Դիմադրիր փոփոխական աշխարհի ոգուն
«Մենք ոչ թէ այս աշխարհքի հոգին առանք, այլ այն Հոգին՝ որ Աստուածանից է» (Ա Կորնթացիս 2։12)։
1. Ո՞ր հարցերում Եվան խաբվեց։
«ՕՁՆ ինձ խաբեց» (Ծննդոց 3։13)։ Այս մի քանի բառով առաջին կինը՝ Եվան, փորձեց բացատրել, թե ինչու Եհովա Աստծո դեմ խռովության ուղին ընտրեց։ Ինչ որ նա ասաց, ճիշտ էր, թեև դա ամենևին էլ չէր արդարացնում նրա սխալը։ Պողոս առաքյալը հետագայում ներշնչվեց գրելու, որ ‘Եվան խաբվեց’ (Ա Տիմոթէոս 2։14)։ Խաբվելով՝ նա հավատաց, թե անհնազանդություն գործելով, այսինքն՝ ուտելով արգելված պտղից, օգուտ կստանա՝ կնմանվի Աստծուն։ Բացի այդ, նա նաև խաբվեց այն հարցում, թե ո՛վ իրեն մոլորեցրեց։ Նա չգիտեր, որ օձն ընդամենը միջոց էր Բանսարկու Սատանայի ձեռքում՝ խաբելու իրեն (Ծննդոց 3։1–6)։
2. ա) Ինչպե՞ս է Սատանան այսօր մոլորեցնում մարդկանց։ բ) Ի՞նչ է «աշխարհքի հոգին», և ի՞նչ հարցեր պետք է քննարկենք։
2 Ադամի ու Եվայի ժամանակներից սկսած՝ Սատանան շարունակում է խաբել մարդկանց։ Այո, իրականությունն այն է, որ նա ‘բովանդակ աշխարհը մոլորեցնում է’ (Յայտնութիւն 12։9)։ Նրա գործելակերպը չի փոխվել։ Թեև նա այլևս չի գործում օձի միջոցով, սակայն շարունակում է թաքցնել իր ինքնությունը։ Զվարճությունների արդյունաբերության, լրատվության միջոցների օգնությամբ ու այլ ձևերով Սատանան մոլորեցնում է մարդկանց՝ նրանց մտածել տալով, թե իրենք կարիք չունեն Աստծո սիրառատ առաջնորդության, և թե դա իրենց որևէ օգուտ չի բերի։ Նա ամեն կերպ ջանում է խաբել մարդկանց, և դրա արդյունքը ամենուր դրսևորվող խռովության ոգին է ընդդեմ Աստվածաշնչի օրենքների ու սկզբունքների։ Աստվածաշունչը այդ ոգին անվանում է «աշխարհքի հոգին» (Ա Կորնթացիս 2։12)։ Այդ ոգին զորավոր ներգործություն է ունենում այն մարդկանց համոզմունքների, հայացքների ու վարքի վրա, ովքեր Աստծուն չեն ճանաչում։ Ինչպե՞ս է այդ ոգին դրսևորվում, և ինչպե՞ս կարող ենք դիմադրել նրա քայքայիչ ազդեցությանը։ Եկեք տեսնենք։
Բարոյական արժեքներն անկում են ապրում
3. Ո՞րն է պատճառը, որ աշխարհի ոգին գնալով է՛լ ավելի ցայտուն է դրսևորվում։
3 Մեր ժամանակներում աշխարհի ոգին գնալով է՛լ ավելի ցայտուն ձևով է դրսևորվում (Բ Տիմոթէոս 3։1–5)։ Հավանաբար նկատել ես, որ բարոյական արժեքներն անկում են ապրում։ Գրությունները բացատրում են, թե ինչու է դա այդպես։ Այն բանից հետո, երբ Աստծո Թագավորությունը հիմնվեց 1914 թ.–ին, երկնքում պատերազմ սկսվեց։ Սատանան ու նրա դևերը պարտվեցին ու գցվեցին երկրի մերձակայքը։ Կատաղության մոլուցքով համակված՝ Սատանան ավելի ինտենսիվ ձևով է խաբում ողջ մարդկությանը (Յայտնութիւն 12։1–9, 12, 17)։ Նա հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի նույնիսկ ‘ընտրվածներին մոլորեցնի’ (Մատթէոս 24։24)։ Մենք Աստծո ժողովուրդն ենք, ուստի նրա գլխավոր թիրախն ենք։ Սատանան ջանում է քայքայել մեր հոգևոր առողջությունը, որպեսզի այլևս արժանի չլինենք Եհովայի բարեհաճությանը և կորցնենք հավիտենական կյանքի հեռանկարը։
4. Ինչպե՞ս են Եհովայի ծառաները դիտում Աստվածաշունչը, և ինչպե՞ս է աշխարհն այն դիտում։
4 Սատանան ջանում է վարկաբեկել Աստվածաշունչը՝ մի թանկարժեք գիրք, որը սովորեցնում է մեզ մեր սիրառատ Արարչի մասին։ Եհովայի ծառաները սիրում ու բարձր են գնահատում Աստվածաշունչը։ Մենք գիտենք, որ այդ գիրքը Աստծո ներշնչյալ Խոսքն է և ոչ թե մարդկանց (Ա Թեսաղոնիկեցիս 2։13; Բ Տիմոթէոս 3։16)։ Բայց Սատանայի աշխարհը կցանկանար, որ մենք այս հարցում այլ տեսակետ ունենայինք։ Օրինակ՝ Աստվածաշնչի դեմ գրված մի գրքի ներածությունում ասվում է. «Աստվածաշունչը ամենևին էլ «սուրբ» չէ և ոչ էլ «Աստծո խոսքն» է։ Այն գրվել է ոչ թե Աստծուց ներշնչված սրբերի կողմից, այլ իշխանատենչ քահանաների»։ Ովքեր հակված են հավատալու նման պնդումների, հեշտությամբ կարող են զոհ գնալ այն մոլորեցուցիչ գաղափարին, թե մարդիկ ազատ են երկրպագելու Աստծուն, ինչպես ցանկանան, կամ էլ ընդհանրապես չերկրպագելու նրան (Առակաց 14։12)։
5. ա) Ի՞նչ է պնդում մի հրապարակախոս այն կրոնների վերաբերյալ, որոնք առնչություն ունեն Աստվածաշնչի հետ։ բ) Ի՞նչ կարելի է ասել աշխարհում տարածված հայացքների ու դրանց վերաբերյալ աստվածաշնչյան տեսակետի մասին (տե՛ս նաև հաջորդ էջի շրջանակը)։
5 Ուղղակի և անուղղակի հարձակումները Աստվածաշնչի վրա, ինչպես նաև կեղծ բարեպաշտների այն պնդումները, թե պաշտպանում են Աստվածաշունչը, ի վերջո բերել են նրան, որ մարդիկ ավելի ու ավելի են մերժում կրոնը, այդ թվում այն կրոնները, որոնք առնչություն ունեն Աստվածաշնչի հետ։ Զանգվածային լրատվության միջոցներն ու գիտության բնագավառի մարդիկ ամենուր կրոնի դեմ են խոսում։ Մի հրապարակախոս նշում է. «Գնալով մարդիկ ավելի բացասականորեն են տրամադրվում հուդայականության ու քրիստոնեության հանդեպ։ Լավագույն դեպքում դրանք համարվում են զվարճալի, վատագույն դեպքում՝ հնացած հայացքներ, որոնք արգելակում են անհատի մտավոր հասունացումը և խոչընդոտում գիտական առաջընթացին։ Վերջին տարիներին քամահրանքը վերածվել է ծաղրի ու բացահայտ թշնամանքի»։ Նման թշնամանք հաճախ դրսևորում են նրանք, ովքեր մերժում են Աստծո գոյությունը և ովքեր «իրանց մտածմունքներումն ունայնացան» (Հռովմայեցիս 1։20–22)։
6. Ի՞նչ տեսակետ ունի աշխարհը այն սեռական գործերի հանդեպ, որոնք Աստված դատապարտում է։
6 Ուստի զարմանալի չէ, որ մարդիկ ավելի ու ավելի են հեռանում վարքի վերաբերյալ Աստծո չափանիշներից։ Օրինակ՝ Աստվածաշունչը միասեռական հարաբերությունները համարում է «խայտառակութիւն» (Հռովմայեցիս 1։26, 27)։ Նա նաև ասում է, որ պոռնիկներն ու շնացողները չեն ժառանգի Աստծո Թագավորությունը (Ա Կորնթացիս 6։9)։ Սակայն շատ երկրներում նման սեռական վարքը ոչ միայն ընդունելի է, այլև գրքերում, ամսագրերում, երգերում, ֆիլմերում և հեռուստաշոուներում ներկայացվում է որպես մի հրապուրիչ, գեղեցիկ բան։ Ովքեր տհաճություն են արտահայտում նման գործերի վերաբերյալ, դիտվում են որպես անհանդուրժողական, քննադատող և հետամնաց անձնավորություններ։ Փոխանակ Աստծո չափանիշները դիտելու որպես սիրով լի հոգատարության դրսևորում՝ աշխարհը դրանք համարում է խոչընդոտներ՝ դրված անձնական ազատության ու ցանկությունների իրագործման ճանապարհին (Առակաց 17։15; Յուդա 4)։
7. Ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ։
7 Խելացի կլիներ, եթե մեր հայացքներն ու արժեքները ստուգեինք, քանի որ գտնվում ենք մի աշխարհում, որը գնալով ավելի է ամրապնդում իր դիրքերն ընդդեմ Աստծո։ Պարբերաբար պետք է աղոթքով ազնվորեն ինքնաքննություն անենք հավաստիանալու համար, որ աստիճանաբար չենք հեռանում Եհովայի մտածելակերպից ու չափանիշներից։ Օրինակ՝ կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Հաճելի՞ են ինձ այն թեմաները, որոնցից մի քանի տարի առաջ խուսափում էի։ Սկսել եմ ներողամտորե՞ն վերաբերվել այն գործերին, որոնք Աստված դատապարտում է։ Անցյալի հետ համեմատած՝ հակվա՞ծ եմ այժմ պակաս լրջորեն մոտենալ հոգևոր հարցերին։ Իմ կենսաձևը ցո՞ւյց է տալիս, որ Թագավորության շահերն առաջին տեղում եմ դնում» (Մատթէոս 6։33)։ Նման մտորումները կօգնեն մեզ դիմադրել աշխարհի ոգուն։
«Երբեք.... չտարուենք»
8. Ինչպե՞ս կարող է անհատը հեռանալ Եհովայից։
8 Պողոս առաքյալն իր հավատակիցներին գրեց. «Պէտք է մեզ առաւել եւս ականջ դնենք այն մեր լսած բաներին, որ մի գուցէ պակասուինք [«չտարուենք դէպի կորուստ», ԷԹ]» (Եբրայեցիս 2։1)։ Եթե նավը ‘տարվում’՝ շեղվում է իր բռնած ուղղությունից, ապա չի հասնի նպատակակետին։ Եթե նավապետը ուշադրություն չդարձնի քամու ուղղությանն ու ջրի հոսանքին, ապա նավը հեշտությամբ կարող է շեղվել ապահով հանգրվանից ու ժայռոտ ափերի ծանծաղուտը ընկնել։ Նման ձևով, եթե ուշադրություն չդարձնենք Աստծո Խոսքի անգին ճշմարտություններին, ապա թերևս հեշտությամբ ‘տարվենք’ Եհովայից ու հոգևոր նավաբեկության ենթարկվենք։ Նման բան տեղի ունենալու համար ամենևին էլ անհրաժեշտ չէ, որ ճշմարտությունը ամբողջությամբ մերժենք։ Իրողությունն այն է, որ քչերն են Եհովային մերժում անսպասելիորեն ու գիտակցաբար։ Ավելի հաճախ այդ մարդիկ աստիճանաբար ներգրավվում են այնպիսի բաների մեջ, որոնք շեղում են իրենց ուշադրությունը Աստծո Խոսքից։ Նրանք գրեթե աննկատ ‘տարվում’ են դեպի մեղք։ Քնած նավապետի նման՝ այդ անհատները արթնանում են միայն այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ է լինում։
9. Ի՞նչ օրհնություններ Եհովան տվեց Սողոմոնին։
9 Քննենք Սողոմոնի կյանքը։ Եհովան նրան թագավոր նշանակեց Իսրայելի վրա, թույլ տվեց կառուցել տաճարը ու ներշնչեց գրելու Աստվածաշնչի որոշ մասեր։ Աստված երկու անգամ խոսեց Սողոմոնի հետ, տվեց նրան հարստություն, փառք ու խաղաղ թագավորում։ Իսկ ամենից ավելի, Եհովան նրան տվեց մեծ իմաստություն։ Աստվածաշունչն ասում է. «Աստուած Սողոմոնին իմաստութիւն եւ խիստ շատ հանճար տուաւ եւ սրտի լայնութիւն ծովի եզերքի աւազին պէս։ Եւ Սողոմոնի իմաստութիւնը բոլոր արեւելցիների իմաստութիւնից եւ բոլոր Եգիպտոսի իմաստութիւնից շատ էր» (Գ Թագաւորաց 4։21, 29, 30; 11։9)։ Անշուշտ, կարելի է մտածել, որ եթե մեկը հավատարիմ մնալու լիներ Աստծուն, ապա դա պետք է Սողոմոնը լիներ։ Այնինչ նա ‘տարվեց’ դեպի հավատուրացություն։ Ինչպե՞ս դա պատահեց։
10. Ո՞ր պատվերին Սողոմոնը չհնազանդվեց, ու ի՞նչ եղավ հետևանքը։
10 Սողոմոնը ամբողջությամբ գիտեր ու լավ էր հասկանում Աստծո Օրենքը։ Անկասկած, նա հատուկ ուշադրություն էր դարձրել այն հրահանգներին, որ նախատեսված էին Իսրայելի թագավորների համար։ Դրանցից մեկը հետևյալն էր. «[Թագավորը] իր կանանցը չ’շատացնէ, որ սիրտը չ’խոտորուէ» (Բ Օրինաց 17։14, 17)։ Բայց Սողոմոնն այս հստակ պատվերն անտեսեց՝ ունենալով յոթ հարյուր կին ու երեք հարյուր հարճ։ Այս կանանցից շատերը օտար աստվածների էին պաշտում։ Մենք չգիտենք, թե ինչու Սողոմոնն այդքան կին ունեցավ և չգիտենք, թե ինչով էր նա հիմնավորում իր այդ վարքը։ Բայց մենք գիտենք, որ նա թերացավ հնազանդվել Աստծո հստակ պատվերին։ Հետևանքը եղավ ճիշտ այն, ինչ Եհովան նախօրոք ասել էր։ Կարդում ենք. «[Սողոմոնի] կանայքը դարձրին նորա սիրտը ուրիշ աստուածների ետեւից» (Գ Թագաւորաց 11։3, 4)։ Աստիճանաբար, բայց հաստատուն կերպով, նրա աստվածային իմաստությունը նվազեց։ Նա ‘տարվեց’։ Ժամանակի ընթացքում Սողոմոնի՝ Աստծուն հնազանդվելու և հաճեցնելու ցանկությունը փոխարինվեց իր հեթանոս կանանց հաճեցնելու ցանկությամբ։ Ի՜նչ ողբերգություն, քանզի Սողոմոնն այն անձնավորությունն էր, որն ավելի վաղ գրել էր հետևյալ խոսքերը. «Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին» (Առակաց 27։11)։
Աշխարհի ոգին զորավոր է
11. Ինչպե՞ս է այն, ինչ մտնում է մեր ուղեղը, ազդում մեր մտածողության վրա։
11 Սողոմոնի օրինակից սովորում ենք, որ վտանգավոր է խորհել, թե, քանի որ գիտենք ճշմարտությունը, աշխարհային հոսանքները չեն ազդի մեր մտածողության վրա։ Ճիշտ ինչպես ֆիզիկական կերակուրն է ազդեցություն թողնում օրգանիզմի վրա, այնպես էլ մեր ուղեղը մտնող «կերակուրն» է ազդեցություն թողնում մեր մտքի վրա։ Ինչով որ կերակրում ենք մեր միտքը, դրան համապատասխան էլ ձևավորվում են մեր մտածողությունն ու հայացքները։ Գիտակցելով այս փաստը՝ առևտրական կազմակերպությունները ամեն տարի միլիարդավոր դոլարներ են ծախսում՝ գովազդելու իրենց ապրանքը։ Գովազդներում հնչում են այնպիսի խոսքեր և դրանք ուղեկցվում են այնպիսի պատկերներով, որոնք կոչված են սպառողի մեջ արթնացնելու ցանկություններ ու քմահաճույքներ։ Գովազդ անողները նաև գիտեն, որ մարդիկ, մեկ–երկու անգամ գովազդը դիտելով, չեն համոզվի, որ հարկավոր է անմիջապես գնալ խանութ ու գնել այդ ապրանքը։ Բայց հաճախ պատահում է այնպես, որ գովազդը, անընդհատ ցուցադրվելով, ժամանակի ընթացքում սպառողներին ստիպում է տվյալ ապրանքին դրականորեն նայել։ Եթե գովազդ անելն անիմաստ լիներ, ապա ոչ ոք գումարներ չէր ներդնի իր ապրանքը գովազդելու համար։ Այն զորավոր ազդեցություն է գործում հասարակության մտածողության ու հայացքների վրա։
12. ա) Ինչպե՞ս է Սատանան ներգործում մարդկանց մտածողության վրա։ բ) Ի՞նչն է ցույց տալիս, որ քրիստոնյաները նույնպես կարող են նման ներգործության ենթարկվել։
12 Ինչպես մի գովազդ անող, Սատանան իր գաղափարները տարածում է՝ դրանք ներկայացնելով գեղեցիկ «փաթեթավորումով», իմանալով, որ ժամանակի ընթացքում կարող է մարդկանց համոզել, որ իր պես մտածեն։ Զվարճությունների արդյունաբերության ու այլ միջոցների օգնությամբ Սատանան խաբում է մարդկանց՝ նրանց մտածել տալով, թե լավը վատ է, և վատը՝ լավ (Եսայիա 5։20)։ Նույնիսկ ճշմարիտ քրիստոնյաներն են զոհ գնացել նրա ապատեղեկատվական արշավին։ Աստվածաշունչը նախազգուշացնում է. «Հոգին յայտնի ասում է թէ յետին ժամանակներումը ոմանք հաւատքիցը կ’հեռանան, եւ մտիկ կ’տան մոլար ոգիների եւ դեւերի վարդապետութիւնների, ստախօսների կեղծաւորութեամբը, որոնց խղճմտանքը տաղուած է» (Ա Տիմոթէոս 4։1, 2; Երեմիա 6։15)։
13. Որո՞նք են չար ընկերակցությունները, և ինչպե՞ս կարող են ընկերակցությունները ազդեցություն թողնել մեզ վրա։
13 Մեզանից ոչ ոք ապահովված չէ աշխարհի ոգու ազդեցությունից։ Սատանայի համակարգի քամիներն ու հոսանքները զորավոր են։ Աստվածաշունչը իմաստուն հորդոր է մեզ տալիս. «Մի խաբուիք. չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը» (Ա Կորնթացիս 15։33)։ Չար ընկերակցություն կարող է լինել ցանկացած անձնավորություն, նույնիսկ ժողովի անդամը, որը դրսևորում է աշխարհի ոգին, ինչպես նաև ամեն բան, որում արտահայտված է այդ ոգին։ Եթե մտածենք, թե վատ ընկերակցությունները չեն կարող վնասել մեզ, ապա մի՞թե չենք գա եզրակացության, որ լավ ընկերակցությունները չեն կարող օգնել մեզ։ Ի՜նչ սխալ մտայնություն։ Աստվածաշունչը շատ պարզ է ասում. «Իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ. բայց տխմարների հետ ընկերացողը կ’չարանայ» (Առակաց 13։20)։
14. Ինչպե՞ս կարող ենք դիմադրել աշխարհի ոգուն։
14 Աշխարհի ոգուն դիմադրելու համար մենք պետք է ընկերակցենք իմաստուն մարդկանց հետ՝ նրանց հետ, ովքեր ծառայում են Եհովային։ Մենք պետք է մեր միտքը լցնենք հավատը կերտող բաներով։ Պողոս առաքյալը գրեց. «Ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թէ առաքինութիւն է, եւ թէ գովութիւն է, այն մտածեցէք» (Փիլիպպեցիս 4։8)։ Մենք ստեղծված ենք ազատ կամքով ու կարող ենք ընտրություն անել, թե ինչի մասին մտածենք։ Թող որ միշտ մտածենք այն բաների մասին, որոնք մեզ ավելի կմոտեցնեն Եհովային։
Աստծո ոգին ավելի զորավոր է
15. Ինչո՞վ էին հին Կորնթոսի քրիստոնյաները տարբերվում իրենց քաղաքի մյուս բնակիչներից։
15 Ի տարբերություն նրանց, ովքեր մոլորված են աշխարհի ոգու կողմից՝ ճշմարիտ քրիստոնյաները առաջնորդվում են Աստծո սուրբ ոգով։ Պողոսը հետևյալ խոսքերը կորնթացիների ժողովին գրեց. «Մենք ոչ թէ այս աշխարհքի հոգին առանք, այլ այն Հոգին՝ որ Աստուածանից է. որ ճանաչենք այն բաները որ Աստուածանից տրուեցաւ մեզ» (Ա Կորնթացիս 2։12)։ Հին Կորնթոս քաղաքը ամբողջությամբ համակված էր աշխարհի ոգով։ Նրա բնակիչների մեծ մասն այն աստիճանի էր անառակ, որ «կորնթացի դառնալ» արտահայտությունը սկսեց կրել «անբարոյականություն գործել» իմաստը։ Սատանան մարդկանց միտքը կուրացրել էր։ Հետևաբար նրանք շատ քիչ բան էին հասկանում ճշմարիտ Աստծո մասին, եթե առհասարակ որևէ բան հասկանում էին (Բ Կորնթացիս 4։4)։ Սակայն Եհովան իր սուրբ ոգու միջոցով բացեց որոշ կորնթացիների աչքերը՝ նրանց հնարավորություն տալով ճշմարտության գիտությունը ստանալ։ Նրա ոգին մղեց ու առաջնորդեց նրանց մեծ փոփոխություններ անելու կյանքում, որպեսզի կարողանային ունենալ իր հաճությունն ու օրհնությունը (Ա Կորնթացիս 6։9–11)։ Թեպետ աշխարհի ոգին ուժեղ էր, բայց Եհովայի ոգին ավելի ուժեղ էր։
16. Ինչպե՞ս կարող ենք ստանալ ու միշտ ունենալ Աստծո սուրբ ոգին։
16 Նույնը ճշմարիտ է նաև այսօր։ Աստծո սուրբ ոգին տիեզերքի ամենից զորավոր ուժն է, և Եհովան այն առատորեն, առանց սահմանափակումների տալիս է բոլոր նրանց, ովքեր խնդրում են հավատով (Ղուկաս 11։13)։ Այնուհանդերձ, Աստծո ոգին ունենալու համար մենք պետք է ավելին անենք, քան պարզապես դիմադրենք աշխարհի ոգուն։ Մենք պետք է նաև կանոնավորաբար ուսումնասիրենք Աստծո Խոսքը և այն կիրառենք կյանքում, որպեսզի մեր ոգին՝ մեր մտային տրամադրվածությունը, ներդաշնակ լինի Աստծո մտածելակերպին։ Եթե այդպես վարվենք, ապա Եհովան կամրացնի մեզ, ու մենք կկարողանանք դիմակայել Սատանայի ցանկացած քայլի, որը նա կանի մեր հոգևոր առողջությունը քայքայելու նպատակով։
17. Ինչպե՞ս կարող է Ղովտի հետ պատահածը մխիթարել մեզ։
17 Թեև քրիստոնյաները աշխարհի մաս չեն կազմում, այնուամենայնիվ նրանք աշխարհում են գտնվում (Յովհաննէս 17։11, 16)։ Մեզնից ոչ ոք չի կարող լիովին խուսափել աշխարհի ոգուց, քանի որ գուցե աշխատում կամ նույնիսկ ապրում ենք նրանց հետ, ովքեր չեն սիրում Աստծուն ու նրա ճանապարհները։ Մենք է՞լ ենք մեզ զգում այնպես, ինչպես Ղովտը, որը, ապրելով սոդոմացիների մեջ, ‘զզվում’ (ԱՆԹ) և նույնիսկ տանջվում էր նրանց անօրեն գործերից (Բ Պետրոս 2։7, 8)։ Եթե այո, ապա կարող ենք մխիթարվել. Եհովան պաշտպանեց ու ազատեց Ղովտին և նույնը կարող է մեզ համար անել։ Մեր սիրառատ Հայրը գիտի մեր հանգամանքները, և նա կարող է մեզ օգնել ու զորացնել, որպեսզի ի վիճակի լինենք հոգևորապես առողջ մնալ (Սաղմոս 33։18, 19)։ Եթե նրան ապավինենք, վստահենք և կանչենք, ապա մեզ կօգնի դիմադրել աշխարհի ոգուն՝ անկախ այն բանից, թե որքան ծանր կլինի մեր իրավիճակը (Եսայիա 41։10)։
18. Ինչո՞ւ պետք է թանկ գնահատենք Եհովայի հետ մեր հարաբերությունները։
18 Մի աշխարհում, որը հեռացել է Աստծուց ու խաբվում է Սատանայի կողմից, մենք՝ որպես Եհովայի ժողովուրդ, օրհնվում ենք ճշմարտության գիտությամբ։ Ուստի մենք վայելում ենք այնպիսի ուրախություն և խաղաղություն, ինչպիսին աշխարհը չունի (Եսայիա 57։20, 21; Գաղատացիս 5։22)։ Մեզ համար շատ թանկ է Դրախտում հավիտենական կյանքով ապրելու չքնաղ հեռանկարը. այնտեղ այս մեռնող աշխարհի ոգին այլևս չի լինի։ Ուրեմն եկեք բարձր գնահատենք մեր թանկագին փոխհարաբերությունները Աստծո հետ և զգոն լինենք, որպեսզի անհրաժեշտության դեպքում վերացնենք հոգևորապես ‘տարվելու’ ամեն մի հակում։ Եկեք է՛լ ավելի մոտենանք Եհովային, և նա կօգնի մեզ դիմադրել աշխարհի ոգուն (Յակոբոս 4։7, 8)։
Կարո՞ղ եք բացատրել
• Ի՞նչ կերպերով է Սատանան խաբում ու մոլորեցնում մարդկանց։
• Ինչպե՞ս կարող ենք խուսափել Եհովայից ‘տարվելուց’։
• Ի՞նչն է վկայում, որ աշխարհի ոգին զորավոր է։
• Ինչպե՞ս կարող ենք ստանալ ու միշտ ունենալ Աստծո ոգին։
[11–րդ էջի վրայի շրջանակը]
Աշխարհի իմաստությունը և Աստծո իմաստությունը
Ճշմարտությունը հարաբերական է։ Մարդիկ իրենք են որոշում, թե որն է ճշմարտությունը։
«[Աստծո] խօսքը ճշմարտութիւն է» (Յովհաննէս 17։17)։
Որպեսզի որոշես ճիշտն ու սխալը, ապավինիր քո զգացմունքներին։
«Սիրտը ամէն բանէն աւելի խաբեբայ ու խիստ չար է» (Երեմիա 17։9, ԱԱ)։
Արա այն, ինչ ուզում ես։
«Քալող մարդը իր քալուածքը շտկելու կարող չէ» (Երեմիա 10։23, ԱԱ)։
Ուզում ես երջանիկ լինել, հարուստ եղիր։
«Արծաթսիրութիւնը ամեն չարիքների արմատն է» (Ա Տիմոթէոս 6։10)։
[նկար 10–րդ էջի վրա]
Սողոմոնն աստիճանաբար հեռացավ ճշմարիտ երկրպագությունից ու դարձավ կեղծ աստվածներին
[նկար 12–րդ էջի վրա]
Ինչպես մի գովազդ անող, Սատանան ջատագովում է աշխարհի ոգին։ Դիմադրո՞ւմ ես այդ ոգուն