Ծննդոց
Կայէն և Աբէլ։ Եղբայրասպանութիւն։ Կայէնի ցեղը։ Սէթ։
4 Եւ Ադամը գիտաց իր կինը՝ Եւան, եւ նա յղացաւ եւ ծնեց Կայէնը. եւ ասեց. Մարդ ստացայ Եհովայով*: 2 Եւ դարձեալ ծնելիս ծնեց նորա եղբայր Հաբէլը. եւ Հաբէլը ոչխարների հովիւ էր, բայց Կայէնը երկրագործ էր: 3 Եւ եղաւ որ օրեր անցկենալուց վերջը՝ Կայէնը երկրի պտղիցը Եհովային ընծայ մատուցրեց: 4 Եւ Հաբէլն էլ մատուցրեց իր ոչխարների անդրանիկներիցը եւ նորանց պարարտներիցը: Եւ Եհովան Հաբէլին եւ նորա ընծային մտիկ արաւ: 5 Բայց Կայէնին եւ նորա ընծային մտիկ չ’արաւ: Եւ Կայէնը շատ բարկացաւ, եւ երեսը կախեց: 6 Եւ Եհովան՝ Կայէնին ասեց. Ի՞նչու ես բարկացել, եւ ի՞նչու ես երեսդ կախել: 7 Չէ՞ որ եթէ բարի լինիս, կ’բարձրանայ. բայց եթէ բարի չ’լինիս, մեղքը դրան մօտ պառկած է. եւ նա քեզ է փափաքում, բայց դու իշխիր նորա վերայ:
8 Եւ Կայէնն իր Հաբէլ եղբօր հետ խօսեց. եւ եղաւ որ երբոր նորանք դաշտումն էին, Կայէնը վեր կացաւ իր եղբայր Հաբէլի վերայ եւ սպանեց նորան: 9 Եւ Եհովան ասեց Կայէնին. Ո՞ւր է քո եղբայր Հաբէլը: Եւ նա ասեց. Չ’գիտեմ. մի՞թէ ես եղբօրս պահապանն եմ: 10 Եւ նա ասեց. Ի՞նչ ես արել. քո եղբօր արիւնի ձայնը երկրիցը բողոքում է դէպի ինձ: 11 Եւ հիմա դու անիծեալ լինիս այն երկրիցը, որ իր բերանը բացաւ եղբօրդ արիւնը քո ձեռքից ընդունելու: 12 Երբոր երկիրը գործես, նա այլեւս իր արդիւնքը չ’տայ քեզ. երկրի վերայ աստանդական ու թափառական լինիս: 13 Եւ Կայէնն ասեց Եհովային. Իմ մեղքը մեծ է քան թէ թողութիւն: 14 Ահա ինձ այսօր երկրի երեսիցը արտաքսեցիր, եւ ես քո երեսիցը պիտի թաք կենամ, եւ երկրի վերայ աստանդական ու թափառական պիտի լինիմ. եւ կ’լինի որ ամեն ինձ գտնողը ինձ կ’սպանէ: 15 Եւ Եհովան ասեց նորան. Ուրեմն ով որ Կայէնին սպանէ՝ նորանից եօթնպատիկ վրէժ առնուի: Եւ Եհովան մի նշան դրաւ Կայէնի վերայ, որ ամեն ով որ նորան գտնէ չ’սպանէ նորան:
16 Եւ Կայէնը Եհովայի երեսի առաջից դուրս գնաց եւ Նայիդ երկրումը բնակուեց Եդէմի արեւելքում: 17 Եւ Կայէնը գիտաց իր կինը. եւ նա յղացաւ եւ ծնեց Ենոքը. եւ մի քաղաք էր շինում, եւ այն քաղաքի անունը իր որդու անուան պէս Ենոք դրաւ: 18 Եւ Ենոքը ծնեց Գայիրադը, եւ Գայիրադը ծնեց Մայիէլը, եւ Մայիէլը ծնեց Մաթուսայէլը, եւ Մաթուսայէլը ծնեց Ղամէքը: 19 Եւ Ղամէքը երկու կին առաւ իրան. մէկի անունը Ադդա եւ երկրորդի անունը Սէլլա էր: 20 Եւ Ադդան ծնեց Յոբէլը, որ վրանաբնակների եւ խաշնարածների հայրն եղաւ: 21 Եւ նորա եղբօր անունը Յոբալ էր, որ բոլոր քնարահարների եւ սրնգահարների հայրն եղաւ: 22 Եւ Սէլլան էլ ծնեց Թոբէլ–Կայէնը, որ պղնձից ու երկաթից ամեն տեսակ գործիք էր շինում. եւ Թոբէլ–Կայէնի քոյրն էր Նաաման:
23 Եւ Ղամէքն իր կանանցը՝ Ադդային եւ Սէլլային ասաց. Լսեցէք ձայնս, ով Ղամէքի կանայք, ականջ դրէք իմ խօսքին, որ մի մարդ սպանեցի՝ ինձ վէրք, ու մի երիտասարդ՝ ինձ հարուածք լինելու համար: 24 Եթե Կայէնի վրէժը եօթնապատիկ առնուի,
ապա Ղամէքինը՝ եօթանասուն եւ եօթն անգամ:
25 Եւ Ադամը դարձեալ գիտաց իր կնոջը, եւ նա մի որդի ծնեց, եւ նորա անունը կոչեց Սէթ, որովհետեւ ասաց Աստուած ինձ մի ուրիշ սերունդ տուաւ Հաբէլի փոխանակ, որին սպանեց Կայէնը: 26 Եւ Սէթին էլ մի որդի ծնուեցաւ, եւ նորա անունը կոչեց Ենովս. այն ժամանակ սկսուեցաւ Եհովայի անունը կանչելը: