Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • si էջ 46–50
  • Աստվածաշնչի գիրք համար 6. Հեսու

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշնչի գիրք համար 6. Հեսու
  • «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
  • ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
  • Ուշագրավ մտքեր «Յեսու» գրքից
    2004 Դիտարան
  • Ինչ հիշեց Հեսուն
    2002 Դիտարան
  • Հեսու 1:9. «Քա՛ջ եղիր և զորացի՛ր»
    Աստվածաշնչյան համարների բացատրություն
  • Նա ուզում է, որ հաջողության հասնենք
    2009 Դիտարան
Ավելին
«Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
si էջ 46–50

Աստվածաշնչի գիրք համար 6. Հեսու

Գրողը՝ Հեսու

Գրվելու վայրը՝ Քանան

Գրության ավարտը՝ մ.թ.ա. մոտ 1450թ.

Ընդգրկված ժամանակահատվածը՝ մ.թ.ա. 1473թ.-ից մինչև մ.թ.ա. մոտ 1450թ.

1. Ի՞նչ իրավիճակում է գտնվում Իսրայելը մ.թ.ա. 1473թ.-ին։

ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ 1473թ.-ն է։ Տպավորիչ և դրամատիկ իրադարձություններ են տեղի ունենում։ Իսրայելացիները ճամբար են դրել Մովաբի հարթավայրերում և պատրաստվում են մտնել Քանան՝ Ավետյաց երկիր։ Այս տարածքում, որը գտնվում է Հորդանանի մյուս կողմում, բազմաթիվ փոքր թագավորություններ կան, որոնցից յուրաքանչյուրն իր բանակն ունի։ Թեև նրանք թուլացել են՝ երկար տարիներ գտնվելով Եգիպտոսի կեղեքող իշխանության ներքո, սակայն Իսրայել ազգի համար լուրջ հակառակորդ են։ Երկիրը նվաճելու համար հարկավոր է գրավել Երիքովի, Գայիի, Հասորի և Լաքիսի նման բազմաթիվ ամուր բերդաքաղաքներ։ Փոթորկալից ժամանակներ են սպասվում։ Իսրայելացիները վճռորոշ պատերազմներ պետք է մղեն թշնամու դեմ։ Եվ նրանք հաղթանակ կտանեն, քանի որ Եհովան իր զորեղ հրաշքներով թիկունք կկանգնի նրանց, որպեսզի, ինչպեսև խոստացել է, բնակեցնի նրանց այդ երկրում։ Անկասկած, այդ հուզիչ իրադարձությունները, որոնք ակնառու կերպով ցույց են տալիս իր ժողովրդի հանդեպ Եհովայի վերաբերմունքը, պետք է արձանագրվեն, և դա պետք է արվի ականատեսի կողմից։ Իսկ այդ դերի համար բոլորից շատ համապատասխանում է Հեսուն՝ Մովսեսի հաջորդը, որը նշանակվել է Եհովայի կողմից (Թվեր 27։15–23)։

2. Ինչո՞ւ է տեղին, որ հենց Հեսուն ընտրվեց առաջնորդ և որ նրան հանձնարարվեց գրի առնել գալիք իրադարձությունները։

2 Շատ տեղին է, որ հենց Հեսուն է ընտրվել առաջնորդ լինելու և գալիք իրադարձությունները գրի առնելու համար։ Անապատում դեգերելու 40 տարիների ընթացքում նա եղել է Մովսեսի աջ ձեռքը։ Հեսուն, որն «իր պատանեկությունից Մովսեսի սպասավորն է» եղել, ցույց է տվել, որ արժանի հոգևոր առաջնորդ և փորձառու զորավար է (Թվեր 11։28; Ելք 24։13; 33։11; Հեսու 1։1)։ Երբ մ.թ.ա. 1513-ին իսրայելացիները դուրս եկան Եգիպտոսից, նա ամաղեկացիներին ջարդող բանակի հրամանատարն էր (Ելք 17։9–14)։ Երբ անհրաժեշտ եղավ ամեն ցեղից մարդ ուղարկել վտանգավոր առաջադրանք կատարելու համար՝ հետախուզելու Քանանը, Եփրեմի ցեղից ընտրվեց Հեսուն՝ Մովսեսի հավատարիմ օգնականն ու անվախ զորավարը։ Այդ ժամանակ քաջություն և հավատարմություն դրսևորելու շնորհիվ նա Ավետյաց երկիր մտնելու իրավունք ստացավ (Թվեր 13։8; 14։6–9, 30, 38)։ Նավեի որդի Հեսուն «ընդունակ մարդ էր [մարդ, ում մեջ ոգի կար]», մարդ, որը «ամեն ինչում հնազանդվեց Եհովային», մարդ, որը «լի էր իմաստության ոգով»։ Զարմանալի չէ, որ «Իսրայելը Եհովային ծառայեց Հեսուի բոլոր օրերում» (Թվեր 27։18, ծնթ.; 32։12; 2 Օրենք 34։9; Հեսու 24։31)։

3. Ի՞նչն է փաստում, որ Հեսուն իրական անձնավորություն է եղել, և որ նա է գրել իր անունը կրող գիրքը։

3 Լինելով Եհովայի հմուտ, նախապատրաստված և փորձված ծառա՝ Հեսուն կարող էր գրել Աստվածաշնչի գրքերից մեկը։ Նա ոչ թե հորինված, այլ իրական անձնավորություն է եղել։ Նրա անունը հիշատակվում է Քրիստոնեական Հունարեն Գրություններում (Գործ. 7։45; Եբր. 4։8)։ Տրամաբանական է, որ ինչպես Մովսեսը գրի առավ իր կյանքի ընթացքում տեղի ունեցած դեպքերը, այնպես էլ նրա հաջորդը՝ Հեսուն, պետք է գրեր այն իրադարձությունները, որոնց ականատեսն էր լինելու։ Այն, որ «Հեսու» գիրքը գրվել է ականատեսի կողմից, պարզ է դառնում Հեսու 6։25-ից։ Ըստ հրեական ավանդության՝ գիրքը գրել է Հեսուն, և գիրքն ինքն է ասում. «Հետո Հեսուն գրեց այս խոսքերը Աստծու օրենքի գրքում» (Հեսու 24։26)։

4. Կատարված մարգարեությունը և ավելի ուշ ապրած աստվածաշնչյան գրողները ինչպե՞ս են փաստել «Հեսու» գրքի վավերականությունը։

4 Երիքովի կործանումից հետո Հեսուն մարգարեական անեծք ասաց այն մարդու դեմ, ով կկառուցեր այդ քաղաքը։ Նրա խոսքերը ազդեցիկ կերպով կատարվեցին Իսրայելի Աքաաբ թագավորի օրերում՝ մոտ 500 տարի հետո (Հեսու 6։26; 1 Թագ. 16։33, 34)։ «Հեսու» գրքի վավերականությունը հաստատվում է նաև այն փաստով, որ ավելի ուշ ապրած աստվածաշնչյան գրողներ բազմաթիվ անգամներ հղել են գրքում նկարագրված դեպքերին։ Նորից ու նորից այդ իրադարձությունների մասին հիշատակել են սաղմոսերգուները (Սաղ. 44։1–3; 78։54, 55; 105։42–45; 135։10–12; 136։17–22), ինչպես նաև Նեեմիան (Նեեմ. 9։22–25), Եսայիան (Ես. 28։21), Պողոս առաքյալը (Գործ. 13։19; Եբր. 11։30, 31) և Հակոբոս աշակերտը (Հակ. 2։25)։

5. ա) Ի՞նչ ժամանակահատված է ընդգրկում «Հեսու» գիրքը։ բ) Ինչո՞ւ է Հեսուի անունը համապատասխանում այն դերին, որը նա պետք է կատարեր։

5 «Հեսու» գիրքն ընդգրկում է ավելի քան 20 տարվա ժամանակահատված՝ սկսած մ.թ.ա. 1473-ից, երբ իսրայելացիները մտան Քանան, մինչև մ.թ.ա. մոտ 1450թ., երբ, հավանաբար, մահացավ Հեսուն։ «Հեսու» անունը (եբրայերեն՝ Յեհոշուա), որը նշանակում է «Եհովան է փրկությունը», լիովին համապատասխանում է այն դերին, որը պետք է կատարեր Հեսուն։ Այն ողջ ընթացքում, երբ իսրայելացիները գրավում էին երկիրը, նա նրանց տեսանելի առաջնորդն էր, որը միշտ փրկության համար ողջ փառքը Եհովային էր տալիս։ «Յոթանասնից»-ում աստվածաշնչյան այս գիրքը կոչվել է Իեսուս (այն Յեհոշուա բառի հունարեն տարբերակն է), և Հիսուս անունը ծագել է այդ բառից։ Հեսուն իր հիանալի հատկությունների՝ խիզախության, հնազանդության և անարատության շնորհիվ դարձել է «մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի» վառ նախատիպը (Հռոմ. 5։1)։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

6. Քանի՞ մասի է բաժանվում «Հեսու» գիրքը։

6 Գիրքը բաժանվում է չորս մասի. 1) Հորդանանն անցնելը և Ավետյաց երկիր մտնելը, 2) Քանանի գրավումը, 3) երկրի բաժանումը և 4) Հեսուի տված հրաժեշտի հորդորները։ Այն գրված է վառ, կենդանի լեզվով և լի է տպավորիչ իրադարձություններով։

7. Եհովան ինչպե՞ս է զորացնում Հեսուին և ի՞նչ խորհուրդ է տալիս։

7 Հորդանանն անցնելը և Ավետյաց երկիր մտնելը (1։1–5։12)։ Իմանալով, որ առջևում Հեսուին փորձություններ են սպասում՝ Եհովան զորացնում և գործնական խորհուրդ է տալիս նրան. «Միայն թե քա՛ջ եղիր և շատ զորացի՛ր.... Օրենքի այս գիրքը թող չհեռանա քո բերանից, այլ օր ու գիշեր այն կարդա, որպեսզի ճշգրտորեն կատարես այն ամենը, ինչ որ գրված է այնտեղ. այդ ժամանակ քո ճանապարհի մեջ դու հաջողակ կլինես և իմաստությամբ կգործես։ Չէ՞ որ պատվիրեցի քեզ. «Քա՛ջ եղիր և զորացի՛ր».... քանի որ քո Աստված Եհովան քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ դու գնաս» (1։7–9)։ Հասկանալով, որ Եհովան ինքն է առաջնորդելու և տանելու իր ժողովրդին՝ Հեսուն անմիջապես պատրաստվում է անցնելու Հորդանանը։ Իսրայելացիները ընդունում են նրան որպես իրենց առաջնորդ ու երդվում են, որ հավատարիմ կլինեն նրան։ Հաջորդ քայլը Քանանի գրավումն է։

8. ա) Ռախաբն ինչպե՞ս է հավատ դրսևորում Եհովայի հանդեպ։ բ) Եհովան ինչպե՞ս է ցույց տալիս, որ «կենդանի Աստվածը» Իսրայելի մեջ է։

8 Երկու մարդ ուղարկվում են Երիքովը հետախուզելու։ Ռախաբ պոռնիկը, վտանգելով իր կյանքը, թաքցնում է նրանց՝ այդպիսով հավատ դրևսորելով Եհովայի հանդեպ։ Հետախույզները երդվում են նրան, որ կպահպանեն նրա կյանքը Երիքովը կործանելիս։ Երբ նրանք վերադառնում են, Հեսուին լավ լուր են հայտնում. այդ երկրի բոլոր բնակիչները իսրայելացիների պատճառով հուսահատության մեջ են ընկել։ Դա լսելով՝ Հեսուն ժողովրդին անմիջապես առաջնորդում է դեպի Հորդանան, որը սովորաբար այդ ժամանակ դուրս է գալիս ափերից։ Եհովան տեսանելի ապացույց է տալիս՝ փաստելով, որ թիկունք է կանգնում Հեսուին, և որ, ինչպես Մովսեսի օրերում, «կենդանի Աստվածը» Իսրայելի մեջ է (3։10)։ Այն պահին, երբ ուխտի տապանակը կրող քահանաների ոտքերն ընկղմվում են Հորդանանի ջրի եզերքի մեջ, վերևից հոսող ջրերը կանգնում են, և իսրայելացիները անցնում են չոր հատակի վրայով։ Հեսուն գետի մեջտեղից 12 քար է վերցնում՝ որպես հիշեցում ժողովրդի համար, և 12 ուրիշ քարեր էլ Հորդանանի մեջտեղում է կանգնեցնում՝ քահանաների ոտքերի կանգնած տեղում։ Երբ քահանաները գետի մեջտեղից դուրս են գալիս, ջրերը իրենց տեղն են դառնում ու առաջվա պես դուրս են գալիս ափերից։

9. Ի՞նչ է տեղի ունենում Գաղգաղայում։

9 Անցնելով Հորդանանը՝ ժողովուրդը բանակ է դնում Գաղգաղայում՝ Հորդանանի ու Երիքովի միջև։ Այստեղ Հեսուն կանգնեցնում է 12 քարերը՝ որպես հիշեցում ապագա սերունդների համար, ու «որպեսզի երկրի բոլոր ժողովուրդներն իմանան, որ Եհովայի ձեռքը զորեղ է, և որպեսզի միշտ վախենան Աստված Եհովայից» (4։24)։ (Ըստ Հեսու 10։15-ի՝ որոշ ժամանակ Գաղգաղան որպես բանակատեղի է ծառայել)։ Այստեղ է, որ Իսրայելի որդիները թլփատվում են, քանի որ նրանցից ոչ ոք անապատում շրջելիս չէր թլփատվել։ Ժողովուրդը կատարում է Պասեքը, ինչից հետո մանանան դադարում է, և իսրայելացիները սկսում են Քանանի բարիքներից ուտել։

10. Ի՞նչ հրահանգներ է Եհովան տալիս Երիքովը գրավելու վերաբերյալ, և ի՞նչ ցնցող իրադարձություններ են տեղի ունենում։

10 Քանանի գրավումը (5։13–12։24)։ Առաջին քաղաքը, որը իսրայելացիները պետք է գրավեն, շատ մոտիկ է։ Սակայն ինչպե՞ս է հնարավոր գրավել պարսպապատ Երիքովը, որն «ամուր փակված է» (6։1)։ «Զորքերի իշխանի» միջոցով Եհովան մանրամասն հրահանգներ է տալիս Հեսուին, թե ինչպես պետք է անի դա (5։14)։ Վեց օր իսրայելացի ռազմիկները օրը մեկ անգամ պետք է պտտվեն քաղաքի շուրջը։ Նրանց հետևից պետք է գնան քահանաները, որոնցից մի քանիսը կհնչեցնեն եղջերափողերը, իսկ մյուսները՝ կտանեն ուխտի տապանակը։ Յոթերորդ օրը քաղաքի շուրջը պետք է պտտվեն յոթ անգամ։ Հեսուն ճշգրտորեն ժողովրդին հայտնում է Եհովայի հրահանգները, որոնց հետևելով՝ նրանք պտտվում են Երիքովի շուրջ։ Նրանց բերանից ոչ մի խոսք դուրս չի գալիս։ Լռությունը խախտում են միայն ռիթմիկ ոտնաձայները և շարունակ հնչեցվող փողերը։ Վերջին օրը՝ այն բանից հետո, երբ մարդիկ քաղաքի շուրջը յոթ անգամ պտտվում են, Հեսուն հրամայում է աղաղակել։ Հենց ժողովուրդը աղաղակում է ու «բարձր ձայնով մարտական կոչ արձակում», Երիքովի պարիսպը հիմնահատակ փուլ է գալիս (6։20)։ Որպես մեկ մարդ՝ ժողովուրդը քաղաք է մտնում, գրավում է այն ու կրակով այրում։ Միայն հավատարիմ Ռախաբն ու նրա տնեցիներն են փրկվում։

11. Իսրայելացիներն ինչպե՞ս են գրավում Գային առաջին անգամ ձախողվելուց հետո։

11 Այժմ դեպի արևմուտք՝ Գայի գնալու ժամանակն է։ Եվս մեկ հեշտ հաղթանակ տանելու վստահությունը վերածվում է հուսահատության, քանի որ Գայիի բնակիչները այնպես են անում, որ 3000 իսրայելացի զինվորներ, որ ուղարկվել են քաղաքը գրավելու, փախուստի են դիմում։ Ի՞նչ է տեղի ունեցել։ Մի՞թե Եհովան թողել է նրանց։ Հեսուն հուսահատ դիմում է Եհովային։ Ի պատասխան՝ վերջինս ասում է նրան, որ ճամբարում ինչ-որ մեկը խախտել է իր պատվերը, ըստ որի՝ Երիքովում ամեն ինչ պետք է կործանման մատնվեր, գողություն է արել և դա գաղտնի է պահել։ Եհովան չի օրհնի Իսրայելին այնքան ժամանակ, մինչև ճամբարից չհեռացվի ողջ անմաքրությունը։ Այն բանից հետո, երբ Աստծու առաջնորդությամբ բացահայտվում է, որ այդ բանն արել է Աքանը, նրան ու տնեցիներին քարկոծում են։ Կրկին Եհովայի բարեհաճությունն ունենալով՝ իսրայելացիները գնում են Գայիի դեմ։ Եվ նորից Աստված հրահանգներ է տալիս, թե ինչ մարտավարություն պետք է ընտրեն։ Իսրայելացիները, ձևացնելով, թե պարտվում են, դուրս են բերում Գայիի մարդկանց քաղաքից, ու վերջիններս հայտնվում են նրանց մեջտեղում։ Իսրայելացիները քաղաքն իր բոլոր բնակիչներով կործանման են մատնում (8։26–28)։ Ոչ մի փոխզիջում։

12. Եհովայի ո՞ր պատվերն է կատարում Հեսուն։

12 Հնազանդվելով Մովսեսի միջոցով Եհովայի տված պատվերին՝ Հեսուն նրա համար մի զոհասեղան է շինում Գեբալ լեռան վրա և դրա քարերի վրա գրում «օրենքի կրկնօրինակը» (8։32)։ Այնուհետև Իսրայելի ամբողջ ժողովին նա կարդում է Օրենքի խոսքերը, օրհնություններն ու անեծքները։ Այդ ընթացքում ժողովրդի մի կեսը կանգնած է Գարիզին լեռան առջև, իսկ մյուս կեսը՝ Գեբալ լեռան առջև (2 Օրենք 11։29; 27։1–13)։

13. Ի՞նչ է լինում այն բանի արդյունքում, որ գաբաոնացիները «խորագիտություն են բանեցնում»։

