Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • es25 էջ 118–128
  • Դեկտեմբեր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դեկտեմբեր
  • Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
  • Ենթավերնագրեր
  • 1 դեկտեմբերի, երկուշաբթի
  • 2 դեկտեմբերի, երեքշաբթի
  • 3 դեկտեմբերի, չորեքշաբթի
  • 4 դեկտեմբերի, հինգշաբթի
  • 5 դեկտեմբերի, ուրբաթ
  • 6 դեկտեմբերի, շաբաթ
  • 7 դեկտեմբերի, կիրակի
  • 8 դեկտեմբերի, երկուշաբթի
  • 9 դեկտեմբերի, երեքշաբթի
  • 10 դեկտեմբերի, չորեքշաբթի
  • 11 դեկտեմբերի, հինգշաբթի
  • 12 դեկտեմբերի, ուրբաթ
  • 13 դեկտեմբերի, շաբաթ
  • 14 դեկտեմբերի, կիրակի
  • 15 դեկտեմբերի, երկուշաբթի
  • 16 դեկտեմբերի, երեքշաբթի
  • 17 դեկտեմբերի, չորեքշաբթի
  • 18 դեկտեմբերի, հինգշաբթի
  • 19 դեկտեմբերի, ուրբաթ
  • 20 դեկտեմբերի, շաբաթ
  • 21 դեկտեմբերի, կիրակի
  • 22 դեկտեմբերի, երկուշաբթի
  • 23 դեկտեմբերի, երեքշաբթի
  • 24 դեկտեմբերի, չորեքշաբթի
  • 25 դեկտեմբերի, հինգշաբթի
  • 26 դեկտեմբերի, ուրբաթ
  • 27 դեկտեմբերի, շաբաթ
  • 28 դեկտեմբերի, կիրակի
  • 29 դեկտեմբերի, երկուշաբթի
  • 30 դեկտեմբերի, երեքշաբթի
  • 31 դեկտեմբերի, չորեքշաբթի
Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
es25 էջ 118–128

Դեկտեմբեր

1 դեկտեմբերի, երկուշաբթի

Մահացածները հարություն են առնելու (Ղուկ. 20։37)։

Աստված մահացածներին հարություն տալու զորություն ունի՞։ Իհարկե՛ ունի. չէ՞ որ նա «Ամենակարողն» է (Հայտն. 1։8)։ Նա այնքան զորեղ է, որ կարող է հաղթել ցանկացած թշնամու՝ անգամ մահվանը (1 Կորնթ. 15։26)։ Աստծու անսահման հիշողությունը ևս մի հիմք է հավատալու, որ նա հարություն տալու զորություն ունի։ Նա բոլոր աստղերին իրենց անուններով է կանչում (Ես. 40։26)։ Նա նաև հիշում է բոլոր նրանց, ում պատրաստվում է հարություն տալ (Հոբ 14։13; Ղուկ. 20։38)։ Եհովան հիշում է նրանց հետ կապված ամեն մանրամասնություն, այդ թվում՝ նրանց գենետիկական կոդը, կյանքում տեղի ունեցած իրադարձություններն ու հիշողությունները։ Մենք կարող ենք վստահել հարության վերաբերյալ Եհովայի տված խոստմանը, քանի որ այն իրագործելու համար նա ունի թե՛ ցանկություն, թե՛ զորություն։ Բացի այդ՝ նա արդեն իսկ հարություն է տվել որոշ մարդկանց։ Աստվածաշնչյան ժամանակներում Եհովան որոշ հավատարիմ տղամարդկանց օժտել էր հարություն տալու զորությամբ։ Նրանց թվում էր նաև Հիսուսը։ w23.04, էջ 9-10, պրբ. 7-9

2 դեկտեմբերի, երեքշաբթի

Թող ձեր խոսքերը միշտ վայելուչ լինեն՝ աղով համեմված (Կող. 4։6)։

Եթե խոսենք նրբանկատորեն և մեղմությամբ, մարդիկ ավելի հակված կլինեն լսելու մեզ և շարունակելու զրույցը։ Սակայն մենք պարտավոր չենք շարունակել զրույցը, երբ տեսնում ենք, որ դիմացինը պարզապես ուզում է հաղթել մեզ բանավեճում կամ փորձում է ծաղրել մեր հավատալիքները (Առակ. 26։4)։ Բայց մարդկանց մեծամասնությունը այդպես չի վարվում։ Ոմանք, ինչու չէ, նաև շատերը, կցանկանան լսել մեզ։ Եթե մեղմություն զարգացնելու նպատակ դնենք, մեծ օգուտներ կքաղենք։ Աղոթիր Եհովային, որ վիճահարույց հարցերի պատասխանելիս կամ անհիմն քննադատության ենթարկվելիս մեղմություն դրսևորելու ուժ ունենաս։ Քո մեղմ վերաբերմունքի շնորհիվ կարծիքների տարբերությունը չի վերածվի վիճաբանության։ Մեղմ ու հարգալից պատասխանդ կարող է մղել ոմանց փոխելու իրենց տեսակետը մեր, ինչպես նաև աստվածաշնչյան ճշմարտությունների հանդեպ։ «Միշտ պատրաստ եղիր ի պաշտպանություն [քո] հույսի խոսելու» նրանց հետ, ովքեր հարցեր են տալիս քո հավատալիքների մասին, «սակայն դա արա մեղմությամբ ու խոր հարգանքով» (1 Պետ. 3։15)։ Թող որ մեղմությունը քո ուժեղ կողմը լինի։ w23.09, էջ 19, պրբ. 18-19

3 դեկտեմբերի, չորեքշաբթի

Հագեք.... համբերատարությունը (Կող. 3։12)։

Տեսնենք, թե որ չորս կերպերով կարող ենք համբերատարություն դրսևորել։ Առաջին՝ համբերատար մարդը «շուտ չի բարկանում»։ Երբ նրան սադրում են, կամ երբ նա սթրեսի մեջ է, նա հանդարտ է մնում և վատ վերաբերմունքին նույն կերպ չի արձագանքում (Ելք 34։6)։ Երկրորդ՝ համբերատար մարդը կարողանում է հանդարտորեն սպասել։ Երբ որևէ բան ակնկալվածից ավելի երկար է տևում, նա ձգտում է չկորցնել համբերությունը և չդառնալ նյարդային (Մատթ. 18։26, 27)։ Երրորդ՝ համբերատար մարդը չի շտապում։ Կարևոր հանձնարարություն կատարելիս նա չի շտապում, այլ բավարար ժամանակ է տրամադրում, որ ծրագրի իր անելիքը և, ինչպես հարկն է, իրականացնի այն։ Չորրորդ՝ փորձությունների ժամանակ համբերատար մարդը ձգտում է անտրտունջ դիմանալ։ Նա ամեն ինչ կանի, որ շարունակի դիմանալ՝ չկորցնելով դրական տրամադրվածությունը (Կող. 1։11)։ Որպես քրիստոնյաներ՝ կարևոր է, որ համբերատար լինենք վերոնշյալ բոլոր չորս իրավիճակներում։ w23.08, էջ 20-21, պրբ. 3-6

4 դեկտեմբերի, հինգշաբթի

Սրտեր քննողը Եհովան է (Առակ. 17։3)։

Մեր այլաբանական սիրտը պաշտպանելու կարևոր պատճառներից մեկն այն է, որ Եհովան քննում է այն։ Դա նշանակում է, որ նա տեսնում է ավելին, քան կարող է տեսնել մարդը, և գիտի, թե իրականում ինչպիսի անձնավորություն ենք ներքուստ։ Մենք կունենանք Եհովայի հավանությունը, եթե մեր միտքը սնենք նրա կենարար իմաստությամբ (Հովհ. 4։14)։ Այդպես պաշտպանված կլինենք Սատանայից ու նրա չար աշխարհից, որոնք կարող են բարոյական և հոգևոր առումով թունավորել մեզ (1 Հովհ. 5։18, 19)։ Եհովայի հետ մտերմանալով՝ մենք կսկսենք ավելի շատ սիրել ու հարգել և չենք ցանկանա տխրեցնել նրան. մեղք գործելու միտքը անգամ ատելի կլինի մեզ համար։ Խորվաթիայում ապրող Մարթա անունով մի քույր, ով անբարոյականություն գործելու գայթակղության առաջ էր կանգնել, հետևյալն է գրել. «Ինձ համար դժվար էր սթափ դատել և դիմադրել մեղքի ժամանակավոր հաճույքը վայելելու գայթակղությանը։ Բայց Եհովայի հանդեպ վախը պաշտպանություն եղավ ինձ համար»։ Քույրն ասում է, որ սկսեց մտածել այն մասին, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե սխալ որոշում կայացնի։ Մենք էլ կարող ենք մտածել հետևանքների մասին։ w23.06, էջ 20-21, պրբ. 3-4

5 դեկտեմբերի, ուրբաթ

Ազգերը կիմանան, որ ես Եհովան եմ, երբ ձեզնով սրբացվեմ նրանց աչքի առաջ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան (Եզեկ. 36։23)։

Հիսուսը գիտեր, որ Եհովայի նպատակն է սրբացնել իր անունը, այսինքն՝ մաքրել այն ամեն նախատինքից։ Դրա համար մեր Տերը իր հետևորդներին սովորեցրեց այսպես աղոթել. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը» (Մատթ. 6։9)։ Հիսուսը հասկանում էր, որ Աստծու անվան սրբացումը մեծագույն հարցն է, որի առաջ կանգնած է ողջ ստեղծագործությունը։ Ամբողջ տիեզերքում ոչ մի բանական արարած Եհովայի անվան սրբացման համար այնքան բան չի արել, որքան Հիսուսը։ Սակայն երբ Հիսուսին ձերբակալեցին, թշնամիները նրան մեղադրեցին Աստծուն հայհոյելու մեջ։ Նրա համար իր Հոր սուրբ անունը զրպարտելը կամ այն արատավորելը ամենածանր մեղքն էր։ Նրան խիստ մտահոգում էր այն փաստը, որ իրեն մեղադրելու էին նման հանցանքի մեջ և դատապարտելու էին որպես Աստծուն հայհոյող։ Թերևս դա էր գլխավոր պատճառը, որ իր ձերբակալությունից ժամեր առաջ Հիսուսը «ծանր ապրումների մեջ էր» (Ղուկ. 22։41-44)։ w24.02, էջ 11, պրբ. 11

6 դեկտեմբերի, շաբաթ

Տունը իմաստությամբ է կառուցվում (Առակ. 24։3)։

Մենք պետք է Եհովային ու Հիսուսին ավելի շատ սիրենք, քան մեր հարազատներին (Մատթ. 10։37)։ Բայց դա չի նշանակում, որ պետք է անտեսենք մեր ընտանեկան պարտականությունները, ասես դրանք խանգարում են մեզ, որ հաճեցնենք Աստծուն ու Քրիստոսին։ Ընդհակառակը՝ նրանց հավանությանն արժանանալու համար մենք պետք է կատարենք ընտանիքում ունեցած մեր դերը (1 Տիմոթ. 5։4, 8)։ Այդ դեպքում մենք ավելի երջանիկ կլինենք։ Չէ՞ որ Եհովան այնպես է ստեղծել ընտանեկան կառույցը, որ երջանիկ լինելու համար ամուսինն ու կինը պետք է հարգեն ու սիրեն միմյանց, ծնողները՝ սիրեն ու դաստիարակեն իրենց երեխաներին, իսկ երեխաները՝ հնազանդվեն իրենց ծնողներին (Եփես. 5։33; 6։1, 4)։ Ընտանիքում ունեցած քո դերը ճիշտ կատարելու համար առաջնորդվիր ոչ թե զուտ զգացմունքներով, ձեր մշակույթում ընդունված տեսակետներով կամ, այսպես կոչված, մասնագետների խորհուրդներով, այլ աստվածաշնչյան իմաստությամբ։ Լիարժեքորեն օգտվիր Աստվածաշնչի վրա հիմնված մեր հրատարակություններից, որոնք աստվածաշնչյան սկզբունքները կիրառելու վերաբերյալ գործնական խորհուրդներ են պարունակում։ w23.08, էջ 28, պրբ. 6-7

7 դեկտեմբերի, կիրակի

Օր ու գիշեր կարդա այն ու խորհիր դրա շուրջ, որպեսզի ճշգրտորեն կատարես այն ամենը, ինչ գրված է այնտեղ. այդ ժամանակ քո բոլոր գործերում դու հաջողակ կլինես և իմաստությամբ կվարվես (Հեսու 1։8)։

Քրիստոնյա կինը պետք է օգտակար հմտություններ զարգացնի։ Որոշ հմտություններ նա ձեռք է բերում դեռ երեխա ժամանակ և դրանք շարունակում է օգտագործել ամբողջ կյանքի ընթացքում։ Օրինակ, սովորիր վարժ կարդալ և ճիշտ գրել։ Որոշ մշակույթներում գրելն ու կարդալը կնոջ համար կարևոր հմտություններ չեն։ Իրականում, սակայն, դրանք կարևոր են յուրաքանչյուր քրիստոնյայի համար (1 Տիմոթ. 4։13)։ Ուստի թույլ մի՛ տուր, որ որևէ բան խանգարի քեզ սովորել վարժ կարդալ և ճիշտ գրել։ Այդ հմտությունները կօգնեն, որ աշխատանք գտնես և չկորցնես այն։ Այդպես դու Աստծու Խոսքի ջանասեր ուսումնասիրող և լավ ուսուցիչ կդառնաս։ Իսկ որ ամենակարևորն է, կմտերմանաս Եհովայի հետ, քանի որ կկարողանաս կարդալ նրա Խոսքը և խորհրդածել դրա շուրջ (1 Տիմոթ. 4։15)։ w23.12, էջ 20, պրբ. 10-11

8 դեկտեմբերի, երկուշաբթի

Եհովան գիտի, թե ինչպես իրեն նվիրվածներին ազատի փորձությունից (2 Պետ. 2։9)։

Խնդրենք Եհովային, որ օգնի մեզ չտրվել սխալ անելու գայթակղությանը։ Լինելով անկատար՝ մենք շարունակ պայքարի մեջ ենք։ Սատանան ամեն կերպ ջանում է այդ պայքարը անտանելի դարձնել մեզ համար։ Օրինակ՝ նա փորձում է ապականել մեր միտքը զվարճության անբարո ձևերի միջոցով։ Դրանք կարող են մեր մեջ անմաքուր մտքեր ծնել, որոնք իրենց հերթին կարատավորեն մեր ներքին անձնավորությունը և մեզ լուրջ մեղքի կդրդեն (Մարկ. 7։21-23; Հակ. 1։14, 15)։ Սխալ անելու գայթակղությանը չտրվելու համար մենք Եհովայի օգնության կարիքն ունենք։ Այս բանի կարևորությունն ընդգծելու նպատակով Հիսուսը տիպար աղոթքում հետևյալն ասաց. «Մի՛ թող, որ հանձնվենք փորձության ժամանակ, այլ ազատիր մեզ Չարից» (Մատթ. 6։13)։ Եհովան պատրաստ է աջակցել մեզ, բայց մենք պետք է դիմենք նրա օգնությանը։ Բացի այդ՝ պետք է վարվենք մեր աղոթքների համաձայն։ w23.05, էջ 6-7, պրբ. 15-17

9 դեկտեմբերի, երեքշաբթի

Երեքտակ պարանը հեշտ չի կտրվում (Ժող. 4։12)։

Իրենց երկնային Հոր հետ փոխհարաբերությունները թանկ համարող կողակիցները պատրաստակամորեն կիրառում են նրա խորհուրդները։ Արդյունքում նրանք հաղթահարում են այն խնդիրները, որոնց պատճառով իրենց սերը կարող է սառչել, կամ էլ խուսափում են դրանցից։ Բացի այդ՝ հոգևոր մարդիկ ձգտում են ընդօրինակել Եհովային և զարգացնել նրան բնորոշ հատկություններ, ինչպիսիք են բարությունը, համբերատարությունը և ներողամտությունը (Եփես. 4։32-5։1)։ Երբ կողակիցները նման հատկություններ են դրսևորում, նրանց սերը գնալով աճում է։ Լենա անունով մի քույր, ով ավելի քան 25 տարի է, ինչ ամուսնացած է, ասում է. «Հոգևոր անձնավորությանը ավելի հեշտ է սիրել ու հարգել»։ Օրինակ՝ Դավթից սերող բազմաթիվ մարդկանցից Եհովան Հովսեփին ու Մարիամին ընտրեց որպես ապագա Մեսիայի ծնողներ։ Նրանք երկուսն էլ անձնական փոխհարաբերություններ ունեին Եհովայի հետ, և նա գիտեր, որ նրանց ամուսնության հիմքում ընկած կլինի իր հանդեպ սերը։ w23.05, էջ 20-21, պրբ. 3-4

10 դեկտեմբերի, չորեքշաբթի

Հնազանդվեք ու հպատակվեք ձեզ առաջնորդողներին (Եբր. 13։17)։

Թեև մեր առաջնորդը՝ Հիսուսը, կատարյալ է, բայց եղբայրները, ում նա նշանակել է առաջնորդելու համար, անկատար են։ Ուստի մեզ համար գուցե դժվար լինի հնազանդվել նրանց, հատկապես եթե տրված առաջնորդությունը մեր սրտով չէ։ Նման բան եղավ Պետրոս առաքյալի հետ։ Երբ հրեշտակը նրան պատվիրեց ուտել կենդանիների մսից, որոնք, ըստ Մովսիսական օրենքի, անմաքուր էին համարվում, նա հրաժարվեց, և ոչ թե մեկ, այլ երեք անգամ (Գործ. 10։9-16)։ Ինչո՞ւ։ Քանի որ նա այլ բանի էր սովոր, նոր առաջնորդությունը անտրամաբանական թվաց նրան։ Սակայն Պողոս առաքյալը հնազանդվեց, երբ Երուսաղեմի երեցները պատվիրեցին նրան չորս մարդկանց հետ գնալ տաճար և ծիսականորեն մաքրվել ու այդպիսով փաստել, որ ինքը պահում է օրենքը։ Պողոսը գիտեր, որ քրիստոնյաները պարտավոր չեն պահել Մովսիսական օրենքը, և նա ոչ մի սխալ բան չէր արել։ Սակայն «հաջորդ օրը Պողոսը այդ մարդկանց հետ ծիսականորեն մաքրվեց» (Գործ. 21։23, 24, 26)։ Նրա հնազանդությունը նպաստեց եղբայրների միասնությանը (Հռոմ. 14։19, 21)։ w23.10, էջ 10, պրբ. 15-16

11 դեկտեմբերի, հինգշաբթի

Եհովան մտերիմ է նրանց հետ, ովքեր վախ ունեն իր հանդեպ (Սաղ. 25։14)։

Դժվար թե մտածես, որ վախը կարևոր է ամուր ընկերության համար։ Բայց նրանք, ովքեր ցանկանում են մտերիմ լինել Աստծու հետ, պետք է «վախ ունենան» նրա հանդեպ։ Անկախ նրանից, թե որքան ժամանակ է, ինչ ծառայում ենք Եհովային՝ բոլորս էլ պետք է առողջ վախ ունենանք նրա հանդեպ։ Այդպիսի անհատը սիրում է Աստծուն և չի ցանկանում անել մի բան, ինչը կարող է վնասել նրա հետ ունեցած հարաբերությունները։ Հիսուսը հենց այդպիսի վախ ուներ Աստծու հանդեպ (Եբր. 5։7)։ Նա չէր սարսափում Եհովայից, այլ խոր սեր էր տածում նրա հանդեպ և ցանկանում էր հնազանդվել նրան (Ես. 11։2, 3; Հովհ. 14։21, 31)։ Հիսուսի նման մենք նույնպես խոր հարգանք ու ակնածանք ենք տածում Եհովայի հանդեպ, քանի որ նա սիրառատ է, իմաստուն, արդար ու զորեղ։ Բացի այդ՝ մենք գիտենք, որ նա մեզ սիրում է, և նրա համար միևնույն չէ, թե մենք ինչպես ենք արձագանքում իր տված առաջնորդությանը։ Մեր որոշումներով մենք կարող ենք կա՛մ ցավ պատճառել նրան, կա՛մ ուրախացնել նրա սիրտը (Սաղ. 78։41; Առակ. 27։11)։ w23.06, էջ 14, պրբ. 1-2; էջ 15, պրբ. 5

12 դեկտեմբերի, ուրբաթ

Երբ Օզիան հզորացավ, նրա սիրտը հպարտացավ և.... անհավատարմությամբ վարվեց իր Աստված Եհովայի հանդեպ (2 Տար. 26։16)։

Երբ Օզիա թագավորը հզորացավ, մոռացավ, որ իր ուժի աղբյուրը Եհովան է, և որ իր հաջողությունների համար նրան է պարտական։ Ի՞նչ ենք սովորում։ Լավ կլինի՝ հիշենք, որ մեր բոլոր օրհնություններն ու պատասխանատվությունները Եհովան է տալիս։ Մեր ձեռքբերումներով պարծենալու փոխարեն մենք պետք է փառքը Եհովային ուղղենք (1 Կորնթ. 4։7)։ Պետք է խոնարհաբար ընդունենք, որ անկատար ենք և խրատի կարիք ունենք։ 60-ն անց մի եղբայր գրել է. «Սովորել եմ չափից շատ կարևորություն չտալ իմ անձին։ Երբեմն անմտածված սխալներ եմ անում, և երբ ինձ ուղղում են, փորձում եմ շտկվել և շարունակում եմ առաջ ընթանալ»։ Մենք կարող ենք իսկապես երջանիկ լինել, եթե ակնածենք Եհովայից և մեր անձի մասին համեստ կարծիք ունենանք (Առակ. 22։4)։ w23.09, էջ 10, պրբ. 10-11

13 դեկտեմբերի, շաբաթ

Դուք պետք է դիմանաք դժվարություններին, որ Աստծու կամքը կատարելուց հետո ստանաք նրա խոստացածը (Եբր. 10։36)։

Առաջին դարի քրիստոնյաները դիմացկունության կարիք ունեին։ Նրանցից շատերը հալածվում էին ոչ միայն հրեա կրոնական առաջնորդների և հռոմեական իշխանությունների կողմից, այլև իրենց իսկ ընտանիքների (Մատթ. 10։21)։ Իսկ ժողովի ներսում նրանք երբեմն ստիպված էին պայքարել հավատուրացների և նրանց պառակտիչ ուսմունքների ազդեցության դեմ (Գործ. 20։29, 30)։ Սակայն նրանք դիմացան և հավատարիմ մնացին Եհովային (Հայտն. 2։3)։ Նրանք խորհրդածում էին աստվածաշնչյան այն կերպարների շուրջ, որոնք մինչև վերջ դիմացել են, օրինակ՝ Հոբի (Հակ. 5։10, 11)։ Նաև աղոթում էին, որ Եհովան օգնի իրենց (Գործ. 4։29-31)։ Բացի այդ՝ կենտրոնանում էին դիմացկունության բերած լավ արդյունքների վրա (Գործ. 5։41)։ Մենք էլ կկարողանանք դիմանալ, եթե կանոնավորաբար ընթերցենք Եհովայի այն ծառաների մասին, ովքեր դիմացել են, և խորհրդածենք նրանց օրինակի շուրջ։ w23.07, էջ 3, պրբ. 5-6

14 դեկտեմբերի, կիրակի

Ձեր կյանքում միշտ առաջին տեղում դրեք Աստծու թագավորությունը և նրա արդար չափանիշները, և այդ բոլոր բաները կտրվեն ձեզ (Մատթ. 6։33)։

Եհովան ու Հիսուսը երբեք չեն թողնի մեզ։ Քրիստոսին ուրանալուց հետո Պետրոս առաքյալը կարևոր որոշման առաջ էր կանգնած. հանձնվե՞լ, թե՞ շարունակել հետևել Քրիստոսին։ Հիսուսն աղաչել էր Եհովային, որ նրա հավատը չթուլանա։ Նա ասել էր Պետրոսին, որ նման աղոթք է արել, և վստահություն էր հայտնել, որ հետագայում առաքյալը զորացնելու է իր եղբայրնեբրին (Ղուկ. 22։31, 32)։ Հիսուսի խոսքերը հիշելով՝ Պետրոսը պետք է որ շատ քաջալերվեր։ Եթե մենք էլ ենք կանգնած կարևոր որոշման առաջ, Եհովան կարող է հոգատար հովիվների միջոցով քաջալերել մեզ, որ կարողանանք հավատարիմ մնալ (Եփես. 4։8, 11)։ Եթե Եհովային ծառայելը մեր կյանքում առաջնային լինի, նա կհոգա մեր նյութական կարիքները, ճիշտ ինչպես հոգ է տարել Պետրոսի և մյուս առաքյալների մասին։ w23.09, էջ 24-25, պրբ. 14-15

15 դեկտեմբերի, երկուշաբթի

Նա, ով խեղճին բարություն է անում, Եհովային պարտք է տալիս, և Նա կվարձատրի նրան դրա համար (Առակ. 19։17)։

Եհովան նկատում է բարության անգամ փոքր դրսևորումները, որ անում ենք ուրիշների համար։ Նա դա արժեքավոր զոհ է համարում և իրեն տրված պարտք, որը նա պատրաստվում է փոխհատուցել։ Եթե այլևս երեց կամ ծառայող օգնական չես, Եհովան հիշում է անցյալում արած քո գործերը և այն սերը, որը մղել է քեզ գործելու (1 Կորնթ. 15։58)։ Նա նաև տեսնում է, որ այսօր էլ ես շարունակում սեր դրսևորել։ Եհովան ուզում է, որ խորացնենք մեր սերը իր և մարդկանց հանդեպ։ Նրա հանդեպ մեր սերը կարող ենք խորացնել՝ ընթերցելով Աստծու Խոսքը, խորհրդածելով դրա շուրջ և կանոնավորաբար աղոթելով։ Մենք ավելի շատ կսիրենք նաև մեր եղբայրներին ու քույրերին, եթե գործնականում աջակցենք նրանց։ Որքան մեր սերը աճի, այնքան ավելի կմտերմանանք Եհովայի ու մեր հոգևոր ընտանիքի հետ և այդ ընկերությունը կվայելենք հավիտյան։ w23.07, էջ 10, պրբ. 11; էջ 11, պրբ. 13; էջ 13, պրբ. 18

16 դեկտեմբերի, երեքշաբթի

Յուրաքանչյուր մարդ իր բեռը պետք է կրի (Գաղ. 6։5)։

Յուրաքանչյուր քրիստոնյա ինքը պետք է որոշի, թե ինչպես հոգա իր առողջության մասին։ Աստվածաշնչի օրենքներից ընդամենը մի քանիսն են, որոնք պետք է ազդեն բուժմեթոդներ ընտրելու քրիստոնյայի որոշման վրա։ Այդ օրենքներից են արյունից և ոգեհարցությունից հեռու մնալը (Գործ. 15։20; Գաղ. 5։19, 20)։ Մնացածը անձնական ընտրության հարց է։ Նույնիսկ եթե համոզված ենք որևէ բուժմեթոդի արդյունավետ լինելու կամ չլինելու մեջ, մենք պետք է հարգենք մեր եղբայրների ու քույրերի որոշում կայացնելու իրավունքը։ Այս առնչությամբ հարկավոր է ի մտի ունենալ հետևյալը՝ 1) միայն Աստծու Թագավորության ներքո լիարժեք և մնայուն բուժում կստանանք (Ես. 33։24), 2) յուրաքանչյուր քրիստոնյա պետք է «լիովին հավաստիանա», թե ինչն է լավագույնը իր համար (Հռոմ. 14։5), 3) մենք չենք դատում ուրիշներին և գայթակղության քար չենք դնում նրանց առաջ (Հռոմ. 14։13), և 4) քրիստոնյաները սեր են դրսևորում և ընտրություն անելու իրենց ազատությունը ժողովի միասնությունից վեր չեն դասում (Հռոմ. 14։15, 19, 20)։ w23.07, էջ 24, պրբ. 15

17 դեկտեմբերի, չորեքշաբթի

Իր ուխտավորության բոլոր օրերին նա առանձնացված կլինի Եհովային ծառայելու համար (Թվեր 6։8)։

Քեզ համար թա՞նկ է Եհովայի հետ ընկերությունը։ Վստահ ենք՝ այո՛։ Հին ժամանակներից սկսած՝ շատերն են թանկ համարել Եհովայի հետ մտերմությունը (Սաղ. 104։33, 34)։ Աստծուն պաշտելու համար բազմաթիվ մարդիկ զոհողություններ են արել, օրինակ՝ հին Իսրայելում ապրող ուխտավորները, կամ՝ նվիրվածները։ Այս բառը դիպուկ նկարագրում է այն իսրայելացիներին, ովքեր անձնազոհություն էին դրսևորում Եհովային հատուկ կերպով ծառայելու համար։ Մովսիսական օրենքը հնարավորություն էր տալիս, որ տղամարդը կամ կինը հատուկ երդում տար Եհովային, որպեսզի ժամանակավորապես ապրեր որպես ուխտավոր (Թվեր 6։1, 2)։ Այս երդումը, կամ՝ հանդիսավոր խոստումը, տվող իսրայելացիները պետք է հատուկ կանոնների հետևեին, որոնք չէին պահանջվում մյուսներից։ Իսկ ինչո՞ւ էին իսրայելացիները ուխտավորի երդում տալիս։ Նրանք այդպես էին վարվում, քանի որ շատ էին սիրում Եհովային և երախտապարտ էին նրանից ստացած առատ օրհնությունների համար (2 Օրենք 6։5; 16։17)։ w24.02, էջ 14, պրբ. 1-2

18 դեկտեմբերի, հինգշաբթի

Եհո՜վա.... հավատարիմ սեր ես ցուցաբերում քեզ սիրողների ու քո պատվիրանները պահողների հանդեպ (Դան. 9։4)։

Աստվածաշնչում «նվիրվածություն» կամ «հավատարիմ սեր» թարգմանված եբրայերեն բառը փոխանցում է ջերմ ու խոր կապվածության իմաստ, որով սովորաբար նկարագրվում է այն սերը, որ Աստված տածում է իր ծառաների հանդեպ։ Նույն բառն է օգտագործվում նաև նկարագրելու համար այն սերը, որ Աստծու ծառաները ունեն իրար հանդեպ (2 Սամ. 9։6, 7)։ Նվիրվածությունը կարող է ժամանակի ընթացքում խորանալ։ Եհովայի հանդեպ Դանիելի նվիրվածությունը իր կյանքի ընթացքում բազմիցս փորձվել էր։ Բայց ամենածանր փորձություններին նա բախվեց, երբ 90-ն անց էր։ Արքունիքում ծառայող պալատականները չէին սիրում Դանիելին և հարգանք չունեին նրա Աստծու հանդեպ, ուստի նենգ ծրագիր մշակեցին, որ սպանել տան նրան։ Նրանք այնպես արեցին, որ թագավորը հրամանագիր արձակի, որով կբացահայտվեր, թե ում է նվիրված Դանիելը՝ Աստծո՞ւն, թե՞ թագավորին։ Թագավորի հանդեպ իր նվիրվածությունը ցույց տալու համար Դանիելը պետք է 30 օր չաղոթեր իր Աստծուն։ Բայց նա փոխզիջման չգնաց (Դան. 6։12-15, 20-22)։ w23.08, էջ 4-5, պրբ. 10-12

19 դեկտեմբերի, ուրբաթ

Սիրենք իրար (1 Հովհ. 4։7)։

Եհովան ուզում է, որ շարունակ սեր դրսևորենք մեր եղբայրների ու քույրերի հանդեպ։ Երբ մեր հավատակիցը թերանում է որևէ քրիստոնեական հատկություն դրսևորելու հարցում, նրան վատ մղումներ վերագրելու փոխարեն մենք պետք է մտածենք, որ նա ցանկանում է հետևել աստվածաշնչյան սկզբունքներին և այդ պահին պարզապես անմտածված է գործել (Առակ. 12։18)։ Աստված սիրում է իր հավատարիմ ծառաներին՝ անկախ նրանց թերացումներից։ Երբ սխալ ենք վարվում, նա կապերը չի խզում մեզ հետ և ոխ չի պահում (Սաղ. 103։9)։ Անչափ կարևոր է, որ մենք ընդօրինակենք մեր ներողամիտ Հորը (Եփես. 4։32-5։1)։ Ինչքան մոտենում ենք այս աշխարհի վերջին, այնքան ավելի մտերիմ պետք է լինենք մեր եղբայրների ու քույրերի հետ։ Մենք ակնկալում ենք, որ հալածանքը գնալով կուժգնանա։ Նույնիսկ հնարավոր է, որ մեր հավատի համար հայտնվենք բանտում։ Այդ ժամանակ մենք առավել, քան երբևէ, կունենանք մեր եղբայրների ու քույրերի կարիքը (Առակ. 17։17)։ w24.03, էջ 15-16, պրբ. 6-7

20 դեկտեմբերի, շաբաթ

Եհովան է առաջնորդում մարդու քայլերը (Առակ. 20։24)։

Աստվածաշնչում գրված է պատանիների մասին, ովքեր մտերիմ են եղել Եհովայի հետ, ունեցել են նրա հավանությունը և բավականություն պատճառող կյանքով են ապրել։ Դավիթը նրանցից մեկն էր։ Պատանի տարիքում նա որոշեց Աստծու ընկերը լինել և հետագայում դարձավ նվիրված թագավոր (1 Թագ. 3։6; 9։4, 5; 14։8)։ Նրա կյանքն ու հավատարիմ ընթացքը ուսումնասիրելը կարող է քաջալերական լինել քեզ համար և մղել, որ դու էլ հավատարմորեն ծառայես Եհովային։ Անձնական ուսումնասիրության ժամանակ կարող ես ուշադրություն դարձնել նաև Մարկոսի և Տիմոթեոսի օրինակներին։ Նրանք փոքր տարիքից են սկսել ծառայել Եհովային և իրենց հավատարիմ ընթացքը շարունակել են նաև հասուն տարիքում։ Արդյունքում նրանք ուրախացրել են Եհովային։ Այն, թե ինչպիսին կլինի քո կյանքը ապագայում, մեծ մասամբ կախված է այն բանից, թե ինչ որոշումներ կկայացնես այսօր։ Եթե քո հասկացողությանը ապավինելու փոխարեն Եհովային վստահես, նա կօգնի քեզ իմաստուն որոշումներ կայացնել և երջանիկ ու օրհնություններով լի կյանքով ապրել։ Եհովան գնահատում է այն ամենը, ինչ անում ես իր համար։ Մի՞թե մեր սիրառատ երկնային Հորը ծառայելուց ավելի լավ բան կա, ինչին կարող ես նվիրել քո կյանքը։ w23.09, էջ 13, պրբ. 18-19

21 դեկտեմբերի, կիրակի

Շարունակեք.... իրար.... մեծահոգաբար ներել (Կող. 3։13)։

Պողոս առաքյալը գիտեր, որ իր հավատակիցները անկատար են։ Օրինակ՝ Երուսաղեմում գտնվող ժողովից ոմանք չէին հավատում, որ նա իսկապես աշակերտ է դարձել և խուսափում էին նրանից (Գործ. 9։26)։ Հետագայում որոշ հավատակիցներ նրա հետևից խոսում էին ու վարկաբեկում նրա համբավը (2 Կորնթ. 10։10)։ Իսկ մի անգամ Պողոսը ականատես եղավ, թե ինչպես է պատասխանատու եղբայրներից մեկը սխալ վարվում, ինչը կարող էր գայթակղության պատճառ լինել մյուսների համար (Գաղ. 2։11, 12)։ Մի առիթով էլ նրա մտերիմ ընկերներից մեկը՝ Մարկոսը, մեծ հիասթափություն պատճառեց նրան (Գործ. 15։37, 38)։ Այս իրավիճակներից յուրաքանչյուրում Պողոսը կարող էր վիրավորվել հավատակիցներից և այլևս չշփվել նրանց հետ։ Բայց նա շարունակեց դրական տեսակետ ունենալ նրանց մասին և ակտիվ մնաց ծառայության մեջ։ Պողոսը սիրում էր իր հավատակիցներին, ինչն էլ օգնեց նրան, որ կենտրոնացած մնա նրանց լավ կողմերի վրա։ Սերը նաև օգնեց Պողոսին, որ կիրառի այսօրվա համարում գրվածը։ w24.03, էջ 15, պրբ. 4-5

22 դեկտեմբերի, երկուշաբթի

Տիրոջ ծառան չպետք է վիճի, այլ պետք է բոլորին մեղմությամբ վերաբերվի (2 Տիմոթ. 2։24)։

Աստվածաշնչյան բազմաթիվ արձանագրություններ ցույց են տալիս, թե որքան արժեքավոր հատկություն է մեղմությունը։ Քննենք Իսահակի օրինակը։ Երբ նա բնակություն հաստատեց Գերարում, որը պատկանում էր փղշտացիներին, վերջիններս, նախանձից դրդված, հող լցրին ու ծածկեցին այն ջրհորները, որ նրա հոր ծառաներն էին փորել։ Իր իրավունքների համար պայքարելու փոխարեն Իսահակը ընտանիքով ուրիշ վայր տեղափոխվեց և նոր ջրհորներ փորեց (Ծննդ. 26։12-18)։ Բայց փղշտացիները սկսեցին պնդել, որ այդ տարածքի ջրերն էլ են իրենց պատկանում։ Չնայած դրան՝ Իսահակը խաղաղությամբ վարվեց (Ծննդ. 26։19-25)։ Ի՞նչն օգնեց նրան հանդարտ մնալ, նույնիսկ երբ մյուսները անընդհատ փորձում էին հունից հանել իրեն։ Անկասկած, նրա ծնողները լավ օրինակ էին թողել այս հարցում, և Իսահակը շատ բան էր սովորել իր խաղաղարար հորից՝ Աբրահամից, և իր մայր Սառայից, ով «հանդարտ ու մեղմ ոգի» էր դրսևորում (1 Պետ. 3։4-6; Ծննդ. 21։22-34)։ w23.09, էջ 15, պրբ. 4

23 դեկտեմբերի, երեքշաբթի

Նպատակադրել եմ ու կկատարեմ (Ես. 46։11)։

Իր որոշած ժամանակին Եհովան, սիրուց մղված, երկիր ուղարկեց իր միածին Որդուն, որ նա սովորեցնի մարդկանց Թագավորության մասին և իր կյանքը որպես փրկագին տա նրանց մեղքից ու մահից ազատելու համար։ Հետո Հիսուսը հարություն առավ երկնքում, որ իշխի որպես Աստծու Թագավորության Թագավոր։ Աստվածաշնչի գլխավոր թեման Եհովայի անվան արդարացումն է։ Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Աստված իր Թագավորության միջոցով, որի Թագավորը Քրիստոսն է, իրականացնի երկրի հետ կապված իր նպատակը։ Եհովայի նպատակը երբեք չի փոխվի։ Նա խոստացել է, որ հաջողությամբ իրականացնելու է այն (Ես. 46։10; Եբր. 6։17, 18)։ Երկիրը վերածվելու է դրախտի, որտեղ Ադամի ու Եվայի կատարյալ և արդար սերունդները «կվայելեն կյանքը հավիտյան» (Սաղ. 22։26)։ Բայց Եհովայի նպատակը ավելին է ներառում։ Նրա վերջնական նպատակն է միավորել երկնքում և երկրի վրա ապրող իր բոլոր բանական ստեղծագործություններին։ Այդ ժամանակ բոլորը հավատարմորեն կհնազանդվեն Եհովային որպես Գերիշխանի (Եփես. 1։8-11)։ Մի՞թե չես տպավորվում՝ տեսնելով, թե ինչ հրաշալի կերպով է Եհովան իրագործում իր նպատակը։ w23.10, էջ 20, պրբ. 7-8

24 դեկտեմբերի, չորեքշաբթի

Ուժե՛ղ եղիր.... Ես ձեզ հետ եմ,— ասում է Զորքերի տեր Եհովան (Անգե 2։4)։

Երբ հրեաները Բաբելոնից Երուսաղեմ վերադարձան, բախվեցին մի շարք դժվարությունների, որոնցից էին ընտանիքի մասին հոգալը, տնտեսական ու քաղաքական անկայունությունը, ինչպես նաև հակառակությունը։ Շատերի համար Եհովայի տաճարը կառուցելու գործի վրա կենտրոնանալը դժվար էր։ Այդ պատճառով Եհովան ուղարկեց Անգե և Զաքարիա մարգարեներին, որ վերջիններս բոցավառեին ժողովրդի եռանդը։ Դա լավ արդյունքներ բերեց (Անգե 1։1; Զաք. 1։1)։ Սակայն դրանից մոտ 50 տարի անց հրեաները կրկին քաջալերանքի կարիք ունեին։ Այդ ժամանակ Օրենքի հմուտ գրագիր Եզրասը Բաբելոնից եկավ Երուսաղեմ, որ հորդորի Աստծու ժողովրդին ճշմարիտ երկրպագությունը կյանքում առաջին տեղում դնել (Եզր. 7։1, 6)։ Անցյալում Անգեի ու Զաքարիայի մարգարեությունները օգնեցին հրեաներին, որ շարունակեն վստահել Եհովային՝ չնայած հակառակությանը։ Այսօր դրանք մեզ էլ կարող են օգնել, որ, չնայած կյանքում հանդիպող նեղություններին, շարունակենք վստահել Եհովային (Առակ. 22։19)։ w23.11, էջ 14, պրբ. 2-3

25 դեկտեմբերի, հինգշաբթի

Սերը հագեք, քանի որ սերը բոլորին կատարելապես միավորող կապն է (Կող. 3։14)։

Ինչպե՞ս ենք սեր դրսևորում մեր հավատակիցների հանդեպ։ Կերպերից մեկը նրանց մխիթարելն է։ Կարեկցանքը կօգնի, որ «շարունակ մխիթարենք միմյանց» (1 Թեսաղ. 4։18)։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, որ միշտ ուժգին սեր ունենանք իրար հանդեպ։ Դա մեզ կհաջողվի, եթե ձգտենք ներել միմյանց սխալները։ Ինչո՞ւ է հատկապես այսօր կարևոր սեր դրսևորել միմյանց հանդեպ։ Ահա թե ինչ է ասում Պետրոս առաքյալը. «Ամեն ինչի վերջը մոտեցել է։ Ուստի.... ուժգին սեր ունեցեք իրար հանդեպ» (1 Պետ. 4։7, 8)։ Ի՞նչ պետք է ակնկալենք, մինչ մոտենում է այս աշխարհի վախճանը։ Իր հետևորդների վերաբերյալ Հիսուսը հետևյալն է կանխագուշակել. «Իմ անվան համար բոլոր ազգերի կողմից ատված կլինեք» (Մատթ. 24։9)։ Որպեսզի կարողանանք հավատարիմ մնալ Եհովային՝ չնայած այդ ատելությանը, մենք պետք է միասնական լինենք։ Այդ դեպքում մեզ բաժանելու Սատանայի ջանքերը կձախողվեն, քանի որ մենք միավորված կլինենք սիրով (Փիլիպ. 2։1, 2)։ w23.11, էջ 13, պրբ. 18-19

26 դեկտեմբերի, ուրբաթ

Մենք Աստծու համագործակիցներն ենք (1 Կորնթ. 3։9)։

Աստվածաշնչյան ճշմարտությունները մեծ զորություն ունեն։ Երբ մարդկանց պատմում ենք Եհովայի մասին և սովորեցնում, թե ինչպիսին է նա իրականում, հրաշալի արդյունքներ են լինում։ Մարդկանց աչքերը, որ կուրացել են Սատանայի ստերից, աստիճանաբար բացվում են, և նրանք մեզ պես սկսում են տեսնել մեր սիրառատ Հորը։ Նրանք ակնածանքով են լցվում՝ իմանալով նրա անսպառ զորության մասին (Ես. 40։26)։ Իսկ նրա կատարյալ արդարությունը մարդկանց վստահություն է ներշնչում (2 Օրենք 32։4)։ Նրանք սովորում են մեր Աստծու անսահման իմաստությունից, և անչափ մխիթարվում են՝ իմանալով, որ նա սիրո մարմնացում է (Ես. 55։9; Հռոմ. 11։33; 1 Հովհ. 4։8)։ Երբ նրանք սկսում են մտերմանալ Եհովայի հետ, հավիտյան ապրելու իրական հույս են ձեռք բերում։ Այո՛, մեզ համար մեծ պատիվ է օգնել մարդկանց մտերմանալ իրենց Հոր հետ։ Երբ այդպես ենք վարվում, Եհովան մեզ իր «համագործակիցներն» է համարում (1 Կորնթ. 3։5)։ w24.02, էջ 12, պրբ. 15

27 դեկտեմբերի, շաբաթ

Ավելի լավ է չերդվես, քան երդվես, բայց չկատարես (Ժող. 5։5)։

Եթե Աստվածաշունչ ես ուսումնասիրում կամ ծնվել ես Վկաների ընտանիքում, մտածո՞ւմ ես մկրտվելու մասին։ Եթե այդ քայլն անելու նպատակ ունես, դա շատ գովելի է։ Բայց նախքան մկրտվելը դու պետք է քո անձը նվիրես Եհովային։ Իսկ ինչպե՞ս է նվիրումը լինում։ Դու անձնական աղոթքով խոստանում ես Եհովային, որ միայն նրան ես պաշտելու և նրա կամքը կատարելը քո կյանքում առաջին տեղում ես դնելու։ Այդպիսով դու խոստանում ես միշտ սիրել նրան քո «ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ ուժով» (Մարկ. 12։30)։ Քո նվիրման ժամանակ ներկա եք միայն դու ու Եհովան։ Ի տարբերություն նվիրման՝ մկրտությունը հանրային արարողություն է։ Մկրտվելով՝ դու ներկաներին ցույց ես տալիս, որ նվիրվել ես Աստծուն։ Նվիրումը սուրբ երդում է, և դու պետք է ձգտես պահել այն։ Եհովան էլ է ակնկալում, որ այդպես վարվես (Ժող. 5։4)։ w24.03, էջ 2, պրբ. 2; էջ 3, պրբ. 5

28 դեկտեմբերի, կիրակի

Ձեզնից ամեն մեկը թող իր կնոջը սիրի այնպես, ինչպես ինքն իրեն։ Իսկ կինը պետք է խորապես հարգի իր ամուսնուն (Եփես. 5։33)։

Բոլոր ամուսնությունների մեջ էլ դժվարություններ լինում են։ Աստվածաշնչում պարզ գրված է, որ ամուսնացողները «դժվարություններ կունենան իրենց կյանքում» (1 Կորնթ. 7։28)։ Պատճառն այն է, որ ամուսնությունը միավորում է երկու անկատար մարդկանց, որոնք տարբեր բնավորության գծեր ու նախասիրություններ ունեն։ Կողակիցները տարբեր ընտանիքներից են և հնարավոր է՝ տարբեր դաստիարակություն են ստացել։ Բացի այդ՝ ժամանակի ընթացքում նրանք գուցե սկսեն դրսևորել այնպիսի հատկություններ, որոնք նախքան ամուսնությունը նկատելի չէին։ Հնարավոր է՝ կողակիցները մեղադրեն միմյանց, փոխարենը ընդունելու, որ ստեղծված իրավիճակում յուրաքանչյուրն իր մեղքի բաժինն ունի և պետք է ջանքեր ներդնի, որ լուծի խնդիրը։ Նրանք գուցե այնպիսի եզրակացության գան, որ իրենց խնդրի լուծումը անջատ ապրելն է կամ ամուսնալուծվելը։ Բայց Եհովան ցանկանում է, որ ամուսնացածները հարգեն ամուսնական կառույցը, նույնիսկ եթե կյանքը իրենց կողակցի հետ հեշտ չէ։ w24.03, էջ 16, պրբ. 8; էջ 17, պրբ. 11

29 դեկտեմբերի, երկուշաբթի

Այդ հույսը փայփայելով՝ մենք չենք հիասթափվի (Հռոմ. 5։5)։

Դրախտային երկրում հավիտյան ապրելու հույսդ քո նվիրումից և մկրտությունից հետո շարունակել է ամրանալ, քանի որ ավելին ես իմացել Եհովայի մասին և հոգևորապես աճել ես (Եբր. 5։13-6։1)։ Հավանաբար՝ դու էլ ես զգացել այն, ինչ գրված է Հռոմեացիներ 5։2-4-ում։ Դու տարբեր դժվարություններ ես ունեցել, բայց հաղթահարել ես դրանք և զգացել ես, որ ունես Աստծու հավանությունը։ Դրա շնորհիվ ավելի մեծ համոզվածությամբ ես լցվել, որ Աստծու խոստումները կիրականանան։ Այդպիսով ժամանակի ընթացքում հույսդ մեծացել է։ Այն ավելի իրական է դարձել քեզ համար և ավելի մեծ ազդեցություն ունի քեզ վրա։ Այդ հույսը արտացոլվում է կյանքիդ բոլոր բնագավառներում և անդրադառնում այն հարցերի վրա, թե ինչպես ես վերաբերվում ընտանիքիդ անդամներին, որոշումներ կայացնում և տնօրինում ժամանակդ։ Պողոս առաքյալը մի կարևոր միտք էլ է ընդգծում։ Նա ասում է, որ Աստծու հավանությունը ստանալուց հետո քո հույսը կիրականանա (Հռոմ. 15։13)։ w23.12, էջ 12-13, պրբ. 16-19

30 դեկտեմբերի, երեքշաբթի

[Եհովան ձեզ] հաստատուն կդարձնի (1 Պետ. 5։10)։

Լուրջ դժվարության միջով անցնելիս գուցե չկարողանանք հավասարակշռել մեր զգացումները, մտքերը և գործողությունները։ Ինչպես նավն է ալեկոծ ծովում տարուբերվում ալիքներից, այնպես էլ ծանր ապրումները կարող են ալեկոծել մեր ներաշխարհը։ Իսկ ինչպե՞ս է Եհովան օգնում, երբ նման զգացումները հեղեղում են մեզ։ Նա հավաստիացնում է, որ «հաստատուն կդարձնի» մեզ։ Փոթորկոտ ծովում տարուբերվող ալիքները սկսում են ուժեղ ճոճել նավը, ինչը շատ վտանգավոր է։ Բազմաթիվ նավեր կայունարարներ ունեն, որոնք վտանգավոր իրավիճակներում նավի երկու կողմից ջրի մեջ բացվում են։ Այդ կայունարարները էականորեն նվազեցնում են նավի ճոճը, և իրավիճակը ավելի ապահով ու տանելի են դարձնում ուղևորների համար։ Սակայն դրանք ավելի արդյունավետ են գործում, երբ նավը շարժման մեջ է։ Նմանապես Եհովան կկայունացնի՝ հաստատուն կդարձնի մեզ, եթե փորձությունների ժամանակ շարունակենք հավատարմորեն առաջ ընթանալ։ w24.01, էջ 22, պրբ. 7-8

31 դեկտեմբերի, չորեքշաբթի

Ես Աստծուն եմ ապավինում ու չեմ վախենում (Սաղ. 56։4)։

Երբ վախով ես համակվում, խորհիր այն մասին, թե ինչեր է Եհովան արել անցյալում։ Մտածիր ստեղծագործության շուրջ։ Օրինակ՝ ուշադրություն դարձրու, թե ինչպես է Եհովան հոգ տանում թռչունների ու ծաղիկների մասին, որոնք ստեղծված չեն իր պատկերով և ունակ չեն պաշտելու իրեն։ Դա քեզ համոզվածությամբ կլցնի, որ նա հոգ կտանի նաև քո մասին (Մատթ. 6։25-32)։ Բացի այդ՝ մտածիր, թե ինչեր է Եհովան արել իր ծառաների համար։ Փնտրտուքներ արա աստվածաշնչյան որևէ կերպարի մասին, ով առանձնահատուկ հավատ է դրսևորել, կամ կարդա մերօրյա հավատարիմների մասին։ Մտածիր նաև հետևյալ հարցերի շուրջ. «Ինչպե՞ս է Եհովան հոգ տարել իմ մասին։ Ինչպե՞ս է ձգել ինձ դեպի ճշմարտությունը (Հովհ. 6։44)։ Ինչպե՞ս է պատասխանել իմ աղոթքներին (1 Հովհ. 5։14)։ Ի՞նչ օգուտներ եմ ամեն օր քաղում նրա սիրելի Որդու տված փրկագնից» (Եփես. 1։7; Եբր. 4։14-16)։ w24.01, էջ 4, պրբ. 6; էջ 7, պրբ. 17

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը