Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt Ողբ 1 ։ 1–5 ։ 22
  • Ողբ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ողբ
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Ողբ

ՈՂԲ

א [Ալեֆ]*

1 Ա՜խ, երբեմնի մարդաշատ քաղաքը միայնակ նստել է,+

Ազգերի մեջ բազմամարդը այրիացել է,+

Մարզերի միջի իշխանուհին ստրուկ է դարձել:+

ב [Բեթ]

 2 Գիշերը նա դառնագին լաց է լինում,+ և արցունքները հոսում են նրա այտերով:

Նրա սիրեկաններից ոչ ոք չի մխիթարում նրան:+

Բոլոր ընկերները դավաճանել են նրան,+ թշնամի են դարձել:

ג [Գիմել]

 3 Հուդան նեղության մեջ է, գերեվարվել է+ և ստրկության ծանր լծի տակ է:+

Նա պետք է ուրիշ ազգերի մեջ բնակվի,+ նա հանգիստ չունի:

Բոլոր նրան հալածողները նեղության ժամանակ հարձակվեցին նրա վրա:

ד [Դալեթ]

 4 Սիոն տանող ճանապարհները սգում են, որովհետև տոնին եկողներ չկան:+

Նրա բոլոր դարպասներն ավերվել են,+ քահանաները հառաչում են:

Նրա կույս աղջիկները սուգ են անում, և ինքը՝ Սիոնը, խիստ դառնացած է:

ה [Հե]

 5 Նրա ոսոխները այժմ նրա տերերն են, նրա թշնամիներն անհոգ են:+

Նրա բազմաթիվ մեղքերի համար Եհովան վիշտ պատճառեց նրան:+

Ոսոխները նրա երեխաներին գերության տարան:+

ו [Վավ]

 6 Սիոնի դուստրը կորցրել է իր ողջ շքեղությունը:+

Նրա իշխանները նման են եղջերուների, որոնք արոտավայր չեն գտել.

Ուժասպառ եղած՝ նրանք փախչում են թշնամուց:

ז [Զային]

 7 Երբ Երուսաղեմը նեղության մեջ հայտնվեց և անտուն դարձավ,

Հիշեց, թե ժամանակին ինչ թանկարժեք բաներ ուներ:+

Երբ նրա ժողովուրդը թշնամու ձեռքն ընկավ, և նա օգնական չուներ,+

Թշնամիները տեսան դա և ծիծաղեցին նրա կործանման վրա:+

ח [Խեթ]

 8 Երուսաղեմը ծանր մեղք է գործել,+

Այդ պատճառով նողկալի է դարձել:

Բոլոր նրանք, ովքեր պատվում էին նրան,

Այժմ արհամարհանքով են վերաբերվում,

Քանի որ տեսան նրա մերկությունը:+

Նա ինքն էլ հառաչում է+ ու ամոթից մի կողմ շրջվում:

ט [Տեթ]

 9 Նրա հագուստն անմաքուր է:

Նա չմտածեց իր ապագայի մասին:+

Նրա անկումն ապշեցուցիչ էր, նա մխիթարող չունի:

Ո՜վ Եհովա, տե՛ս իմ տառապանքը, քանի որ թշնամին մեծամտացել է:+

י [Յոդ]

10 Թշնամին տիրացել է նրա բոլոր գանձերին:+

Նա* տեսավ, թե ինչպես են ուրիշ ազգեր մտնում իր սրբարանը,+

Նրանք, ում դու արգելել էիր քո ժողովրդի հետ լինել:

כ [Քաֆ]

11 Նրա ժողովուրդը հառաչում է, հաց է փնտրում:+

Իր արժեքավոր բաները տվել է ուտելիքի դիմաց, միայն թե ողջ մնա:

Նայի՛ր, Եհո՛վա, ու տես, թե ինչ թշվառ կին* եմ դարձել:

ל [Լամեդ]

12 Ո՛վ անցորդներ, ինչո՞ւ եք անտարբեր,

Նայե՛ք ու տեսե՛ք.

Արդյոք կա՞ մի ցավ այն ցավի նման,

Որը Եհովան ինձ պատճառեց իր բորբոքված բարկության օրը:+

מ [Մեմ]

13 Բարձունքից նա կրակ է ուղարկել իմ ոսկրերի մեջ,+ որ այրի դրանք:

Ցանց է տարածել իմ ոտքերի մոտ և ստիպել ինձ հետ դառնալ:

Նրա պատճառով ես լքված կին եմ դարձել,

Ողջ օրը տանջվում եմ:

נ [Նուն]

14 Նա իր ձեռքով իմ մեղքերը իրար է կապել

Ու դրանք որպես լուծ դրել պարանոցիս. ես ուժասպառ եմ եղել:

Եհովան ինձ նրանց ձեռքն է մատնել, ում ես չեմ կարող դիմադրել:+

ס [Սամեխ]

15 Եհովան վռնդեց իմ միջից իմ բոլոր զորավորներին,+

Իմ դեմ բազմություն հավաքեց, որ կոտորի իմ երիտասարդներին:+

Եհովան խաղողի հնձանում տրորել է Հուդայի կույս աղջկան:+

ע [Ային]

16 Այս ամենի պատճառով ես ողբում եմ,+ արցունքները հորդում են աչքերիցս,

Քանի որ բոլոր նրանք, ովքեր կարող էին մխիթարել կամ սփոփել ինձ, հեռու են ինձնից:

Որդիներս թևաթափ են եղել, որովհետև թշնամին հաղթել է:

פ [Փե]

17 Սիոնը տարածել է իր ձեռքերը,+ բայց ոչ ոք չի մխիթարում նրան:

Բոլոր նրանց, ովքեր Հակոբի շուրջն են, Եհովան պատվիրել է թշնամանալ նրա դեմ:+

Երուսաղեմը նողկալի է դարձել նրանց համար:+

צ [Ցադե]

18 Եհովան արդար է.+ չէ՞ որ ես չհնազանդվեցի նրա պատվերներին:+

Լսե՛ք, ո՛վ բոլոր ժողովուրդներ, և տեսե՛ք իմ ցավը:

Իմ կույս աղջիկներն ու երիտասարդները գերեվարվեցին:+

ק [Կոֆ]

19 Ես կանչեցի իմ սիրեկաններին, բայց նրանք ինձ դավաճանեցին:+

Իմ քահանաներն ու երեցները քաղաքում վախճանվեցին՝

Ողջ մնալու համար ուտելու բան փնտրելով:+

ר [Ռեշ]

20 Տե՛ս, Եհո՛վա, ես սաստիկ ընկճված եմ:

Ներսս* տակնուվրա է լինում,

Սիրտս ալեկոծվում է իմ ներսում. որքա՜ն ըմբոստ եմ ես եղել:+

Դրսում սուրը խլում է զավակներիս:+ Տանը նույնպես մահ կա:

ש [Շին]

21 Մարդիկ լսում են իմ հառաչանքը, բայց չկա մեկը, որ մխիթարի ինձ:

Իմ բոլոր թշնամիները լսեցին ինձ վրա եկած աղետի մասին:

Նրանք ուրախ են, որ դու արել ես դա:+

Բայց կգա օրը, երբ դու, քո խոստման համաձայն, կպատժես նրանց+

Եվ նրանց հետ կվարվես այնպես, ինչպես ինձ հետ վարվեցիր:+

ת [Թավ]

22 Նրանց բոլոր չարություններին ուշադրություն դարձրու: Խստորեն պատժիր նրանց,+

Ինչպես որ ինձ խստորեն պատժեցիր իմ բոլոր մեղքերի համար:

Հառաչանքիս վերջ չկա. սիրտս ցավում է:

א [Ալեֆ]

2 Եհովայի բարկությունը ամպի պես ծածկել է Սիոնի դստերը:

Նա երկնքից երկրի վրա է գցել Իսրայելի գեղեցկությունը:+

Իր բարկության օրը նա չհիշեց իր ոտքերի պատվանդանը:+

ב [Բեթ]

 2 Եհովան առանց կարեկցելու կործանեց Հակոբի բնակավայրերը:

Իր ցասումով նա քանդեց Հուդայի դստեր ամրությունները:+

Նա գետին տապալեց ու պղծեց թագավորությունն+ ու դրա իշխաններին:+

ג [Գիմել]

 3 Իր բորբոքված բարկությամբ նա Իսրայելին ողջ զորությունից զրկեց:*

Իր աջ ձեռքը հետ քաշեց, երբ թշնամին հարձակվեց:+

Հակոբի երկրում նրա բարկությունը վառվում էր ինչպես կրակ, որը այրում էր չորսբոլորը:+

ד [Դալեթ]

 4 Նա լարեց իր աղեղը ինչպես թշնամի: Իր աջ ձեռքը բարձրացրեց իբրև ոսոխ:+

Նա սպանեց աչքին հաճելի բոլոր մարդկանց:+

Իր ցասումը կրակի պես+ Սիոնի դստեր վրանի վրա թափեց:+

ה [Հե]

 5 Եհովան թշնամու պես դարձավ:+

Նա կործանեց Իսրայելին,

Կործանեց նրա բոլոր աշտարակները,

Ավերեց նրա ամրությունները:

Նա շատացրեց Հուդայի դստեր ողբն ու սուգը:

ו [Վավ]

 6 Նա կործանեց իր տաղավարը,+ ինչպես մի խրճիթ պարտեզում:

Իր տոնին նա վերջ դրեց:+

Եհովան տոնն ու Շաբաթը Սիոնում մոռանալ տվեց,

Իր ահեղ ցասումով թագավորին ու քահանային մերժեց:+

ז [Զային]

 7 Եհովան մերժեց իր զոհասեղանը,

Արհամարհեց իր սրբարանը:+

Թշնամիների ձեռքը հանձնեց ամրացված աշտարակների պարիսպները:+

Եհովայի տան մեջ լսվում էին նրանց բարձր ձայները,+ ինչպես տոն օրերին:

ח [Խեթ]

 8 Եհովան վճռեց ավերել Սիոնի դստեր պարիսպը:+

Նա լարով չափեց այն+

Եվ կործանում բերեց. ձեռքը հետ չքաշեց:

Պատնեշին ու պարսպին նա սուգ անել տվեց:

Դրանք թուլացան:

ט [Տեթ]

 9 Դարպասները գետնի տակ անցան,+

Նա ջարդեց, կոտրեց նիգերը:

Թագավորն ու իշխանները ուրիշ ազգերի մեջ հայտնվեցին:+

Օրենք* չկա: Նույնիսկ մարգարեները Եհովայից տեսիլք չեն ստանում:+

י [Յոդ]

10 Սիոնի դստեր երեցները լուռ նստած են գետնին,+

Քուրձ հագած՝ հող են լցնում գլուխներին:+

Երուսաղեմի կույս աղջիկները գլուխները խոնարհել են մինչև գետին:

כ [Քաֆ]

11 Աչքերս մաշվել են արցունք թափելուց,+

Ներսս* տակնուվրա է լինում:

Սիրտս կտոր-կտոր է լինում,* քանի որ իմ ժողովրդի դուստրը* կործանվել է,+

Քանի որ քաղաքի հրապարակներում երեխաներն ու մանուկները ուշաթափ են լինում:+

ל [Լամեդ]

12 Իրենց մայրերին նրանք աղերսագին ասում են՝ «Սոված եմ, ծարավ եմ»,*+

Եվ ինչպես վիրավոր մի մարդ, քաղաքի հրապարակներում ուշագնաց են լինում՝

Մահանալով իրենց մայրերի գրկում:

מ [Մեմ]

13 Ո՞ւմ օրինակը բերեմ,

Ո՞ւմ նմանեցնեմ քեզ, ո՛վ Երուսաղեմի դուստր:

Ինչի՞ հետ համեմատեմ, որ մխիթարեմ քեզ, ո՛վ Սիոնի կույս աղջիկ:

Քո վերքը ծովի պես մեծ է:+ Ո՞վ կարող է քեզ բուժել:+

נ [Նուն]

14 Քո մարգարեների տեսիլքները կեղծ էին ու դատարկ:+

Նրանք չէին քողազերծում մեղքերդ, որ փրկեին գերեվարվելուց,+

Այլ կեղծ ու մոլորեցնող տեսիլքներ էին պատմում քեզ:+

ס [Սամեխ]

15 Բոլոր անցորդները քեզ տեսնելիս արհամարհանքով ծափ են տալիս,+

Զարմանքից սուլում են,+ գլուխներն օրորում՝ նայելով Երուսաղեմի դստեր վրա, ու ասում.

«Սա՞ է այն քաղաքը, որի մասին ասում էին՝ «Գեղեցկության կատարելություն, ողջ երկրի ուրախություն»»:+

פ [Փե]

16 Քո բոլոր թշնամիները բացել են իրենց բերանը:

Նրանք սուլում են, կրճտացնում ատամներն ու ասում. «Մենք կուլ տվեցինք նրան:+

Հասավ այն օրը, որին սպասում էինք:+ Եկավ այդ օրը, ու մենք տեսանք այն»:+

ע [Ային]

17 Եհովան իրականացրեց իր մտադրությունը,+ արեց այն, ինչ ասել էր՝+

Ինչ որ վաղուց ի վեր պատվիրել էր:+

Նա կործանեց քեզ՝ առանց խնայելու:+

Թույլ տվեց, որ քո թշնամին հաղթի քեզ և ուրախանա: Քո ոսոխներին ավելի ուժեղ դարձրեց:*

צ [Ցադե]

18 Ժողովրդի սիրտը աղաղակում է Եհովային, ո՛վ Սիոնի դստեր պարիսպ:

Թող քո արտասուքը հեղեղի պես թափվի գիշեր ու ցերեկ:

Թող արցունքներդ չցամաքեն, և դու հանգիստ չունենաս:

ק [Կոֆ]

19 Վե՛ր կաց, ողբա ողջ գիշեր,

Սրտիդ եղածը ջրի պես թափիր Եհովայի առաջ:

Ձեռքերդ վեր բարձրացրու՝ խնդրելով նրան փրկել երեխաներիդ կյանքը,

Որոնք սովից ուշաթափվում են ամեն մի փողոցի անկյունում:+

ר [Ռեշ]

20 Նայի՛ր, ո՛վ Եհովա, տե՛ս քո ժողովրդին, որին խստորեն պատժել ես:

Մի՞թե կանայք պիտի ուտեն իրենց մանուկներին, իրենց մեծացրած երեխաներին,+

Կամ մի՞թե քահանաներն ու մարգարեները, ո՛վ Եհովա, քո սրբարանում պիտի սպանվեն:+

ש [Շին]

21 Երիտասարդներն ու ծերերը փողոցներում մեռած ընկած են:+

Երիտասարդ աղջիկներն ու տղաները՝ սրով սպանված:+

Դու սպանեցիր քո բարկության օրը, կոտորեցիր ու չխնայեցիր:+

ת [Թավ]

22 Դու ամեն տեղից սարսափազդու բաներ ես կանչում, ինչպես տոն օրը՝+ մարդկանց:

Եհովայի ցասման օրը ոչ ոք չփրկվեց՝ ողջ չմնաց:+

Իմ թշնամին բնաջնջեց նրանց, ում ես ծնել ու մեծացրել էի:+

א [Ալեֆ]

3 Ես այն մարդն եմ, որ տառապանք է տեսել, տեսել է, թե ինչպես է Աստված պատժում իր ցասումով:*

 2 Նա ինձ վռնդել է, քայլել տվել խավարի մեջ և ոչ թե լույսի:+

 3 Նա նորից ու նորից մեկնում է իր ձեռքը, որ պատժի ինձ:+

ב [Բեթ]

 4 Մարմինս ու մաշկս մաշեցրել է,

Ոսկորներս կոտրել:

 5 Նա պաշարել է ինձ, դառը թույնով+ ու նեղություններով ինձ շրջապատել:

 6 Ինձ ստիպել է մութ տեղերում բնակվել, ինչպես մեկի, ով վաղուց մեռել է:

ג [Գիմել]

 7 Նա քարե պարսպով շրջափակել է ինձ, որ չփախչեմ,

Պղնձե ծանր շղթաներով կապել է:+

 8 Երբ ես հուսահատված օգնության եմ կանչում, նա չի ցանկանում լսել իմ աղոթքը:*+

 9 Իմ ճանապարհները նա տաշած քարերով փակել է,

Իմ ուղիները՝ ծռել:+

ד [Դալեթ]

10 Նա, դարան մտած, սպասում է, ինչպես մի արջ, ինչպես մի թաքնված առյուծ:+

11 Նա ինձ մի կողմ է հրել ճամփից և կտոր-կտոր արել:*

Նա թշվառ է դարձրել ինձ:+

12 Իր աղեղը լարել է և նետի թիրախ դարձրել:

ה [Հե]

13 Իր կապարճի նետերը երիկամներիս մեջ է մխրճել:

14 Բոլորի համար ես ծիծաղի առարկա եմ դարձել, ողջ օրը նրանք ծաղրում են ինձ իրենց երգով:

15 Նա ինձ դառնություններով է լցրել, օշինդրով հագեցրել:+

ו [Վավ]

16 Ատամներս խճով կոտրում է,

Այնպես է անում, որ մոխրի մեջ կուչ գամ:+

17 Դու զրկել ես ինձ խաղաղությունից: Մոռացել եմ, թե երջանկությունն* ինչ է:

18 Ես ասացի. «Կորան իմ փառքն ու Եհովայի հանդեպ իմ հույսը»:

ז [Զային]

19 Հիշիր իմ տառապանքը, հիշիր, որ անտուն եմ,+ որ օշինդր և դառը թույն եմ ուտում:+

20 Դու անպայման կհիշես ինձ և կխոնարհվես դեպի ինձ:+

21 Սիրտս հիշում է այդ մասին: Դրա համար էլ ես համբերությամբ կսպասեմ:+

ח [Խեթ]

22 Եհովայի հավատարիմ սիրո շնորհիվ մենք չբնաջնջվեցինք,+

Որովհետև անսպառ է նրա գթասրտությունը:+

23 Ամեն առավոտ նա նորից ու նորից դրսևորում է այն:*+ Մեծ է քո հավատարմությունը:+

24 Ես ասացի. «Եհովան է իմ բաժինը,+ դրա համար էլ ես համբերությամբ կսպասեմ նրան»:+

ט [Տեթ]

25 Եհովան բարի է այն մարդու հանդեպ, ով հույսը նրա վրա է դնում,+ և ով միշտ նրան է փնտրում:+

26 Լավ է, որ մարդը լուռ* սպասում է+ Եհովայից եկող փրկությանը:+

27 Լավ է, որ մարդը իր երիտասարդ տարիներին դժվարություններ է կրում:+

י [Յոդ]

28 Եթե Աստված բեռ է դրել նրա վրա, թող նա մենակ նստի ու լուռ մնա:+

29 Թող բերանը հողի մեջ մտցնի.+ գուցե դեռ հույս կա:+

30 Թող իր այտը իրեն հարվածողին դարձնի, թող լիովին կրի վիրավորանքները:

כ [Քաֆ]

31 Չէ՞ որ Եհովան միշտ չի մերժելու մեզ:+

32 Թեպետ նա վիշտ է պատճառել, սակայն իր անսահման հավատարիմ սիրուց մղված՝ գթասրտություն ցույց կտա,+

33 Քանի որ մարդկանց վիշտ ու տառապանք պատճառելը նրան չի ուրախացնում:+

ל [Լամեդ]

34 Երբ երկրի բանտարկյալներին ոտքերի տակ տրորում են,+

35 Երբ Բարձրյալի առաջ մարդուն զրկում են արդարադատությունից+

36 Եվ երբ մարդուն իր դատական գործում խաբում են, Եհովան չի հանդուրժում այդ ամենը:

מ [Մեմ]

37 Ո՞վ կարող է այնպես անել, որ իր ասածները կատարվեն, եթե Եհովան չկամենա:

38 Բարձրյալի բերանից լավ բանի հետ վատ բան դուրս չի գալիս:

39 Ինչպե՞ս կարող է մարդը տրտնջալ, եթե կրում է իր իսկ մեղքի հետևանքները:+

נ [Նուն]

40 Եկեք խորությամբ քննենք մեր ապրելակերպը+ ու վերադառնանք Եհովայի մոտ:+

41 Եկեք մեր ձեռքերը դեպի Աստված՝ դեպի երկինք բարձրացնենք և անկեղծ սրտով նրան դիմենք.+

42 «Մենք մեղք գործեցինք ու ապստամբեցինք քո դեմ,+ և դու չներեցիր մեզ:+

ס [Սամեխ]

43 Դու բարկությամբ փակեցիր քեզ մոտենալու ճանապարհը,+

Հետապնդեցիր ու առանց խնայելու սպանեցիր մեզ:+

44 Դու ծածկեցիր քեզ ամպերով, որ մեր աղոթքները քեզ չհասնեն:+

45 Մեզ աղբ ու թափթփուկ դարձրիր ժողովուրդների մեջ»:

פ [Փե]

46 Մեր բոլոր թշնամիները ծաղրում են մեզ:+

47 Մենք սարսափի մեջ ենք, ծուղակն ենք ընկել:+

Թշվառությունն ու կոտորածն են մեր բաժինը:+

48 Աչքերիցս արցունքի գետեր են հոսում, քանի որ իմ ժողովրդի դուստրը կործանվել է:+

ע [Ային]

49 Արցունքներս չեն ցամաքի, անդադար կողբամ,+

50 Մինչև որ Եհովան երկնքից նայի ու տեսնի մեզ:+

51 Սաստիկ վշտանում եմ՝ տեսնելով իմ քաղաքի դուստրերին:+

צ [Ցադե]

52 Իմ թշնամիները անմեղ տեղը որսացին ինձ, որսացին ինչպես մի թռչնի:

53 Նրանք ուզում էին սպանել ինձ. փոսը գցեցին ու քարեր նետեցին ինձ վրա:

54 Ջրերը ծածկեցին ինձ: Ես ասացի. «Վերջս եկել է»:

ק [Կոֆ]

55 Խոր փոսի միջից քո անունը կանչեցի, ո՛վ Եհովա:+

56 Լսի՛ր իմ ձայնը: Մի՛ փակիր ականջդ, երբ օգնության եմ կանչում և փրկություն աղերսում:

57 Այն օրը, երբ կանչեցի քեզ, դու մոտեցար: Դու ասացիր. «Մի՛ վախեցիր»:

ר [Ռեշ]

58 Դու պաշտպանեցիր իմ դատը, ո՛վ Եհովա, ինձ փրկեցիր:*+

59 Եհո՛վա, դու տեսար ինձ պատճառած չարիքը: Խնդրում եմ, ինձ արդարությամբ դատիր:+

60 Դու տեսար, թե ինչպես նրանք վրեժխնդիր եղան, ինչ դավեր նյութեցին իմ դեմ:

ש [Սին] կամ [Շին]

61 Եհո՛վա, դու լսեցիր նրանց ծաղրանքները, իմացար իմ դեմ կազմած նրանց չար ծրագրերը:+

62 Լսեցիր, թե իմ հակառակորդները ինչ են խոսում իմ մասին, թե ինչպես են ողջ օրը փսփսում:

63 Նայիր նրանց: Նստեն թե վեր կենան, նրանք ծաղրում են ինձ իրենց երգերով:

ת [Թավ]

64 Ո՛վ Եհովա, դու կհատուցես նրանց՝ ըստ իրենց գործերի:

65 Դու նրանց կանիծես՝ համառ դարձնելով նրանց սիրտը:

66 Քո բարկությամբ կհետապնդես նրանց, ո՛վ Եհովա, ու կվերացնես երկնքի տակից:

א [Ալեֆ]

4 Ինչպե՜ս է խամրել փայլող, ընտիր ոսկին:+

Սրբարանի քարերը+ ցրիվ են եկել բոլոր փողոցների անկյուններում:+

ב [Բեթ]

 2 Սիոնի պատվական որդիներին, որոնք մի ժամանակ զտված ոսկու պես թանկարժեք էին,

Այժմ վերաբերվում են ինչպես կավե սափորների,

Որոնք բրուտի ձեռքով են պատրաստվում:

ג [Գիմել]

 3 Անգամ շնագայլերն են կուրծք տալիս իրենց ձագերին,

Բայց իմ ժողովրդի դուստրը անապատի ջայլամի+ պես անգութ է դարձել:+

ד [Դալեթ]

 4 Կաթնակեր մանուկի լեզուն ծարավից քիմքին է կպել:

Երեխաները հաց են աղերսում,+ բայց տվող չկա:+

ה [Հե]

 5 Ժամանակին նրբահամ կերակուրներ ուտողները փողոցներում սովահար ընկած են:+

Ալ կարմիր հագուստների մեջ մեծացածները+ մոխրակույտերի մեջ են:

ו [Վավ]

 6 Իմ ժողովրդի դստեր պատիժն* ավելի մեծ է, քան Սոդոմի մեղքի համար տրված պատիժը:+

Սոդոմը մեկ ակնթարթում տապալվեց, և ոչ ոք օգնության ձեռք չմեկնեց:+

ז [Զային]

 7 Նրա* ուխտավորները+ ձյունից մաքուր էին, կաթից՝ սպիտակ,

Մարջաններից* կարմիր էին և շափյուղայի պես՝ փայլուն:

ח [Խեթ]

 8 Իսկ հիմա նրանք մրից* էլ սև են:

Փողոցներում նրանց չեն ճանաչում:

Նրանց կաշին ոսկորներին է կպել,+ չորացած ծառի պես է դարձել:

ט [Տեթ]

 9 Սրից սպանվողների համար ավելի լավ է, քան սովից մեռնողների համար,+

Որոնք հալումաշ են լինում և հյուծվում ուտելիք չունենալու պատճառով:

י [Յոդ]

10 Կարեկից կանայք իրենց իսկ ձեռքերով եփեցին իրենց զավակներին:+

Երեխաները նրանց սգո հացը դարձան, երբ կործանվում էր իմ ժողովրդի դուստրը:+

כ [Քաֆ]

11 Եհովան թափեց իր ցասումը՝

Իր բորբոքված բարկությունը:+

Նա կրակ վառեց Սիոնում, որը լափեց դրա հիմքերը:+

ל [Լամեդ]

12 Երկրի թագավորներն ու բոլոր բնակիչները չէին հավատում,

Որ հակառակորդը՝ թշնամին, Երուսաղեմի դարպասներից ներս կմտնի:+

מ [Մեմ]

13 Դա տեղի ունեցավ նրա մարգարեների մեղքերի և քահանաների անօրենությունների պատճառով,+

Որոնք արդարների արյունը թափեցին նրանում:+

נ [Նուն]

14 Նրանք կուրորեն թափառեցին+ փողոցներում,

Նրանք պղծված են արյունով,+

Այնպես որ ոչ ոք չի կարող դիպչել նրանց հագուստներին:

ס [Սամեխ]

15 «Հեռացե՛ք, անմաքուրնե՛ր,– բղավում են նրանց վրա,– հեռո՛ւ, հեռո՛ւ: Մեզ մի՛ դիպեք»:

Նրանք անտուն են մնացել ու թափառում են:

Ազգերն ասում են. «Նրանք չեն կարող մեզ հետ այստեղ մնալ:*+

פ [Փե]

16 Եհովան ինքն է նրանց ցրել:+

Նա այլևս բարեհաճորեն չի նայի նրանց:

Մարդիկ չեն հարգի քահանաներին,+ չեն խնայի երեցներին»:+

ע [Ային]

17 Մեր աչքը ջուր կտրեց զուր տեղը օգնություն սպասելուց:+

Մենք սպասում ու սպասում էինք մի ազգի, որը չէր կարող մեզ փրկել:+

צ [Ցադե]

18 Ամեն քայլափոխին նրանք, դարան մտած, սպասում էին մեզ,+ ու մենք չէինք կարողանում քայլել մեր հրապարակներում:

Մեր վախճանը մոտեցել է, մեր օրերը հաշված են, մեր վերջը եկել է:

ק [Կոֆ]

19 Մեզ հետապնդողները երկնքում սլացող արծվից ավելի արագընթաց էին:+

Նրանք հետապնդեցին մեզ լեռներում, դարանամուտ եղան անապատում:

ר [Ռեշ]

20 Եհովայի օծյալը՝+ մեր կյանքի շունչը, ընկել է նրանց մեծ փոսի մեջ:+

Նրա մասին մենք ասացինք. «Ազգերի մեջ նրա հովանու տակ ենք ապրելու»:

ש [Սին]

21 Ցնծա՛ և ուրախացի՛ր, ո՛վ Եդոմի դուստր,+ որ բնակվում ես Հուսի երկրում,

Բայց իմացիր, որ քեզ էլ է հասնելու բաժակը,+ և դու կհարբես ու կմերկանաս:+

ת [Թավ]

22 Ո՛վ Սիոնի դուստր, մեղքիդ համար քեզ վրա եկած պատժին վերջ է դրվել:

Նա քեզ այլևս գերության չի տանի:+

Իսկ հիմա, ո՛վ Եդոմի դուստր, նա իր ուշադրությունը կդարձնի քո մեղքին:

Նա կբացահայտի քո մեղքերը:+

5 Հիշիր, ո՛վ Եհովա, թե ինչ եկավ մեր գլխին:

Նայիր ու տես մեր խայտառակությունը:+

 2 Մեր ժառանգությունը անցել է օտարներին, մեր տները՝ օտարականներին:+

 3 Որբ ենք դարձել՝ հայր չունենք: Մեր մայրերը այրիների պես են:+

 4 Մեր ջուրը փողով ենք խմում:+ Մեր փայտը գնում ենք:

 5 Մեզ հետապնդողներն ուր որ է կհասնեն մեզ:

Մենք ուժասպառ ենք եղել, բայց մեզ չեն թողնում՝ շունչ առնենք:+

 6 Հաց ունենալու համար ձեռքներս Եգիպտոսին+ ու Ասորեստանին+ ենք մեկնում:

 7 Մեր նախահայրերը, որոնք մեղք են գործել, այլևս չկան, բայց մենք ենք հատուցում նրանց մեղքերի համար:

 8 Ծառաներն են հիմա իշխում մեզ վրա: Նրանց ձեռքից ազատող չկա:

 9 Մեր կյանքը վտանգելով ենք հաց ձեռք բերում,+ քանի որ անապատում սուրն է մեզ սպառնում:

10 Սաստիկ սովից մեր մաշկը հնոցի պես տաքացել է:+

11 Մեր կանանց նվաստացրել* են Սիոնի վրա, կույս աղջիկներին՝ Հուդայի քաղաքներում:+

12 Իշխաններին մի ձեռքից+ կախեցին և երեցներին հարգանքով չվերաբերվեցին:+

13 Երիտասարդները երկանք* են տեղից տեղ տանում, և տղա երեխաները փայտի ծանրության տակ ընկնում են:

14 Երեցներն այլևս չեն նստում քաղաքի դարպասի մոտ,+ երիտասարդները չեն նվագում:+

15 Ուրախությունը հեռացել է մեր սրտից: Մեր պարը սգի է վերածվել:+

16 Մեր գլխից պսակն ընկել է: Վա՜յ մեզ, քանի որ մեղք ենք գործել:

17 Այդ պատճառով մեր սրտերը ցավում են,+

Մեր աչքերը խավարել են.+

18 Չէ՞ որ Սիոն լեռը ամայացել է:+ Այժմ աղվեսներ են թափառում այնտեղ:

19 Ո՛վ Եհովա, դու ընդմիշտ նստած ես քո գահին.

Քո գահը հավերժական է:+

20 Ինչո՞ւ հավիտյան մոռանաս մեզ, ինչո՞ւ թողնես այդքան երկար ժամանակ:+

21 Քեզ մոտ վերադարձրու մեզ, ո՛վ Եհովա, և մենք իսկույն հետ կգանք:+

Թող ամեն ինչ առաջվա պես լինի:+

22 Բայց դու կտրականապես մերժել ես մեզ

Եվ խիստ բարկացած ես մնում մեզ վրա:+

1-4-րդ գլուխները ողբերգեր են, որոնցից յուրաքանչյուրը գրվել է այբբենական կարգով, կամ՝ ակրոստիքոսի ձևով:

Այսինքն՝ Երուսաղեմը:

Խոսքը Երուսաղեմի մասին է:

Բռց.՝ «Աղիքներս»:

Բռց.՝ «կտրեց Իսրայելի ամեն մի եղջյուրը»:

Կամ՝ «Ուսուցում», «Առաջնորդություն»:

Բռց.՝ «Աղիքներս»:

Բռց.՝ «Լյարդս գետին է թափվել»:

Սա բանաստեղծական անձնավորում է, որը, հավանաբար, խղճահարություն և կարեկցանք է արտահայտում:

Բռց.՝ «Որտե՞ղ են ցորենն ու գինին»:

Բռց.՝ «Բարձրացրեց քո ոսոխների եղջյուրը»:

Բռց.՝ «իր ցասման գավազանով»:

Կամ՝ «նա արգելք է դնում իմ աղոթքի առաջ»:

Կամ հնարավոր է՝ «անգործության մատնել»:

Բռց.՝ «լավը»:

Կամ՝ «այն թարմանում է»:

Կամ՝ «համբերությամբ»:

Բռց.՝ «փրկագնեցիր իմ կյանքը»:

Բռց.՝ «մեղքը»:

Այսինքն՝ Սիոնի:

Բառարանում տես «Մարջան»:

Բռց.՝ «սևությունից»:

Կամ՝ «որպես պանդուխտ բնակվել»:

Կամ՝ «բռնաբարել»:

Երկու աղացքարերից բաղկացած ձեռնաղաց:

    Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն ժեստերի լեզու
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության ապահովում
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը