13 սեպտեմբերի, շաբաթ
Դու շատ թանկագին մարդ ես (Դան. 9։23)։
Դանիելը բավականին երիտասարդ էր, երբ բաբելոնացիները գերեվարեցին նրան և տարան Բաբելոն, որը Երուսաղեմից շատ հեռու էր։ Չնայած նրա տարիքին՝ բաբելոնացի պաշտոնյաները տպավորվել էին նրանով։ Նրանք տեսնում էին իրենց «աչքի տեսածը», այն, որ Դանիելը «անթերի ու գեղեցիկ» էր և ազնվական ծագում ուներ (1 Սամ. 16։7)։ Դրա համար բաբելոնացիները կրթեցին նրան, որ դառնա իրենց հասարակության բարձր խավի անդամ (Դան. 1։3, 4, 6)։ Իսկ Եհովան Դանիելին սիրում էր այն բանի համար, որ այդ երիտասարդը որոշել էր նվիրված լինել իրեն։ Թերևս Դանիելը մոտ 20 տարեկան էր, երբ Եհովան նրան հիշատակեց Նոյի և Հոբի հետ, ովքեր տասնամյակներ շարունակ լավ անուն էին ստեղծել իր մոտ (Ծննդ. 5։32; 6։9, 10; Հոբ 42։16, 17; Եզեկ. 14։14)։ Դանիելը ապրեց երկար և ուշագրավ իրադարձություններով լի կյանքով, և այդ ողջ ընթացքում Եհովան շարունակում էր սիրել նրան (Դան. 10։11, 19)։ w23.08, էջ 2, պրբ. 1-2
14 սեպտեմբերի, կիրակի
Լիովին ըմբռնե[ք] ճշմարտությունը իր լայնությամբ, երկարությամբ, բարձրությամբ ու խորությամբ (Եփես. 3։18)։
Տուն գնելիս գուցե ցանկանաս անձամբ իմանալ քո ապագա տան հետ կապված ամեն մի մանրուք։ Նման մոտեցում կարող ենք ցուցաբերել նաև Աստվածաշունչը կարդալիս և ուսումնասիրելիս։ Եթե արագ կարդաս այն, պարզապես կծանոթանաս այնտեղ գրված հիմնական ճշմարտություններին՝ «Աստծու սուրբ խոսքի տարրական բաներին» (Եբր. 5։12)։ Բայց այդպես վարվելու փոխարեն «մտիր ներս» և ուշադրություն դարձրու բոլոր մանրամասներին։ Աստվածաշունչը լավագույնս ուսումնասիրելու կերպերից մեկն այն է, որ փորձես տեսնել, թե ինչպես են դրա տարբեր մասերը կապված իրար։ Փորձիր ոչ միայն հասկանալ, թե ինչին ես հավատում, այլ թե ինչու ես հավատում։ Աստծու Խոսքը լիովին հասկանալու համար մենք պետք է ուսումնասիրենք դրանում զետեղված խոր ճշմարտությունները։ Պողոս առաքյալը իր քրիստոնյա եղբայրներին ու քույրերին հորդորեց ջանադրաբար ուսումնասիրել Աստծու Խոսքը, որ նրանք կարողանային «լիովին ըմբռնել ճշմարտությունը իր լայնությամբ, երկարությամբ, բարձրությամբ ու խորությամբ»։ Այդպիսով նրանք ավելի «խոր արմատներ կունենան և կանգնած կլինեն ամուր հիմքի»՝ իրենց հավատի հիմքի վրա (Եփես. 3։14-19)։ Մենք էլ պետք է նույնն անենք։ w23.10, էջ 18, պրբ. 1-3
15 սեպտեմբերի, երկուշաբթի
Եղբայրնե՛ր, տառապանքին դիմանալու և համբերատար լինելու հարցում ընդօրինակեք մարգարեներին, որոնք Եհովայի անունից խոսեցին (Հակ. 5։10)։
Աստվածաշնչում համբերատար մարդկանց շատ օրինակներ կան։ Լավ կլինի՝ անձնական ուսումնասիրության ժամանակ ուսումնասիրես դրանք։ Օրինակ՝ թեև Դավիթը Իսրայելի թագավոր էր օծվել, երբ դեռ պատանի էր, բայց նախքան թագավոր դառնալը նա պետք է երկար տարիներ սպասեր։ Իսկ Սիմեոնն ու Աննան, մինչ սպասում էին խոստացված Մեսիային, հավատարմորեն շարունակում էին պաշտել Եհովային (Ղուկ. 2։25, 36-38)։ Նրանց օրինակներն ուսումնասիրելիս փորձիր գտնել հետևյալ հարցերի պատասխանները. «Ի՞նչն է օգնել նրանց համբերություն դրսևորել։ Ի՞նչ օգուտներ են նրանք քաղել համբերատար լինելու շնորհիվ։ Ինչպե՞ս կարող եմ ընդօրինակել նրանց»։ Դու կարող ես սովորել նաև այն մարդկանց օրինակներից, ովքեր համբերություն չեն դրսևորել (1 Սամ. 13։8-14)։ Դրանք ուսումնասիրելիս մտածիր այս հարցերի շուրջ. «Թերևս ի՞նչն է եղել նրանց անհամբերության պատճառը։ Ի՞նչ վատ հետևանքների է դա հանգեցրել»։ w23.08, էջ 25, պրբ. 15