Հոգ տանել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ
Դժվար չէ համոզվել, որ ապրում ենք սիրուց զերծ մի աշխարհում։ Խոսելով «վերջին օրերում» ապրող մարդկանց մասին՝ Պողոս առաքյալը գրեց. «Չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասէր,.... անգութ» (Բ Տիմոթէոս 3։1–3)։ Որքա՜ն ճշմարիտ են այս խոսքերը։
Մեր օրերի բարոյականության վիճակը շատերի սրտերից է դուրս մղել կարեկցանքի զգացումը։ Մարդկանց գնալով ավելի քիչ է հետաքրքրում ուրիշների, որոշ դեպքերում նույնիսկ իրենց իսկ ընտանիքի անդամների բարօրությունը։
Սա անբարենպաստ ազդեցություն է թողնում շատերի վրա, որոնք տարբեր հանգամանքների ներքո զրկանքների են ենթարկվում։ Պատերազմների, բնական աղետների հետևանքով անընդհատ աճում է այրիների և որբերի, ինչպես նաև մի տեղից մյուսը տեղափոխվելու պատճառով ապաստան փնտրողների թիվը (Ժողովող 3։19)։ ՄԱԿ–ի մանկական ֆոնդը տեղեկացնում է. «Պատերազմի պատճառով ավելի քան մեկ միլիոն [երեխաներ] որբացել, կամ էլ կորցրել են իրենց ընտանիքներին»։ Գիտենք նաև, թե ինչքան շատ են միայնակ, լքված կամ ապահարզանի զոհը դարձած մայրերը, որոնք կանգնած են գոյատևման և երեխաներին միայնակ մեծացնելու դժվարին խնդիրների առջև։ Իրավիճակն ավելի բարդ է մի շարք այն երկրներում, որոնք տնտեսական առումով ծանր ճգնաժամի մեջ են, ինչի հետևանքով քաղաքացիների մեծ մասը ստիպված է ապրել ծայրահեղ աղքատության մեջ։
Նկատի առնելով այս՝ նեղության մեջ գտնվողները կարո՞ղ են որևէ հույս ունենալ։ Ինչպե՞ս է հնարավոր այրիների և որբերի տառապանքն ամոքել։ Այս խնդիրը կունենա՞ արդյոք իր վերջնական լուծումը։
Սիրալիր հոգատարություն աստվածաշնչյան ժամանակներում
Այրիների և որբերի ֆիզիկական ու հոգևոր կարիքները հոգ տանելը միշտ էլ եղել է Աստծո երկրպագության անբաժանելի մասը։ Հունձքի կամ բերքահավաքի ժամանակ իսրայելացիները իրենցից հետո արտում թողնված խուրձն ու պտուղը չպետք է հավաքեին։ Դրանք պետք է թողնեին «օտարականի, որբի եւ որբեւայրիի համար» (Բ Օրինաց 24։19–21)։ Մովսիսական Օրենքում հատուկ նշվում էր. «Ոչ մի որբեւայրիի եւ որբ բնաւ մի չարչարէք» (Ելից 22։22, 23)։ Աստվածաշնչում նկարագրված այրիներն ու որբերը համեմատաբար աղքատ մարդիկ էին. կորցնելով ամուսիններին, ծնողներին՝ նրանք մնում էին միայնակ ու ընչազուրկ։ Նահապետ Հոբն ասել է. «Ես ազատում էի աղաղակող տնանկին, նաեւ որբին եւ անօգնականին» (Յոբ 29։12)։
Վաղ ժամանակների քրիստոնեական ժողովում ծնողների կամ ամուսնու կորստի պատճառով զրկյալներին և իրապես կարիքավորներին հոգ տանելը բնորոշ էր ճշմարիտ երկրպագությանը։ Խորապես հետաքրքրված լինելով նման մարդկանց բարօրությամբ՝ Հակոբոս աշակերտը գրեց. «Սուրբ եւ անարատ բարեպաշտութիւնը Աստծու եւ Հօր առաջ այս է. այցելել [«հոգ տանել», ՆԱ] որբերին եւ այրիներին իրենց նեղութեան մէջ, անարատ պահել իր անձը աշխարհից» (Յակոբոս 1։27)։
Բացի որբերի և այրիների մասին հիշատակելուց՝ Հակոբոսը նաև իր մտահոգությունը հայտնեց նրանց համար, ովքեր աղքատ էին ու զրկյալ (Յակոբոս 2։5, 6, 15, 16)։ Պողոս առաքյալն էլ նույն մտայնությունն ուներ։ Երբ նա և Բառնաբասը ստանձնեցին իրենց քարոզչական նշանակումը, ‘աղքատներին հիշելը’ նրանց տրված հրահանգներից մեկն էր։ «Ես հոգ տարայ այդ նոյն բանն անելու»,— կարող էր մաքուր խղճով ասել Պողոսը (Գաղատացիս 2։9, 10)։ Քրիստոնեական ժողովի հաստատվելուց կարճ ժամանակ անց ժողովի գործունեության մասին գրվեց. «Նրանց մէջ ոչ ոք մի բանի կարօտ չէր,.... բաշխում էին իւրաքանչիւրին՝ ում ինչքան պէտք էր լինում» (Գործք 4։34, 35)։ Այո՛, որբերին, այրիներին և կարիքավորներին հոգ տանելու կարգադրությունը՝ հաստատված հին Իսրայելում, փոխանցվել էր քրիստոնեական ժողով։
Ինչ խոսք, տրված օգնությունը չափավոր էր և յուրաքանչյուր ժողովի ունեցած հնարավորություններին՝ համապատասխան։ Դրամը զուր տեղը չէր վատնվում և հատկացվում էր նրանց, ովքեր իրականում կարիքի մեջ էին։ Ոչ մի քրիստոնյա անազնվորեն չէր օգտվում այդ կարգադրությունից, և ոչ էլ դա ավելորդ բեռ էր ժողովի համար։ Այդ ամենը պարզ երևում է Պողոսի հորդորներում՝ արձանագրված Ա Տիմոթէոս 5։3–16 խոսքերում։ Այնտեղ մենք կարդում ենք, որ եթե կարիքավորի ազգականները ի վիճակի էին նրան նեցուկ կանգնելու, ապա պետք է իրենց վրա վերցնեին այդ պարտականությունը։ Կարիքավոր այրիներն էլ պետք է համապատասխանեին որոշակի պահանջների, որպեսզի օգնություն ստանալու կարգավիճակ ունենային։ Այս ամենը անդրադարձումն է այն իմաստուն կարգադրության, որը Եհովան գործի է դնում՝ հոգալու համար զրկյալներին։ Բայցևայնպես, այն նաև ցույց է տալիս, որ հարկավոր է հավասարակշռություն պահպանել, որպեսզի ոչ մեկը չշահագործի դրսևորված բարությունը (Բ Թեսաղոնիկեցիս 3։10–12)։
Հոգ տանել որբերին և այրիներին այսօր
Այն սկզբունքները, որոնց Աստծո ծառաները հետևում էին անցյալում, մինչև այժմ էլ կիրառվում են Եհովայի վկաների ժողովներում, երբ հարկ է լինում նեղության մեջ եղողների մասին հոգալ և նրանց օգնության ձեռք մեկնել։ Ինչպես նշեց Հիսուսը, եղբայրական սերը քրիստոնյաներին բնորոշ հատկություն է. «Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք» (Յովհաննէս 13։35)։ Երբ ոմանք կարիքի մեջ են ընկնում կամ որևէ աղետի, պատերազմի, քաղաքացիական ընդհարման զոհ են դառնում, միջազգային եղբայրությունը ջանադրությամբ միջոցներ է ձեռք առնում՝ հոգևոր և նյութական օգնություն հասցնելու նրանց։ Նկատի առնենք մեր օրերում տեղի ունեցած մի քանի դեպքեր, որոնք վկայում են հենց այդ մասին։
Պեդրոն դժվարանում է մտաբերել իր մորը, քանի որ կորցրել է նրան մեկուկես տարեկան հասակում։ Իսկ երբ նա հինգ տարեկան էր, կորցրեց նաև հորը։ Եվ այսպես՝ Պեդրոն իր եղբայրների հետ մենակ մնաց։ Երբ հայրը դեռ կենդանի էր, Եհովայի վկաներն այցելում էին նրան, այնպես որ Պեդրոյի և նրա մեծ եղբայրների հետ միասին նրանք սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել։
Պեդրոն պատմում է. «Հենց հաջորդ շաբաթվանից մենք սկսեցինք հաճախել ժողովի հանդիպումներին։ Եղբայրների հետ շփվելով՝ զգում էինք այն սերը, որ նրանք տածում էին մեր հանդեպ։ Ժողովն ինձ համար ապաստարան էր, քանի որ քույրերն ու եղբայրները սիրում էին ինձ և հոգատար էին իմ հանդեպ, ասես ինձ համար ծնողներ լինեին»։ Պեդրոն հիշում է, թե ինչպես էր երեցներից մեկը նրան հաճախակի իրենց տուն հրավիրում։ Այնտեղ նրա ընտանիքի անդամների հետ շփումը հաճելի ժամեր էին պարգևում նրան։ «Այս հիշողությունները թանկ են ինձ համար»,— ասում է Պեդրոն։ Տասնմեկ տարեկան հասակում նա սկսել էր իր հավատի մասին պատմել ուրիշներին, իսկ երբ լրացել էր տասնհինգ տարին, նա մկրտվել էր։ Ժողովի կողմից ցուցաբերված օգնությունը նրա մեծ եղբայրներին ևս մղեց առաջադիմություններ կատարելու հոգևոր գործունեության մեջ։
Իսկ այժմ էլ մի փոքր պատմենք Դավիթի մասին։ Դավիթը և իր երկվորյակ քույրը ծնողների բաժանվելուց հետո մենակ էին մնացել։ Նրանց մեծացրել են իրենց մոր ծնողները և մորաքույրը։ «Երբ փոքր–ինչ մեծացանք, հասկացանք մեզ հետ պատահածը. տխրությունն ու անապահովության զգացումը պատեց մեզ։ Ինչ–որ բան էր հարկավոր, որին կարողանայինք ապավինել։ Մորաքույրս Եհովայի վկա դարձավ, և դրա շնորհիվ մենք էլ սովորեցինք Աստվածաշնչի ճշմարտությունը։ Եղբայրները մտերմացան մեզ հետ, և մենք ընկերներ դարձանք։ Նրանք մեզ շատ էին սիրում և խրախուսում էին, որ մեր առջև նպատակ դնենք շարունակել Եհովային ծառայելը։ Երբ մոտ տաս տարեկան էի, ծառայողական օգնականներից մեկը սկսեց իր հետ դաշտի ծառայության վերցնել ինձ։ Մեկ ուրիշ եղբայր իր վրա էր վերցրել համաժողովներին այցելելու իմ ծախսերը, իսկ մի եղբայր էլ նույնիսկ այնպիսի օգնություն ցույց տվեց , որ ես կարողացա Թագավորության սրահում նվիրատվություններ անել»։
Տասնյոթ տարեկան հասակում Դավիթը մկրտվեց, իսկ հետագայում սկսեց ծառայել Եհովայի վկաների՝ Մեքսիկայում գտնվող մասնաճյուղում։ Նա այժմ էլ երախտագիտության զգացումով է խոսում եղբայրների մասին. «Երեցները կարևոր դեր են խաղում իմ կրթության հարցում և օգտակար խորհուրդներ են տալիս։ Նրանց օգնությամբ ես հաղթահարում եմ անապահովության և միայնության զգացումը»։
Աբելը որպես երեց է ծառայում Մեքսիկայի ժողովներից մեկում։ Այդ ժողովում մի քանի այրիներ կան, ովքեր օգնության կարիք ունեն։ «Ես հավաստիացած եմ, որ այրիներն ամենաշատը էմոցիոնալ աջակցության կարիք ունեն,–– պատմում է Աբելը։— Երբեմն նրանց մոտ հուսահատության պահեր են լինում, իրենց միայնակ են զգում։ Այդպիսի պահերին անչափ կարևոր է լսել նրանց։ Մենք [ժողովի երեցները] հաճախակի ենք այցելում այդ քույրերին։ Անհրաժեշտ է ժամանակ հատկացնել և ուշադրության առնել նրանց խնդիրները։ Մեր այս վերաբերմունքը նպաստում է, որ նրանք հոգևորապես սփոփվեն»։ Սակայն, երբեմն հարկ է լինում նաև նյութական օգնություն հասցնել։ «Այժմ մենք մի այրի քրոջ համար տուն ենք կառուցում,— շարունակում է պատմել Աբելը։— Շաբաթվա ընթացքում մի քանի օր կեսօրից հետո, այդ թվում նաև շաբաթ օրերը աշխատում ենք տան շինարարության վրա»։
Մեկ ուրիշ ժողովի երեց որբերին և այրիներին օգնություն ցույց տալու իր փորձից պատմում է. «Ես կարծում եմ, որ որբերը նույնիսկ ավելի շատ են զգում քրիստոնեական սիրո կարիքը։ Նկատել եմ, որ նրանք ավելի շատ են իրենց մերժված զգում, քան այն երեխաներն ու դեռահասները, ովքեր հայր ու մայր ունեն։ Նրանք եղբայրների հետ մտերմության կարիքը շատ ունեն։ Լավ կլինի, եթե մոտենանք նրանց ժողովից հետո, հարցնենք, իմանանք, թե ինչպես են իրենց զգում։ Մեր ժողովում մի ամուսնացած եղբայր կա, որը դեռ փոքրուց որբ է մեծացել։ Ես միշտ ջերմությամբ ողջունում եմ նրան ժողովի վայրում, և ինձ տեսնելիս նա միշտ գրկախառնվում է։ Սա ամրացնում է եղբայրության իսկական սիրո կապերը»։
Եհովան «կփրկէ խեղճին»
Որպեսզի կարողանան դիմագրավել իրենց խնդիրները, որբերն ու այրիները պետք է վստահեն Եհովային, քանի որ նրա մասին ասվում է. «Տէրը պահում է պանդուխտներին, նա ընդունում է [«մխիթարում է», ՆԱ] որբերին եւ որբեւայրիներին» (Սաղմոս 146։9)։ Նրանց խնդիրներն ամբողջովին կլուծվեն միայն Հիսուս Քրիստոսի իշխանության տակ՝ Աստծո Թագավորության օրերում։ Մարգարեաբար նկարագրելով Մեսիայի այդ թագավորությունը՝ սաղմոսերգուն գրեց. «Նա կ’փրկէ խեղճին որ աղաղակում է, եւ աղքատին՝ որ օգնական չ’ունի։ Նա կ’խղճայ տկարին եւ խեղճին, եւ խեղճերի անձերը կ’ապրեցնէ» (Սաղմոս 72։12, 13)։
Քանի մոտենում է ներկա համակարգի վախճանը, այնքան շատանում են դժվարությունները, որոնց ամեն օր հանդիպում են քրիստոնյաները (Մատթէոս 24։9–13)։ Հարկավոր է միմյանցով հետաքրքրվել ամեն օր և ‘միմյանց միջև ամուր սեր ունենալ’ (Ա Պետրոս 4։7–10)։ Քրիստոնյա տղամարդիկ՝ հատկապես երեցները, որբերի հանդեպ պետք է հետաքրքրություն և կարեկցանք ցուցաբերեն։ Ժողովի հասուն քրիստոնյա կանայք էլ կարող են օգնության ձեռք մեկնել այրիներին և նրանց համար մխիթարության աղբյուր հանդիսանալ (Տիտոս 2։3–5)։ Իրականում, բոլորն էլ կարող են ակտիվ մասնակցություն ունենալ նեղության մեջ գտնվողների նկատմամբ հոգատարություն դրսևորելու մեջ։
Ճշմարիտ քրիստոնյաները չեն ‘փակում իրենց սիրտը’, երբ ‘տեսնում են իրենց եղբորը մի բանի կարոտ’։ Նրանք քաջատեղյակ են Հովհաննես առաքյալի հորդորին. «Որդեակնե՛ր, խօսքերով եւ լեզուո՛վ չսիրենք, այլ՝ գործով եւ ճշմարտութեամբ» (Ա Յովհաննէս 3։17, 18)։ Ուրեմն՝ եկե՛ք ‘այցելենք [«հոգ տանենք», ՆԱ] որբերին եւ այրիներին իրենց նեղութեան մէջ’ (Յակոբոս 1։27)։
[մեջբերում 11–րդ էջի վրա
«Խօսքերով և լեզուո՛վ չսիրենք, այլ՝ գործով եւ ճշմարտութեամբ»
[նկարներ 10–րդ էջի վրա]
Ճշմարիտ քրիստոնյաները հոգ են տանում որբերի և այրիների նյութական, հոգևոր և էմոցիոնալ կարիքների մասին