26 հոկտեմբերի, կիրակի
Աստված հակառակվում է գոռոզներին, բայց խոնարհների հանդեպ անզուգական բարություն է դրսևորում (Հակ. 4։6)։
Աստվածաշնչում ընդօրինակման արժանի շատ կանայք են հիշատակված, ովքեր սիրել են Եհովային և ծառայել նրան։ Նրանք «սովորությունների մեջ չափավոր» էին և «ամեն ինչում հավատարիմ» (1 Տիմոթ. 3։11)։ Քույրերը կարող են օրինակ վերցնել նաև իրենց ժողովներում ծառայող հասուն քրիստոնյա կանանցից։ Երիտասա՛րդ քույրեր, հավանաբար ճանաչում եք այնպիսի հասուն քույրերի, որոնց կցանկանաք ընդօրինակել։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ լավ հատկություններ ունեն նրանք, այնուհետև մտածեք, թե ինչպես կարող եք դրսևորել այդ հատկությունները։ Հասուն քրիստոնյային բնորոշ կարևոր հատկություններից մեկը խոնարհությունն է։ Խոնարհությունը կօգնի, որ կինը լավ հարաբերություններ ունենա Եհովայի և ուրիշների հետ։ Օրինակ՝ Եհովային սիրող կինը խոնարհաբար հետևում է գլխավորության սկզբունքին, որն իր երկնային Հայրն է հաստատել (1 Կորնթ. 11։3)։ Այդ սկզբունքը կոնկրետ կիրառություն ունի ժողովում և ընտանիքում։ w23.12, էջ 19, պրբ. 3-5
27 հոկտեմբերի, երկուշաբթի
Ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց սեփական մարմինը (Եփես. 5։28)։
Եհովան ակնկալում է, որ ամուսինը սիրի իր կնոջը և հոգա նրա ֆիզիկական, էմոցիոնալ և հոգևոր կարիքները։ Խորհելու կարողությունը, կանանց հանդեպ հարգանքը և վստահելի լինելը, կօգնեն քեզ լավ կողակից դառնալ։ Ամուսնությունից հետո գուցե հայր դառնաս։ Լավ հայր լինելու հարցում Եհովայից շատ բան կարող ես սովորել (Եփես. 6։4)։ Եհովան իր Որդուն՝ Հիսուսին, ասաց, որ սիրում և հավանում է նրան (Մատթ. 3։17)։ Եթե հայր դառնաս, ամեն բան արա, որ երեխաներիդ կանոնավորաբար հավաստիացնես քո սիրո մեջ։ Հաճախ գովիր նրանց իրենց արած լավ բաների համար։ Եհովային ընդօրինակող հայրերը օգնում են իրենց երեխաներին դառնալ հասուն քրիստոնյաներ։ Դու այսօրվանից կարող ես պատրաստվել ստանձնելու այդ դերը, եթե սիրով հոգ տանես քո ընտանիքի անդամների և հավատակիցների մասին և սովորես սեր ու գնահատանք արտահայտել նրանց հանդեպ (Հովհ. 15։9)։ w23.12, էջ 28-29, պրբ. 17-18
28 հոկտեմբերի, երեքշաբթի
[Եհովան ձեզ] հաստատուն կդարձնի (1 Պետ. 5։10)։
Թեև մենք հավատարմորեն ծառայում ենք Եհովային, բայց մյուս մարդկանց պես բախվում ենք դժվարությունների և առողջական խնդիրներ ենք ունենում։ Բացի այդ՝ Աստծուն ատող մարդիկ հակառակվում և հալածում են մեզ։ Ճիշտ է, Եհովան մեզ չի ազատում այսպիսի խնդիրներից, բայց խոստանում է օգնել (Ես. 41։10)։ Նրա աջակցությամբ մենք կարող ենք պահպանել մեր ուրախությունը, ճիշտ որոշումներ կայացնել և նվիրված մնալ նրան նույնիսկ դժվար իրավիճակներում։ Եհովան խոստանում է օգնել մեզ՝ տալով իր խաղաղությունը (Փիլիպ. 4։6, 7)։ Դա մտքի և սրտի հանդարտ վիճակն է, որը ունենում ենք Եհովայի հետ մտերիմ լինելու շնորհիվ։ Այն «վեր է մարդկային ամեն հասկացողությունից»։ Երբևէ եղե՞լ է, որ Եհովային ջերմեռանդորեն աղոթելուց հետո հանկարծակի աննկարագրելի հանգստություն զգաս։ Այդ զգացումը հենց Աստծու խաղաղությունն է։ w24.01, էջ 20, պրբ. 2; էջ 21, պրբ. 4