Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 12/15 էջ 15–19
  • Պահպանիր ուրախությունդ դժվար ժամանակներում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պահպանիր ուրախությունդ դժվար ժամանակներում
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովան «երջանիկ Աստված» է
  • Եղիր ողջամիտ
  • Աստծու կամքը կատարելու մեջ ուրախություն գտիր
  • «Երջանիկ է ա՛յն ժողովուրդը, որի Աստվածը Եհովան է»
  • Թող Եհովայի մխիթարությունները փաղաքշեն հոգիդ
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպես Աննան սրտի խաղաղություն գտավ
    2007 Դիտարան
  • Վստահիր Եհովային՝ «ամենայն մխիթարության Աստծուն»
    2011 Դիտարան
  • Նա իր սիրտը բացեց Աստծու առաջ
    Ընդօրինակեք նրանց հավատը
Ավելին
2009 Դիտարան
w09 12/15 էջ 15–19

Պահպանիր ուրախությունդ դժվար ժամանակներում

«Թող ուրախ լինին բոլոր [Եհովային] յուսացողները. թող յաւիտեան ցնծան» (ՍԱՂ. 5։11)։

1, 2. ա) Ի՞նչն է այսօր տառապանք պատճառում մարդկանց։ բ) Ուրիշ ի՞նչ դժվարություններ են դիմագրավում ճշմարիտ քրիստոնյաները։

ԱՅՍՕՐՎԱ աշխարհը լի է ցավով ու տառապանքով, և Աստծու ծառաները պաշտպանված չեն դրանից։ Բազմաթիվ Եհովայի վկաներ ճաշակել են հանցագործության, պատերազմի, անարդարության, բնական աղետների, աղքատության, հիվանդության ու մահվան դառնությունը։ Զարմանալի չէ, որ Պողոս առաքյալը գրեց. «Գիտենք, որ մինչև հիմա բոլոր ստեղծվածները միասին շարունակ հառաչում են և միասին ցավի մեջ են» (Հռոմ. 8։22)։ Բացի դրանից, բոլորս կրում ենք անկատարության բեռը։ Դավիթ թագավորի նման՝ թերևս ասում ենք. «Իմ անօրէնութիւնները գլխիցս վեր բարձրացան. ինչպէս մեծ ծանր բեռ ծանր են ինձ վերայ» (Սաղ. 38։4)։

2 Ճշմարիտ քրիստոնյաները նաև կրում են այլաբանական տանջանքի ցիցը (Ղուկ. 14։27)։ Հիսուսի նման՝ նրանք հալածվում են ու ատվում (Մատթ. 10։22, 23; Հովհ. 15։20; 16։2)։ Այդուհանդերձ, նրանք ահռելի ջանքեր են գործադրում և տոկունություն դրսևորում՝ սպասելով նոր աշխարհի օրհնություններին (Մատթ. 7։13, 14; Ղուկ. 13։24)։

3. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Աստված չի ցանկանում, որ իր ծառաները տխուր ու վշտացած լինեն։

3 Սակայն արդյո՞ք Աստծու ծառաները դժբախտ են ու տխուր։ Մի՞թե նրանք ուրախ ու երջանիկ կլինեն միայն նոր աշխարհում։ Ամենևի՛ն։ Եհովան ուզում է, որ մենք երջանիկ լինենք արդեն այսօր։ Սուրբ Գրություններում Աստծու ծառաները բազմիցս նկարագրվում են որպես ուրախ մարդիկ (կարդա՛ Եսայիա 65։13, 14)։ Սաղմոս 5։11–ում ասվում է. «Թող ուրախ լինին բոլոր [Եհովային] յուսացողները. թող յաւիտեան ցնծան»։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ չափազանց դժվար ժամանակներում հնարավոր է լինել ուրախ ու բավարարված և ունենալ հոգեկան անդորր։ Այս հոդվածում կտեսնենք, թե ինչպես է Աստվածաշունչն օգնում պահպանելու մեր ուրախությունը նեղությունների ժամանակ։

Եհովան «երջանիկ Աստված» է

4. Ի՞նչ է զգում Աստված, երբ իր դեմ ըմբոստանում են։

4 Քննենք Եհովայի օրինակը։ Նա ամենակալ է։ Նրան է պատկանում ողջ տիեզերքը։ Նա ոչ մի բանի կարիք չի զգում և ոչ մեկից կախում չունի։ Աստված անգերազանցելի զորության տեր է։ Այսուհանդերձ, նա սառը և անտարբեր անձնավորություն չէ։ Օրինակ՝ Եհովան հիասթափություն ապրեց, երբ նրա ոգեղեն որդիներից մեկն ըմբոստացավ նրա դեմ ու դարձավ Սատանա։ Նա անտարբեր չմնաց նաև այն ժամանակ, երբ որոշ հրեշտակներ միացան Բանսարկուին։ Իսկ պատկերացնո՞ւմ ես, թե ինչ ցավ զգաց Եհովան, երբ առաջին մարդկային զույգը՝ նրա ստեղծագործության գլուխգործոցը, երես թեքեց նրանից։ Այդ ժամանակներից ի վեր միլիարդավոր մարդիկ մերժել են Եհովայի իշխանությունը (Հռոմ. 3։23)։

5. Հատկապես ի՞նչն է մեծ ցավ պատճառում Եհովային։

5 Սատանայի ըմբոստությունը անջնջելի հետք է թողել ողջ պատմության վրա։ Վեց հազար տարի շարունակ մարդիկ զբաղվել են կռապաշտությամբ, սեռական այլասերվածությամբ, կատարել են բռնի արարքներ, գործել սպանություններ, և այս ամենը Եհովայի աչքի առաջ (Ծննդ. 6։5, 6, 11, 12)։ Իսկ որքա՜ն գարշելի ստեր ու հայհոյություններ է նա լսել։ Աստծուն երբեմն ցավ են պատճառել նույնիսկ իր ճշմարիտ երկրպագուները։ Կարդում ենք. «Քա՜նի անգամ դառնացրին նորան անապատումը, եւ բարկացրին նորան անջուր տեղումը։ Կրկին եւ կրկին փորձեցին Աստուծուն, եւ Իսրայէլի Սուրբին նեղացրին» (Սաղ. 78։40, 41)։ Անհնար է նկարագրել, թե ինչ ցավ է զգում Եհովան, երբ իր ծառաներն են երես թեքում իրենից (Երեմ. 3։1–10)։ Այո՛, տեսնելով մարդկանց չարությունը՝ Աստված խորապես վշտանում է (կարդա՛ Եսայիա 63։9, 10)։

6. Ինչպե՞ս է Եհովան արձագանքում դժվարություններին։

6 Երբ Սատանայի ըմբոստության պատճառով լուրջ խնդիրներ առաջացան, Եհովան ցավ ու հիասթափություն ապրեց։ Սակայն նա չհուսալքվեց, այլ քայլեր ձեռնարկեց ըմբոստության հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Իր նպատակն իրագործելու և հնազանդ մարդկանց փրկելու համար նա երկիր ուղարկեց իր Որդուն։ Եհովան արեց հնարավոր ամեն բան։ Ուստի հիմա ուրախությամբ նայում է ապագային՝ սպասելով այն օրվան, երբ կարդարացվի իր գերիշխանությունը և իր երկրպագուները առատ օրհնություններ կվայելեն (Սաղ. 104։31)։ Չնայած որ Եհովայի անունն անարգվում է, նա չի դադարում «երջանիկ Աստված» լինելուց (1 Տիմոթ. 1։11; Սաղ. 16։11)։

7, 8. Դժվարությունների բախվելիս ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային։

7 Քանի որ մեր հնարավորությունները սահմանափակ են, մենք չենք կարող մեր պրոբլեմները լուծել Եհովայի նման։ Բայցևայնպես, կարող ենք ընդօրինակել նրան։ Բնական է, որ դժվարությունների բախվելիս ցավ ենք զգում։ Սակայն չպետք է ձեռքերը ծալած նստենք։ Քանի որ ստեղծված ենք Աստծու պատկերով, ունենք մտածելու և իմաստուն որոշումներ կայացնելու ունակություն։ Դրա շնորհիվ կարող ենք ծանրութեթև անել մեր իրավիճակն ու գործնական քայլեր ձեռնարկել։

8 Օրինակ՝ շատ կարևոր է գիտակցել հետևյալը. կան խնդիրներ, որոնց լուծումը մեր ուժերից վեր է։ Չափից շատ անհանգստանալով՝ կարող ենք հուսալքվել, կորցնել ուրախությունը և չնկատել Եհովայի տված բազմաթիվ հոգևոր պարգևները։ Եթե խնդիրը լուծելու համար արել ենք հնարավոր ամեն բան, ապա ճիշտ կլինի այլևս չմտահոգվել և կենտրոնանալ Աստծու կամքը կատարելու վրա։ Այս հարցում մեզ կօգնեն հետևյալ աստվածաշնչյան օրինակները։

Եղիր ողջամիտ

9. Ինչպե՞ս Աննան ողջամտություն դրսևորեց։

9 Քննենք Սամուել մարգարեի մոր՝ Աննայի օրինակը։ Նա չէր կարողանում երեխա ունենալ և այդ պատճառով շատ էր ընկճվում։ Բացի դրանից հաճախ ծաղրուծանակի էր ենթարկվում։ Այդ կինը երբեմն այնքան էր ճնշվում, որ լաց էր լինում և հաց չէր ուտում (Ա Թագ. 1։2–7)։ Մի անգամ Աննան խորան գնաց և «աղօթք արաւ տրտմալից հոգիով դէպի Տէրը եւ շատ լաց եղաւ» (Ա Թագ. 1։10)։ Երբ նա իր սիրտը դատարկեց Աստծու առաջ, Հեղի քահանայապետը մոտեցավ նրան ու ասաց. «Գնա խաղաղութեամբ, եւ Իսրայէլի Աստուածը տայ քո խնդրուածքը, ինչ որ նորանից խնդրեցիր» (Ա Թագ. 1։17)։ Աննան ողջամտորեն էր վերաբերվում իր խնդրին։ Նա գիտակցում էր, որ ի զորու չէ լուծելու այն։ Ուստի հնարավոր ամեն բան անելուց հետո դադարեց մտատանջվելուց. նա «գնաց իր ճանապարհը եւ կերաւ, եւ երեսը այլ եւս տրտում չէր» (Ա Թագ. 1։18)։

10. Պողոսն ինչպե՞ս վերաբերվեց իր խնդրին։

10 Պողոս առաքյալը նույնպես ողջամտություն դրսևորեց, երբ բախվեց դժվարության։ Նա լուրջ խնդիր ուներ, որը շատ էր անհանգստացնում իրեն։ Ինչպես առաքյալն է ասում, այն «մի փուշ էր մարմնի մեջ» (2 Կորնթ. 12։7)։ Մենք միանշանակ չենք կարող ասել, թե ինչ էր այդ «փուշը», բայց մի բան պարզ է՝ Պողոսն իր ձեռքից եկածն արեց այդ խնդրից ազատվելու համար։ Նա երեք անգամ աղոթեց Եհովային, որ օգնի իրեն։ Սակայն Աստված հասկացրեց Պողոսին, որ հրաշքով չի հեռացնելու նրա «մարմնի փուշը»։ Առաքյալը համակերպվեց այդ մտքին և իր ամբողջ ուժերը կենտրոնացրեց ծառայության վրա (կարդա՛ 2 Կորնթացիներ 12։8–10)։

11. Ինչպե՞ս են օգնում աղոթքն ու աղաչանքը դժվարությունների ժամանակ։

11 Վերը նշված օրինակները չեն սովորեցնում, որ պետք է դադարենք Եհովային աղոթելուց, երբ որևէ խնդիր է ծագում (Սաղ. 86։7)։ Ընդհակառակը՝ Աստծու խոսքը հորդորում է մեզ. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն»։ Իսկ ինչպե՞ս է Եհովան արձագանքում նման աղաչանքներին. «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու ձեր մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպ. 4։6, 7)։ Ինչ խոսք, Եհովան գուցե չվերացնի խնդիրը, բայց կտա հոգեկան անդորր։ Դա կօգնի մեզ ավելի սթափ նայելու մեր խնդիրներին և տեսնելու, թե որքան վտանգավոր է մտահոգություններին տրվելը։

Աստծու կամքը կատարելու մեջ ուրախություն գտիր

12. Ինչո՞ւ է վտանգավոր շարունակ հուսահատված մնալը։

12 Առակաց 24։10–ում կարդում ենք. «Եթէ նեղութեան օրը թուլացար [կամ՝ վհատվեցիր], ոյժդ նեղ կ’լինի»։ Իսկ մեկ այլ համարում ասվում է. «Սիրտը վշտանալիս հոգին կ’ճնշուի» (Առակ. 15։13)։ Որոշ քրիստոնյաներ այնքան են հուսահատվում, որ նույնիսկ չեն ուզում կարդալ Աստվածաշունչը։ Նրանք սկսում են մակերեսորեն աղոթել և մեկուսանալ ժողովի անդամներից։ Ինչ խոսք, եթե անհատը շարունակ վշտացած մնա, կարող է վնասել իրեն (Առակ. 18։1, 14)։

13. Ո՞րն է լավագույն «հակաթույնը» վհատության դեմ։

13 Հուսահատության գիրկն ընկնելու փոխարեն՝ հարկավոր է կենտրոնանալ այնպիսի բաների վրա, որոնք ուրախություն են պատճառում։ Դավիթը գրեց. «Քո կամքը կատարել կամեցայ [«կատարելու մեջ ուրախություն գտա», ՆԱ], ով Աստուածս» (Սաղ. 40։8)։ Այո՛, մեր քրիստոնեական պարտականությունները կատարելը լավագույն «հակաթույնն» է վհատության դեմ։ Եհովան վստահեցնում է, որ մենք հաճույք կստանանք, եթե կանոնավորաբար ընթերցենք նրա Խոսքը և խորհենք կարդացածի շուրջ (Սաղ. 1։1, 2; Հակ. 1։25)։ Ուրախություն կստանանք նաև ժողովի հանդիպումներին հաճախելուց։ Աստվածաշունչն ու ժողովի հանդիպումները «հաճելի խոսքերի» աղբյուր են։ Այդ «խոսքերը» քաջալերում են մեզ, ուրախացնում մեր սիրտը և օգնում են ձերբազատվել վհատությունից (Առակ. 12։25; 16։24, ՆԱ)։

14. Ուրախանալու ի՞նչ պատճառ ունենք։

14 Եհովան ուրախանալու շատ պատճառներ է տալիս։ Դրանցից մեկը փրկության հույսն է (Սաղ. 13։5)։ Այն օգնում է մեզ գիտակցելու, որ ինչ դժվարության էլ բախվենք այսօր, Աստված կհատուցի, եթե շարունակենք սրտանց փնտրել նրան (կարդա՛ Ժողովող 8։12)։ Ամբակում մարգարեն համոզված էր դրանում։ Նա ասաց. «Թէեւ թզենին չ’ծաղկի, եւ որթերի վերայ բերք չ’լինի, ձիթենու արդիւնքը ստէ, եւ արտերը կերակուր չ’տան, կտրուի ոչխարը փարախիցը, եւ արջառ չ’լինի գոմերումը, սակայն ես Տէրովը պիտի ցնծամ, պիտի իմ փրկութեան Աստուծովն ուրախանամ» (Ամբ. 3։17, 18)։

«Երջանիկ է ա՛յն ժողովուրդը, որի Աստվածը Եհովան է»

15, 16. Նշիր Աստծու պարգևներից մի քանիսը, որոնք կարող ենք վայելել արդեն այսօր։

15 Թեև անհամբերությամբ սպասում ենք ապագա օրհնություններին, կան բազմաթիվ բաներ, որոնք մեզ բավականություն են պատճառում արդեն այսօր։ Աստծու Խոսքն ասում է. «Իմացել եմ, որ [մարդու համար] մի աւելի լաւ բան չ’կայ քան թէ լաւութիւն անելը իր կեանքում։ Ու նաեւ որ ամեն մարդ ուտում խմում է եւ իր բոլոր աշխատանքը վայելում. դա Աստուծոյ պարգեւն է» (Ժող. 3։12, 13)։ Ժողովողը նշեց «լաւութիւն անելու» մասին։ Իսկ Հիսուսն ասաց, որ ավելի շատ երջանկություն կա տալու, քան թե ստանալու մեջ։ Ուստի բավականության մեծ զգացումով կլցվենք, եթե բարի գործեր անենք կողակցի, երեխաների, ծնողների և բարեկամների համար (Առակ. 3։27)։ Նույնը հարկավոր է անել և հավատակիցների համար՝ լինելով հյուրասեր, սիրալիր ու ներողամիտ։ Դա հաճելի կլինի և՛ մեզ, և՛ Եհովային (Գաղ. 6։10; Կող. 3։12–14; 1 Պետ. 4։8, 9)։ Մենք նաև մեծ բավականություն կստանանք, եթե ծառայենք անձնազոհության ոգով։

16 Ժողովողը նաև հիշատակում է այնպիսի սովորական բաներ, ինչպիսիք են ուտելը և խմելը։ Եհովայի այդ պարգևները կարող ենք վայելել նույնիսկ ծանր փորձությունների ժամանակ։ Նույնը կարելի է ասել և այլ պարգևների մասին, ինչպիսիք են օրինակ՝ հիասքանչ մայրամուտը, չքնաղ տեսարանները, կենդանիների ձագերի զվարճալի խաղը և բնության այլ հրաշալիքները։ Թեև դրանք նույնպես սովորական բաներ են, սակայն ակնածանք են ներշնչում և ուրախություն պարգևում։ Խորհրդածելով դրանց շուրջ՝ ավելի շատ կսիրենք Եհովային՝ այս բոլոր բաների Արարչին։

17. Ինչի՞ շնորհիվ կազատվենք անկատարությունից, և ի՞նչն է մեզ մխիթարում այսօր։

17 Մենք պետք է միշտ սիրենք Աստծուն, հնազանդվենք նրա պատվիրաններին և հավատ դրսևորենք Քրիստոսի քավիչ զոհի հանդեպ։ Դրա շնորհիվ ի վերջո կազատագրվենք անկատարության կապանքներից ու անսահման ուրախություն կվայելենք (1 Հովհ. 5։3)։ Իսկ այսօր կարող ենք մխիթարվել՝ քաջ գիտակցելով, որ Եհովան լավ գիտի մեր բոլոր դժվարությունները։ Դավիթ թագավորը գրեց. «Կ’ցնծամ եւ ուրախ կ’լինեմ քո ողորմութիւնովը. որ իմ խեղճութիւնը տեսար եւ իմ անձի նեղութիւնը ճանաչեցիր» (Սաղ. 31։7)։ Սիրուց մղված՝ Եհովան կազատի մեզ բոլոր նեղություններից (Սաղ. 34։19)։

18. Ո՞րն է Աստծու ժողովրդի ուրախության գլխավոր պատճառը։

18 Մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ Եհովան կիրականացնի իր նպատակները։ Իսկ մինչ այդ, եկեք ընդօրինակենք մեր երջանիկ Աստծուն։ Եկեք թույլ չտանք, որ բացասական զգացումները ճնշեն մեզ ու խանգարեն ծառայել մեր Հորը։ Երբ խնդիրներ են առաջանում, եկեք ողջամտություն և իմաստություն դրսևորենք։ Եհովան կօգնի, որ մեր ձեռքից եկածն անեք, որպեսզի չընկնենք վհատության գիրկը։ Եկեք ուրախանանք Եհովայի տված թե՛ ֆիզիկական և թե՛ հոգևոր պարգևներով։ Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալով՝ մենք մեծ ուրախություն կվայելենք, քանի որ «երջանիկ է այն ժողովուրդը, որի Աստվածը Եհովան է» (Սաղ. 144։15, ՆԱ)։

Ի՞նչ սովորեցիր

• Դժվարությունների բախվելիս ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Եհովային։

• Ինչպե՞ս է ողջամտությունն օգնում մեզ նեղությունների ժամանակ։

• Ի՞նչը կարող է ուրախություն պարգևել, երբ ճնշված ենք։

[նկար 16–րդ էջի վրա]

Տեսնելով մարդկանց չարությունը՝ Եհովան վշտանում է

[թույլտվությամբ]

© G.M.B. Akash/Panos Pictures

[նկարներ 18–րդ էջի վրա]

Պարգևներ, որոնք ուրախություն են պատճառում

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը