Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 10/15 էջ 12–16
  • Ո՞վ պիտի բաժանի մեզ Աստծո սիրուց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞վ պիտի բաժանի մեզ Աստծո սիրուց
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Պահեք ձեզ Աստծո սիրո մեջ
  • Հանգամանքները փոխվում են, բայց Աստծո սերը նույնն է մնում
  • Հավիտյան բարձր գնահատեք Աստծո սերը
  • Հայրը սիրում է ձեզ
  • Սիրիր Աստծուն, որը քեզ սիրում է
    2006 Դիտարան
  • Թող սերը կերտի ձեզ
    2001 Դիտարան
  • «Շարունակեք քայլել սիրո մեջ»
    Մոտեցիր Եհովային
  • Թույլ մի՛ տուր, որ սերդ սառչի
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2001 Դիտարան
w01 10/15 էջ 12–16

Ո՞վ պիտի բաժանի մեզ Աստծո սիրուց

«Սիրենք...., որովհետեւ առաջինը նա՛ սիրեց մեզ» (Ա Յովհաննէս 4։19)։

1, 2. ա) Ինչո՞ւ է մեզ համար կարևոր իմանալ, որ սիրված ենք։ բ) Ամենից շատ ո՞ւմ սիրո կարիքը մենք ունենք։

ՈՐՔԱՆՈ՞Վ է կարևոր ձեզ համար իմանալ, որ սիրված եք։ Սերը մարդու վրա բարերար ազդեցություն է թողնում՝ լինի նա երեխա, թե չափահաս։ Տեսե՞լ եք մանկիկի՝ իր հոգատար մոր ձեռքերում։ Անկախ նրանից, թե ինչ է կատարվում շրջապատում՝ փոքրիկը ակնապիշ նայում է իր մոր ժպտացող աչքերին. սիրող մոր գրկում նա իրեն հանգիստ և խաղաղ է զգում։ Հիշո՞ւմ եք, թե ինչպիսին էիք պատանեկության բուռն տարիներին (Ա Թեսաղոնիկեցիս 2։7բ)։ Երբեմն, հավանաբար, ինքներդ էլ չէիք հասկանում, թե ինչ եք ուզում կամ նույնիսկ՝ զգում, բայցևայնպես որքա՜ն կարևոր էր իմանալ, որ ձեր հայրն ու մայրը սիրում են ձեզ։ Մի՞թե ուրախ չէիք՝ գիտենալով, որ կարող եք ազատորեն նրանց մոտենալ որևէ խնդիր ունենալիս։ Այո՛, ամբողջ կյանքում մեր ունեցած ամենամեծ կարիքներից մեկը սիրված լինելն է. դա մեզ հավաստիացնում է, որ մեզ գնահատում են։

2 Եթե ծնողները ամեն ժամանակ սիրում են իրենց երեխային, ապա դա նպաստում է նրա զարգացմանն ու հոգեկան հավասարակշռությանը։ Սակայն մեր հոգևոր և էմոցիոնալ բարօրության համար շատ ավելի կարևոր է համոզված լինել այն բանում, որ մեր երկնային Հայրը՝ Եհովան, սիրում է մեզ։ Այս պարբերագրի ընթերցողներից ոմանք գուցե չեն ունեցել այնպիսի ծնողներ, որոնք ինչպես հարկն է հոգ տանեին իրենց մասին։ Եթե դուք նման վիճակում եք գտնվում, մի վհատվեք։ Նույնիսկ եթե ծնողական սեր տեսնելու հնարավորություն չեք ունեցել, Աստծո հավատարիմ սերը կլրացնի այդ բացը։

3. Ինչպե՞ս է Եհովան հավաստիացրել իր ժողովրդին, որ սիրում է նրան։

3 Եսայիա մարգարեի միջոցով Եհովան շեշտեց, որ եթե անգամ մայրը «մոռանա» իր ծծկեր մանուկին, ինքը չի մոռանա իր ժողովրդին (Եսայիա 49։15)։ Նման միտք է արտահայտել Դավիթը, որը վստահորեն ասաց. «Թէեւ հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տէրն ընդունում է ինձ» (Սաղմոս 27։10)։ Որքա՜ն սփոփիչ են այս խոսքերը մեզ համար։ Եթե դուք անձնական հարաբերություններ եք մշակել Եհովա Աստծո հետ ու նվիրվել եք նրան, ապա, ինչպիսի հանգամանքներում էլ որ լինեք, պետք է միշտ հիշեք, որ նրա սերը ձեր հանդեպ որևէ մարդու սիրուց շատ ավելի մեծ է։

Պահեք ձեզ Աստծո սիրո մեջ

4. Աստծո սիրո առնչությամբ ի՞նչ հավաստիացում ստացան առաջին դարի քրիստոնյաները։

4 Ե՞րբ եք առաջին անգամ լսել Եհովայի սիրո մասին։ Հավանաբար, այս առումով նմանություն կա ձեր ու առաջին դարի քրիստոնյաների միջև։ Պողոսի՝ հռոմեացիներին գրած թղթի 5–րդ գլխում գեղեցիկ կերպով նկարագրվում է, թե ինչպես մեղավորները, որոնք մի ժամանակ օտարացած էին Աստծուց, ծանոթացան Եհովայի սիրուն։ 5–րդ համարում կարդում ենք. «Աստծու սէրը սփռուած է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրուեց մեզ»։ Իսկ 8–րդ համարում Պողոսն ավելացնում է. «Աստուած իր սէրը մեր հանդէպ յայտնեց նրանով, որ, մինչդեռ մեղաւոր էինք, Քրիստոս մեզ համար մեռաւ»։

5. Ինչպե՞ս եք սկսել գնահատել Աստծո սիրո մեծությունը։

5 Նմանապես, երբ Աստծո Խոսքի ճշմարտությունը ներկայացվեց ձեզ, և դուք սկսեցիք հավատալ, Եհովայի սուրբ ոգին սկսեց գործել ձեր սրտում։ Այսպես ձեր մեջ հետզհետե գնահատանք առաջացավ, երբ հասկացաք, թե ինչ մեծ գործ է արել Եհովան՝ իր սիրելի Որդուն ուղարկելով ձեզ համար մեռնելու։ Այսինքն՝ Եհովան օգնեց ձեզ գիտակցել, թե որքան շատ է սիրում մարդկանց։ Մի՞թե ձեր սիրտը չցնծաց, երբ հասկացաք, որ, թեև մարդիկ լույս աշխարհ են գալիս որպես նրանից օտարացած մեղավորներ, Եհովան նրանց համար միջոց է ապահովել, որպեսզի կարողանան արդարներ համարվել ու անվերջ կյանքի հեռանկար ունենալ։ Ձեր սիրտը չէ՞ր լցվել Եհովայի հանդեպ սիրով (Հռովմայեցիս 5։10)։

6. Ինչո՞ւ ենք երբեմն Եհովայից փոքր–​ինչ մեզ հեռացած զգում։

6 Դուք նվիրեցիք ձեր կյանքը երկնային Հորը, քանի որ նրա սերը գրավեց ձեզ, և իրեն ընդունելի լինելու համար շտկումներ արեցիք ձեր կյանքում։ Հիմա խաղաղ հարաբերություններ եք վայելում Աստծո հետ։ Այդուհանդերձ, ժամանակ առ ժամանակ թերևս զգում եք, որ Եհովայից փոքր–​ինչ հեռացել եք։ Այո, դա կարող է պատահել մեզանից յուրաքանչյուրի հետ։ Բայց միշտ հիշեք, որ Աստված չի փոխվում։ Նրա սերը նույնքան մշտական ու անփոփոխ է, ինչքան արևը, որը երբեք չի դադարում իր լույսի ջերմ ճառագայթները երկիր ուղարկել (Մաղաքիա 3։6; Յակոբոս 1։17)։ Իսկ մենք փոխվելու ենթակա ենք, թեկուզև՝ ժամանակավորապես։ Ինչպես Երկիրն է պտտվում, և մոլորակի կեսը խորասուզվում է մթության մեջ, այնպես էլ մենք, եթե նույնիսկ մի փոքր երես ենք դարձնում Աստծուց, հնարավոր է նրա հետ մեր փոխհարաբերություններում սառնություն զգանք։ Ի՞նչ կարող ենք անել իրավիճակը բարելավելու համար։

7. Ինչպե՞ս կարող է ինքնաքննությունն օգնել մեզ՝ մնալու Աստծո սիրո մեջ։

7 Եթե մենք ինչ–​որ օտարացում ենք զգում Աստծո սիրուց, ապա լավ կլիներ ինքներս մեզ հարցնեինք. «Արդյոք Աստծո սերն ինձ համար մի ինչ–​որ սովորական բա՞ն է դարձել։ Աստիճանաբար հեռացե՞լ եմ կենդանի ու սիրող Աստծուց, և արդյունքում թուլացե՞լ է հավատս։ Ավելի շատ հակված եմ դեպի «մարմնի՞», թե՞ «հոգու բաները»» (Հռովմայեցիս 8։5–8, ԱԹ; Եբրայեցիս 3։12)։ Եթե հեռացել ենք Եհովայից, ապա կարող ենք քայլեր ձեռնարկել՝ շտկելու իրավիճակը, վերադարձնելու նախկին ջերմ, մտերիմ փոխհարաբերությունները նրա հետ։ Հակոբոսը հորդորում է մեզ. «Մօտեցէ՛ք Աստծուն, եւ նա կը մերձենայ ձեզ» (Յակոբոս 4։8)։ Լսեցեք, թե ինչ է ասում Հուդան. «Սիրելինե՛ր, մեր անձերը կառուցենք հաւատի սրբութեամբ, աղօթենք Սուրբ Հոգով, պահենք մենք մեզ Աստծու սիրով [«սէրի մէջ», ԱԹ]» (Յուդա 20, 21)։

Հանգամանքները փոխվում են, բայց Աստծո սերը նույնն է մնում

8. Ի՞նչ անսպասելի փոփոխություններ կարող են տեղի ունենալ մեր կյանքում։

8 Իրերի այս համակարգում մեր կյանքը ենթակա է բազմաթիվ փոփոխությունների։ Սողոմոն թագավորը նկատել էր, որ ‘ժամանակ և դիպված է պատահում ամենքիս’ (Ժողովող 9։11)։ Հնարավոր է, որ մեր կյանքը անսպասելիորեն ու ամբողջովին փոխվի։ Այսօր առողջ ենք, բայց վաղը գուցե ծանր հիվանդանանք։ Այսօր կարծես թե մշտական աշխատանք ունենք, իսկ վաղը հնարավոր է գործազուրկ դառնանք։ Մեր հարազատը կարող է հանկարծամահ լինել։ Քրիստոնյաները ինչ–​որ երկրում ապրում են հանգիստ պայմաններում, բայց հետո անսպասելիորեն կարող է դաժան հալածանք սկսվել։ Գուցե կեղծ մեղադրանքների պատճառով մեր հանդեպ անարդար վարվեն։ Այո՛, չի կարելի ասել, թե մենք ապրում ենք կայուն կամ լիովին անվտանգ պայմաններում (Յակոբոս 4։13–15)։

9. Ինչո՞ւ լավ կլիներ քննել մի հատված Հռովմայեցիս 8–րդ գլխից։

9 Երբ ցավալի դեպքեր են պատահում մեզ, գուցե սկսում ենք լքված զգալ՝ նույնիսկ մտածելով, թե Աստված մեզ առաջվա պես չի սիրում։ Քանի որ ոչ մեկս ապահովված չենք նման դեպքերից, ապա լավ կլիներ ուշադրությամբ քննել Պողոս առաքյալի անչափ մխիթարական խոսքերը՝ գրված Հռովմայեցիս 8–րդ գլխում։ Թեև այդ խոսքերը ուղղված էին ոգով օծված քրիստոնյաներին, բայց, ըստ էության, դրանք կիրառելի են նաև «այլ ոչխարների» համար, որոնք հայտարարվել են արդարներ՝ որպես Աստծո բարեկամներ, ինչպես Աբրահամը՝ նախաքրիստոնեական ժամանակներում (Հռովմայեցիս 4։20–22; Յակոբոս 2։21–23)։

10, 11. ա) Ի՞նչ մեղադրանքներ են երբեմն թշնամիները ներկայացնում Աստծո ժողովրդի դեմ։ բ) Ինչո՞ւ նման մեղադրանքները էական չեն քրիստոնյաների համար։

10 Կարդացեք Հռովմայեցիս 8։31–34-ը։ Պողոսը հարցնում է. «Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ կը լինի մեզ հակառակ»։ Այո, Սատանան և նրա ամբարիշտ աշխարհը մեր դեմ են։ Թշնամիները գուցե կեղծ մեղադրանքներ ներկայացնեն անգամ դատարաններում։ Որոշ քրիստոնյա ծնողներ մեղադրվել են այն բանում, իբր թե նրանք ատում են իրենց երեխաներին, քանի որ նրանց թույլ չեն տալիս Աստծո օրենքը խախտող բժշկական պրոցեդուրաների ենթարկվելու կամ՝ արգելում են նրանց մասնակցել հեթանոսական տոներին (Գործք 15։28, 29; Բ Կորնթացիս 6։14–16)։ Այլ հավատարիմ քրիստոնյաներ էլ անհիմն կերպով մեղադրվել են հակապետական գործունեություն ծավալելու մեջ, քանի որ չեն ցանկացել պատերազմել ու մարդ սպանել կամ էլ քաղաքականությանը մասնակից դառնալ (Յովհաննէս 17։16)։ Որոշ հակառակողներ զրպարտել են մեզ զանգվածային լրատվության միջոցներում։ Նրանք Եհովայի վկաներին անհիմն կերպով նույնիսկ մեղադրել են վտանգավոր աղանդ լինելու մեջ։

11 Բայց եկեք չմոռանանք, որ առաքյալների օրերում ասվել էր. «Այդ աղանդի համար մեզ յայտնի է, որ ամեն տեղ դորա դէմ են խօսում» (Գործք 28։22, ԱԹ)։ Այդ դեպքում՝ մի՞թե էական են կեղծ մեղադրանքները։ Աստված է, որ ճշմարիտ քրիստոնյաներին արդար է հայտարարում, քանի որ նրանք հավատ են ընծայում Քրիստոսի զոհին։ Ինչո՞ւ Եհովան պիտի դադարի սիրել իր երկրպագուներին այն բանից հետո, երբ նրանց է տվել իր ամենաթանկագին պարգևը՝ սիրելի Որդուն (Ա Յովհաննէս 4։10)։ Այժմ, երբ Քրիստոսը հարություն է առել և նստել է Աստծո աջ կողմում, նա ակտիվորեն պաշտպանում է քրիստոնյաներին։ Ո՞վ կարող է հիմնավոր կերպով մեղադրել Քրիստոսի հետևորդներին, եթե նա պաշտպանում է նրանց։ Ո՞վ կարող է հաջողությամբ վիճարկել, որ Աստված բարձր է գնահատում իր հավատարիմ ծառաներին։ Ոչ ո՛ք (Եսայիա 50։8, 9; Եբրայեցիս 4։15, 16)։

12, 13. ա) Ո՞ր պայմանները կամ հանգամանքները չեն կարող մեզ բաժանել Աստծո սիրուց։ բ) Ի՞նչ նպատակ է հետապնդում Բանսարկուն՝ դժվարություններ պատճառելով մեզ։ գ) Ինչո՞ւ են քրիստոնյաները լիակատար հաղթանակ տանում նման իրավիճակներում։

12 Կարդացեք Հռովմայեցիս 8։35–37-ը։ Բացի մեզանից, ո՞վ կամ ի՞նչը կարող է բաժանել մեզ Եհովայի և իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի սիրուց։ Սատանան կարող է իր երկրային գործակալների միջոցով քրիստոնյաների դեմ բազմաթիվ դժվարություններ հարուցել։ Անցած հարյուրամյակում բազմաթիվ երկրներում մեր քրիստոնյա եղբայրներից ու քույրերից շատերը դաժան հալածանքներ են կրել։ Որոշ վայրերում մեր եղբայրները ստիպված են լինում տնտեսական խնդիրների բախվել ամեն օր։ Ոմանք նույնիսկ իրենց վրա զգում են, թե ինչ է նշանակում քաղցածությունը կամ բավականաչափ հագուստ չունենալը։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Բանսարկուն՝ նման պայմաններ առաջ բերելով։ Նրա նպատակներից մեկը ամենաքիչը ճշմարիտ քրիստոնյաներին ետ պահելն է Եհովային ծառայելուց։ Սատանան ցանկանում է մեզ համոզել, որ Աստծո սերը մեր հանդեպ սառչել է։ Բայց մի՞թե այդպես է։

13 Ինչպես Պողոսը, որը մեջ է բերում Սաղմոս 44։22–ը, մենք ևս ուսումնասիրում ենք Աստծո գրավոր Խոսքը։ Մենք հասկանում ենք, որ այդ ամենը Աստծո անվան համար է պատահում մեզ՝ նրա «ոչխարներին»։ Այստեղ հարցը Աստծո անվան սրբացումն ու նրա տիեզերական գերիշխանության արդարացումն է։ Հենց այս կարևորագույն հարցերն են պատճառը, որ Աստված թույլ է տալիս փորձությունները, և ոչ թե այն, որ նա այլևս չի սիրում մեզ։ Անկախ նրանից, թե ինչ ծանր հանգամանքներում կարող ենք գտնվել, մեզ հավաստիացում է տրված, որ Աստծո սերը իր ժողովրդի հանդեպ, որի մեջ է մեզանից ամեն մեկը, չի փոխվել։ Ցանկացած թվացյալ պարտություն հաղթանակ կդառնա, եթե պահենք մեր անարատությունը։ Մենք վստահ ենք Աստծո անբեկանելի սիրո մեջ, ու դա մեզ զորացնում և ուժ է տալիս։

14. Ինչո՞ւ էր Պողոսը համոզված Աստծո սիրո մեջ՝ չնայած այն դժվարություններին, որ գուցե քրիստոնյաները կրում էին։

14 Կարդացեք Հռովմայեցիս 8։38, 39–ը։ Ի՞նչն էր համոզել Պողոսին, որ ոչինչ չի կարող բաժանել քրիստոնյաներին Աստծո սիրուց։ Անկասկած, ծառայության ժամանակ իր հետ պատահած դեպքերը նրան ավելի էին համոզել, որ դժվարությունները չեն կարող ազդել Աստծո՝ մեր նկատմամբ ունեցած սիրո վրա (Բ Կորնթացիս 11։23–27; Փիլիպպեցիս 4։13)։ Նաև Պողոսը գիտեր Եհովայի հավիտենական նպատակի և անցյալում իր ժողովրդի համար նրա կատարած գործերի մասին։ Կարո՞ղ է մահը հաղթել այն սիրուն, որն Աստված տածում է իրեն հավատարմորեն ծառայած մարդկանց հանդեպ։ Բնա՛վ։ Այն հավատարիմ մարդիկ, որ մահացել են, կշարունակեն ապրել Աստծո կատարյալ հիշողության մեջ, մինչև որ համապատասխան ժամանակին նա հարություն կտա նրանց (Ղուկաս 20։37, 38; Ա Կորնթացիս 15։22–26)։

15, 16. Հիշատակեք մի քանի բաներ, որոնք երբեք չեն կարող ստիպել Աստծուն՝ այլևս չսիրելու իր հավատարիմ ծառաներին։

15 Ինչպիսի ցավ էլ որ այսօր կյանքը մեզ բերի՝ դժբախտ պատահար, մահացու հիվանդություն թե տնտեսական ծանր կացություն, ոչինչ չի կարող խանգարել Աստծուն՝ սիրելու իր ժողովրդին։ Հզոր հրեշտակները, ինչպիսին, օրինակ, Սատանա դարձած անհնազանդ հրեշտակն է, չեն կարող ազդեցություն գործել Եհովայի վրա, որ նա այլևս չսիրի իր նվիրված ծառաներին (Յոբ 2։3)։ Կառավարությունները կարող են արգելել, բանտ նստեցնել կամ վատ վերաբերվել Աստծո ծառաներին և նրանց հայտարարել «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձինք (Ա Կորնթացիս 4։13)։ Ազգերի կողմից նման չարդարացված ատելությունը կարող է մարդկանց գրգռել մեր դեմ, բայց դա չի կարող ազդել տիեզերքի Գերիշխանի վրա՝ թողնելու մեզ։

16 Մենք՝ քրիստոնյաներս, կարիք չունենք վախենալու, որ ինչ–​որ բան այն ամենից, ինչ Պողոսը կոչել է «ներկայ բաներ» (ԱԹ)՝ դեպքեր, պայմաններ և իրավիճակներ իրերի այս ներկա համակարգում, ինչպես նաև՝ «գալու բաներ» (ԱԹ), կարող է խափանել Աստծո՝ իր ժողովրդի հանդեպ ունեցած սերը։ Թեև երկրային և երկնային ուժերը պատերազմում են մեր դեմ, Աստծո հավատարիմ սերը պաշտպան է կանգնում մեզ։ Ինչպես շեշտում է Պողոսը, «ո՛չ բարձրութիւն, ո՛չ խորութիւն» չեն կարող խոչընդոտել Աստծո սիրուն։ Այո՛, մեզ ցածրացնելու կամ մեզ վրա տիրապետելու նպատակով մեր դեմ ուղղված ոչ մի բան չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, և ոչ էլ մի ուրիշ արարած կարող է խզել Արարչի հարաբերություններն իր հավատարիմ ծառաների հետ։ Աստծո սերը երբեք չի անցնում. այն հավիտենական է (Ա Կորնթացիս 13։8)։

Հավիտյան բարձր գնահատեք Աստծո սերը

17. ա) Ինչո՞ւ Աստծո սերն ունենալն ավելի «լաւ է քան թէ կեանքը»։ բ) Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ բարձր ենք գնահատում Աստծո անփոփոխ սերը։

17 Որքանո՞վ է Աստծո սերը կարևոր ձեզ համար։ Զգո՞ւմ եք այն, ինչ որ Դավիթն էր զգում։ Նա գրեց. «Որովհետեւ քո ողորմութիւնը [«անփոփոխ սերը», ՆԱ] լաւ է քան թէ կեանքը. իմ շրթունքներս պիտի գովեն քեզ։ Այսպէս կ’օրհնեմ քեզ իմ կեանքումը. քո անունովը կ’բարձրացնեմ իմ ձեռքերը» (Սաղմոս 63։3, 4)։ Եվ իրոք, կա՞ այս աշխարհում մի բան, որն ավելի գնահատելի լինի, քան Աստծո անփոփոխ սերն ու հավատարիմ բարեկամությունն ունենալը։ Օրինակ՝ արդյոք եկամտաբեր կարիերայի ետևից ընկնելը գերադասելի՞է այն հոգեկան անդորրից ու երջանկությունից, որը բխում է Աստծո հետ մտերիմ հարաբերություններ ունենալուց (Ղուկաս 12։15)։ Շատ քրիստոնյաների կանգնեցրել են ընտրության առջև. կա՛մ ուրանալ Եհովային, կա՛մ մեռնել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բազմաթիվ Եհովայի վկաներ, գտնվելով նացիստական համակենտրոնացման ճամբարներում, նման իրավիճակում են հայտնվել։ Բացառությամբ մի քանիսի, մեր քրիստոնյա եղբայրները ընտրեցին Աստծո սիրո մեջ մնալը՝ պատրաստ լինելով նույնիսկ մեռնել։ Նրանք, ովքեր հավատարմորեն մնում են նրա սիրո մեջ, կարող են վստահ լինել, որ Աստված իրենց հավիտենական ապագա կտա. մի բան, որն աշխարհը չի կարող տալ (Մարկոս 8։34–36)։ Սակայն այս հարցում հավիտենական կյանքից ավելի կարևոր հանգամանք կա։

18. Ինչո՞ւ է հավիտենական կյանքն այդքան ցանկալի։

18 Թեև անհնար է հավիտյան ապրել առանց Եհովայի՝ մեր Արարչի, այնուամենայնիվ փորձեք պատկերացնել, թե այդպիսի կյանքը ինչի նման կլիներ։ Այն դատարկ կլիներ, առանց ճշմարիտ նպատակի։ Այս վերջին օրերում Եհովան իր ժողովրդին գոհացուցիչ աշխատանք է տվել։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ երբ Եհովան՝ մեծ նպատակների Աստվածը, շնորհի հավիտենական կյանքը, այն ժամանակ մենք զմայլելի բաներ կսովորենք ու հիասքանչ գործեր կանենք, և այդ ամենն իզուր չի լինի (Ժողովող 3։11)։ Անկախ նրանից, թե ինչքան կսովորենք առաջիկա հազարամյակների ընթացքում, մենք երբեք լիովին չենք հասնի ‘Աստծո հարստության, իմաստության և գիտության խորությանը’ (Հռովմայեցիս 11։33)։

Հայրը սիրում է ձեզ

19. Ինչո՞ւմ հավաստիացրեց Հիսուս Քրիստոսն իր աշակերտներին հրաժեշտի գիշերը։

19 Մ.թ. 33–ի նիսանի 14–ին Հիսուսը, երբ վերջին երեկոն էր անցկացնում իր 11 հավատարիմ առաքյալների հետ, շատ մտքեր արտահայտեց, որպեսզի զորացներ նրանց այն ամենի հետ կապված, ինչ որ առաջիկայում էր սպասվում։ Նրանք բոլորն էլ Հիսուսի հետ էին վերջինիս փորձությունների ժամանակ և անձամբ զգացին նրա սերը իրենց հանդեպ (Ղուկաս 22։28, 30; Յովհաննէս 1։16; 13։1)։ Հետո Հիսուսը հավաստիացրեց նրանց. «Հայրը ինքն իսկ սիրում է ձեզ» (Յովհաննէս 16։27)։ Այս խոսքերը պետք է որ շատ օգնած լինեին աշակերտներին՝ հասկանալու, թե ինչ քնքուշ զգացումներ է տածում իրենց հանդեպ երկնային Հայրը։

20. Ի՞նչ եք վճռել անելու, և ինչո՞ւմ կարող եք վստահ լինել։

20 Եհովայի ժամանակակից ծառաներից շատերն արդեն մի քանի տասնամյակ է, ինչ հավատարմորեն ծառայում են նրան։ Կասկած չկա, որ իրերի այս ամբարիշտ համակարգի վախճանից առաջ մենք ավելի շատ փորձություններ կտեսնենք։ Երբեք թույլ մի տվեք, որ նման փորձությունները կամ ճնշումները ձեր սրտում կասկած առաջացնեն Աստծո՝ ձեր նկատմամբ ունեցած հավատարիմ սիրո հանդեպ։ Եհովան ողորմած Աստված է, և նա սիրում է ձեզ. այս իրողությունը հնարավոր չէ ավելի հստակորեն շեշտել (Յակոբոս 5։11)։ Թող որ յուրաքանչյուրս շարունակի անել իր բաժին գործը՝ հավատարմորեն պահելով Աստծո պատվիրանները (Յովհաննէս 15։8–10)։ Թող որ օգտագործենք ամեն մի հնարավորություն՝ փառաբանելու նրա անունը։ Մենք պետք է ավելի վճռականորեն տրամադրվենք՝ շարունակելու մոտենալ Եհովային աղոթքի և նրա Խոսքի ուսումնասիրության միջոցով։ Ինչ էլ որ մեզ բերի վաղվա օրը, եթե մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հաճեցնենք Եհովային, ապա խաղաղություն կունենանք՝ լիովին վստահ լինելով նրա հավատարիմ սիրո մեջ (Բ Պետրոս 3։14)։

Ինչպե՞ս կպատասխանեիք

• Մեր հոգևոր և էմոցիոնալ հավասարակշռվածությունը պահելու համար ո՞ւմ սիրո կարիքն ունենք։

• Ի՞նչը չի կարող երբևէ ստիպել Եհովային այլևս չսիրելու իր ծառաներին։

• Ինչո՞ւ Եհովայի սերն ունենալը ավելի «լաւ է քան թէ կեանքը»։

[նկարներ 13–րդ էջի վրա]

Եթե մեզ Աստծո սիրուց բաժանված ենք զգում, ապա կարող ենք իրավիճակը շտկելու ուղղությամբ քայլեր ձեռք առնել

[նկար 15–րդ էջի վրա]

Պողոսը հասկանում էր, թե ինչու է հալածվում

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը