Բանսարկու. ավելին, քան պարզապես սնահավատություն
Ամբողջ Նոր կտակարանում երևում է այն մեծ պայքարը, որն ընթանում է մի կողմից Աստծո և բարի ուժերի, մյուս կողմից Սատանայի և չար ուժերի միջև։ Սա մեկ կամ երկու ավետարանագրի կարծիք չէ, այլ նրանց բոլորի ընդհանուր տեսակետն է։.... Նոր կտակարանի վկայությունը հստակ է։ Սատանան չարակամ անձնավորություն է, միշտ թշնամական՝ Աստծո և նրա ժողովրդի հանդեպ։(«The New Bible Dictionary»)
Ինչո՞ւ ուրեմն շատերը, ովքեր քրիստոնեություն են դավանում և պնդում են, թե հավատում են Աստվածաշնչին, մերժում են Սատանայի գոյության մասին գաղափարը։ Որովհետև իրականում նրանք չեն ընդունում Աստվածաշունչը որպես Աստծո Խոսք (Երեմիա 8։9)։ Նրանք ասում են, թե Աստվածաշունչը գրողները անդրադարձրել են իրենց շուրջ բնակվող ազգերի փիլիսոփայական գաղափարները և ճշգրտորեն չեն փոխանցել Աստծուց տրված ճշմարտությունը։ Կաթոլիկ աստվածաբան Հանս Կյունգը, օրինակ, գրում է. «Սատանայի և դևերի լեգեոնի մասին առասպելական գաղափարները.... բաբելական առասպելներից մուտք են գործել հուդայականություն, այնտեղից էլ՝ Նոր կտակարան» («On Being a Christian»)։
Սակայն Աստվածաշունչը պարզապես մարդկանց խոսքը չէ, այն իրապես Աստծո ներշնչյալ Խոսքն է։ Ուստի, իմաստուն քայլ կլինի մեր կողմից, եթե լուրջ վերաբերվենք նրան, ինչ որ ասվում է այնտեղ Սատանայի մասին (Բ Տիմոթէոս 3։14–17; Բ Պետրոս 1։20, 21)։
Ո՞րն էր Հիսուսի տեսակետը
Հիսուս Քրիստոսը հավատում էր, որ Սատանան իրականում գոյություն ուներ։ Հիսուսը չփորձվեց իր ներսում գտնվող ինչ–որ չար ուժի կողմից։ Նա հարձակման ենթարկվեց իրական անձնավորության կողմից, ում նա հետագայում անվանեց «աշխարհի իշխան» (Յովհաննէս 14։30; Մատթէոս 4։1–11)։ Նա նաև հավատում էր, որ ոգեղեն ուրիշ արարածներ էլ աջակցում էին Սատանային նրա չար ծրագրերում։ Նա բժշկում էր «դիվահար» մարդկանց (Մատթէոս 12։22–28)։ Նույնիսկ աթեիստական՝ «Ռացիոնալիստական հանրագիտարան» հրատարակությունը նշում է. «Միշտ գայթակղության քար է եղել աստվածաբանների համար այն, թե ինչպես Ավետարաններում Հիսուսը ընդունեց դևերի գոյությունը» («A Rationalist Encyclopædia»)։ Երբ Հիսուսը խոսում էր Սատանայի և դևերի մասին, նա ուղղակի չէր կրկնում բաբելական առասպելներից փոխառնված սնոտիապաշտական գաղափարները։ Նա գիտեր, որ նրանք իրականում գոյություն ունեն։
Սատանայի մասին շատ բան ենք իմանում, երբ ուշադրություն ենք դարձնում իր օրերի կրոնական ուսուցիչներին ուղղված Հիսուսի խոսքերին. «Դուք ձեր սատանա [«բանսարկու», ՆԱ] հօրիցն էք, եւ կամենում էք ձեր հօր ցանկութիւններն անել. նա սկզբիցը մարդասպան էր, եւ ճշմարտութեան մէջ չ’կեցաւ, որովհետեւ ճշմարտութիւն չ’կայ նորանում. երբոր սուտն է խօսում, իրաններիցն է խօսում, որովհետեւ ստախօս է եւ ստութեան հայրը» (Յովհաննէս 8։44, ԱԹ)։
Համաձայն այս խոսքերի՝ Բանսարկուն, որ նշանակում է զրպարտիչ, «ստախօս է եւ ստութեան հայրը»։ Նա առաջին արարածն էր, որ սուտ խոսեց Աստծո մասին, ինչը նա արեց դեռ Եդեմի պարտեզում։ Եհովան ասել էր, որ մեր առաջին ծնողները ‘անշուշտ պիտի մեռնեին’, եթե ուտեին բարու և չարի գիտության ծառի պտղիցը։ Օձի միջոցով Սատանան ասաց, որ այդ խոսքերը ճիշտ չէին (Ծննդոց 2։17, Արևմտ. Աստ.; 3։4)։ Համապատասխանաբար, նա կոչվեց «առաջի օձը, որ Բանսարկու եւ սատանայ է կոչվում» (Յայտնութիւն 12։9, ԱԹ)։
Բանսարկուն սուտ խոսեց բարու և չարի գիտության ծառի հետ կապված պատվերի մասին։ Նա պնդեց, թե այդ ծառից ուտելու արգելքը անհիմն էր և իշխանության չարաշահում։ Նա ասաց, որ Ադամն ու Եվան կարող են ‘Աստծո պես լինել’ և իրենք որոշեն, թե ինչն է իրենց համար բարի և ինչը՝ չար։ Սատանան ակնարկեց, որ նրանք, լինելով ազատ կամքի տեր, պետք է կատարյալ անկախություն ունենան (Ծննդոց 3։1–5)։ Աստծո իշխելու իրավունքի վրա կատարված այս հարձակումը կարևոր հարցեր բարձրացրեց։ Ուստի Եհովան ժամանակ տրամադրեց, որպեսզի այս հարցերը լուծվեն։ Դա նշանակում է, որ Սատանային թույլ է տրվել դեռ որոշ ժամանակ շարունակել ապրել։ Այժմ նրա սահմանափակ ժամանակը արդեն մոտենում է իր ավարտին (Յայտնութիւն 12։12)։ Այնուամենայնիվ, ստությամբ և խաբեբայությամբ նա շարունակում է մարդկանց հեռացնել Աստծուց՝ օգտագործելով Հիսուսի օրերի դպիրների և փարիսեցիների նման մարդկանց՝ տարածելու իր կեղծ ուսմունքները (Մատթէոս 23։13, 15)։
Հիսուսը նաև ասաց, որ Բանսարկուն «սկզբիցը մարդասպան էր», և որ նա «ճշմարտութեան մէջ չ’կեցաւ»։ Սա չի նշանակում, թե Եհովան նրան «մարդասպան» էր ստեղծել։ Նա չէր ստեղծվել լինելու հրեշավոր մեկը, որպեսզի հոգ տաներ, որ Աստծուն հակառակվողները տանջվեին այրվող կրակի մեջ։ Աստվածաշնչում տեղ գտած «դժոխք» բառը չի մատնանշում Սատանայի բնակատեղին։ Այն պարզապես մարդկության ընդհանուր գերեզմանն է (Գործք 2։25–27, ԱԹ, տող. ծան.; Յայտնութիւն 20։13, 14)։
Բանսարկուն սկզբում «ճշմարտութեան մէջ» է եղել։ Մի ժամանակ նա Եհովայի երկնային ընտանիքի անդամ է եղել՝ Աստծո ոգեղեն կատարյալ որդիներից մեկը։ Բայց «ճշմարտութեան մէջ չ’կեցաւ»։ Նա նախընտրեց ստության վրա հիմնված իր սկզբունքները։ «Սկզբիցը» չի վերաբերվում այն ժամանակին, երբ նա ստեղծվեց որպես Աստծո որդի–հրեշտակ, այլ այն ժամանակին, երբ նա կամովի ապստամբեց Եհովայի դեմ և խաբեց Ադամին ու Եվային։ Բանսարկուն նման է այն մարդկանց, ովքեր Մովսեսի օրերում ապստամբեցին Եհովայի դեմ։ Նրանց մասին կարդում ենք. «Ապականուեցան նորա դէմ. նորա որդիքը չեն. իրանցն է արատը» (Բ Օրինաց 32։5)։ Նույնը կարելի է ասել Բանսարկու Սատանայի մասին։ Նա «մարդասպան» դարձավ, երբ ապստամբեց և դարձավ Ադամի ու Եվայի, և փաստորեն, նաև ամբողջ մարդկային ընտանիքի մահվան պատասխանատուն (Հռովմայեցիս 5։12)։
Անհնազանդ հրեշտակներ
Ուրիշ հրեշտակներ ապստամբության մեջ միացան Սատանային (Ղուկաս 11։14, 15)։ Այս հրեշտակները «լքեցին իրենց բնակութեան տեղը» և մարդկանց մարմիններ առան, որպեսզի սեռական հարաբերության մեջ մտնեն «մարդկանց աղջկերանց» հետ (Յուդա 6; Ծննդոց 6։1–4; Ա Պետրոս 3։19, 20)։ «Երկնքի աստղերի մէկ երրորդ մասը» կամ ոգեղեն արարածների փոքրամասնությունը այս ընթացքը բռնեցին (Յայտնութիւն 12։4)։
«Յայտնութիւն» խորհրդանշական գիրքը նկարագրում է Բանսարկուին որպես «հրակարմիր մի մեծ վիշապ» (Յայտնություն 12։3)։ Ինչո՞ւ։ Ոչ այն պատճառով, իբր թե նա սարսափազդու, անճոռնի մարմին ունի։ Իրականում մենք չգիտենք, թե ոգեղեն էակները ինչ տեսք ունեն, և հավանաբար, Սատանան այս առումով չի տարբերվում մյուս հրեշտակներից՝ ոգեղեն արարածներից։ Սակայն, «հրակարմիր մի մեծ վիշապ» նկարագիրը համապատասխանում է Սատանայի անհագ, սարսափելի, հրեշավոր և ավերիչ էությանը։
Այժմ Սատանայի և դևերի գործունեությունը խիստ սահմանափակված է։ Նրանք այլևս չեն կարող մարդկային մարմիններ առնել, ինչպես, ըստ երևույթին, կարողացան անել նախկինում։ 1914 թ.–ին, Քրիստոսի իշխանությամբ Աստծո Թագավորության հաստատումից անմիջապես հետո նրանք նետվեցին երկրի շրջակայքը (Յայտնութիւն 12։7–9)։
Բանսարկու Սատանան դժվար հաղթվող թշնամի է
Այնուամենայնիվ, Բանսարկու Սատանան մնում է դժվար հաղթվող թշնամի։ Նա «մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ո՛ւմ կուլ տայ» (Ա Պետրոս 5։8)։ Նա մեր անկատար մարմնում բնակվող չարություն չէ։ Ճիշտ է, մենք ամեն օր պայքար ենք մղում սեփական մեղավոր հակումների դեմ (Հռովմայեցիս 7։18–20)։ Բայց իսկական պայքարը «այս խաւար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ» է (Եփեսացիս 6։12)։
Ի՞նչ ծավալ է ընդգրկում Բանսարկու Սատանայի ազդեցությունը։ «Ամբողջ աշխարհը չարի տիրապետության տակ է»,— ասում է Հովհաննես առաքյալը (Ա Յովհաննէս 5։19, ՆԱ)։ Ինչ խոսք, չենք ուզում դիվային ազդեցության տակ ընկնել կամ թույլ տալ, որ սնոտիապաշտական վախը անդամալուծի մեզ։ Ուստի, իմաստուն կլինենք, եթե զգույշ մնանք, որ ճշմարտության հանդեպ մեզ կուրացնելու և Աստծո հանդեպ մեր հավատարմությունը կոտրելու նրա ջանքերը հաջողություն չունենան (Յոբ 2։3–5; Բ Կորնթացիս 4։3, 4)։
Բանսարկուն միշտ չէ, որ դաժան հարձակումների է դիմում՝ կոտրելու նրանց, ովքեր ուզում են Աստծո կամքը կատարել։ Երբեմն նա կերպարանավորվում է որպես «լուսոյ հրեշտակ»։ Պողոս առաքյալը այս վտանգի մասին զգուշացրեց քրիստոնյաներին, երբ գրեց. «Երկիւղ եմ կրում, թէ մի գուցէ, ինչպէս օձն իր խորամանկութեամբ խաբեց Եւային, ձեր միտքը ապականուի ու շեղուի Քրիստոսի հանդէպ ձեր ունեցած պարզամտութիւնից» (Բ Կորնթացիս 11։3, 14)։
Հետևաբար մենք պետք է ‘արթուն լինենք, հսկում անենք և նրան դիմադրենք՝ հաստատուն լինելով հավատի մեջ’ (Ա Պետրոս 5։8, 9; Բ Կորնթացիս 2։11)։ Թույլ մի տվեք, որ Սատանան խաբի ձեզ՝ դրդելով զբաղվել այնպիսի բաներով, ինչը ոգեհարցության հետ կապ ունի (Բ Օրինաց 18։10–12)։ Եղեք Աստծո Խոսքի ջանասեր ուսումնասիրող. հիշեք, որ Հիսուս Քրիստոսը Սատանայի կողմից փորձվելիս բազմիցս անգամ վկայակոչեց Աստծո Խոսքը (Մատթէոս 4։4, 7, 10)։ Աղոթքով խնդրեք Աստծո սուրբ ոգին։ Ոգու պտուղը կարող է օգնել ձեզ խուսափել մարմնի գործերից, ինչին որ ազդու կերպով դրդում է Սատանան (Գաղատացիս 5։16–24)։ Նաև, թախանձագին աղոթեք Եհովային, երբ զգում եք, որ Բանսարկուն և նրա դևերը ինչ–որ կերպ ճնշում են բանեցնում ձեզ վրա (Փիլիպպեցիս 4։6, 7)։
Բանսարկուից սարսափելու կարիք չկա։ Եհովան խոստանում է, որ կպաշտպանի Սատանայի ցանկացած հնարքներից (Սաղմոս 91։1–4; Առակաց 18։10; Յակոբոս 4։7, 8)։ «Զօրացէ՛ք Տիրոջով եւ նրա զօրութեան կարողութեամբ»,— ասում է Պողոս առաքյալը, և դուք «[կ]կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարանքներին» (Եփեսացիս 6։10, 11)։
[նկար 5–րդ էջի վրա]
Հիսուսը գիտեր, որ Բանսարկուն իրական անձնավորություն է
[նկար 6–րդ էջի վրա]
«Ամբողջ աշխարհը չարի տիրապետության տակ է»
[թույլտվությամբ]
NASA photo
[նկարներ 7–րդ էջի վրա]
Դիմադրեք Բանսարկուին՝ ուսումնասիրելով Աստծո Խոսքը և կանոնավորաբար աղոթելով