Զգաստ լինենք, մինչ վերջը մոտենում է
1 Աստծո Խոսքում շատ անգամ է ասվում, որ Եհովայի օրը գալու է «ինչպէս.... գող»՝ հանկարծակի, արագորեն, գաղտնի կերպով (Ա Թեսաղ. 5։2; Մատթ. 24։43; Բ Պետ. 3։10; Յայտն. 3։3; 16։15)։ «Սորա համար դուք էլ,— ասել է Հիսուսը,— պատրաստ կացէք որ այն ժամին, որ դուք չէք կարծում, մարդի Որդին կ’գայ» (Մատթ. 24։44)։ Ինչպե՞ս կարող ենք հոգևորապես պատրաստ վիճակում լինել, մինչ վերջը մոտենում է։ Պատասխանը գտնում ենք հետևյալ ներշնչյալ հորդորի մեջ. «Զգաստ եղէ՛ք» (Ա Պետ. 4։7, Արևմտ. Աստ.)։
2 Զգաստ լինելու մեջ մտնում է ամեն ինչին Եհովայի տեսանկյունից դիտելը (Եփես. 5։17)։ Դա օգնում է մեզ, որ իրերի ներկա համակարգում մեզ համարենք «պանդուխտներ եւ օտարականներ» (Ա Պետ. 2։11)։ Նաև մեզ հնարավորություն է տալիս որոշելու, թե ինչն է իսկապես կարևոր, օգնում է նախապատվությունը տալ կարևոր գործերին և ճիշտ որոշումներ կայացնել (Փիլիպ. 1։10)։
3 Հոգևոր նպատակներ հետապնդիր։ Մեր առջև հոգևոր նպատակներ դնելն ու դրանց ձգտելը կօգնի մեզ զգաստ լինել։ Ունե՞ս նպատակներ, որոնց ձգտում ես հիմա։ Աշխատո՞ւմ ես ամեն օր կարդալ Աստվածաշունչը, հաճախել ժողովի բոլոր հանդիպումներին, ընթերցել «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի յուրաքանչյուր համար կամ ընդլայնել ծառայությունդ։ Եթե քո առջև հասանելի նպատակներ դնես, վճռականորեն ձգտես իրագործել դրանք և խնդրես Եհովային, որ նա օրհնի քո ջանքերը, արդյունքները գուցե զարմանք պատճառեն քեզ։
4 Մի երեց հարցրեց երիտասարդ ամուսինների, թե ինչ հոգևոր նպատակներ ունեն։ Այդ հարցը օգնեց նրանց հասկանալ, որ եթե ձգտեն պարզ կյանքի ու միջոցներ ձեռնարկեն՝ ազատվելու իրենց ճնշող պարտքից, գուցե կարողանան լիաժամ ծառայություն սկսել։ Նրանք որոշեցին դա դարձնել իրենց նպատակը։ Վճարեցին իրենց պարտքը ու միջոցներ փնտրեցին հրաժարվելու այնպիսի զբաղմունքներից, որոնք խլում էին իրենց ժամանակն և ուժը։ Ուղիղ մեկ տարի անց նրանք հասան իրենց նպատակին։ Իսկ արդյո՞ւնքը։ Ամուսինն ասում է. «Առանց հստակ նպատակ ունենալու՝ մենք այսօր այսքան բանի հասած չէինք լինի։ Այժմ մենք ավելի երջանիկ ենք։ Մեր կյանքն ավելի հանգիստ է ու անվրդով։ Մեր կյանքն իրոք նպատակ և իմաստ ունի»։
5 Մինչ սպասում ենք Եհովայի օրվան, եկեք հոգևորապես պատրաստ վիճակում լինենք։ Իսկ դրա համար հարկավոր է զգաստ լինել և ձգտել առաջին հերթին Աստծո կամքը կատարել (Տիտ. 2։11–13)։