Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 7/1 էջ 26–30
  • Պատանինե՛ր, ընտրեք Եհովային ծառայելը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պատանինե՛ր, ընտրեք Եհովային ծառայելը
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Այսօր նվիրումն ինքնաբերաբար չի լինում
  • Ի՞նչ է ‘Տիրոջ ուսմունքը’
  • Եհովան քեզ առաջարկում է ընտրություն կատարել
  • Գիտակցի՛ր քո պատասխանատվությունը
  • Ինչո՞ւ ես հետաձգում մկրտությունդ
  • «Գնանք ձեզ հետ»
  • Ծնողնե՛ր, պատրաստո՞ւմ եք ձեր երեխաներին մկրտվելու
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Պատանինե՛ր, պատրա՞ստ եք մկրտվելու
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Պե՞տք է երեխաները մկրտվեն
    2011 Դիտարան
  • Մկրտությունը և քո փոխհարաբերությունը Աստծու հետ
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
Ավելին
2006 Դիտարան
w06 7/1 էջ 26–30

Պատանինե՛ր, ընտրեք Եհովային ծառայելը

«Ընտրեցէք այսօր ձեզ համար, թէ ո՞րն էք պաշտելու» (ՅԵՍՈՒ 24։15)։

1, 2. Քրիստոնեական աշխարհում մկրտության ի՞նչ սխալ ձևեր էին տարածված։

«ԹՈՂ [երեխաները] քրիստոնյա դառնան, երբ բավականաչափ հասուն լինեն Քրիստոսին ճանաչելու համար»։ Այս խոսքերը պատկանում են մ. թ. երկրորդ դարի վերջում ապրած Տերտուլիանոս անունով մի գրողի։ Նա դեմ էր մանուկների մկրտությանը, մի սովորություն, որը սկսել էր լայնորեն տարածվել իր օրերի հավատուրաց քրիստոնեության մեջ։ Հակառակ Տերտուլիանոսի և Աստվածաշնչի՝ եկեղեցու հայր Օգոստինոսը պնդում էր, թե մկրտությունը չեզոքացնում է բնածին մեղքը, և այն նորածինները, որոնք մահանում են նախքան մկրտվելը, անիծված են։ Այդ հավատալիքի պատճառով մարդիկ սկսեցին հնարավորին չափ շուտ մկրտել նորածիններին։

2 Քրիստոնեական աշխարհի շատ եկեղեցիներ մինչև օրս մկրտում են նորածիններին։ Ավելին, պատմությունը փաստում է, որ այսպես կոչված քրիստոնյա ազգերի ղեկավարներն ու կրոնական առաջնորդները պարտադիր մկրտության են ենթարկել նվաճված «հեթանոս» ազգերին։ Սակայն մանուկների մկրտությունը և չափահասների պարտադիր մկրտությունը աստվածաշնչային հիմքեր չունեն։

Այսօր նվիրումն ինքնաբերաբար չի լինում

3, 4. Ի՞նչը կարող է օգնել աստվածավախ ծնողների երեխաներին կամավորաբար նվիրվելու Եհովային։

3 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ անգամ եթե երեխայի միայն մեկ ծնողն է երկրպագում Եհովային, ապա Աստված երեխային սուրբ է համարում (Ա Կորնթացիս 7։14)։ Արդյո՞ք այստեղից հետևում է, որ երեխաներն ինքնաբերաբար համարվում են Եհովային նվիրված ծառաներ։ Ո՛չ։ Բայցևայնպես, աստվածավախ ծնողների երեխաները ստանում են դաստիարակություն, որը կարող է մղել նրանց կամավորապես իրենց կյանքը ընծայելու Եհովային։ Իմաստուն Սողոմոն թագավորը գրեց. «Որդեակս, պահիր քո հօր պատուիրանքը, եւ քո մօր օրէնքը մի մերժիր.... Թող գնալուդ ժամանակդ քեզ առաջնորդեն, քնած ժամանակդ քեզ պահպանեն, եւ երբոր զարթնես, թող քեզ հետ խօսակցեն։ Որովհետեւ պատուիրանքը ճրագ է եւ օրէնքը՝ լոյս, եւ խրատի յանդիմանութիւնները՝ կեանքի ճանապարհ» (Առակաց 6։20–23)։

4 Քրիստոնյա ծնողների տված առաջնորդությունը կարող է պաշտպանություն լինել երեխաների համար, եթե, իհարկե, վերջիններս ցանկանում են հետևել դրան։ Սողոմոնը նաև նշեց. «Իմաստուն որդին կ’ուրախացնէ իր հօրը, եւ յիմար որդին իր մօր տրտմութիւնն է»։ «Լսիր դու, որդեակս, եւ իմաստուն եղիր, եւ ուղղիր ճանապարհիդ մէջ քո սիրտը» (Առակաց 10։1; 23։19)։ Դո՛ւք, պատանինե՛ր, որպեսզի օգուտ քաղեք ծնողական դաստիարակությունից, պետք է ընդունեք նրանց տված խորհուրդներն ու խրատները։ Ճիշտ է, դուք իմաստուն չեք ծնվել, բայց կարող եք իմաստուն դառնալ և կամավորապես ընտրել ‘կյանքի ճանապարհը’։

Ի՞նչ է ‘Տիրոջ ուսմունքը’

5. Ի՞նչ խորհուրդ տվեց Պողոսը երեխաներին և հայրերին։

5 Պողոս առաքյալը գրեց. «Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին Տէրով. որ այն է արժանը։ Պատուիր քո հօրը եւ մօրը, սա է առաջին պատուիրանքը խոստմունքով, որ քեզ լաւ լինի, եւ երկար ապրես երկրի վերայ։ Եւ, հայրեր, մի բարկացնէք ձեր որդկանցը. այլ մեծացրէք նորանց խրատով եւ Տիրոջ ուսմունքովը» (Եփեսացիս 6։1–4)։

6, 7. Ի՞նչ է մտնում երեխաներին ‘Տիրոջ ուսմունքով’ խրատելու մեջ, և ինչո՞ւ դա չի նշանակում, որ ծնողները անարդարացի են վարվում կամ վատ ազդեցություն են թողնում նրանց վրա։

6 Արդյոք քրիստոնյա ծնողներն անարդարացի՞ են վարվում կամ վատ ազդեցությո՞ւն են թողնում երեխաների վրա, երբ նրանց դաստիարակում են «խրատով եւ Տիրոջ ուսմունքովը»։ Ո՛չ։ Ո՞վ կարող է քննադատել ծնողներին, որ իրենց երեխաներին սովորեցնում են այն, ինչը իրենք համարում են ճիշտ և բարոյական տեսակետից՝ օգտակար։ Աթեիստներին չեն քննադատում այն բանի համար, որ իրենց երեխաներին սովորեցնում են, թե Աստված չկա։ Կաթոլիկներն իրենց պարտքն են համարում դաստիարակել իրենց երեխաներին կաթոլիկական հավատով, և շատ քչերն են քննադատում նրանց։ Նմանապես, Եհովայի վկաներին չպետք է մեղադրել այն բանում, իբրև թե նրանք կառավարում են իրենց երեխաների ուղեղը, երբ դաստիարակում են նրանց այնպես, որ երեխաներն ընդունեն Եհովա Աստծու մտածելակերպը հիմնական ճշմարտությունների ու բարոյական չափանիշների առնչությամբ։

7 Մի աշխատության համաձայն՝ Եփեսացիս 6։4–ում «ուսմունք» թարգմանված հունարեն բառը մատնանշում է «միտքը շտկելու, սխալն ուղղելու, Աստծու հանդեպ ճիշտ տեսակետ զարգացնելու» պրոցես («Theological Dictionary of the New Testament»)։ Իսկ ի՞նչ, եթե երեխան մերժում է ծնողական դաստիարակությունը հասակակիցների ճնշման կամ բոլորի պես լինելու ցանկության պատճառով։ Ովքե՞ր են իրականում վատ ազդեցություն թողնում՝ ծնողնե՞րը, թե՞ հասակակիցները։ Եթե վերջիններս ճնշում են բանեցնում երեխայի վրա, որպեսզի նա թմրադեղեր ընդունի, չարաշահի ալկոհոլը, անբարո վարք դրսևորի, ապա ճիշտ կլինի՞ քննադատել ծնողներին, որ փորձում են շտկել երեխայի մտածելակերպը և օգնել նրան գիտակցելու վտանգավոր վարքի հետևանքները։

8. Ի՞նչպես Տիմոթեոսը ‘հաստատ համոզվեց’։

8 Պողոս առաքյալը երիտասարդ Տիմոթեոսին գրեց. «Հաստատ կաց նորանցում, որ սովորեցիր եւ հաւատացիր [«հաստատ համոզվեցիր», ՆԱ]. եւ գիտենալով թէ ումից սովորեցիր. եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել փրկութեան համար այն հաւատքի ձեռովն որ Քրիստոս Յիսուսումն է» (Բ Տիմոթէոս 3։14, 15)։ Տիմոթեոսի վաղ մանկությունից նրա մայրն ու տատը Սուրբ Գրությունների հիման վրա Աստծու հանդեպ հավատ էին արմատավորել նրա մեջ (Գործք 16։1; Բ Տիմոթէոս 1։5)։ Ավելի ուշ, քրիստոնյա դառնալով՝ նրանք չստիպեցին Տիմոթեոսին ընդունել նոր հավատը, այլ ինքը Տիմոթեոսը սուրբգրային տրամաբանական բացատրությունների հիման վրա համոզվեց։

Եհովան քեզ առաջարկում է ընտրություն կատարել

9. ա) Ինչպե՞ս է Եհովան պատվի արժանացրել իր ծառաներին, և ինչո՞ւ։ բ) Ինչպե՞ս Աստծու միածին Որդին դրսևորեց իր ազատ կամքը։

9 Եհովան կարող էր մարդկանց ստեղծել ռոբոտների պես, որոնք ծրագրավորված կլինեին իր կամքը կատարելու համար և չէին կարողանա այլ կերպ վարվել։ Բայց նա այդպես չի վարվել, այլ նրանց պատիվ է տվել՝ օժտելով ազատ կամքով։ Մեր Աստվածը ցանկանում է, որ մենք իրեն հնազանդվենք կամավոր կերպով։ Նա հաճույք է ստանում՝ տեսնելով, թե ինչպես են մարդիկ՝ տարեց թե երիտասարդ, սիրուց մղված ծառայում իրեն։ Աստծու կամքին սիրահոժար հնազանդության լավագույն օրինակը նրա միածին Որդին է, որի մասին Եհովան ասաց. «Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի» (Մատթէոս 3։17)։ Անդրանիկ Որդին էլ իր Հորն ասաց. «Քո կամքը կատարել կամեցայ [«փափաքեցայ», ԱԱ], ով Աստուածս. եւ քո օրէնքն իմ սրտի մէջ է» (Սաղմոս 40։8; Եբրայեցիս 10։9, 10)։

10. Ո՞րն է Եհովային ընդունելի ձևով ծառայելու հիմքը։

10 Եհովան ակնկալում է, որ իր Որդու առաջնորդության ներքո ծառայողները նույնպես կամավոր կերպով հնազանդվեն իր կամքին։ Սաղմոսերգուն մարգարեաբար ասաց. «Քո ժողովուրդը զօրութեանդ օրը յօժար կամքով պատրաստ կ’լինի սրբութեան զարդարանքով. արշալուսի արգանդիցը քեզ համար քո մանկունքը ցօղի պէս կ’լինին» (Սաղմոս 110։3)։ Եհովայի ողջ կազմակերպությունը՝ և՛ երկնային, և՛ երկրային մասերը, գործում են Աստծու կամքին սիրահոժար հնազանդության հիման վրա։

11. Ի՞նչ ընտրության առաջ են կանգնած քրիստոնյա ծնողների երեխաները։

11 Այսպիսով՝ դո՛ւք, պատանինե՛ր, պետք է հասկանաք, որ ո՛չ ձեր ծնողները և ո՛չ էլ քրիստոնեական ժողովի երեցները մտադիր չեն ստիպելու ձեզ մկրտվել։ Եհովային ծառայելու ցանկությունը պետք է բխի ձեզանից։ Հեսուն իսրայելացիներին ասաց. «[Եհովային] հավատարմութեամբ եւ ճշմարտութեամբ ծառայութիւն արէք.... Ընտրեցէք այսօր ձեզ համար, թէ ո՞րն էք պաշտելու» (Յեսու 24։14–22)։ Այդպես էլ՝ դուք ինքներդ պետք է որոշում կայացնեք ձեր անձը Եհովային նվիրելու և նրա կամքը կատարելու վերաբերյալ։

Գիտակցի՛ր քո պատասխանատվությունը

12. ա) Թեև ծնողները կարող են դաստիարակել իրենց երեխաներին, սակայն ի՞նչ չեն կարող նրանք անել։ բ) Ե՞րբ է երեխան Եհովայի առջև պատասխանատու դառնում իր կատարած ընտրության համար։

12 Կգա ժամանակ, երբ դո՛ւք, երեխանե՛ր, այլևս պաշտպանված չեք լինի ձեր ծնողների հավատարմությամբ (Ա Կորնթացիս 7։14)։ Հակոբոս աշակերտը գրեց. «Ով որ բարին գիտենայ եւ չ’անէ, նորա համար մեղք է» (Յակոբոս 4։17)։ Ծնողները չեն կարող ծառայել Աստծուն իրենց երեխաների փոխարեն, ինչպես որ երեխաները չեն կարող ծառայել Աստծուն իրենց ծնողների փոխարեն (Եզեկիէլ 18։20)։ Գիտելիքներ ունե՞ս Եհովայի ու նրա նպատակների մասին։ Բավականաչափ հասո՞ւն ես քո սովորածը հասկանալու և Եհովայի հետ անձնական փոխհարաբերություններ հաստատելու համար։ Եթե այո, ապա մի՞թե տրամաբանական չի լինի մտածել, որ Աստված քեզ համարում է ունակ՝ իրեն ծառայելու որոշում կայացնելու։

13. Ի՞նչ հարցեր պետք է պատանիները տան իրենք իրենց։

13 Եթե դու աստվածապաշտ ընտանիքում ես մեծացել և դեռ չես մկրտվել, բայց հաճախում ես քրիստոնեական հանդիպումներին և նույնիսկ մասնակցում ես Թագավորության բարի լուրի քարոզչությանը, ապա կարող ես ազնվորեն ինքդ քեզ հարցնել. «Ինչո՞ւ եմ դա անում։ Հաճախում եմ հանդիպումներին և մասնակցում եմ քարոզչական ծառայությանն այն պատճառով, որ ծնողնե՞րս են դա ակնկալում, թե՞ ցանկանում եմ հաճեցնել Եհովային»։ Հավաստիացե՞լ ես, թե «ի՞նչ է Աստուծոյ կամքը՝ բարին, հաճելին եւ կատարեալը» (Հռովմայեցիս 12։2)։

Ինչո՞ւ ես հետաձգում մկրտությունդ

14. Աստվածաշնչյան ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ չարժե անհարկի հետաձգել մկրտությունը։

14 «Ի՞նչ է արգելում ինձ, որ մկրտուիմ»։ Եթովպացին, որն այդ հարցն ուղղեց ավետարանիչ Փիլիպպոսին, նոր էր իմացել, որ Հիսուսն էր Մեսիան։ Ունենալով սուրբգրային բավականաչափ գիտելիքներ՝ այդ եթովպացին հասկացավ, որ ինքը պետք է անհապաղ հրապարակայնորեն ցույց տա, որ որոշել է այդուհետ ծառայել Եհովային որպես քրիստոնեական ժողովի անդամ, և դա նրան մեծ ուրախություն պատճառեց (Գործք 8։26–39)։ Լիդիա անունով մի կին, «որի սիրտը Տէրը բացաւ, որ Պողոսի խօսածներին մտիկ անէ», անհապաղ ‘մկրտվեց’, և իր ընտանիքն էլ իր հետ (Գործք 16։14, 15)։ Փիլիպպեում բանտապետը լսեց Պողոսին և Շիղային, որոնք «Տիրոջ խօսքը խօսեցին նորան», և «իսկոյն մկրտուեցաւ ինքը եւ բոլոր իրանները» (Գործք 16։25–34)։ Ուստի եթե ունես հիմնական գիտելիքներ Եհովայի և նրա նպատակների մասին, ինչպես նաև անկեղծ ցանկություն՝ կատարելու նրա կամքը, ունես բարի համբավ ժողովում, կանոնավորաբար հաճախում ես ժողովի հանդիպումներին և մասնակցում ես Թագավորության բարի լուրի հռչակմանը, ապա ի՞նչն է քեզ ետ պահում մկրտվելուց (Մատթէոս 28։19, 20)։

15, 16. ա) Ո՞ր սխալ դատողությունը կարող է պատանիներին ետ պահել մկրտվելուց։ բ) Ինչպե՞ս կարող է նվիրումն ու մկրտությունը պաշտպանություն լինել պատանիների համար։

15 Արդյո՞ք քեզ այդ կարևոր քայլից ետ է պահում վախը այն բանի հանդեպ, որ դու պատասխանատու կլինես սխալ արարք կատարելու դեպքում։ Եթե այո, ապա խորհիր. կհրաժարվեի՞ր վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու դիմում գրելուց զուտ այն պատճառով, որ վախենում ես, թե մի օր ավտովթարի կենթարկվես։ Անշուշտ ո՛չ։ Նույն ձևով էլ դու չպետք է տատանվես մկրտության որոշում կայացնել, եթե համապատասխանում ես չափանիշներին։ Եթե քո կյանքը նվիրել ես Եհովային և համաձայնվել ես կատարել նրա կամքը, ապա, փաստորեն, քո մեջ մեծ մղում կառաջանա ամեն ջանք գործադրելու, որ սխալ քայլ չկատարես (Փիլիպպեցիս 4։13)։ Պատանինե՛ր, մի կարծեք, որ ձեր մկրտությունը հետաձգելով՝ դուք կխուսափեք պատասխանատվությունից։ Երբ հասնեք չափահասության տարիքի, դուք պատասխանատու կլինեք Եհովային ձեր կատարած քայլերի համար՝ անկախ այն բանից՝ մկրտված կլինեք, թե՝ ոչ (Հռովմայեցիս 14։11, 12)։

16 Ամբողջ աշխարհում բազմաթիվ Եհովայի վկաներ հաստատում են, որ երիտասարդ հասակում մկրտվելը մեծապես օգնել է իրենց։ Օրինակ՝ Արևմտյան Եվրոպայում ապրող 23–ամյա մի Վկա պատմում է, որ 13 տարեկան հասակում մկրտվելն օգնել է իրեն զգուշանալ ‘երիտասարդական ցանկություններով’ տարվելուց (Բ Տիմոթէոս 2։22)։ Ավելի վաղ նա նպատակ էր դրել լիաժամ ծառայություն սկսելու։ Այսօր նա մեծ ուրախությամբ ծառայում է Եհովայի վկաների մասնաճյուղերից մեկում։ Բոլոր այն պատանիները, այդ թվում նաև դու, ովքեր ընտրում են Եհովային ծառայելը, առատ օրհնություններ կստանան։

17. Կյանքի ո՞ր բնագավառներում է անհրաժեշտ շարունակաբար ճանաչել ‘Եհովայի կամքը’։

17 Նվիրումն ու մկրտությունը նշանավորում են նոր կյանքի սկիզբ. մենք սկսում ենք մեր բոլոր գործերում հաշվի առնել Եհովայի կամքը։ Նվիրման համաձայն ապրելու մեջ մտնում է ‘ժամանակը գնելը’։ Ինչպե՞ս ենք դա անում։ Այն ժամանակը, որ պետք է ծախսեինք անիմաստ բաների վրա, մենք տրամադրում ենք Աստվածաշնչի խոր ուսումնասիրությանը, ժողովի հանդիպումներին կանոնավորաբար հաճախելուն և Թագավորության բարի լուրը հնարավորին չափ շատ քարոզելուն (Եփեսացիս 5։15, 16; Մատթէոս 24։14)։ Եհովային նվիրված լինելը և նրա կամքը կատարելու ցանկություն ունենալը դրականորեն է անդրադառնում կյանքի բոլոր ասպարեզների վրա։ Մասնավորապես այն օգնում է մեզ հանգստի, ուտելու և խմելու, ինչպես նաև երաժշտության ընտրության հարցում։ Ինչո՞ւ չընտրես ժամանցի այնպիսի ձև, որը կկարողանաս վայելել ամբողջ հավիտենության ընթացքում։ Հազարավոր երջանիկ պատանի Վկաներ կարող են փաստել, որ գոյություն ունեն զվարճության բազմաթիվ ընդունելի ձևեր, որոնք չեն խախտում «Տիրոջ [Եհովայի] կամքը» (Եփեսացիս 5։17–19)։

«Գնանք ձեզ հետ»

18. Ի՞նչ հարց պետք է պատանիները տան իրենք իրենց։

18 Մ. թ. ա. 1513 թ.–ից մինչև մ. թ. 33 թ. Պենտեկոստեն Եհովան երկրի վրա ուներ մի կազմակերպված ժողովուրդ, որին նա ընտրել էր, որպեսզի նրանք երկրպագեին իրեն և իր վկաները լինեին (Եսայիա 43։12)։ Իսրայելացի երեխաները ծնվում էին արդեն նվիրված ազգի մեջ։ Պենտեկոստեից սկսած՝ Եհովան «իր անունի համար» երկրի վրա ունի նոր «ազգ»՝ հոգևոր Իսրայելը (Ա Պետրոս 2։9, 10; Գործք 15։14; Գաղատացիս 6։16)։ Պողոս առաքյալը նշում է, որ Քրիստոսը «սրբէ[ց] իրան համար յատուկ ժողովուրդ.... բարի գործերի նախանձաւոր» (Տիտոս 2։14)։ Պատանինե՛ր, դուք ինքներդ կարող եք որոշել, թե որն է այդ ժողովուրդը։ Ովքե՞ր են այսօր մտնում ‘արդար և հավատարմություն պահող ժողովրդի’ մեջ, որոնք ապրում են աստվածաշնչյան սկզբունքներով, գործում են որպես Եհովայի հավատարիմ վկաներ և հռչակում են Թագավորությունը՝ որպես մարդկության միակ հույս (Եսայիա 26։2–4)։ Նայեցեք քրիստոնեական աշխարհի և մյուս կրոնների եկեղեցիներին և համեմատեք նրանց վարքը այն սուրբգրային չափանիշների հետ, որոնց պետք է համապատասխանեն Աստծու ճշմարիտ ծառաները։

19. Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ ինչո՞ւմ են համոզվել։

19 Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ, այդ թվում բազմաթիվ պատանիներ համոզվել են, որ Եհովայի վկաների ‘օծյալ մնացորդն’ է այդ ‘արդար ազգը’։ Նրանք ասում են այս հոգևոր իսրայելացիներին. «Գնանք ձեզ հետ, որովհետեւ լսել ենք որ Աստուած ձեզ հետ է» (Զաքարիա 8։23)։ Մենք մեծ հույսեր ունենք և սրտանց աղոթում ենք, որ դո՛ւք, պատանինե՛ր, որոշում կայացնեք լինելու Աստծու ժողովրդի մի մասը և, այսպիսով, ‘ընտրելու կյանքը’՝ հավիտենական կյանքը Եհովայի նոր աշխարհում (Բ Օրինաց 30։15–20; Բ Պետրոս 3։11–13)։

Փորձենք հիշել

• Ի՞նչ է ‘Տիրոջ ուսմունքը’։

• Ինչպիսի՞ ծառայությունն է ընդունելի Եհովային։

• Ի՞նչ ընտրության առջև են կանգնած քրիստոնեական ընտանիքում մեծացած երեխաները։

• Ինչո՞ւ չպետք է մկրտությունը անհարկի հետաձգել։

[Նկարներ 26-րդ էջի վրա]

Ո՞ւմ կլսես

[նկար 28-րդ էջի վրա]

Ինչպե՞ս կարող է նվիրումն ու մկրտությունը պաշտպանություն լինել քեզ համար

[նկար 29-րդ էջի վրա]

Ի՞նչն է խանգարում քեզ մկրտվել

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը