Քայլե՛նք Աստծո հետ՝ հավիտենականության ակնկալիքով
«Մենք մեր Տէր Աստուծոյ անունովը պիտի գնանք, յավիտեանս յաւիտենից» (Միքիա 4։5)։
1. Ինչո՞ւ է Եհովան կոչվում «հավիտենության Թագավոր»։
ԵՀՈՎԱ Աստված սկիզբ չի ունեցել։ Ուստի, Աստվածաշնչում նա կոչված է «Հինաւուրց», քանի որ նրա գոյությունը գալիս է հեռավոր, անսահման անցյալից (Դանիէլ 7։9, 13)։ Եհովայի առջև է փռված նաև անվերջ ապագան։ Միայն նա է «հավիտենության Թագավորը» (Յայտնութիւն 10։6; 15։3, ՆԱ)։ Նրա համար հազար տարին «ինչպէս երէկուան օրն է, որ անց կացաւ. եւ ինչպէս մին պահ գիշերումը» (Սաղմոս 90։4)։
2. ա) Ինչո՞ւմն է կայանում հնազանդ մարդկության վերաբերյալ Աստծո նպատակը։ բ) Ինչի՞ վրա է հարկավոր կենտրոնացնել մեր հույսն ու ծրագրերը։
2 Քանի որ մեր Կենարարը հավիտենական է, նա կարող էր մարդկային առաջին զույգին՝ Ադամին և Եվային, հավիտենական կյանք առաջարկել դրախտում։ Անհնազանդության պատճառով, սակայն, Ադամը կորցրեց հավիտենական կյանքի իրավունքը՝ մեղքն ու մահը փոխանցելով իր զավակներին (Հռովմայեցիս 5։12)։ Այնուամենայնիվ, Ադամի ապստամբությամբ չխափանվեց Աստծո սկզբնական նպատակը։ Եհովայի նպատակն է, որ հնազանդ մարդկությունն ապրի հավիտյան, և նա, անպատճառ, ի կատար կածի այն (Եսայիա 55։11)։ Որքա՜ն, ուրեմն, ճիշտ է մեր կողմից, որ մեր հույսը և ծրագրերը կենտրոնացնենք Եհովային ծառայելու վրա՝ առջևում ունենալով հավիտենականության հեռանկարը։ Մինչ մեր մտքում ամուր պահում ենք ‘Եհովայի օրվա գալուստը’, անչափ կարևոր է հիշել, որ մեր նպատակն է քայլել Աստծո հետ հավիտյան (Բ Պետրոս 3։12)։
Եհովան գործի է անցնում իր սահմանած ժամանակին
3. Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան որոշված «ժամանակ» է սահմանել իր նպատակներն իրագործելու համար։
3 Եթե քայլում ենք Աստծո հետ, ապա անտարբեր չենք կարող լինել նրա կամքի իրագործման հանդեպ։ Գիտենք, որ Եհովան չափազանց պարտաճանաչ է և վստահ ենք, որ նա երբեք չի ձախողվի սահմանված ժամանակին իր նպատակներն ի կատար ածելու հարցում։ Օրինակ՝ «երբ ժամանակը իր լրումին հասաւ, Աստուած ուղարկեց իր Որդուն» (Գաղատացիս 4։4)։ Հովհաննես առաքյալին ասվել էր, որ գոյություն ունի «ժամանակ» («սահմանված ժամանակ», ՆԱ) իր տեսած մարգարեական նշանների կատարման համար (Յայտնութիւն 1։1—3)։ Սահմանված է նաև «ժամանակը՝ դատելու մեռելներին» (Յայտնութիւն 11։18)։ Ավելի քան 1 900 տարի առաջ Պողոս առաքյալը ներշնչված գրեց, որ Աստված «սահմանել է մի օր, երբ աշխարհը արդարութեամբ պիտի դատի» (Գործք 17։31)։
4. Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան մտադիր է վերջ դնել իրերի այս չար համակարգին։
4 Եհովայի անունն այսօր նախատինքի է ենթարկվում, և կասկած չկա, որ նա վերջ կդնի իրերի ներկա չար համակարգին։ Չարությունը բարգավաճում է (Սաղմոս 92։7)։ Խոսքով ու գործով չարագործներն անարգում են Աստծուն, իսկ իր հերթին նրան ցավ է պատճառում, երբ տեսնում է, թե ինչպես են պախարակվում և հալածվում իր ծառաները (Զաքարիա 2։8)։ Անկասկած, Եհովան արդեն վճռել է Սատանայի ողջ կազմակերպությունը շուտով ոչնչացնել։ Աստված որոշել է այն իրագործելու ստույգ ժամանակը, իսկ Աստվածաշնչի մարգարեությունների կատարումը հստակ է դարձնում, որ մենք այսօր ապրում ենք «վերջին ժամանակում» (Դանիէլ 12։4)։ Շուտով Եհովան գործի կանցնի ի օրհնություն իրեն սիրողների։
5. Ինչպե՞ս արձագանքեցին Ղովտն ու Ամբակումը իրենց շրջապատող հանգամանքներին։
5 Եհովայի վաղեմի ծառաները փափագում էին տեսնել չարության վերջը։ Արդարամիտ Ղովտը «ձանձրացել էր [անօրեն մարդկանց] անառակ, անկարգ ընթացքից» (Բ Պետրոս 2։7)։ Իրեն շրջապատող անօրեն միջավայրից վշտացած՝ Ամբակում մարգարեն աղերսեց Աստծուն. «Մինչեւ ե՞րբ, ով Տէր, աղաղակեմ ես, եւ դու չ’լսես, աղաղակեմ դէպի քեզ զրկա՜նք, եւ դու չ’ազատես։ Ի՞նչու ես ինձ անօրէնութիւն տեսնել տալիս, տառապանք ցոյց տալիս. եւ յափշտակութիւն եւ զրկանք կայ իմ առաջին, եւ կռիւ է լինում, եւ վէճ բարձրանում» (Ամբակում 1։2, 3)։
6. Ի՞նչ պատասխանեց Եհովան Ամբակումի աղոթքին, և ի՞նչ դաս կարելի է քաղել այդ դեպքից։
6 Եհովան մասամբ պատասխանեց Ամբակումին. «Տեսիլքը տակաւին որոշուած ժամանակի համար է, եւ շտապում է վախճանին, եւ չի ստիլ. եթէ ուշանայ էլ, սպասիր նորան, որովհետեւ անպատճառ պիտի գայ եւ ետ չի մնալ» (Ամբակում 2։3)։ Եհովան այսպիսով ցույց տվեց, որ գործի է անցնելու «որոշուած ժամանակին»։ Ու թեև ոմանց գուցե թվա, թե նա հապաղում է, Եհովան իր նպատակը կկատարի անթերի (Բ Պետրոս 3։9)։
Ծառայենք անխոնջ եռանդով
7. Չնայած այն բանին, որ Հիսուսը տեղյակ չէր Եհովայի օրվա գալստյան ժամանակից, ինչպե՞ս էր նա առաջ տանում իր գործունեությունը։
7 Եհովայի սահմանած ժամանակն իմանալը անհրաժե՞շտ պայման է նրա հետ ժրաջանորեն քայլելու համար։ Ո՛չ։ Օրինակ՝ Հիսուսին իսկապես հետաքրքրում էր այն ժամանակը, երբ Աստծո կամքն ի կատար կածվի երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Նա նույնիսկ սովորեցրեց իր հետևորդներին աղոթել. «Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը. քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է» (Մատթէոս 6։9, 10)։ Թեև Հիսուսը գիտեր, որ այդ խնդրանքն իր արձագանքն է գտնելու, սակայն նա տեղյակ չէր ճիշտ ժամանակից։ Իրերի այս համակարգի վախճանի մասին արված իր փառահեղ մարգարեության մեջ Հիսուսն ասաց. «Այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը» (Մատթէոս 24։36)։ Քանի որ Հիսուսը կարևոր դեր է խաղում Աստծո նպատակների իրագործման մեջ, հետևաբար նա իր անմիջական մասնակցությունն է բերելու իր երկնային Հոր թշնամիներին կործանելու գործին։ Սակայն երբ Հիսուսը երկրի վրա էր, նրան դեռ հայտնի չէր, թե երբ է Աստված գործի անցնելու։ Արդյո՞ք նա զլացավ Եհովային եռանդով ծառայել։ Ինչ խոսք, ոչ։ Տեսնելով Հիսուսին նախանձախնդրորեն տաճարը մաքրելիս՝ «նրա աշակերտները յետոյ յիշեցին, որ գրուած է. «Քո տան նկատմամբ իմ նախանձախնդրութիւնը ինձ պիտի ուտի» » (Յովհաննէս 2։17; Սաղմոս 69։9)։ Հիսուսն ամբողջապես կլանված էր այն գործի մեջ, որի համար ուղարկվել էր և աշխատում էր անխոնջ եռանդով։ Նա նույնպես ծառայում էր Աստծուն հավիտենականության ակնկալիքով։
8, 9. Ի՞նչ պատասխան ստացան աշակերտներն իրենց այն հարցին, թե, արդյոք, երբ է վերահաստատվելու Թագավորությունը, և ինչպե՞ս արձագանքեցին ստացած պատասխանին։
8 Նույն դիրքն էին բռնել նաև Քրիստոսի աշակերտները։ Նրանց հետ Հիսուսը հանդիպեց երկինք համբարձվելուց առաջ։ Արձանագրությունն ասում է. «Նրանք, մօտենալով, հարցրին նրան եւ ասացին. «Տէ՛ր, այս ժամանակո՞ւմ է, որ վերահաստատելու ես Իսրայէլի թագաւորութիւնը» »։ Իրենց ուսուցչի նման, աշակերտները ևս փափագում էին տեսնել Թագավորության հաստատվելը։ «Յիսուս նրանց ասաց. «Ձեզ տրուած չէ իմանալ այն ժամերը եւ ժամանակները, որ Հայրը հաստատեց իր իշխանութեան մէջ. այլ, երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրայ, զօրութիւն պիտի առնէք եւ ինձ վկաներ պիտի լինէք Երուսաղէմում, ամբողջ Հրէաստանում ու Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը» » (Գործք 1։6—8)։
9 Ոչ մի ակնարկ չկա այն մասին, թե աշակերտները հուսալքվեցին այդ պատասխանից։ Ընդհակառակը, նրանք ժրաջանորեն անցան քարոզչական աշխատանքին։ Մի քանի շաբաթ անց նրանք արդեն Երուսաղեմը լցրել էին իրենց ուսմունքով (Գործք 5։28)։ Իսկ երեսուն տարի հետո այն աստիճանի էին տարածվել քարոզչական գործունեության մեջ, որ Պողոսը կարող էր ասել, թե բարի լուրը «քարոզուեց երկնքի տակ գտնուող բոլոր արարածներին» (Կողոսացիս 1։23)։ Ճիշտ է, Իսրայելի թագավորությունը չվերահաստատվեց, ինչպես աշակերտներն էին սխալմամբ ակնկալում, և իրենց կենդանության օրոք Թագավորությունը նաև երկնքում չհաստատվեց, սակայն նրանք շարունակեցին ժրաջանորեն ծառայել Եհովային հավիտենականության ակնկալիքով։
Վերանայենք մեր շարժառիթները
10. Սատանայի համակարգի վախճանի համար սահմանված ժամանակից անտեղյակ լինելը ի՞նչ է մեզ թույլ տալիս փաստել։
10 Եհովայի ներկայիս ծառաները նույնպես տենչում են իրերի այս չար համակարգի վախճանին։ Մեր գլխավոր նպատակը, սակայն, Աստծո խոստացյալ նոր աշխարհն անցնելը չէ։ Մենք ցանկանում ենք Եհովայի անունը սրբացված տեսնել և նրա գերիշխանությունը՝ արդարացված։ Դրա համար էլ ուրախ ենք, որ Աստված մեզ չի հայտնել Սատանայի համակարգի կործանման համար սահմանված ‘օրը կամ ժամը’։ Դա մեզ թույլ է տալիս փաստելու, որ մտադիր ենք հավիտյան քայլել Աստծո հետ ոչ թե մեր կարճատև, եսասիրական նպատակներից ելնելով, այլ որովհետև սիրում ենք նրան։
11, 12. Ի՞նչ վիճաբանության տեղիք տվեց Հոբի ուղղամտությունը, և ի՞նչ առնչություն ունի այդ վիճաբանությունը մեզ հետ։
11 Աստծո նկատմամբ հավատարմությունն օգնում է նաև ապացուցելու, որ Բանսարկուն սխալվում էր՝ պնդելով, թե ուղղամիտ Հոբը, ուստի և բոլոր նրա նմանները, Աստծուն ծառայում են հանուն սեփական շահերի։ Երբ Եհովան իր ծառա Հոբին նկարագրեց որպես անարատ, ուղղամիտ, աստվածավախ մարդ, Սատանան չարությամբ շարունակեց. «Մի՞թէ Յոբը ձրի է աստուածավախ. Չէ՞ որ դու նորան, նորա տունը եւ նորա բոլոր ստացուածքը ցանկով շրջապատել ես, նորա ձեռքի գործը օրհնել ես, եւ նորա հօտերը տարածուել են երկրի վերայ։ Բայց հիմա մեկնիր ձեռքդ եւ դպցրու նորա ամեն ստացուածքին. եւ տես թէ որ քո երեսին քեզ չ’հայհոյէ» (Յոբ 1։8—11)։ Փորձության մեջ պահպանելով իր ուղղամտությունը՝ Հոբն ապացուցեց, որ այդ չար պնդումը խայտառակ սուտ էր։
12 Ուղղամիտ լինելով՝ մենք էլ կարող ենք ժխտել Սատանայի բոլոր ամբաստանությունները, թե իբր ծառայում ենք Աստծուն միայն այն պատճառով, որ վարձատրության օրը մոտ է։ Ստույգ չիմանալով, թե երբ է Աստված պատրաստվում վրեժխնդիր լինել այս չար համակարգից, այնուամենայնիվ, հնարավորություն ունենք ապացուցելու, որ մենք սիրում ենք Եհովային և ցանկանում ենք հավիտյան քայլել իր շավիղներով։ Դա ցույց է տալիս, որ հավատարիմ ենք Աստծուն և վստահում ենք նրան բոլոր խնդիրները լուծելու հարցում։ Բացի այդ, օրվա և ժամի մասին անտեղյակ լինելն օգնում է մեզ զգոն և հոգևորապես արթուն մնալ, քանի որ գիտակցում ենք, որ վախճանը կարող է հասնել ցանկացած պահի, ինչպես մի գող, որը գալիս է գիշերվա ժամերին (Մատթէոս 24։42—44)։ Օրեցօր Եհովայի հետ քայլելով՝ մենք ուրախացնում ենք նրա սիրտը և օգնում պատասխան տալու իրեն անարգող Սատանային (Առակաց 27։11)։
Ծրագիր հավիտենականության համար
13. Աստվածաշունչն ի՞նչ է ասում ապագայի համար ծրագրեր կազմելու մասին։
13 Աստծո հետ քայլողները հասկանում են, որ իրենց կողմից իմաստություն է ապագայի մասին խելամիտ ծրագրեր կազմելը։ Գիտակցելով ծերության հետ կապված խնդիրներն ու սահմանափակումները՝ շատերը երիտասարդ հասակում օգտվում են իրենց ուժ ու եռանդից, որպեսզի ծերության տարիներին նյութապես ապահովված լինեն։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել ավելի կարևորի՝ մեր հոգևորի հետ կապված ապագայի մասին։ Առակաց 21։5–ում ասվում է. «Աշխատասէրի մտածողութիւնները միայն դէպի առատութիւն են. բայց ամեն աճապարող՝ միայն դէպի կարօտութիւն է դիմում»։ Հավիտենականությունն առջևում ունենալով՝ ապագան ծրագրավորելն իրապես մեծ առանձնաշնորհում է։ Քանի որ չգիտենք, թե ստույգ ե՛րբ է հասնելու այս համակարգի վերջը, հարկավոր է ուշադրություն դարձնել մեր ապագա կարիքներին։ Սակայն, եկեք հավասարակշռվածություն ցուցաբերենք այդ հարցում, որ այն, ինչը պատկանում է Աստծուն, կյանքում առաջին տեղը դնենք։ Թերահավատ մարդիկ թերևս եզրակացնեն, թե Աստծո կամքը կատարելու վրա կենտրոնանալը բոլորովին էլ հեռատեսության մասին չի խոսում։ Սակայն, արդյո՞ք դա այդպես է։
14, 15. ա) Հիսուսն ի՞նչ օրինակ բերեց մարդկանց ապագային վերաբերվող ծրագրերի մասին։ բ) Նրա օրինակում նկարագրված մարդու համար ինչո՞ւ կարելի է ասել, որ նա հեռատես չէր։
14 Հիսուսի տված օրինակը օգնում է ավելի պարզ պատկերացնել այդ հարցը։ «Մի մեծահարուստի արտերը առատ բերք տուեցին՝ եւ նա խորհեց իր մտքում ու ասաց. «Տեսնեմ ինչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկայ։ Գիտեմ,— ասաց նա,— թէ ինչ պէտք է անեմ. կը քանդեմ իմ շտեմարանները եւ աւելի մեծերը կը շինեմ ու այնտեղ կը հաւաքեմ ցորենը եւ իմ ամբողջ բարիքները. ու ինքս ինձ կ’ասեմ՝ ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարուած բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա՛, կե՛ր, խմի՛ր եւ ուրա՛խ եղիր»։ Աստուած նրան ասաց. «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու»։ Նոյնպէս է նաեւ նա, ով իր անձի համար գանձ կը հաւաքի եւ Աստուծով չի հարստանայ» (Ղուկաս 12։16—21)։
15 Արդյո՞ք Հիսուսն այն միտքն էր ակնարկում, որ հարուստը չպետք է աշխատեր ապագայի համար բարիքներ կուտակելու համար։ Ո՛չ, քանի որ Գրությունները քաջալերում են քրտնաջան աշխատել (Բ Թեսաղոնիկեցիս 3։10)։ Հարուստի սխալն այն էր, որ նա ջանք չթափեց ‘հարստանալ Աստծով’, ինչը խիստ կարևոր է։ Եթե նույնիսկ նա շարունակեր վայելել իր հարստությունը, վերջիվերջո, օրերից մի օր մահը վրա էր հասնելու։ Նա հեռատես չէր, նա չէր մտածում հավիտենականության մասին։
16. Ապահով ապագայի հարցում ինչո՞ւ կարող ենք վստահությամբ ապավինել Եհովային։
16 Այն, որ մենք հավիտենականությունն ունենք մեր առջևում և քայլում ենք Եհովայի հետ, խոսում է մեր գործնական և հեռատես լինելու մասին։ Դա ապագայի ծրագրեր կազմելու լավագույն միջոցն է։ Իսկ այն ժամանակ, երբ կրթության, աշխատանքի կամ ընտանեկան պատասխանատվությունների հետ կապված ծրագրեր ենք կազմում, միշտ պետք է հիշենք, որ Եհովան երբեք չի լքում իր հավատարիմ ծառաներին։ Դավիթ թագավորը սաղմոսներում գրեց. «Ես երեխայ էի եւ ծերացայ՝ եւ չ’տեսայ արդարին երեսից թողուած, եւ ոչ նորա զաւակին, որ հաց մուրանայ» (Սաղմոս 37։25)։ Հիսուսը նույնպես վստահեցրեց, որ Աստված հոգ կտանի բոլոր նրանց, ովքեր առաջին հերթին փնտրում են Արքայությունը և քայլում են Եհովայի արդար ճանապարհներով (Մատթէոս 6։33)։
17. Որտեղի՞ց գիտենք, որ վախճանը մոտ է։
17 Մենք Աստծուն ծառայում ենք հավիտենականության ակնկալիքով և, միևնույն ժամանակ, մեր մտքում Եհովայի օրն ամուր պահելով։ Աստվածաշնչի մարգարեությունների կատարումը վառ վկայությունն է այն բանի, որ այդ օրը մոտ է։ Մեր հարյուրամյակը բնորոշվել է պատերազմներով, համաճարակներով, երկրաշարժներով, սննդի պակասությամբ, հետապնդվել են ճշմարիտ քրիստոնյաները, և քարոզվել է Աստծո Թագավորության ավետիսը։ Այս ամենը իրերի ներկա չար համակարգի վախճանի նշաններն են (Մատթէոս 24։7—14; Ղուկաս 21։11)։ Աշխարհը լի է «անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարոյ, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, մեծամիտ, աւելի շատ հեշտասէր, քան աստուածասէր» մարդկանցով (Բ Տիմոթէոս 3։1—5)։ Այս վերջին, ծանր օրերում կյանքը Եհովայի ծառաների համար շատ դժվարացել է։ Որքա՜ն ենք տենչում այն օրվան, երբ Եհովայի Թագավորությունը վերջ կդնի ողջ չարությանը։ Ուստի, եկեք այժմ վճռական լինենք, քանզի, Աստծո հետ քայլելով, ունենք հավիտենականության հեռանկարը։
Ծառայենք հավիտենական կյանքի ակնկալիքով
18, 19. Որտեղի՞ց գիտենք, որ հնում Աստծո հավատարիմները ծառայում էին հավիտենականության ակնկալիքով։
18 Եհովայի հետ քայլելիս՝ հիշենք Աբելի, Ենովքի, Աբրահամի ու Սառայի ցուցաբերած հավատը։ Նրանց մասին հիշատակելուց հետո Պողոսը գրեց. «Հաւատի՛ մէջ մեռան սրանք բոլորը եւ՝ դեռեւս խոստումները չստացած. բայց հեռուից տեսան այդ խոստումները եւ ցնծացին ու խոստովանեցին, թէ իրենք օտար եւ պանդուխտ են երկրի վրայ» (Եբրայեցիս 11։13)։ Այդ հավատարիմ մարդիկ «մի աւելի լաւ տեղի [էին] տենչում, այսինքն՝ երկնաւոր մի վայրի» (Եբրայեցիս 11։16)։ Հավատով նրանք սպասում էին Աստծո մեսիական Թագավորության ներքո ավելի լավ վայրի։ Կարող ենք վստահ լինել, որ Աստված նրանց վարձահատույց կլինի հավիտենական կյանքով այդ ավելի լավ վայրում՝ Թագավորության իշխանության օրոք կառուցված երկրային Դրախտում (Եբրայեցիս 11։39, 40)։
19 Միքիա մարգարեն ազդարարեց Եհովայի ժողովրդի վճիռը՝ հավիտյան երկրպագել իրենց Աստծուն։ Նա գրի առավ ժողովրդի խոսքերը. «Բոլոր ժողովուրդները՝ իւրաքանչիւրն իր աստուծոյ անունովն է գնում, իսկ մենք մեր Տէր Աստուծոյ անունովը պիտի գնանք, յաւիտեանս յաւիտենից» (Միքիա 4։5)։ Ինքը Միքիան մինչև մահ հավատարմորեն ծառայեց Եհովային։ Երբ նոր աշխարհում հարություն ստանա՝ մարգարեն, անկասկած, կշարունակի ընթանալ Աստծո հետ, բայց այս անգամ՝ հավիտյան։ Իրոք որ սրանք չքնաղ օրինակներ են վերջին օրերի շեմին կանգնածներիս համար։
20. Ո՞ր հարցում վճռականություն պետք է ցուցաբերենք։
20 Եհովան գնահատում է այն սերը, որը մենք ցուցաբերում ենք իր անվան հանդեպ (Եբրայեցիս 6։10)։ Նա գիտի, որ մեզ համար դժվար է Բանսարկուի իշխանության տակ գտնվող այս աշխարհում իրեն հավատարիմ մնալ։ Սակայն մինչ ‘այս աշխարհն անցնում է’, նա, «ով կատարում է Աստծու կամքը, մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։17; 5։19)։ Եկե՛ք, ուրեմն, Եհովայի օգնությամբ լցվենք վճռականությամբ մեր առջև խոյացող փորձությունները ամեն օր հաղթահարելու համար։ Թող որ մեր մտքերն ու գործերը կենտրոնացած լինեն մեր հոգատար երկնային Հոր խոստացած օրհնությունների վրա։ Այդ օրհնությունները մենք կստանանք, եթե շարունակենք քայլել Աստծո հետ՝ հավիտենականության ակնկալիքով (Յուդա 20, 21)։
Ինչպե՞ս կպատասխանեիք
◻ Ո՞րն է հնազանդ մարդկության վերաբերյալ Աստծո նպատակը։
◻ Ինչո՞ւ Եհովան դեռ չի կործանել այս անաստված աշխարհը։
◻ Քայլեր ձեռնարկելու Աստծո որոշած ժամանակից մեր անտեղյակ լինելն ինչո՞ւ չպետք է թուլացնի մեր եռանդը։
◻ Որո՞նք են հավիտենականության ակնկալիքով Աստծո հետ քայլելու օգուտներից մի քանիսը։
[նկար 17–րդ էջի վրա]
Աստծո հետ քայլելու համար հարկավոր է ժրաջան լինել, ինչպես վարվեցին Քրիստոսի վաղեմի աշակերտները։