Եսայիա
20 Այն տարի, երբ Ասորեստանի Սարգոն թագավորի կողմից ուղարկված տարաթանը*+ պատերազմեց Ազոտոսի դեմ ու զավթեց այն,+ 2 Եհովան Ամոզի որդի Եսայիային+ ասաց. «Գնա, մեջքիցդ հանիր քուրձը, ոտքերիցդ էլ՝ սանդալները»: Նա այդպես արեց և սկսեց մերկ* ու ոտաբոբիկ ման գալ:
3 Հետո Եհովան ասաց. «Ինչպես որ իմ ծառա Եսայիան երեք տարի մերկ ու ոտաբոբիկ ման եկավ որպես նախանշան+ և զգուշացում Եգիպտոսի+ ու Եթովպիայի+ համար, 4 այնպես էլ Ասորեստանի թագավորը Եգիպտոսից+ ու Եթովպիայից գերեվարվածներին՝ թե՛ տղա երեխաներին, թե՛ ծերերին, կտանի մերկ ու ոտաբոբիկ, հետույքները բաց և Եգիպտոսին խայտառակ կանի:* 5 Եթովպիայի վրա հույս դնողները և Եգիպտոսով պարծեցողները* կզարհուրեն ու ամոթով կմնան: 6 Այդ մերձափնյա շրջանի բնակիչները այդ օրը կասեն. «Տեսեք՝ ինչ եղավ մեր ապավենին, որի մոտ վազում էինք՝ օգնություն ստանալու և Ասորեստանի թագավորի ձեռքից ազատվելու: Հիմա ինչպե՞ս ենք փրկվելու»»: