Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 11/1 էջ 22–26
  • Եհովայի Խոսքը երբեք գետին չի ընկնում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովայի Խոսքը երբեք գետին չի ընկնում
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովան ազատագրում է իր ժողովրդին
  • Եհովան պաշտպանում է իր ժողովրդին
  • Եհովան աջակցում է իր ժողովրդին
  • Ազատագրում՝ մեր ժամանակներում
  • Եհովան պաշտպանում է մեր օրերում
  • Եհովան աջակցում է իր ժողովրդին այսօր
  • Ինչ հիշեց Հեսուն
    2002 Դիտարան
  • Նա, ով միշտ կատարում է իր խոստումները
    2010 Դիտարան
  • Աստվածաշնչի գիրք համար 6. Հեսու
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Հեսու 1:9. «Քա՛ջ եղիր և զորացի՛ր»
    Աստվածաշնչյան համարների բացատրություն
Ավելին
2007 Դիտարան
w07 11/1 էջ 22–26

Եհովայի Խոսքը երբեք գետին չի ընկնում

«Ձեր Տէր Աստուածը ձեզ համար որչափ բարի խօսքեր որ ասել էր, նորանցից մի բան չ’պակասեց, ամենն էլ.... կատարուեցաւ» (ՅԵՍՈՒ 23։14)։

1. Ո՞վ էր Հեսուն, և ի՞նչ արեց նա կյանքի վերջում։

ՆԱ ԵՌԱՆԴՈՒՆ և անվախ զորապետ էր, ուներ մեծ հավատ, Աստծու անարատ երկրպագու էր։ Նա Մովսեսի ընկերակիցն էր և Եհովայի կողմից ընտրվեց որպես Իսրայել ազգի առաջնորդ։ Այդ մարդը պետք է իսրայելացիներին դուրս բերեր սարսափազդու անապատից և առաջնորդեր դեպի կաթ ու մեղր բխող երկիր։ Կյանքի վերջում այս հարգարժան անձնավորությունը՝ Հեսուն, Իսրայելի ծերերի առաջ հանդես եկավ հրաժեշտի ելույթով։ Անկասկած, այդ հուզիչ ելույթը զորացրեց նրա ունկնդիրների հավատը։ Այն կարող է զորացնել նաև քո հավատը։

2, 3. Երբ Հեսուն հանդես եկավ Իսրայելի ծերերի առաջ, ի՞նչ իրավիճակում էր Իսրայելը, և ի՞նչ ասաց նա։

2 Փորձիր պատկերացնել Աստվածաշնչում նկարագրված հետևյալ իրավիճակը. «Շատ օրերից յետոյ, որ Տէրը հանգստացրել էր Իսրայէլին նորա շրջակայքում եղած ամեն թշնամիներիցը, եւ Յեսուն ծերացել էր եւ օրերն անց կացրել, այն ժամանակ Յեսուն կանչեց բոլոր Իսրայէլին՝ այսինքն նորա ծերերին, իշխաններին, դատաւորներին եւ ոստիկաններին, եւ նորանց ասեց. Ես ծերացել եմ, եւ օրերս անց եմ կացրել» (Յեսու 23։1, 2)։

3 Հեսուն արդեն 110 տարեկան էր։ Նա ապրել էր Աստծու ժողովրդի պատմության ամենահետաքրքիր ժամանակաշրջաններից մեկում։ Հեսուն ականատես էր եղել Եհովայի զորավոր գործերին և նրա խոստումներից շատերի կատարմանը։ Ուստի կարող էր լիակատար համոզվածությամբ ասել. «Դուք ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը գիտէք, որ ձեր Տէր Աստուածը ձեզ համար որչափ բարի խօսքեր որ ասել էր, նորանցից մի բան չ’պակասեց, ամենն էլ ձեզ վերայ կատարուեցաւ. նորանցից ոչ մէկ խօսք գետինը չ’ընկաւ» (Յեսու 23։14)։

4. Ի՞նչ խոստումներ տվեց Եհովան իսրայելացիներին։

4 Եհովայի ո՞ր խոսքերը իրականացան Հեսուի կյանքի ընթացքում։ Կքննարկենք երեք խոստում, որ Աստված տվեց իսրայելացիներին։ Առաջին՝ Եհովան նրանց ազատագրելու էր ստրկությունից։ Երկրորդ՝ նա պաշտպանելու էր նրանց։ Երրորդ՝ նա աջակցելու էր իսրայելացիներին։ Եհովան իր ժողովրդին նման հավաստիացումներ է տվել նաև այսօր, և մենք էլ տեսել ենք դրանց կատարումը։ Նախքան կքննարկենք, թե ինչ է Աստված արել մեր ժամանակներում, տեսնենք, թե ինչ նա արեց Հեսուի օրերում։

Եհովան ազատագրում է իր ժողովրդին

5, 6. Ինչպե՞ս Եհովան ազատագրեց իսրայելացիներին Եգիպտոսից, և դա ի՞նչ փաստեց։

5 Երբ իսրայելացիները աղաղակեցին Աստծուն իրենց ծանր դրության պատճառով, Եհովան ուշադրություն դարձրեց նրանց վրա (Ելից 2։23–25)։ Վառվող թփի մոտ Եհովան Մովսեսին ասաց. «Իջայ [իմ ժողովրդին] Եգիպտացիների ձեռքիցն ազատելու, եւ նորանց այն երկրիցը մէկ լաւ ու լայնարձակ երկիր՝ մի կաթ ու մեղր բղխող երկիր.... հանելու» (Ելից 3։8)։ Որքա՜ն հուզիչ էր, ըստ ամենայնի, տեսնել, թե ինչպես Եհովան իրականացրեց իր այս խոստումը։ Երբ փարավոնը հրաժարվեց թողնել իսրայելացիներին հեռանալու Եգիպտոսից, Մովսեսը նրան հայտնեց, որ Աստված Նեղոսի ջրերը արյուն է դարձնելու։ Եհովայի խոսքը գետին չընկավ. Նեղոս գետի ջրերը արյան վերածվեցին, ձկները սատկեցին, ջուրը հնարավոր չէր խմել (Ելից 7։14–21)։ Փարավոնը անդրդվելի մնաց, և Եհովան ուրիշ ինը պատուհասներ բերեց՝ յուրաքանչյուր անգամ նախօրոք զգուշացնելով, թե ինչ է անելու (Ելից, 8–12 գլուխներ)։ Տասներորդ պատուհասը հարվածեց եգիպտացիների առաջնեկներին։ Դրանից հետո փարավոնը հրամայեց իսրայելացիներին հեռանալ, և նրանք հեռացան (Ելից 12։29–32)։

6 Իսրայելացիների ազատագրումից հետո Եհովան նրանց ընդունեց որպես իր ընտրյալ ազգի։ Եհովան փառավորվեց իբրև իր խոստումները Կատարող, որի խոսքը երբեք գետին չի ընկնում։ Այդ ազատագրումը փաստեց Եհովայի գերազանցությունը մյուս ազգերի աստվածների նկատմամբ։ Դրա մասին ընթերցելը զորացնում է մեր հավատը։ Պատկերացրու՝ ինչ ապրումներ կունենայիր, եթե լինեիր փրկվողների մեջ։ Հեսուն տեսավ, որ Եհովան, անկասկած, «մինակ Բարձրեալ է բոլոր երկրի վերայ» (Սաղմոս 83։18)։

Եհովան պաշտպանում է իր ժողովրդին

7. Ինչպե՞ս Եհովան Իսրայելին պաշտպանեց փարավոնի բանակից։

7 Հիմա խոսենք Եհովայի երկրորդ խոստման մասին. նա պաշտպանելու էր իր ժողովրդին։ Այն, որ Եհովան խոստացել էր նրան ազատագրել Եգիպտոսից և տանել Ավետյաց երկիր, ցույց է տալիս, որ նա իր ժողովրդի հետ էր լինելու։ Հիշենք, թե ինչպես էր զայրացած փարավոնը իր հզոր բանակով ու հարյուրավոր կառքերով հետապնդում Իսրայելին։ Որքա՜ն ինքնավստահ էր այդ ամբարտավան մարդը, հատկապես երբ իսրայելացիները, թվում է, հայտնվեցին ծուղակում՝ լեռների և ծովի արանքում։ Աստված գործի անցավ. նա եգիպտացիների և իսրայելացիների միջև ամպ դրեց։ Թշնամու կողմում խավար էր, իսկ Աստծու ժողովրդի կողմում՝ լույս։ Մինչ ամպը կասեցնում էր եգիպտացիների առաջխաղացումը, Մովսեսը բարձրացրեց իր գավազանը, և Կարմիր ծովի ջրերը բաժանվեցին։ Այսպիսով իսրայելացիները հնարավորություն ունեցան փախչելու, իսկ եգիպտացիների համար այդ ճանապարհը ծուղակ դարձավ։ Եհովան լիովին ջախջախեց փարավոնի զորքը՝ իր ժողովրդին պաշտպանելով թշնամուց (Ելից 14։19–28)։

8. Ինչպե՞ս Եհովան պաշտպանեց իսրայելացիներին՝ ա) անապատում, բ) Ավետյաց երկիր մտնելիս։

8 Կարմիր ծովն անցնելուց հետո իսրայելացիները հայտնվեցին մի «մեծ ու ահագին, եւ կիզող օձերով եւ կարիճներով լիքը, չոր ու անջուր անապատումը» (Բ Օրինաց 8։15)։ Այստեղ նույնպես Եհովան պաշտպանեց նրանց։ Իսկ կարողացա՞ն իսրայելացիները մտնել Ավետյաց երկիր։ Ճիշտ է, հզոր քանանական բանակները նրանց դեմ դուրս եկան, բայց Եհովան Հեսուին ասաց. «Վեր կաց անցիր այդ Յորդանանովը դու եւ այս բոլոր ժողովուրդը այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայէլի որդկանցը։ Ոչ մի մարդ չ’կարողանայ քեզ քո կեանքի բոլոր օրերումը դեմ կանգնել. ինչպէս որ Մովսէսի հետ էի, քեզ հետ կլինեմ. քեզ չեմ թողիլ եւ քեզ անտես չեմ անիլ» (Յեսու 1։2, 5)։ Եհովայի այս խոսքերը գետին չընկան։ Մոտավորապես վեց տարվա ընթացքում Հեսուն հաղթեց 31 թագավորների և նվաճեց խոշոր տարածքներ (Յեսու 12։7–24)։ Հաղթանակը անհնար կլիներ առանց Եհովայի պաշտպանության։

Եհովան աջակցում է իր ժողովրդին

9, 10. Ինչպե՞ս Եհովան աջակցեց իր ժողովրդին անապատում։

9 Այժմ քննենք երրորդ խոստումը. Եհովան աջակցելու էր իր ժողովրդին։ Եգիպտոսից ազատագրելուց կարճ ժամանակ անց Եհովան խոստացավ իսրայելացիներին. «Ահա ես ձեզ երկնքիցը հաց պիտի տեղամ, եւ ժողովուրդը վեր կենայ՝ եւ օրուայ պէտք եղածը նոյն օրը ժողովէ»։ Իսկապես, Եհովան երկնքից հաց տվեց։ «Իսրայէլի որդիքը տեսան, եւ իրար ասեցին. Ի՞նչ է սա»։ Դա մանանա էր, այն հացը, որ Եհովան խոստացել էր (Ելից 16։4, 13–15)։

10 Քառասուն տարի շարունակ, մինչ իսրայելացիները գտնվում էին անապատում, Եհովան հոգաց նրանց կարիքները՝ ապահովելով սննդով ու ջրով։ Աստված նույնիսկ այնպես արեց, որ նրանց հագուստները չմաշվեն, և նրանց ոտքերը չայտուցվեն (Բ Օրինաց 8։3, 4)։ Հեսուն այդ ամենի ականատեսն էր։ Եհովան, ինչպես որ խոստացել էր, ազատագրեց, պաշտպանեց և աջակցեց իր ժողովրդին։

Ազատագրում՝ մեր ժամանակներում

11. Ի՞նչ տեղի ունեցավ Բրուքլինում 1914 թ.–ին, և ինչի՞ ժամանակն էր եկել։

11 Իսկ ինչպե՞ս է Եհովան ազատագրում իր ժողովրդին մեր օրերում։ 1914 թ. հոկտեմբերի 2–ին՝ ուրբաթ առավոտյան, Չարլզ Թեյզ Ռասելը, որն այն ժամանակ Աստվածաշունչ ուսումնասիրողների ղեկավարն էր, մեծ քայլերով մտավ Բրուքլինի Բեթելի ճաշարան (Նյու Յորք)։ «Բարի լո՛ւյս»,— զվարթ դեմքով՝ նա ողջունեց բոլորին։ Հետո՝ նախքան նստելը, ուրախությամբ հայտարարեց. «Հեթանոսների ժամանակներն ավարտվեցին։ Նրանց թագավորների իշխանությունը վերջացավ»։ Այո՛, դարձյալ եկել էր ժամանակը, որ Եհովան՝ տիեզերքի Գերիշխանը, գործի իր ժողովրդի օգտին։ Եվ այդպես էլ արեց։

12. Ի՞նչ ազատագրում եղավ հինգ տարի անց, և ի՞նչ արդյունքներով։

12 Ընդամենը հինգ տարի անց Եհովան ազատագրեց իր ժողովրդին «Մեծ Բաբելոնից»՝ կեղծ կրոնի հզոր համաշխարհային կայսրությունից (Հայտնություն 18։2)։ Մեզանից քչերն են տեսել այդ հուզիչ ազատագրումը։ Սակայն մենք ակնհայտորեն տեսնում ենք դրա արդյունքները։ Եհովան վերահաստատեց մաքուր երկրպագությունը և միավորեց բոլոր նրանց, ովքեր փափագում էին երկրպագել իրեն։ Այս մասին մարգարեացվել էր Եսայիայի միջոցով. «Կ’լինի օրերի վերջին, որ հաստատ կ’լինի Տիրոջ տան սարը՝ սարերի գլխին, եւ կ’բարձրանայ բլուրներիցը. եւ յորդելով նորա մօտ կ’գնան բոլոր ազգերը» (Եսայիա 2։2)։

13. Եհովայի ժողովրդի մեջ ի՞նչ աճ ես դու տեսել։

13 Եսայիայի խոսքերը գետին չընկան։ 1919 թ.–ին օծյալ մնացորդը սկսեց համարձակորեն քարոզչական գործունեություն ծավալել ամբողջ աշխարհում, որի շնորհիվ ճշմարիտ Աստծու երկրպագությունը վերելք ապրեց։ 1930 թ.–ին ակնհայտ դարձավ, որ հավաքվում են «ուրիշ ոչխարները» (Հովհաննես 10։16)։ Սկզբում նրանք հազարներով էին, հետո՝ հարյուր հազարներով, իսկ մեր օրերում մաքուր երկրպագության կողմն են բռնել միլիոնավոր մարդիկ։ Հովհաննես առաքյալին տրված տեսիլքում նրանք պատկերված են որպես «մի մեծ բազմություն, որը ոչ ոք չէր կարող հաշվել, բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից» (Հայտնություն 7։9)։ Իսկ ի՞նչ աճ ես դու տեսել։ Քանի՞ Վկա կար երկրագնդի վրա այն ժամանակ, երբ ընդունեցիր ճշմարտությունը։ Այսօր Եհովային ծառայողների թիվը ավելի քան 6 700 000 է։ «Մեծ Բաբելոնից» իր ժողովրդին ազատագրելով՝ Եհովան հնարավորություն ստեղծեց, որ նրանց թիվը ամբողջ աշխարհում մեծ տեմպերով աճի, ինչպես որ տեսնում ենք այսօր։

14. Ի՞նչ ազատագրում է սպասվում։

14 Եհովայի ժողովրդին մեկ այլ ազատագրում էլ է սպասում։ Այն առնչվելու է երկրի վրա բնակվող յուրաքանչյուր մարդու։ Եհովան ապշեցուցիչ կերպով կդրսևորի իր մեծ զորությունը. նա կոչնչացնի իր բոլոր հակառակորդներին և կառաջնորդի իր ժողովրդին դեպի նոր աշխարհ, որտեղ արդարություն կբնակվի։ Որքա՜ն հրաշալի կլինի տեսնել չարության վերացումը և մարդկության պատմության ամենափառահեղ դարաշրջանի արշալույսը (Հայտնություն 21։1–4)։

Եհովան պաշտպանում է մեր օրերում

15. Ինչո՞ւ Եհովայի ժողովուրդը պաշտպանության կարիք ունի նաև այսօր։

15 Ինչպես տեսանք, իսրայելացիները Հեսուի ժամանակներում Աստծու պաշտպանության կարիքն ունեին։ Իսկ այսօ՞ր։ Ինչ խոսք, այսօր նույնպես Եհովայի ժողովուրդը նրա պաշտպանության կարիքն ունի։ Հիսուսը իր հետևորդներին նախազգուշացրեց. «Ձեզ նեղության կմատնեն ու կսպանեն ձեզ, և իմ անվան պատճառով բոլոր ազգերից ատված կլինեք» (Մատթեոս 24։9)։ Տարիներ ի վեր Եհովայի վկաները բազմաթիվ երկրներում ենթարկվել են դաժան հակառակության և հալածանքի։ Բայցևայնպես, Աստված միշտ իր ժողովրդի հետ է եղել (Հռոմեացիներ 8։31)։ Նրա Խոսքը վստահեցնում է մեզ, որ ոչ մի բան՝ «մեր դեմ շինված ոչ մի գործիք», չի կանգնեցնի Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործը (Եսայիա 54։17)։

16. Ի՞նչ փաստերի ես ականատես եղել, որ Եհովան պաշտպանում է իր ժողովրդին։

16 Չնայած Աստծու ծառաները ատվում են աշխարհի կողմից, այնուամենայնիվ, նրանք բարգավաճում են։ Այսօր Եհովայի վկաները գործում են 236 երկրներում. սա համոզիչ ապացույց է, որ Աստված մեզ հետ է և մեզ պաշտպանում է նրանցից, ովքեր ցանկանում են վերացնել կամ էլ լռեցնել մեզ։ Կարո՞ղ ես հիշել այն հզոր քաղաքական կամ կրոնական առաջնորդների անունները, ովքեր քո կյանքի ընթացքում դաժանորեն են վարվել Աստծու ժողովրդի հետ։ Ի՞նչ եղան նրանք։ Որտե՞ղ են այսօր։ Նրանց մեծամասնությունն այլևս գոյություն չունի, ինչպես Մովսեսի ու Հեսուի օրերի փարավոնը։ Իսկ որտե՞ղ են Եհովայի հավատարիմ ծառաները, ովքեր մահացել են։ Նրանք Եհովայի հիշողության մեջ են։ Դրանից ավելի ապահով տեղ չկա։ Հստակ է, որ Եհովայի խոսքը գետին չի ընկնում, և նա պաշտպանում է իր ժողովրդին։

Եհովան աջակցում է իր ժողովրդին այսօր

17. Ինչպե՞ս է Եհովան աջակցում մեզ։

17 Եհովան աջակցեց իր ժողովրդին հնում և աջակցում է նաև այսօր։ Մենք հոգևորապես սնվում ենք «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով (Մատթեոս 24։45)։ Գիտելիքներ ենք ստանում հոգևոր ճշմարտությունների մասին, որոնք դարեր ի վեր ծածկված են եղել։ Հրեշտակը Դանիելին ասաց. «Փակիր այս խօսքերը եւ կնքիր գիրքը մինչեւ վերջի ժամանակը. շատերը պիտի քննեն, եւ գիտութիւնը պիտի շատանայ» (Դանիէլ 12։4)։

18. Ինչո՞ւ կարելի է ասել, որ այսօր «գիտութիւնը» շատացել է։

18 Այսօր ապրում ենք վերջին ժամանակներում, և «գիտութիւնը» իսկապես շատացել է։ Ամբողջ աշխարհում սուրբ ոգին օգնել է ճշմարտությունը սիրողներին ճշգրիտ գիտելիքներ ստանալ Աստծու և նրա նպատակների մասին։ Ներկայումս աշխարհում մեծ քանակությամբ Աստվածաշունչ և այլ հրատարակություններ կան, որոնք օգնում են մարդկանց հասկանալու Աստվածաշնչի թանկ ճշմարտությունները։ Դրանցից է, օրինակ, «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»a ուսումնասիրության ձեռնարկը։ Այդ գրքի որոշ գլուխներ ունեն հետևյալ վերնագրերը՝ «Ո՞րն է ճշմարտությունը Աստծու մասին», «Որտե՞ղ են գտնվում մահացածները», «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը» և «Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը»։ Հազարավոր տարիներ մարդիկ փորձել են գտնել այս հարցերի պատասխանները։ Այժմ դրանք առկա են ու մատչելի։ Չնայած որ մարդիկ դարեր շարունակ անտեղյակ են եղել Աստվածաշնչից, և քրիստոնեական աշխարհը ուսուցանել է հավատուրաց ուսմունքներ, Աստծու Խոսքը հաղթանակել է՝ աջակցելով բոլոր նրանց, ովքեր փափագել են ծառայել Եհովային։

19. Աստծու ո՞ր խոստումների կատարումն ես տեսել, և ի՞նչ եզրակացության ես եկել։

19 Անկասկած, ելնելով այն ամենից, ինչ մենք տեսել ենք մեր աչքերով, կարող ենք ասել. «Ձեր Տէր Աստուածը ձեզ համար որչափ բարի խօսքեր որ ասել էր, նորանցից մի բան չ’պակասեց, ամենն էլ.... կատարուեցաւ. նորանցից ոչ մէկ խօսք գետինը չ’ընկաւ» (Յեսու 23։14)։ Այո՛, Եհովան ազատագրում է, պաշտպանում է և աջակցում է իր ծառաներին։ Կարո՞ղ ես նշել Աստծու որևէ խոստում, որը չի կատարվել նրա նշանակած ժամանակին։ Անհնար է նշել նման խոստում։ Մենք իմաստուն կլինենք, եթե վստահենք Աստծու Խոսքին։

20. Ինչո՞ւ կարող ենք վստահությամբ նայել ապագային։

20 Ի՞նչ ապագա է մեզ սպասում։ Եհովան ասել է, որ մեզանից շատերը կարող են դրախտային երկրի վրա ապրել։ Մեզանից ոմանք երկնքում Քրիստոսի հետ իշխելու հույս ունեն։ Սակայն անկախ մեր հույսից՝ մենք բոլոր պատճառներն ունենք Հեսուի պես հավատարիմ մնալու Եհովային։ Կգա այն օրը, երբ մեր հույսը իրականություն կդառնա։ Այդ ժամանակ կհիշենք Եհովայի տված բոլոր խոստումները, և մենք էլ կասենք. «Ամենն էլ.... կատարվեցաւ. նորանցից ոչ մէկ խօսք գետինը չ’ընկաւ»։

[ծանոթագրություն]

a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

Կարո՞ղ ես բացատրել

• Եհովայի ո՞ր խոստումների կատարումը տեսավ Հեսուն։

• Եհովայի ո՞ր խոստումների կատարումն ես տեսել դու։

• Աստծու ասած խոսքերի հետ կապված ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։

[նկար 23–րդ էջի վրա]

Եհովան քայլեր ձեռնարկեց իր ժողովրդին ազատագրելու համար

[նկար 23–րդ էջի վրա]

Ինչպե՞ս Եհովան պաշտպանեց իր ժողովրդին Կարմիր ծովի մոտ

[նկար 24–րդ էջի վրա]

Ինչպե՞ս Եհովան աջակցեց իր ժողովրդին անապատում

[նկար 25–րդ էջի վրա]

Եհովան հոգ է տանում իր ծառաներին այսօր

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը