ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ
1 Մենք գրում ենք ձեզ նրա մասին, ով կար սկզբից ևեթ, ում լսեցինք, մեր աչքերով տեսանք, ուշադիր նայեցինք, և ում շոշափեցին մեր ձեռքերը. գրում ենք կյանքի խոսքի մասին+ 2 (հավիտենական կյանքը հայտնի դարձավ մեզ,+ և մենք տեսանք այն ու վկայություն ենք տալիս՝+ պատմելով ձեզ դրա մասին. այդ կյանքը Հորից է, և այն հայտնի դարձավ մեզ) 3 և պատմում ենք ձեզ մեր տեսածի ու լսածի մասին,+ որպեսզի դուք էլ միաբանված լինեք մեզ հետ, ինչպես մենք ենք միաբանված Հոր և նրա Որդի Հիսուս Քրիստոսի հետ:+ 4 Ուստի գրում ենք այս ամենը, որպեսզի լիակատար ուրախություն զգանք:
5 Ահա սա՛ ենք լսել նրանից և հաղորդում ենք ձեզ. Աստված լույս է,+ և նրա մեջ բոլորովին խավար չկա: 6 Եթե ասում ենք, թե միաբանված ենք նրա հետ, բայց շարունակում ենք խավարի մեջ քայլել, ուրեմն ստում ենք և ճշմարտության համաձայն չենք ապրում:+ 7 Նա լույսի մեջ է, և եթե մենք լույսի մեջ ենք քայլում, ուրեմն միաբանված ենք իրար հետ, և նրա Որդի Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից:+
8 Եթե ասում ենք, թե ոչ մի մեղք չունենք, ինքներս մեզ խաբում ենք,+ և ճշմարտություն չկա մեր մեջ: 9 Եթե խոստովանում ենք մեր մեղքերը, նա ներում է մեզ և մաքրում ամեն անարդարությունից, որովհետև հավատարիմ է ու արդար:+ 10 Եթե ասում ենք, թե մեղք չենք գործել, ապա նրան ստախոս ենք դարձնում, և նրա խոսքը մեր մեջ չէ:
2 Սիրելի՛ զավակներ,* գրում եմ ձեզ այս բաները, որպեսզի դուք մեղք չգործեք: Սակայն եթե մեկը մեղք գործի, Հոր մոտ օգնական* ունենք. դա Հիսուս Քրիստոսն է՝+ արդարը:+ 2 Նա հաշտության* զոհ+ է մեր մեղքերի համար,+ բայց ոչ միայն մեր մեղքերի, այլև ողջ աշխարհի:+ 3 Եթե պահում ենք նրա պատվիրանները, դրանից պարզ է դառնում, որ ճանաչում ենք նրան: 4 Ով ասում է, թե ճանաչում է նրան, բայց չի պահում նրա պատվիրանները, ստախոս է, և նրա մեջ ճշմարտություն չկա: 5 Իսկ ով հնազանդվում է նրա խոսքին, Աստծու հանդեպ նրա սերն իսկապես կատարյալ է դարձել:+ Եթե այդպես ենք վարվում, հասկանում ենք, որ միավորված ենք նրա հետ:+ 6 Ով ասում է, որ նրա հետ միավորված է մնում, պարտավոր է վարվել այնպես, ինչպես նա է վարվել:+
7 Սիրելինե՛ր, ոչ թե նոր պատվիրան եմ տալիս ձեզ, այլ գրում եմ հին պատվիրանի մասին, որը դուք ի սկզբանե ունեցել եք:+ Այդ հին պատվիրանը այն խոսքն է, որը լսեցիք: 8 Բայցևայնպես, այդ պատվիրանի մասին գրում եմ ինչպես նորի մասին, որին նա հետևեց, և որին հետևում եք դուք, որովհետև խավարն անցնում է, և ճշմարիտ լույսն արդեն շողում է:+
9 Ով ասում է, թե լույսի մեջ է, բայց ատում է իր եղբորը,+ նա դեռևս խավարի մեջ է:+ 10 Ով սիրում է իր եղբորը, լույսի մեջ է մնում+ և չի սայթաքում:* 11 Սակայն նա, ով ատում է իր եղբորը, խավարի մեջ է: Նա խավարի մեջ է քայլում+ ու չգիտի, թե ուր է գնում,+ որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը:
12 Գրում եմ ձեզ, զավակնե՛ր, որովհետև հանուն նրա անվան՝ ձեր մեղքերը ներվել են:+ 13 Գրում եմ ձեզ, հայրե՛ր, որովհետև դուք ճանաչեցիք նրան, ով սկզբից ևեթ կար: Գրում եմ ձեզ, երիտասարդնե՛ր, որովհետև դուք հաղթեցիք Չարին:+ Գրում եմ ձեզ, երեխանե՛ր, որովհետև դուք ճանաչեցիք Հորը:+ 14 Գրում եմ ձեզ, հայրե՛ր, որովհետև դուք ճանաչեցիք նրան, ով սկզբից ևեթ կար: Գրում եմ ձեզ, երիտասարդնե՛ր, որովհետև դուք ուժեղ եք,+ Աստծու խոսքը մնում է ձեր սրտում,+ և դուք հաղթեցիք Չարին:+
15 Մի՛ սիրեք աշխարհը, ոչ էլ այն, ինչ աշխարհում է:+ Եթե մեկը սիրում է աշխարհը, Հորը չի սիրում,*+ 16 որովհետև այն, ինչ աշխարհում է՝ մարմնի ցանկությունը,+ աչքերի ցանկությունը+ և ունեցածը ցուցադրաբար ներկայացնելը,* Հորից չէ, այլ աշխարհից է: 17 Այս աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ,+ բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան:+
18 Զավակնե՛ր, վերջին ժամն է, և ինչպես լսել եք, հակաքրիստոսը գալիս է:+ Արդեն իսկ շատ հակաքրիստոսներ են հայտնվել,+ ինչից էլ իմանում ենք, որ սա վերջին ժամն է: 19 Նրանք մեզ հետ էին, բայց հեռացան, քանի որ մեզ նման չէին,*+ որովհետև եթե մեզ նման լինեին, մեզ հետ կմնային: Սակայն նրանք հեռացան, որպեսզի ակնհայտ լինի, որ բոլորը չէ, որ մեզ նման են:+ 20 Սուրբ Աստված ձեզ օծել է,+ և բոլորդ գիտելիք ունեք: 21 Գրում եմ ձեզ ոչ թե այն պատճառով, որ ճշմարտությունը չգիտեք,+ այլ քանի որ գիտեք այն, և քանի որ ճշմարտությունից ոչ մի սուտ բան չի կարող դուրս գալ:+
22 Ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ժխտում է, որ Հիսուսն է Քրիստոսը:+ Նա հակաքրիստոսն է,+ որը մերժում է Հորը և Որդուն: 23 Ով մերժում է Որդուն, Հոր հավանությունը չունի,+ իսկ ով ընդունում է Որդուն,+ ունի Հոր հավանությունը:+ 24 Ինչ վերաբերում է ձեզ, այն, ինչ սկզբից լսել եք, պետք է մնա ձեր սրտում:+ Եվ եթե ձեր այդ լսածը ձեր սրտում մնա, դուք էլ միավորված կմնաք Որդու և Հոր հետ: 25 Ավելին՝ նա մեզ հավիտենական կյանք է խոստացել:+
26 Այս բաները գրում եմ նրանց մասին, ովքեր փորձում են մոլորեցնել ձեզ: 27 Իսկ ինչ վերաբերում է ձեզ, դուք Աստծու կողմից օծված եք մնում,+ ու կարիք չկա, որ մեկը ձեզ սովորեցնի: Այդ օծումը ամեն ինչ սովորեցնում է ձեզ,+ և այն ճշմարիտ է ու սուտ չէ: Ուրեմն ինչպես որ այն սովորեցրել է ձեզ, նրա հետ միավորված մնացեք:+ 28 Ուստի հիմա, զավակնե՛ր, նրա հետ միավորված մնացեք, որ երբ նա հայտնվի, մենք խոսելու ազատություն ունենանք+ և ամոթից չխուսափենք նրանից իր ներկայության ժամանակ: 29 Եթե գիտեք, որ նա արդար է, ապա գիտեք, որ ամեն ոք, ով արդարություն է գործում, Աստծուց* է ծնված:+
3 Տեսեք, թե ինչպիսի՜ սեր է Հայրը դրսևորել մեր հանդեպ.+ մենք Աստծու զավակներ ենք կոչվում,+ և այդպիսին էլ կանք: Բայց աշխարհը չի ճանաչում մեզ,+ քանի որ չճանաչեց Աստծուն:+ 2 Սիրելինե՛ր, մենք Աստծու զավակներ ենք,+ սակայն մեզ դեռ հայտնի չէ, թե ինչպիսին ենք լինելու ապագայում:+ Բայց գիտենք, որ երբ նա հայտնի դարձնի իրեն, մենք նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան այնպիսին, ինչպիսին որ կա: 3 Եվ ամեն ոք, ով իր հույսը նրա վրա է դնում, մաքրում է իրեն,+ քանի որ նա մաքուր է:
4 Ով շարունակում է մեղք գործել, անօրենություն է գործում, քանի որ մեղքը անօրենություն է: 5 Դուք գիտեք, որ Հիսուսը եկավ,* որպեսզի հեռացնի մեր մեղքերը,+ ու նրա մեջ մեղք չկա: 6 Նա, ով միավորված է մնում նրա հետ, չի շարունակում մեղք գործել,+ իսկ ով շարունակում է մեղք գործել, ո՛չ տեսել է նրան և ո՛չ էլ ճանաչել: 7 Զավակնե՛ր, թող ոչ ոք չմոլորեցնի ձեզ: Ով արդարությամբ է վարվում, արդար է, ինչպես որ նա է արդար: 8 Ով շարունակում է մեղք գործել, Բանսարկուից է, որովհետև Բանսարկուն սկզբից* ի վեր մեղք է գործում:+ Աստծու Որդին եկավ, որպեսզի քանդի Բանսարկուի գործերը:+
9 Ով Աստծուց է ծնված, չի շարունակում մեղք գործել,+ որովհետև Աստծու ոգին* մնում է այդ մարդու մեջ: Նա չի կարող շարունակ մեղք գործել, քանի որ Աստծուց է ծնված:+ 10 Ահա թե ինչպես կարելի է իմանալ, թե ովքեր են Աստծու զավակները և Բանսարկուի զավակները. ով արդարությամբ չի վարվում, Աստծուց չէ, և ով իր եղբորը չի սիրում, նույնպես Աստծուց չէ:+ 11 Սա է այն պատգամը, որը սկզբից լսեցիք. մենք պետք է սիրենք իրար+ 12 և չպետք է լինենք Կայենի պես, որը Չարից էր ու սպանեց իր եղբորը:+ Իսկ ինչո՞ւ սպանեց: Որովհետև իր գործերը չար էին,+ իսկ եղբոր գործերը՝ արդար:+
13 Մի՛ զարմացեք, եղբայրնե՛ր, որ աշխարհը ատում է ձեզ:+ 14 Մենք գիտենք, որ մահից դեպի կյանք ենք անցել,+ որովհետև սիրում ենք եղբայրներին:+ Իսկ ով չի սիրում, մահվան իշխանության տակ է մնում:+ 15 Նա, ով ատում է իր եղբորը, մարդասպան է,+ և դուք գիտեք, որ ոչ մի մարդասպան հավիտենական կյանք չի ստանա:+ 16 Հիսուսն իր կյանքը* տվեց մեզ համար, և այդպիսով մենք իմացանք, թե ինչ է սերը:+ Ուստի պարտավոր ենք մեր կյանքը տալ մեր եղբայրների համար:+ 17 Բայց ով այս աշխարհի բարիքներն ունի և տեսնում է, որ իր եղբայրը կարիքի մեջ է, ու կարեկցանք չի ցուցաբերում նրա հանդեպ, ինչպե՞ս կարող է ասել, որ սիրում է Աստծուն:+ 18 Զավակնե՛ր, մենք պետք է սիրենք ոչ միայն խոսքով, կամ՝ լեզվով,+ այլև գործով+ և անկեղծությամբ:*+
19 Այդպես կիմանանք, որ ճշմարտության կողմն ենք, և մեր սրտերին կհավաստիացնենք,* որ Աստված սիրում է մեզ,* 20 ինչի համար էլ որ մեր սրտերը դատապարտեն մեզ, քանի որ Աստված մեր սրտից ավելի մեծ է և ամեն ինչ գիտի:+ 21 Սիրելինե՛ր, եթե մեր սրտերը մեզ չեն դատապարտում, ուրեմն կարող ենք վստահությամբ* դիմել Աստծուն+ 22 և ինչ էլ որ խնդրենք, կստանանք նրանից,+ քանի որ պահում ենք նրա պատվիրանները և անում ենք այն, ինչը հաճելի է նրան: 23 Սա է նրա պատվիրանը. մենք պետք է հավատանք նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի անվանը+ և սիրենք միմյանց,+ ինչպես որ նա պատվիրել է մեզ: 24 Ովքեր պահում են նրա պատվիրանները, միավորված են մնում նրա հետ, և նա էլ՝ նրանց հետ:+ Եվ մեզ տրված ոգու շնորհիվ մենք իմանում ենք, որ նա միավորված է մեզ հետ:+
4 Սիրելինե՛ր, ներշնչմամբ փոխանցված ամեն խոսքի* մի՛ հավատացեք,+ այլ ստուգեք՝ տեսնելու համար, թե այն իրո՞ք Աստծուց է,+ որովհետև աշխարհում բազմաթիվ կեղծ մարգարեներ են ի հայտ եկել:+
2 Ահա թե ինչպես կարող ենք իմանալ՝ որևէ խոսք Աստծու ներշնչմամբ է փոխանցված, թե ոչ. ցանկացած խոսք, որը հաստատում է, որ Հիսուս Քրիստոսը մարմնով է եկել, Աստծուց է,+ 3 իսկ այն խոսքը, որը չի հաստատում Հիսուսի մասին այդ բանը, Աստծուց չէ.+ այն հակաքրիստոսից է: Եվ դուք գիտեք, որ նա ասելու էր այդպիսի խոսքեր,+ ու դրանք արդեն աշխարհում են:+
4 Դուք Աստծուց եք, զավակնե՛ր, և հաղթեցիք նրանց,*+ որովհետև Նա, ով միավորված է ձեզ հետ,+ ավելի մեծ է, քան նա, ով միավորված է աշխարհի հետ:+ 5 Նրանք աշխարհից են,+ դրա համար էլ աշխարհին բնորոշ բաների մասին են խոսում, և աշխարհը լսում է նրանց:+ 6 Մենք Աստծուց ենք: Ով ճանաչում է Աստծուն,+ լսում է մեզ, իսկ ով Աստծուց չէ, չի լսում մեզ:+ Ահա այսպես ենք ճշմարիտ խոսքերը տարբերում կեղծ խոսքերից:+
7 Սիրելինե՛ր, եկեք սիրենք իրար,+ որովհետև սերն Աստծուց է, և նա, ով սիրում է, Աստծուց է ծնված և ճանաչում է Աստծուն:+ 8 Իսկ ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, որովհետև Աստված սեր է:+ 9 Աստված իր սերը մեր հանդեպ այսպես դրսևորեց. իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց,+ որպեսզի նրա միջոցով կյանք ստանանք:+ 10 Ահա թե որն է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ և իր Որդուն ուղարկեց որպես հաշտության* զոհ+ մեր մեղքերի համար:+
11 Սիրելինե՛ր, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ապա մենք էլ պարտավոր ենք իրար սիրել:+ 12 Ոչ ոք երբեք չի տեսել Աստծուն:+ Եթե սիրում ենք իրար, Աստված մեզ հետ է, և նրա սերը մեր մեջ կատարյալ է դառնում:+ 13 Նա մեզ տվել է իր ոգին, և դրանից իմանում ենք, որ միավորված ենք նրա հետ, և նա էլ՝ մեզ հետ: 14 Բացի այդ՝ մենք ինքներս ենք տեսել ու վկայում ենք, որ Հայրը իր Որդուն ուղարկեց որպես աշխարհի փրկչի:+ 15 Ով ընդունում է, որ Հիսուսն Աստծու Որդին է,+ Աստված միավորված է մնում նրա հետ, և նա էլ՝ Աստծու հետ:+ 16 Մենք իմացանք, որ Աստված սիրում է մեզ, և հավատացինք դրան:+
Աստված սեր է,+ և նա, ով հարատև սեր է դրսևորում, միավորված է մնում Աստծու հետ, Աստված էլ միավորված է մնում նրա հետ:+ 17 Այսպես սերը կատարյալ է դառնում մեր մեջ, որպեսզի Դատաստանի օրը մենք վստահությամբ* խոսենք,+ որովհետև այս աշխարհում այնպիսին ենք, ինչպիսին Քրիստոսն է: 18 Սիրո մեջ վախ չկա.+ կատարյալ սերը վանում է վախը, որովհետև վախը կաշկանդում է: Իսկ ով վախենում է, նրա սերը կատարյալ չէ:+ 19 Մենք սիրում ենք, քանի որ առաջինը Նա սիրեց մեզ:+
20 Եթե մեկը ասում է՝ «Ես սիրում եմ Աստծուն», մինչդեռ ատում է իր եղբորը, ստախոս է:+ Քանի որ նա, ով չի սիրում իր եղբորը,+ որին տեսնում է, չի կարող սիրել Աստծուն, որին չի տեսնում:+ 21 Նա այս պատվիրանն է մեզ տվել. ով սիրում է Աստծուն, պետք է նաև իր եղբորը սիրի:+
5 Նա, ով հավատում է, որ Հիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնված,+ և ով սիրում է ծնողին, սիրում է նաև նրանից ծնվածին: 2 Ահա այսպես կարող ենք իմանալ, որ սիրում ենք Աստծու զավակներին.+ եթե սիրում ենք Աստծուն և կատարում ենք նրա պատվիրանները, ուրեմն սիրում ենք նրանց: 3 Աստծուն սիրել նշանակում է պահել նրա պատվիրանները,+ իսկ դրանք ծանրաբեռնող չեն,+ 4 որովհետև յուրաքանչյուր ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին:+ Եվ մեր հավատով է, որ հաղթեցինք աշխարհին:+
5 Ո՞վ կարող է հաղթել աշխարհին,+ եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն է Աստծու Որդին:+ 6 Նա, ով եկավ ջրի և արյան միջոցով, Հիսուս Քրիստոսն է. նա եկավ ոչ միայն ջրի հետ,+ այլև արյան:+ Եվ այդ մասին վկայում է ոգին,+ որովհետև ոգին բացահայտում է ճշմարտությունը:* 7 Կան երեք վկաներ՝ 8 ոգին,+ ջուրը+ և արյունը,+ և երեքն էլ նույն բանի մասին են վկայում:
9 Եթե ընդունում ենք մարդկանց վկայությունը, ապա առավել ևս պետք է ընդունենք Աստծու վկայությունը, որը շատ ավելի մեծ է. չէ՞ որ հենց Աստված է վկայել իր Որդու մասին: 10 Աստծու Որդուն հավատացողն իր սրտում ունի այդ վկայությունը: Աստծուն չհավատացողը ստախոս է դարձնում նրան,+ որովհետև չի հավատում այն վկայությանը, որն Աստված տվել է իր Որդու մասին: 11 Եվ սա է այդ վկայությունը. Աստված մեզ հավիտենական կյանք տվեց.+ այդ կյանքը հնարավոր է ստանալ նրա Որդու միջոցով:+ 12 Ով միավորված է Որդու հետ, ունի այդ կյանքը, իսկ ով միավորված չէ Աստծու Որդու հետ, չունի այդ կյանքը:+
13 Այս ամենը գրում եմ ձեզ՝ Աստծու Որդու անվանը հավատացողներիդ, որպեսզի իմանաք,+ որ հավիտենական կյանք ունեք:+ 14 Մենք վստահ ենք, որ ինչ էլ խնդրում ենք Աստծուն+ իր կամքի համաձայն, լսում է մեզ:+ 15 Եվ եթե գիտենք, որ ինչ էլ խնդրում ենք, նա լսում է մեզ, ուրեմն գիտենք նաև, որ կստանանք մեր խնդրածները:+
16 Եթե մեկը տեսնի, որ իր եղբայրն այնպիսի մեղք է գործում, որը մահվան չի տանում, կխնդրի, և Աստված նրան կյանք կտա.+ խոսքն այն մարդու մասին է, ում մեղքը մահացու չէ: Բայց կա մեղք, որ մահացու է:+ Չեմ հորդորում աղոթել այդպիսի մեղք գործողի համար: 17 Ցանկացած անարդարություն մեղք է,+ սակայն կա մեղք, որ մահացու չէ:
18 Մենք գիտենք, որ յուրաքանչյուր ոք, ով Աստծուց է ծնված, չի շարունակում մեղք գործել. Աստծուց ծնվածը* պահպանում է այդ մարդուն, և Չարը նրան չի կարող դիպչել:+ 19 Մենք գիտենք, որ Աստծուց ենք, իսկ ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է:+ 20 Բայց նաև գիտենք, որ Աստծու Որդին եկավ+ ու մեզ հասկացողություն տվեց, որ ճանաչենք Ճշմարիտին: Եվ Ճշմարիտի Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք միավորված ենք Նրա հետ:+ Նա է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը:+ 21 Զավակնե՛ր, հեռու մնացեք կուռքերից:+
Բռց.՝ «Իմ երեխանե՛ր»:
Կամ՝ «պաշտպան», «բարեխոս»:
Կամ՝ «քավիչ»:
Կամ հնարավոր է՝ «ուրիշների համար սայթաքելու պատճառ չի դառնում»:
Բռց.՝ «Հոր սերը նրա մեջ չէ»:
Կամ՝ «ունեցածով պարծենալը»:
Կամ՝ «մեզ չէին պատկանում»:
Բռց.՝ «նրանից»:
Կամ՝ «հայտնվեց»:
Խոսքն այն ժամանակի մասին է, երբ Բանսարկուն սկսեց մեղք գործել՝ դուրս գալով Աստծու դեմ:
Բռց.՝ «սերմը»: Այսինքն՝ վերարտադրվելու և պտուղ տալու հատկություն ունեցող սերմը:
Կամ՝ «հոգին»:
Բռց.՝ «ճշմարտությամբ»:
Կամ՝ «կհամոզենք»:
Բռց.՝ «Աստծու առաջ»:
Կամ՝ «խոսելու ազատությամբ»:
Բռց.՝ «ամեն ոգու»:
Այսինքն՝ կեղծ մարգարեներին:
Կամ՝ «քավիչ»:
Կամ՝ «խոսելու ազատությամբ»:
Բռց.՝ «ոգին ճշմարտությունն է»:
Խոսքը Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու մասին է: