Թվեր
36 Հովսեփի որդիների տոհմերի տոհմապետները եկան ու խոսեցին Մովսեսի և Իսրայելի ցեղապետների հետ: Նրանք Մանասեի որդի Մաքիրի+ որդուց՝ Գաղաադից սերած տոհմերի գլուխներն էին: 2 Դիմելով Մովսեսին՝ նրանք ասացին. «Եհովան պատվիրեց քեզ՝ մեր տիրոջը, որ երկիրը վիճակով բաժանես+ ու ժառանգություն տաս իսրայելացիներին: Դու, մեր տե՛ր, Եհովայից նաև պատվեր ստացար, որ մեր եղբայր Սալպաադի ժառանգությունը տաս նրա աղջիկներին:+ 3 Եթե նրանք ամուսնանան Իսրայելի մյուս ցեղերի տղամարդկանց հետ, ապա այդ կանանց տրված ժառանգությունը կվերցվի մեր հայրերի ժառանգությունից և կփոխանցվի այն ցեղին, որտեղ նրանք կնության կգնան: Արդյունքում՝ վիճակով մեզ հասած ժառանգության այդ մասը մենք կկորցնենք: 4 Եվ երբ գա իսրայելացիների Հոբելյան+ տարին, կանանց ժառանգությունը մեկընդմիշտ կպատկանի այն ցեղին, որտեղ նրանք կնության են գնացել: Այդպիսով՝ նրանց տրված ժառանգությունը կվերցվի մեր հայրական ցեղի ժառանգությունից»:
5 Այդ ժամանակ Մովսեսը Եհովայի կարգադրությամբ իսրայելացիներին այս հրահանգը տվեց. «Հովսեփի որդիները ճիշտ են ասում: 6 Սալպաադի աղջիկների վերաբերյալ Եհովան սա է պատվիրում. «Նրանք կարող են ամուսնանալ ում հետ ուզում են, միայն թե այդ մարդը պետք է լինի իրենց հայրական ցեղի տոհմերից: 7 Ոչ մի ժառանգություն չպետք է մի ցեղից մյուսին անցնի. իսրայելացիները պետք է պահպանեն իրենց ցեղի ժառանգությունը: 8 Ամեն աղջիկ, ով ժառանգություն կստանա Իսրայելի ցեղերի մեջ, պետք է ամուսնանա իր հայրական ցեղից որևէ մեկի հետ,+ որպեսզի իսրայելացիների հայրական ժառանգությունը պահպանվի: 9 Ոչ մի ժառանգություն մի ցեղից մյուսին չպետք է անցնի. Իսրայելի ցեղերը պետք է պահպանեն իրենց ժառանգությունը»»:
10 Սալպաադի աղջիկներն արեցին ճիշտ այնպես, ինչպես որ Եհովան պատվիրեց Մովսեսին:+ 11 Սալպաադի աղջիկներ+ Մաալան, Թերսան, Էգլան, Մելքան և Նոան ամուսնացան իրենց հորեղբայրների որդիների հետ: 12 Նրանք ամուսնացան Հովսեփի որդու՝ Մանասեի ցեղի տղամարդկանց հետ, որպեսզի իրենց ժառանգությունը մնա իրենց հայրական ցեղում:
13 Սրանք էին այն պատվիրաններն ու օրենքները,* որ Եհովան Մովսեսի միջոցով տվեց իսրայելացիներին Մովաբի անապատային հարթավայրում՝ Հորդանանի մոտ՝ գետի այն կողմում, որ հանդիպակաց է Երիքովին:+