Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • es25 էջ 108–118
  • Նոյեմբեր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նոյեմբեր
  • Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
  • Ենթավերնագրեր
  • 1 նոյեմբերի, շաբաթ
  • 2 նոյեմբերի, կիրակի
  • 3 նոյեմբերի, երկուշաբթի
  • 4 նոյեմբերի, երեքշաբթի
  • 5 նոյեմբերի, չորեքշաբթի
  • 6 նոյեմբերի, հինգշաբթի
  • 7 նոյեմբերի, ուրբաթ
  • 8 նոյեմբերի, շաբաթ
  • 9 նոյեմբերի, կիրակի
  • 10 նոյեմբերի, երկուշաբթի
  • 11 նոյեմբերի, երեքշաբթի
  • 12 նոյեմբերի, չորեքշաբթի
  • 13 նոյեմբերի, հինգշաբթի
  • 14 նոյեմբերի, ուրբաթ
  • 15 նոյեմբերի, շաբաթ
  • 16 նոյեմբերի, կիրակի
  • 17 նոյեմբերի, երկուշաբթի
  • 18 նոյեմբերի, երեքշաբթի
  • 19 նոյեմբերի, չորեքշաբթի
  • 20 նոյեմբերի, հինգշաբթի
  • 21 նոյեմբերի, ուրբաթ
  • 22 նոյեմբերի, շաբաթ
  • 23 նոյեմբերի, կիրակի
  • 24 նոյեմբերի, երկուշաբթի
  • 25 նոյեմբերի, երեքշաբթի
  • 26 նոյեմբերի, չորեքշաբթի
  • 27 նոյեմբերի, հինգշաբթի
  • 28 նոյեմբերի, ուրբաթ
  • 29 նոյեմբերի, շաբաթ
  • 30 նոյեմբերի, կիրակի
Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
es25 էջ 108–118

Նոյեմբեր

1 նոյեմբերի, շաբաթ

Երեխաների ու մանուկների բերանով գովաբանություն հնչեցրիր (Մատթ. 21։16)։

Ծնողները կարող են օգնել իրենց երեխաներին, որ նրանք իրենց տարիքին համապատասխան մեկնաբանություններ պատրաստեն։ Երբեմն ուսումնասիրության ժամանակ շոշափվում են այնպիսի լուրջ թեմաներ, ինչպիսիք են ամուսնական խնդիրներն ու բարոյական հարցերը։ Նույնիսկ այդպիսի հոդվածներում թերևս հնարավոր լինի գտնել մեկ կամ երկու պարբերություն, որոնց երեխաները կարող են պատասխանել։ Նաև օգնիր երեխաներիդ հասկանալ, որ անցկացնողը երբեմն չի հարցնի նրանց։ Այդպես նրանք չեն վհատվի, երբ ոչ թե իրենց հարցնեն, այլ ուրիշներին (1 Տիմոթ. 6։18)։ Բոլորս էլ կարող ենք պատրաստել քաջալերական մեկնաբանություններ, որոնք կփառաբանեն Եհովային և թև կտան մեր հավատակիցներին (Առակ. 25։11)։ Թեև սխալ չէ երբեմն մի բան պատմել մեր փորձից, սակայն չպետք է մեզ վրա չափից շատ ուշադրություն հրավիրենք (Առակ. 27։2; 2 Կորնթ. 10։18)։ Փոխարենը՝ լավ կլինի՝ խոսենք Եհովայի, նրա Խոսքի և ժողովրդի մասին (Հայտն. 4։11)։ w23.04, էջ 24-25, պրբ. 17-18

2 նոյեմբերի, կիրակի

Եկեք չքնենք ուրիշների պես, այլ արթուն լինենք ու պահպանենք մեր սթափ դատողությունը (1 Թեսաղ. 5։6)։

Արթուն և զգոն մնալու համար սերը կարևոր է (Մատթ. 22։37-39)։ Աստծուն սիրելու շնորհիվ մենք շարունակում ենք քարոզել՝ անկախ նրանից, թե այդպես վարվելով ինչ դժվարությունների կբախվենք (2 Տիմոթ. 1։7, 8)։ Եվ քանի որ սիրում ենք նաև այն մարդկանց, ովքեր չեն կիսում մեր հավատը, շարունակում ենք քարոզել՝ նույնիսկ վկայություն տալով նամակագրությամբ և հեռախոսով։ Մենք մեր հույսը չենք կորցնում, որ մի օր մեր շրջապատի մարդիկ կփոխվեն և կանեն այն, ինչը ճիշտ է (Եզեկ. 18։27, 28)։ Մենք սիրում ենք նաև մեր հավատակիցներին և դա ցույց ենք տալիս՝ «քաջալերելով ու զորացնելով միմյանց» (1 Թեսաղ. 5։11)։ Պատերազմում ուս ուսի կռվող զինվորների նման մենք մխիթարում ու քաջալերում ենք իրար։ Մենք երբեք դիտավորյալ չենք ցավեցնի մեր եղբայրներին ու քույրերին և չարին չարով չենք հատուցի (1 Թեսաղ. 5։13, 15)։ Մենք սեր դրսևորած կլինենք նաև, եթե հարգանքով վերաբերվենք այն եղբայրներին, ովքեր առաջնորդություն են վերցնում ժողովում (1 Թեսաղ. 5։12)։ w23.06, էջ 9, պրբ. 6; էջ 11, պրբ. 10-11

3 նոյեմբերի, երկուշաբթի

Մի՞թե [Եհովան] կասի և չի անի (Թվեր 23։19)։

Մեր հավատն ամրացնելու կերպերից մեկը փրկագնի շուրջ խորհրդածելն է։ Փրկագինը երաշխիքն է այն բանի, որ Աստծու խոստումները կիրականանան։ Եթե խորությամբ մտածենք այն մասին, թե ինչու է փրկագինը տրվել, և ինչ զոհողությունների է գնացել Եհովան, ավելի համոզված կլինենք, որ դրախտում հավիտյան ապրելու մասին նրա տված խոստումը անպայման կկատարվի։ Եհովան իր սիրելի միածին Որդուն՝ իր ամենամտերիմ համագործակցին, ուղարկեց երկիր որպես կատարյալ մարդ։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը ամեն տեսակ դժվարության միջով անցավ։ Այնուհետև նա տանջանքներ կրեց և սարսափելի մահով մահացավ։ Մեր սիրառատ Աստված երբեք թույլ չէր տա, որ իր Որդին այդքան տառապանքներ կրեր ու մահանար զուտ այն բանի համար, որ մենք լավ կյանքով ապրեինք շատ կարճ ժամանակ (Հովհ. 3։16; 1 Պետ. 1։18, 19)։ Քանի որ Եհովան այդքան բարձր գին է վճարել, նա այնպես կանի, որ նոր աշխարհում հավիտյան ապրելու մասին իր տված խոստումը իրականություն դառնա։ w23.04, էջ 27, պրբ. 8-9

4 նոյեմբերի, երեքշաբթի

Ո՞ւր են քո խայթոցները, Մա՛հ (Օս. 13։14)։

Վստահ ենք‵ Եհովան ցանկություն ունի հարություն տալու մահացածներին։ Նա մի շարք մարդկանց ներշնչել է, որ Աստվածաշնչում գրեն հարության վերաբերյալ իր խոստումը (Ես. 26։19; Հայտն. 20։11-13)։ Իսկ երբ Եհովան որևէ բան է խոստանում, անպայման իրագործում է այն (Հեսու 23։14)։ Իրականում նա փափագում է կյանքի վերադարձնել մահացածներին։ Հոբ նահապետը վստահ էր, որ անգամ եթե մահանա, Եհովան կարոտով կսպասի, որ նորից տեսնի նրան (Հոբ 14։14, 15)։ Եհովան կարոտում է նաև իր մյուս ծառաներին, ովքեր մահացել են։ Նա փափագում է կյանքի վերադարձնել նրանց, որ ապրեն առողջ ու երջանիկ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն միլիարդավոր մարդկանց մասին, ովքեր մահացել են՝ այդպես էլ հնարավորություն չունենալով իմանալ Եհովայի մասին ճշմարտությունը։ Մեր սիրառատ Աստված նրանց էլ է ուզում հարություն տալ (Գործ. 24։15)։ Նա ցանկանում է, որ այդ մարդիկ հնարավորություն ունենան դառնալու իր ընկերները և հավիտյան ապրեն երկրի վրա (Հովհ. 3։16)։ w23.04, էջ 9, պրբ. 5-6

5 նոյեմբերի, չորեքշաբթի

Աստված է մեզ զորացնելու (Սաղ. 108։13)։

Ինչպե՞ս կարող ես ամրացնել քո հույսը։ Եթե հույս ունես հավիտյան ապրելու երկրի վրա, կարդա դրախտի մասին աստվածաշնչյան արձանագրությունները և խորհրդածիր դրանց շուրջ (Ես. 25։8; 32։16-18)։ Մտածիր, թե ինչպիսին կլինի կյանքը նոր աշխարհում, պատկերացրու քեզ այնտեղ։ Եթե նոր աշխարհի հույսը վառ պահենք, մեր խնդիրները մեզ համար «վաղանցիկ և աննշան» կլինեն (2 Կորնթ. 4։17)։ Այո՛, Եհովայի տված հույսը կզորացնի քեզ։ Նա ամեն միջոց տրամադրել է քեզ զորացնելու համար։ Ուստի երբ օգնության կարիք ես ունենում որևէ հանձնարարություն կատարելու, դժվարության դիմանալու կամ ուրախությունդ պահպանելու հարցում, ջերմեռանդորեն աղոթիր Եհովային, անձնական ուսումնասիրության միջոցով փնտրիր նրա առաջնորդությունը, ընդունիր հավատակիցներիդ օգնությունը և ապագայի հույսդ վառ պահիր։ Եթե այդպես վարվես, «Աստված, ով ահռելի զորություն ունի, քեզ անհրաժեշտ ուժը կտա, որպեսզի կարողանաս համբերությամբ և ուրախությամբ դիմանալ ամեն ինչի» (Կող. 1։11)։ w23.10, էջ 17, պրբ. 19-20

6 նոյեմբերի, հինգշաբթի

Ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեք (1 Թեսաղ. 5։18)։

Մենք Եհովային շնորհակալություն հայտնելու բազմաթիվ պատճառներ ունենք։ Կարող ենք շնորհակալություն հայտնել ցանկացած լավ բանի համար, որ ունենք։ Չէ՞ որ ամեն «լավ պարգև» նրանից է գալիս (Հակ. 1։17)։ Օրինակ՝ մեր երախտագիտությունը կարող ենք հայտնել նրա տված գեղեցիկ մոլորակի և այլ զարմանահրաշ ստեղծագործությունների համար, մեր կյանքի, ընտանիքի, ընկերների և հույսի համար։ Ինչպես նաև այն թանկ մտերմության, որ կարող ենք վայելել նրա հետ։ Ինչ խոսք, Եհովային երախտապարտ լինելու բազում պատճառներ ունենք։ Բայց գուցե մեզանից հատուկ ջանքեր պահանջվեն դրանք տեսնելու համար։ Պատճառն այն է, որ մենք ապրում ենք անշնորհակալ աշխարհում։ Արդեն իսկ ունեցածի համար երախտագետ լինելու փոխարեն՝ մարդիկ հաճախ կենտրոնանում են այն բանի վրա, թե ինչ կուզեին ձեռք բերել։ Եթե որդեգրենք այդ տրամադրվածությունը, մեր աղոթքները կվերածվեն խնդրանքների շարանի։ Ուստի պետք է շարունակ գնահատանք զարգացնենք այն ամենի հանդեպ, ինչ Եհովան անում է մեզ համար, և արտահայտենք մեր գնահատանքը (Ղուկ. 6։45)։ w23.05, էջ 4, պրբ. 8-9

7 նոյեմբերի, ուրբաթ

Թող հավատով խնդրի՝ բոլորովին չկասկածելով (Հակ. 1։6)։

Լինելով մեր սիրառատ Հայրը՝ Եհովան չի ուզում, որ մենք տառապենք (Ես. 63։9)։ Սակայն նա չի կանխում մեր բոլոր փորձությունները, որոնք նման են գետերի ու կրակի (Ես. 43։2)։ Փոխարենը նա խոստանում է, որ կօգնի մեզ «անցնել» դրանց միջով։ Եհովան թույլ չի տա, որ փորձությունները անդառնալի վնաս պատճառեն մեզ։ Նա նաև մեզ կտա իր զորեղ ոգին, որ կարողանանք դիմանալ (Ղուկ. 11։13; Փիլիպ. 4։13)։ Ուստի կարող ենք համոզված լինել, որ Եհովան կտա մեզ այն ամենը, ինչի կարիքն ունենք դժվարություններին դիմանալու և նրան հավատարիմ մնալու համար։ Եհովան ակնկալում է, որ վստահենք իրեն (Եբր. 11։6)։ Մեր խնդիրները երբեմն գուցե անհաղթահարելի թվան։ Հնարավոր է՝ անգամ սկսենք կասկածել, որ Եհովան կօգնի մեզ։ Բայց Աստվածաշունչը հավաստիացնում է, որ Աստծու տված ուժի շնորհիվ մենք կարող ենք «պարիսպ մագլցել» (Սաղ. 18։29)։ Ուստի կասկածներին տրվելու փոխարեն պետք է հավատով լի աղոթենք և համոզված լինենք, որ Եհովան կպատասխանի մեր աղոթքներին (Հակ. 1։6, 7)։ w23.11, էջ 22, պրբ. 8-9

8 նոյեմբերի, շաբաթ

[Սերը] բոցավառ կրակ է՝ Յահի բոցն է։ Ալեկոծ ջրերը չեն կարող հանգցնել սերը, ոչ էլ գետերը կարող են սրբել-տանել այն (Երգ 8։6, 7)։

Իսկական սիրո ի՜նչ գեղեցիկ նկարագրություն։ Այս խոսքերը ամուսնական զույգերին հավաստիացնում են, որ միմյանց հանդեպ ունեցած նրանց սերը կարող է անմար լինել։ Ամուսինն ու կինը պետք է ջանքեր թափեն, որ ամբողջ կյանքի ընթացքում անմար սեր ունենան միմյանց հանդեպ։ Պատկերացնենք օրինակով։ Խարույկը միշտ վառ կմնա, եթե շարունակ փայտ գցենք դրա մեջ։ Հակառակ դեպքում, այն ի վերջո կմարի։ Նմանապես ամուսնու և կնոջ միջև սերը կարող է հավետ վառ մնալ, եթե նրանք շարունակ ամրացնեն իրենց հարաբերությունները։ Ամուսինն ու կինը գուցե զգան, որ իրենց սերը մարում է, հատկապես եթե ֆինանսական կամ առողջական խնդիրներ են ծագում, կամ երեխաներին մեծացնելու հետ կապված դժվարություններ են առաջանում։ Ուստի «Յահի բոցը» վառ պահելու համար թե՛ ամուսինը, թե՛ կինը պետք է ջանքեր թափեն, որպեսզի Եհովայի հետ ամուր փոխհարաբերություններ ունենան։ w23.05, էջ 20, պրբ. 1-3

9 նոյեմբերի, կիրակի

Մի՛ վախեցիր (Դան. 10։19)։

Ի՞նչ պետք է անենք քաջություն զարգացնելու համար։ Մեր ծնողները գուցե հորդորեն մեզ քաջ լինել, բայց նրանք չեն կարող ժառանգաբար փոխանցել մեզ այդ հատկությունը։ Քաջություն զարգացնելը նման է նոր հմտություն սովորելուն։ Սովորաբար նոր բան սովորելու համար մենք ուշադիր հետևում ենք մեզ ուսուցանողի գործողություններին և ընդօրինակում ենք նրան։ Նմանապես մենք կարող ենք սովորել քաջ լինել, եթե ուշադրություն դարձնենք, թե ինչպես են ուրիշները դրսևորում այդ հատկությունը, և ընդօրինակենք նրանց։ Դանիելի պես մենք պետք է լավ իմանանք Աստծու Խոսքը։ Բացի այդ՝ պետք է մտերմանանք Եհովայի հետ՝ հաճախակի և անկաշկանդ պատմելով նրան մեր զգացմունքների մասին։ Պետք է նաև վստահենք Եհովային՝ համոզված լինելով, որ նա միշտ կօգնի մեզ։ Այդ դեպքում քաջ կլինենք հավատի փորձության ենթարկվելիս։ Քաջ մարդիկ արժանանում են ուրիշների հարգանքին։ Բացի այդ՝ նրանք օգնում են ազնվասիրտ մարդկանց, որ ճանաչեն Եհովային։ Անկասկած, մենք քաջություն զարգացնելու հիմնավոր պատճառներ ունենք։ w23.08, էջ 2, պրբ. 2; էջ 4, պրբ. 8-9

10 նոյեմբերի, երկուշաբթի

Ստուգեք ամեն ինչ (1 Թեսաղ. 5։21)։

«Ստուգել» թարգմանված հունարեն բառը օգտագործվում է թանկարժեք մետաղները ստուգելու առնչությամբ։ Ուստի մենք պետք է պարզենք, թե արդյոք այն, ինչ լսում կամ կարդում ենք, իսկապես հավաստի է, թե ոչ։ Դա շատ կարևոր է մեզ համար, քանի որ մոտենում ենք մեծ նեղությանը։ Ուրիշների ասածները կուրորեն ընդունելու փոխարեն մենք գործի ենք դնում մեր մտածելու կարողությունը, որ համեմատենք և տեսնենք, թե արդյոք մեր կարդացածը կամ լսածը ներդաշնակ է Աստվածաշնչին և Եհովայի կազմակերպության տրամադրած տեղեկություններին։ Այդպես վարվելը կօգնի, որ չենթարկվենք որևէ դիվային պրոպագանդայի (Առակ. 14։15; 1 Տիմոթ. 4։1)։ Եհովայի ծառաները որպես խումբ կվերապրեն մեծ նեղությունից։ Սակայն մենք չգիտենք, թե որպես առանձին անհատներ ինչ կլինի մեզ հետ վաղը (Հակ. 4։14)։ Անկախ նրանից՝ մենք կանցնենք մեծ նեղությունը, թե կմահանանք նախքան դա, Եհովան մեզ հավիտենական կյանք կպարգևի, եթե հավատարիմ մնանք իրեն։ Թող որ բոլորս էլ կենտրոնացած մնանք մեր հիանալի հույսի վրա և պատրաստ լինենք Եհովայի օրվան։ w23.06, էջ 13, պրբ. 15-16

11 նոյեմբերի, երեքշաբթի

Եհովան.... իր գաղտնիքը [հայտնում է] իր ծառաներին (Ամոս 3։7)։

Մենք չգիտենք, թե աստվածաշնչյան որոշ մարգարեություններ ինչպես են իրականանալու (Դան. 12։8, 9)։ Բայց դա չի նշանակում, թե դրանք չեն իրականանալու։ Կարող ենք համոզված լինել, որ ճիշտ ժամանակին Եհովան կբացահայտի այն ամենը, ինչ պետք է իմանանք, ինչպես որ դա արել է անցյալում։ Մենք գիտենք, որ նախ՝ կհնչի «խաղաղություն է և անվտանգություն» հայտարարությունը (1 Թեսաղ. 5։3)։ Հետո՝ աշխարհի քաղաքական ուժերը կհարձակվեն կեղծ կրոնի վրա և կոչնչացնեն այն (Հայտն. 17։16, 17)։ Հետո նրանք կհարձակվեն Աստծու ժողովրդի վրա (Եզեկ. 38։18, 19)։ Այս իրադարձությունները կհանգեցնեն Արմագեդոն պատերազմին (Հայտն. 16։14, 16)։ Կարող ենք վստահ լինել, որ վերոնշյալ իրադարձությունները տեղի կունենան շուտով։ Բայց մինչ այդ թող որ շարունակենք երախտագիտություն դրսևորել մեր սիրառատ երկնային Հոր հանդեպ՝ ուշադրություն դարձնելով աստվածաշնչյան մարգարեություններին և օգնելով ուրիշներին, որ նրանք էլ նույնն անեն։ w23.08, էջ 13, պրբ. 19-20

12 նոյեմբերի, չորեքշաբթի

Եկեք սիրենք իրար, որովհետև սերն Աստծուց է (1 Հովհ. 4։7)։

Հավատի, հույսի և սիրո մասին խոսելիս Պողոս առաքյալը իր խոսքը եզրափակեց՝ ասելով. «Սրանցից մեծագույնը սերն է» (1 Կորնթ. 13։13)։ Ինչո՞ւ Պողոսը նման բան ասաց։ Ապագայում կարիք չի լինի հավատալու նոր աշխարհի մասին Աստծու խոստմանը, քանի որ այն իրականացած կլինի։ Բայց մենք միշտ պետք է սիրենք Եհովային և մարդկանց։ Դեռ ավելին՝ հավիտենության ընթացքում մեր սերը նրանց հանդեպ գնալով աճելու է։ Սերը բնորոշում է ճշմարիտ քրիստոնյաներին։ Հիսուսն ասաց իր առաքյալներին. «Եթե սիրեք իրար, բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք» (Հովհ. 13։35)։ Բացի այդ՝ սերը օգնում է, որ միասնական լինենք։ Պողոսը այն կոչեց «բոլորին կատարելապես միավորող կապ» (Կող. 3։14)։ Հովհաննես առաքյալը գրեց իր հավատակիցներին. «Ով սիրում է Աստծուն, պետք է նաև իր եղբորը սիրի» (1 Հովհ. 4։21)։ Երբ միմյանց հանդեպ սեր ենք դրսևորում, փաստում ենք, որ սիրում ենք Աստծուն։ w23.11, էջ 8, պրբ. 1, 3

13 նոյեմբերի, հինգշաբթի

Մեր վրայից գցենք ամեն ծանրություն (Եբր. 12։1)։

Աստվածաշունչը քրիստոնյայի կյանքը համեմատում է մրցավազքի հետ։ Վերջնագծին հասնողները պարգևատրվում են հավիտենական կյանքով (2 Տիմոթ. 4։7, 8)։ Ուստի մենք պետք է ամեն ջանք թափենք, որ շարունակենք վազել, հատկապես հիմա, երբ վերջնագիծը շատ մոտ է։ Պողոս առաքյալը նշել է, թե վերջնագծին հասնելու համար ինչ պետք է անենք։ Նա գրել է, որ «մեր վրայից գցենք ամեն ծանրություն» և «դիմացկունությամբ վազենք մեր առջև դրված այս մրցավազքում»։ Պողոսը նկատի չուներ, որ քրիստոնյան ոչ մի ծանրություն չպետք է կրի։ Նա ուզում էր ասել, որ մենք պետք է ազատվենք ավելորդ ծանրությունից, ինչը կարող է դանդաղեցնել մեր ընթացքը և ուժասպառ անել մեզ։ Դիմացկունությամբ վազելու համար մենք պետք է շուտ նկատենք, թե ինչն է դանդաղեցնում մեր ընթացքը, և անմիջապես ազատվենք ավելորդ ծանրությունից։ Միևնույն ժամանակ մենք չենք ցանկանում մեր վրայից հանել այն բեռը, որը պետք է կրենք։ Հակառակ դեպքում՝ գուցե որակազրկվենք որպես վազորդներ և դուրս մնանք մրցավազքից (2 Տիմոթ. 2։5)։ w23.08, էջ 26, պրբ. 1-2

14 նոյեմբերի, ուրբաթ

Ձեր զարդարանքը թող [չ]լինի.... արտաքուստ (1 Պետ. 3։3)։

Խոհեմությունը օգնում է մեզ հարգել ուրիշների տեսակետը։ Օրինակ՝ մեր քույրերից ոմանք նախընտրում են շպարվել, իսկ մյուսները՝ ոչ։ Որոշ քրիստոնյաներ սիրում են չափի մեջ ալկոհոլ օգտագործել, իսկ մյուսները որոշել են հեռու մնալ դրանից։ Բոլորս էլ ուզում ենք առողջ լինել, բայց մեր առողջության պահպանման համար տարբեր բուժմեթոդներ ենք ընտրում։ Եթե մտածենք, որ մեր տեսակետը միշտ ճիշտ է, և փորձենք այն պարտադրել մեր հավատակիցներին, գուցե գայթակղության և բաժանումների պատճառ դառնանք (1 Կորնթ. 8։9; 10։23, 24)։ Օրինակ՝ հագուկապի հետ կապված խիստ կանոններ սահմանելու փոխարեն Եհովան մեզ սկզբունքներ է տվել։ Մենք պետք է Աստծու ծառաներին վայել կերպով հագնվենք՝ դրսևորելով խոհեմություն, համեստություն և «ողջամտություն» (1 Տիմոթ. 2։9, 10)։ Ուստի այնպես չենք հագնվում, որ անհարկի ուշադրություն հրավիրենք մեզ վրա։ Իսկ երեցները, առաջնորդվելով աստվածաշնչյան սկզբունքներով, կանոններ չեն սահմանում հագուստի և հարդարանքի հարցում։ w23.07, էջ 23-24, պրբ. 13-14

15 նոյեմբերի, շաբաթ

Ուշադիր ինձ լսեք ու լավ սնունդ ճաշակեք, և դուք ուրախությամբ իսկապես ընտիր կերակուր կվայելեք (Ես. 55։2)։

Եհովան ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք երջանիկ ապագայի հիմք դնել։ Նրանք, ովքեր ընդունում են աղմկոտ և «հիմար կնոջ» հրավերը, տարվում են անբարո հաճույքներով։ Նրանց վերջը «գերեզմանի խորքում է» (Առակ. 9։13, 17, 18)։ Պարագան բոլորովին այլ է նրանց դեպքում, ովքեր ընդունում են «ճշմարիտ իմաստության» հրավերը (Առակ. 9։1)։ Մենք սովորում ենք սիրել այն, ինչ Եհովան է սիրում և ատել այն, ինչ նա է ատում (Սաղ. 97։10)։ Եվ մեզ մեծ բավականություն է պատճառում այն, որ մյուսներին էլ ենք հրավիրում օգտվելու «ճշմարիտ իմաստությունից»։ Մենք ասես «քաղաքի բարձունքներից գոչենք. «Ով միամիտ է, թող այստեղ գա»»։ Բոլոր նրանք, ովքեր կընդունեն «ճշմարիտ իմաստության» հրավերը, ոչ միայն կօրհնվեն այսօր, այլև ապագայում կապրեն հավիտյան՝ քայլելով «հասկացողության ճանապարհով» (Առակ. 9։3, 4, 6)։ w23.06, էջ 24, պրբ. 17-18

16 նոյեմբերի, կիրակի

Նա, ով չի շտապում բարկանալ, հզոր մարդուց լավ է, և ինքնատիրապետում ունեցողը քաղաքը գրավողից է լավ (Առակ. 16։32)։

Շատերս լարվում ենք, երբ մեր աշխատակիցը կամ համադասարանցին մեր հավատալիքների վերաբերյալ որևէ հարց է տալիս։ Բայց դա կարող է օգնել մեզ հասկանալ, թե իրականում տվյալ անհատը ինչ է մտածում կամ ինչին է հավատում, և այդ առիթը կարելի է օգտագործել բարի լուրը պատմելու համար։ Սակայն երբեմն մարդիկ մեզ հարց են ուղղում իրենց անհամաձայնությունը արտահայտելու կամ մեզ հետ վիճաբանելու համար։ Դա չպետք է զարմացնի մեզ, քանի որ նրանք սխալ տեղեկություններ են լսել մեր հավատալիքների մասին (Գործ. 28։22)։ Բացի այդ՝ մենք ապրում ենք «վերջին օրերում», երբ շատերը «համաձայնության չեկող» են ու «դաժան» (2 Տիմոթ. 3։1, 3)։ Գուցե մտածես. «Ինչպե՞ս կարող եմ մեղմ ու հարգալից լինել, երբ ինչ-որ մեկը իմ հավատալիքների հետ կապված ցանկանում է վիճել ինձ հետ»։ Այս հարցում քեզ կօգնի մեղմությունը։ Մեղմ մարդը հեշտությամբ չի բարկանում, այլ կարողանում է ինքնատիրապետում դրսևորել, երբ նրան սադրում են կամ այնպիսի հարցեր են տալիս, որոնց պատասխանը նա չգիտի։ w23.09, էջ 14, պրբ. 1-2

17 նոյեմբերի, երկուշաբթի

Ողջ երկրում դու նրանց իշխաններ կնշանակես (Սաղ. 45։16)։

Հաճախ մենք կազմակերպությունից խորհուրդներ ենք ստանում, որոնք պաշտպանում են մեզ, օրինակ, նյութապաշտությունից կամ այնպիսի բաներից, որոնք կարող են դրդել մեզ խախտել Աստծու օրենքները։ Նման հարցերում Աստծու առաջնորդությանը հետևելը օրհնություններ է բերում (Ես. 48։17, 18; 1 Տիմոթ. 6։9, 10)։ Անկասկած, Եհովան կշարունակի մարդկանց միջոցով առաջնորդել մեզ մեծ նեղության, ինչպես նաև Հազարամյա Իշխանության ընթացքում։ Կշարունակե՞նք հետևել այդ առաջնորդությանը։ Շատ բան կախված է նրանից, թե ինչպես ենք արձագանքում Եհովայի առաջնորդությանը հիմա։ Ուստի եկեք շարունակ հետևենք Աստծու առաջնորդությանը՝ այդ թվում այն հրահանգներին, որոնք նա տալիս է այն տղամարդկանց միջոցով, ովքեր նշանակված են մեր մասին հոգ տանելու համար (Ես. 32։1, 2; Եբր. 13։17)։ Մենք բոլոր պատճառներն ունենք վստահելու Եհովային, ով պաշտպանում է մեզ հոգևոր վտանգներից և առաջնորդում է դեպի մեր հոգևոր նպատակակետը՝ հավիտենական կյանք նոր աշխարհում։ w24.02, էջ 25, պրբ. 17-18

18 նոյեմբերի, երեքշաբթի

Դուք փրկվեցիք նրա անզուգական բարության շնորհիվ (Եփես. 2։5)։

Եհովային ծառայելը Պողոս առաքյալին մեծ բավականություն էր պատճառում, բայց նա նաև շատ դժվարությունների էր բախվում։ Առաքյալը հաճախ էր ճամփորդում՝ անցնելով երկար տարածություններ, իսկ ճամփորդելը նրա օրերում հեշտ չէր։ Այդ ճամփորդությունների ընթացքում նա երբեմն տարբեր վտանգների էր բախվում՝ «գետերում՝ վտանգներ», «ավազակներից՝ վտանգներ», երբեմն էլ հակառակորդները ծեծի էին ենթարկում նրան (2 Կորնթ. 11։23-27)։ Բացի այդ՝ Պողոսի հավատակիցները ոչ միշտ էին գնահատում այն, ինչ նա անկեղծորեն անում էր նրանց համար (2 Կորնթ. 10։10; Փիլիպ. 4։15)։ Նա շարունակեց ծառայել Եհովային, քանի որ Սուրբ Գրքերից, ինչպես նաև իր իսկ կյանքում տեղի ունեցած դեպքերից շատ բան էր սովորել Եհովայի մասին և համոզվել էր, որ Նա սիրում է իրեն (Հռոմ. 8։38, 39; Եփես. 2։4, 5)։ Պողոսն էլ սկսել էր Եհովային շատ սիրել և այդ սերը փաստում էր՝ շարունակ «ծառայելով սրբերին» (Եբր. 6։10)։ w23.07, էջ 9, պրբ. 5-6

19 նոյեմբերի, չորեքշաբթի

Հպատակվ[եք] իշխանություններին (Հռոմ. 13։1)։

Շատ մարդիկ ընդունում են, որ հարկավոր է ունենալ կառավարություն և հնազանդվել իշխանությունների սահմանած որոշ օրենքների։ Բայց նրանք չեն ցանկանում հնազանդվել այն օրենքներին, որոնք իրենց կարծիքով անարդար են կամ ծանրաբեռնող։ Աստվածաշնչում նշվում է, որ մարդկային կառավարությունները ցավ ու տառապանք են պատճառում մարդկությանը, դրանք Սատանայի իշխանության տակ են և շուտով ոչնչացվելու են (Սաղ. 110։5, 6; Ժող. 8։9; Ղուկ. 4։5, 6)։ Այնտեղ նաև ասվում է. «Ով հակառակվում է իշխանությանը, դեմ է գնում Աստծու սահմանած կարգին»։ Եհովան դեռևս թույլ է տալիս, որ մարդկային կառավարություններն իշխեն, որպեսզի կարգուկանոն տիրի, և նա ակնկալում է, որ հնազանդվենք դրանց։ Հետևաբար մենք կառավարություններին պետք է «տանք իրենց հասանելիքը», ինչը ներառում է հարկեր վճարելը և նրանց հարգելն ու հնազանդվելը (Հռոմ. 13։1-7)։ Գուցե որևէ օրենք մեզ համար անհարմարություններ առաջացնի, անարդար թվա կամ ֆինանսապես ծանրաբեռնող լինի, բայց մենք պահում ենք այն, քանի որ հնազանդվում ենք Եհովային, ով պատվիրում է հնազանդվել իշխանություններին, քանի դեռ վերջիններս չեն պահանջում խախտել իր օրենքները (Գործ. 5։29)։ w23.10, էջ 8, պրբ. 9-10

20 նոյեմբերի, հինգշաբթի

Եհովայի ոգին զորացրեց Սամսոնին (Դատ. 15։14)։

Երբ Սամսոնը ծնվեց, փղշտացիներն էին իշխում Իսրայել ազգի վրա և կեղեքում էին նրանց (Դատ. 13։1)։ Փղշտացիների դաժան վերաբերմունքի պատճառով իսրայելացիները շատ էին տառապում։ Ուստի Եհովան որոշեց Սամսոնի միջոցով «փրկել Իսրայելին փղշտացիների ձեռքից» (Դատ. 13։5)։ Միայն Եհովային ապավինելու շնորհիվ Սամսոնը կկարողանար կատարել այդ հանձնարարությունը։ Փղշտացի զինվորները ցանկանում էին բռնել նրան։ Այդ ժամանակ Սամսոնը Լեքիում էր, որը հավանաբար Հուդայում էր գտնվում։ Երբ զինվորները եկան նրա հետևից, Հուդայի մարդիկ վախեցան և որոշեցին նրան թշնամու ձեռքը հանձնել։ Իր իսկ ազգակիցները կապեցին նրան երկու նոր պարաններով և տարան փղշտացիների մոտ (Դատ. 15։9-13)։ Սակայն «Եհովայի ոգին զորացրեց Սամսոնին», և նա ազատվեց այդ պարաններից։ Հետո նա «էշի ծնոտ գտավ, որը դեռ չէր չորացել», վերցրեց այն ու դրանով 1 000 փղշտացու սպանեց (Դատ. 15։14-16)։ w23.09, էջ 2, պրբ. 3-4

21 նոյեմբերի, ուրբաթ

Սա ներդաշնակ է նրա հավերժական նպատակին, որը կապված է Քրիստոս Հիսուսի՝ մեր Տիրոջ հետ (Եփես. 3։11)։

Եհովան իր նպատակին հասնելու համար կարող է տարբեր ուղիներ ընտրել, բայց նա միշտ հաջողության է հասնում, քանի որ «ամեն ինչ ծառայեցնում է իր նպատակի իրագործման համար» (Առակ. 16։4)։ Աստվածաշնչում ասվում է, որ Եհովայի նպատակը «հավերժական» է։ Այն հավերժական է, քանի որ Եհովան թույլ է տվել, որ երկար ժամանակ անցնի, նախքան իր նպատակը վերջնականապես կիրագործվի։ Բացի այդ՝ այն, ինչ Եհովան անում է, մնում է հավիտյան։ Իսկ ո՞րն է Եհովայի նպատակը, և ի՞նչ փոփոխություններ է նա արել այն իրագործելու համար։ Աստված առաջին մարդկային զույգին ասել էր, թե որն է իր նպատակը նրանց առնչությամբ։ Նրանք պետք է «բազմանային, շատանային, լցնեին երկիրը և տնօրինեին այն։ Իշխանություն ունենային.... երկրի բոլոր կենդանի արարածների վրա» (Ծննդ. 1։28)։ Երբ Ադամի ու Եվայի ըմբոստության պատճառով մեղքը մտավ մարդկային ընտանիք, Աստծու նպատակը չխափանվեց։ Նա անմիջապես որոշեց երկնքում մի Թագավորություն հիմնել, որը կիրագործեր մարդկության և երկրի հետ կապված իր սկզբնական նպատակը (Մատթ. 25։34)։ w23.10, էջ 20, պրբ. 6-7

22 նոյեմբերի, շաբաթ

Եթե Եհովան ինձ չաջակցեր, ես վաղուց արդեն մեռած կլինեի (Սաղ. 94։17)։

Եհովան կարող է օգնել մեզ, որ չհանձնվենք։ Գուցե դժվար լինի առաջ շարժվել, հատկապես եթե երկար ժամանակ է, ինչ պայքարում ենք որևէ թուլության դեմ։ Հնարավոր է՝ երբեմն մեզ թվա, թե մեր իրավիճակը շատ ավելի բարդ է, քան Պետրոս առաքյալինը։ Բայց Եհովան կարող է զորացնել մեզ, որ շարունակենք պայքարել (Սաղ. 94։18-19)։ Մեր եղբայրներից մեկը, ով երկար տարիներ համասեռամոլ է եղել ճշմարտությունն իմանալուց հետո արմատապես փոխել է իր կյանքը և սկսել է ապրել աստվածաշնչյան չափանիշներով։ Անգամ այս ամենից հետո նա երբեմն պայքարում էր սխալ ցանկությունների դեմ։ Ի՞նչն է օգնել նրան չհանձնվել։ Եղբայրն ասում է. «Եհովան զորացնում է ինձ.... Համոզվել եմ, որ Եհովայի ոգու օգնությամբ կարող եմ [շարունակել] քայլել ճշմարտության ճանապարհով.... Եհովան պիտանի է համարում ինձ իր գործում, և չնայած իմ անկատարության դրսևորումներին՝ նա շարունակում է զորացնել ինձ»։ w23.09, էջ 23, պրբ. 12

23 նոյեմբերի, կիրակի

Խոնարհությունն ու Եհովայի հանդեպ վախը հարստություն, փառք և կյանք են շնորհում (Առակ. 22։4)։

Երիտասա՛րդ եղբայրներ, հիշեք, որ հոգևորապես հասունանալու համար ջանքեր են պետք։ Դուք պետք է հետևեք հոգևորապես հասուն անհատների լավ օրինակին, խորհելու կարողություն զարգացնեք, վստահելի լինեք, տարբեր հմտություններ ձեռք բերեք և պատրաստվեք որոշ պատասխանատվություններ ստանձնելու ապագայում։ Երբ մտածում ես այն ամենի մասին, ինչի վրա պետք է աշխատես, գուցե թվա, թե դա շատ բարդ է։ Բայց դու կարող ես հաջողության հասնել։ Հիշի՛ր, որ Եհովան ուզում է օգնել քեզ (Ես. 41։10, 13)։ Քո եղբայրներն ու քույրերն էլ նույն ցանկությունն ունեն։ Երբ օգտագործես քո ողջ ներուժը և հասնես հոգևոր հասունության, հագեցած ու բավականություն պատճառող կյանք կունենաս։ Երիտասա՛րդ եղբայրներ, մենք սիրում ենք ձեզ։ Թող Եհովան առատապես օրհնի ձեր ջանքերը, որ ներդնում եք հասուն քրիստոնյա դառնալու համար։ w23.12, էջ 29, պրբ. 19-20

24 նոյեմբերի, երկուշաբթի

Վիրավորանքն անտեսե[ք] (Առակ. 19։11)։

Պատկերացրու մի խումբ եղբայրների ու քույրերի հետ հավաքույթի ես մասնակցում։ Դուք հրաշալի ժամանակ եք անցկացնում և միասին լուսանկարվում եք։ Ապահովության համար երեք լուսանկար ես անում։ Այնուհետև նկատում ես, որ մի նկարում եղբայրներից մեկի դեմքը խոժոռված է։ Հավանաբար պարզապես կջնջես այդ նկարը, քանի որ ևս երկու նկար կա, որոնցում բոլորը, այդ թվում՝ այդ եղբայրը, ժպտում են։ Սովորաբար մեր եղբայրների ու քույրերի հետ շփվելուց հետո մենք լավ հիշողություններ ենք ունենում։ Բայց գուցե մի անգամ մեր հավատակիցը տհաճ բան ասի կամ անի։ Ինչպե՞ս կվարվենք։ Մի՞թե չարժե ջնջել այն մեր հիշողությունից, ինչպես անհաջող նկարը կջնջեինք (Եփես. 4։32)։ Իհարկե, քանի որ ուրիշ շատ անգամներ նրա հետ հրաշալի ժամանակ ենք անցկացրել և լավ հիշողություններ ունենք։ Մենք հենց այդպիսի հիշողություններն ենք ուզում պահել մեր սրտում։ w23.11, էջ 12, պրբ. 16-17

25 նոյեմբերի, երեքշաբթի

Կանայք թող իրենց զարդարեն.... վայելուչ հագուկապով.... այնպես, ինչպես վայել է Աստծուն նվիրված կանանց (1 Տիմոթ. 2։9, 10)։

Այստեղ օգտագործված հունարեն բառերը ցույց են տալիս, որ քրիստոնյա կինը պետք է այնպիսի հագուստ կրի, որից կերևա, որ նա հարգանք է դրսևորում ուրիշների հանդեպ և հաշվի է առնում նրանց զգացմունքներն ու տեսակետը։ Մենք հպարտանում ենք համեստ հագուկապ ունեցող հոգևորապես հասուն քույրերով։ Խորաթափանցությունը նույնպես բնորոշ է հասուն քույրերին։ Այն առողջ դատողությունն է՝ ճիշտը սխալից զանազանելու, ապա ճիշտ ուղի ընտրելու կարողությունը։ Այս հարցում հիանալի օրինակ է Աբիգեան։ Նրա ամուսինը սխալ որոշում կայացրեց, ինչը կարող էր լուրջ հետևանքներ ունենալ բոլոր նրանց վրա, ովքեր ապրում էին նրա տանը։ Ուստի Աբիգեան անհապաղ քայլեր ձեռնարկեց, և նրա ողջամտության շնորհիվ կյանքեր փրկվեցին (1 Սամ. 25։14-23, 32-35)։ Խորաթափանցությունը նաև օգնում է կողմնորոշվել, թե երբ խոսել և երբ լռել։ Այն օգնում է նաև ուրիշներով հետաքրքրվելիս հավասարակշռված լինել և նրանց անհարմար վիճակի մեջ չդնել (1 Թեսաղ. 4։11)։ w23.12, էջ 20, պրբ. 8-9

26 նոյեմբերի, չորեքշաբթի

Եկեք ցնծանք, քանի որ հույս ունենք, որ Աստված փառքի կարժանացնի մեզ (Հռոմ. 5։2)։

Պողոս առաքյալը այս խոսքերը գրեց Հռոմի ժողովին։ Այդ ժողովի եղբայրներն ու քույրերը ճանաչել էին Եհովային և Հիսուսին, հավատ էին ընծայել նրանց նկատմամբ և քրիստոնյա էին դարձել։ Այդ պատճառով Աստված նրանց «արդար հայտարարեց հավատի շնորհիվ» և օծեց սուրբ ոգով (Հռոմ. 5։1)։ Նրանք հրաշալի հույս ձեռք բերեցին և կարող էին համոզված լինել, որ այն կիրականանա։ Հետագայում Պողոսը Եփեսոսում ապրող օծյալ քրիստոնյաներին գրեց, թե ինչ հույս է Աստված իրենց տվել։ Այդ հույսը ներառում էր սրբերի համար պահված «ժառանգությունը» (Եփես. 1։18)։ Պողոսը կողոսացիներին էլ հիշեցրեց, որ իրենց հույսը իրականություն կդառնա։ Նրանք «հույս ունեն ստանալու երկնքում իրենց համար պահվածը» (Կող. 1։4, 5)։ Ուստի օծյալ քրիստոնյաները հույս ունեն հավիտյան ապրել երկնքում և թագավորել Քրիստոսի հետ (1 Թեսաղ. 4։13-17; Հայտն. 20։6)։ w23.12, էջ 9, պրբ. 4-5

27 նոյեմբերի, հինգշաբթի

Աստված ձեզ այնպիսի խաղաղություն կտա, որը վեր է մարդկային ամեն հասկացողությունից։ Այն կպահպանի ձեր սիրտն ու միտքը (Փիլիպ. 4։7)։

«Պահպանել» թարգմանված բնագիր բառը ռազմական տերմին էր, որն օգտագործվում էր այն զինվորների առնչությամբ, ովքեր հսկում էին քաղաքը և պաշտպանում այն հարձակումներից։ Այդ քաղաքի բնակիչները հանգիստ քնում էին՝ իմանալով, որ զինվորները հսկում են դարպասը։ Նմանապես, երբ Աստծու խաղաղությունը հսկում է մեր սիրտն ու միտքը, մեզ հանգիստ ենք զգում՝ իմանալով, որ պաշտպանված ենք (Սաղ. 4։8)։ Եվ նույնիսկ եթե մեր իրավիճակը անմիջապես չի փոխվում, մենք կարող ենք ինչ-որ առումով խաղաղություն զգալ, ինչպես Աստծու հավատարիմ ծառա Աննայի պարագայում էր (1 Սամ. 1։16-18)։ Իսկ երբ ներքին խաղաղություն ենք ունենում, ավելի հեշտությամբ ենք կարողանում սթափ դատել և իմաստուն որոշումներ կայացնել։ Երբ մտահոգություններ ես ունենում կամ լուրջ դժվարությունների միջով անցնում, աղոթիր այնքան, մինչև որ զգաս Աստծու խաղաղությունը (Ղուկ. 11։9; 1 Թեսաղ. 5։17)։ Այդպիսով կտեսնես, թե ինչպես է Աստծու խաղաղությունը պահպանում քո սիրտն ու միտքը (Հռոմ. 12։12)։ w24.01, էջ 21, պրբ. 5-6

28 նոյեմբերի, ուրբաթ

Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը (Մատթ. 6։9)։

Իր Հոր անունը սրբացնելու համար Հիսուսը դիմացավ ամեն տեսակ տանջանքի, վիրավորանքի և զրպարտանքի։ Նա գիտեր, որ ամեն ինչում հնազանդվել է իր Հորը, ուստի ամաչելու ոչ մի պատճառ չուներ (Եբր. 12։2)։ Նա նաև գիտեր, որ այդ ծանր պահին Սատանան ուղիղ հարձակումներ է գործում իր վրա (Ղուկ. 22։2-4; 23։33, 34)։ Սատանան հույս ուներ, որ կարող է կոտրել Հիսուսի անարատությունը, բայց նա խայտառակ պարտություն կրեց։ Հիսուսը մեկընդմիշտ փաստեց, որ Սատանան նենգ ստախոս է, և որ Եհովան ունի նվիրված ծառաներ, ովքեր պահում են իրենց անարատությունը անգամ ամենածանր փորձությունների ներքո։ Իսկ դու ցանկանո՞ւմ ես ուրախացնել քո Թագավորին։ Եթե այո, շարունակիր գովաբանել Եհովայի անունը՝ օգնելով մարդկանց ճանաչել մեր Աստծուն այնպիսին, ինչպիսին որ նա կա իրականում։ Այդպիսով կընդօրինակես Հիսուսին (1 Պետ. 2։21)։ Նրա պես կուրախացնես Եհովայի սիրտը և կփաստես, որ նրա թշնամին՝ Սատանան, նենգ ստախոս է։ w24.02, էջ 11, պրբ. 11-13

29 նոյեմբերի, շաբաթ

Եհովային ինչո՞վ հատուցեմ ինձ համար նրա արած բոլոր բարիքների փոխարեն (Սաղ. 116։12)։

Վերջին հինգ տարիների ընթացքում ավելի քան մեկ միլիոն մարդ մկրտվել է ու դարձել Եհովայի վկա։ Երբ նվիրվում ես Եհովային, որոշում ես դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտ և Աստծու կամքը կատարելը քո կյանքում առաջնային համարել։ Իսկ ի՞նչ է դա ներառում։ Հիսուսն ասաց. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևորդը լինել, թող ուրանա իր անձը» (Մատթ. 16։24)։ «Թող ուրանա իր անձը» խոսքերը հունարենից կարելի է թարգմանել նաև այսպես՝ «Նա պետք է ինքն իրեն ասի՝ ոչ»։ Նվիրվելով Եհովային՝ դու պետք է «ոչ» ասես ցանկացած բանի, որը հակասում է նրա կամքին (2 Կորնթ. 5։14, 15)։ Դա նշանակում է «ոչ» ասել «մարմնական ցանկություններից բխող գործերին», ինչպիսին է սեռական անբարոյությունը (Գաղ. 5։19-21; 1 Կորնթ. 6։18)։ Նման սահմանափակումները կբարդացնե՞ն քո կյանքը։ Ո՛չ, եթե սիրես Եհովային և համոզված լինես, որ նրա օրենքները քո օգտի համար են (Սաղ. 119։97; Ես. 48։17, 18)։ w24.03, էջ 2, պրբ. 1; էջ 3, պրբ. 4

30 նոյեմբերի, կիրակի

Դու ունես իմ հավանությունը (Ղուկ. 3։22)։

Եհովան իր սուրբ ոգին է տալիս նրանց, ում հավանում է (Մատթ. 12։18)։ Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Ինձ հաջողվո՞ւմ է դրսևորել Աստծու ոգու պտղի հատկությունները։ Նկատո՞ւմ եմ, որ Եհովային ճանաչելուց հետո մարդկանց հանդեպ ավելի համբերատար եմ դարձել»։ Որքան շատ զարգացնես ոգու պտղի գեղեցիկ հատկությունները, այնքան ավելի համոզված կլինես, որ ունես Եհովայի հավանությունը։ Եհովան փրկագնի հիման վրա ներում է իր հավանությունն ունեցող մարդկանց մեղքերը (1 Տիմոթ. 2։5, 6)։ Բայց ի՞նչ կարող ենք անել, եթե մեր սիրտը չի ցանկանում ընդունել, որ մենք հաճելի ենք Եհովային, չնայած որ հավատում ենք փրկագնին և մկրտված ենք։ Մեր զգացմունքները միշտ չէ, որ վստահելի են, բայց Եհովային միշտ կարող ենք վստահել։ Փրկագնին հավատացող մարդկանց նա արդար է համարում և խոստանում է օրհնել (Սաղ. 5։12; Հռոմ. 3։26)։ w24.03, էջ 30, պրբ. 15; էջ 31, պրբ. 17

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը