Օգոստոս
1 օգոստոսի, ուրբաթ
Շատ են արդարի դժվարությունները, բայց Եհովան այդ ամենից նրան ազատում է (Սաղ. 34։19)։
Այսօրվա խոսքի սաղմոսում երկու կարևոր միտք է ընդգծվում՝ 1) արդար մարդիկ խնդիրներ են ունենում, և 2) Եհովան ազատում է մեզ մեր խնդիրներից։ Ինչպե՞ս է նա անում դա։ Օրինակ՝ օգնում է մեզ իրատեսորեն նայել կյանքին։ Թեև Աստված խոստանում է, որ իրեն ծառայելը մեզ ուրախություն կբերի, սակայն չի երաշխավորում, որ հիմա անհոգ կյանք կունենանք (Ես. 66։14)։ Եհովան հորդորում է մեզ կենտրոնանալ ապագայի վրա՝ այն ժամանակների, երբ հավիտյան կապրենք այնպիսի կյանքով, ինչպիսին որ նա ի սկզբանե նախատեսել էր (2 Կորնթ. 4։16-18)։ Բայց մինչ այդ նա ամեն օր աջակցում է մեզ (Ողբ 3։22-24)։ Ինչ կարող ենք սովորել անցյալի և մերօրյա Աստծու հավատարիմ ծառաների օրինակներից։ Հնարավոր է՝ նրանց պես մենք էլ բախվենք անսպասելի խնդիրների։ Բայց եթե մեր հույսը Եհովայի վրա դնենք, նա երբեք չի լքի մեզ (Սաղ. 55։22)։ w23.04, էջ 14-15, պրբ. 3-4
2 օգոստոսի, շաբաթ
Հպատակվ[եք] իշխանություններին (Հռոմ. 13։1)։
Մենք շատ բան կարող ենք սովորել Հովսեփի ու Մարիամի օրինակից, ովքեր պատրաստ էին հնազանդվել իշխանություններին, անգամ երբ այդպես վարվելը անհարմարություններ էր ստեղծում իրենց համար (Ղուկ. 2։1-6)։ Երբ Մարիամը հղիության իններորդ ամսում էր, Հռոմի Օգոստոս կայսրը հրամայեց, որ մարդահամար անցկացվի։ Նրանք պետք է գնային Բեթլեհեմ՝ անցնելով մոտ 150 կիլոմետր (93 մղոն) ձգվող բլրոտ տարածքով։ Նրանք թերևս անհանգստանում էին Մարիամի և իրենց դեռ չծնված երեխայի անվտանգության մասին։ Ի՞նչ կլիներ, եթե ճամփորդության ընթացքում սկսվեր ծննդաբերությունը. չէ՞ որ Մարիամն իր արգանդում ապագա Մեսիային էր կրում։ Արդյո՞ք նրանք այս իրավիճակը որպես արդարացում կօգտագործեին կառավարությանը չհնազանդվելու համար։ Նրանք թույլ չտվեցին, որ այդ մտահոգությունները ազդեին օրենքին հնազանդվելու իրենց որոշման վրա։ Եհովան օրհնեց նրանց հնազանդությունը. նրանք անվտանգ հասան Բեթլեհեմ, Մարիամը լույս աշխարհ բերեց առողջ երեխայի և այդպիսով նպաստեց աստվածաշնչյան մարգարեության կատարմանը (Միք. 5։2)։ w23.10, էջ 8, պրբ. 9; էջ 9, պրբ. 11-12
3 օգոստոսի, կիրակի
Քաջալերենք միմյանց (Եբր. 10։25)։
Լարվո՞ւմ ես ժողովում մեկնաբանություն տալու մտքից։ Գուցե օգտակար համարես լավ նախապատրաստվել (Առակ. 21։5)։ Որքան լավ հասկանաս նյութը, այնքան ձեռք բարձրացնելը հեշտ կլինի։ Նաև կարող ես կարճ մեկնաբանություն տալ (Առակ. 15։23; 17։27)։ Այդպես ավելի քիչ կլարվես։ Քո բառերով կարճ մեկնաբանություն տալով՝ ցույց կտաս, որ պատրաստված ես և լավ ես հասկանում նյութը։ Հնարավոր է՝ այս առաջարկները կիրառելուց հետո էլ քեզ համար դժվար լինի մեկ կամ երկու անգամից ավելի մեկնաբանություն տալ։ Համոզված եղիր, որ Եհովան գնահատում է այն, որ անկեղծորեն ձգտում ես քո լավագույնն անել (Ղուկ. 21։1-4)։ Իհարկե, լավագույնն անել չի նշանակում անել ավելին, քան կարող ես (Փիլիպ. 4։5)։ Փորձիր հասկանալ, թե որն է քո լավագույնը, և նպատակ դիր, որ անես դա։ Այնուհետև աղոթիր, որ լարվածությունդ անցնի։ Գուցե սկզբում նպատակ դնես, որ առնվազն մեկ կարճ մեկնաբանություն տաս։ w23.04, էջ 21, պրբ. 6-8
4 օգոստոսի, երկուշաբթի
Կրենք.... զրահը և.... սաղավարտը (1 Թեսաղ. 5։8)։
Պողոսը մեզ համեմատեց զինվորների հետ, ովքեր զգոն են և սպառազինված։ Մարտական հերթապահության մեջ գտնվող զինվորը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի։ Նույնը կարելի է ասել մեր պարագայում։ Մենք պատրաստ կլինենք Եհովայի օրվան, եթե կրենք հավատի ու սիրո զրահը և փրկության սաղավարտը։ Զրահը պաշտպանում է զինվորի սիրտը, իսկ հավատն ու սերը պաշտպանում են մեր այլաբանական սիրտը։ Դրանք կօգնեն, որ շարունակենք ծառայել Աստծուն և հետևել Քրիստոսին։ Հավատը վստահությամբ է լցնում, որ Եհովան կվարձատրի մեզ, եթե ամբողջ սրտով փնտրենք իրեն (Եբր. 11։6)։ Այն կմղի մեզ հավատարիմ մնալ մեր առաջնորդին՝ Հիսուսին, անգամ դժվարությունների ներքո։ Մենք կարող ենք այդպիսի հավատ զարգացնել՝ ուշադրություն դարձնելով մերօրյա հավատարիմների օրինակին, ովքեր պահել են իրենց անարատությունը՝ չնայած հալածանքին ու տնտեսական խնդիրներին։ Մենք նաև կարող ենք խուսափել նյութապաշտության ծուղակն ընկնելուց, եթե ընդօրինակենք նրանց, ովքեր իրենց կյանքը պարզեցրել են Թագավորության շահերը առաջին տեղում դնելու համար։ w23.06, էջ 10, պրբ. 8-9
5 օգոստոսի, երեքշաբթի
Ամպերին նայողը չի հնձի (Ժող. 11։4)։
Ինքնատիրապետումն օգնում է վերահսկել մեր զգացմունքներն ու գործերը։ Մեր նպատակներին հասնելու համար ինքնատիրապետում է պետք, հատկապես, երբ մեր նպատակին հասնելը բարդ է, կամ տվյալ բանն անելու ցանկություն չունենք։ Հիշենք նաև, որ ինքնատիրապետումը սուրբ ոգու պտղի հատկություններից է։ Ուստի Եհովայից խնդրիր իր ոգին, որ կարողանաս զարգացնել այդ կարևոր հատկությունը (Ղուկ. 11։13; Գաղ. 5։22, 23)։ Մի՛ սպասիր կատարյալ հանգամանքների։ Այս աշխարհում մենք երբեք իդեալական հանգամանքներ չենք ունենա։ Եթե այդպիսի հանգամանքների սպասենք, երբեք չենք հասնի մեր նպատակին։ Հնարավոր է՝ մղիչ ուժ չունենք, քանի որ կարծում ենք, թե մեր նպատակին հասնելը շատ բարդ է։ Եթե քո պարագայում էլ է այդպես, միջանկյալ նպատակներ դիր։ Օրինակ՝ եթե ձգտում ես որևէ հատկություն զարգացնել, փորձիր դրսևորել այն փոքր հարցերում։ Իսկ եթե ցանկանում ես ամբողջությամբ կարդալ Աստվածաշունչը, փորձիր քչից սկսել։ w23.05, էջ 29-30, պրբ. 11-13
6 օգոստոսի, չորեքշաբթի
Արդարների ճանապարհը լուսաբացի պայծառ լույսի պես է, որն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կեսօր է լինում (Առակ. 4։18)։
Այս վերջին օրերում Եհովան իր կազմակերպության միջոցով մեզ առատ հոգևոր կերակուր է տալիս, որպեսզի օգնի՝ մնանք «Սրբության ճանապարհին» (Ես. 35։8; 48։17; 60։17)։ Կարող ենք ասել, որ Աստվածաշնչի ուսումնասիրության հրավերն ընդունելով՝ անհատը հնարավորություն է ստանում ոտք դնել «Սրբության ճանապարհի» վրա։ Ոմանք կարճ տարածություն անցնելուց հետո դուրս են գալիս այդ ճանապարհից, մյուսները վճռական են շարունակելու ճանապարհը մինչև հասնեն նպատակակետին։ Իսկ ո՞րն է այն։ Երկնային հույս ունեցողներին «Սրբության ճանապարհը» տանում է «Աստծու դրախտ», որը երկնքում է (Հայտն. 2։7)։ Իսկ երկրային հույս ունեցողների նպատակակետը Քրիստոսի Հազարամյա Իշխանության վերջում կատարելության հասնելն է։ Եթե քայլում ես այդ ճանապարհով, հետ մի՛ նայիր։ Շարունակիր ընթացքդ, մինչև որ հասնես քո նպատակակետին։ w23.05, էջ 17, պրբ. 15; էջ 19, պրբ. 16-18
7 օգոստոսի, հինգշաբթի
Մենք սիրում ենք, քանի որ առաջինը Նա սիրեց մեզ (1 Հովհ. 4։19)։
Դու սրտանց կորոշես նվիրվել Եհովային, եթե մտածես այն բոլոր լավ բաների մասին, որ նա արել է քեզ համար (Սաղ. 116։12-14)։ Աստվածաշնչում ասվում է, որ «ցանկացած լավ պարգև ու կատարյալ նվեր» Եհովան է տալիս (Հակ. 1։17)։ Նա մեզ համար զոհել է իր Որդուն՝ Հիսուսին, և դա նրա տված մեծագույն նվերն է։ Միայն մտածիր այդ հրաշալի պարգևի մասին։ Հիսուսի զոհի շնորհիվ դու կարող ես մտերիմ լինել Եհովայի հետ և հավիտենական կյանքի հեռանկար ունենալ (1 Հովհ. 4։9, 10)։ Եհովային նվիրվելը լավագույն կերպերից է, որով կարող ես ցույց տալ քո երախտագիտությունը նրա սիրո մեծագույն դրսևորման, ինչպես նաև նրա տված մյուս բոլոր օրհնությունների համար (2 Օրենք 16։17; 2 Կորնթ. 5։15)։ w24.03, էջ 5, պրբ. 8
8 օգոստոսի, ուրբաթ
Ուղղամտությամբ վարվողը վախենում է Եհովայից (Առակ. 14։2)։
Տեսնելով, թե բարոյական ինչ չափանիշներով է առաջնորդվում աշխարհը՝ մենք նույն զգացումներն ունենք, ինչ արդար Ղովտը։ Նա գիտեր, որ մեր երկնային Հայրը ատում է սխալ վարքը, ուստի «սաստիկ ընկճվել էր մեղսագործների լկտի վարքի պատճառով» (2 Պետ. 2։7, 8)։ Աստծու հանդեպ ունեցած սերն ու խոր հարգանքը մղեցին Ղովտին մերժելու իր շրջապատի մարդկանց ցածր բարոյական արժեքները։ Մենք նույնպես շրջապատված ենք այնպիսի մարդկանցով, ովքեր Եհովայի բարոյական չափանիշների հանդեպ քիչ հարգանք ունեն կամ ընդհանրապես չունեն։ Չնայած դրան՝ մենք կարող ենք բարոյապես մաքուր մնալ, եթե շարունակենք սիրել Եհովային և առողջ վախ զարգացնենք նրա հանդեպ։ Եհովան «Առակներ» գրքում գրել է տվել մի շարք քաջալերական և գործերի մղող խորհուրդներ։ Բոլոր քրիստոնյաները, անկախ նրանից տղամարդ են, թե կին, երիտասարդ են, թե տարեց, կարող են օգուտներ քաղել այդ իմաստուն խորհուրդներից։ Եթե վախենանք Եհովայից, զգույշ կլինենք, որ չընդօրինակենք սխալ վարվելակերպը։ w23.06, էջ 20, պրբ. 1-2; էջ 21, պրբ. 5
9 օգոստոսի, շաբաթ
Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևորդը լինել, թող ուրանա իր անձը և ամեն օր կրելով իր տանջանքի սյունը՝ շարունակ ինձ հետևի (Ղուկ. 9։23)։
Թերևս հակառակության ես բախվել ընտանիքիդ կողմից կամ էլ Թագավորության շահերը առաջին տեղում դնելու համար որոշ նյութական զոհողություններ ես արել (Մատթ. 6։33)։ Կարող ես համոզված լինել, որ այդ ամենը չի վրիպել Եհովայի աչքից (Եբր. 6։10)։ Հավանաբար, քո փորձով ես համոզվել, թե որքան ճշմարիտ են Հիսուսի հետևյալ խոսքերը. «Չկա մեկը, որ իմ անվան և բարի լուրի համար թողած լինի տուն, եղբայրներ, քույրեր, մայր, հայր, զավակներ կամ էլ արտեր, որ այժմ չստանա հարյուրապատիկը՝ տներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, զավակներ ու արտեր, հետն էլ՝ հալածանքներ, իսկ ապագայում՝ հավիտենական կյանք» (Մարկ. 10։29, 30)։ Ինչ խոսք, քո ստացած օրհնությունները շատ ավելին են, քան այն զոհողությունները, որ արել ես (Սաղ. 37։4)։ w24.03, էջ 9, պրբ. 5
10 օգոստոսի, կիրակի
Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված (Առակ. 17։17)։
Երբ Հրեաստանում մեծ սով սկսվեց, Ասորիքի Անտիոքի ժողովի եղբայրները «որոշեցին օգնություն ուղարկել Հրեաստանում ապրող եղբայրներին՝ յուրաքանչյուրն իր կարողության չափով» (Գործ. 11։27-30)։ Չնայած հեռավորությանը՝ Անտիոքի եղբայրները որոշեցին օգնել սովի մատնված իրենց հավատակիցներին (1 Հովհ. 3։17, 18)։ Մենք նույնպես կարող ենք կարեկցանք դրսևորել, երբ իմանում ենք, որ մեր հավատակիցները տուժել են աղետից։ Նման իրավիճակներում մենք անմիջապես օգնության ձեռք ենք մեկնում՝ երեցներին հարցնելով, թե ինչ անելու կարիք կա, կամ համաշխարհային գործի համար նվիրատվություն ենք անում և աղոթում աղետից տուժած մեր հավատակիցների համար։ Նրանք գուցե անգամ իրենց հիմնական կարիքները հոգալու հարցում օգնության կարիք ունենան։ Երբ մեր Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, գա մարդկանց դատելու, թող որ մեզ տեսնի կարեկցանք դրսևորելիս և հրավիրի «ժառանգելու.... Թագավորությունը» (Մատթ. 25։34-40)։ w23.07, էջ 4, պրբ. 9-10; էջ 6, պրբ. 12
11 օգոստոսի, երկուշաբթի
Թող ձեր խոհեմությունը ակնհայտ լինի բոլորին (Փիլիպ. 4։5)։
Հիսուսը ընդօրինակում էր Եհովայի խոհեմությունը։ Նա ուղարկվել էր երկիր՝ քարոզելու «Իսրայելի տան կորած ոչխարներին»։ Բայց այդ հանձնարարությունը կատարելիս նա խոհեմություն դրսևորեց։ Օրինակ՝ մի անգամ, երբ ոչ իսրայելացի մի կին աղաչեց նրան բուժել իր աղջկան, ով «դիվահար էր ու շատ էր տանջվում», Հիսուսը կարեկցանք դրսևորեց և բուժեց աղջկան (Մատթ. 15։21-28)։ Նկատի առնենք մեկ այլ օրինակ։ Մի առիթով Հիսուսն ասել էր. «Ով ինձ ուրանա.... ես էլ նրան կուրանամ» (Մատթ. 10։33)։ Բայց նա չուրացավ Պետրոսին, ով երեք անգամ ուրացել էր իրեն։ Հիսուսը հաշվի առավ Պետրոսի զղջումն ու դրսևորած հավատը։ Հարություն առնելուց հետո Հիսուսը հայտնվեց Պետրոսին և, ամենայն հավանականությամբ, հավաստիացրեց, որ սիրում է նրան և ներել է (Ղուկ. 24։33, 34)։ Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսը խոհեմ են։ Եհովան ակնկալում է, որ մենք նույնպես խոհեմ լինենք։ w23.07, էջ 21, պրբ. 6-7
12 օգոստոսի, երեքշաբթի
Մահ [չի լինի] (Հայտն. 21։4)։
Ի՞նչ մտքեր կարող ենք փոխանցել այն մարդկանց, ովքեր կասկածում են, որ դրախտի վերաբերյալ Աստծու նպատակը կիրականանա։ Նախ՝ Եհովան անձամբ է տվել այդ խոստումը։ «Հայտնություն» գրքում կարդում ենք. «Նա, որ նստած էր գահին, ասաց. «Ահա ես ամեն բան նոր եմ դարձնում»»։ Այս խոստումը իրականացնելու համար նա ունի անհրաժեշտ իմաստություն, ուժ և ցանկություն։ Երկրորդ՝ այդ նպատակի իրագործումն այնքան հաստատ է, որ Եհովան այն արդեն իրականացած է համարում։ Ահա թե ինչու է նա ասում. «Այս խոսքերը վստահելի են ու ճիշտ.... Դրանք կատարվեցին»։ Եվ երրորդ՝ երբ Եհովան ինչ-որ գործ է սկսում, հաջողությամբ ավարտին է հասցնում այն, ինչպես դա երևում է հետևյալ խոսքերից. «Ես եմ Ալֆան և Օմեգան» (Հայտն. 21։6)։ Այո՛, Եհովան կապացուցի, որ Սատանան ստախոս և ձախողակ է։ Ուստի երբ ինչ-որ մեկն ասի՝ «Լավ բան եք ասում, բայց իրատեսական չէ», կարող ես նրա համար կարդալ Հայտնություն 21-րդ գլխի 5-րդ և 6-րդ համարները և բացատրել, թե ինչպես է Եհովան երաշխավորել իր խոստումը՝ ասես իր ստորագրությունը դնելով այդ խոսքերի վերջում (Ես. 65։16)։ w23.11, էջ 7, պրբ. 18-19
13 օգոստոսի, չորեքշաբթի
Ես քեզ մեծ ազգ կդարձնեմ (Ծննդ. 12։2)։
Եհովան այս խոստումը տվեց 75-ամյա Աբրահամին, ով զավակ չուներ։ Արդյո՞ք Աբրահամը տեսավ այդ խոստման կատարումը։ Մասամբ։ Եփրատ գետն անցնելուց հետո նա 25 տարի սպասեց, մինչև որ հրաշքով ծնվեց նրա որդի Իսահակը։ Եվ դրանից 60 տարի անց միայն ծնվեցին նրա թոռները՝ Եսավն ու Հակոբը (Եբր. 6։15)։ Սակայն Աբրահամը այդպես էլ չտեսավ, որ իր սերունդները մեծ ազգ են դարձել և ժառանգել են Ավետյաց երկիրը։ Այնուամենայնիվ, այդ հավատարիմ մարդը մտերիմ փոխհարաբերություններ ուներ իր Ստեղծչի հետ (Հակ. 2։23)։ Երբ նա հարություն առնի, անչափ կուրախանա՝ իմանալով, որ իր հավատի ու համբերության շնորհիվ բոլոր ազգերը օրհնվել են (Ծննդ. 22։18)։ Ի՞նչ ենք սովորում Աբրահամի օրինակից։ Գուցե հիմա անձամբ չտեսնենք Եհովայի բոլոր խոստումների կատարումը։ Բայց եթե Աբրահամի պես համբերատար լինենք, կարող ենք համոզված լինել, որ Եհովան կվարձատրի մեզ այսօր, և շատ ավելին կանի մեզ համար իր խոստացած նոր աշխարհում (Մարկ. 10։29, 30)։ w23.08, էջ 24, պրբ. 14
14 օգոստոսի, հինգշաբթի
Քանի դեռ նա ծառայում էր Եհովային, ճշմարիտ Աստված նրան հաջողություն էր տալիս (2 Տար. 26։5)։
Պատանի տարիքում Օզիան խոնարհ էր։ Նա սովորել էր «վախենալ ճշմարիտ Աստծուց»։ Օզիան ապրել է 68 տարի, և իր կյանքի մեծ մասը վայելել է Եհովայի հավանությունն ու օրհնությունները (2 Տար. 26։1-4)։ Նա պարտության է մատնել Աստծու ժողովրդի թշնամիներից շատերին և ամրացրել է Երուսաղեմի պաշտպանությունը (2 Տար. 26։6-15)։ Անկասկած, նրան մեծ ուրախություն էր պատճառում այն ամենը, ինչ նա կարողանում էր անել Աստծու օգնությամբ (Ժող. 3։12, 13)։ Օզիան սովոր էր, որ ուրիշները հնազանդվեին իր հրահանգներին։ Բայց մի՞թե դա նշանակում էր, որ նա կարող էր անել այն, ինչ ուզում էր։ Մի օր նա որոշեց մտնել Եհովայի տաճար և հանդգնորեն փորձեց խնկի սեղանի վրա խունկ ծխել, ինչն անելու իրավունք թագավորները չունեին (2 Տար. 26։16-18)։ Քահանայապետ Ազարիան փորձեց ուղղել նրան, բայց Օզիան խիստ զայրացավ։ Ցավոք, նա կորցրեց Եհովայի մոտ ունեցած իր բարի համբավը, և Եհովան պատժեց նրան բորոտությամբ (2 Տար. 26։19-21)։ Եթե նա խոնարհ մնար, ամեն բան այլ կերպ կարող էր լինել։ w23.09, էջ 10, պրբ. 9-10
15 օգոստոսի, ուրբաթ
Նա.... առանձնացավ նրանցից՝ վախենալով թլփատված մարդկանց կարծիքից (Գաղ. 2։12)։
Պետրոս առաքյալը անգամ օծվելուց հետո ստիպված էր պայքարել իր թուլությունների դեմ։ 36 թ.-ին նա ականատես եղավ, թե ինչպես Աստված սուրբ ոգով օծեց Կոռնելիոսին, ով հրեա չէր։ Դա հստակ ցույց տվեց, որ «Աստված կողմնակալ չէ», և որ այլազգիները կարող են քրիստոնեական ժողովի մի մասը լինել (Գործ. 10։34, 44, 45)։ Այդուհետ Պետրոսը սկսեց ուտել այլազգիների հետ, ինչը նախկինում երբեք չէր անի։ Բայց որոշ հրեա քրիստոնյաներ կարծում էին, որ հրեաներն ու այլազգիները չեն կարող միասին ուտել։ Եվ երբ այդպիսի տեսակետ ունեցող որոշ եղբայրներ եկան Անտիոք, Պետրոսը այլևս այլազգիների հետ չէր ուտում, քանի որ վախենում էր վիրավորել հրեա քրիստոնյաներին։ Պողոս առաքյալը, տեսնելով այդ կեղծավորությունը, հանրորեն հանդիմանեց նրան (Գաղ. 2։13, 14)։ Չնայած այդ սխալին՝ Պետրոսը չհուսահատվեց։ w23.09, էջ 22, պրբ. 8
16 օգոստոսի, շաբաթ
Նա.... հաստատուն կդարձնի [ձեզ] (1 Պետ. 5։10)։
Անկեղծ ինքնաքննություն անելու արդյունքում թերևս նկատես, որ բարելավումներ անելու կարիք ունես։ Բայց մի՛ վհատվիր։ «Տիրոջ բարությունը» կօգնի քեզ շտկվել (1 Պետ. 2։3)։ Պետրոս առաքյալի հետևյալ խոսքերը հավաստիացնում են մեզ դրանում. «Աստված.... ավարտին կհասցնի ձեր ուսուցումը։ Նա կզորացնի ձեզ»։ Մի առիթով Պետրոսը այնպիսի զգացում ուներ, որ արժանի չէ լինելու Աստծու Որդու կողքին (Ղուկ. 5։8)։ Բայց Եհովայի և Հիսուսի հոգատարության շնորհիվ Պետրոսը կարողացավ շարունակել հավատարմորեն հետևել Քրիստոսին։ Արդյունքում Եհովան թույլ տվեց նրան մտնել «մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական Թագավորությունը» (2 Պետ. 1։11)։ Ի՜նչ հրաշալի վարձատրություն։ Եթե դու էլ Պետրոսի պես՝ չհանձնվես և թույլ տաս, որ Եհովան կրթի քեզ, դու նույնպես կվարձատրվես հավիտենական կյանքով։ Դու «կգնաս դեպի [քո] հավատի վերջնագիծը՝ դեպի փրկություն» (1 Պետ. 1։9)։ w23.09, էջ 31, պրբ. 16-17
17 օգոստոսի, կիրակի
Երկրպագե՛ք նրան, ով ստեղծել է երկինքը [և] երկիրը (Հայտն. 14։7)։
Խորանը մեկ գավիթ ուներ, որը ցանկապատով առանձնացված բացօթյա ընդարձակ տարածք էր, որտեղ քահանաները իրենց պարտականություններն էին կատարում։ Ողջակեզի մեծ զոհասեղանը, որը պղնձից էր, գտնվում էր գավիթում։ Այնտեղ էր նաև պղնձե ավազանը, որի մեջ լցված ջրով քահանաները լվացվում էին նախքան իրենց սուրբ ծառայությունը կատարելը (Ելք 30։17-20; 40։6-8)։ Այսօր օծյալ մնացորդը երկրի վրա հավատարմորեն ծառայում է հոգևոր տաճարի ներսի գավիթում։ Ջրով լի մեծ ավազանը նրանց համար կարևոր հիշեցում է, որ բոլոր քրիստոնյաները պետք է բարոյապես ու հոգևորապես մաքուր լինեն։ Իսկ որտե՞ղ է երկրպագություն մատուցում «մեծ բազմությունը»։ Հովհաննես առաքյալը տեսավ, որ նրանք, «կանգնած են գահի.... առջև» և «օր ու գիշեր [Աստծու] տաճարում սուրբ ծառայություն են մատուցում»։ Մեծ բազմությունը այսօր դա անում է երկրի վրա՝ հոգևոր տաճարի դրսի գավիթում (Հայտն. 7։9, 13-15)։ Մենք անչափ երախտապարտ ենք Եհովային, որ մեզ հնարավորություն է տվել մաքուր երկրպագություն մատուցելու իրեն իր մեծ հոգևոր տաճարում։ w23.10, էջ 28, պրբ. 15-16
18 օգոստոսի, երկուշաբթի
Աստծու խոստման վրա հիմնվելով՝ նա.... հավատի շնորհիվ ուժով լցվեց (Հռոմ. 4։20)։
Եհովան մեզ զորացնում է նաև երեցների միջոցով (Ես. 32։1, 2)։ Ուստի երբ մտահոգություններ ես ունենում, դրանց մասին պատմիր երեցներին և մի՛ վարանիր ընդունել նրանց առաջարկած օգնությունը. չէ՞ որ նրանց միջոցով Եհովան կարող է զորացնել քեզ։ Մեզ կարող է նաև զորացնել Աստվածաշնչի վրա հիմնված մեր հույսը, լինի դա հավիտենական կյանք երկրային դրախտում, թե երկնային Թագավորությունում (Հռոմ. 4։3, 18, 19)։ Մեր հույսը մեզ ուժ է տալիս, որ դիմանանք փորձություններին, քարոզենք բարի լուրը և տարբեր հանձնարարություններ կատարենք ժողովում (1 Թեսաղ. 1։3)։ Այդ նույն հույսն էր, որ զորացրեց Պողոս առաքյալին։ Նա «ճնշումների էր ենթարկվում.... շփոթության մեջ էր.... հալածված.... [և] տապալված»։ Անգամ նրա կյանքն էր վտանգի տակ (2 Կորնթ. 4։8-10)։ Պողոսը դիմանալու ուժ գտավ՝ կենտրոնանալով իր հույսի վրա (2 Կորնթ. 4։16-18)։ Նա կենտրոնացած էր երկնքում ապրելու իր հույսի վրա և խորհրդածում էր այդ հույսի շուրջ ու զգում էր, որ «օրեցօր նորոգվում է»։ w23.10, էջ 15-16, պրբ. 14-17
19 օգոստոսի, երեքշաբթի
Եհովան իր ժողովրդին զորություն կտա։ Եհովան իր ժողովրդին կօրհնի խաղաղությամբ (Սաղ. 29։11)։
Աղոթելիս մտածիր, թե արդյոք դա ճիշտ ժամանակն է, որ Աստված պատասխանի քո խնդրանքին։ Գուցե ակնկալենք, որ Եհովան անմիջապես պատասխանի մեր աղոթքներին։ Բայց իրականում նա ավելի լավ գիտի, թե երբ է դրա լավագույն ժամանակը (Եբր. 4։16)։ Երբ անմիջապես չենք ստանում մեր աղոթքի պատասխանը, գուցե մտածենք, թե մեր աղոթքի պատասխանն է՝ «Ո՛չ»։ Բայց իրականում Եհովան գուցե ասում է՝ «Դե՛ռ ոչ»։ Օրինակ՝ երիտասարդ եղբայրը աղոթել էր, որ ապաքինվի, բայց նրա վիճակը չլավացավ։ Եթե Եհովան հրաշքով բուժեր նրան, Սատանան կարող էր պնդել, որ եղբայրը շահադիտական նպատակներով է ծառայում Եհովային (Հոբ 1։9-11; 2։4)։ Բացի այդ՝ Եհովան բոլոր հիվանդությունները բուժելու համար կոնկրետ ժամանակ է որոշել (Ես. 33։24; Հայտն. 21։3, 4)։ Ուստի եղբայրը կարող էր Եհովայից ուժ և մտքի խաղաղություն խնդրել, որ դիմանա իր հիվանդությանը ու հավատարմորեն ծառայի նրան։ w23.11, էջ 24, պրբ. 13
20 օգոստոսի, չորեքշաբթի
Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերին արժանի ձևով և մեզ չի տալիս այն պատիժը, որին արժանացել ենք մեր հանցանքներով (Սաղ. 103։10)։
Սամսոնը լուրջ սխալ գործեց, բայց շարունակեց ծառայել Եհովային։ Նա առիթ էր փնտրում, որ կատարեր Աստծուց ստացած հանձնարարությունը և կռվեր փղշտացիների դեմ (Դատ. 16։28-30)։ Սամսոնը աղաչեց Եհովային՝ ասելով. «Թույլ տուր՝ փղշտացիներից վրեժ առնեմ»։ Ճշմարիտ Աստված պատասխանեց Սամսոնի խնդրանքին և վերականգնեց նրա արտասովոր ուժը։ Սամսոնը այս անգամ ավելի շատ փղշտացի սպանեց, քան մինչ այդ էր սպանել։ Թեև նա իր սխալի պատճառով դառը հետևանքներ կրեց, բայց չդադարեց ձգտել կատարել Եհովայի կամքը։ Մենք էլ չպետք է թևաթափ լինենք, եթե մեր սխալի պատճառով խրատ ենք ստանում կամ զրկվում ենք որևէ պատասխանատվությունից։ Հիշիր, որ Եհովան երբեք հույսը չի կտրում մեզանից (Սաղ. 103։8, 9)։ Չնայած մեր սխալներին՝ նա կարող է զորացնել մեզ, որ կատարենք իր կամքը, ինչպես որ արեց Սամսոնի պարագայում։ w23.09, էջ 6, պրբ. 15-16
21 օգոստոսի, հինգշաբթի
Դիմացկունության շնորհիվ Աստծու հավանությանն ենք արժանանում, նրա հավանությունն ունենալու շնորհիվ հույսով ենք լցվում (Հռոմ. 5։4)։
Դիմանալով որևէ դժվարության՝ Աստծու հավանությանն ես արժանանում։ Սա չի նշանակում, որ Եհովային հաճելի է քո կրած դժվարությունը. նա հավանություն է տալիս քե՛զ, իսկ դա իսկապես որ մեծ օրհնություն է (Սաղ. 5։12)։ Աբրահամը բազմաթիվ դժվարությունների միջով անցավ, և քանի որ հավատարիմ մնաց, արժանացավ Եհովայի հավանությանը։ Եհովան նրան իր ընկերոջ պես էր վերաբերվում և արդար համարում (Ծննդ. 15։6; Հռոմ. 4։13, 22)։ Մենք էլ Աստծու հավանությանն ենք արժանանում ոչ թե այն բանի համար, թե որքան ենք ծառայում կամ ինչ պատասխանատվություններ ունենք, այլ որ հավատարմորեն դիմանում ենք դժվարություններին։ Անկախ մեր տարիքից, հանգամանքներից կամ կարողություններից՝ բոլորս էլ կարող ենք դիմանալ։ Եթե այժմ դժվարությունների ներքո հավատարմորեն դիմանում ես, ապա մխիթարվիր այն մտքից, որ ունես Աստծու հավանությունը։ Այդ բանի գիտակցումը կարող է զորեղ ազդեցություն ունենալ մեզ վրա և ամրացնել մեր հույսը։ w23.12, էջ 11, պրբ. 13-14
22 օգոստոսի, ուրբաթ
Հասունանանք՝ դառնալով Քրիստոսի պես լիովին հասուն (Եփես. 4։13)։
Եղբայրը պետք է սովորի լավ հաղորդակցվել, այսինքն՝ ուշադիր լսի իր զրուցակցին և հասկանա նրա մտքերն ու զգացմունքները (Առակ. 20։5)։ Նա կարող է նույնիսկ սովորել հասկանալ դիմացինին՝ նրա ձայնի տոնից, դեմքի արտահայտությունից և ժեստերից։ Այս հմտությունը հնարավոր չէ զարգացնել՝ առանց մարդկանց հետ ժամանակ անցկացնելու։ Օրինակ, եթե մարդկանց հետ հաղորդակցվես միայն էլեկտրոնային նամակների կամ տեքստային հաղորդագրությունների միջոցով, ապա երես առ երես շփվելը դժվար կլինի քեզ համար։ Ուստի մարդկանց հետ ֆիզիկապես շփվելու առիթներ ստեղծիր (2 Հովհ. 12)։ Հասուն եղբայրը պետք է նաև կարողանա հոգալ իր և իր ընտանիքի կարիքները (1 Տիմոթ. 5։8)։ Լավ կլինի՝ ինչ-որ հմտություն ձեռք բերես, որ հետագայում կարողանաս աշխատանք գտնել (Գործ. 18։2, 3; 20։34; Եփես. 4։28)։ Այնպիսի մարդու համբավ ունեցիր, ով ջանասեր է և իր գործը միշտ ավարտին է հասցնում։ Եթե այդպես վարվես, աշխատանք գտնելու և այն չկորցնելու հավանականությունը ավելի մեծ կլինի։ w23.12, էջ 27, պրբ. 12-13
23 օգոստոսի, շաբաթ
Եհովայի օրը գալու է ճիշտ այնպես, ինչպես գողը գիշերով (1 Թեսաղ. 5։2)։
Աստվածաշնչում «Եհովայի օրը» արտահայտությունը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Եհովան դատաստան է տեսնում իր թշնամիների նկատմամբ և փրկում է իր ժողովրդին։ Անցյալում եղել են դեպքեր, երբ Եհովան դատաստան է տեսել որոշ ազգերի նկատմամբ (Ես. 13։1, 6; Եզեկ. 13։5; Սոփ. 1։8)։ Մեր ժամանակներում «Եհովայի օրը» կսկսվի Մեծ Բաբելոնի վրա հարձակումով և կավարտվի Արմագեդոն պատերազմով։ Այդ «օրը» փրկվելու համար մենք պետք է այսօրվանից պատրաստվենք։ Հիսուսը հորդորեց «պատրաստ լինել» «մեծ նեղությանը», ինչը ցույց է տալիս, որ դա շարունակական պրոցես է (Մատթ. 24։21; Ղուկ. 12։40)։ «1 Թեսաղոնիկեցիներ» նամակում Պողոսը մի շարք օրինակներ օգտագործեց, որ օգնի քրիստոնյաներին պատրաստ լինել Եհովայի դատաստանի մեծ օրվան։ Առաքյալը գիտեր, որ Եհովայի օրը չէր գալու այդ ժամանակ (2 Թեսաղ. 2։1-3)։ Չնայած դրան՝ նա հորդորեց իր հավատակիցներին պատրաստ լինել այդ օրվան, ասես այն գալու էր վաղը։ Մենք նույնպես կարող ենք հետևել նրա տված հորդորին։ w23.06, էջ 8, պրբ. 1-2
24 օգոստոսի, կիրակի
Իմ սիրելի՛ եղբայրներ, եղեք հաստատուն, անսասան (1 Կորնթ. 15։58)։
1970-ականների վերջերին Ճապոնիայի Տոկիո քաղաքում աստիճանաբար վեր խոյացավ 60 հարկանի մի երկնաքեր։ Մարդիկ անհանգստանում էին, թե ինչպես է այն դիմանալու այդ քաղաքում հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերին։ Սակայն ինժեներները այնպես էին նախագծել այդ շենքը, որ այն լիներ ամուր, բայց միևնույն ժամանակ բավականին առաձգական, որ դիմանար սեյսմիկ ցնցումներին։ Քրիստոնյաները նման են այդ երկնաքերին։ Ի՞նչ առումով։ Նա պետք է լինի հաստատուն, բայց միևնույն ժամանակ ճկուն։ Կարևոր է, որ նա կարողանա հավասարակշռություն պահպանել այս հարցում։ Օրինակ, երբ խոսքը վերաբերում է Եհովայի օրենքներին ու չափանիշներին, քրիստոնյան ամուր է և անսասան։ Նա հնազանդվելու պատրաստ է և փոխզիջումների չի գնում։ Մյուս կողմից‵ նա պետք է լինի «խոհեմ», կամ՝ ճկուն, երբ հանգամանքները թույլ են տալիս կամ պահանջում են այդպես վարվել (Հակ. 3։17)։ Այն քրիստոնյան, ով սովորել է հավասարակշռված լինել այս հարցում, ծայրահեղությունների մեջ չի ընկնի՝ չի լինի չափազանց անթեք կամ թույլատու։ w23.07, էջ 14, պրբ. 1-2
25 օգոստոսի, երկուշաբթի
Թեև դուք երբեք չեք տեսել նրան, սակայն սիրում եք (1 Պետ. 1։8)։
Հիսուսը պետք է դիմակայեր Սատանայի կողմից եկող փորձություններին և նվիրված մնար Աստծուն, երբ Սատանան բացահայտ դրդում էր նրան անհավատարմության (Մատթ. 4։1-11)։ Սատանան ամեն բան անում էր, որ Հիսուսը մեղք գործեր և չկարողանար վճարել փրկագինը։ Իր երկրային կյանքի ընթացքում Հիսուսը այլ փորձությունների միջով էլ անցավ։ Նրան հալածում էին և փորձում սպանել (Ղուկ. 4։28, 29; 13։31)։ Նա նաև բախվում էր իր հետևորդների անկատարության դրսևորումներին (Մարկ. 9։33, 34)։ Հիսուսի թշնամիները նրան մահվան դատապարտեցին, ինչից հետո կտտանքների ու ծաղրուծանակի ենթարկեցին։ Հետո դաժան ու նվաստացուցիչ ձևով իրականացրին նրա մահապատիժը (Եբր. 12։1-3)։ Այդ ծանր պահը Հիսուսը պետք է ինքնուրույն հաղթահարեր՝ առանց Եհովայի պաշտպանության (Մատթ. 27։46)։ Իրոք որ, փրկագինը վճարելու համար Հիսուսը շատ տառապեց։ Մի՞թե նրա հանդեպ մեր սերը չի խորանում, երբ մտածում ենք այն մասին, թե ինչ պատրաստակամությամբ նա իր կյանքը զոհեց մեզ համար։ w24.01, էջ 10-11, պրբ. 7-9
26 օգոստոսի, երեքշաբթի
Բոլոր շտապողներին աղքատություն է սպասում (Առակ. 21։5)։
Համբերատար լինելը օգնում է, որ լավ հարաբերություններ ունենանք ուրիշների հետ և ուշադրությամբ լսենք նրանց (Հակ. 1։19)։ Այն նաև օգնում է, որ խաղաղություն ունենանք մարդկանց հետ։ Համբերատար լինելով՝ սթրեսային վիճակում չափազանց արագ չենք արձագանքի և չենք ասի մի բան, ինչը գուցե վիրավորի ուրիշներին։ Իսկ երբ ինչ-որ մեկը ցավ պատճառի մեզ, արագ չենք բարկանա։ Ի պատասխան՝ մենք չենք վիրավորի նրան, այլ «կշարունակենք համբերել իրար և մեծահոգաբար ներել» միմյանց (Կող. 3։12, 13)։ Համբերատար լինելը կարող է օգնել նաև, որ ավելի լավ որոշումներ կայացնենք։ Իմպուլսիվ լինելու և հապճեպ որոշումներ կայացնելու փոխարեն մենք ժամանակ կտրամադրենք տվյալ հարցի ուսումնասիրությանը և ծանրութեթև կանենք մեր ունեցած տարբերակները։ Օրինակ՝ եթե աշխատանք ենք փնտրում, գուցե հակված լինենք ընդունելու առաջին իսկ տարբերակը։ Բայց համբերատար մարդը ժամանակ կտրամադրի, որ մտածի, թե այն ինչպես կանդրադառնա ընտանիքի և իր հոգևոր վիճակի վրա։ Համբերատար լինելը կօգնի, որ սխալ որոշում չկայացնենք։ w23.08, էջ 22, պրբ. 8-9
27 օգոստոսի, չորեքշաբթի
Իմ մարմնում ուրիշ օրենք կա, որը պատերազմում է իմ միտքը ղեկավարող օրենքի դեմ, և իմ մարմնում գործող այդ մեղքի օրենքը ինձ գերի է վերցնում (Հռոմ. 7։23)։
Եթե մեղավոր հակումների պատճառով վհատվես, Եհովային նվիրվելու քո խոստման շուրջ խորհրդածելը կօգնի քեզ, որ ավելի վճռական լինես պայքարելու գայթակղությունների դեմ։ Ինչպե՞ս։ Եհովային նվիրվել նշանակում է ուրանալ անձը, այսինքն՝ հրաժարվել այնպիսի ցանկություններից ու նպատակներից, որոնք տհաճ են նրան (Մատթ. 16։24)։ Եթե այդպես վարվես, փորձության բախվելիս անտեղի ժամանակ չես վատնի՝ մտածելով, թե ինչ անես։ Քեզ համար միակ ընդունելի տարբերակը կլինի Եհովայի հանդեպ հավատարմությունդ պահելը։ Եհովային հաճեցնելու հարցում դու վճռական կլինես և նույնիսկ ծանր փորձությունների միջով անցնելիս Հոբի պես հաստատակամորեն կասես. «Նվիրված կմնամ Աստծուն» (Հոբ 27։5)։ w24.03, էջ 9, պրբ. 6-7
28 օգոստոսի, հինգշաբթի
Եհովան մոտ է բոլոր նրանց, ովքեր իրեն են կանչում, ովքեր անկեղծորեն են իրեն աղոթում (Սաղ. 145։18)։
Եհովան՝ «սիրո.... Աստվածը», մեզ հետ է (2 Կորնթ. 13։11)։ Նա հետաքրքրված է մեզանից յուրաքանչյուրով։ Մենք համոզված ենք, որ «պարուրված ենք նրա հավատարիմ սիրով» (Սաղ. 32։10)։ Որքան շատ խորհրդածենք մեր հանդեպ դրսևորած Եհովայի սիրո շուրջ, այնքան Նա ավելի իրական կդառնա մեզ համար, և մենք ավելի կմտերմանանք նրա հետ։ Մենք կարող ենք անկաշկանդ աղոթել նրան և ասել, թե որքան շատ ունենք նրա սիրո կարիքը։ Կարող ենք նաև պատմել նրան մեր բոլոր մտահոգությունները՝ համոզված լինելով, որ նա հասկանում է մեզ և շատ է ուզում օգնել (Սաղ. 145։19)։ Ինչպես որ խարույկն է հաճելի մարդկանց ցուրտ եղանակին, այնպես էլ Եհովայի ջերմ սերն է ձգում մեզ դեպի իրեն։ Այդ սերը ոչ միայն զորեղ է, այլ նաև քնքուշ, ուստի թույլ տուր, որ այն դրսևորվի քո կյանքում։ Եվ թող բոլորս, ի պատասխան Եհովայի սիրուն, բացականչենք. «Ես սիրում եմ Եհովային» (Սաղ. 116։1)։ w24.01, էջ 31, պրբ. 19-20
29 օգոստոսի, ուրբաթ
Ես ճանաչեցրի.... քո անունը (Հովհ. 17։26)։
Հիսուսը մարդկանց Աստծու անունը ասելուց ավելին էր անում։ Նա քարոզում էր հրեաներին, ովքեր գիտեին Եհովայի անունը։ Բայց Հիսուսը առաջինն էր, ով նրա մասին պատմեց (Հովհ. 1։17, 18)։ Օրինակ՝ Եբրայերեն Գրություններում նշվում է, որ Եհովան ողորմած է ու գթառատ (Ելք 34։5-7)։ Հիսուսը պարզաբանեց այս ճշմարտությունը՝ պատմելով կորած որդու և նրա հոր մասին առակը։ Երբ այդ առակում կարդում ենք, թե ինչպես է հայրը հեռվից նկատում իր զղջացող որդուն, վազում նրան ընդառաջ, գրկում և սրտանց ներում, խորությամբ հասկանում ենք, թե որքան ողորմած ու գթառատ է Եհովան (Ղուկ. 15։11-32)։ Հիսուսը իր Հորը ներկայացրեց այնպիսին, ինչպիսին նա կա իրականում։ w24.02, էջ 10, պրբ. 8-9
30 օգոստոսի, շաբաթ
Աստծու տված այդ մխիթարությամբ սփոփե[նք] ուրիշներին (2 Կորնթ. 1։4)։
Եհովան թարմացնում և մխիթարում է նրանց, ովքեր նեղության մեջ են։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային այդ հարցում։ Կերպերից մեկը այնպիսի հատկություններ զարգացնելն է, որոնք կօգնեն մեզ կարեկցել և մխիթարել ուրիշներին։ Որո՞նք են դրանցից մի քանիսը։ Ի՞նչը կօգնի մեզ վառ պահել մեր սերը և «շարունակել մխիթարել միմյանց» ամեն օր (1 Թեսաղ. 4։18)։ Դրա համար պետք է զարգացնենք այնպիսի ջերմ հատկություններ, ինչպիսիք են ցավակից լինելը, եղբայրասիրությունը և բարությունը (Կող. 3։12; 1 Պետ. 3։8)։ Երբ կարեկցանքն ու դրա հետ կապված հատկությունները դառնան մեր էության մի մասը, մենք մեծ ցանկություն կունենանք մխիթարելու նեղության մեջ եղողներին։ Հիսուսն ասաց. «Բերանից դուրս է գալիս այն, ինչով լցված է սիրտը։ Բարի մարդը բարի բաներ է խոսում» (Մատթ. 12։34, 35)։ Այո՛, նեղության մեջ գտնվող մեր հավատակիցներին մխիթարելը սեր դրսևորելու կարևոր կերպերից է։ w23.11, էջ 10, պրբ. 10-11
31 օգոստոսի, կիրակի
Իմաստություն ունեցողները կհասկանան (Դան. 12։10)։
Աստվածաշնչյան մարգարեությունները հասկանալու համար մենք օգնության կարիք ունենք։ Պատկերացրու՝ այցելել ես մի վայր, որն անծանոթ է քեզ, բայց քեզ հետ ճամփորդող ընկերդ լավ ծանոթ է այդ տեղանքին։ Նա կոնկրետ գիտի ձեր գտնվելու վայրը, և թե որ ճանապարհը ուր է տանում։ Անկասկած, դու շատ ուրախ ես, որ ընկերդ համաձայնվել է գալ քեզ հետ։ Նմանապես Եհովան կոնկրետ գիտի, թե մենք պատմության որ ժամանակահատվածում ենք գտնվում, և թե մեզ ինչ է սպասում առջևում։ Ուստի աստվածաշնչյան մարգարեությունները հասկանալու համար մենք պետք է խոնարհաբար Եհովայից օգնություն խնդրենք (Դան. 2։28; 2 Պետ. 1։19, 20)։ Լավ ծնողի պես Եհովան ուզում է, որ իր զավակները երջանիկ ապագա ունենան (Երեմ. 29։11)։ Բայց ի տարբերություն մեր ծնողների՝ Եհովան կարող է ճշգրտությամբ գուշակել ապագան։ Նա իր Խոսքում մարգարեություններ է գրել տվել, որ մենք նախապես իմանանք, թե ինչ կարևոր իրադարձություններ են մեզ սպասում (Ես. 46։10)։ w23.08, էջ 8, պրբ. 3-4