13 Անհանգստանալով իսրայելացիների արագ առաջխաղացմամբ՝ Քանանի մի քանի փոքր թագավորություններ միավորվում են, որ կասեցնեն Հեսուի առաջխաղացումը։ Սակայն «Գաբաոնի բնակիչները լսում են, թե Հեսուն ինչ է արել Երիքովին և Գայիին։ Ուստի նրանք խորագիտություն են բանեցնում» (Հեսու 9։3, 4)։ Ձևացնելով, թե Քանանի հեռավոր երկրից են եկել՝ նրանք ուխտ են կապում Հեսուի հետ, և նա խոստանում է, «որ ողջ կթողնի նրանց»։ Երբ խաբեությունը բացահայտվում է, իսրայելացիները ուխտը չեն դրժում, այլ գաբաոնացիներին «ամենաստոր ծառան» են դարձնում, որ «փայտ հավաքողներ ու ջուր հանողներ» լինեն։ Այդպիսով մասամբ կատարվում է մարգարեական անեծքը, որը Նոյն ասել էր Քամի որդի Քանանին (Հեսու 9։15, 27; Ծննդ. 9։25)։

14. Գաբաոնում Եհովան ինչպե՞ս է ցույց տալիս, որ պատերազմում է Իսրայելի համար։

14 Քանի որ «Գաբաոնը մեծ քաղաք է.... և Գայիից մեծ է, ու նրա բոլոր մարդիկ զորավոր են», գաբաոնացիների՝ Իսրայելի կողմն անցնելը մեծ աղմուկ է բարձրացնում (Հեսու 10։2)։ Երուսաղեմի թագավոր Ադոնիսեդեկը այդ քայլի մեջ մեծ վտանգ է տեսնում իր և Քանանի մյուս թագավորությունների համար։ Հարկավոր է պատժել դավաճաններին։ Ուստի Ադոնիսեդեկը և ուրիշ չորս քաղաք-թագավորությունների՝ Քեբրոնի, Հերիմութի, Լաքիսի և Եգլոնի թագավորները միասին հավաքվում են ու սկսում են պատերազմել Գաբաոնի դեմ։ Հիշելով գաբաոնացիների հետ կնքած ուխտի մասին՝ Հեսուն իր մարդկանց հետ ամբողջ գիշեր քայլում է, որ նրանց օգնության հասնի, և հետո ջախջախում է հինգ թագավորների բանակները։ Եվս մեկ անգամ Եհովան ինքն է պատերազմում Իսրայելի համար՝ հրաշքներ գործելով ու նշաններ ցույց տալով։ Երկնքից կարկուտի մեծ քարեր են թափվում, ինչի հետևանքով թշնամիներից ավելի շատ մարդ է մեռնում, քան Իսրայելի բանակի սրից։ Իսկ հետո մի մեծ հրաշք է տեղի ունենում. «Արեգակը կանգնած է մնում երկնքի մեջտեղում ու չի շտապում մայր մտնել գրեթե ամբողջ օրը» (10։13)։ Դրա շնորհիվ հնարավոր է լինում ամբողջությամբ ոչնչացնել հակառակորդին։ Սկեպտիկները կասկածի են ենթարկում այս հրաշքը, սակայն հավատ ունեցողները վստահում են ներշնչված արձանագրությանը։ Նրանք գիտակցում են, որ տիեզերքում գործող բոլոր ուժերը Եհովայի վերահսկողության տակ են գտնվում, և նա կարող է օգտագործել դրանք, ինչպես որ կամենա։ Անկասկած, «Եհովան ինքն էր պատերազմում Իսրայելի համար» (10։14)։

15. Նկարագրիր իսրայելացիների ներխուժումը Քանան և Հասորում տեղի ունեցած կարևոր պատերազմը։

15 Հինգ թագավորներին սպանելուց հետո Հեսուն կործանման է մատնում Մակեդան։ Սրընթաց գնալով դեպի հարավ՝ նա ամբողջությամբ կործանում է Լեբնան, Լաքիսը, Եգլոնը, Քեբրոնն ու Դաբիրը՝ քաղաքներ, որոնք բլուրների վրա են՝ Աղի ծովի ու Մեծ ծովի միջև։ Իսրայելացիների ներխուժման մասին լուրը տարածվում է ողջ Քանանում։ Հյուսիսում տագնապ է հնչեցնում Հասորի Հաբին թագավորը։ Նա պատգամաբերներ է ուղարկում ողջ երկրով մեկ՝ Հորդանանի երկու կողմերում, և կոչ է անում, որ հավաքվեն ու միասին իսրայելացիների դեմ դուրս գան։ Միավորված ուժերը բանակ են դնում Մառոնի ջրերի մոտ։ Թշնամիները «ծովափի ավազի չափ բազմաքանակ են» (11։4)։ Եհովան նորից հավաստիացնում է Հեսուին, որ հաղթանակ է շնորհելու, ու բացատրում, թե ինչ ռազմավարություն պետք է ընտրեն։ Ինչպե՞ս է ավարտվում պատերազմը։ Եհովայի ժողովրդի թշնամիները կրկին ջախջախիչ պարտություն են կրում։ Հեսուն կրակով այրում է Հասորը, իսկ նրա դաշնակից քաղաքներն ու թագավորներին կործանման է մատնում։ Այդպիսով Հեսուն նվաճում է Քանանի գրեթե ամբողջ երկիրը։ Ընդհանուր առմամբ նա երեսունմեկ թագավորի պարտության է մատնում։

16. Ինչպե՞ս է կատարվում երկրի բաժանումը։

16 Երկրի բաժանումը (13։1–22։34)։ Չնայած իսրայելացիները բազմաթիվ հաղթանակներ են տարել, բազմաթիվ բերդաքաղաքներ են գրավել ու ջախջախիչ հարված են հասցրել հակառակորդների միավորված ուժերին, «դեռ շատ երկրներ են մնացել տիրելու» (13։1)։ Հեսուն մոտ 90 տարեկան է, բայց նա մեկ այլ մեծ հանձնարարություն պետք է կատարի. երկիրը պետք է բաժանի ինը ցեղերի ու Մանասեի կես ցեղի միջև։ Ռուբենյանները, Գադյաններն ու Մանասեի կես ցեղն արդեն ստացել են իրենց ժառանգությունը Հորդանանի արևելյան կողմում, իսկ Ղևիի ցեղը ժառանգություն չի ստանալու, քանի որ «Իսրայելի Աստված Եհովան է նրանց ժառանգությունը» (13։33)։ Եղիազար քահանայի օգնությամբ Հեսուն բաժանում է Հորդանանի արևմուտքում գտնվող երկիրը։ 85-ամյա Քաղեբը, որը մեծ ցանկություն ունի մինչև վերջ կռվելու Եհովայի թշնամիների դեմ, խնդրում և ստանում է Քեբրոնի շրջանում գտնվող երկիրը, որը բնակեցված է ենակիմներով (14։12–15)։ Այն բանից հետո, երբ ցեղերը վիճակով ստանում են իրենց ժառանգությունը, Հեսուն խնդրում է, որ իրեն տան Թամնաթ-Սարա քաղաքը, որը Եփրեմի լեռնային շրջանում է, և այն նրան է տրվում «Եհովայի հրամանով» (19։50)։ Հանդիպման վրանը կանգնեցնում են Սելովում, որը նույնպես Եփրեմի լեռնային շրջանում է։

17. Քանի՞ քաղաք է առանձնացվում որպես ապաստանի քաղաք և քանի՞ քաղաք է տրվում ղևտացիներին։

17 Առանձնացվում են ապաստանի վեց քաղաքներ (Հորդանանի յուրաքանչյուր ափին երեքական քաղաք), որպեսզի այնտեղ փախչի այն մարդասպանը, որը առանց դիտավորության մարդ է սպանել։ Հորդանանի արևմտյան կողմում այդ քաղաքներն են՝ Գալիլեայի մեջ՝ Կեդեսը, Եփրեմի մեջ՝ Սյուքեմը, և Հուդայի լեռնային երկրում՝ Քեբրոնը։ Հորդանանից դեպի արևելք՝ Բոսորը՝ Ռուբենի տարածքում, Ռամոթը՝ Գաղաադում, և Գոլանը՝ Բասանում։ Այդ քաղաքները «սրբացված» են (20։7)։ Իսրայելի որդիների կալվածքների մեջ քառասունութ քաղաքներ իրենց արոտավայրերով վիճակով տրվում են ղևտացիներին։ Դրանց թվում են ապաստանի վեց քաղաքները։ Այսպիսով իսրայելացիները «տիրում են [երկրին] ու բնակվում նրա մեջ»։ Ինչ խոստում որ Եհովան տվել է, «բոլորը կատարվում են» (21։43, 45)։

18. Քիչ է մնում, որ ի՞նչ բախում լինի արևելյան ու արևմտյան ցեղերի միջև, և ինչպե՞ս է հարցը լուծվում։

18 Ռուբենի, Գադի ու Մանասեի կես ցեղի ռազմիկները, որոնք այս ողջ ընթացքում օգնել են Հեսուին, վերադառնում են իրենց ժառանգության երկիր, որը Հորդանանի մյուս կողմում է, այն բանից հետո, երբ Հեսուն օրհնում և հորդորում է նրանց հավատարիմ մնալ Եհովային։ Հորդանանի կողմերը գալով՝ նրանք հսկայական մի զոհասեղան են շինում գետի մոտ։ Դրա պատճառով քիչ է մնում, որ բախում լինի։ Քանի որ Եհովային երկրպագություն և զոհեր հարկավոր է մատուցել Սելովում, որտեղ հանդիպման վրանն է, արևմտյան ցեղերը, իրենց եղբայրներին կասկածելով դավաճանության ու անհավատարմության մեջ, պատրաստվում են նրանց դեմ պատերազմելու։ Սակայն արյունահեղությունը կանխվում է, երբ պարզվում է, որ զոհասեղանը շինվել է ոչ թե զոհի համար, այլ որպեսզի «այն վկայություն լինի [Հորդանանի այս ու այն կողմում գտնվող ցեղերի] միջև, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը» (22։34)։

19, 20. ա) Հրաժեշտի ի՞նչ հորդորներ է տալիս Հեսուն։ բ) Ի՞նչ ընտրություն է Հեսուն առաջարկում անել Իսրայելին և ինչպե՞ս է ցույց տալիս, թե որ որոշումը ճիշտ կլինի։

19 Հեսուի տված հրաժեշտի հորդորները (23։1– 24։33)։ «Շատ օրեր անց, երբ Եհովան հանգստություն էր տվել Իսրայելին նրա շրջակայքում եղած բոլոր թշնամիներից և երբ Հեսուն ծերացել ու տարիքն առել էր», նա կանչում է ամբողջ Իսրայելին, որպեսզի հրաժեշտի հորդորներ տա (23։1)։ Մինչև վերջ խոնարհ մնալով՝ Հեսուն ազգերի հանդեպ տարած մեծ հաղթանակների համար փառքը վերագրում է Եհովային։ Նա բոլորին հորդորում է հավատարիմ մնալ իրենց Աստծուն և ասում է. «Դուք պետք է շատ քաջ լինեք, որպեսզի պահեք ու կատարեք այն ամենը, ինչ գրված է Մովսեսի օրենքի գրքում, որ երբեք չշեղվեք դրանից աջ կամ ձախ» (23։6)։ Հեսուն պատվիրում է նրանց հեռու մնալ կեղծ աստվածներից և «զգույշ լինել իրենց հոգիների համար. սիրել իրենց Աստված Եհովային» (23։11)։ Նրանք ընդհանուր ոչ մի բան չպետք է ունենան մնացած քանանացիների հետ։ Եթե իսրայելացիները խնամություն անեն նրանց հետ կամ երկրպագեն նրանց աստվածներին, այդ ժամանակ Եհովայի բարկությունը կբորբոքվի նրանց դեմ։

20 Հեսուն Իսրայելի բոլոր ցեղերին հավաքում է Սյուքեմում, կանչում է Իսրայելի երեցներին ու գլխավորներին, և նրանք կանգնում են ճշմարիտ Աստծու առաջ։ Եհովայի անունից Հեսուն պատմում է, թե ինչպես է նա վարվել իր ժողովրդի հետ այն ժամանակից ի վեր, երբ կանչեց Աբրահամին ու բերեց Քանան մինչև Ավետյաց երկիրը զավթելը։ Կրկին Հեսուն զգուշացնում է ժողովրդին, որ չծառայեն ուրիշ աստվածների, ու կոչ է անում նրանց. «Վախեցե՛ք Եհովայից, ծառայե՛ք նրան անարատությամբ ու ճշմարտությամբ.... Եհովայի՛ն ծառայեք»։ Այնուհետև հստակ ասում է. «Ընտրեք այսօր, թե ում եք ծառայելու. այն աստվածների՞ն, որոնց ծառայեցին ձեր նախահայրերը.... թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Բայց ես և իմ տունը Եհովային պիտի ծառայենք»։ Այնպիսի համոզվածությամբ, ինչպիսին որ Մովսեսն ուներ, նա հիշեցնում է Իսրայելին, որ Եհովան «սուրբ Աստված է, նա բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված է»։ Ուստի իսրայելացիները պետք է հեռացնեն իրենց միջից օտար աստվածներին։ Ոգևորված նրա խոսքերից՝ ժողովուրդը միաձայն ասում է. «Մեր Աստված Եհովայի՛ն պիտի ծառայենք և նրա ձայնի՛ն պիտի լսենք» (24։14, 15, 19, 24)։ Ժողովրդին արձակելուց առաջ Հեսուն ուխտ է կապում նրա հետ, գրում է այս խոսքերը Աստծու օրենքի գրքում և վկայության մի մեծ քար է դնում այնտեղ։ Հետո 110 տարեկան հասակում Հեսուն մահանում է, և նրան թաղում են Թամնաթ-Սարայում։

ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ

21. «Հեսու» գրքի ո՞ր խորհուրդն է մեծ օգուտներ բերում այսօր։

21 Որքա՜ն ջերմ են Հեսուի հրաժեշտի հորդորները, որոնցով կոչ է անում ժողովրդին հավատարմորեն ծառայել Եհովային։ Անկասկած, քեզ հոգեհարազատ են ավելի քան 3400 տարի առաջ ասված նրա խոսքերը. «Ես և իմ տունը Եհովային պիտի ծառայենք»։ Եթե Եհովային ծառայելիս փորձությունների ու դժվարությունների ես բախվում, եթե հեռու ես մյուս հավատարիմ եղբայրներից ու քույրերից, քեզ կարող են ուժ տալ ու ոգևորել Եհովայի խոսքերը, որ ասաց Հեսուին, նախքան իսրայելացիները Ավետյաց երկիր կմտնեին. «Միայն թե քա՛ջ եղիր և շատ զորացի՛ր»։ Բացի այդ, շատերը հասկացել են, թե որքան արժեքավոր է Հեսուին տված Եհովայի հետևյալ խորհուրդը. «Օր ու գիշեր [Աստվածաշունչը] կարդա.... այդ ժամանակ քո ճանապարհի մեջ դու հաջողակ կլինես»։ Ինչ խոսք, բոլոր նրանք, ովքեր կկիրառեն այս իմաստուն խորհուրդը, առատ օրհնություններ կստանան (24։15; 1։7–9)։

22. Աստծու ճշմարիտ ծառաներին ո՞ր հատկություններն են բնորոշ։

22 «Հեսու» գրքում վառ կերպով նկարագրված իրադարձությունները պարզապես հին պատմություն չեն։ Դրանցում արտացոլված են աստվածային սկզբունքները և գլխավորապես այն, որ Եհովան օրհնում է միայն նրանց, ում սիրտը լցված է հավատով, և ովքեր լիովին հնազանդ են իրեն։ Պողոս առաքյալը գրեց, որ «հավատի շնորհիվ Երիքովի պարիսպները ընկան այն բանից հետո, երբ յոթ օր շրջապատված մնացին», և որ «հավատով Ռախաբ պոռնիկը չկործանվեց նրանց հետ, ովքեր չհնազանդվեցին» (Եբր. 11։30, 31)։ Հակոբոսը նույնպես քրիստոնյաներին բերում է Ռախաբի օրինակը, որը իր հավատը գործերով փաստեց (Հակ. 2։24–26)։

23. Ի՞նչ զորեղ հիշեցում կա «Հեսու» գրքում։

23 Հեսու 10։10–14-ում արձանագրված գերբնական երևույթները, երբ արեգակը կանգ առավ, և լուսինը իր տեղում մնաց, ինչպես նաև բազմաթիվ այլ հրաշքներ, որոնք Եհովան արեց հանուն իր ժողովրդի, զորեղ հիշեցում են մեզ համար, որ Եհովան ի զորու է և նպատակ ունի լիովին ոչնչացնելու իր բոլոր հակառակորդներին։ Գաբաոնը, որի մերձակայքում պատերազմներ տեղի ունեցան Հեսուի ու Դավթի օրերում, Եսայիան հիշատակում է այն առնչությամբ, որ Եհովան վեր կկենա իր բարկության մեջ, որպեսզի կործանում բերի՝ «կատարի իր գործը՝ իր տարօրինակ գործը, որպեսզի անի իր գործը՝ իր արտասովոր գործը» (Ես. 28։21, 22)։

24. «Հեսու» գիրքն ի՞նչ առնչություն ունի Թագավորության խոստումների հետ և ինչպե՞ս է վստահեցնում մեզ, որ դրանք «բոլորը կկատարվեն»։

24 Արդյոք «Հեսու» գրքում նկարագրված իրադարձությունները որևէ առնչություն ունե՞ն Աստծու Թագավորության հետ։ Անշո՛ւշտ։ Ավետյաց երկրի գրավումը և դրանում բնակություն հաստատելը մատնացույց էր անում շատ ավելի նշանակալից մի բան։ Դա երևում է Պողոս առաքյալի խոսքերից. «Եթե Հեսուն նրանց առաջնորդած լիներ դեպի հանգստի մի վայր, ապա հետո Աստված այլևս չէր խոսի մեկ ուրիշ օրվա մասին։ Ուստի Աստծու ժողովրդի համար դեռ հանգստի շաբաթ է մնում» (Եբր. 4։1, 8, 9)։ Հետևաբար, Աստծու ծառաները պետք է ամեն ջանք գործադրեն, որ իրենց «առջև լայն դուռ բացվի դեպի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական թագավորությունը» (2 Պետ. 1։10, 11)։ Ինչպես ցույց է տրվում Մատթեոս 1։5-ում, Ռախաբը դարձավ Հիսուս Քրիստոսի նախամայրը։ «Հեսու» գիրքը կարևոր օղակ է, որը բերում է մեզ Թագավորության Սերնդին։ Այն վստահեցնում է մեզ, որ Թագավորության հետ կապված Եհովայի խոստումները անպայման կիրականանան։ Ահա թե ինչ ասաց Հեսուն Աստծու խոստումների մասին, որ տվել էր Աբրահամին, Իսահակին, Հակոբին, իսկ հետագայում նրանց սերունդներին՝ իսրայելացիներին. «Ոչ մի խոստում առանց կատարվելու չմնաց այն ամեն բարի խոստումներից, որ Եհովան տվել էր Իսրայելի տանը. բոլորը կատարվեցին» (Հեսու 21։45; Ծննդ. 13։14–17)։ Երկնային Թագավորության հետ կապված Եհովայի բոլոր «բարի խոստումները» նույնպես իրականություն կդառնան։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը