Կպահպանե՞ս անարատությունդ
Կա՞ մեկը, որ իմանա, թե քանի ճնճղուկ է սատկել երեկ։ Դժվար թե։ Շատերին այս հարցը գուցե ընդհանրապես չհուզի. այնքա՜ն թռչուն կա աշխարհում։ Սակայն նույնը չի կարելի ասել Եհովայի մասին։ Հիշատակելով արտաքինից աննշան այդ թռչուններին՝ Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Նրանցից մեկն իսկ գետին չի ընկնում առանց ձեր Հոր գիտության»։ Հետո նա ասաց. «Մի՛ վախեցեք, որովհետև դուք բոլոր ճնճղուկներից ավելի արժեք ունեք» (Մատթէոս 10։29, 31, ԱՆԹ)։
Աշակերտները հետագայում ավելի լավ հասկացան, թե որքան է Եհովան գնահատում իրենց։ Նրանցից մեկը՝ Հովհաննես առաքյալը, գրեց. «Սրանո՛ւմ երեւաց Աստծու սէրը մեր հանդէպ. այն, որ Աստուած իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպէսզի նրանով կենդանի լինենք» (Ա Յովհաննէս 4։9)։ Եհովան ոչ միայն հոգ տարավ քավիչ զոհաբերության համար, այլև իր հավատարիմ ծառաներից յուրաքանչյուրին հավաստիացրեց. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ» (Եբրայեցիս 13։5)։
Պարզ է, որ Աստծո սերն իր ժողովրդի հանդեպ անմար է։ Իսկ մենք կապվա՞ծ ենք Եհովայի հետ այնպիսի ջերմ սիրով, որ պատրաստ լինենք երբեք չթողնել նրան։
Սատանան ջանում է կոտրել անարատ մնալու մեր վճռականությունը
Երբ Եհովան Սատանայի ուշադրությունը հրավիրեց Հոբի անարատ ապրելակերպի վրա, Բանսարկուն առարկեց. «Միթէ Յոբ[ը] ձրի՞ Աստուած կը պաշտէ» (Յոբ 1։9, Արևմտ. Աստ.)։ Նա ակնարկեց, որ մարդիկ զուտ շահադիտական նպատակներով են պահպանում իրենց հավատարմությունն առ Աստված։ Ստացվում է, որ համապատասխան գայթակղիչ առաջարկի միջոցով հնարավոր կլինի թուլացնել անարատություն պահելու՝ յուրաքանչյուր քրիստոնյայի վճռականությունը։
Հոբի դեպքում Սատանան սկզբում պնդեց, թե նա կկորցնի իր հավատարմությունը Աստծո հանդեպ, եթե զրկվի իր ունեցվածքից (Յոբ 1։10, 11)։ Երբ պարզվեց, որ դա զրպարտություն էր, Սատանան ասաց. «Մարդն ինչ որ ունի՝ իր կեանքի համար կը տայ» (Յոբ 2։4, ԷԹ)։ Գուցեև ոմանց առնչությամբ Սատանայի այս պնդումը ճիշտ լինի, սակայն այլ էր պարագան Հոբի դեպքում. անարատություն պահելու հարցում նա հրաժարվեց գնալ որևէ զիջման։ Այդ մասին է վկայում Աստվածաշնչի պատմական արձանագրությունը (Յոբ 27։5; 42։10–17)։ Դու է՞լ ես նույնքան հավատարիմ։ Թե՞ կարող ես թույլ տալ, որ Սատանան կոտրի անարատություն պահելու քո վճռականությունը։ Մինչ կքննենք բոլոր քրիստոնյաներին վերաբերող մի քանի ճշմարտություններ, խորհիր այդ մասին։
Պողոս առաքյալը հավատում էր, որ իսկական հավատարմությունը շատ զորեղ է։ Նա գրել է. «Վստահ եմ, թէ ո՛չ մահը, ո՛չ կեանքը,.... ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները.... եւ ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կայ մեր Տէր Քրիստոս Յիսուսով» (Հռովմայեցիս 8։38, 39)։ Եթե Եհովայի հանդեպ ուժեղ սիրով ենք լցված, նույն վստահությունը կունենանք։ Այդպիսի սերը անխզելի մի կապ է, որ մահն անգամ չի կարող կտրել։
Աստծո հետ նման փոխհարաբերություններ ունենալու դեպքում երբեք չենք տատանվի այն հարցում, թե արդյոք մի քանի տարի հետո Եհովային ծառայելիս կլինենք։ Եթե դրանում վստահ չենք, ապա կարելի է ենթադրել, որ Աստծո հանդեպ մեր հավատարմությունը կախված է այն բանից, թե ինչ կպատահի մեզ։ Իսկական անարատությունը, սակայն, կախված չէ արտաքին հանգամանքներից։ Այն ավելի շուտ կախված է մեր ներքինից՝ մեր ինչպիսի անձնավորություն լինելուց (Բ Կորնթացիս 4։16–18)։ Եթե ողջ սրտով սիրում ենք Եհովային, երբեք հուսախաբ չենք անի նրան (Մատթէոս 22։37; Ա Կորնթացիս 13։8)։
Այնուամենայնիվ պետք է հիշենք, որ Սատանան անընդհատ հնարավորություններ է փնտրում կոտրելու անարատություն պահելու մեր վճռականությունը։ Նա կարող է դրդել մեզ տեղի տալ մարմնական ցանկություններին, հասակակիցների ազդեցությանը, կամ էլ՝ որևէ դժվարության պատճառով հրաժարվել ճշմարտությունից։ Սատանայի գլխավոր դաշնակիցը Աստծուց օտարացած աշխարհն է։ Բացի այդ, մեր անկատարությունն էլ է հեշտացնում նրա գործը (Հռովմայեցիս 7։19, 20; Ա Յովհաննէս 2։16)։ Սակայն այս պայքարում նաև առավելություններ ունենք։ Մեծ առավելություն է օրինակ այն, որ մեզ հայտնի են Սատանայի չար նպատակները (Բ Կորնթացիս 2։11)։
Ի՞նչ նպատակներ ունի նա։ Եփեսացիներին ուղղված իր նամակում Պողոսը դրանք անվանում է «հնարանքներ» (Եփեսացիս 6։11)։ Սատանան խորամանկ հնարքների է դիմում, որպեսզի կոտրի մեր մեջ անարատություն պահելու վճռականությունը։ Բարեբախտաբար, նրա մեթոդները գրի են առնված Աստծո Խոսքում, ինչի շնորհիվ մենք կարող ենք ճանաչել դրանք։ Քննելով, թե Սատանան ինչ մեթոդներով փորձեց կոտրել Հիսուսի և Հոբի անարատ մնալու վճռականությունը՝ կծանոթանանք այդ հնարքներից մի քանիսին։
Հիսուսին հնարավոր չեղավ կոտրել
Սատանան հանդգնեց փորձության ենթարկել Աստծո Որդուն իր ծառայության հենց սկզբում։ Նա փորձեց դրդել Հիսուսին քարերը հացի վերածել։ Ինչպիսի՜ խորամանկություն։ Հիսուսը մոտ 40 օր հաց չէր կերել, ուստի անկասկած քաղցած կլիներ (Ղուկաս 4։2, 3)։ Սատանան առաջարկում էր, որ իր բնական ցանկությունը Հիսուսը բավարարի անմիջապես. մի այնպիսի ձևով, որը հակառակ էր Աստծո կամքին։ Նույնը և այսօր. աշխարհը կոչ է անում բավարարել մեր ցանկությունները անմիջապես՝ առանց հետևանքների մասին մտածելու։ Ահա նրա կոչը. «Ուզածիդ հասիր հենց հիմա. ոչ մի բանի մի՛ նայիր»։
Եթե Հիսուսն իր քաղցը բավարարեր՝ առանց հետևանքները հաշվի առնելու, Սատանան հասած կլիներ իր նպատակին՝ կստիպեր նրան զիջումների գնալ անարատություն պահելու հարցում։ Սակայն Հիսուսը այդ ամենին նայում էր հոգևոր տեսանկյունից, ուստի վճռականորեն պատասխանեց. «Գրուած է. միայն հացով չէ, որ կ’ապրի մարդ» (Ղուկաս 4։4; Մատթէոս 4։4)։
Սատանան փոխեց իր մոտեցումը։ Սխալ ձևով կիրառելով Գրությունները, որտեղից Հիսուսը մեջբերում էր արել՝ Բանսարկուն առաջարկեց, որ նա տաճարի աշտարակից ցած գցի իրեն՝ ակնարկելով, թե Հիսուսին կպահպանեն հրեշտակները։ Սակայն Հիսուսը մտադիր չէր խնդրել իր Հորը, որ նա հրաշքով օգներ իրեն՝ զուտ ուրիշների ուշադրությունը իր վրա բևեռելու համար։ «Քո Տէր Աստծուն պիտի չփորձես»,— ասաց նա (Մատթէոս 4։5–7; Ղուկաս 4։9–12)։
Այս անգամ Սատանան խոսեց բացեիբաց։ Նա փորձեց փոխշահավետ պայմանավորվածության մեջ մտնել Հիսուսի հետ և առաջարկեց նրան ողջ աշխարհն ու նրա փառքը՝ իրեն ընդամենը մեկ անգամ երկրպագություն մատուցելու գնով։ Դրանից ավել Սատանան դժվար թե կարողանար որևէ բան առաջարկել։ Բայց ինչպե՞ս Հիսուսը երկրպագություն մատուցեր իր Հոր գլխավոր թշնամուն։ Նման բան իր մտքով անգամ չէր կարող անցնել։ «Պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն եւ միայն նրա՛ն պիտի պաշտես»,— պատասխանեց նա (Մատթէոս 4։8–11; Ղուկաս 4։5–8)։
Այդ երեք անհաջող փորձերից հետո Սատանան «նրանից միառժամանակ հեռու մնաց» (Ղուկաս 4։13)։ Իսկ դա նշանակում է, որ նա միշտ հնարավորություններ էր փնտրում կոտրելու Հիսուսի՝ անարատություն պահելու վճռականությունը։ Հարմար պահ ստեղծվեց երկուս ու կես տարի հետո, երբ Հիսուսը սկսել էր աշակերտներին նախապատրաստել իր մոտալուտ մահվանը. Պետրոս առաքյալն ասաց. «Քաւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ չ’լինի քեզ» (Մատթէոս 16։21, 22, ԱԹ)։
Կարո՞ղ էր արդյոք իր աշակերտի կողմից բարի միտումներով տրված այդ սխալ խորհուրդը հրապուրել Հիսուսին։ Միանգամից հասկանալով, որ այդ մտքերը Սատանայի և ոչ թե Եհովայի ցանկությունն էին արտահայտում՝ նա վճռականորեն ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛, դու գայթակղութիւն ես ինձ համար. որովհետեւ քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը» (Մատթէոս 16։23)։
Քանի որ Հիսուսի սերը Եհովայի հանդեպ անմար էր, Սատանան չկարողացավ կոտրել անարատ մնալու նրա վճռականությունը։ Ո՛չ նրա առաջարկները, ո՛չ էլ նույնիսկ չափազանց դժվար փորձությունները չկարողացան թուլացնել Հիսուսի հավատարմությունը իր երկնային Հոր նկատմամբ։ Իսկ մենք ունե՞նք դժվար իրավիճակներում անարատ մնալու այդպիսի վճռականություն։ Որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչ դժվարությունների հետ կարող ենք բախվել, քննենք Հոբի օրինակը։
Հավատարմություն՝ դժվար իրավիճակներում
Հոբն իր դառը փորձից հասկացավ, որ մարդ ցանկացած պահի կարող է բախվել դժվարությունների։ Նա երջանիկ էր. ամուսնացած էր, ուներ տաս երեխա և իր կյանքում տեղ էր հատկացնում նաև հոգևոր գործերին (Յոբ 1։5)։ Սակայն իր համար անհայտ պատճառներով նրա անարատությունը դարձավ երկնային «դատարանի» քննարկման առարկա, և Սատանան որոշեց կոտրել նրան, ինչ ձևով էլ լինի։
Հաշված րոպեների ընթացքում Հոբը կորցրեց իր ունեցվածքը (Յոբ 1։14–17)։ Սակայն այդ փորձության ժամանակ նա կարողացավ պահպանել իր անարատությունը։ Բանն այն է, որ նա երբեք իր հույսը փողի վրա չէր դրել։ Հիշատակելով այն ժամանակը, երբ նա հարուստ էր, Հոբն ասաց. «Եթէ ես ոսկին շինել եմ իմ յոյսը.... եթէ ես ուրախացել եմ, թէ ստացուածքս շատ է.... դա էլ.... անօրէնութիւն է. որովհետեւ ուրացած պիտի լինէի Աստուծուն ի վերուստ» (Յոբ 31։24, 25, 28)։
Այսօր նույնպես հնարավոր է, որ մի գիշերվա ընթացքում կորցնենք մեր ողջ ունեցվածքը։ Օրինակ՝ մի գործարար մարդ, որը Եհովայի վկա է, խաբեության պատճառով մեծ գումար կորցրեց, ինչի հետևանքով գրեթե սնանկացավ։ Ահա թե ինչ է խոստովանում նա. «Լավ էր՝ կաթվածահար չեղա։ Հավանաբար այդպես էլ կլիներ, եթե չլինեին Աստծո հետ իմ փոխհարաբերությունները։ Ինչևէ, այդ դեպքը օգնեց ինձ տեսնելու, որ հոգևոր արժեքները իմ կյանքում առաջին տեղում չէին։ Ես փող աշխատելով ուրախանալը ամեն ինչից վեր դասելու հակվածություն ունեի»։ Դրանից հետո այդ Վկան բիզնեսի բնագավառում իր գործունեությունը նվազագույնի հասցրեց և սկսեց կանոնավորապես ծառայել որպես ենթառահվիրա՝ ամեն ամիս ավելի քան 50 ժամ նվիրելով քրիստոնեական ծառայությանը։ Քրիստոնյաները, սակայն, կարող են բախվել ավելի ցնցող դժվարությունների հետ, քան ունեցվածք կորցնելն է։
Հազիվ էր Հոբը հասցրել հասկանալ, որ կորցրել է իր հարստությունը, երբ լուր ստացավ, որ իր տաս երեխաները մահացել են։ Այնուամենայնիվ, նա չհրաժարվեց Աստծուց։ «Տիրոջ անունը օրհնեալ լինի»,— ասաց Հոբը (Յոբ 1։18–21)։ Կպահպանեի՞նք արդյոք մեր անարատությունը, եթե հանկարծակի կորցնեինք մեր ընտանիքի անդամներից մի քանիսին։ Ֆրանչեսկոն, Իսպանիայում ծառայող մի վերակացու, ավտովթարի ժամանակ կորցրեց իր երկու երեխաներին։ Նա կարողացավ մխիթարություն գտնել՝ Եհովայի հետ ավելի մտերմանալով և քրիստոնեական ծառայության մեջ իր մասնակցությունն ընդլայնելով։
Երեխաների կորստյան ցավն ապրելուց հետո անգամ Հոբի չարչարանքերը չավարտվեցին։ Սատանան զարկեց նրան զզվելի ու ցավոտ մի հիվանդությամբ։ Միևնույն ժամանակ Հոբը իր կնոջ կողմից սխալ խորհուրդ ստացավ. «Հայհոյիր Աստուծուն եւ մեռիր»։ Հոբը չընդունեց նրա խորհուրդը և «չ’մեղանչեց իր շրթունքովը» (Յոբ 2։9, 10)։ Անարատ մնալու նրա վճռականությունը կախված էր ոչ թե իր ընտանիքի աջակցությունից, այլ Եհովայի հետ ունեցած անձնական փոխհարաբերություններից։
Ֆլորան, որի ամուսինն ու ավագ որդին ավելի քան տաս տարի է, ինչ մերժել են քրիստոնեական ուղին, հասկանում է այն զգացմունքները, որ Հոբը պետք է որ ունենար։ «Չափազանց դժվար է հանկարծակի կորցնել ընտանիքի աջակցությունը,— խոստովանում է նա։— Բայց ես գիտեի, որ Եհովայի կազմակերպությունից դուրս երջանկություն չեմ գտնի։ Ուստի մնացի կանգուն և շարունակեցի Եհովային իմ կյանքում առաջին տեղը հատկացնել՝ միևնույն ժամանակ աշխատելով մնալ լավ կին և մայր։ Միշտ աղոթում էի, և Եհովան զորացրեց ինձ։ Ես երջանիկ եմ՝ չնայած ամուսնուս հակառակությանը։ Ու այդ ամենը շնորհիվ այն բանի, որ սովորել եմ ամբողջովին ապավինել Եհովային»։
Հոբի վճռականությունը կոտրելու հաջորդ քայլը նրա երեք ընկերներին օգտագործելն էր (Յոբ 2։11–13)։ Նրանց քննադատությունը խիստ վհատեցնող կարող էր լինել։ Եթե Հոբն ընդուներ նրանց փաստարկները, կկորցներ իր վստահությունը Եհովա Աստծո հանդեպ։ Նրանց վհատեցնող խորհուրդը կարող էր կոտրել Հոբին և անարատություն պահելու նրա վճռականությունը. այդպիսով Սատանան հաջողության կհասներ։
Սակայն Հոբը մնաց իր կարծիքին. «Մինչեւ մեռնելս չեմ ձգելու ինձանից իմ ուղղութիւնը» (Յոբ 27։5)։ Նկատենք, որ նա չասաց. «Էյ դո՛ւք, ես թույլ չեմ տա, որ խլեք ինձնից իմ ուղղամտությունը»։ Հոբը գիտեր, որ դա կախված էր իրենից և Եհովայի հանդեպ իր ունեցած սիրուց։
Հին հնարք՝ նոր զոհերի համար
Մինչև օրս էլ Սատանան օգտվում է այն բանից, որ մեր ընկերները կամ հավատակիցները կարող են սխալ խորհուրդներ տալ և անմտածված խոսքեր ասել։ Ժողովի անդամների պատճառած ցավի հետևանքով ավելի հեշտությամբ կարող ենք կորցնել մեր վստահությունը, քան դրսից եկող հալածանքի։ Մի երեց, որը նախկինում պատերազմի է մասնակցել, համեմատում է այնտեղ կրած դժվարությունները այն ցավի հետ, որ ապրել է որոշ հավատակիցների անմտածված խոսքերի ու գործողությունների հետևանքով։ Վերջինի մասին նա ասում է. «Դա ամենադժվար բանն է եղել իմ կյանքում»։
Կարող է այնպես պատահել, որ հավատակիցների թերություններն այնքան նեղեն մեզ, որ դադարենք խոսել որոշ անհատների հետ կամ նույնիսկ սկսենք բաց թողնել քրիստոնեական ժողովները։ Խոցված զգացմունքներին բավարարում տալը գուցե առաջնային թվա մեզ։ Որքան ցավալի կլինի, սակայն, թույլ տալ, որ նման անհեռատես մոտեցումը ազդի ամենաթանկագին բանի վրա, որ ունենք՝ Եհովայի հետ մեր փոխհարաբերությունների։ Եվ դա՝ ինչ–որ մեկի ասածի կամ արածի հետևանքով։ Եթե նման մոտեցում ցուցաբերենք, ապա կդառնանք Սատանայի հին հնարանքի զոհը։
Հասկանալի է, որ քրիստոնեական ժողովի անդամներից բարձր չափանիշներ են ակնկալվում։ Բայց եթե չափից շատ բան սպասենք մեր՝ դեռևս անկատար հավատակիցներից, անկասկած հիասթափություն կապրենք։ Ի տարբերություն դրա՝ Եհովան իրատես է և իր ծառաներից չի ակնկալում չափից ավելին։ Եթե հետևենք նրա օրինակին, կկարողանանք տանել մեր հավատակիցների թերությունները (Եփեսացիս 4։2, 32)։ Պողոս առաքյալը տվեց հետևյալ խորհուրդը. «Թէ բարկանաք էլ, մեղք մի՛ գործէք. արեգակը ձեր բարկութեան վրայ թող մայր չմտնի. եւ Սատանային տեղի մի՛ տուէք» (Եփեսացիս 4։26, 27)։
Աստվածաշնչից երևում է, որ Սատանան շատ տարբեր խարդավանքների է դիմում, որպեսզի հնարավորության դեպքում բացահայտի քրիստոնյայի թույլ տեղը։ Նրա հնարանքներից մի քանիսը կարող են մեղավոր մարմնի համար հրապուրիչ թվալ, մյուսները՝ ցավի աղբյուր հանդիսանալ։ Այս հոդվածի նպատակն էր ցույց տալ, թե ինչու երբեք չպետք է հանկարծակիի գանք։ Աստծո հանդեպ խոր սիրուց մղված՝ եկեք լցվենք վճռականությամբ ապացուցելու, որ Սատանան ստախոս է, և ուրախացնենք Եհովայի սիրտը (Առակաց 27։11; Յովհաննէս 8։44)։ Հիշենք՝ իսկական անարատություն պահող մարդը երբեք զիջումների չի գնա, ինչ փորձությունների առջև էլ կանգնելու լինի։