1 Սամուել
11 Դրանից հետո ամմոնացի+ Նաասը գնաց ու բանակ դրեց Հաբիսի+ մոտ՝ Գաղաադում: Հաբիսի տղամարդիկ ասացին Նաասին. «Մեզ հետ դաշինք կնքիր, ու մենք կծառայենք քեզ»: 2 Ամմոնացի Նաասն էլ ասաց. «Ձեզ հետ դաշինք կկնքեմ մի պայմանով. յուրաքանչյուրիդ աջ աչքը պետք է հանեմ: Այդպես կնվաստացնեմ ողջ Իսրայելին»: 3 Հաբիսի երեցներն ասացին նրան. «Մեզ յոթ օր ժամանակ տուր, որ պատգամաբերներ ուղարկենք ողջ Իսրայելով մեկ, և եթե մեզ փրկող չգտնվի, մենք կհանձնվենք»: 4 Երբ պատգամաբերները գնացին Գաբաա,+ որտեղ ապրում էր Սավուղը,* այդ խոսքերը հաղորդեցին ժողովրդին, և ողջ ժողովուրդը բարձրաձայն լաց եղավ:
5 Այդ ժամանակ Սավուղը, իր նախրի հետևից քայլելով, վերադառնում էր դաշտից: Նա հարցրեց. «Ի՞նչ է պատահել: Ինչո՞ւ են մարդիկ լաց լինում»: Եվ նրան հայտնեցին հաբիսցիների խոսքերը: 6 Երբ Սավուղը լսեց դրանք, Աստծու ոգին ներգործեց նրա վրա,+ և նա խիստ բարկացավ: 7 Ուստի նա մի զույգ ցուլ վերցրեց, կտոր-կտոր արեց և պատգամաբերների միջոցով ուղարկեց Իսրայելի բոլոր տարածքներ՝ պատվիրելով, որ ասեն. «Ով որ չգնա Սավուղի ու Սամուելի հետևից, նրա անասուններին այսպես կանեն»: Եհովան ժողովրդին վախով համակեց, և բոլորը մեկ մարդու պես դուրս եկան պատերազմելու: 8 Հետո Սավուղը Բեզեկում հաշվեց նրանց. Հուդայի ցեղից 30 000 մարդ կար, իսկ Իսրայելի մյուս ցեղերից՝ 300 000: 9 Սավուղն ու իր զինվորները ասացին Հաբիսից եկած պատգամաբերներին. «Գաղաադի Հաբիս քաղաքի տղամարդկանց ասեք. «Վաղը՝ կեսօրին մոտ, դուք փրկված կլինեք»»: Պատգամաբերները գնացին ու հաբիսցիներին հայտնեցին այդ մասին, և նրանք շատ ուրախացան: 10 Հաբիսի տղամարդիկ ամմոնացիներին ասացին. «Վաղը մենք կհանձնվենք. մեզ հետ վարվեք այնպես, ինչպես կուզեք»:+
11 Հաջորդ օրը Սավուղը երեք գնդի բաժանեց զորքը. նախքան լուսաբացը* նրանք մտան ամմոնացիների+ բանակատեղի և կոտորեցին նրանց մինչև կեսօր:* Իսկ ողջ մնացածները ցիրուցան եղան. նրանցից երկու մարդ անգամ իրար հետ չմնաց: 12 Ժողովուրդն ասաց Սամուելին. «Այդ ովքե՞ր էին ասում. «Սավո՞ւղը պետք է մեր թագավորը լինի»:+ Մեր ձե՛ռքը տվեք այդ մարդկանց, որ սպանենք նրանց»: 13 Բայց Սավուղը պատասխանեց. «Այսօր ոչ ոք չպետք է սպանվի,+ որովհետև Եհովան այսօր փրկեց Իսրայելին»:
14 Դրանից հետո Սամուելն ասաց ժողովրդին. «Եկեք գնանք Գաղգաղա,+ որպեսզի Սավուղին կրկին թագավոր հռչակենք»:+ 15 Ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա և այնտեղ՝ Եհովայի առաջ, Սավուղին թագավոր դարձրեց: Այնուհետև խաղաղության զոհեր մատուցեցին Եհովայի առաջ,+ և Սավուղն ու բոլոր իսրայելացիները մեծ ցնծությամբ տոնեցին այդ իրադարձությունը:+