Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 6/1 էջ 4–6
  • Ո՞ւմ չափանիշներին կարելի է վստահել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞ւմ չափանիշներին կարելի է վստահել
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Դաս՝ Օրենքից
  • Ինչո՞ւ են այսօր չափանիշներն անկում ապրում
  • Ապրել Աստծո չափանիշների համաձայն
  • Ծառայիր Եհովային՝ նրա բարձր չափանիշների համաձայն
    Ապրիր՝ քո մտքում պահելով Եհովայի օրը
  • Ճի՞շտ, թե՞ սխալ. որոշում, որ պետք է ընդունեք
    2024 Դիտարան (հանրային թողարկում)
  • Եհովայի ժողովուրդը արդարություն է սիրում
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Չափանիշները՝ փոխված, վստահությունը՝ չարաշահված
    2001 Դիտարան
Ավելին
2001 Դիտարան
w01 6/1 էջ 4–6

Ո՞ւմ չափանիշներին կարելի է վստահել

Առաջին անգամ Աֆրիկա այցելած մի մարդու հետաքրքրեց այսպիսի մի տեսարան։ Ճամփեզրին զգաստ կանգնած էր մի մարդ։ Մի քանի րոպեն մեկ նա առանց քայլ անելու, ուղիղ կանգնած մնալով, թեթևակիորեն մի կողմ էր թեքվում։ Հետագայում միայն այցելուն հասկացավ, թե ինչու էր այդ մարդը այդպես շարժվում։ Փաստորեն, կեսօրվա արևից պաշտպանվելու համար նա ջանում էր մնալ հեռագրասյան ստվերի տակ, իսկ ստվերն էլ դանդաղ տեղաշարժվում էր արևի դիրքի փոփոխմանը զուգընթաց։

Մարդկանց ձգտումներն ու չափանիշներն էլ փոփոխական են ու անկայուն՝ ինչպես ստվերը։ Վերևից իջած «լոյսի Հայրը»՝ Եհովա Աստված, անփոփոխ է։ Հակոբոս աշակերտը գրեց, որ նրա մեջ «չկայ փոփոխում կամ էլ փոփոխման ստուէր» (Յակոբոս 1։17)։ Եբրայեցի մարգարե Մաղաքիան գրի էր առել հենց Աստծո հայտարարությունը. «Ես Տէրս չեմ փոփոխուիլ» (Մաղաքիա 3։6)։ Եսայիայի օրերում Աստված իսրայել ազգին ասել էր. «Մինչեւ ձեր ծերութիւնը ես նոյնն եմ, մինչեւ ձեր ալեւորութիւնը ես ձեզ պիտի կրեմ. Ե՛ս ստեղծեցի ու ե՛ս պիտի վերցնեմ» (Եսայիա 46։4, Արևմտ. Աստ.)։ Հետևաբար՝ Ամենակալի խոստումները վստահելի են, անկախ՝ ժամանակի ընթացքից։

Դաս՝ Օրենքից

Ինչպես որ Եհովայի խոստումներն են հուսալի և անփոփոխ, այդպես էլ՝ ճշտի ու սխալի վերաբերյալ նրա չափանիշները։ Դուք կվստահեի՞ք մի առևտրականի, որը երկու տեսակ կշռաքարեր է գործածում, որոնցից միայն մեկն է ճշգրիտ։ Իհարկե՝ ոչ։ Աստծո համար էլ՝ «խարդախ կշիռքը զզուանք է.... բայց ուղիղ քարը նորան հաճելի է» (Առակաց 11։1; 20։10)։ Իսրայելացիներին տված իր Օրենքում Եհովան հետևյալ պահանջն էր ներկայացրել. «Դատաստանի մէջ անիրաւութիւն չ’անէք. եւ ոչ կանգունի մէջ՝ կշռքի մէջ եւ չափի մէջ։ Ձեր կշիռքն ուղիղ, ձեր կշռքի քարն ուղիղ, ձեր արդուն ուղիղ եւ հիմէնն ուղիղ լինի. ձեզ Եգիպտոսի երկրիցը հանող Եհովան ձեր Աստուածը ես եմ» (Ղեւտացոց 19։35, 36)։

Այդ պահանջին հնազանդվելով իսրայելացիները և՛ Եհովայի հաճությունը շահեցին, և՛ նյութապես օրհնվեցին։ Այդպես էլ օրհնվում է Աստծո այն երկրպագուն, ով վստահում է նրան և հավատարիմ է մնում ոչ միայն չափերին ու կշիռներին, այլ նաև կյանքի բոլոր ասպարեզներին վերաբերող նրա հաստատուն չափանիշներին։ Եհովան հայտարարում է. «Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը» (Եսայիա 48։17)։

Ինչո՞ւ են այսօր չափանիշներն անկում ապրում

Աստվածաշունչը ցույց է տալիս, թե ինչու են այսօր չափանիշներն աղավաղվում։ Աստվածաշնչի վերջին գիրքը՝ «Յայտնութիւնը», նկարագրում է երկնքում տեղի ունեցած մի պատերազմ, որը մինչև օրս իր ազդեցությունն է թողնում մարդկանց վրա։ Հովհաննես առաքյալը գրում է. «Երկնքում պատերազմ եղաւ։ Միքայէլը եւ իր հրեշտակները կռւում էին վիշապի դէմ. վիշապը կռւում էր իր զօրքերով, բայց նրանք չկարողացան դիմադրել. եւ երկնքում նրանց համար տեղ չգտնուեց։ Եւ ընկաւ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչւում է Բէեղզեբուղ եւ Սատանայ եւ որ մոլորեցրեց ամբողջ աշխարհը. եւ նրա հետ ընկան նաեւ նրա հրեշտակները» (Յայտնութիւն 12։7–9)։

Ո՞րն էր այդ պատերազմի անմիջական հետեվանքը։ Հովհաննեսը շարունակում է. «Դրա համար թող ուրախ լինի երկինքը եւ բոլոր նրանք, որ բնակւում են նրա մէջ. վա՜յ ձեզ, երկի՛ր եւ ծո՛վ, որովհետեւ ձեր մէջ ընկաւ Բանսարկուն մեծ ցասումով, քանի որ նա քիչ ժամանակ ունի ապրելու» (Յայտնութիւն 12։12)։

Երկրի «վայը» սկսվեց 1914 թ.–ին, երբ բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը և վերջ դրեց մի դարաշրջանի, որն իր չափանիշներով մեծապես տարբերվում էր ներկայիս ժամանակներից։ «1914–1918 թթ. Համաշխարհային պատերազմը ասես սահմանազատման գիծ դարձավ այն ժամանակաշրջանի և մեր ժամանակների միջև,— նկատում է պատմաբան Բարբարա Թաքմանը։— Նա հնձեց բազում այնպիսի կյանքեր, որ կարող էին օգտակար լինել հետագա տարիներին, խորտակեց հույսեր, փոխեց գաղափարներ, հիասթափության անբուժելի վերքեր թողեց... ֆիզիկական ու հոգեբանական ճեղքվածք բացեց նախապատերազմյան սերնդի ու հետագա սերնդի միջև»։ Պատմաբան Էրիկ Հոբսբոմն էլ նույն կարծիքն է հայտնում. «Սկսած 1914 թ.–ից զգալի հետադիմություն է նկատվել այն չափանիշներից, որոնք մինչ այդ նորմալ էին համարվում զարգացած երկրներում.... Հեշտ չէ ըմբռնել, թե ինչ աներևակայելի արագությամբ ենք վերադառնում դեպի այնպիսի չափանիշներ, որ տասնիններորդ դարի բնակիչը կհամարեր ուղղակի՝ բարբարոսական»։

Իր՝ «Մարդկայնություն. քսաներորդ դարի բարոյագիտության պատմություն» գրքում Ջոնաթան Գլովերը նշում է. «Մեր օրերին բնորոշ առանձնահատկություններից է բարոյական օրենքի անհետացումը»։ Թեև Արևմտյան աշխարհում կրոնի անկման պատճառով հեղինակը թերահավատորեն է վերաբերվում ի վերուստ տրված բարոյական օրենքին, սակայն զգուշացնում է. «Եթե անգամ մեզանից ոմանք չեն էլ ընդունում կրոնական բարոյական օրենքները, այնուհանդերձ նրանց պիտի անհանգստություն պատճառի դրանց անհետացումը»։

Վստահության չարաշահումը մեր ժամանակներում, լինի դա առևտրի ոլորտում, քաղաքականության կամ կրոնի մեջ, նույնիսկ անձնական և ընտանեկան փոխհարաբերություններում, իր սոսկալի հետևանքների հետ միասին կազմում է Սատանայի չարակամ ծրագրի մի մասը՝ «վայ» բերել երկրի բնակիչների վրա։ Սատանան լի է վճռականությամբ մինչև վերջ մղելու իր պատերազմը և իր հետ կործանման տանելու բոլոր նրանց, ովքեր ջանում են ապրել Աստծո չափանիշներով (Յայտնութիւն 12։17)։

Վստահության չարաշահման համատարած խնդիրը որևէ լուծում ունի՞ արդյոք։ Պետրոս առաքյալը պատասխանում է. «Աստծու խոստման համաձայն, աչքներս յառած սպասում ենք նոր երկնքի եւ նոր երկրի, որոնցում արդարութիւնն է բնակւում» (Բ Պետրոս 3։13)։ Մենք կարող ենք վստահել այս խոստմանը, քանի որ Աստված ոչ միայն ի զորու է իր նպատակն իրագործել, այլ նաև երաշխավորում է դրա իրագործումը։ ‘Իր բերանից դուրս եկած խոսքի’ վերաբերյալ Եհովան ինքը հայտարարում է. «Նա պիտի պարապ ետ չ’դառնայ ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը, եւ յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի»։ Ինչ խոսք, որ հուսալի խոստում է (Եսայիա 55։11; Յայտնութիւն 21։4, 5)։

Ապրել Աստծո չափանիշների համաձայն

Փոփոխական ու քայքայվող չափանիշների այս դարում Եհովայի վկաները ջանում են ապրել վարքի այն չափանիշներով, որոնք առաջադրվում են Աստվածաշունչ գրքում։ Արդյունքում՝ նրանք տարբերվում են մարդկանց մեծամասնությունից, ինչը հաճախ գրավում է ուրիշների ուշադրությունը, կամ էլ՝ արհամարհանքի պատճառ դառնում։

Եհովայի վկաների՝ Լոնդոնում կայացած համաժողովի անցկացման վայրում լրատվական մի գործակալ հարցրեց Վկաներից մեկին, թե Եհովայի վկաները իսկապես քրիստոնյանե՞ր են։ Նա պատասխանեց. «Իհարկե, այո՛, որովհետև Հիսուսն է մեր օրինակը, որին հետևում ենք։ Այս աշխարհում տիրում է եսասիրությունը, բայց մեզ համար Հիսուս Քրիստոսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Մենք հավատում ենք, որ նա Աստծո Որդին է, և ոչ թե Երրորդության բաղկացուցիչ մի մաս։ Այսպիսով՝ Աստվածաշնչի մեր ըմբռնումը տարբեր է հիմնական կրոններում ընդունվածից»։

Երբ այդ հարցազրույցը ցուցադրվեց Բի-Բի-Սի հեռուստաալիքով, լրատվական գործակալը եզրափակեց հաղորդումը հետևյալ խոսքերով. «Շատ ավելին իմացա այն մասին, թե ինչու են Եհովայի վկաները գալիս և թակում մեր դուռը։ Չեմ հիշում, որ երբևէ տեսած լինեմ մեկտեղ հավաքված 25 000 մարդ, որոնք բոլորը միաժամանակ աչքի ընկնեն թե՛ հաճելի հագուկապով և թե՛ լավ վարքով»։ Ահա կողքից դիտողի հիանալի վկայությունը այն մասին, թե որքան իմաստուն է ապրել Աստծո անփոփոխ չափանիշներով։

Գուցեև շատերը մերժեն ուրիշի կողմից հաստատված չափանիշներով առաջնորդվելու գաղափարը, բայց մենք ձեզ խրախուսում ենք ուսումնասիրել Աստվածաշունչը և սովորել Աստծո չափանիշները։ Մի՛ բավարարվեք մակերեսային քննությամբ։ Հետևե՛ք Պողոս առաքյալի հորդորին. «Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանուէք, այլ նորոգուեցէ՛ք ձեր մտքի նորոգութեամբ, որպէսզի դուք քննէք լաւը եւ թէ ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին եւ հաճելին եւ կատարեալը» (Հռովմայեցիս 12։2)։ Այցելեք ձեր բնակավայրում գտնվող Թագավորության սրահ և ծանոթացեք Եհովայի վկաների հետ։ Դուք կտեսնեք, որ նրանք հասարակ մարդիկ են, ովքեր հավատ են ընծայում աստվածաշնչյան խոստումներին և Աստծո հանդեպ իրենց վստահությունն են արտահայտում՝ ջանալով ապրել նրա չափանիշների համաձայն։

Ձեր կյանքում Աստծո անփոփոխ և արժանահավատ չափանիշներին հավատարիմ մնալով՝ անշուշտ կստանաք նրա օրհնությունները։ Ականջ դրե՛ք Աստծո հրավերին. «Երանի թէ ուշադրութիւն անէիր իմ պատուէրներին, այն ժամանակ գետի պէս պիտի լինէր քո խաղաղութիւնը, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքներին պէս» (Եսայիա 48։18)։

[նկարներ 5–րդ էջի վրա]

Այսօր վստահության չարաշահում է նկատվում առևտրի ոլորտում, քաղաքականության, կրոնի մեջ և ընտանեկան փոխհարաբերություններում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը