Դիմադրիր Սատանայի մարտավարությանը
«ՉԽԱԲՎԵ՛Ք։ Ձեր Աստվածը չի ազատի ձեզ։ Հանձնվե՛ք, եթե ոչ, ապա կչարչարվեք»։ Երուսաղեմի բնակիչներին այս լուրը բերել էր Ասորեստանի Սենեքերիմ թագավորի պատգամաբերը՝ Ռաբսակը։ Թագավորի զորքերը արդեն գրավել էին Հուդան։ Այս խոսքերով Ռաբսակը ուզում էր բարոյապես ընկճել Երուսաղեմի բնակիչներին և այն աստիճանի վախեցնել նրանց, որ վերջիններս հանձնվեն (Դ Թագ. 18։28–35)։
Ասորեստանցիները հայտնի էին որպես դաժան և արյունարբու մարդիկ։ Նրանք իրենց թշնամիների մեջ ահ ու սարսափ էին գցում՝ ամենուր տարածելով, թե ինչ զարհուրելի բաներ են արել իրենց գերիներին։ Պատմաբան Ֆիլիպ Թեյլորի համաձայն՝ նրանք «հատուկ քաղաքականություն էին վարում, սարսափահար էին անում մարդկանց և աղավաղված տեղեկություններ տարածում, որպեսզի գերեվարված մարդկանց իրենց իշխանության տակ պահեն, նաև վախ էին գցում այն մարդկանց մեջ, ովքեր կարող էին իրենց թշնամի դառնալ՝ լուրեր տարածելով այն մասին, թե ինչ դաժանություններ են արել ուրիշներին»։ Այսպիսի մարտավարությունը մեծ ազդեցություն է թողնում։ «Այն վնասում է մարդու մտածելակերպը»,— ասում է Թեյլորը։
Այսօր ճշմարիտ քրիստոնյաների «պայքարը արյան ու մարմնի դեմ չէ, այլ.... ոգեղեն չար ուժերի դեմ», ոգեղեն այն արարածների, որոնք ըմբոստացան Աստծու դեմ (Եփես. 6։12)։ Նրանց առաջնորդը Բանսարկու Սատանան է։ Նա նույնպես ահաբեկում է մարդկանց՝ ահասարսուռ լուրեր տարածելով։
Սատանան պնդում է, որ կարող է կոտրել մեզնից յուրաքանչյուրի անարատությունը։ Հոբի օրերում նա ասաց Եհովային. «Մարդս իր բոլոր ստացուածքն իր անձի տեղ կ’տայ»։ Այլ խոսքերով՝ նա ուզում էր ասել, որ ճնշման ներքո վաղ թե ուշ անհատը ի վերջո կկոտրվի և հավատարիմ չի մնա Աստծուն (Յոբ 2։4)։ Ճի՞շտ էր արդյոք Սատանան։ Արդյոք դժվարությունների ժամանակ տոկո՞ւմ ենք այնքան, որքան կարող ենք, իսկ երբ վտանգի տակ է դրվում մեր կյանքը, ուրանո՞ւմ ենք մեր հավատը, որպեսզի կենդանի մնանք։ Սատանան ուզում է, որ մենք հենց այդպես մտածենք։ Այդ պատճառով էլ նա աննկատ կերպով նման մտքեր է սերմանում մեր մեջ։ Քննենք նրա մեթոդներից մի քանիսը և տեսնենք, թե ինչպես կարող ենք դիմադրել նրան։
Նրանց «հիմունքը փոշիի մէջ է»
Սատանան Հոբի երեք ընկերներից մեկի՝ Եղիփազի միջոցով այնպիսի միտք հայտնեց, թե մարդը շատ թույլ արարած է և չի կարող դիմադրել իր հարձակումներին ու հավատարիմ մնալ Աստծուն։ Ասելով, որ մարդիկ նման են «կաւեղէն տներում» ապրողների՝ նա Հոբին ասաց. «[Նրանց] հիմունքը փոշիի մէջ է, եւ որոնք ջարդվում են ցեցի նման։ Առաւօտից մինչեւ երեկոյ փշրվում են, առանց մէկի ուշադրութեան կորչում են յաւիտեան» (Յոբ 4։19, 20)։
Աստվածաշնչային մեկ ուրիշ համարում գրված է, որ մենք նման ենք «հողե անոթների»՝ կավից պատրաստված փխրուն ամանների (2 Կորնթ. 4։7)։ Մենք թույլ ենք, քանի որ մեղք և անկատարություն ենք ժառանգել մեր նախածնողներից (Հռոմ. 5։12)։ Լինելով անկատար թույլ մարդիկ՝ մեր ուժերով չենք կարող դեմ կանգնել Սատանայի հարձակումներին։ Սակայն որպես քրիստոնյաներ՝ մենք ունենք Եհովայի աջակցությունը։ Բացի այդ, թեև տկար ենք, բայց թանկարժեք ենք Աստծու աչքում (Ես. 43։4)։ Դեռ ավելին, Եհովան իր սուրբ ոգին տալիս է նրանց, ովքեր խնդրում են այն (Ղուկ. 11։13)։ Սուրբ ոգին կարող է «սովորականին գերազանցող զորությունը» տալ մեզ, և այդ դեպքում մենք կկարողանանք պայքարել ցանկացած հակառակության դեմ, որ Սատանայի կողմից կգա (2 Կորնթ. 4։7; Փիլիպ. 4։13)։ Ուրեմն եթե դեմ կանգնենք Սատանային՝ «հավատում ամրացած», Աստված հաստատուն կդարձնի մեզ ու կզորացնի (1 Պետ. 5։8–10)։ Իրականում, մենք չպետք է վախենանք Բանսարկու Սատանայից։
Մարդը «անօրէնութիւնը ջրի պէս է խմում»
«Մարդս ի՞նչ է՝ որ մաքուր լինի, եւ կնկանից ծնուածը՝ որ արդարանայ»,— հարցրեց Եղիփազը։ Այնուհետև պատասխանեց իր հարցին. «Ահա՝ [Աստված] իր սրբերին էլ չէ հաւատում, եւ երկինքն էլ մաքուր չէ նորա աչքի առաջին։ Բայց մանաւանդ գարշելի ու պիղծ է մարդս, որ անօրէնութիւնը ջրի պէս է խմում» (Յոբ 15։14–16)։ Այսինքն՝ Եղիփազը Հոբին ասում էր, թե Եհովան ոչ մի մարդու արդար չի համարում։ Բանսարկուն նույնպես բացասական մտքեր է օգտագործում։ Նա ուզում է, որ մենք կենտրոնանանք անցյալում կատարած մեր սխալների վրա, չափից շատ քննադատենք ինքներս մեզ։ Ինչպես նաև մտածենք, թե մենք անուղղելի ենք ու անհույս վիճակում ենք, որ Եհովան մեր ուժերից վեր բան է ակնկալում մեզնից և անտեսենք այն, որ նա կարեկցող, ներողամիտ ու աջակցող է։
Ինչ խոսք, մենք բոլորս էլ «մեղք ենք գործել ու չենք հասել Աստծու փառքին»։ Իրականում, ոչ մի անկատար մարդ չի կարող ապրել Եհովայի կատարյալ չափանիշներին ներդաշնակ (Հռոմ. 3։23; 7։21–23)։ Սակայն դա չի նշանակում, որ մենք անարժեք ենք Եհովայի աչքին։ Եհովան գիտի, որ «առաջին օձը, որ Բանսարկու և Սատանա է կոչվում», որպես զենք օգտագործում է մեր անկատարությունը (Հայտն. 12։9, 10)։ Սակայն Աստված հասկանում է, որ մենք «հող» ենք, և իր մտքում չի պահում մեր սխալները (Սաղ. 103։8, 9, 14)։
Եթե թողենք մեր հին ընթացքը, անկեղծորեն զղջանք ու մոտենանք Եհովային, նա մեծահոգաբար կների մեզ (Ես. 55։7; Սաղ. 51։17)։ Աստվածաշնչում գրված է, որ թեև մեր «մեղքերը կրկնակի կարմիրի պէս են, ձիւնի պէս պիտի սպիտականան» (Ես. 1։18)։ Ուստի եկեք վճռենք միշտ կատարել Աստծու կամքը։
Քանի որ մեղավոր ենք, երբեք չենք կարող արդար համարվել Աստծու առաջ։ Ադամն ու Եվան կորցրին իրենց կատարելությունը և հավիտյան ապրելու հեռանկարը, իսկ մեզ մահ ու մեղք փոխանցեցին (Հռոմ. 6։23)։ Սակայն մեծ սեր ունենալով մարդկանց հանդեպ՝ Եհովան քայլեր ձեռնարկեց, որ ների մեր մեղքերը, եթե իհարկե հավատ ընծայենք նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությանը (Մատթ. 20։28; Հովհ. 3։16)։ Աստծու անարժան բարության ինչպիսի՜ դրսևորում (Տիտոս 2։11)։ Մեր մեղքերը կարող են ներվել։ Ուստի չպետք է թույլ տանք, որ Սատանան այնպիսի մտքեր տա մեզ, թե մենք փրկության հույս չենք կարող ունենալ։
«Մեկնիր ձեռքդ եւ դպցրու նորա ոսկորին եւ նորա մարմնին»
Սատանան պնդում էր, թե Հոբը չի հավատա Աստծուն, երբ կորցնի իր առողջությունը։ Մարտահրավեր նետելով Եհովային՝ Բանսարկուն ասաց. «Հիմա մեկնիր ձեռքդ եւ դպցրու նորա ոսկորին եւ նորա մարմնին, և տես թէ որ քո երեսին քեզ չ’հայհոյէ» (Յոբ 2։5)։ Աստծու Հակառակորդը, անկասկած, շատ կուրախանա, եթե մենք թերարժեքության զգացումով համակվենք մեր ֆիզիկական վատ վիճակի պատճառով։
Հիշենք, Եհովան երես չի թեքում մեզնից, երբ այլևս ի վիճակի չենք ծառայելու այնքան, որքան ծառայում էինք նախկինում։ Օրինակ՝ ինչպե՞ս կվարվենք մենք, երբ մեր ընկերը հիվանդանա և առաջվա պես չկարողանա մեզ աջակցել։ Արդյոք կթերագնահատե՞նք նրան։ Իհա՛րկե ոչ։ Մենք կշարունակենք նրան սիրել և հոգ տանել նրա մասին, հատկապես եթե նա վատ վիճակում է, սակայն փորձում է ինչ–որ բանով օգտակար լինել մեզ։ Նույնը չե՞նք ակնկալում Եհովայից։ Աստվածաշնչում գրված է. «Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր աշխատանքը և այն սերը, որ ցույց տվեցիք իր անվան համար» (Եբր. 6։10)։
Աստվածաշնչում նշվում է «մի կարիքավոր այրու» մասին, որ հավանաբար երկար տարիներ թիկունք էր կանգնում Աստծու երկրպագությանը։ Մի անգամ Հիսուսը նկատում է, որ նա «շատ չնչին արժողության երկու փոքր մետաղադրամ է գցում» գանձանակի մեջ։ Սակայն արդյո՞ք այդ կնոջը կամ նվիրաբերված գումարը նա անարժեք համարեց։ Ընդհակառակը՝ Հիսուսը գովեց նրան, քանի որ հնարավորության սահմաններում վերջինս իր լավագույնը արեց ճշմարիտ երկրպագության համար (Ղուկ. 21։1–4)։
Եթե պահենք մեր անարատությունը, ապա կարող ենք համոզված լինել, որ Եհովայի հետ մեր փոխհարաբերությունները չեն խզվի, անկախ նրանից՝ հիվանդ ենք, թե տարիքի հետ կապված խնդիրներ ունենք։ Աստված երբեք չի լքի իր հավատարիմ ծառաներին, ովքեր հիվանդության կամ ծերության պատճառով այլևս չեն կարողանում շատ ծառայել իրեն (Սաղ. 71։9, 17, 18)։
Ընդունիր «փրկության սաղավարտը»
Իսկ ինչպե՞ս կարող ենք դիմադրել Սատանայի նենգ մարտավարությանը։ Պողոս առաքյալը գրեց. «Շարունակե՛ք զորանալ Տիրոջով և նրա ուժի հզորությամբ։ Հագե՛ք Աստծու ամբողջ սպառազինությունը, որպեսզի կարողանաք հաստատ կանգնել Բանսարկուի նենգությունների դեմ»։ Այս հոգևոր սպառազինության մի մասը «փրկության սաղավարտն» է (Եփես. 6։10, 11, 17)։ Մենք պետք է վստահ լինենք, որ կրում ենք այդ սաղավարտը, որպեսզի կարողանանք մերժել կեղծիքը։ Սովորաբար սաղավարտը պաշտպանում է զինվորի գլուխը։ Իսկ մեր «փրկության հույսը»՝ վստահությունը այն բանի նկատմամբ, որ Աստծու խոստումները նոր աշխարհի վերաբերյալ կիրագործվեն, կպաշտպանի մեր մտքերը Սատանայի ստերից (1 Թեսաղ. 5։8)։ Հարկավոր է վառ և ամուր պահել այդ հույսը՝ ժրաջանորեն ուսումնասիրելով Աստվածաշունչը։
Դարձյալ անդրադառնանք Հոբին, որը թեև Սատանայի կողմից ենթարկվեց դաժան փորձությունների, սակայն հարության հույսի հանդեպ նրա հավատը այնքան ամուր էր, որ անգամ մահվան սպառնալիքը չկոտրեց նրա անարատությունը։ Նա ասաց Եհովային. «Դու մէկ կանչէիր, եւ ես քեզ պատասխան տայի, եւ դու կ’հաճէիր [«կկարոտեիր», ՆԱ] քո ձեռքի գործին» (Յոբ 14։15)։ Նույնիսկ եթե Հոբը մահանար, նա վստահ էր, որ Աստծու սերը իր հավատարիմ ծառաների նկատմամբ կմղի նրան հարություն տալու նրանց։
Թող որ նման վստահություն ունենանք Աստծու հանդեպ։ Չէ՞ որ Եհովան շուտով վերացնելու է Սատանային և նրա դևերին։ Հիշիր նաև Պողոսի խոսքերը. «Աստված հավատարիմ է և թույլ չի տա, որ դուք ձեր կարողությունից վեր փորձվեք, այլ փորձության ժամանակ նա նաև ելքը կտա, որպեսզի կարողանաք տոկալ» (1 Կորնթ. 10։13)։
[Նկար 20–րդ էջի վրա]
Եհովան գնահատում է քո ծառայությունը
[Նկար 21–րդ էջի վրա]
Ընդունիր փրկության սաղավարտը և շարունակ կրիր այն