Երեմիա
16 Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Դու չպետք է ամուսնանաս և որդիներ ու աղջիկներ չպետք է ունենաս այստեղ, 3 որովհետև Եհովան սա է ասում այս երկրում ծնված տղաների ու աղջիկների, նաև նրանց մայրերի ու հայրերի մասին. 4 «Նրանք մահացու հիվանդություններից կմեռնեն,+ նրանց համար սուգ չեն անի և նրանց չեն թաղի: Նրանք գոմաղբի պես կլինեն երկրի երեսին:+ Նրանք կընկնեն սրից ու կմեռնեն սովից,+ և նրանց դիակները թռչունների ու գազանների համար կերակուր կլինեն»:
5 Եհովան ասում է.
«Մի՛ մտիր այն տունը, որտեղ սգո հաց են ուտում,
Մի՛ գնա այնտեղ՝ լացուկոծ անելու և նրանց ցավակցելու,+
Քանի որ ես,– ասում է Եհովան,– այս ժողովրդին զրկել եմ իմ խաղաղությունից,
Իմ հավատարիմ սիրուց ու գթասրտությունից:+
6 Թե՛ անվանի և թե՛ աննշան մարդիկ մեռնելու են այս երկրում:
Նրանք չեն թաղվելու,
Նրանց համար սուգ չեն անելու,
Եվ ոչ ոք իր վրա կտրվածքներ չի անելու ու նրանց համար իր գլուխը չի սափրելու:*
7 Ոչ ոք սգացողներին հաց չի տալու
Նրանց մխիթարելու համար,
Ոչ էլ մխիթարության բաժակ է տալու նրանց,
Ովքեր կորցրել են իրենց հորն ու մորը:
8 Խնջույքի տուն մի՛ մտիր
Ու նրանց հետ կերուխումի մի՛ նստիր»:
9 Սա է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ես ձեր օրերում և ձեր աչքի առաջ այս վայրում կկտրեմ ցնծության և ուրախության ձայները, փեսայի ու հարսի ձայները»:+
10 Երբ ժողովրդին ասես այս բոլոր խոսքերը, նրանք քեզ կհարցնեն. «Ինչո՞ւ է Եհովան ասում, որ մեզ վրա այդպիսի մեծ աղետ է գալու: Ի՞նչ հանցանք ու մեղք ենք գործել մեր Աստված Եհովայի դեմ»:+ 11 Նրանց կասես. «Որովհետև ձեր նախահայրերը լքեցին ինձ,+– ասում է Եհովան:– Նրանք ուրիշ աստվածների պաշտեցին, նրանց ծառայեցին ու նրանց առաջ խոնարհվեցին,+ իսկ ինձ թողեցին և իմ օրենքը չպահեցին:+ 12 Բայց դուք ձեր նախահայրերից ավելի վատ եք վարվում,+ և ձեզնից յուրաքանչյուրն ինձ հնազանդվելու փոխարեն լսում է իր չար ու համառ սրտին:+ 13 Ուստի ես այս երկրից ձեզ կվռնդեմ մի երկիր, որը ո՛չ ձեր նախահայրերին էր ծանոթ, ո՛չ էլ ձեզ է ծանոթ:+ Այնտեղ գիշեր-ցերեկ ուրիշ աստվածների կծառայեք,+ որովհետև ձեր հանդեպ բարեհաճ չեմ լինի»:
14 Սակայն օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ այլևս չեն ասի՝ «Երդվում եմ Եհովայի գոյությամբ, ով Իսրայելին հանեց Եգիպտոսից»,+ 15 այլ կասեն. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ, ով Իսրայելին հանեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, որտեղ նրանց ցիրուցան էր արել»: Ես նրանց կվերադարձնեմ իրենց երկիր, որն իրենց նախահայրերին եմ տվել:+
16 Ես կանչել եմ տալիս շատ ձկնորսների,– ասում է Եհովան,–
Եվ նրանք կորսան նրանց:
Դրանից հետո կանչել կտամ շատ որսորդների,
Եվ նրանք կորսան նրանց ամեն լեռան, ամեն բլրի վրա
Ու ժայռերի խոռոչներում:
17 Չէ՞ որ իմ աչքերը տեսնում են նրանց բոլոր գործերը:
Նրանք չեն կարող թաքնվել ինձանից,
Ոչ էլ նրանց մեղքերն են թաքնված իմ աչքերից:
18 Նախ ամբողջությամբ կհատուցեմ նրանց իրենց հանցանքների ու մեղքերի դիմաց,+
Որովհետև նրանք պղծեցին իմ երկիրը իրենց անշունչ գարշելի կուռքերով
Եվ իմ սեփականությունը լցրին իրենց պղծություններով»:+
19 Ո՜վ Եհովա, ի՛մ զորություն և ի՛մ ամրոց,
Նեղության օրվա ի՛մ ապաստան,+
Երկրի ծայրերից ազգերը քեզ մոտ կգան
Ու կասեն. «Մեր նախահայրերը կեղծիք,
Ունայնություն և անօգուտ բաներ ժառանգեցին»:+
20 Մի՞թե մարդ կարող է իր համար աստվածներ պատրաստել.
Չէ՞ որ դրանք աստվածներ չեն լինի:+
21 «Այդ ժամանակ ես նրանց ցույց կտամ իմ ուժն ու զորությունը,
Եվ նրանք կիմանան, որ իմ անունը Եհովա է»: