Առաքինություն. ինչպե՞ս զարգացնել
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ էլ ցանկանում է առաքինի մարդու համբավ ունենալ։ Սակայն այսօրվա աշխարհում առաքինի լինելը այնքան էլ հեշտ չէ։ Պատճառն այն է, որ մեզ շրջապատում են «առաքինություն չսիրող» մարդիկ (2 Տիմոթ. 3։3)։ Նրանք իրենք են բարու և չարի չափանիշներ սահմանում իրենց համար։ Ըստ էության, նրանք «բարուն ասում են չար և չարին՝ բարի» (Ես. 5։20)։ Մեկ ուրիշ դժվարություն էլ կա։ Բանն այն է, որ բոլորիս վրա էլ իրենց հետքն են թողել ադամական մեղքն ու մեր անցյալը։ Ուստի հնարավոր է՝ երբեմն ունենանք նույն զգացումը, ինչ Աննաa անունով մի քույր։ Թեպետ նա տասնամյակներ շարունակ ծառայում է Եհովային, բայց խոստովանում է. «Ինձ համար շատ դժվար է հավատալ, որ իսկապես կարող եմ առաքինի մարդ լինել»։
Սակայն հուսահատվելու կարիք չկա, որովհետև բոլորս էլ կարող ենք առաքինություն զարգացնել։ Այն Աստծու սուրբ ոգու պտղի մի մասն է, իսկ այդ ոգին շատ ավելի զորավոր է, քան որևէ արտաքին կամ ներքին խոչընդոտ։ Եկեք մանրամասնորեն քննենք այս հատկությունը և տեսնենք, թե ինչպես կարող ենք ավելի առաքինի լինել։
Ի՞ՆՉ Է ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆԸ
Առաքինությունը բարձր բարոյականությունն է, լավ հատկություններ ունենալը, բարի լինելը։ Առաքինի մարդու մեջ չարություն կամ արատավորություն չկա։ Այդպիսի անձնավորությունը առիթներ է փնտրում օգնելու ուրիշներին և նրանց համար օգտակար ու բարի գործեր է անում։
Երևի նկատած կլինես, որ ոմանք պատրաստակամորեն բարի գործեր են անում իրենց հարազատների ու ընկերների համար, բայց արդյո՞ք առաքինությունը դրանով սահմանափակվում է։ Ո՛չ։ Եհովայի աչքում առաքինի լինելու համար դա բավական չէ։ Այդուհանդերձ, պետք է ընդունենք, որ ոչ մեկս չի կարող ամեն ժամանակ լիարժեքորեն դրսևորել այս կարևոր հատկությունը, քանզի Աստվածաշնչում ասվում է. «Երկրի վրա ոչ մի արդար մարդ չկա, որ միայն բարիք անի ու մեղք չգործի» (Ժող. 7։20)։ Պողոս առաքյալը անկեղծորեն խոստովանել է. «Ես գիտեմ, որ իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնում, ոչ մի բարի բան չի բնակվում» (Հռոմ. 7։18)։ Ուստի առաքինություն զարգացնելու համար պետք է դիմենք դրա Աղբյուրին։
ԵՀՈՎԱՆ ԱՌԱՔԻՆԻ Է
Եհովա Աստված է բարու չափանիշներ սահմանողը։ Սաղմոսերգու Դավիթը նրա մասին ասել է. «Վստահ եմ, որ [Աստծու] առաքինությունն ու սիրառատ բարությունը կուղեկցեն ինձ կյանքիս բոլոր օրերում» (Սաղ. 23։6)։ Մեկ ուրիշ սաղմոսում կարդում ենք. «Առաքինություն և խելամտություն սովորեցրու ինձ.... Բարի ես դու և բարիք ես անում։ Սովորեցրո՛ւ ինձ քո կանոնները» (Սաղ. 119։66, 68)։ Այժմ եկեք քննենք, թե ինչպես է ի հայտ գալիս Աստծու առաքինությունը։
Եհովան բարի է։ Այս հատկությունը Աստծու էության անբաժան մասն է։ Նկատի առնենք այն դեպքը, երբ Եհովան Մովսեսին ասաց. «Իմ ողջ բարությունը ես կանցկացնեմ քո երեսի առջևով»։ Մինչ Բարձրյալի փառքը, այդ թվում՝ բարությունը կամ այլ կերպ ասած՝ առաքինությունը անցնում էր Մովսեսի առջևով, նա լսեց Աստծուն նկարագրող հետևյալ խոսքերը. «Եհո՛վա, Եհո՛վա, ողորմա՛ծ ու գթառա՛տ Աստված, բարկանալու մեջ դանդաղ և սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ լի, որը հազարավորների հանդեպ սիրառատ բարություն է ցուցաբերում, ներում է հանցանքը, օրինազանցությունն ու մեղքը, բայց մեղավորներին ոչ մի դեպքում անպատիժ չի թողնում» (Ելք 33։19; 34։6, 7)։ Այսպիսով՝ կարող ենք եզրակացնել, որ Եհովայի բոլոր հատկությունները արտացոլում են նրա առաքինությունը։ Հիշենք, թե Աստծու մասին ինչ է ասել Հիսուսը, ով՝ որպես մարդ, առաքինության մարմնացումն էր. «Ոչ ոք բարի չէ, այլ միայն մեկը՝ Աստված» (Ղուկ. 18։19)։
Եհովայի բարությունն ու մյուս լավ հատկությունները ակնհայտ են նրա ստեղծագործությունների մեջ
Եհովան բարիք է անում։ Առաքինությունը երևում է նաև Աստծու բոլոր գործերում։ «Եհովան բարի է ամենքի հանդեպ, և նրա ողորմությունը իր բոլոր գործերի վրա է» (Սաղ. 145։9)։ Ամենակարողը առանց կողմնակալության է բարություն դրսևորում. նա բոլոր մարդկանց տալիս է կյանք և ամեն բան, ինչ անհրաժեշտ է այն պահպանելու համար (Գործ. 14։17)։ Նրա բարությունը զգում ենք նաև այն ժամանակ, երբ ներում է մեզ։ Սաղմոսերգուն գրել է. «Ո՛վ Եհովա, դու բարի ես ու ներելու պատրաստ» (Սաղ. 86։5)։ Կարող ենք վստահ լինել, որ «անարատության մեջ քայլողներին Եհովան ոչ մի բարիքից չի զրկում» (Սաղ. 84։11)։
«ՍՈՎՈՐԵՔ ԲԱՐՈՒԹՅՈ՛ՒՆ ԱՆԵԼ»
Մենք ստեղծված ենք Աստծու պատկերով, ուստի կարո՛ղ ենք առաքինի լինել ու բարիք գործել (Ծննդ. 1։27)։ Սակայն դա ինքնաբերաբար չի լինում։ Եհովան իր Խոսքում հորդորում է մեզ. «Սովորեք բարությո՛ւն անել» (Ես. 1։17)։ Ինչպե՞ս կարող ենք մեր մեջ զարգացնել այս հատկությունը։ Քննենք երեք ձև։
Առաջին՝ պետք է Աստծուց խնդրենք իր սուրբ ոգին, որը նրա ծառաներին օգնում է իսկապես առաքինի լինել (Գաղ. 5։22)։ Այդ ոգու շնորհիվ կսովորենք սիրել բարին և ատել չարը (Հռոմ. 12։9)։ Աստվածաշնչում ասվում է, որ Եհովան կարող է «հաստատել [մեզ] ամեն բարի գործում և խոսքում» (2 Թեսաղ. 2։16, 17)։
Երկրորդ՝ պետք է կարդանք Աստծու Խոսքը։ Եթե դա անենք, Եհովան կօգնի հասկանալ «բարեգործության ամբողջ ընթացքը» և «ամբողջովին պատրաստված» լինել «ամեն բարի գործի համար» (Առակ. 2։9; 2 Տիմոթ. 3։17)։ Ընթերցելով Աստվածաշունչը և խորհրդածելով կարդացածի շուրջ՝ ավելի լավ կճանաչենք Աստծուն, կիմանանք նրա կամքը ու մեր սիրտը կլցնենք բարի մտքերով։ Այդպես կհարստացնենք մեր հոգևոր գանձանակը և անհրաժեշտ պահին կկարողանանք այնտեղից գանձեր հանել (Ղուկ. 6։45; Եփես. 5։9)։
Երրորդ՝ պետք է ամեն կերպ ջանանք «ընդօրինակել ոչ թե չարը, այլ բարին» (3 Հովհ. 11)։ Սուրբ Գրքում ընդօրինակման արժանի բազմաթիվ կերպարներ կան։ Ինչ խոսք, Եհովան ու Հիսուսը լավագույն օրինակն են մեզ համար։ Սակայն կարող ենք ուսումնասիրել նաև ուրիշների օրինակը, ովքեր աչքի են ընկել իրենց առաքինությամբ։ Նրանց թվում են Տաբիթան և Բառնաբասը (Գործ. 9։36; 11։22–24)։ Վերլուծիր այս քրիստոնյաների մասին պատմող հատվածները և ուշադրություն դարձրու, թե նրանք ինչեր են արել մարդկանց օգնելու համար։ Մտածիր, թե ինչպես կարող ես նախաձեռնություն վերցնել և օգնել քո հարազատներին կամ հավատակիցներին։ Նաև նկատիր, թե Տաբիթային ու Բառնաբասին ինչ օգուտ է բերել առաքինի մարդու համբավը։ Համոզված եղիր, որ այն քեզ էլ մեծ օգուտ կբերի։
Բացի այդ, կարող ես խորհել մեր օրերում ապրող առաքինի քրիստոնյաների մասին։ Օրինակ՝ ուշադրություն դարձրու քո ժողովի ջանասեր երեցներին՝ «առաքինություն սիրող» այդ եղբայրներին։ Մի՛ մոռացիր նաև հավատարիմ քույրերին, ովքեր խոսքով ու գործով «բարին են սովորեցնում» (Տիտոս 1։8; 2։3)։ Ռոսլին անունով մի քույր պատմում է. «Ընկերուհիս ամեն ինչ անում է, որ աջակցի ու քաջալերի ժողովի անդամներին։ Նա ձգտում է հասկանալ իր հավատակիցների իրավիճակը և հաճախ փոքր նվերներ է տալիս կամ օգնության ձեռք է մեկնում նրանց։ Իմ կարծիքով՝ նա իսկապես բարի մարդ է»։
Եհովան իր ծառաներին հորդորում է «բարին փնտրել» (Ամոս 5։14)։ Դա անելով՝ ոչ միայն կսիրենք Աստծու չափանիշները, այլև սրտանց կցանկանանք անել այն, ինչը բարի է։
Մենք ջանում ենք առաքինի լինել և բարին անել
Չպետք է կարծենք, որ բարիք գործելու համար անհրաժեշտ է արտասովոր բաներ անել կամ մեծ զոհողությունների գնալ։ Մտածիր. արդյո՞ք նկարիչը կկարողանա գեղեցիկ դիմանկար ստեղծել, եթե հաստ վրձնով մեկ-երկու անգամ հարվածի կտավին։ Իհարկե ո՛չ։ Նա բազմաթիվ փոքր վրձնահարվածներով է ստանում իր ուզած պատկերը։ Նույնը կարող ենք ասել մեր առաքինության մասին։ Այն ի հայտ է գալիս, երբ բազմաթիվ բարի գործեր ենք անում, թեպետև փոքր։
Աստվածաշունչն ասում է, որ բարիք գործելու համար պետք է պատրաստված լինենք (2 Տիմոթ. 2։21; Տիտոս 3։1)։ Եթե ուշադիր լինենք և նկատենք, թե մարդիկ ինչ հանգամանքներ ունեն, կիմանանք, թե ինչպես «հաճեցնենք [մեր] մերձավորին ի բարին՝ նրան կերտելու համար» (Հռոմ. 15։2)։ Դա կարող ենք անել, օրինակ, մեր ունեցածից բաժին հանելով ուրիշներին (Առակ. 3։27)։ Ինչո՞ւ մեկին չհրավիրենք միասին պարզ կերակուր վայելելու կամ շփվելու։ Եթե գիտենք, որ ինչ-որ մեկը հիվանդ է, կարող ենք ջերմ խոսքեր գրել նրան, այցելել կամ զանգահարել։ Այո՛, կարելի է շատ առիթներ գտնել ասելու «բարի խոսք՝ հարկ եղած դեպքում կերտելու համար, որպեսզի օգուտ բերի լսողներին» (Եփես. 4։29)։
Եհովայի պես մենք էլ ենք ձգտում բարիք անել բոլորին։ Դրա համար ջանում ենք անկողմնակալ լինել։ Մեր անկողմնակալությունն ապացուցելու լավագույն ձևերից մեկը Թագավորության բարի լուրը բոլորին քարոզելն է։ Կատարելով Հիսուսի պատվերը՝ մենք ձգտում ենք բարիք անել նույնիսկ մեզ ատողներին (Ղուկ. 6։27)։ Հիշիր. բարի լինելը և ուրիշներին լավություն անելը երբեք սխալ չէ, քանի որ «այսպիսի բաների դեմ օրենք չկա» (Գաղ. 5։22, 23)։ Եթե չնայած մարդկանց վատ վերաբերմունքին և այլևայլ դժվարություններին՝ լավ վարք ունենանք, կկարողանանք ուրիշներին ձգել դեպի ճշմարտությունը և փառք բերել Աստծուն (1 Պետ. 3։16, 17)։
ԱՌԱՔԻՆԻ ՄԱՐԴԸ ԿՎԱՐՁԱՏՐՎԻ
Սուրբ Գրքում ասվում է. «Բարի մարդը [կկշտանա] իր գործերի պտուղներից» (Առակ. 14։14)։ Առաքինի լինելով՝ ի՞նչ օրհնություններ կստանանք։ Եթե բարի լինենք ուրիշների նկատմամբ, նրանք նույնպես, ամենայն հավանականությամբ, լավ կվերաբերվեն մեզ (Առակ. 14։22)։ Սակայն նույնիսկ եթե լավ չվերաբերվեն, բարիք գործելու մեր հաստատակամությունը, հնարավոր է, փափկացնի նրանց սիրտը և հալեցնի այնտեղ գոյացած սառույցը (Հռոմ. 12։20)։
Շատերը կհաստատեն, որ չարից հեռու մնալով և բարին անելով՝ մեծ օգուտ են ստացել։ Ահա թե ինչ է պատմում Նենսի անունով մի քույր. «Առաջ ես խենթ էի, անբարո և ոչ ոքի չէի հարգում։ Սակայն երբ իմացա Աստծու սահմանած բարու չափանիշները և սկսեցի դրանցով առաջնորդվել, երջանկություն գտա։ Հիմա ես արժանապատվության զգացում ունեմ և հարգում եմ ինքս ինձ»։
Առաքինի լինելու գլխավոր պատճառն այն է, որ այդպես ուրախացնում ենք Եհովային։ Նույնիսկ երբ մարդիկ չեն տեսնում մեր արածը, Աստված տեսնում է։ Նա նկատում է մեր արած յուրաքանչյուր բարի գործ ու մեր գլխում ծագած յուրաքանչյուր բարի միտք (Եփես. 6։7, 8)։ Սակայն նա նկատելուց ավելին է անում։ «Բարի մարդը հավանություն է ստանում Եհովայից» (Առակ. 12։2)։ Ուստի եկեք շարունակենք առաքինություն զարգացնել։ Մեր երկնային Հայրը խոստանում է «փառք, պատիվ և խաղաղություն հատուցել ամեն մեկին, ով բարի գործեր է անում» (Հռոմ. 2։10)։
a Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։