ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ
Ոչ լրիվ ընտանիքները կարո՛ղ են հաջողության հասնել
1–3. Ինչո՞ւ է աճում ոչ լրիվ ընտանիքների քանակը, և ինչպե՞ս է դա անդրադառնում այդ ընտանիքների անդամների վրա։
ՈՉ ԼՐԻՎ ընտանիքներին Միացյալ Նահանգներում անվանում են «ընտանիքի տեսակ, որ ամենից արագ է տարածվում»։ Իրավիճակը նույնն է նաև բազմաթիվ այլ երկրներում։ Այսօր անհամեմատ ավելի շատ մարդիկ են ամուսնալուծվում, լքում կողակցին, առանձին ապրում ու ապօրինի զավակներ ծնում, քան առաջներում էր, և այս ամենը իր ծանր հետևանքներն է թողնում միլիոնավոր ծնողների ու երեխաների վրա։
2 «Քսանութ տարեկան եմ,— գրում է մի միայնակ մայր,— և արդեն այրի եմ ու երկու երեխաների մայր։ Դա շատ է ճնշում ինձ, քանի որ չեմ ուզում, որ երեխաներս անհայր մեծանան։ Թվում է, թե ոչ մեկին չի մտահոգում իմ վիճակը։ Երեխաներս հաճախ են տեսնում ինձ արտասվելիս, իսկ դա վատ է անդրադառնում նրանց վրա»։ Բացի այն, որ միայնակ ծնողները ստիպված են լինում պայքարել այնպիսի զգացումների դեմ, ինչպիսիք են՝ բարկությունը, մեղավորությունն ու միայնակությունը, նրանցից շատերը ստիպված են նաև աշխատանքը համատեղել ընտանեկան պարտականությունների հետ։ Այդ առնչությամբ մի միայնակ ծնող, իր վիճակը համեմատելով ձեռնածուի հետ, այսպես արտահայտվեց. «Վեցամյա պրակտիկայից հետո վերջապես կարողանում ես «ձեռնածություն անել» չորս գնդակով,— ասում է նա,— բայց հենց որ քեզ հաջողվում է դա, ինչ–որ մեկը մի նոր գնդակ է քեզ նետում»։
3 Հաճախ ոչ լրիվ ընտանիքներում ապրող երեխաներն էլ իրենց խնդիրներն են ունենում։ Նրանք գուցե ստիպված են լինում պայքարել ծանր զգացումների դեմ, որ իր հետ բերում է ծնողների հանկարծակի ամուսնալուծությունը կամ նրանցից մեկի վաղաժամ մահը։ Կյանքը ցույց է տալիս, որ երեխաներից շատերի վրա ծնողներից մեկի բացակայությունն ինքնին կործանարար ազդեցություն է թողնում։
4. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովան աչքաթող չի անում ոչ լրիվ ընտանիքների կացությունը։
4 Ոչ լրիվ ընտանիքներ գոյություն են ունեցել նաև աստվածաշնչյան ժամանակներում։ Սուրբ Գիրքը հաճախ է հիշատակում «որբին» ու «որբեւայր[ուն]» (Ելից 22։22; Բ Օրինաց 24։19–21; Յոբ 31։16–22)։ Եհովա Աստված երբեք աչքաթող չի արել նրանց դժվար կացությունը։ Ինչպես գրել է սաղմոսերգուն, «որբերի հայր եւ որբեւայրիների դատաւոր է Աստուած» (Սաղմոս 68։5)։ Անկասկած, Եհովան չի փոխել իր վերաբերմունքը նաև ներկայումս ապրող ոչ լրիվ ընտանիքների հանդեպ։ Իրոք որ, նրա Խոսքը պարունակում է սկզբունքներ, որոնք կարող են օգնել այդ ընտանիքներին կյանքում հաջողության հասնել։
ԻՆՉՊԵՍ ՀՄՏՈՐԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՏՆԱՅԻՆ ԳՈՐԾԵՐԸ
5. Ի՞նչ խնդրի հետ են երես առ երես բախվում միայնակ ծնողները սկզբնական շրջանում։
5 Այժմ մի քանի խոսք տնային գործերը կազմակերպելու մասին։ «Երբեմն տղամարդու ձեռքի կարիք է զգացվում,— խոստովանում է մի ամուսնալուծված կին,— օրինակ՝ երբ ավտոմեքենայիդ մեջ ինչ–որ սարք է փչանում, ու չես հասկանում, թե ինչն է պատճառը»։ Ամուսնալուծված կամ կնոջը կորցրած տղամարդիկ էլ երբեմն շփոթության մեջ են ընկնում՝ որքա՜ն տնային պարտականություններ ունեն կատարելու։ Իսկ տան թափթփված տեսքից երեխաներն իրենց ավելի անկայուն ու անապահով են զգում։
Երեխանե՛ր, համագործակցեք ձեր միայնակ ծնողի հետ
6, 7. ա) Ի՞նչ չքնաղ օրինակ է թողել «Առակաց» գրքի «առաքինի կինը»։ բ) Ինչպե՞ս է տնային պարտականությունները կատարելու մեջ ջանասիրություն դրսևորելը օգնում միայնակ ծնողներին։
6 Ի՞նչը կարող է օգնել։ Նկատի առնենք Առակաց 31։10–31 խոսքերում նկարագրված առաքինի կնոջ օրինակը։ Նրա կատարած գործերի բազմազանությունը հիացմունք է առաջացնում։ Նա առք ու վաճառքով էր զբաղվում, կար անում, եփում, անշարժ գույք էր ծախու առնում, հողագործությամբ զբաղվում, տարբեր գործարքներ անում։ Գաղտնի՞քը։ Նա աշխատասեր էր. աշխատում էր մինչև ուշ երեկո և վաղ արթնանում իր գործերը սկսելու համար։ Բացի այդ, կազմակերպված էր՝ որոշ գործեր հանձնարարում էր ուրիշներին և որոշ գործեր էլ սեփական ձեռքերով էր անում։ Զարմանալի չէ, որ նա գովեստի էր արժանացել։
7 Եթե երեխաներիդ միայնակ ես մեծացնում, ապա բարեխղճորեն վերաբերվիր քո տնային պարտականություններին։ Ուրախությամբ կատարիր այդ գործերը, քանի որ դրանով ուրախություն կպատճառես քո երեխաներին։ Իսկ որպեսզի դա քեզ հաջողվի, շատ կարևոր է ճիշտ պլանավորումն ու կազմակերպվածությունը։ Աստվածաշունչն ասում է. «Աշխատասէրի մտածողութիւնները միայն դէպի առատութիւն են» (Առակաց 21։5)։ Մի հայր, որ երեխաներին մենակ է մեծացնում, խոստովանում է. «Սովորաբար ճաշի մասին մտածում եմ միայն այն ժամանակ, երբ զգում եմ, որ սոված եմ»։ Բայց, որպես կանոն, նախօրոք մտածված և հոգատարությամբ պատրաստված կերակուրը ավելի սննդարար և ախորժելի է, քան շուտափույթ արվածը։ Գուցե նաև հարկ լինի, որ տանը սովորես կատարել այնպիսի գործեր, որոնք քեզ համար բոլորովին նոր են։ Փորձառու ընկերների կամ մասնագետների հետ խորհրդակցելով, ինքնուսույց գրականություն կարդալով՝ որոշ միայնակ մայրեր սովորել են ներկել, ջրատար խողովակների, ինչպես նաև ավտոմեքենայի ոչ բարդ վերանորոգումներ կատարել։
8. Ինչպե՞ս կարող են միայնակ ծնողների երեխաները նրանց օգնել տնային գործերում։
8 Ճի՞շտ է արդյոք խնդրել երեխաներին՝ օգնության ձեռք մեկնել։ Մի միայնակ մայր այսպես է մեկնաբանում. «Հոր բացակայությունը ձգտում ես լրացնել նրանով, որ ամեն կերպ աշխատում ես թեթևացնել երեխաներիդ հոգսը»։ Նման ձգտումը գուցե հասկանալի է, բայց թերևս միշտ չէ, որ երեխաների լավագույն օգտին է ծառայում։ Աստվածաշնչյան ժամանակներում ապրած աստվածավախ երեխաներն իրենց պարտականություններն ունեին (Ծննդոց 37։2; Երգ Երգոց 1։6)։ Ուստի թեև հարկավոր է ուշադիր լինել, որպեսզի ավելորդ չծանրաբեռնել նրանց, սակայն խոհեմ կլիներ, եթե հանձնարարություններ տայիք, օրինակ՝ լվանալ ամաններն ու հավաքել իրենց սենյակը։ Իսկ ինչո՞ւ որոշ գործեր միասին չկատարեք։ Դա մեծ ուրախության առիթ կարող է լինել։
ԱՊՐՈՒՍՏԸ ՀՈԳԱԼՈՒ ԽՆԴԻՐԸ
Հնարավորին չափ շատ ժամանակ անցկացրեք ձեր երեխաների հետ
9. Ինչո՞ւ են միայնակ մայրերը հաճախ ֆինանսական խնդիրներ ունենում։
9 Միայնակ ծնողների մեծամասնությունը մեծ դժվարությունների գնով է նյութապես ապահովում իր ընտանիքը, իսկ երիտասարդ միայնակ մայրերի համար սովորաբար դա ավելի դժվար է։a Այն երկրներում, որտեղ պետությունը նպաստ է տալիս միայնակ մայրերին, խելացի կլիներ օգտվել այդ արտոնությունից, առնվազն գոնե այնքան ժամանակ, մինչև որ նրանք աշխատանք գտնեն։ Աստվածաշունչը քրիստոնյաներին թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում օգտվել նման հնարավորություններից (Հռովմայեցիս 13։1, 6)։ Նմանատիպ խնդիրներ ունենում են նաև այրիացած կամ ամուսնալուծված կանայք։ Շատերն, ովքեր տարիներ շարունակ տնային տնտեսուհիներ են եղել, ճարահատյալ սկսում են նորից աշխատել և հաճախ՝ ցածր աշխատավարձով։ Ոմանք կարողանում են բարելավել իրենց ֆինանսական վիճակը՝ մասնագիտական պատրաստվածության ծրագրեր կամ արագացված ուսումնական դասընթացներ անցնելով։
10. Ինչպե՞ս կարող է միայնակ մայրը բացատրել երեխաներին, թե ինչու պետք է աշխատանք որոնի։
10 Մի զարմացիր, եթե երեխաներդ դժգոհեն, որ աշխատանք ես փնտրում, և ոչ մի դեպքում քեզ մեղավոր մի զգա։ Բացատրիր նրանց, թե ինչու ես պարտավոր աշխատել, և օգնիր հասկանալ, որ Եհովան քեզանից պահանջում է հոգալ նրանց կարիքները (Ա Տիմոթէոս 5։8)։ Ժամանակի ընթացքում երեխաների մեծամասնությունը հարմարվում է ընտանիքում տեղի ունեցած փոփոխություններին։ Սակայն աշխատիր, որքանով որ թույլ է տալիս քո լարված գրաֆիկը, հնարավորին չափ շատ ժամանակ անցկացնել նրանց հետ։ Քո սերն ու ուշադրությունը կմեղմացնեն նյութական խնդիրների հետևանքով առաջ եկած դժվարությունները, որ թերևս կրում է ձեր ընտանիքը (Առակաց 15։16, 17)։
ՈՎ ՈՒՄ ՄԱՍԻՆ Է ՀՈԳ ՏԱՆՈՒՄ
Ժողովը անուշադրության չի մատնում «այրիներին» և «որբերին»
11, 12. Ո՞ր հարցում պետք է որոշակի սահմաններ պահպանեն միայնակ ծնողները և ինչպե՞ս։
11 Բնական է, երբ միայնակ ծնողները առանձնահատուկ ձևով կապված են իրենց երեխաների հետ, սակայն պետք է ուշադիր լինել, որ չխախտվեն ծնողների ու երեխաների միջև Աստծո կողմից դրված սահմանները։ Օրինակ՝ բարդություններ կարող են առաջանալ, եթե մայրը որդու ուսերին դնի ընտանիքի գլխի պարտականությունները կամ էլ աղջկան վերաբերվի որպես մտերիմ ընկերուհու՝ պատմելով նրան իր անձնական խնդիրների մասին։ Սա բոլորովին անտեղի է և կարող է հոգեկան սթրես ու շփոթություն պատճառել երեխային։
12 Վստահեցրու երեխաներիդ, որ որպես ծնող դո՛ւ ես հոգալու նրանց մասին, և ոչ թե՝ հակառակը (համեմատի՛ր Բ Կորնթացիս 12։14)։ Երբեմն գուցե խորհրդի կամ աջակցության կարիք ունենաս։ Փնտրիր այդ աջակցությունը ժողովի երեցների կամ հասուն քրիստոնյա քույրերի մոտ և ոչ թե՝ քո անչափահաս երեխաների (Տիտոս 2։3)։
ԽՐԱՏԸ ԴԱՐՁՅԱԼ ԿԱՐԵՎՈՐ Է
13. Խրատելիս ի՞նչ խնդրի կարող են բախվել միայնակ մայրերը։
13 Տղամարդուց սովորաբար մեծ ջանքեր չեն պահանջվում, որպեսզի նրա խոսքն ամենայն լրջությամբ ընդունվի, մինչդեռ կնոջ համար դա այդքան էլ հեշտ չէ։ Մի միայնակ մայր ասում է. «Արտաքնապես տղաներս արդեն հասուն մարդիկ են, ու երբեմն դժվար է լինում նրանց կողքին քեզ թույլ ու անվճռական չզգալ»։ Բացի այդ, գուցե դեռ սգում ես սիրելի ամուսնուդ կորուստը կամ էլ զայրացած ես ու քեզ մեղավոր ես զգում ամուսնությանդ քայքայման համար։ Եթե երկուսդ էլ խնամակալության հավասար իրավունքներ եք ստացել, ապա, հնարավոր է, քեզ անհանգստացնի այն միտքը, որ երեխաները կարող են ցանկություն հայտնել իրենց հոր հետ ապրելու։ Այս ամենը կարող է դժվարացնել խրատելիս հավասարակշռվածություն հանդես բերելը։
14. Ինչպե՞ս կարող է միայնակ ծնողը հավասարակշռված տեսակետ ունենալ երեխային խրատելիս։
14 Աստվածաշունչն ասում է. «Բաց ընկած տղան անարգանք կ’բերէ իր մօր համար» (Առակաց 29։15)։ Ընտանիքում կանոններ սահմանելով և պահանջելով, որ դրանք հարգվեն՝ դու կարող ես վստահ լինել, որ Եհովան թիկունք է կանգնում քեզ, այնպես որ խղճի խայթ, մեղավորություն կամ երկյուղ զգալու հարկ չկա (Առակաց 1։8)։ Եվ երբեք փոխզիջման մի գնա աստվածաշնչյան սկզբունքներին հետևելու հարցում (Առակաց 13։24)։ Աշխատիր լինել ողջամիտ, հետևողական և վճռական։ Ժամանակի ընթացքում ներդրված ջանքերը դրական արձագանք են գտնում երեխաների մեծամասնության մեջ։ Բայցևայնպես, լավ կլիներ հաշվի առնել նաև նրանց զգացումները։ Մի միայնակ հայր պատմում է. «Ամեն անգամ երեխաներին խրատելիս աշխատում եմ հիշել, թե ինչ ցնցում է իրենց պատճառել մոր մահը։ Ամեն պատեհ առիթ օգտագործում եմ նրանց հետ զրուցելու համար։ Մենք սրտանց ու մտերմիկ զրույցներ ենք ունենում միասին ընթրիք պատրաստելիս։ Այդ պահերին զգում եմ, որ երեխաներս իսկապես վստահում են ինձ»։
15. Ինչի՞ց պետք է խուսափի ամուսնալուծված անձնավորությունը նախկին կողակցի մասին խոսելիս։
15 Եթե ամուսնալուծված ես և փորձում ես երեխաներիդ մեջ նախկին կողակցիդ հանդեպ հարգանքը նսեմացնել, ապա հազիվ թե որևէ լավ արդյունքի հասնես։ Ծնողների վեճերը սովորաբար ցավագին են ընկալվում երեխաների կողմից, և, վերջիվերջո, նրանք երկուսիդ էլ կդադարեն հարգել։ Ուստի խուսափիր այնպիսի վիրավորական ակնարկներ անելուց, ինչպես օրինակ՝ ոնց որ հայրդ լինես։ Ինչպիսի ցավ էլ որ քեզ պատճառած լինի նախկին կողակիցդ, նա ծնողն է քո երեխաների, որոնք իրենց թե՛ մեկ և թե՛ մյուս ծնողի սիրո, ուշադրության ու խրատի կարիքն ունեն։b
16. Ո՞ր հոգևոր միջոցառումները պետք է խրատի բաղկացուցիչ մասը կազմեն ոչ լրիվ ընտանիքներում։
16 Ինչպես արդեն քննարկվեց նախորդ գլուխներում, խրատել նշանակում է ոչ միայն պատժել, այլև կրթել ու դաստիարակել։ Շատ դժվարություններից կարելի է խուսափել, եթե հոգևոր ուսուցման ծրագիր ունենաք (Փիլիպպեցիս 3։16)։ Կենսական կարևորություն ունի քրիստոնեական հանդիպումներին կանոնավորաբար հաճախելը (Եբրայեցիս 10։24, 25)։ Նույնը վերաբերում է նաև ամեն շաբաթ ընտանիքով Աստվածաշունչ ուսումնասիրելուն։ Ինչ խոսք, այնքան էլ հեշտ չէ այդ ուսումնասիրությունները կանոնավորաբար անցկացնել։ «Աշխատանքային օրվա վերջում միակ բանը, որ ուզում ես՝ հանգիստն է,— խոստովանում է մի բարեխիղճ մայր։— Սակայն ինձ տրամադրում եմ աղջկաս հետ անպայման ուսումնասիրություն անցկացնել՝ գիտակցելով, որ դա խիստ անհրաժեշտ է։ Նրան դուր են գալիս մեր ընտանեկան ուսումնասիրությունները»։
17. Ի՞նչ կարելի է սովորել այն հոյակապ դաստիարակությունից, որ ստացել էր Պողոսի համագործակից Տիմոթեոսը։
17 Պողոս առաքյալի համագործակից Տիմոթեոսը աստվածաշնչյան սկզբունքներով ակնհայտորեն դաստիարակվել էր ոչ թե իր հորից, այլ մորից ու տատից, և արդյունքում նա հիանալի քրիստոնյա էր դարձել (Գործք 16։1, 2; Բ Տիմոթէոս 1։5; 3։14, 15)։ Եթե դու էլ ջանաս մեծացնել երեխաներիդ «Տիրոջ խրատով եւ ուսումով», ապա կարող ես լավ արդյունքներ ակնկալել (Եփեսացիս 6։4)։
ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՄԻԱՅՆԱԿՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԸ
18, 19. ա) Ինչպե՞ս է միայնակության զգացումը երբեմն ի հայտ գալիս միայնակ ծնողների մեջ։ բ) Ի՞նչ խորհուրդ է տրվում մարմնական ցանկությունները զսպելու վերաբերյալ։
18 «Երբ վերադառնում եմ տուն՝ չորս պատի մեջ, ու հատկապես երբ երեխաներին պառկեցնում եմ քնելու, միայնակության զգացումն ուղղակի անտանելի է դառնում»,— պատմում է մի ծնող։ Այո, միայնակության զգացումը հաճախ է դառնում միայնակ ծնողների ամենածանր խնդիրը։ Բնական է, երբ նրանք կարոտում են ամուսնական հարաբերությունների ջերմությանն ու մտերիմ ընկերակցությանը։ Բայց արժե՞ արդյոք այդ խնդիրը լուծել ցանկացած գնով։ Պողոս առաքյալի օրերում որոշ երիտասարդ այրիներ թույլ էին տվել, որ «իրենց [սեռական] ցանկություններն արթնանան.... և Քրիստոսի դեմ [էին] դառնում» (Ա Տիմոթէոս 5։11, 12, ԱՆԹ)։ Խիստ վտանգավոր է թույլ տալ, որ առաջնահերթությունը տրվի մարմնական ցանկություններին՝ անտեսելով հոգևոր շահերը (Ա Տիմոթէոս 5։6)։
19 Մի քրիստոնյա ասել է. «Սեռական հակումը շատ ուժգին է, սակայն այն կարելի է կառավարել։ Երբ մեր ուղեղում այդ ուղղությամբ որևէ միտք է ծագում, պետք չէ դրա վրա կանգ առնել։ Հարկավոր է այն հեռու վանել մեզանից։ Այդպիսի պահերին կարող է օգնել նաև երեխայիդ մասին մտածելը»։ Աստծո Խոսքը հորդորում է. «Սպանեցէք ձեր անդամները.... կիրքը» (Կողոսացիս 3։5)։ Եթե ուզենայիր «սպանել» կամ քո մեջ խեղդել ուտելու ցանկությունը՝ քո ախորժակը, արդյո՞ք ձեռքդ կվերցնեիր համեղ կերակրատեսակների նկարներով զարդարված գրքեր, կամ կշփվեի՞ր այնպիսի մարդկանց հետ, ովքեր շարունակ ուտելիքից են խոսում։ Հազիվ թե։ Նույնը կարելի է ասել նաև մարմնական ցանկությունների մասին։
20. ա) Ի՞նչ վտանգ կարող է սպառնալ նրանց, ովքեր մտերմություն են անում անհավատների հետ։ բ) Ինչպե՞ս են առաջին դարում, նաև մեր ժամանակներում ապրող միայնակ մարդիկ պայքարել միայնության զգացումի դեմ։
20 Որոշ քրիստոնյաներ սկսում են մտերմություն անել անհավատ մարդկանց հետ (Ա Կորնթացիս 7։39)։ Սակայն արդյոք դա հարցի լուծո՞ւմ է։ Բոլորովի՛ն։ Ահա թե ինչ է ասում մի ամուսնալուծված քրիստոնյա կին. «Միայնակությունից ավելի վատ բան էլ կա. ամուսնացած լինել քեզ անհամապատասխան մեկի հետ»։ Անշուշտ, առաջին դարի քրիստոնյա այրիները նույնպես պայքար էին մղում միայնակության զգացումի դեմ, սակայն նա, ով խոհեմ էր, ‘հյուրեր էր ընդունում, սրբերի ոտքերը լվանում.... նեղության մեջ գտնվողներին հասնում’ (Ա Տիմոթէոս 5։10, ԷԹ)։ Մեր օրերում ևս բազում հավատարիմ քրիստոնյաներ, ովքեր երկար տարիներ է, ինչ փորձում են իրենց համապատասխան աստվածավախ կողակից գտնել, նույնպես շարունակում են այլ գործերով զբաղված մնալ։ Վաթսունութամյա մի քրիստոնյա այրի պատմում է, որ ամեն անգամ, երբ իրեն միայնակ էր զգում, այցելում էր իր ծանոթ այրի կանանց։ «Երբ հյուր եմ գնում, տան գործերով եմ զբաղվում և հոգ եմ տանում, որ հոգևորապես միշտ առողջ վիճակում լինեմ, ժամանակ չեմ ունենում ինձ միայնակ զգալու»։ Հատկապես օգտակար ու բարի գործ է Աստծո Թագավորության մասին ուրիշներին սովորեցնելը (Մատթէոս 28։19, 20)։
21. Ինչպե՞ս են աղոթքն ու առողջ ընկերակցությունը օգնում հաղթահարելու միայնակության զգացումը։
21 Իհարկե, միայնակության զգացումից անհնար է հրաշքով ձերբազատվել։ Սակայն դա հնարավոր է Եհովայից ստացած զորության շնորհիվ։ Այդ զորությունը օգնության է հասնում, երբ քրիստոնյան «գիշեր եւ ցերեկ աղօթքին եւ աղաչանքին է հետեւում» (Ա Տիմոթէոս 5։5)։ Աղաչանքը անկեղծ խնդրանք է, օգնության աղերսանք՝ գուցեև բարձր ձայնով ու արցունքներով (համեմատի՛ր Եբրայեցիս 5։7)։ «Գիշեր եւ ցերեկ» Եհովայի առաջ ձեր սիրտը բանալով՝ մեծ թեթևություն կզգաք։ Բացի այդ, առողջ ընկերակցությունները կօգնեն ինչ–որ չափով լցնելու միայնակության բերած դատարկությունը։ Լավ ընկերների շրջապատում հեշտ է քաջալերանքի «բարի խօսք» լսել, ինչպես նկարագրում է Առակաց 12։25–ը։
22. Ինչի՞ մասին արժե հիշել, երբ ժամանակ առ ժամանակ միայնակության զգացում ես ունենում։
22 Երբ ժամանակ առ ժամանակ քեզ միայնակ ես զգում, իսկ դա միանգամայն հնարավոր է, հիշիր, որ ոչ ոք դեռևս կատարյալ կյանքով չի ապրում։ Իրականում, մեր «եղբայրներն էլ որ աշխարհքիս մէջ են», այս կամ այն կերպ չարչարանքներ են կրում (Ա Պետրոս 5։9)։ Աշխատիր անցյալով չապրել (Ժողովող 7։10)։ Աչքաթող մի արա այն առավելությունները, որ ունես այսօր։ Եվ ամենակարևորը՝ վճռական եղիր Եհովայի հանդեպ անարատություն պահպանելու և դրանով նրա սիրտն ուրախացնելու մեջ (Առակաց 27։11)։
ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՆԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԸ
23. Ի՞նչ պատասխանատվություն ունեն քրիստոնյաները ժողովի ոչ լրիվ ընտանիքների հանդեպ։
23 Հավատակիցները անգնահատելի օգնություն և աջակցություն կարող են ցույց տալ։ Յակոբոս 1։27–ում կարդում ենք. «Սուրբ եւ անարատ կրօնասիրութիւնն Աստուծոյ եւ Հօր առաջին սա է, որբերին եւ այրիներին այցելել նորանց նեղութեան մէջ»։ Այո, քրիստոնյաները պարտավոր են աջակցելու ոչ լրիվ ընտանիքներին։ Ինչպե՞ս կարելի է դա անել։
24. Ինչպե՞ս կարելի է օգնել կարիքի մեջ եղող ոչ լրիվ ընտանիքներին։
24 Օգնել կարելի է նյութապես։ Աստվածաշունչն ասում է. «Ով որ այս աշխարհքի ապրանքն ունենայ, եւ տեսնէ իր եղբայրը կարօտ մի բանի, եւ իր գութը փակէ նորանից, ի՞նչպէս Աստուծոյ սերը բնակուած կ’լինի նորանում» (Ա Յովհաննէս 3։17)։ «Տեսնել» թարգմանված հունարեն բառը ունի ոչ թե պատահական, թռուցիկ հայացք նետելու իմաստը, այլ ուշադիր նայելու։ Դա նշանակում է, որ օգնելու պատրաստ քրիստոնյան նախ պետք է ծանոթանա ընտանիքի պայմաններին ու կարիքներին։ Ընտանիքը գուցե դրամի կարիք ունի։ Կամ պետք է տանը որևէ բան վերանորոգել։ Կարող եք հրավիրել ճաշի կամ պարզապես միասին ժամանակ անցկացնելու, որի համար նրանք ուրախ կլինեն։
25. Ինչպե՞ս կարող են հավատակիցները կարեկցանք ցուցաբերել միայնակ ծնողների հանդեպ։
25 Նաև Ա Պետրոս 3։8–ում կարդում ենք. «Ամենդ համամիտ, կարեկից, եղբայրասէր, բարեսիրտ, քաղցրաբարոյ եղէք»։ Մի մայր, որ իր վեց երեխաներին մենակ է մեծացնում, պատմում է. «Ապրելն այնքան էլ հեշտ չէ, ու երբեմն ինձ ճնշված եմ զգում։ Սակայն ժամանակ առ ժամանակ որևէ եղբայր կամ քույր ասում է ինձ. «Ջոա՛ն, ամեն ինչ հոյակապ ես անում։ Ջանքերդ իզուր չեն»։ Իրոք որ, այդպիսի խոսքերից հետո կարծես թևեր ես առնում՝ հասկանալով, որ ուրիշները մտածում ու հոգում են քո մասին»։ Ավելի տարիքով քրիստոնյա կանայք կարող են օգնել երիտասարդ կանանց, ովքեր միայնակ են մեծացնում երեխաներին, պարզապես նրանց ուշադիր լսելով, երբ վերջիններս այնպիսի խնդիրներ են ունենում, որոնց մասին գուցե անհարմար են զգում քննարկել տղամարդկանց հետ։
26. Ինչպե՞ս կարող է հասուն քրիստոնյա տղամարդն օգնել անհայր մեծացող երեխաներին։
26 Քրիստոնյա տղամարդիկ նույնպես հնարավորություն ունեն օգնելու։ Արդարամիտ Հոբն ասել էր. «Ազատում էի.... որբին եւ անօգնականին» (Յոբ 29։12)։ Այսօր էլ որոշ քրիստոնյաներ չեն անտեսում անհայր մեծացող երեխաներին և նրանց հանդեպ սեր են ցուցաբերում «սուրբ սրտից»՝ առանց ետին մտքերի (Ա Տիմոթէոս 1։5)։ Աչքաթող չանելով իրենց սեփական ընտանիքները՝ նրանք կարող են ծառայության մեջ երբեմն համագործակցել այդ երեխաների հետ, նաև հրավիրել ընտանեկան ուսումնասիրության կամ միասին ժամանակ անցկացնել։ Նման ուշադրությունը կարող է պաշտպանել անհայր մեծացող երեխային սխալ ճանապարհի վրա կանգնելուց։
27. Ո՞ւմ աջակցությունը ստանալու վստահությունն ունեն միայնակ ծնողները։
27 Սակայն, վերջին հաշվով, միայնակ ծնողներն իրենք պետք է կրեն իրենց բեռը (Գաղատացիս 6։5)։ Բայցևայնպես, նրանք սիրված են իրենց քրիստոնյա եղբայրների, քույրերի և իհարկե Եհովա Աստծո կողմից, որի մասին Աստվածաշունչն ասում է. «Նա ընդունում է որբերին եւ որբեւայրիներին» (Սաղմոս 146։9)։ Աստծո սիրառատ օգնության շնորհիվ ոչ լրիվ ընտանիքները կարո՛ղ են հաջողության հասնել։
a Եթե երիտասարդ քրիստոնյա կինը հղիացել է անբարո արարքի հետևանքով, ապա քրիստոնեական ժողովը ոչ մի դեպքում չի արդարացնի նրա վարքը։ Սակայն, եթե նա զղջում է, ժողովի երեցներն ու մյուս անդամները կարող են ցանկություն հայտնել նրան օգնելու։
b Խոսքն այստեղ այն դեպքերի մասին չէ, երբ հարկավոր է երեխաներին պաշտպանել ծնողի դաժան վերաբերմունքից։ Բացի այդ, եթե նախկին կողակիցդ ամեն կերպ ջանում է նսեմացնել քո հեղինակությունը՝ թերևս հույս ունենալով, որ այդպիսով կարող է համոզել երեխաներին հեռանալ քեզանից, ապա լավ կլինի զրուցել փորձառու ընկերների, օրինակ՝ քրիստոնեական ժողովի երեցների հետ, թե ինչպես վարվել տվյալ իրավիճակում։