Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 11/15 էջ 27–31
  • Հիսուսի պես՝ «հակառակվիր Բանսարկուին»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսի պես՝ «հակառակվիր Բանսարկուին»
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովան պահպանում է իր ծառաներին
  • Կատարյալ օրինակ՝ Սատանային հակառակվելու հարցում
  • «Հակառակվե՛ք Բանսարկուին, և նա կփախչի ձեզանից»
  • Հակառա՛կ կացեք Սատանային, և նա կփախչի
    2006 Դիտարան
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
    2013 Դիտարան
  • Ինչպես է Հիսուսը դիմադրում փորձություններին
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Բանսարկու. ավելին, քան պարզապես սնահավատություն
    2001 Դիտարան
Ավելին
2008 Դիտարան
w08 11/15 էջ 27–31

Հիսուսի պես՝ «հակառակվիր Բանսարկուին»

«Հակառակվե՛ք Բանսարկուին, և նա կփախչի ձեզանից» (ՀԱԿ. 4։7)։

1. Ի՞նչ հակառակության էր սպասում Հիսուսը երկրի վրա, և ի վերջո ինչո՞վ էր ավարտվելու դա։

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ գիտեր, որ Բանսարկուն հակառակվելու է իրեն։ Դա երևում է այն խոսքերից, որ Աստված ասաց այդ չար ոգեղեն ապստամբ արարածին, որը խոսեց օձի միջոցով. «Ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ [Եհովայի կազմակերպության երկնային մասի] մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. նա [Հիսուս Քրիստոսը] քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես» (Ծննդ. 3։14, 15; Հայտն. 12։9)։ Այն, որ Հիսուսը գարշապարից էր խայթվելու, նշանակում էր, որ այդ հարվածի ազդեցությունը ժամանակավոր էր լինելու։ Այսինքն՝ Հիսուսը սպանվելու էր, բայց Եհովան նրան հարություն էր տալու երկնային կյանքի և փառքով էր պսակելու։ Բայց այն, որ օձի գլուխը ջախջախվելու էր, նշանակում էր, որ Սատանան ստանալու էր այնպիսի հարված, որից երբեք չէր կարողանալու ուշքի գալ, այսինքն՝ ոչնչացվելու էր (կարդա՛ Գործեր 2։31, 32; Եբրայեցիներ 2։14)։

2. Ինչո՞ւ էր Եհովան վստահ, որ Հիսուսը հաջողությամբ դիմադրելու է Բանսարկուին։

2 Եհովան վստահ էր, որ Հիսուսը լիովին կատարելու է իր հանձնարարությունը և հակառակվելու է Բանսարկուին։ Ինչո՞ւ էր Աստված այդքան վստահ։ Նա Հիսուսին ստեղծել էր երկնքում դեռ շատ վաղուց, լավ էր ճանաչում նրան և գիտեր, որ նա՝ «ճարտարապետը» և «ողջ ստեղծագործության մեջ անդրանիկը», հնազանդ և հավատարիմ է (Առակ. 8։22–31; Կող. 1։15)։ Ուստի, երբ Հիսուսը ուղարկվեց երկիր, և Սատանային թույլ տրվեց փորձությունների ենթարկել և անգամ սպանել նրան, Եհովան վստահ էր, որ իր միածին Որդին հաջողությամբ դիմադրելու է Բանսարկուին (Հովհ. 3։16)։

Եհովան պահպանում է իր ծառաներին

3. Ինչպե՞ս է Սատանան վերաբերվում Եհովայի ծառաներին։

3 Հիսուսն ասաց, որ Սատանան «այս աշխարհի իշխանն» է, և զգուշացրեց իր հետևորդներին, որ ինչպես ինքը հալածվեց, իրենք էլ կհալածվեն (Հովհ. 12։31; 15։20)։ Բանսարկուի իշխանության տակ գտնվող աշխարհն ատում է ճշմարիտ քրիստոնյաներին, քանի որ նրանք ծառայում են Եհովային և արդարություն են քարոզում (Մատթ. 24։9; 1 Հովհ. 5։19)։ Սատանան «նշան է բռնել» հատկապես օծյալ քրիստոնյաների վրա, ովքեր ի վերջո կառավարելու են Քրիստոսի հետ նրա երկնային Թագավորությունում։ Սատանան նաև «նշան է բռնել» այն բազմաթիվ Եհովայի վկաների վրա, ովքեր դրախտային երկրում հավիտյան ապրելու հույս ունեն։ Աստծու Խոսքը զգուշացնում է մեզ. «Ձեր հակառակորդը՝ Բանսարկուն, մռնչող առյուծի պես ման է գալիս՝ փնտրելով, թե ում կուլ տա» (1 Պետ. 5։8)։

4. Ինչի՞ց է երևում, որ Աստծու ժողովուրդը կարողանում է հաջողությամբ հակառակվել Սատանային մեր օրերում։

4 Մենք՝ որպես կազմակերպություն, կարողանում ենք հաջողությամբ հակառակվել Սատանային, որովհետև Եհովա Աստված մեր թիկունքին է կանգնած։ Ուշադրության է արժանի հետևյալը։ Անցած հարյուրամյակում պատմության ամենադաժան բռնապետներից ոմանք փորձել են բնաջնջել Եհովայի վկաներին։ Սակայն Վկաների թիվը շարունակում է աճել ու հասել է 7 000 000–ի, և հիմա ամբողջ աշխարհում կան 100 000–ից ավելի ժողովներ։ Իսկ այդ դաժան բռնապետները, որոնք հալածել են Եհովայի ժողովրդին, այսօր այլևս չկան։

5. Ինչպե՞ս է փաստվել Եսայիա 54։17 խոսքերի ճշմարտացիությունը։

5 Հին Իսրայելի ժողովին դիմելով ինչպես մի «ողորմելի» կնոջ՝ Աստված խոստացավ. «Բոլոր քեզ դէմ շինած գործիքը պիտի չ’յաջողուի, եւ ամեն լեզու որ վեր կենայ քեզ դէմ դատաստանի, պիտի դատապարտուի. սա է Տիրոջ ծառաների ժառանգութիւնը, եւ նորանց արդարութիւնը ինձանից է» (Ես. 54։11, 17)։ Եհովան իր այս խոստումը կատարել է նաև այս «վերջին օրերում» (2 Տիմոթ. 3։1–5, 13)։ Մենք շարունակում ենք հակառակվել Սատանային, և ցանկացած գործիք, որ նա փորձում է գործածել մեր դեմ, չի հաջողվի, որովհետև Եհովան մեզ հետ է (Սաղ. 118։6, 7)։

6. Ըստ Դանիելի մարգարեության՝ ի՞նչ է սպասում Սատանայի իշխանությանն ապագայում։

6 Իրերի այս ամբարիշտ համակարգի վերջը սրընթացորեն մոտենում է, և երբ այն գա, Սատանայի կառավարման ամեն մի հետք կանհետանա։ Դանիել մարգարեն Աստծու ներշնչանքով գրեց. «Այն թագաւորների [այսինքն՝ մեր օրերում իշխող թագավորների] օրերումը երկնքի Աստուածը [երկնքում] մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները [որ գոյություն ունեն այժմ]. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս» (Դան. 2։44)։ Այդ ժամանակ Սատանայի և անկատար մարդկանց իշխանությունը կվերանա։ Նրա չար համակարգին բնորոշ ամեն մի հատկանիշ ի չիք կդառնա, և Աստծու Թագավորությունը կիշխի ամբողջ երկրի վրա՝ առանց որևէ խոչընդոտի (կարդա՛ 2 Պետրոս 3։7, 13)։

7. Որտեղի՞ց գիտենք, որ Եհովայի ծառաները անհատապես կարող են հաջողությամբ հակառակվել Բանսարկուին։

7 Կասկած չկա, որ Եհովայի կազմակերպությունը կպահպանվի և հոգևորապես կբարգավաճի (կարդա՛ Սաղմոս 125։1, 2)։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել մեր՝ առանձին անհատներիս մասին։ Աստվածաշունչն ասում է, որ մենք Հիսուսի պես կարող ենք հաջողությամբ հակառակվել Բանսարկուին։ Քրիստոսը Հովհաննես առաքյալի միջոցով մի մարգարեություն տվեց։ Այն ցույց է տալիս, որ, չնայած Սատանայի հակառակությանը, երկրային հույս ունեցող մի «մեծ բազմություն» վերապրելու է այս համակարգի կործանումից։ Ըստ Գրությունների՝ նրանք գոչում են. «Փրկության համար պարտական ենք մեր Աստծուն, որ նստած է գահին, և Գառանը [Հիսուս Քրիստոսին]» (Հայտն. 7։9–14)։ Օծյալների մասին Աստվածաշնչում ասվում է, որ նրանք հաղթում են Սատանային։ Նրանց ուղեկիցները՝ «ուրիշ ոչխարները», նույնպես հաջողությամբ հակառակվում են նրան (Հովհ. 10։16; Հայտն. 12։10, 11)։ Բայց դրա համար հարկավոր է մեծ ջանքեր գործադրել և «Չարից ազատվելու համար» ջերմեռանդորեն աղոթել (Մատթ. 6։13)։

Կատարյալ օրինակ՝ Սատանային հակառակվելու հարցում

8. Ո՞րն էր Հիսուսի առաջին փորձությունը անապատում, և ինչպե՞ս նա վարվեց։

8 Բանսարկուն փորձեց պղծել Հիսուսի անարատությունը։ Անապատում Սատանան մի քանի փորձության ենթարկեց նրան՝ ջանալով դրդել Եհովայի հանդեպ անհնազանդության։ Բայց Հիսուսը հակառակվեց Բանսարկուին և կատարյալ օրինակ թողեց այս հարցում։ 40 օր և 40 գիշեր ծոմ պահելուց հետո նա, հավանաբար, ուտելու մեծ ցանկություն զգաց։ Սատանան ասաց. «Եթե Աստծու որդի ես, այս քարերին ասա, որ հաց դառնան»։ Բայց Հիսուսը չուզեց Աստծու կողմից իրեն տրված զորությունը օգտագործել անձնական շահի համար։ Փոխարենը՝ նա ասաց. «Գրված է. «Մարդ պետք է ոչ միայն հացով ապրի, այլև այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Եհովայի բերանից» (Մատթ. 4։1–4; Բ Օրին. 8։3)։

9. Ինչո՞ւ չպետք է թույլ տանք, որ Սատանան դրդի մեզ սխալ ձևով բավարարելու մեր բնական ցանկությունները։

9 Այսօր Սատանան ջանում է Եհովայի ծառաներին դրդել, որ սխալ ձևով բավարարեն իրենց բնական, օրինակ՝ սեռական ցանկությունները։ Մենք պետք է վճռականորեն մերժենք սեռական անբարոյությունը, որով ողողված է այս աշխարհը։ Աստծու Խոսքը միանգամայն պարզ ասում է. «Ի՞նչ է, չգիտե՞ք, որ անարդար մարդիկ Աստծու թագավորությունը չեն ժառանգելու։ Մի՛ մոլորվեք։ Ո՛չ պոռնիկները, ո՛չ կռապաշտները, ո՛չ շնացողները, ո՛չ այն տղամարդիկ, որոնք օգտագործվում են անբնական նպատակներով, ո՛չ էլ այն տղամարդիկ, որոնք կենակցում են տղամարդկանց հետ.... Աստծու թագավորությունը չեն ժառանգելու» (1 Կորնթ. 6։9, 10)։ Այն մարդիկ, ովքեր անբարո կյանքով են ապրում և չեն ուզում փոխվել, իրավունք չեն ստանա ապրելու նոր աշխարհում։

10. Համաձայն Մատթեոս 4։5, 6 համարների՝ ուրիշ ինչպե՞ս Սատանան փորձեց Հիսուսին։

10 Հիսուսը անապատում մեկ ուրիշ փորձության էլ ենթարկվեց։ Կարդում ենք. «Բանսարկուն տարավ նրան սուրբ քաղաքը և կանգնեցնելով տաճարի պարսպի վրա՝ ասաց. «Եթե Աստծու որդի ես, քեզ ցա՛ծ նետիր, քանի որ գրված է. «Նա իր հրեշտակներին կհրամայի քեզ համար, և նրանք իրենց ձեռքերի վրա կտանեն քեզ, որ ոտքդ երբեք քարի չխփես»»» (Մատթ. 4։5, 6)։ Ըստ Սատանայի՝ եթե Հիսուսը այդպես վարվեր, նա տպավորիչ կերպով կփաստեր, որ ինքն է Մեսիան։ Իրականում դա անպատշաճ, ամբարտավան արարք կլիներ, որը դուր չէր գա Աստծուն, և Նա չէր աջակցի նրան։ Հիսուսը այս անգամ էլ իր անարատությունը պահեց։ Նա սուրբգրային մի խոսք մեջբերեց՝ ասելով. «Դարձյալ գրված է. «Մի՛ փորձիր Եհովային՝ քո Աստծուն»» (Մատթ. 4։7; Բ Օրին. 6։16)։

11. Ինչպե՞ս կարող է Սատանան մեզ փորձել, և ի՞նչ հետևանքներ կարող են լինել։

11 Սատանան կարող է տարբեր կերպերով դրդել մեզ, որ փառքի ձգտենք։ Բացի դրանից, նա գուցե փորձի մեր մեջ ցանկություն արթնացնել՝ հագուկապի հարցում ընդօրինակելու աշխարհին կամ մասնակցելու ժամանցի կասկածելի ձևերի։ Եթե անտեսենք Աստվածաշնչի խորհուրդը և ընդօրինակենք աշխարհին, ապա դժվար թե հրեշտակները պաշտպանեն մեզ նման ընթացքի վատ հետևանքներից։ Թեև Դավիթ թագավորը զղջաց Բերսաբեի հետ կատարած մեղքի համար, նա կրեց իր արարքի հետևանքները (Բ Թագ. 12։9–12)։ Եկեք Եհովային չփորձենք ոչ ճիշտ ձևերով, օրինակ՝ աշխարհի հետ ընկերանալով (կարդա՛ Հակոբոս 4։4; 1 Հովհաննես 2։15–17)։

12. Ո՞ր փորձության մասին է գրված Մատթեոս 4։8, 9 համարներում, և ինչպե՞ս Աստծու Որդին պատասխանեց Սատանային։

12 Բանսարկուն անապատում մեկ ուրիշ ձևով էլ փորձեց Հիսուսին. նա Աստծու Որդուն առաջարկեց քաղաքական իշխանություն։ Սատանան Քրիստոսին ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը և ասաց. «Այս բոլորը քե՛զ կտամ, եթե ընկնես ու երկրպագություն անես ինձ» (Մատթ. 4։8, 9)։ Ինչպիսի՜ անպատկառություն. նա փորձեց ստանալ այն երկրպագությունը, որ պատկանում է Եհովային, ինչպես նաև փորձեց դրդել Հիսուսին Աստծու հանդեպ անհավատարմության։ Իր մեջ փայփայելով պաշտվելու ցանկությունը՝ այդ հրեշտակը, որը մի ժամանակ հավատարիմ էր, դարձել էր մեղավոր, ագահ, վերին աստիճանի չար անձնավորություն և փորձիչ՝ Բանսարկու Սատանա (Հակ. 1։14, 15)։ Ի տարբերություն նրա՝ Հիսուսը վճռականորեն տրամադրված էր հավատարիմ մնալու իր Հորը, ուստի ասաց. «Հեռացի՛ր, Սատանա՛, քանի որ գրված է. «Եհովայի՛ն՝ քո Աստծո՛ւն պետք է երկրպագես և միմիայն նրան սրբազան ծառայություն մատուցես»։ Տեսնում ենք, որ Հիսուսը դարձյալ հստակ ու վճռական կերպով հակառակվեց Բանսարկուին։ Աստծու Որդին փոքր ցանկություն անգամ չուներ ունենալու այն, ինչ Սատանայի աշխարհում էր, ու երբեք չէր երկրպագի այդ ամբարշտին (Մատթ. 4։10; Բ Օրին. 6։13; 10։20)։

«Հակառակվե՛ք Բանսարկուին, և նա կփախչի ձեզանից»

13, 14. ա) Հիսուսին ցույց տալով աշխարհի բոլոր թագավորությունները՝ Բանսարկուն ի՞նչ էր առաջարկում նրան։ բ) Ինչպե՞ս է Սատանան փորձում ապականել մեզ։

13 Հիսուսին ցույց տալով աշխարհի բոլոր թագավորությունները՝ Բանսարկուն նրան առաջարկում էր մի այնպիսի իշխանություն, որը մինչ այդ ոչ մի մարդ չէր ունեցել։ Սատանան հույս ուներ, որ նրան դուր կգա իր տեսածը, և նա կցանկանա դառնալ երկրագնդի ամենաազդեցիկ քաղաքական առաջնորդը։ Այսօր Բանսարկուն մեզ թագավորություններ չի առաջարկում, սակայն փորձում է մեր սրտերը ապականել մեր աչքերի, ականջների և մտքերի միջոցով։

14 Այս աշխարհը Սատանան է ղեկավարում։ Նրա ձեռքի տակ են գտնվում նաև զանգվածային լրատվական միջոցները։ Ուստի զարմանալի չէ, որ այն ամենը, ինչ աշխարհը մեզ առաջարկում է դիտել, լսել և կարդալ, թաթախված է անբարոյությամբ և բռնությամբ։ Գովազդային գործակալությունները կաշվից դուրս են գալիս մեր մեջ ցանկություն առաջացնելու համար, որ գնենք շատ ապրանքներ, այն դեպքում երբ դրանք իրականում մեզ պետք չեն։ Այդպես Սատանան փորձում է մեր ուշադրությունը գրավել նյութական բաներով, որոնք կարող են հաճելի լինել մեր աչքին ու ականջին։ Բայց երբ չենք դիտում, լսում և կարդում Աստվածաշնչին հակառակ բաներ, մենք, փաստորեն, ասում ենք. «Հեռացի՛ր, Սատանա՛»։ Վճռականորեն մերժելով Բանսարկուի անմաքուր աշխարհը՝ մենք նմանվում ենք Հիսուսին։ Նաև փաստում ենք, որ Սատանայի աշխարհից չենք, երբ աշխատավայրում, դպրոցում, հարևանների և բարեկամների շրջանում անվախորեն ցույց ենք տալիս, որ Եհովայի վկաներ և Քրիստոսի հետևորդներ ենք (կարդա՛ Մարկոս 8։38)։

15. Ինչո՞ւ Սատանային հակառակվել նշանակում է միշտ զգոն լինել։

15 Երրորդ փորձից հետո, չկարողանալով պղծել Հիսուսի անարատությունը, «Բանսարկուն թողեց նրան» (Մատթ. 4։11)։ Բայց նա ամենևին էլ մտադիր չէր Հիսուսին հանգիստ թողնել։ Կարդում ենք. «Բանսարկուն [անապատում] այս բոլոր փորձություններն ավարտելուց հետո հեռացավ նրանից մինչև մեկ ուրիշ հարմար ժամանակ» (Ղուկ. 4։13)։ Երբ կարողանում ենք հաջողությամբ հակառակվել Սատանային, պետք է շնորհակալություն հայտնենք Եհովային դրա համար։ Բայց մենք պետք է նաև շարունակենք փնտրել Աստծու օգնությունը, որովհետև Բանսարկուն մեզ փորձելու նպատակով նորից կվերադառնա։ Նա կգա այն ժամանակ, երբ իրեն է հարմար, և ոչ թե այն ժամանակ, երբ մենք ենք սպասում։ Հետևաբար պետք է միշտ զգոն լինենք, պատրաստ՝ Եհովային սուրբ ծառայություն մատուցելու՝ անկախ նրանից, թե ինչ փորձության կենթարկվենք։

16. Ի՞նչ հզոր ուժ է տալիս մեզ Եհովան, և ինչո՞ւ պետք է աղոթենք այն ստանալու համար։

16 Որպեսզի կարողանանք հակառակվել Բանսարկուին, պետք է Եհովային աղոթենք, որ մեզ տա տիեզերքի հզորագույն ուժը՝ իր սուրբ ոգին։ Այն կօգնի մեզ անելու բաներ, որոնք ի վիճակի չէինք լինի անելու սեփական ուժերով։ Հիսուսը վստահեցրեց իր հետևորդներին, որ Աստված անպայման կտա սուրբ ոգին։ Նա ասաց. «Եթե դուք, [անկատար, ուստիև համեմատաբար] չար լինելով, գիտեք, թե ինչպես բարի պարգևներ տաք ձեր երեխաներին, ապա որքա՛ն առավել Հայրը, որ երկնքում է, սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Ղուկ. 11։13)։ Եկեք միշտ աղոթենք Եհովային՝ սուրբ ոգին ստանալու համար։ Այս հզորագույն ուժը մեզ է՛լ ավելի կլցնի Սատանային հակառակվելու վճռականությամբ, ուստի մենք կհաղթենք։ Բացի կանոնավորաբար և ջերմեռանդորեն աղոթելուց, մենք պետք է նաև հագնենք Աստծու ամբողջ հոգևոր սպառազինությունը, որպեսզի «կարողանանք հաստատ կանգնել Բանսարկուի նենգությունների դեմ» (Եփես. 6։11–18)։

17. Ո՞ր ուրախությունն օգնեց Հիսուսին հակառակվելու Սատանային։

17 Հիսուսին մեկ ուրիշ բան էլ օգնեց, որ կարողանա հակառակվել Բանսարկուին։ Դա կարող է մեզ էլ օգնել։ Աստվածաշնչում ասվում է. «Իր առաջ դրված ուրախության համար նա [Հիսուսը], ամոթն արհամարհելով, տոկունությամբ տանջանքի ցիցը հանձն առավ և նստեց Աստծու գահի աջ կողմը» (Եբր. 12։2)։ Մենք էլ կարող ենք նման ուրախություն զգալ՝ ջատագովելով Եհովայի գերիշխանությունը, պատվելով նրա սուրբ անունը և հավիտենական կյանքի պարգևը միշտ մեր առջև ունենալով։ Ի՜նչ ուրախություն կզգանք մենք, երբ Սատանան, իր բոլոր գործերով հանդերձ, հավիտյան ոչնչանա և «խոնարհները երկիրը ժառանգեն և ուրախանան խաղաղության առատությունով» (Սաղ. 37։11)։ Ուստի շարունակիր Հիսուսի պես հակառակվել Բանսարկուին (կարդա՛ Հակոբոս 4։7, 8)։

Ինչպե՞ս կպատասխանեք

• Ի՞նչն է փաստում, որ Եհովան պահպանում է իր ժողովրդին։

• Ի՞նչ օրինակ թողեց Հիսուսը Սատանային հակառակվելու հարցում։

• Ինչպե՞ս կարող ես հակառակվել Բանսարկուին։

[նկար 29–րդ էջի վրա]

Աշխարհի հետ ընկերությունը մեզ դարձնում է Աստծու թշնամի

[նկար 31–րդ էջի վրա]

Սատանան առաջարկեց աշխարհի բոլոր թագավորությունները, բայց Հիսուսը մերժեց

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը