12 սեպտեմբերի, ուրբաթ
Այս աշխարհի բեմում տեսարանը փոխվում է (1 Կորնթ. 7։31)։
Խոհեմ մարդու համբավ ունեցիր։ Ինքդ քեզ հարցրու. «Արդյո՞ք մարդիկ ինձ ճանաչում են որպես խոհեմ, զիջող և հանդուրժող անձնավորություն, թե՞ ավելի շատ հայտնի եմ որպես խիստ, կոպիտ և իրասածի մարդ։ Լսո՞ւմ եմ մյուսների կարծիքը և հնարավորության դեպքում զիջում»։ Այն, թե ինչ չափով ենք խոհեմություն դրսևորում, ցույց է տալիս, թե որքանով ենք ընդօրինակում Եհովային և Հիսուսին։ Խոհեմ մարդը ճկունություն է դրսևորում, երբ իր հանգամանքները փոխվում են։ Հնարավոր է՝ անսպասելի դժվարություններ ունենանք, օրինակ, մեր առողջությունը հանկարծակի վատանա կամ էլ մեր երկրի տնտեսական ու քաղաքական վիճակի պատճառով մեր կյանքը տակնուվրա լինի (Ժող. 9։11)։ Մեզ համար փորձություն կարող է լինել նաև աստվածապետական նշանակման փոփոխությունը։ Մենք կարող ենք հարմարվել նոր հանգամանքներին, եթե ձեռնարկենք հետևյալ չորս քայլերը. 1) ընդունենք իրականությունը, 2) առաջ նայենք, 3) կենտրոնանանք դրականի վրա և 4) օգնենք ուրիշներին։ w23.07, էջ 21-22, պրբ. 7-8
13 սեպտեմբերի, շաբաթ
Դու շատ թանկագին մարդ ես (Դան. 9։23)։
Դանիելը բավականին երիտասարդ էր, երբ բաբելոնացիները գերեվարեցին նրան և տարան Բաբելոն, որը Երուսաղեմից շատ հեռու էր։ Չնայած նրա տարիքին՝ բաբելոնացի պաշտոնյաները տպավորվել էին նրանով։ Նրանք տեսնում էին իրենց «աչքի տեսածը», այն, որ Դանիելը «անթերի ու գեղեցիկ» էր և ազնվական ծագում ուներ (1 Սամ. 16։7)։ Դրա համար բաբելոնացիները կրթեցին նրան, որ դառնա իրենց հասարակության բարձր խավի անդամ (Դան. 1։3, 4, 6)։ Իսկ Եհովան Դանիելին սիրում էր այն բանի համար, որ այդ երիտասարդը որոշել էր նվիրված լինել իրեն։ Թերևս Դանիելը մոտ 20 տարեկան էր, երբ Եհովան նրան հիշատակեց Նոյի և Հոբի հետ, ովքեր տասնամյակներ շարունակ լավ անուն էին ստեղծել իր մոտ (Ծննդ. 5։32; 6։9, 10; Հոբ 42։16, 17; Եզեկ. 14։14)։ Դանիելը ապրեց երկար և ուշագրավ իրադարձություններով լի կյանքով, և այդ ողջ ընթացքում Եհովան շարունակում էր սիրել նրան (Դան. 10։11, 19)։ w23.08, էջ 2, պրբ. 1-2
14 սեպտեմբերի, կիրակի
Լիովին ըմբռնե[ք] ճշմարտությունը իր լայնությամբ, երկարությամբ, բարձրությամբ ու խորությամբ (Եփես. 3։18)։
Տուն գնելիս գուցե ցանկանաս անձամբ իմանալ քո ապագա տան հետ կապված ամեն մի մանրուք։ Նման մոտեցում կարող ենք ցուցաբերել նաև Աստվածաշունչը կարդալիս և ուսումնասիրելիս։ Եթե արագ կարդաս այն, պարզապես կծանոթանաս այնտեղ գրված հիմնական ճշմարտություններին՝ «Աստծու սուրբ խոսքի տարրական բաներին» (Եբր. 5։12)։ Բայց այդպես վարվելու փոխարեն «մտիր ներս» և ուշադրություն դարձրու բոլոր մանրամասներին։ Աստվածաշունչը լավագույնս ուսումնասիրելու կերպերից մեկն այն է, որ փորձես տեսնել, թե ինչպես են դրա տարբեր մասերը կապված իրար։ Փորձիր ոչ միայն հասկանալ, թե ինչին ես հավատում, այլ թե ինչու ես հավատում։ Աստծու Խոսքը լիովին հասկանալու համար մենք պետք է ուսումնասիրենք դրանում զետեղված խոր ճշմարտությունները։ Պողոս առաքյալը իր քրիստոնյա եղբայրներին ու քույրերին հորդորեց ջանադրաբար ուսումնասիրել Աստծու Խոսքը, որ նրանք կարողանային «լիովին ըմբռնել ճշմարտությունը իր լայնությամբ, երկարությամբ, բարձրությամբ ու խորությամբ»։ Այդպիսով նրանք ավելի «խոր արմատներ կունենան և կանգնած կլինեն ամուր հիմքի»՝ իրենց հավատի հիմքի վրա (Եփես. 3։14-19)։ Մենք էլ պետք է նույնն անենք։ w23.10, էջ 18, պրբ. 1-3