հաջողվեց խաբել Եվային։
4 Սատանան Եվայի հետ խոսելիս խորամանկ միջոցների դիմեց (կարդա՛ Ծննդոց 3։1–5)։ Առաջին՝ Սատանան չօգտագործեց Եհովայի անունը։ Նա պարզապես ասաց՝ Աստված։ Իսկ «Ծննդոց» գիրքը գրողը «Եհովա» անունը օգտագործել է այդ գլխի հենց առաջին համարում։ Երկրորդ՝ փոխանակ Եվային հարցնելու, թե Աստված ինչ է պատվիրել՝ Սատանան հարցրեց, թե Աստված ինչ է ասել (Ծննդ. 2։16)։ Այս խորամանկ քայլով Սատանան փորձեց Եվայի աչքում նվազեցնել Աստծու պատվերի կարևորությունը։ Երրորդ՝ թեպետ նա խոսում էր միայն Եվայի հետ, սակայն օգտագործեց «դու» դերանվան հոգնակի ձևը՝ «դուք»։ Այդպես վարվելով՝ Սատանան հպարտություն արթնացրեց նրա մեջ՝ տալով այն զգացումը, թե Եվան շատ կարևոր անձնավորություն է և թե կարող է խոսել իր և ամուսնու անունից։ Ի՞նչ եղավ արդյունքը։ Սատանան հասավ իր նպատակին։ Եվան, ակներևաբար, իրեն իրավունք վերապահեց խոսելու նաև ամուսնու անունից ու ասաց. «Պարտեզի ծառերի պտղից կարող ենք ուտել»։
5. ա) Սատանան ինչի՞ վրա կենտրոնացրեց Եվայի ուշադրությունը։ բ) Ի՞նչ ցույց տվեց Եվան՝ ուտելով արգելված պտղից։
5 Սատանան նաև աղավաղեց փաստերը։ Նա այնպիսի միտք ասաց, իբրև թե Աստված անարդար է վարվել՝ պահանջելով Ադամից ու Եվայից «պարտեզի ոչ մի ծառից չուտել»։ Այնուհետև խրախուսեց Եվային մտածել իր անձի մասին և թե ինչպես կարող է նա ավելի լավ կյանքով ապրել՝ դառնալով «Աստծու պես»։ Եվ վերջում Սատանան նրա ուշադրությունը կենտրոնացրեց ծառի և դրա պտղի վրա, ոչ թե այն Անձնավորության, որը տվել էր նրան ամեն բան (կարդա՛ Ծննդոց 3։6)։ Ցավոք, Եվան կերավ այդ պտղից և դրանով ցույց տվեց, որ Եհովան իր կյանքում ամենակարևոր Անձնավորությունը չէր։
Հարց, որ բարձրացվեց Հոբի օրերում
6. Սատանան ինչպե՞ս հարցականի տակ դրեց Հոբի անարատությունը, և ի՞նչ հնարավորություն տրվեց Հոբին։
6 Դարեր անց հավատարիմ Հոբը հնարավորություն ունեցավ ցույց տալու, թե ով է իր համար ամենակարևոր անձնավորությունը։ Երբ Եհովան Սատանայի հետ խոսեց Հոբի անարատության մասին, Սատանան առարկեց. «Մի՞թե Հոբը շահից դրդված չէ վախենում Աստծուց» (կարդա՛ Հոբ 1։7–10)։ Սատանան չժխտեց, որ Հոբը հնազանդ է Աստծուն։ Նա հարցականի տակ դրեց Հոբի շարժառիթները. մեղադրեց, թե նա սիրուց մղված չէ, որ ծառայում է Աստծուն։ Միայն Հոբը կարող էր պատասխան տալ այդ մեղադրանքին, և նրան հնարավորություն տրվեց դա անելու։
7, 8. Ի՞նչ փորձությունների միջով անցավ Հոբը և ի՞նչ ցույց տվեց իր հավատարմությամբ ու տոկունությամբ։
7 Եհովան թույլ տվեց Սատանային մի շարք դժբախտություններ պատճառել Հոբին (Հոբ 1։12–19)։ Հոբն ինչպե՞ս արձագանքեց հանգամանքների կտրուկ փոփոխությանը։ Հոբ 1։22-ում կարդում ենք, որ նա «մեղք չգործեց և ոչ մի սխալ բան չվերագրեց Աստծուն»։ Բայց դա Սատանային չպապանձեցրեց։ Նա շարունակեց իր մեղադրանքները՝ ասելով. «Մորթի փոխարեն մորթ. մարդն իր ողջ ունեցվածքը կտա իր հոգու փոխարեն»a (Հոբ 2։4)։ Սատանան պնդեց, որ եթե Հոբը տառապի, նա երես կթեքի Եհովայից և նրան այլևս ամենակարևոր Անձնավորությունը չի համարի։
8 Գարշելի հիվանդությունը այլանդակեց Հոբի մարմինը։ Հետո նրա կինը ասաց նրան, որ անիծի Աստծուն ու մեռնի։ Իսկ Հոբի ընկերները նրան մխիթարելու փոխարեն՝ մեղադրեցին սխալ վարքի մեջ (Հոբ 2։11–13; 8։2–6; 22։2, 3)։ Սակայն, չնայած այս ամենին, Հոբը անարատ մնաց (կարդա՛ Հոբ 2։9, 10)։ Հավատարմորեն տոկալով՝ նա ցույց տվեց, որ Եհովան ամենակարևոր Անձնավորությունն է իր կյանքում։ Հոբը նաև փաստեց, որ անկատար մարդը, թեկուզ սահմանափակ ձևով, կարող է պատասխան տալ Սատանայի սուտ մեղադրանքներին (համեմատի՛ր Առակներ 27։11)։
Հիսուսի լիարժեք պատասխանը
9. ա) Սատանան ինչպե՞ս փորձեց Հիսուսի մեջ եսասիրական ցանկություններ արթնացնել։ բ) Ինչպե՞ս վարվեց Հիսուսը։
9 Հիսուսի մկրտությունից շատ չանցած՝ Սատանան փորձեց խաբել նրան, որպեսզի նա ոչ թե Եհովային ամենակարևոր Անձնավորությունը համարի, այլ տրվի եսասիրական ցանկություններին։ Սատանան երեք անգամ փորձության ենթարկեց Հիսուսին։ Սկզբում փորձեց նրան դրդել բավարարելու իր մարմնական ցանկությունը՝ առաջարկելով, որ քարերը հաց դարձնի (Մատթ. 4։2, 3)։ Հիսուսը 40 օր ծոմ էր պահել և շատ քաղցած էր։ Ուստի Սատանան ուզում էր, որ նա հրաշք գործելու իր զորությունը սխալ նպատակով օգտագործի՝ իր քաղցը հագեցնի։ Ինչպե՞ս վարվեց Հիսուսը։ Ի տարբերություն Եվայի՝ նա իր ուշադրությունը կենտրոնացրեց Եհովայի Խոսքի վրա և մերժեց այդ առաջարկը (կարդա՛ Մատթեոս 4։4)։
10. Սատանան ինչո՞ւ առաջարկեց Հիսուսին տաճարի պարսպի վրայից ցած նետվել։
10 Սատանան նաև փորձեց Հիսուսին դրդել եսասիրաբար վարվելու։ Նա առաջարկեց տաճարի պարսպի վրայից ցած նետվել (Մատթ. 4։5, 6)։ Իսկ ինչո՞ւ։ Նա ասաց, որ եթե Հիսուսը չվնասվի, դրանից կերևա, որ նա «Աստծու որդի» է։ Ակներևաբար, Սատանայի նպատակն էր, որ Հիսուսը չափից շատ կենտրոնանար իր հեղինակության վրա և ցուցադրական արարք կատարեր։ Նա գիտեր, որ մարդը պատրաստ է վտանգավոր մարտահրավեր ընդունելու, քանի որ արժանապատվության զգացում ունի և չի ուզի ամոթով մնալ ուրիշների առաջ։ Ուստի Սուրբ Գրքի խոսքերը սխալ օգտագործելով՝ նա փորձեց համոզել Հիսուսին, սակայն վերջինս ցույց տվեց, որ լիովին ըմբռնել է Եհովայի Խոսքը (կարդա՛ Մատթեոս 4։7)։ Այս առաջարկը նույնպես մերժելով՝ Հիսուսը ցույց տվեց, որ Եհովան ամենակարևոր Անձնավորությունն է իր կյանքում։
11. Հիսուսն ինչո՞ւ մերժեց աշխարհի բոլոր թագավորությունների տերը դառնալու Սատանայի առաջարկը։
11 Եվս մեկ՝ երրորդ անգամ փորձելով Հիսուսին՝ Սատանան ամենագայթակղիչ առաջարկությունն արեց՝ խոստացավ նրան տալ աշխարհի բոլոր թագավորությունները (Մատթ. 4։8, 9)։ Հիսուսը Սատանայի այս առաջարկն էլ իսկույն մերժեց։ Նա գիտակցում էր, որ այն ընդունելը նույնը կլիներ, ինչ մերժել Եհովայի գերիշխանությունը՝ ժխտել, որ Ամենաբարձրյալ կոչվելու իրավունքն Աստծունն է (կարդա՛ Մատթեոս 4։10)։ Երեք փորձությունների ժամանակ էլ Հիսուսը պատասխանեց Սատանային՝ մեջբերում անելով Սուրբ Գրքի այն հատվածներից, որտեղ օգտագործվում էր Աստծու անունը։
12. Ի՞նչ որոշման առջև կանգնեց Հիսուսը իր երկրային կյանքի վերջում, և ի՞նչ ենք սովորում նրանից։
12 Երբ Հիսուսի երկրային կյանքը մոտենում էր ավարտին, նա ավելի դժվար որոշման առջև կանգնեց։ Իր ծառայության ընթացքում նա խոսել էր այն մասին, որ պատրաստ է իր կյանքը որպես զոհ տալու (Մատթ. 20։17–19, 28; Ղուկ. 12։50; Հովհ. 16։28)։ Սակայն նա գիտեր, որ իր դեմ սուտ մեղադրանքներ են ներկայացվելու և կանգնելու է հրեական բարձրագույն ատյանի առաջ ու դատապարտվելու է որպես Աստծուն հայհոյող։ Այսպիսի մահով մեռնելու փաստը այնքան էր անհանգստացնում նրան, որ նա աղոթեց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակն անցնի ինձանից»։ Սակայն հետո ավելացրեց. «Բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու» (Մատթ. 26։39)։ Հիսուսն ընդհուպ մինչև մահ հավատարիմ մնաց Աստծուն և դրանով փաստեց, թե ով էր ամենակարևոր Անձնավորությունը իր կյանքում։
Որն է քո պատասխանը
13. Ի՞նչ ենք սովորում Եվայի, Հոբի և Հիսուսի օրինակից։
13 Ի՞նչ ենք սովորում Եվայի, Հոբի և Հիսուսի օրինակից։ Եվայի հետ պատահածից սովորում ենք, որ երբ մարդը տրվում է եսասիրական ցանկություններին կամ իր անձին մեծ նշանակություն է տալիս, դրանից երևում է, որ Եհովան իր կյանքում ամենակարևոր Անձնավորությունը չէ։ Հոբի անարատության օրինակից սովորում ենք, որ նույնիսկ անկատար մարդիկ կարող են ցույց տալ, որ իրենց կյանքում Եհովան առաջին տեղում է՝ հավատարմորեն տոկալով դժբախտությունների ժամանակ, նույնիսկ երբ լիովին չեն հասկանում, թե որն է այդ ամենի պատճառը (Հակ. 5։11)։ Իսկ Հիսուսի օրինակից սովորում ենք պատրաստ լինել անարգանք կրելու և մեր անձին չափից շատ նշանակություն չտալ (Եբր. 12։2)։ Ինչպե՞ս կարող ենք կիրառել մեր սովորածը։
14, 15. Ի տարբերություն Եվայի՝ Հիսուսն ինչպե՞ս վարվեց փորձության ժամանակ, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան (մեկնաբանիր 18-րդ էջի նկարը)։
14 Երբեք թույլ մի՛ տուր, որ փորձությունները պատճառ լինեն, որ մոռանաս Եհովային։ Եվան թույլ տվեց, որ իր ուշադրությունը կենտրոնանա Սատանայի առաջարկի վրա։ Նա նայեց և տեսավ, որ ծառի պտուղը «լավ է ուտելու համար, որ փափագելի է աչքերին ու ցանկալի է նայելու համար» (Ծննդ. 3։6)։ Որքա՜ն էր տարբերվում Հիսուսը նրանից։ Ամեն անգամ Սատանայի կողմից փորձվելիս նա տեսնում էր, թե որն է նրա նենգ նպատակը և մտածում էր հետևանքների մասին։ Նա ապավինում էր Աստծու Խոսքին և օգտագործում էր նրա անունը։
15 Երբ կանգնում ենք այնպիսի բաներ անելու գայթակղության առաջ, որոնք տհաճ են Եհովային, ինչի՞ վրա ենք կենտրոնացնում մեր ուշադրությունը։ Որքան շատ կենտրոնանանք դրանց վրա, այնքան ավելի մեծ կլինի դրանք անելու ցանկությունը (Հակ. 1։14, 15)։ Մենք պետք է կտրուկ միջոցների դիմենք և արմատախիլ անենք այդ ցանկությունը մեր միջից, նույնիսկ եթե դա նման լինի մարմնի մի անդամից զրկվելուն (Մատթ. 5։29, 30)։ Հիսուսի պես՝ մենք պետք է մտածենք, թե ինչպիսին կլինեն մեր արարքների հետևանքները՝ թե ինչպես դրանք կանդրադառնան Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերության վրա։ Պետք է մտածենք նաև, թե տվյալ հարցի վերաբերյալ ինչ է ասում Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը։ Միայն այս ձևով կկարողանանք ցույց տալ, որ Եհովան ամենակարևոր Անձնավորությունն է մեր կյանքում։
16-18. ա) Ի՞նչ պատճառներով գուցե մեր սիրտը վշտանա։ բ) Ի՞նչը կօգնի մեզ այդպիսի իրավիճակներում։
16 Երբեք թույլ մի՛ տուր, որ դժբախտությունները դառնացնեն քո սիրտը Եհովայի դեմ (Առակ. 19։3)։ Որքան ավելի է մոտենում այս չար աշխարհի վախճանը, այնքան ավելի է մարդկությունը, այդ թվում նաև Եհովայի ժողովուրդը, աղետների և դժբախտ պատահարների զոհը դառնում։ Մենք չենք ակնկալում, որ Եհովան հրաշքով կպաշտպանի մեզ։ Այնուամենայնիվ, Հոբի պես՝ մենք էլ ենք վշտանում, երբ կորցնում ենք մեր սիրելի մարդկանց կամ երբ մեզ հետ դժբախտություն է պատահում։
17 Հոբը չէր հասկանում, թե Եհովան ինչու թույլ տվեց, որ նման բաներ պատահեն։ Գուցե մենք էլ երբեմն չհասկանանք, թե ինչու են մեզ հետ վատ բաներ պատահում։ Հավանաբար լսել ենք այն հավատարիմ եղբայրների մասին, ովքեր մահացել են Հայիթիի երկրաշարժի ժամանակ կամ մեկ այլ բնական աղետի պատճառով։ Կամ գուցե գիտենք մեկին, ով բռնության զոհ է դարձել կամ մահացել է սարսափելի պատահարից։ Հնարավոր է նաև, որ ինքներս ենք վհատեցնող իրավիճակում հայտնվել կամ անարդարության զոհ դարձել։ Մեր սիրտը գուցե վշտից աղաղակի. «Ինչո՞ւ, Եհո՛վա։ Ինչո՞ւ հենց ես։ Ի՞նչ սխալ բան եմ արել» (Ամբ. 1։2, 3)։ Ի՞նչը կօգնի մեզ այսպիսի իրավիճակներում։
18 Մենք պետք է զգուշանանք այն մտքից, թե կորցրել ենք Եհովայի հավանությունը։ Այն, որ դժբախտությունների պատճառը դա չէ, հստակ երևում է Հիսուսի խոսքերից, երբ նա նշեց իր օրերում տեղի ունեցած երկու դժբախտ պատահարների մասին (կարդա՛ Ղուկաս 13։1–5)։ Մեզ հանդիպած դժբախտությունների պատճառը շատ անգամ «ժամանակը և պատահարն» է (Ժող. 9։11)։ Որն էլ որ լինի մեր վհատության պատճառը, կարող ենք մեր ուշադրությունը կենտրոնացնել «ամենայն մխիթարության Աստծու» վրա։ Նա մեզ ուժ կտա, որպեսզի կարողանանք հավատարիմ մնալ (2 Կորնթ. 1։3–6)։
19, 20. Ի՞նչն օգնեց Հիսուսին տոկալու, երբ նվաստացնում էին իրեն, և ի՞նչը կօգնի մեզ նրա պես վարվելու։
19 Երբեք թույլ մի՛ տուր, որ հպարտությունը կամ ամոթով մնալու վախը շեղեն քո ուշադրությունը։ Հիսուսն այնքան խոնարհ էր, որ «զրկեց իրեն ամեն ինչից և ծառայի կերպարանք ընդունեց» (Փիլիպ. 2։5–8)։ Քանի որ նա ապավինում էր Եհովային, կարողացավ տոկալ այն իրավիճակներում, երբ նվաստացնում էին իրեն (1 Պետ. 2։23, 24)։ Այդպես վարվելով՝ նա Եհովայի կամքը կատարելը առաջին տեղում դրեց և արդյունքում արժանացավ առավել բարձր դիրքի (Փիլիպ. 2։9)։ Հիսուսը հորդորեց իր աշակերտներին իրեն ընդօրինակել (Մատթ. 23։11, 12; Ղուկ. 9։26)։
20 Երբեմն մեր հավատը կարող է փորձության ենթարկվել։ Սակայն մենք պետք է այն նույն վստահությունն ունենանք, որ ուներ Պողոսը։ Նա ասաց. «Հենց այս պատճառով էլ կրում եմ այս չարչարանքները։ Սակայն չեմ ամաչում, քանի որ գիտեմ, թե ում եմ հավատացել, և համոզված եմ, որ նա կարող է մինչև դատաստանի օրը պահպանել իմ կողմից իրեն վստահվածը» (2 Տիմոթ. 1։12)։
21. Չնայած աշխարհում տարածված եսասիրական ոգուն՝ ինչո՞ւմ պետք է վճռական լինենք։
21 Աստվածաշունչը կանխագուշակել է, որ մեր օրերում «մարդիկ կլինեն անձնասեր» (2 Տիմոթ. 3։2)։ Ուստի զարմանալի չէ, որ շրջապատված ենք եսասեր մարդկանցով։ Թող որ երբեք չվարակվենք եսասիրական ոգով։ Անկախ այն բանից՝ գայթակղության առաջ կանգնած կլինենք, մեզ դժբախտություն կպատահի, թե մարդիկ կցանկանան մեզ անարգել, թող որ յուրաքանչյուրս վճռական լինի փաստելու, որ Եհովան մեր կյանքում ամենակարևոր Անձնավորությունն է։
[ծանոթագրություն]
a Որոշ աստվածաշնչագետներ այն կարծիքին են, որ «մորթի փոխարեն մորթ» արտահայտությունը ցույց է տալիս, որ Հոբը եսասիրաբար պատրաստ կլիներ թույլ տալու, որ իր անասունները, նույնիսկ երեխաները կորցնեին իրենց «մորթը», այսինքն՝ կյանքը, միայն թե փրկեր իր կյանքը։ Ոմանք էլ այն կարծիքին են, թե այդ արտահայտությունը նշանակում է, որ անհատը պատրաստ է կորցնելու իր «մորթի» որոշ մասը, եթե դրանով կփրկի իր կյանքը։ Օրինակ՝ մարդը գուցե ձեռքով պաշտպանի գլուխը հարվածից, չնայած որ կարող է վնասել ձեռքի կաշին, սակայն կփրկի իր կաշին՝ կյանքը։ Ինչ էլ որ լինի այս դարձվածի նշանակությունը, Սատանան ակներևաբար նկատի ուներ, որ Հոբը իր կյանքը պահպանելու համար պատրաստ էր տալու ամեն ինչ։
Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե...
• ինչպես Սատանան խաբեց Եվային։
• ինչպես Հոբը հավատարիմ մնաց դժբախտությունների ժամանակ։
• ինչի վրա էր կենտրոնացրել Հիսուսն իր ուշադրությունը։
[նկար 17-րդ էջի վրա]
Եվան իր ուշադրությունը չկենտրոնացրեց Եհովայի հետ իր փոխհարաբերությունների վրա
[նկար 18-րդ էջի վրա]
Հիսուսը մերժեց Սատանայի գայթակղիչ առաջարկները և կենտրոնացավ Եհովայի կամքը կատարելու վրա
[նկարներ 20-րդ էջի վրա]
Հայիթիում վկայության գործը երկրաշարժից հետո
Վհատության պահերին կարող ենք մեր ուշադրությունը կենտրոնացնել «ամենայն մխիթարության Աստծու» վրա